Հիմա արդեն վստահ կարելի է ասել, որ որոշ երկրներ,
մասնավորապես եւրոպական, ի սկզբանե “քավոր էին կանգնել” վարչախմբին եւ խոստացել աչք
փակել ընտրախախտումների վրա։ Այլ կերպ դժվար է բացատրել տեղի ունեցածը։ Այդ խոստումը
նրանք կատարեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջոցով։ Վերջինս կանգնած էր դիլեմայի
առաջ. մի կողմից ձեռքի տակ ուներ ընտրությունները չճանաչելու համար ահռելի փաստկան
բազա, մյուս կողմից՝ քաղաքական պատվեր-հրահանգ։ Դիտորդական առաքելությունը որոշեց գնալ
խիստ “յուրահատուկ” ճանապարհով. զեկույցում արձանագրեց բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ,
սակայն, դրա հետ մեկտեղ, տվեց ընտրություններն ըստ էության լեգիտիմացնող “Ընտրությունները
հիմնականում համապատասխանում էին միջազգային ընդունված չափորոշիչներին” գնահատական։
Ընդ որում, դա արեց քվեարկության անմիջապես հաջորդ օրը՝ առանց ընտրախախտումների մասին
տեղեկատվության ամբողջացման։ Ավելի ճիշտ, կարելի է մտածել, որ այդ զեկույցը հենց հատուկ
արվեց հապշտապ, քանի դեռ ամբողջացված չէր ողջ տեղեկատվությունը, ինչը կարող էր խոչընդոտ
լինել նման գնահատականի համար։ Պատահական չէ, որ երկրորդ զեկույցը, որ իր հրապարակման
ժամկետից ուշացավ մոտ 10 օրով, անշրջանցելի իրողությունների ու ակնհայտ փաստերի շնորհիվ,
շատ ավելի խիստ էր։ Սակայն արդեն մի անգամ արձանագրված “միջազգային ընդունված չափորոշիչներին”
համապատասխանելու ձեւակերպումը պահպանվեց։ Ստացվեց մի անհեթեթ փաստաթուղթ, որը մի կողմից՝
երկու տասնյակ էջ շարադրում էր ամենաայլանդակ ապօրինություններ, որոնք որպես հիմք երիցս
բավարար էին ցանկացած ընտրությու չճանաչելու համար, մյուս կողմից՝ երկու տողով պահպանում
այդ չարաբաստիկ գնահատականը։ Չնայած դրան, առաջին զեկույցով լեգիտիմության այն բարակ,
բայց ինչ-որ չափով դեռ հուսալի թելը, որից կախված պետք է մնար Սերժ Սարգսյանը, երկրորդ
զեկույցով էականորեն բարակեց։ Դիտորդական առաքելության վերջնական զեկույցը արդեն ստիպված
է եղել իր գնահատականը հիմնականում համապատասխանեցնել արձանագրային մասում կուտակված
բացասական նյութին։ “Ընտրությունները հիմնականում համապատասխանում էին միջազգային ընդունված
չափորոշիչներին” ձեւակերպման փոխարեն այժմ փաստաթուղթը վերջին հաշվով “արժեզրկված”
է ճանաչում “ընդհանուր ընտրական գործընթացը”։ Անշուշտ, խնդիրն այն չէ, որ դիտորդական
առաքելությունը փաստերի ու տեղակատվության պակաս է ունեցել։ Ամեն ինչ մի կողմ դրած,
միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը, կոպտորեն խախտելով օրենքը, ողջ ընտրարշավն անցկացրել
էր շարունակելով պաշտոնավարել որպես վարչապետ, բավարար էր դեռ մինչեւ քվեարկության
օրը ընտրական գործընթացն անվավեր ճանաչելու համար։ Գուցեւ հետագա օրերին իրոք մասամբ
հարստացել է դիտորդների տեղեկատվությունը։ Սակայն, չենք կասկածում, որ վերջնական գնահատականը
