Մարտի 1-ի սպանդից հետո ընդդիմության դեմ ձեռնարկված
աննախադեպ հալածարշավի սկզբից եւեթ ամեն մի բանական մարդու համար պարզ էր, որ դրա հետեւանքով
ազատազրկվածները այլ բան չեն, քան քաղաքական բանտարպկյալներ։ Դա պարզ էր ոչ միայն այստեղ՝
Հայաստանում, դեպքերին ու իրողություններին ներկա, մասնակից, ականատես, տեղեկացված
մարդկանց համար։ Դա պարզ էր նաեւ աշխարհում։ Պատահական չէ, որ արդեն մարտ 4-ին եւ
12-ին Եւրոմիության Նախագահությունը իրար հետեւից երկու հայտարարություն տարածեց՝ պահանջնելով
ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար բոլոր ձերբակալվածներին։ Դրանց հետեւեցին
այլ կառույցների ու երկրների նմանօրինկ կոչեր ու հորդորներ։
Այս ամբողջ ընթացքում իշխանությունը խոստանում
էր բացահայտել եւ ի ցույց դնել ընդդիմության կողմից պետական հեղաշրջման ու այլ ծանր
հանցանքների բազմաթիվ սահմռկեցուցիչ փաստեր ու ապացույցներ։ Բացի ծախու արարածների
միջոցով կեղծ վկայություններ հերյուրելուց, նրանց չհաջողվեց ոչինչ. ի հայտ չեկավ ոչ
մի իրեղեն ապացույց, ոչ մեկի մոտ չհայտնաբերվեց զենք, անգամ նկարված միլիոնավոր կադրերից
որեւէ մեկում։ Ավելին՝ քրեական գործեր չհարուցելով 10 սպանությունների առիթով, ինչպես
նաեւ եւ բազմաթիվ այլ փաստերով՝ վարչախումբը մատներց սեփական ծանրագույն հանցագործությունը,
որ եւ այժմ փորձում է պարտակել, այսպես կոչված, “7-ի գործով”՝ քաղբանտարկյալների այս
խմբին փորձելով մեղադրել զանգվածային անկարգությունների ու պետական հեղաշրջման կազմակերպման
հոդվածներով։ Սա վերջին փրփուրն է, որից նա կառչում է։ Ի հեճուկս վարչախմբի պաշտոնական
քարոզչության՝ անազատության մեջ գտնվողների համար ավելի ու լայն տարածում էր գտնում
նրանց քաղբանտարկյալ համարողների շրջանակը։ Ուստիեւ վարչախումբը կառչել էր մի քանի
անհեթեթ մտքերի, մասնավորապես, որ՝ Հայաստանում չեն կարող քաղբանտարկյալներ լիներ,
քանի որ մեր օրենսգրքում նման հոդված ու հասկացություն չկա, կամ, որ դատարանը պետք
է որոշի՝ նրանք քաղբանտարկյալներ են, թե ոչ, իսկ ոմանք էլ համարում էին, թե նրանց քաղբանտարկյալ
լինել-չլինելու հարցը պարզ կդառնա միայն Եւրոպական Մարդու իրավունքների դատարանի վճռից
հետո։ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի վերջերս ընդունած որոշումը վերջապես ազատազրկվածներին
պաշտոնապես ճանաչեց քաղբանտարկյալներ։ Թվում էր, թե սրանով ամեն ինչ այլեւս պարզ է
ու լուծված, որ դա վերջ պետք է տա նաեւ անգրագիտության, անամոթության ու պարզունակ
դեմագոգիայի այս շքահանդեսին։ Եւ ոմանք, իրոք, կարծես թե գերադասեցին զգուշանալ ու
լռել։ Սպասելի էր, անշուշտ, որ ոմանք էլ՝ վարչախմբի վճարովի կամ անվճար սպասարկուների
տեսքով, դեռ շարունակելու են նույնը կրկնել։ Երբ այդ բանն շարունակում են անել դհոլատիպ
մանկլավիկներ, դա դեռ հասկանալի է՝ մամուլում անբնորոշելի մի հարթության վրա։ Երբ այդ
բանը դեռեւս փորձում են անել Հանրապետականների ոչ առաջնային շարմազանովատիպ դեմքերը՝ դա եւս հասկանալի է՝ անճարակության հարթության վրա։
