Saturday, March 7, 2009

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Եւ այսպես, չնայած վարչախմբի գործադրած բոլոր ջանքերին, նրա շուրջ մեկամսյա քրտնաջան աշխատանքին, որը նպատակ ուներ առավելագույնս նվազեցնել հանրահավաքի մասնակիցների թիվը, Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքը 2008-Ի մարտիմեկյան ջարդից ու սպանդից հետո ամենամարդաշատն էր եւ հստակ հատում էր 100 հազարի սահմանագիծը։ Ինչպես միշտ, երեւույթ էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ բազմաշերտ, փաստարկված, հզոր տրամաբանությամբ ու համոզչականությամբ։ Հանրահավաքը, վերջին հաշվով, տալու էր մեկ հարցի պատասխան՝ այն, ինչ ուղիղ 1 տարի տեղի է ունենում Հայաստանում, պարզ ետընտրական գործընթա՞ց է, որ ի վերջո դատապարտված է մարման, թե՞ իրոք համաժողովրդական մի շարժում, որը դատապարտված է հաղթելու, երբ էլ դա լինի։ Հատկապես նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի արած քաղաքական առումով խիստ ռիսկային՝ տեւական ընդմիջում հայտարարելու քայլից հետո ոմանց ավելի հավանական էր թվում առաջին՝ աստիճանաբար մարելու տարբերակը։ Պարզվեց ճիշտ հակառակը. չորսուկեսամսյա ընդմիջումից հետո հանրահավաքը նախորդի կրկնապատիկն էր՝ թե՛ մարդկանց թվով, թե իր էներգետիկայով ու հաստատակամությամբ։ Ընդ որում՝ այդ բանը պարզվեց այնպիսի աներկբայությամբ ու, մանավանդ, ծավալով, որ, ինչ-որ չափով անսպասելի էր անգամ Կոնգրեսի ղեկավարներից ոմանց համար։ Հանրահավաքին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, դարձյալ ի տարբերություն նախորդ հանրահավաքների, տեղնուտեղն անդրադարձան միջազգային ամենահայտնի լրատվամիջոցները՝ օրվա առաջնային լրատվությամբ, հիացական արձագանք տվեց դիվանագիտական կորպուսը եւ այլն։
Բնականաբար, հանրահավաքին անդրադարձան նաեւ վարչախմբի՝ նման դեպքերի համար առանձնացված մի քանի ներկայացուցիչներ ու լրատվամիջոցները։ Եւ ինչպես միշտ նման դեպքերում՝ մեկ կենտրոնից ստացած “մշակված” միատեսակ արձագանքով, որ հետեւյալն է. վերջապես Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարրեց, որ ինքը չի գնա բռնությունների, “հեղափոխության” ճանապարհով։ Այ, եթե նա ի սկզբանե դա հայտարարեր ու այդպես գործեր... Եթե նա հրաժարվում է հեղափոխականությունից ու բռնությունից, պայքարի ոչ սահմանադրական մբթոդներից, այդ դեպքում կարելի է մտածել, օրինակ, քաղբանտարկյալներին համաներմամբ ազատ արձակելու մասին եւ այլն։
Ինչպես միշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին տված իշխանական արձագանքը հենված է ստի, կեղծիքի, խեղաթյուրման վրա եւ հասցեագրված է այն լսարանին, որը, լրատվական շրջափակման մեջ՝ ստիպված է լսել միայն իշխանական հեռուստա եւ ռադիո ալիքներ։ Իսկ նպատակը այս դեպքում հետեւյալն է. քիչ տեղեկացված մարդկանցից ոմանց մոտ տպավորություն ստեղծել, թե, իբր, Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ հիմա գործել է հեղափոխական ու բռնի մեթոդներով, որոնցից հիմա հրաժարվում է, ոմանց մոտ էլ տպավորություն ստեղծել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նահանջում է, եւ եթե նահանջում է, ուրեմն պարտվում է։ Ստին ու կեղծիքին ապավինելը թուլության ու անճարության նշան է, ու, որքան բացահայտ է այդ սուտը, այնքան խորն է խեղաթյուրողի, տվյալ դեպքում՝ վարչախմբի, անճարության աստիճանը։ Մենք էլ ունենք մեր մեկնաբանությունը. վարչախումբը, ինքն էլ շատ լավ հասկանալով, որ մարտի 1-ի հանրահավաքից հետո ստեղծված է որակապես նոր իրավիճակ, պարզապես ուզում է ինչ-որ բանից կառչել, որպեսզի այն քայլերը, որ պարտադրված պետք է անի, թիմակիցների ու հասարակության աչքում “նահանջ” չհամարվի ու բուրգի մեջ խուճապ չառաջացնի։
*  *  *
Այս առիթով, սակայն, ուզում ենք անդրադառնել մի խնդրի, որը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահի կենսագիրները կամ նրա քաղաքական ժառանգության ուսումնասիրողները, անշուշտ, առանձնացնելու են որպես Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական ու պետական գործչին բնութագրող կարեւոր մի էլեմենտ։ Դա հետեւյալն է. Լեւոն Տեր-Պետրոսյանը թե՛ այն ժամանակ, երբ իշխանության է եղել, թե՛ այն ժամանակ երբ ընդդիմություն, հետեւողականորեն դեմ է եղել ոչ միայն իշխանափոխության հեղափոխական, ոչ օրինական ճանապարհին, այլ նաեւ ներքաղաքական կյանքում հեղափոխական բնույթի փոփոխություններին։ Դա ցուցադրելու համար, առանց մեկնաբանության, բերենք մի քանի քաղվածքներ նրա  տարբեր տարիների ելույթներից, հոդվածներից ու հարցազրույցներից.