փոխվել է հետեւյալ երկու հիմնական գործոնների ազդեցությամբ։ Առաջին՝ ողջ հասարակությունը
չի համակերպվել կատարված խայտառակության հետ եւ շարունակել է պայքարը օրինականության,
իր իրավունքների եւ ժողովրդավարության վերականգնման համար։ Երկրորդ՝ այն օբյեկտիվ,
համարձակ ու փաստարկված քննադատությունը, որ հնչեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւրոպական
այս կառույցների նկատմամբ։ Կասկածից դուրս է, որ եթե ի սկզբանե լիներ օբյեկտիվ կամ
օբյեկտիվության մոտ գնահատական, գեթ վերջնական զեկույցում եղածի տեսքով, ապա անպատժելության
“քարտ բլանշ” ստացած վարչախումբը չէր համարձակվի գնալ մարտիմեկյան սպանդին։
Այժմ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ի դեմս
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականի, ոչ թե բարակ թելից, այլ մազից է կախված։
Մենք դրա վրա չէ, որ ուրախանում ենք, այլ՝ ուրախանում ենք, որ դրանով մոտենում է օրինական
ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը, որ՝ այդօրինակ ապօրինությունների, պետական
հեղաշրջումների միջոցով իշխանությունը յուրացնելը չի դառնա կործանարար ավանդույթ։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը վիճակից դուրս գալու համար։
Անտրամաբանական ու ոչ համարժեք։ Սկզբից եւեթ
նա նախագահական այս ընտրությունները դիտում է ոչ թե որպես քաղաքական պայքար, այլ հակառակաորդին
ծնկի բերելու (իրենց լեքսիկոնով՝ “կզցնելու”) գործընթաց։ Սա է նրանց պատկերացրած հարաբերությունների
ձեւը ե՛ւ միմյանց հետ, ե՛ւ ուրիշների։ Եւ այդ մոտեցման մեջ ոչինչ չփոխվեց նաեւ այն
բանից հետո, երբ այդ “հակառակորդ” դարձավ գործնականում ողջ ժողովուրդը։ Այդ գործելակերպը
չփոխվեց նաեւ ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւի հստակ պահանջներից հետո։ Դրանից հետո էլ առանց որեւէ
ծանուցագրի ու ձեւակերպման, փաստորեն ելուզակային առեւանգմամբ, իրավապահ մարմիններ
են տարվում եւ ապօրինի անազատության մեջ պահելով ահաբեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի անխտիր
բոլոր վստահված անձանց ու ընտրարշավի ակտիվիստներին։ Նրանց ազատում են աշխատանքից,
զրկում ապրուստի հնարավորությունից։
Խայտառակ ձեւով փլվում են դատարան մտած գործերը։
Մեղարյալները չեն ընդունում իրենց դեմ հարուցված անհիմն մեղադրանքները։ Դատավորները,
կատարելով “վերեւից” իջած հրահանգները, կայացնում են բացարձակ անհիմն վճիռներ։ Վարչախմբին
կեսականորեն անհրաժեշտ է, որ քաղբանտարկյալներից ոմանք իրենց վրա թեկուզ չնչին մի մեղք
վերցնեն, որպեսզի Եւրոխորհրդին զեկուցեն. “Տեսե՛ք, քաղաքական համարվող այսքան բանտարկյալներից
այսքանը իրենց մեղավոր են ճանաչել քրեական հոդվածներով”։ Դրան հասնելու համար վարչախումբը
դիմում է իրեն ընտանի, մոնղոլ-թաթարական բռնատիրության բոլոր ստորագույն միջոցներին.