Սակայն, երբ ըստ էության նույն կերպ է վարվում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը,
դա... վիրավորական է։ Վիրավորական է բոլորիս համար։
Համաժողովրդական շարժումը, ու դրանով իսկ հասարակական
կարծիքը, այս ամբողջ ընթացքում “ըմբռնումով” է մոտեցել Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպան Արմեն Հարությունյանին, նկատի ունենալով, որ մարդն այնուամենայնիվ աշխատում
է “թունավոր ցեխում”, եւ այն ծայրահեղ նվազագույնն էլ, որ համարձակվում է անել, մանր-մունր
մի քանի խնդիրներ լուծել, մարդու իրավունքների հարյուրավոր խախտումներից մի քանիսի
մասին թեկուզ 10%-ոց ճշմարտություններ ասել, էլի ինչ-որ տեղ ... սրտի մխիթարանք է։
Արմեն Հարությունյանի նկատմամբ հասարակական կարծիքը երբեք չի ներկայացրել այն պահանջների
անգամ 1/10-րդ մասը, որ կարող էր բխել Մարդու իրավունքների պաշտպանի նրա զբաղեցրած
բարձր ու պատասխանատու պաշտոնից։ Թվում էր, թե ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի որոշումից
հետո վերջապես Ա. Հարությունյանը քաջություն կունենա ինքը եւս հայտարարելու Հայաստանում
մոտ յոթ տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին։ Ընդհանրապես, իր պաշտոնի ու
կոչման բերումով նա այդ բանը պետք է աներ առաջինը, պետք է աներ մարտի 2-ին, 3-ին,
4-ին, 5-ին... Կամ թեկուզ մինչեւ Մոնիտորինգի կոմիտեի որոշումը։ Նա չունեցավ այդ համարձակությունը՝
դրանով իսկ ցույց տալով, որ ինքը շատ հեռու է իր զբաղեցրած պաշտոնի ու կոչման նվազագույն
նշագծից։ Նա այդ բանը չարեց նաեւ Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո։ Դրանից հետո
նա ոչ միայն պետք է կրկներ նույնը, այլեւ հայտարարեր,
որ այդ որոշումից հետո քաղբանտարկյալների նկատմամբ որեւէ քննչական կամ դատական գործողություն
ապօրինի է, եւ նրանց պետք է պարզապես անհապաղ ազատ արձակել։ Եւ առաջին հերթին՝ “7-ի
գործով” մեղադրվողներին։ Արմեն Հարությունյանն ընդհակառակը՝ դրանից հետո էլ շարունակում
է “խաղաղության աղավնի” խաղալ, խոսել ներման ու համաներման մասին, դատական պրոցեսին
հետեւելու ու այն մոնիտորինգի ենթարկելու մասին, այլ խոսքով՝ խայտառակ այս դատավարության
օրինաչափության մասին։ Ո՞ւմ ներել՝ քաղբանտարկյալներին, այսինքն՝ մարդկանց ում իրենց
քաղաքական հայացքների համար արդեն 10 ամիս անտեղի պահում են բանտերում։ Նրանց պետք
է ներել, թե՞ նրանցից պետք է ներողություն խնդրել, ծնկաչոք՝ վարչախմբի պարագլուխներից
սկսած մինչեւ Մարդու իրավունքների պաշտպան։ Սա Մարդու իրավունքների պաշտպանի համար
աներեւակայելի վարքագիծ է, որ արդեն նշանակում է, թե այն ամենը, ինչ ինքն արել է միչ
այժմ, դա արել է վարչախմբի գծած թույլատրելի շրջանակներում՝ իր համար ստեղծելու համար
քիչ թե շատ ընդունելի մի կերպար՝ վճռական պահին որպես գործիք նույն վարչախմբի կողմից
օգտագործվելու համար։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Չորրորդ իշխանություն»,
24.12.08
No comments:
Post a Comment