Friday, May 30, 2008

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԸԼԼԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՄՆԱՆ


Ավազակապետական վարչախմբի վերարտադրման “ընտրություններ” կոչվող թատերախաղում Դաշնակցությունը Օրինց երկրից հետո երկրորդ տեղը գրավեց իր բերած նպաստով։ Դրա շնորհիվ պահեց իր վերնախավի պաշտոններն ու ունեցվածքը, բայց կորցրեց ոչ միայն իր ընտրազանգվածի, այլեւ իր շարքերի առնվազն 99%-ի վստահությունը։ Ուստիեւ Դաշնակցության վերջին ընդհանուր ժողովը ծանր խնդիր ուներ իր առջեւ՝ բացատրություններ գտնել իր դրսեւորած խայտառակ ու անպատվաբեր վարքագծի համար։ Բայց, ինչպես ժամանակին բոլշեիկներն էին իրենց մասին ասում, թե՝ “այսպիսի դժվարություններ չէ, որ հաղթահարել են բոլշեւիկներ”, նույն կերպ մտածելու իրավունք ունեն նաեւ դաշնանկցության պարագլուխները։ Ժամանակին նրանք կարողացել էր դուրս գալ 1915 թ. Արեւմտյան Հայաստանում  ժողովրդին բախտի քմահաճույքին թողնելով խուճապահար փախչելու (պատմաբան Լեոի բնորոշմամբ՝ “դաշնակցական խուճապի”) պատասխանատվությունից, կարողացել էին “բացատրել” 1941-1945 թթ. Խորհրդային Հայաստանի դեմ գերմանական ֆաշիզմի հետ դաշնակցելու ու նրան ծառայելու խայտառակությունը, կարողացել էին մարսել 1956 թ. Հայ Առաքելական եկեղեցին երկփեղկելու, 1988-91թթ. Մոսկվայի (դրանով իսկ՝ ակամա նաեւ Բաքվի) հետ դաշնակցած՝ Ղարաբաղյան շարժման, ապա Հայաստանի անկախության դեմ պայքարելու դավաճանությունը եւ այն։
Առաջին հայացքից թվում է, թե սրանց համեմատ հիմա խնդիրը շատ ավելի դյուրին է։ Բայց միայն առաջին հայացքից։ Հիմա այլ է իրավիճակը, այլ է լսարանը, այլ է ժողովուրդը։ Հիմա ո՛չ հարյուր տարուց ի վեր օգտագործումից մաշված դատարկ ու չփոփոխվող ֆրազները, ո՛չ նահատակի կամ հերոսի պոզա ընդունելը, ո՛չ կեղծ խորհրդավորության քողը, ո՛չ “Ռոստոմը որ մի բան ասում է, հաբաթ մի բան գիտի”՝ անգրագետ ու անտեղյակ մարդկանց մատուցված ապրիորի հիմքը չեն կարող աշխատել։ Հիմա, գեթ Հայաստանում, յուրաքանչյուրը բավարար չափով տեղեկացված է, եւ ամեն ինչ կատարվում է իր աչքի առջեւ։ Իսկ իրականությունը տեսնելու համար բավարար են պարզ վերլուծական գործողությունները, ինչի համար տեղեկատվության ու ակնառու փաստերի պակաս ոչ մեկը չունի։
ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովում Հրանտ Մարգայրանի հակասություններով լի ելույթը ցույց տվեց, որ այս կուսակցությունը անհուսալիորեն զուրկ է ժամանակի ու միջավայրի ընկալումից, ոչ թե հեղափոխական, այլ ամենապահպանողականն է իր գոծողություններով, դատողություններով ու ժողովրդի նկատմամբ վերաբերմունքով։ Եւ շարունակում է նույն լեզվով խոսել՝ հույսն այն բանի վրա, որ 19-րդ դարի վերջի խեղճուկրակ ու անտեղյակ գեղջուկը կամ անգրագետ շարքային դաշնակցականն է իր լսարանը, որ այսօր էլ մարդիկ կառաջնորդվեն “Ռոստոմը որ մի բան ասում է, հաբաթ մի բան գիտի” դատողությամբ։ Մյուս կողմից էլ չի կարելի մեղադրել Հ. Մարգարյանին, քանզի անհնար է փորձել ապացուցել անապացուցելին ու այդ ընթացքում անտրամաբանական մտքեր չարտահայտել կամ չընկնել ծիծաղելի հակասությունների մեջ։ Հ. Մարգարյանը պետք է բացատրեր, թե ինչու իրենք իշխանության հետ կամ մեջ էին ամբողջ 10 տարի, վերջին պահին՝ դարձան մոլի “ընդդիմություն”, իսկ ընտրություններից հետո կրկին փարվեցին նույն իշխանությանը։

Ահա 1998-2008թթ.իշխանության բնութագիրը ըստ Հ. Մարգարյանի.”Երկրում ծրագրված պայքար չկար կոռուպցիայի դեմ”, կար “արտոնյալ խավ, քրեական, կիսաքրեական տարրերի անօրինական պահվածքը հասարակության մեջ...”, “երկրում առկա... անարդարությունները, կոռուպցիան, արտոնյալ խավի անպատժելիությունը, տնտեսական մենաշնորհների ապօրինի, բայց իշխանությունների հովանավորչությամբ անարգել գոյությունը, գործարարությամբ ազատ զբաղվելու խոչընդոտները, մարդու հիմնարար իրավունքների անտեսումը...”։ Գործող վարչախմբին Դաշնակցության տված այսօրինակ գնահատակնները նախընտրական շրջանում ավելի խիստ էին։ Ու հենց այս ամենն է, որ ի մի հավաքելով այլ բան չէ, քան ավազակապետություն։ Դրա համար էլ Հ. Մարգարյանը ասում է.  “Նախագահական ընտրապայքարով մենք վերջակետ էինք դնում իշխանությունների հետ նախկին համագործակցությանը եւ, համենայնդեպս նոր սկզբի կարելիություն ստեղծում մեզ համար”։
Հարց 1. այս ամենը հասկացաք վերջին պահի՞ն, ամբողջ տաս տարի չէի՞ք կարողացել նկատել ու հասկանալ։
Հարց 2. եթե թեկուզ վերջին պահին նկատեցիք ու հասկացաք, ինչո՞ւ հրապարակավ չխզեցիք հարաբերությունները հանցավոր եյդ վարչախմբի հետ եւ մինչեւ վերջ մնացիք կառավարության մեջ։
Հ. Մարգարյանն, իհարկե, ունի այս հարցերի աներեւակայի պատասխանը. Այս ամենի մասին իրենք վաղուց գիտեին, եւ ոմանք այն կարծիքի էին, որ 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո պետք է վարչախմբիի հետ խզել հարաբերությունները ու հանդես գալ որպես ընդդիմություն (ինչպես դա ճիշտ ժամանակին արեց Ա. Բաղդասարյանը)։ Այդ քայլին չդիմելու համար, սակայն, եղել է երկու հիմնավոր պատճառ՝ տեխնիկական եւ բարոյական։ Տեխնիկական պատճառ. “Կարծում էինք, որ խորհրդարանականից նախագահական ժամանակն այնքան կարճ է, որ չէինք կարող կտրուկ փոփոխություն արձանագրել։ Բարոյական պատճառ. “Նախագահական ընտրություններում ինչ-որ առավելություն ունենալու համար մենք իրավունք չունեինք պատեհապաշտություն դրսեւորել՝ վերջին վայրկյանին լքելով մեր երկվա գործընկերներին”։
Հարց 3. Իսկ եթե ժամանակը բավարար լիներ կարելի՞ էր “պատեհապաշտություն դրսեւորել եւ լքել երեկվա գործընկերներին”։ Այս դեպքում խնդիրը այլեւս բարոյական կողմ չէր ունենա։
Հարց 4. Այդքան սեւ գույներով ներկայացված հանցագործ վարչախմբի նկատմամբ կարելի՞ է բարոյական պարտավորություն ունենալ։
