Saturday, March 14, 2009

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ ՄԱՍԻՆ


2008թ. մայիսի 22-ին, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէր Մարտի 1-ի արյունոտ սպանդի, դրան հաջորդած զանգվածային հալածանքների մղձավանջը, բոլորս ցնցվեցինք Անդրանիկ Հովակիմյանի մահվան բոթից։ Համաժողովրդական շարջումը այդ առիթով տարածեց “Հերթական զոհը ազատության ճանապարհին” վերնագրով հետեւյալ հայտարարությունը.
“Համաժողովրդական շարժումը հանուն ազատության եւ ժողովրդավարության համար իր պայքարում տվեց հերթական զոհը։ Երեկ երեկոյան սրտի տագնապից մահացավ Հայոց Համազգային Շարժման վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ Ի սկզբանե եւ անմնացորդ նվիրված մեր ժողովրդի պայքարին՝ Անդրանիկ Հովակիմյանը հսկայական կազմակերպական ու գործնական աշխատանքի ծանրաբեռնվածություն ուներ անցած նախագահական ընտրություններում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից նա համակարգում էր Շիրակի մարզում նախընտրական աշխատանքները եւ հետեւում ընտրություններին, որի ընթացքում բացահայտել էր բազմաթիվ օրինախախտումներ։ Հենց դա էր պատճառը, որ վարչախմբի կողմից խաղաղ ցուցարարների ջարդից ու մարտիմեկյան սպանդի կազմակերպումից հետո նա հայտնվեց նախապես կազմված շինծու մեղադրանքներով ձերբակալելու ենթակա գործիչների “սեւ ցուցակի” առաջին տողերում ։ Առաջին իսկ օրից բազմիցս նրա բնակարան են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ նրան ձերբակալելու նպատակով։ Անդրանիկ Հովակիմյանին հաջողվել էր խույս տալ ձերբակալումից ու արդեն մոտ երեք ամիս, որպես քաղաքական հալածյալ ապրում էր ընդհատակում։ Սրտի հետ կապված խնդիրներ ունենալով, այդ պայմաններում նա չէր կարող դիմել բժշկական օգնության, ապրել հանձնարարված ռեժիմով։ Հետեւանքը եղավ սրտի ծանր տագնապը, որ խլեց նրա կյանքը։ Այսինքն՝ նա ոչ թե մահացել, այլ զոհվել է պայքարում որպես մարտիկ, եւ նրա մահը հանցագործ վարչախմբի սանձազերծած քաղաքական հալածանքների հետեւանք է, ինչի համար վերջինս պատասխան է տալու անպայման։
Անդրանիկ Հովակիմյանի մահը ծանրագույն կորուստ է առաջին հերթին Հայոց Համազգային Շարժման համար, որի անդամն է նա ի սկզբանե եւ վարչության ղեկավարներից է երկար տարիներ։ Նրա ընկերներն ու կուսակիցները երկար ժամանակ չեն հավատալու ու չեն համակերպվելու իրենց հարազատ չափազանց հոգատար ընկերոջ կոուստի հետ։ Հասարակությանը նա հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով ու հարցազրույցներով, հեռուստատեսային եւ ռադիոեթերում բանավեճերով։ Որպես քաղաքական գործիչ նա առանձնանում էր եզակի քաղաքական հոտառությամբ, սկզբունքայնությամբ, անաչառությամբ, դիպուկությամբ։ Մյուս կողմից՝ նա երբեք դուրս չէր գալիս կոռեկտության սահմաններից, ում հետ եւ ինչ հարցով էլ լիներ բանավեճը։ Եւ հենց դա նրա խոսքը դարձնում էր համոզիչ։
Համաժողովրդական շարժման կենտրոնը, ցնցված է Անդրանիկ Հովակիմյանի մահվան գույժից, խորապես ցավակցում է նրա ընտանիքին ու հավասարապես իրենը համարում ծանրագույն այս վիշտը”։

