“Ժամանակի” ուրբաթ օրվա համարում ներկայացվել
են “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” Հ/Կ-ի նախագահ Ս. Դանիելյանի տեսակետները
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթների մասին։ Ցավալի է, որ թերթի զրուցակիցը, ապավինելով
միայն հիշողությանը, աղավաղված է ներկայացրել Առաջին նախագահի խոսքը ու դրա վրա էլ
կառուցել է իր “մեղադրանքները”։ Նրա խոսքով՝ “Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինքը
նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը միայն մի դեպքում, եթե
Քոչարյանը եւս առաջադրվի, դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը խնդիրներ ունի ոչ թե Սերժ
Սարգսյանի, այլ միայն Քոչարյանի հետ”։ Հղված՝ սեպտեմբերի 18-ի ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը
իրականում ասել է հետեւյալը. Հայաստանը տանուլ է տալիս հայ-թուրքական եւ հատկնպաս Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման խնդրում Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության պատճառով։ Դա
կանխելու միակ տարբերակը այս փուլում արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ լեգիտիմ
իշխանության հաստատումը։ Դրան միայն Կոնգրեսի ուժերով հնարավոր չէ հասնել, անհրաժեշտ
է հասարակության բոլոր շերտերի եւ խավերի համախմբում այս պահանջի շուրջ։ Եւ որպեսզի
ցրի ոմանց այն հնարավոր մտավախությունը (ինչը, այդուամենայնիվ արտահայտվեց այդ ելույթից
հետ), թե այդ կերպ նա ճանապարհ է հարթում իր՝ Նախագահ դառնալու համար, ասաց, որ այդ
դեպքում (այսինքն՝ եթե բոլորը միավորվեն եւ հասնեն հրաժարականի) ինքը չի առաջադրվի,
բացառությամբ այն դեպքի, եթե առաջադրվի նաեւ Ռ. Քոչարյանը։ Իսկ սա բոլորովին այլ բան
է, եւ դրա վրա անհնար է գալ այն եզրահանգման, ինչին եկել է Ս. Դանիելյանը։ Լավ չէ,
երբ մամուլով հասարկության հետ խոսել հավակնող մարդիկ չեն կարողանում հիշել կամ ընկալել
ուրիշի խոսքն անհրաժեշտ կոնտեքստով եւ աղավաղում են այն։ Նման դեպքում գեթ լրագրողը
պարտավոր էր նրան հիշեցնել։
Վերջին ելույթի կոնտեքստից դուրս է հասկացվել
նաեւ արդեն հայտնի Այնթապցու օրինակը, որ, բնականաբար, բերել է նույնպիսի սխալ եզրահանգման,
ինչը բացառապես կապ չունի Տեր-Պետրոսյանի ո՛չ ասելիքի, ո՛չ, առավել եւս, մտադրությունների
հետ։ Բայց դա անհատական ընկալման խնդիր է, այս մասին արդեն շատ է գրվել։
Ես դեմ չեմ հրապարակավ կարծիք արտահայտելու
ազատությանն ու բազմակարծությանը։ Խնդիրը (կարեւոր չէ՝ դիտավորյալ, թե չիմացությամբ)
ուրիշի խոսքի ակնհայտ խեղաթյուրումների, խիստ մակերեսային “վերլուծությունների” մասին
է, ինչը “Ժամանակի” ընթերցողը սովոր չէ տեսնել իր նախընտրած թերթի էջերում։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“ժամանակ” Երեւան 21-23՞.11.09
No comments:
Post a Comment