  ա) “– Ես լավ եմ հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ձեր ընտրվելուց հետո շատերը Կենտրոնում “հեղափոխական գործողություններ” էին սպասում։ Սակայն այդպիսիք չեղան։ Ինչո՞ւ։
- Իմ գործողություններում ես ելնում էի հայ ժողովրդի հոգեբանության, այն խորքային բնազդների ըմբռնումից, որոնք պայմանավորված են նրա ողբերգական պատմությամբ։ Մենք այնքան փորձություններ ենք ապրել, որ այժմ հայության համար ամենագլխավորը հուսալիության ձգտումն է։ Մեր ժողովուրդն արկածախնդրություն չի հանդուրժի” (Հարցազրույց “Իզվեստիա” թերթին, 1.փետրվարի, 1992)։
բ) “Դժվար չպետք է լինի նկատել, որ ներկայացված ծրագիրն ըստ էության չի շոշափում հեղափոխական բնույթի գլոբալ խնդիրներ կամ հակաճգնաժամային արտակարգ միջոցառումներ, այլ նախատեսում է զուտ գործնական եւ հանդարտ քայլեր՝ ուղղված երկրի սոցիալ‑տնտեսական իրավիճակի, քաղաքական եւ հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավմանը” (ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիր, 31. օգոստոս, 1996)։
գ) “Առջեւում չեն լինելու հեղափոխություններ, չեն լինելու ցնցումներ, չեն լինելու տագնապներ, եւ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենալու, օգտվելով խաղաղ, ապահով, անվտանգ կյանքից, քայլ առ քայլ ավարտին հասցնել իր պետական տան, իր պետական շենքի կառուցումը”։
դ) “Կա երկու ճանապարհ՝ մենք ընտրություն ենք կատարում երկու հնարավոր ճանապարհի միջեւ։ Մի ճանապարհը՝ խաղաղության ապահովման, մեր ժողովրդի անվտանգության պահպանման, մեր տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի քայլ առ քայլ բարելավման ճանապարհն է՝ առանց պատերազմների, առանց հեղափոխությունների, առանց տագնապների ու ցնցումների, որի ջատագովը ես եմ եւ իմ ընկերները, իմ բոլոր համակիրները։ Երկրորդ ճանապարհը... “ (Ելույթ նախընտրական հանրահավաք-հանդիպմանը, 17 սեպտեմբերի, 1996թ.)։
ե) “Մի հոսանքը դավանում եւ ձգտում է իրականացնել պետական կառույցների աստիճանական ձեւավորման, տնտեսության վերականգնման ու բարեփոխման դանդաղ, էվոլյուցիոն գործընթացը... քայլ առ քայլ լուծել ժողովրդի կենսական շահերը շոշափող հարցերը։ Մյուս հոսանքը... կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, դիմում բռնությունների ու արկածախնդրությունների՝ վերջնականապես ընկնելով հեղափոխականության գիրկը”։
զ) “Ճգնաժամը թեեւ հաղթահարված է, բայց դա դեռեւս չի նշանակում, որ հեղափոխականության վտանգը Հայաստանում իսպառ վերացել է։ Քանի դեռ ժողովրդի սոցիալական վիճակը մնում է ծանր, քանի դեռ տնտեսական ոլորտում լուրջ տեղաշարժ չի արձանագրվել, քանի դեռ պետության մեջ լիակատար կարգուկանոն եւ օրինականություն չի ապահովվել, հեղափոխականության վտանգը կա եւ կմնա”։
է) “Բացի բռնության դիմելու հավանականությունից, հեղափոխականությունը վտանգ է ներկայացնում նաեւ մի այլ, եթե կուզեք՝ գաղափարախոսական կամ զուտ քաղաքական առումով։ Հեղափոխական ընդդիմությունը ոչ թե իշխանությունների հետ վիճարկում է սոցիալ‑տնտեսական բնույթի առանձին հարցեր կամ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մասնավոր խնդիրներ՝ փորձելով նպաստել այդ հարցերի ու խնդիրների բարեհաջող լուծմանը, այլ ըստ էության հարցականի տակ է դնում պետության ողջ կառուցվածքն ու գործունեությունը”։