Միայն պահի տակ, զգացմունքներով թելադրված խոսք չէր սա։ Նրան ճանաչող ամեն մեկն այսօր էլ տրված գնահատականների տակ կստորագրի որպես հավաստի բնութագիր։
Տիպիկ քաղաքական մարդ էր Անդրանիկ Հովակիմյանը՝ այս բառի ամենադրական ու ազնիվ նշանակությամբ։ Հայոց Համազգային Շարժման անդամ էր ի սկզբանե եւ տեւական ժամանակ արդեն նաեւ քաղաքական այս կազմակերպության սյուներից մեկը։  Քաղաքական կազմակերպություններն իրենց վարկանիշը հասարակության մեջ ձեռք են բերում ու կենսունակությունը պահպանում ոչ միայն իրենց ծրագրերով, գործունեության արդյունքներով, այլ նաեւ իրենց անհատներով, նրանց անձնական կերպարով։ Այս հանգամնքը հատկապես կարեւոր էր վերջին տասնամյակում, երբ տարբեր կողմերից լուտանքների հսկայական մի հեղեղ էր թափվում Հայոց Համազգային Շարժման վրա՝ հատկապես նրա մեջ տեսնելով այն ուժը, որը կարող է իրական ու լուրջ ընդդիմություն դառնալ գողապետական վարչախմբի ու նրա սնուցած կեղծ ընդդիմության համար։ Եւ սա պետական քաղաքականություն էր։ ՀՀՇ-ն ու նրա իշխանության շրջանը ներկայացվում էր որպես ամեն չարիքի հիմքն ու արմատը։ Արժանի պատասխաններ, անշուշտ, միշտ էլ լինում էին, սակայն դրանք մատչելի էին միայն հարյուրապատիկ փոքր լսարանի։ Քննադատության ու լուտանքների հսկայական տեղատարափն իր սեւ գործը թերեւս կհասցներ մինչեւ վերջ, եթե չլիներ կազմակերպության, այսպես ասենք, զուտ մարդկային գործոնը՝ կազմակերպության հարյուրավոր անդամների անդավաճան սկզբունքայնությունը, նրանց մարդկային կերպարը, համեստ կենցաղը, բարոյական նկարագիրը։ Նաեւ այս գործոնի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել կազմակերպության նվազագույն անհրաժեշտ վարկանիշը՝ քաղաքական դաշտում մնալու համար որպես վճռորոշ ուժերից մեկը։ Անդրանիկ Հովակիմյանն այդ հարյուրավորների ու հազարավորների մեջ առաջիններից մեկն էր՝ իր անբասիր վարքով, լրջախոհությամբ, ազնվությամբ, համեստագույն կյանքով, արժանապատիվ վարքով։ Ո՛չ նրա հետ շփումներից, ո՛չ էլ նրա հոդվածներից ու հարցազրույցներից դժվար էր ենթադրել, թե նա իր ասելիքը կարող է լինել զգացմունքային, իսկ խոսքը՝ գեղարվեստական։ Ինքն էլ իր մասին նույն բանն է ասում. “Ընդհանրապես երբեք “բոցավառ ելույթներ” չեմ ունենում, միշտ փորձում եմ ոչ թե զգացմունքներով, այլ մտածելով խոսել”։ Ու կարծես թե, իր թողած գրավոր ժառանգության մեջ միայն մի այդպիսի դեպք կա, երբ հենց այսօրինակ խոհերի մեջ է եղել ու դրանք հանձնել թղթին զգացմունքներով.Իսկ կյանքը շարունակվում է, մենք էլ այնպիսին ենք, ինչպիսին եղել ենք ու կանք. մեր գաղափարներով ու պատկերացումներով՝ անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Մեզ չկարողացան ոչնչացնել, ջլատել, քառատել, կախել, ինչպես ժամանակին խոստանում էին, ավելին՝ մեր ետեւից արդեն մի նոր հզոր ու հպարտ սերունդ է գալիս։ Մի խոսքով, մենք ապրում ենք։ Ապրում ենք Հայաստանից վտարված, Հայաստանի ամենախուլ գյուղում եւ Երեւանի կենտրոնում, ապրում ենք կարիքի մեջ եւ ապահովված, այնպես, ինչպես մեր երկիրը։ Իսկ մեր անունը Հայոց Համազգային Շարժում է, մեր իրականացված երազն էլ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը լինելու է հավերժ”։    