ա) Քաղբանտարկյալներին առաջարկվում է գործարք՝
ծանր հոդվածները թեթեւով փոխարինելու կամ իրենց “մասամբ” մեղավոր ճանաչելու դիմաց ազատ
արձակվել կամ դատապարտվել պայմանական ժամկետով։
բ) Առողջական խնդիրներ ու ստացիոնար բուժման
կարիք ունեցող քաղբանտարկյալներին զրկում են բժշկական օգնությունից՝ փաստորեն ստիպելով
իրենց կյանքի դիմաց ընդունել առաջարկված պայմանները։
գ) Լիակատար ուսումնասիրելով քաղբանտարկյալի
ընտանեկան, հարազատների եւ ընկերական շրջանակը, նրանց սպառնում են ազատել աշխատանքից,
կամ խաթարել նրանց ունեցած բիզնեսը, զրկել կենսապայմաններից՝ ստիպելով վերջիններիս
բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրել քաղբանտարկյալի վրա՝ ընդունելու իրեն առաջարկված
պայմանները։
դ) Շարքային ոստիկաններին ստիպում են կեղծ ցուցմունքներ
տալ բանտարկյալներ վրա՝ իբր իրենց դիմադրություն ցույց տված լինելու մասին։
Հոգեւարքային ազարտի մեջ վարչախումբն իր համար
փրկօղակ է համարում մի քանի խնդիրների լուծում. հոգեբանորեն ջարդել քաղբանտարկյալներին
եւ Շարժման մյուս ակտիվիստներին, խորացնել վախի մթնոլորտը, առավել մեծ թվով պետական
պաշտոնյաների ստիպել դառնալ իրենց հանցակից, այրել վերջին կամուրջները հնարավոր այլ
իշխանության հետ։
Երկխոսության կամ բանակցություններից խուսափելու մեջ իշխանությունը շարունակում
է մեղադրել Շարժմանը։
Երկխոսությունը պետք է ունենա մեկ՝ ստեղծված
իրավիճակից քաղաքական ելք գտնելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու եւ լեգիտիմ
իշխանություն ունենալու հիմնական խնդիրը։ Այն չի կարող լինել իշխանությունը կամ ավարը
կիսելու այնպիսի անբարո “բազար”, ինչպիսին տեղի ունեցավ ընտրություններից հետո Սերժ
Սարգսյանի եւ իր “հաճախորդ” մյուս “ընդդիմադդիր” ուժերի մեջ։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ
է, որ Շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կամ Ստեփան Դեմիրճյանը, Արամ
Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մյուսները կարող են գնալ նման
խայտառակ գործարքի։ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից նույնիսկ հայտարարեց,
որ ԵԽԽՎ բանաձեւի անխտիր բոլոր պահանջների ամբողջական չկատարելու դեպքում “Ժառանգությունը”
ԱԺ-ում ընդհանրապես վայր կդնի մանդատները։
Հայտնի իրողություններից հետո նվազագույն այն
պայմանները, որոնց դեպքում հնարավոր է որեւէ ռացիոնալ երկխոսություն պատկերացնել, շարադրված
են ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւում։ Դրանց էությունը հետեւյալն է՝ իշխանությունը պետք է հետ
շրջի իր ապօրինի գործողությունների հետեւանք-արդյունքները, վերականգնի եւ գործի օրինականության
դաշտում, հետ կանգնի հակառակորդին “ծնկի բերելու” մտասեւեռումից, նրա հետ խոսի քաղաքական
լեզվով։ Խոսքը վերաբերում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, մարտի 1-ի սպանդի
անկախ ու երկուստեք վստահելի հետաքննությանը, հավաքների ազատությանը, տեղեկատվության
մատչելությանը եւ այլն։ Այս ամենը վարչախումբն իր համար մահացու է համարում, եւ առ
այսօր ոչ մի ընդառաջ քայլ չի արել։ Ընդհակառակը՝ նույնքան ամուր փակված է պահում Ազատության
հրապարակը, հեռուստաեթերը, քաղբանտարկյալներին։ Ո՛չ մի քրեկան գործ, անգամ ձեւական,
չի հարուցել մարտի 1-ի սպանդի զոհերի սպանությունների փաստով։ Շարժումը, ընդհակառակը,
հանուն երկրում իրավիճակի արագ շտկման, մի մեծ քայլ ընդառաջ է գնացել՝ հայտարարելով,
որ երկխոսության համար ինքը պատրաստ է բավարարվել միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելու
պայմանով։ Բայց ոչ մի արդյունք։
Ովքե՞ր պատք է լինեն բանակցությունների սուբյեկտները