ը) “Ընդդիմության այդ թեւն իրականում խնդիր է դնում քանդել ամեն ինչ, խարխլել պետության հիմքերը... Խղճի խայթ պետք չէ. ժողովուրդն արժանի է նման խիստ պատժի, որովհետեւ չի գիտակցել, որ յոթ տարի շարունակ սխալ է ապրել, սխալ ընտրություն կատարել ու հեղափոխականների արժանիքը չի գնահատել։ Հեղափոխականությունն, այսպիսով, մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենալուրջ վտանգը՝ լուրջ նաեւ այն պատճառով, որ այն խրախուսվում է որոշ օտար ուժերի կողմից, նրանց հնարավորություն տալով միջամտելու մեր ներքին գործերին։ Չեմ ուզում գերագնահատել, բայց այդ գործոնն առկա է, եւ միամտություն կլիներ կարծել, թե օտարները չպետք է օգտվեն մեր ներքին հակասություններից։ Հեղափոխականության հաղթահարումն, ուստի, պետք է դառնա մեր մտավորականության, հասարակական կազմակերպությունների, առողջ քաղաքական ուժերի, վերջապես՝ ողջ ժողովրդի գերագույն խնդիրը”։
թ) “Ժողովրդին հեղափոխական բախտախնդրության վտանգներից զերծ պահելու գործում ես չափազանց կարեւոր եմ համարում նաեւ Հայաստանի մտավորականության, ստեղծագործական միությունների, Ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մամուլի միջոցների, գործարար աշխարհի դերը։ Քաղաքական դաշտում բռնությունների ու օրինազանցությունների նկատմամբ պետք է ստեղծել համատարած անհանդուրժողականության ու անթույլատրելիության մթնոլորտ, այլապես ժողովուրդը չի կարող իրեն լիովին ապահովված ու պաշտպանված զգալ։ Այս ամենը, սակայն, հեղափոխականության հաղթահարման թեեւ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ Հեղափոխականության վերջնական վտանգազերծումը կախված է՝ մի կողմից այն բանից, թե իշխանություններին որքանով կհաջողվի բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը, առողջացնել երկրի տնտեսությունը, լուծել պետության առջեւ կանգնած կենսական խնդիրները՝ դրանով իսկ խլելով հողը սոցիալ‑դեմագոգների ոտքի տակից, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքից, թե Հայաստանում ինչպես կզարգանա արդիական քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը։ Միայն այս դեպքում է, որ ծայրահեղական ուժերը քաղաքական դաշտում վերջնականապես կգրավեն իրենց բնական լուսանցային տեղը, ինչպես տեղի է ունենում աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Եւ միայն այս դեպքում է, որ Հայաստանը վերջնականապես կկարողանա խուսափել հեղափոխականության վտանգից” (Ելույթ ՀՀՇ 9-րդ համագումարում, 13 հուլիսի, 1997թ.)։
ժ) “Ես կուզեմ էլի մինչեւ վերջ անկեղծ լինել։ Դա մեծապես կախված է նաեւ ձեզանից, կախված է մամուլից, կախված է մեր հասարակությունից, կախված է մեր մտավորականությունից։ Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը” (Մամուլի ասուլիս, 26 սեպտեմբերի, 1997թ.)։

Լրագիր նույնպիսի մեծադիր մի էջ կպահանջվի մեջբերելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին մեկուկես տարվա ելույթներից, հարցազրույցներից ու հոդվածներից քաղվածքներ, որոնք կապացուցեն նույն բանը։ Հեղափոխությանը, ուժի գործադրմամբ, ոչ օրինական ճանապարհով իշխանության հասնելը մերժելը նրա համար քաղաքական հավատամք է։ Եթե իշխանությունը սրան հակառակ թեկուզ մեկ խոսք, մեկ կադր ունենար, ամեն օր կպտտեցներ հեռուստաալիքներով։ Ուստի վարչախմբի “խոսնակները” ճիշտ կանեն նման դեպքերում լռեն ու ավելորդ անգամ չցուցադրեն իրենց ու իրենց տերերի խեղճությունը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 07.03.09

No comments:

Post a Comment