Թերեւս եզակի էր Անդրանիկը, որ հավասարապես ունակ էր ե՛ւ կազմակերպական աշխատանքներում եւ գաղափարական պայքարում։ Միշտ տեղեկացված էր, տեղեկացված էր ոչ միայն Հայաստանի ներքաղաքական անցուդարձի մանրամասներից, այլեւ միջազգային կարեոր զարգացումներից։ Բազմազան է նաեւ այն թեմատիկան, ինչին անդրադարձել է նա իր քաղաքական ու հրապարակախոսական ելույթներում, հոդվածներում ու հարցազրույցներում. Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, տնտեսություն, տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրման հարցեր, անվտանգության խնդիրներ, եւրոպական արժեքներ, Հայ-թուրքական հարաբերություններ, Ջավախքի խնդիր եւ Հայ-վրացական հարաբերություններ, երկքաղաքացիության խնդիր,  Սահամանադրություն եւ սահմանադրական հանրաքվե, կոռուպցիա, Հայ դատ եւ այլն։ Համոզված լիբերալ էր, ազատականության ջատագով, ազգայնականության ու մանավանդ կեղծ ազգայնականության հակառակորդ։ Չէր խուսափում որեւէ մեկի հետ բանավիճելուց, “հակառակորդ” թերթերին հարցազրույցներ տալուց։
Քաղաքական վերլուծություններում ու գնահատականներում նրա ելակետը իրատես քաղաքականության սկզբունքն էր, ժողովրդավարությունը։ Ընդ որում՝ ժողովրդավարական նորմերի ոտնահարումներին անդրադառնում էր նաեւ այն դեպքերում, երբ դրանք տեղի էին ունենում ոչ Հայաստանում, օրինակ՝ Ռուսաստանում։ Ընդ որում՝ այդ անդրադարձները պատահական չէին, այլ այն մտահոգությամբ, որ դա իր ազդեցությունները կունենա Հայաստանի վրա։
Քաղաքականության մեջ ամենավտանգավոր երեւույթներից մեկը մակերեսայնությունն է։ Անդրանիկ Հովակիմյանը երբեք չէր երկմտում հանդես գալ դրա դեմ, եթե անգամ խոսքը վերաբերում էր այնպիսի նուրբ ու հեշտ շահարկելի հարցերի, ինչպես օրինակ՝ Ցեղասպանությունը։ Ահա նրանից մի քաղվածք այն առիթով, երբ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունեց Հայոց ցեղասպանության հետ կապված օրինագիծը.
“Վերջապես: Վերջապես իրականացավ: Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանը ընդունեց հայտնի օրինագիծը, որով պատժամիջոցներ են նախատեսված Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: 
Սակայն, չգիտես ինչու, այս ամենով հանդերձ՝ շրջանցում ենք սառը դատողությունը, սթափ գիտակցումը, որի մասին աշխատում ենք չմտածել, առավել եւս չխոսել՝ զանազան գնահատականներից եւ պիտակներից զերծ մնալու նպատակով: Գիտակցումն այն բանի, որ հերթական անգամ ինչ-որ մեկը սեփական շահը սպասարկելու նպատակով օգտագործում է մեր ցավն ու ողբերգությունը: Մենք նույնիսկ չենք մտածում կամ չենք ուզում մտածել այն տարօրինակ զուգադիպությունների մասին, որոնց ականատեսն ենք տարիներ շարունակ: Եվ փույթ չէ, որ ավելի ու ավելի է խորանում անջրպետը մեր անմիջական հարեւան երկրի հետ, որ ամիսներ շարունակ չի նշանակվում ԱՄՆ դեսպան Հայաստանում, որ անհեթեթ իրավիճակում են հայտնվում Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցները: Կարեւորն այն է, որ սոցիալիստները Ֆրանսիայում սրանով ակնկալում են ստանալ հայության քվեները:  Ես ամենեւին չեմ զարմանա, եթե այս ամբողջ իրարանցումից հետո, Թուրքիային հրահրելուց հետո, չհաստատվի Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքը”:

Ամենաավագը չէր ՀՀՇ-ի մեջ, ընդհակառակը շատերից երիտասարդ էր։ Բայց վաղուց արդեն թե՛  երիտասարդները, թե՛ իրենից ավագները որեւէ տեղեկատվություն, որեւէ գաղափար, որեւէ գնահատական ճշտելու, քննարկելու համար նրա սենյակ էին մտնում զրուցելու։ Մի տեսակ փորձաքար էր։ Համոզումներում հաստատ էր, բայց եթե վրիպել էր՝ առանց քաշվելու տեղի էր տալիս փաստերի ու տրամաբանական հիմնավորումների առաջ։ Չէր ամաչում եւ չէր դադարում սովորել, չէր զլանում գնահատել։ Ոչ մեկը չէր կասկածում նրա  անկեղծությանը։ Ցանկացած շատ թե քիչ նշանակալից իրադարձության առիթով հենց նրան էին դիմում “ՀՀՇ-ի կարծիքը” իմանալու համար, եւ ինքն էլ դարձել էր Հայոց Համազգային Շարժման դեմքը։
Սույն ժողովածուն, որ մեծագույն սիրով ջանադրաբար մամուլը թերթելով հավաքել ու կազմել է Լիաննա  Երվանդյանը, նրա համար կենդանի մի հուշարձան կլինի։ Նրա  ամբողջական կերպարը, սակայն, կմնա նրա բոլոր ընկերների եւ ընդհանրապես նրան ճանաչողների հիշողության մեջ։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. 14.03.09
 (Անդրաննիկ Հովակիմյանի հիշատակի գրքի համար մուտք)


No comments:

Post a Comment