Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի որոշման առիթով,
որտեղ առաջարկվում է ԵԽԽՎ-ին Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Գալուստ
Սահակյանը աներկիմաստ արձագանքեց հետեւյալ կերպ. Եվրոպայի Խորհուրդն այն միակ կառույցը
չէ, որին անդամագրվելը այդքան կենսական է Հայաստանի համար։ Կան նաեւ այլ միջազգային
լուրջ կառույցներ՝ մասնավորապես մուսուլմանական աշխարհում, եւ, նեղացնելու դեպքում,
Հայաստանը կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից ու մտնել այդ միջազգային կառույցների
մեջ։ Հաջորդ օրերին աննախադեպ այս հայտարարությանը լրագրողական եւ քաղաքական շրջանակներում
տված արձագանքը, այսպես ասենք, թեթեւ էր, ոչ համարժեք արված հայտարարությանը։ Գալուստ
Սահակյանը, իշխող Հանրապետական կուսակցության շարքային անդամ չէ։ Նա այդ կուսակցության
խորհրդարանական խմբակցության, որ ամենամեծն է խորհրդարանում, ղեկավարն է։ Դա շատ բարձր
պաշտոն է. եթե համարենք, որ կուսակցության առաջին դեմքը Սերժ Սարգսյանն է, երկրորդը
Հովիկ Աբրահամյանը, որոնք եւ զբաղեցրել են համապատասխանաբար ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի
պաշտոնները, ապա Գ. Սահակյանը խմբակցության ղեկավարի իր կարգավիճակով, ասել է թե՝ նաեւ
քաղաքական կշռով ու ազդեցությամբ, երրորդն է այս կուսակցության հիեարխիկ համակարգում։
Ահա, որպես այդպիսին էլ, նրա այս հայտարարությանը պետք է վերաբերել ամենայն լրջությամբ։
Մի փոքր լրագրողական հետախուզում անելով՝ մենք
պարզեցինք, որ, իրոք, այս խնդիրը վերջին մեկ տարում, ու մասնավորապես Սերժ Սարգսյանի
կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ոչ միայն լուրջ քննարկման առարկա է
եղել Հանրապետական կուսակցության ներսում, այլեւ արդեն իսկ ունի իր գործնական, առարկայական
դրսեւորումները արդեն որպես Հայաստանի իշխանության կատարած քայլեր։ Մասնավորապես՝ այդ
դրսեւորումներից առաջինը Թուրքիայի նախագահ Գյուլին Սերժ Սարգսյանի՝ միասին ֆուտբոլային
խաղ դիտելու սիրալիր հրավերն էր Հայաստան, ինչը եւ ընդունվեց Գյուլի կողմից։ Երկրորդ,
շատ ավելի առարկայական դրսեւորումը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ
դնող ու նրա հետագա ճանաչումներին խոչընդոտող, այսպես կոչված՝ “պատմաբանների համատեղ
հանձնաժողով” ստեղծելու Թուրքիայի շատ վաղուց արած առաջարկին Սերժ Սարգսյանի կողմից
հավանություն տալն էր։ Կարելի է չկասկածել, որ այս երկու փաստերն այլ բան չեն եղել,
քան նաեւ Գալուստ Սահակյանի մատնանշած ուղղությամբ արված լուրջ նախապատրաստական քայլեր։
Ասել է թե՝ Գալուստ Սահակյանի՝ արած հայտարարությունը
հենց այնպես, պահի ազդեցության տակ ասված զգացմունքային խոսք չէ. այդպես մտածելու դեպքում
մենք անտեղի վիրավորած կլինենք Հայաստանում իշխող եւ խորհրդարանում վճռական մեծամասնություն
ունեցող կուսակցության խմբակցության ղեկավարին՝ նրան վերագրելով թեթեւսոլիկ պեհվածք
ու խեղկատակի դեր։ Իրողությունն այն է, որ քաղաքական այս հայտարարությունն, իրոք, դատարկ
տեղում չի արվել, եւ Հայաստանի իշխանությունները, նրա բերանով արձագանքելով ԵԽԽՎ-ի
Մոնիտորինգի խմբի որոշմանը, միաժամանակ բացահայտել են նաեւ իրենց կողմից ամենայն լրջությամբ
քննարկած ու ընդունած՝ արտաքին քաղաքական հիմնական ռազմավարական ուղղությունը։
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“ՀԱՅՔ” 24.12.08.
No comments:
Post a Comment