Արդյո՞ք ցուցարարները զենք
են ունեցել կամ կիրառել
Սա այն պատրվակն է, որով վարչախումբը, իբր, հիմնավորում է մարտի 1-ի վաղ առավոտյան
խաղաղ ցուցարարների ջարդը եւ նույն օրը երեկոյան իրագործած սպանդը։ Առ այսօր ո՛չ հարյուրից
ավելի քրեական գործերի շրջանակներում, ո՛չ իրենց իսկ բազմաժամ նկարահանումների որեւէ
կադրում, ո՛չ որեւէ վկայությունում չի բերվել որեւէ ապացույց։ Եթե նման թեկուզ մեկ
փաստ ունենային, առաջին իսկ օրից եւ մինչեւ այսօր ամեն օր ողողված կլիներ հեռուստաեթերը։
Ո՞րն էր ՀԱԿ-ի ստեղծման
պատճառը
Կոնգրեսը նույն Համաժողովրդական շարժումն է՝ օժտված նվազագույն անհրաժեշտ կազմակերպական
հատկանիշներով։ Այն կուսակցություն չէ, որը հետապնդում է ժամանակային հստակ սահման
չճանաչող խնդիրներ։ Բայց նաեւ շարժում չէ, որը կարող է պոռթկալ, կարճ ժամանակում լուծել
իր խնդիրը եւ անհետանալ։ Կոնգրեսը կոչված է հասարակության առավելագույն ներգրավվմամբ
լուծելու նույն՝ Շարժման խնդիրները՝ ավելի տեւական պայքարում, պայքարի քաղաքական մեթոդների
գործադրմամբ։ Տվյալ դեպքում դա ավազակապետական համակարգի կազմաքանդումն է, սահմանադրական
կարգի վերականգնումը, ժողովրդավարության հաստատումը եւ այլն, որոնք այլեւս հնարավոր
չէր լուծել ոչ առանձին քաղաքական ուժերի, ո՛չ նրանց համատեղման, ո՛չ պոռթկացող շարժման
միջոցով։
Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
դուրս չեկավ մարդկանց մոտ մարտի 1-ին։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ջարդից հետո
հրաժարվել է հեռանալ հրապարակից։ Միայն մոտ երկու ժամ հետո նրան իր տուն են տեղափոխել
ուժի գործադրմամբ՝ ձեռքերն ոլորելով։ Նրա տունը շրջափակված է եղել մի քանի տասնյակ
զինված մարդկանցով, որոնք խստագույնս արգելել են ելք ու մուտքը։ Անմիջապես հաջորդ օրերին
տված ասուլիսներում նա մանրամասն նկարագրել է մարտի 1-ին իր գործադրած համառ ջանքերը
տնից դուրս գալու հնարավորություն ստանալու համար, ինչը նրան չի ընձեռվել։ Նա գտնվել
է տնային կալանքի տակ։
Եւրոպական կառույցների մասին
Եւրոպական կառույցները, մասնավորապես Եւրոպայի Խորհուրդը, որի անդամ է Հայաստանը,
պարտավորություն ունի իր անդամ պետություններում հետեւել ժողովրդավարության հաստատմանը,
ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պահպանմանը։ Իրականում այդ կառույցները կարող են
ինչ-որ կերպ նպաստել որեւէ երկրում այդ խնդիրների լուծմանը, եթե տեղում դրա համար տեսնում
են իրական ուժ եւ պայքարի կամք։ Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի ժողովրդավարական
ուժերը իրենց պայքարի շնորհիվ անվերապահ ճանաչվում են այդ կառույցների կողմից։ Նույն
այդ պայքարի շնորհիվ ԵԽԽՎ-ը ընդունել է Հայաստանի մասին 3 բանաձեւ։
Լեռնային Ղարաբաղի հարց
Սերժ Սարգսյանը, ինչպես ժամանակին Ռ. Քոչարյանը, իշխանության եկան գերտերություններին
խոստանալով ավելի համեստ պայմաններով ստորագրել ԼՂ խաղաղ կարգավորման փաստաթուղթը։
Ի տարբերություն նախորդ տասնամյակի, այս անգամ, որոշ աշխարհաքաղաքական իրողությունների
պայմաններում, Սերժ Սարգսյանին ստիպում են կարճ ժամկետում կատարել իր խոստումը։ Ընդ
որում՝ Արեւմուտքը ծրագրել է այդ խնդիրը լուծել հատկապես Սերժ Սարգսյանի հետ՝ օգտվելով
նրա թույլ կողմերից։
Թուրքիայի զարգացումներ
Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի քարոզչական մեքենան Լեւոն Տեր-Պետրոսյանին
անխնա մեղադրում էր “թուրքամետության” մեջ։ Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը զավթելուց
հետո այնպիսի մի սիրախաղ սկսեց Թուրքիայի հետ, ինչպիսին մինչեւ 1915թ. արել էին միայն
դաշնակները Երիտթուրքերի հետ։ Նա համաձայնեց Թուրքիայի հետ միասին պատմաբանների համատեղ
հանձնաժողով կազմելու առաջարկին՝ ստուգելու համար Ցեղասպանության լինել-չլինելու խնդիրը։
Դրանով նա ըստ էության ամենաբարձր մակարդակով ուրացավ Հայոց ցեղասպանությունը։ Այսօր
միջազգային ասպարեզում այլեւս չկա Լեռնային Ղարաբաղի առանձին խնդիր։ Թուրքիային հաջողվեց
այդ խնդրի անբաժան մաս դարձնել ահա՝ այս հանձնաժողովի ստեցծումն ու հայ-թուրքական սահմանների
բացման հարցը։
No comments:
Post a Comment