Saturday, May 3, 2008

ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ


Առաջ գնալու համար Ժամանակ առ ժամանակ պետք է նաեւ հետադարձ հայացք ձգել անցած ճանապարհին։
1987 թ. աշնանից էր, որ բնապահպանական հարցերով խմորվելով, ապա Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա կենտրոնանալով, համաժողովրդական պայքարը քիչ անց վերածվեց մի համապարփակ ժողովրդավարական շարժման՝ շուրջ չորս տարի որպես գործոն ազդելով անգամ համաշխարհային պատմության գործընթացների վրա։
2007 թ. աշնանից, Առաջին համաժողովրդական շարժումից ուղիղ 20 տարի անց, ծնունդ առավ ու շարունակվում է մի նոր համաժողովրդական շարժում, որն իր մասշտաբներով, հասարակության ընդգրկվածության աստիճանով, համառությամբ եւ այլ պարամետրերով ամենեւին չի զիջում առաջինին, իսկ որակական որոշ հատկանիշներով անգամ գերազանցում է նրան։
Ինչպես 1988-ին, այնպեսէլ հիմա, պայքարն ազգային-ազատագրական է, ժողովրդավարական, մղվում է բռնատիրության դեմ։
Ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա, գործ ունենք Շարժման քաղաքական գրագիտության եւ պայքարի բացառապես օրինական մեթոդների օգտագործման հետ, ինչի դեմ բռնությունների ու խաբեության իշխանական ռեսուրսն անպայման սպառվում, տեղի է տալիս եւ հաղթանակը դարձնում անխուսափելի։
Անցած 7 ամիսների ընթացքում պայմանականորեն կարելի է առանձնացնել համաժողովրդական մեր շարժման երեք փուլ՝ հետեւյալ արդյունքներով։

Առաջին փուլն սկսվում է 2007թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից ու հասնում մինչեւ  2008 թ. փետրվարի 19-ը՝ նախագահական ընտրության օրը։ Այս ընթացքում հնարավոր եղավ առավելագույնս հստակեցնել քաղաքական դաշտը՝ մի կողմում դնելով հանցավոր վարչախումբն իր սպասարկու ուժերով, մյուս կողմում՝ երկրի ու ժողովրդի ճակատագրով իրոք մտահոգ ուժերը։
Չնայած Շարժման նկատմամբ վարչախմբի կիրառած անընդհատ բռնություններին, քարոզչական տեռորին, հնարավոր եղավ ճեղքել տեղեկատվական շրջափակումը, հասարակության մեջ հաղթահարել վախի, համակերպվածության, անտարբերության մթնոլորտը։ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան սատարող քաղաքական ուժերին կարճ ժամանակահատվածում հաջողվեց մի իրական հեղափոխություն, կատարյալ հեղաբեկում առաջացնել հասարակական գիտակցության մեջ։ Այս փուլի վերջում Շարժման թեկնածուի ջախջախիչ հաղթանակի հնարավորությունը ոչ մի կասկած չէր հարուցում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ֆիզիկապես քվեատուփերում հայտնված քվեներն առնվազն 65% էին։ Իր ուզած արդյունքը գրանցելու համար վարչախումբն ստիպված էր բացեիբաց գործի դնել բռնությունների, ապօրինությունների ու կեղծիքների իր ողջ քրեական զինանոցը։

Երկրորդ փուլը շուրջօրյա նստացույցերի ու հանրահավաքների  այն 9 օրերն էին, որի նմանը  չէր եղել անգամ 1988-ին։ Թե ինչ էր տեղի ունեցել հասարակության հետ փետրվարի 19-ից հետո, հստակ ցուցադրեց Սերժ Սարգսյանի այսպես կոչված հանրահավաքը, որի մասնակիցները, ճեղքելով իրենց շրջապատող ոստիկանական ամրակուռ ցանկապատը, լքեց Հանրապետության հրապարակը եւ գետի նման հոսեց դեպի Ազատության հրապարակ։ Այդ օր հրապարակում հավաքված մարդկանց քանակն արդենիսկ մեկուկես անգամ ավելին էր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ԿԸՀ-ի պաշտոնապես հայտարարած ձայների քանակը։ Արագ թափով շարունակվում էր նաեւ ավազակապետական բուրգի, իշխանական ու նրանց սպասարկող կուսակցությունների շարքերի փլուզումը ու զանգվածային անցումը Շարժման ճամբար։
Սահմանադրական դատարան ներկայացված գործը Շարժման այդօրինակ, ոչ թե ճնշման, այլ՝ աջակցության պայմաններում, չէր կարող այլ ելք ունենալ, քան ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը։ Բռնության եւ խաբեության բոլոր միջոցներն սպառած վարչախումբը Ռ. Քոչարյանի գլխավորությամբ գնաց արյունոտ ոճրագործության։ Դժվար է ասել՝ 1915 թ. որեւէ հայկական բնակավայր ենթարկվե՞լ է այնպիսի դավադիր ջարդի, ավերումի ու մարդորսության, ինչի մարտի 1-ի վաղ առավոտյան, լույսը չբացված, ենթարկվեց Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների վրանային ավանը։ Ապա նույն օրը, տեղի ունեցան մարդկանց նույնքան դավադիր գնդակահարություններ՝ արտակարգ դրություն մտցնելու պատրվակ ստանալու համար։ Ապօրինի մտցված արտակարգ դրության պայմաններում, ավտոմատների փողերի տակ, իր կեցվածքով առանց այդ էլ չփայլող Սահմանադրական դատարանի որոշումը կանխատեսելի էր։

