Մարտի 1-ի հանրահավաքը որպես փաստ եւ երեւույթ
ներկայացվելու կարիք ունի նաեւ նրանց համար, ովքեր այդ հանրահավաքի մասնակիցն են եղել։
Մասնակիցների քանակը ամեն մի հանրահավաքի առաջին
կարեւոր հատկանիշն է։ Ուզես թե չուզես՝ դրանով է որոշվում դրանում քննարկվող խնդիրների
հրատապությունն ու ժողովրդականությունը, տվյալ քաղաքական ուժի եւ դրա առաջնորդի նկատմամբ
վստահությունը, երկրում տվյալ ուժի կշիռը եւ այն։ Թիվը ազդում է հենց հանրահավաքի յուրաքանչյուր
մասնակցի վրա՝ նրան հավատ ու ոգեւորություն ներշնչելու իմաստով, ազդում է իշխանության
վրա՝ նրան կողմնորոշելով կամ ստիպելով փոփոխություններ մտցնել իր տակտիկայում, տվյալ
քաղաքական ուժի ղեկավարությանը հիմք է տալիս ըստ այդմ վերանայել իր վարքագիծն ու մարտավարությունը,
ազդում է միջազգային հանրության վրա՝ սրբագրելու իր վերաբերմունքը, եւ վերջապես՝ ազդում
է երկրի ողջ հասարակության վրա։ Հենց սա է պատճառը, որ, խատելով բոլոր տեսակի օրենքներն
ու նորմերը, վարչախումբն ամեն ինչ անում էր՝ առավելագույնս նվազեցնելու համար մարդկանց
մասնակցությունը մարտիմեկյան հանրահավաքին։ Այս անգամ “կանխարգելիչ” այդ աշխատանքը
իր տեւողությամբ ու ծավալով աննախադեպ էր՝ մի քանի անգամ ավելի մեծ, քան նախորդ ամբողջ
մեկ տարվա ընթացքում որեւէ հանրահավաքի առիթով։ Հանրահավաքների բոլոր պոտենցիալ մասնակիցների
հետ այդ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցան
ոստիկակական “զրույցներ”, իսկ գյուղերում՝ այդ գործին էին լծել նաեւ գյուղապետերին։
Ազգային անվտանգության համապատասխան ծառայության ու ագենտուրայի միջոցով սկսեցին տարածել
կազմալուծելու միտված զանազան սուտ լուրեր՝ սկսած նոր ջարդի ու կոտորածի նախապատրաստությունից,
մինչեւ՝ որ Սերժ Սարգսյանը շատ էլ լավ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ ամեն գիշեր գնում
է նրանից հաջորդ օրվա իր անելիքի առաջադրանքն ստանալու։ Հեռուստատեսություններն այդ
ընթացքում ոչ մի ձայն չհանեցին նշանկված հանրահավաքի մասին։ Այս ամենն ակնհայտորեն
անբավարար գտնելով, մարտի 1-ի վաղ առավոտից ոստիկանական ուժերը փակեցին բնակավայրերից
դուրս եկող ճանապարհները, մայրուղիները, մայրաքաղաքի մուտքերը։ Գծերից հանվեցին Երեւան
եկող բոլոր ավտոբուսները, երթուղայինները, սովորական տաքսիներին արգելվեց Երեւան գնալ։
Եւ այդուամենայնիվ հանրահավաքն ամենաբազմամարդն
էր։ Ինչքա՞ն մարդ մասնակցեց հանրահավաքին։ Ըստ ոստիկանությունից տեղի ունեցած տեղեկատվական
արտահոսքի, “վերեւներին” պաշտոնապես զեկուցվել է, թե հանրահավաքի մասնակիցների թիվը
եղել է 76 հազար։ Նույն տեղից նույն “վերեւներին” զեկուցվել է նաեւ մի այլ թիվ. համակարգի մեկամսյա աշխատանքի եւ կատարած հերոսական ծառայության
շնորհիվ Երեւանից եւ մարզերից մարտի 1-ի հանհահավաքին կանխարգելվել է ավելի քան
50.000 մարդու մասնակցություն։ Երկու դեպքում էլ, իհարկե, թվերը կեղծվել են։ Առաջին
թիվը ակնհայտորեն նվազեցվել է, սակայն ոչ այնքան, որ դա աչք ծակեր։ Եթե Մատենադարանի
տարածքում դժվար է որոշել կանգնած մարդկանց թիվը, ապա դա անհամեմատ հեշտ է երթի ժամանակ։
Երթը ձգվում էր 1700 մետր։ Հոսքը ոչ միայն փողոցով էր, այլ նաեւ երկու մայթերով՝ միջին
հաշվով փողոցի մեկ մետր լայնքի վրա՝ 50 մարդ։ Այսպես ստացվում է 85.000, մոտավորապես
հենց այն թիվը, որ արձանագրել է ոստիկանությունը։ Սակայն հանրահավաքի մասնակիցների
մոտ 25-30 %-ը, տարիքի կամ առողջության բերումով, երթին չեն մասնակցում., չեն մասնակցում
նաեւ առաջին անգամ եկածները կամ ավելի պակաս ակտիվները։ Այսինքն՝ հանրահավաքին մասնակցած
մարդկանց թիվը հստակ էականորեն հատել է 100.000-ի սահմանագիծը։ Ինչ վերաբերում է երկրորդ
50.000 թվին, որոնք, իբր, ոստիկանության ջանքերի շնորհիվ չեն մասնակցել հանրահավաքին,
ապա այս թիվն էլ փոքր ինչ ուռճացված է։ Մեր մարզային կառույցներից ստացած տեղեկությունների
համաձայն, եթե չլինեին զանազան խոչընդոտներն ու ահաբեկումները, ապա հանրահավաքի կարող
էին լրացուցիչ մասնակցել եւս 30.000 մարդ։ Այստեղ սակայն մխիթարվելու ինչ-որ բան կա։
Խնդիրն այն է, որ հանրապետության մարզերից Երեւանում էր կենտրոնացվել ոստիկանության
համարյա ողջ անձնակազմը։ Առնվազն մի 2000 ոստիկան լսեցին հանրահավաքը, մոտ 3000-ը ուղեկցում
էին երթը։ Նրանք վերադառնալու ու, այսպես թե այնպես, իրենց բնակավայրերում ու շրջապատում
պատմելու են այդ մասին։
Երբ ասվում է, թե մարտի 1-ի հանրահավաքը որակապես
նոր իրավիճակ ստեղծեց, դա ո՛չ գեղեցկախոսություն է, ո՛չ էլ մարդկանց հուսադրելու կամ
ոգեւորելու հնարք։ Դա իրականություն է։ Կարող է թվալ, թե որակապես նոր իրավիճակակ առանց
այդ էլ ստեղծվելու էր՝ նկատի ունենալով մասնավորապես ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացումը,
դրամի զսպված կուրսի անխուսափելի պայթյունը, թանկացումները եւ այլն։ Խոսքը, բնականաբար,
քաղաքական իրավիճակի մասին է, որի մի շարք բաղադրիչներից միայն մեկն է սոցիալականը։
Խոսքն այն մասին է, որ Հայաստանում ըստ էության վերջնականապես արձանագրվեց, որ Համաժողովրդական
շարժում - Հայ ազգային կոնգրեսն է երկրի քաղաքական կյանքի թիվ 1 գործոնը, եւ այդ փաստն
այլեւս անշրջանցելի է։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայք” 07.03.2009
No comments:
Post a Comment