Երկխոսության կամ բանակցությունների համար այսօր
առաջացել է նաեւ մի երկրորդ դժվարություն, որի մասին երբեք չի գրվել, սակայն որին անխուսափելիորեն
բախվելու ենք։ Խոսքը վերաբերում է բանակցությունների իշխանական սուբյեկտին։ Երկխոսության,
բանակցության համար ամենեւին պարտադիր չէ, որ իշխանական կողմը լեգիտիմ լինի, եւ Շարժումը
ոչ մի անգամ նման պայման չի դրել։ Ցանկացած փաստացի ուժի հետ կարելի է բանակցել։ Կարելի
է բանակցել չեզոք հարեւանի հետ, թշնամու հետ, հակառակորդի հետ, անգամ դավաճանի, ահաբեկչի
հետ։ Հիշենք, օրինակ՝ Քոչարյանն անձամբ բանակցեց Ն. Հունանյանի հետ։ Դրա համար անհրաժեշտ
պայմանը փաստական ուժ ներկայացնելն է եւ որոշումներ ընդունելու կարողությունը։ Սակայն
հազիվ թե որեւէ մեկը կարող է պատկերացնել իմաստավոր, արդյունավետ երկխոսություն-բանակցություն
խամաճիկի հետ։ Ո՞ւմ ձեռքում է այսօր փաստական նախագահական իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի,
թե՞ Ռ. Քոչարյանի։ Սա ըստ էության հռետորական հարց է, որի պատասխանը շատերի համար ակնհայտ
է. առայժմ՝ Ռ. Քոչարյանի։ Նա Սերժ Սարգսյանի շնչի վրա նստած է ո՛չ միայն կառավարական
ամառանոցում, ո՛չ միայն Սարդարապատի հուշարձան այցելելիս, զանազան հանդիսությունների
ժամանակ։ Վերջին տեղեկատվությունը, թե Քոչարյանը պատրաստվում է նրան ուղեկցել նաեւ
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ու մասնակցել այդ հանդիպմանը, պարզապես աներեւակայելիության
ոլորտից է։ Ճիշտ է՝ կադրային մեկ-երկու փոփոխություններ խոսում են այն մասին, որ Սերժ
Սարգսյանը ջանքեր է թափում այդ վիճակից դուրս գալու համար, սակայն ակնհայտ է, որ առայժմ
նրա ոչ լեգիտիմության խնդիրը երկրորդ պլան է մղված, իսկ առաջին տեղում փաստական իշխանության
ապահովման խնդիրն է։ Եւ դա, որքան էլ տարօրինակ թվա, միայն իր խնդիրը չէ։
Շատ ավելի վատ է վիճակը կառավարությունում։
Այստեղ փաստական վարչապետը Ռ. Քոչարյանի ստվեր Արմեն Գեւորգյանն է՝ փոխվարչապետի կարգավիճակով։
Վերջինս կառավրությունում հարցերի լուծման գործառույթն իրականացնում էր նաեւ Անդրանիկ
Մարգարյանի վարչապետության շրջանում։ Բայց այն ժամանակ դա անում էր գեթ ֆիզիկապես այնտեղ
չգտնվելով, եւ ինչ-որ մանր խնդիրներ, այնուամենայնիվ, մնում էին վարչապետի ու կառավարության
տնօրինությանը։ Հիմա, ստացվող տեղեկությունների համաձայն (կառավարության նիստուկացի
մասին լուրերի արտահոսքը լիակատար է, քանզի իրենց նվաստացած են զգում նաեւ նախարարները)
այստեղ ոչ թե տոտալ վերահսկողություն է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա, այլ նա հեռու
է քշված անգամ ամենամանր հարցերից՝ ընդհուպ վիրավորանքի աստիճանի։ Ըստ ստացված տեղեկությունների՝
Տ. Սարգսյանն արդեն մի անգամ բողոքել է դրա դեմ եւ ստացել.... կառավարությունում ընդունվելիք
որոշումների նախագծերին նախապես, մեկ օր առաջ ծանոթանալու իրավունք։ Գուցե սա է պատճառը,
որ Տ. Սարգսյանի ելույթներն ավելի շատ վերացական, ռոմանտիկ, բանաստեղծական, քնարական
են, քան առարկայական։ Դեռ մի կողմ դնենք որեւէ երկխոսություն-բանակցությունում այսպիսի
լիազորություններով սուբյեկտ լինելու անհեթեթության հարցը։ Սա չափազանց վտանգավոր վիճակ
է ընդհանրապես. փաստական իշխանությունը գտնվում է այլ մարդկանց ձեռքին, նրանք են թելադրում
կամ անում քայլերը, պատասխանատվությունը ընկնում է բոլորովին այլ մարդկանց վրա, որնց
ձեռքին ո՛չ լծակներ կան, ո՛չ իշխանություն։ Գուցեեւ այստե՞ղ է թաքնված այն հարցի պատասխանը,
թե ինչո՞ւ է “նոր իշխանությունը”, խախտելով տարրական տրամաբանության բոլոր կանոնները,
այսպես համառում՝ առաջին հերթին ի վնաս իրեն....
«Հայկական ժամնակ», 07.06.08
No comments:
Post a Comment