Հարց 5. Իսկ “գործընկերներին վերջին պահին չլքելու” բարոյական այդ պարտավորությունը ո՞ւր չքացավ դրանից 6-7 ամիս հետո նախագահական ընտրությունների նախօրյակին, երբ որոշեցիք որպես ընդդիմություն առաջադրել սեփական թեկնածու։
Հարց 6. վերջապես՝ որպես ընդդիմություն “ռասկրուտկա” լինելու համար ժամանակի պակա՞սն էր պատճառը, որ շարունակեցիք մնալ իշխանության մեջ, թե, “գործընկերներին վերջին պահին չլքելու” բարոյական պարտավորությունը։ Չէ՞ որ այս երկուսը միմյանց հակասում են ու անհամատեղելի են։
Բայց ինչո՞ւ եք սար ու ձոր ընկել ու սար ու ձոր գցում մարդկանց։ Չէ՞ որ բոլորը գիտեն այս բոլոր հարցերին միաժամանակ բավարարող պարզ պատասխանը. Դաշնակցությունը արել է այն, ինչ նրան հրամայվել է, խաղացել է այն դերը, ինչ նրան հանձնարարվել է, եւ ստացել է այնքան, որքան հարմար են գտել վարչախմբի տերերը։

Մի այլ հակասության մասին. “Արդեն ձեւավորված իշխանությունը նախորդի՝ վերջին տասը տարվա իշխանության ժառանգորդն է ու շարունակությունը”,- ասում է Հ. Մարգարյանը եւ ավելի թանձրացնում նրա հանցավոր ու ապաքաղաքական կերպարը. “Իշխանությանը ծրագրերի, գաղափարների պայքար պետք չէր, նրանք ամեն ինչ արեցին, որ ընտրություններն ընթանան ապաքաղաքական մթնոլորտում, քաղաքական ուժերի դեմ փակեցին հեռուստաալիքները, քաղաքական հաղորդումներն ու ծրագրերը, խուսափեցին բանավեճերից, քննարկումներից”։ “Համատարած ընտրակաշառքի եւ կոպիտ ընտրախախտումների պայմաններում՝ այլ թեկնածուների շարքին փոշիացավ նաեւ մեր քվեն”։
Հարց 7. Եւ այս ամենից հետո, ու այս ամենից “տուժած” Դաշնակցությունը (որ, հիշեցնենք, “իրեն Հայ ժողովրդի վերջին հույսը կնկատի”), ինչպե՞ս պատահեց, որ լուռ ու մունջ համակերպվեց ու անաղմուկ շարունակեց մնալ նույն իշխանության մեջ։
Հ. Մարգարյանը, ահա, պետք է պատասխաներ այս հիմնական հարցին։ Եւ պատասխանում է. Դաշնակցությունը գնաց հանցավոր իշխանության մաս կազմելու այս անբարոյական, ապաքաղաքական, քստմնելի քայլին, քանի որ, պարզվում է, կա հայ ժողովրդի գլխին կախված շատ ավելի մեծ վտանգ։ Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնն է, նրա քաղաքական պայքարի մեջ մտնելը՝ “օտարի պատվերով” ու “ֆինանսներով” “գունավոր հեղափոխություն” իրակնացնելու համար։
Հարց 8. Ինչպե՞ս է, որ մահացու այդ վտանգն զգալով Դաշնակցությունը ոչ թե անմիջապես կանգնեց չարյաց փոքրագույն՝ գործող վարչախմբի թեկնածու կողքին, այլ “վերջին պահին լքեց իր գործընկերոջը” ու սեփական թեկնածուն առաջադրեց որպես ընդդիմադիր, ու դաժանորեն քննադատեց նույն վարչախմբին ու նրա թեկնածուին։ Չէ՞ որ դրանով նա կարող է ակամա ջուր էր լցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ օտարի պատվերով նրա գունավոր հեղափոխոխության ջրաղացին։