Երրորդ փուլը կարելի է հաշվել մարտի 1-ի ոճրագործությամբ եւ հատուկ դրություն հայտարարելով։ Ձերբակալվեցին Շարժման 150-ից ավելի առանցքային գործիչներ, դրանից ավելին ստիպված եղան անցնել խոր ընդհատակ։ Հետապնդումների, ահաբեկման ենթարկվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի անխտիր բոլոր վստահված անձինք, ինչպես նաեւ պարզապես նրան ձայն տված քաղաքացիներ։ Բայցեւայնպես Հատուկ դրության երկու տասնօրյակը ոչ թե նահանջի կամ տեղատվության, այլ Շարժման տոկունության փորձարկման շրջան էր, եւ այդ տոկունությունից ոչինչ չպակասեց։ Չնայած զանգվածային նոր ձերբակալություններին՝ մարտի 21-ից առ այսօր Հյուսիսային պողոտայում շարունակվում են Շարժման “քաղաքական զբոսանքները”՝ ստիպելով ոստիկաններով շրջափակված պահել Ազատության հրապարակը։ Ապրիլի 9-ը ոչ թե նախագահական երդման, այլ դրան համաժողովրդական ընդդիմացման օր էր ըստ էության։ Մանկական զբոսայգում “փորձի համար” թույլատրված ապրիլի 19-ի փոքրիկ միջոցառումը վերածվեց շուրջ 20000-անոց հուժկու հանրահավաքի՝ Շարժման կարգախոսներով։ Իսկ ապրիլի 24-ին Համաժողովրդական շարժման կենտրոնի կոչով Օպերային թատրոնի շրջակայքից դեպի Ծիծեռնակաբերդ շարժվող երթը անցնում էր 200.000-ի սահմանը։ Վստահ կարելի է ասել, որ հասարակության այսօրինակ ամբողջական համախմբում որեւէ հարցի, տվյալ դեպքում՝ սեփական ազատության եւ արժանապատվության խնդրի շուրջ, երբեւէ չի եղել։ Այսօրինակ համատարած ատելության եւ արհամարհանքի որեւէ իշխանություն երբեւէ չի արժանացել։

Վարչախմբի՝ թղթի վրա արձանագրված “Պյուռոսյան” հաղթանակը, ամեն ինչից զատ, նրան արժեցավ Շարժման դեմ դրված թեկնածուների 1+7 քաղաքական դիակ։ Որեւէ մեկը պատկերացնու՞մ է, որ (ներողություն արտահայտությանս) Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը կարող են մարդամեջ դուրս գալ թեկուզ ամենահեռավոր գյուղում ու, մեղմ ասած՝ նախատիքի չարժանանանալ։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը կարող էր համարձակվել իր երդման արարողությունը կատարել՝ առանց 2 կմ շառավղով մարդազերծելու Երեւանի կենտրոնը։

Այսպիսով, Հայաստանն այսօր նման է գլխիվայր դրված այն հայտնի “Կոստան-նստան” խաղալիքին, որ ցանկացած դիրքից ինքնուրույն շրջվում, կանգնում է ոտքի վրա։ Բնության թե հասարակության օրենքներով անբնական՝ գլխիվայր այս վիճակից Հայաստանը նույնպես շրջվելու, կանգնելու է ոտքի վրա։
Այսինքն, ինչպես ամեն օր վանկարկում են Հյուսիսային պողոտայի երեխաները՝ “Մեր հաղթանակն անկասելի է”... եւ “Պայքար, պայքար, մինչեւ վերջ”։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայք”, 03.05.08


No comments:

Post a Comment