Հարց 9. Ազգային ավազակապետությունը օտարի ազդեցությունից ու միջամտությունից գերադասելու սկզբունքը Դաշնակցությունը երբվանի՞ց է որդեգրել. 1890-ականների՞ց, երբ նա “Հայկական հարցի” լուծումը տեսնում էր միմյան օտար պետությունների՝ Եւրոպայի եւ Ռուսաստանի միջոցով, 1907-ի՞ց, երբ Հայոց փրկությունը կապում էր երիտթուրքերի հետ, 1920-ականների՞ց, երբ ցեղասպանությունից ընդամենը 10 տարի անց, “Պրոմթեյան ուխտով”՝ Հայաստանի փրկությունը տեսնում էր Թուրքիայի պրւտեկտորատի տակ, 1941-1945-ի՞ց, երբ ծառայում էր Գերմանական ֆաշիզմին՝ ընդդեմ Հայաստանի, 1970-ականների՞ց, երբ “Հայ դատը” կրկին սկսեց կապել Մոսկվայի հետ, 1990-91-ի՞ց, երբ “անկախական ըլլալով դեմ էր ԽՍՀՄ-ից անջատմանը”։ Թե՞ այս բոլորը ոչ թե օտար էին, այլ հարազատ։
Հարց 10. Այդ ինչպե՞ս է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ֆինանսավորած ու նրա միջոցով Հայաստանում գունավոր հեղափոխություն ծրագրած օտարները, նախագահական ընտրությունների առիթով հենց իր՝ Հ. Մարգարյանի նման, ու դեռ ավելի մեծ “շան լափ” թափեցին վարչախմբի գլխին, բայց այնուամենայնիվ այդ Շան լափը” համապատասխան գտան “եւրոպական չափանիշներին” ու խրախուսեցին նրա գոյությունը։ Իրենց փողի ձեռքը կրա՞կն էին ընկել։
“Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին։ Ընդդիմությունը պատրաստ էր”,- ասում է Հ. Մարգարյանը՝ ի հեճուկս 100 հազարավոր մարդկանց՝ իրենց աչքով տեսածին։ Մնում է միայն ավելացնի, որ այդ օրը վաղ առավոտյան հենց ցուցարարները դավադրաբար հարձակվեցին զորանոցներում հանգիստ քնած ոստիկանական եւ այլ զորքերի վրա, ոչ թե հակառակը։ Իսկ թափված արյունը “արտաքին միջամտության դուռ բացեց ու թուլացրեց մեր պետությունը”։ Իսկ Լեոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես իր “անպատասխանատու վարքագծով պառակտում է ազգը”։
Հարց 11. 1999թ. հոկտեմբերի 29-ին, երբ երկու գործող եւ երկու “նախկին” դաշնակցականներ գնդակահարեցին Ազգային ժողովն ու կառավարությունը, թափվածը արյուն չէ՞ր,  եւ դուռ չէ՞ր բացում “արտաքին միջամտության համար”։ Գուցե դա ոչ թե արյուն էր, այլ ցեմենտ կամ սոսինձ, որ պետք է ամրացներ մեր ճաք տված ազգային միասնությունը կամ ամրապնդեր պետականությունը։ Գուցե դրա համա՞ր էր ոճրագործների պարագլուխը խորհրդատվության համար անմիջապես փնտրում հենց Հ. Մարգարյանին ու Վ. Մանուկյանին։
Հարց 12. Եթե ազգի միասնությունը ընդունենք որպես հնարավոր իրողություն, ապա մեզ համար այդ միասնության թիվ 1 գործոնը, ամենաընդհանրական կառույցը դարեր ի վեր եղել է Հայ Առաքելական եկեղեցին։ 1956-ին ո՞վքեր այն պառակտեցին երկու մասի՝ արժանանալով երջանկահիշատակ Վազգեն Ա. կաթողիկոսի հայրապետական անեծքին։ Եւ ովքե՞ր են այդ պառակտումը պահում ու պահպանում մինչ օրս։
Հիշեցնենք, այն ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 11 տարեկան էր։
Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ գործիչն է, որ ժամանակին ամեն ինչ արեց ազգի պառակտման այդ չսպիացող վերքը բուժելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ Երեւան», 30.05.08


No comments:

Post a Comment