Friday, January 29, 2010

ՄԵՆՔ ՑԼԱՄԱՐՏԻԿ ՉԵՆՔ, ՈՉ ԷԼ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ՝ ՑՈՒԼ


10-րդ ընտրատարածքում կայացած ընտրության արդյունքները թարմ նյութ տվեց լրագրողներին ու վերլուծաբաններին։ Թե այս առիթով ինչ պետք է ասեր իշխանական քարոզչամեքենան, ինչ պետք է գրեին իշխանական լրատվամիջոցները, հայտնի էր ի սկզբանե։ Խոսքս վերաբերելու է իրենց ընդդիմադիր համարող որոշ լրագրողների ու վերլուծաբանների, որոնք, իբր, հանդես են գալիս քաղաքական ընդդիմության նկատմամբ սրտացավության, Շարժման հաղթանակի նկատմամբ նախանձախնդրի, կամ գեթ տեղի ունեցածը գնահետլու օբյեկտիվության դիրքերից։ Վերջին շրջանում նրանց մի մասի մեղադրանքների ու քննադատությունների սլաքը իշխանությունից ընդդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի վրա տեղափոխվելու միտում է նկատվում։ Համատարած ապօրիննությունների համար իշխանությանը մեղադրելն ու քննադատելը այլեւս, կարծես թե, դառնում է սպառված թեմա ու անիմաստ։ Այլեւս որպես բնական երեւույթ են դիտվում նրա վարքագիծն ու գործողությունները. Կոնգրեսի հանրահավաք է՝ պետք է երթուղիներից հանեն հասարակական տրանսպորտն ու փակեն ճանապարհները, բանդաներ կազմեն զգեստափոխված ոստիկաններից՝ թռուցիկների տարածումը թույլ չտալու համար, երթ է՝ պետք է մարդկանց քշեն մայթերը, ընտրություն է՝ պետք է կեղծեն, ջարդեն, ընտրակաշառք բաժանեն, լցոնումներ կատարեն։ Այս ամենն աստիճանաբար բնական երեւույթ է համարվում այնպես, ինչպես՝ անձրեւն ու ձյունը, արեւի ծագելն ու մայր մտնելը, դե, արի նման բաները քննադատիր կամ դրանցից դժգոհիր։ Անհամ նյութ կստացվի։ Դրանով ո՛չ ընթերցող կպահես, ո՛չ էլ կարդացվող լրագրող ու խորաթափանց վերլուծաբան կհամարվես։ Էլ չենք ասում, որ իշխանությանը քննադատելը ոչ միայն եկամտաբեր չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել։ Եւ, ահա, վարչախմբի գործողությունների՝ որպես բնական երեւույթի ընկալումը փորձ է արվում աննկատ փաթաթել նաեւ հասարակության վզին։ Սա վտանգավոր է։
Այլ բան է՝ ընդդիմությունը. թարմ թիրախ է, անվտանգ, հետաքրքիր, ինտրիգային։ Եւ որեւէ առիթով կամ անառիթ, «սրտացավ» ու «օբյեկտիվ» լրագրողների ու «վերլուծաբանների» կողմից կրկին սկսեցին հնչել այսպիսի մտքեր. «Ընդդիմությունը եւս մեկ անգամ բավարարվեց բարոյական հաղթանակով», «Ընդդիմության ձայները պակասեցին, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն այլեւս նրա հետ հույսեր չի կապում», «Կոնգրեսի վարկանիշն ընկնում է», «Նոր ընդդիմություն է պետք», «Հասարակությունն անտարբեր է դարձել Կոնգրեսի անվճռականության պատճառով» եւ այլն։ Նույնիսկ կատարվեց բացահայտ կեղծիք-վերագրում, իբր, վերջերս ընդդիմությունն ավելի շատ է խոսում Չորրորդ հանրապետության մասին, որպեսզի երբ իշխանության գա, կարողանա խուսափել իր իշխանության շրջանում կատարած սխալների պատասխանատվությունից։ Եւ դա այն դեպքում, երբ Կոնգրեսի ոչ մի ներկայացուցիչ այդ բառն անգամ չի արտասանել։
Ընհանրապես այս ամենին կարելի էր պատասխանել նաեւ ըստ էության, փաստերով։ Բայց դա այն դեպքում, եթե համարեինք, որ այսօրինակ դատողությունների ու թեզերի հեղինակների ելակետն, իրոք, ներկա վարչախմբից օր առաջ ազատվելու քաղաքացիական մտահոգությունն է, ինչպես ներկայացնում են, ու դրա համար, հաջող թե անհաջող, բայց անկեղծորեն, ուղիներ են փնտրում։ Չենք ուզում նրանց մեջ վարչախմբի գործկալներ տեսնել, բայց համոզված ենք, որ առնվազն գործ ունենք քաղաքական մտածողության դեֆիցիտի, քաղաքացիական կեցվածքի չգոյության, ունեցած փեշակի եկամտաբեր գործադրման քաղքենիական հիմքի ու գծուծ հաշվարկի  հետ։ Իսկ դա անհանգստացնող է այնքանով, որ շարքային ընթերցողը նման դեպքերում միշտ չէ, որ ընկալում է նրանց իրական շարժառիթն ու նպատակը։ Վերջերս նման մի մտքի հանդիպեցի. Կոնգրեսը պետք է ազատի ընդդիմության հարկաբաժինը, որպեսզի նոր ուժեր կարողանան գալ եւ լուծեն վարչախմբի հեռացման խնդիրը։ Հրաշք է։ Մանկապերտեզ։ Իշխանությունն է, որ երկրում մեկը կարող է լինել։ Ընդդիմության դաշտն անսահմանափակ է։ Կոնգրեսը պետական ռեգիստրում չէ, որ գրանցված է որպես ընդդիմություն, եւ այդ պատճառով չէ, որ ուրիշներին չեն գրանցում։ Թող գա որեւէ մեկը, իր նոր ծրագրեով խանդավառի ու իր հետեւից տանի ժողովրդին՝ ոչ մեկը չի խանգարում։ 2007-ի աշնանն էլ ընդդիմության հարկաբաժինը լավ զբաղված էր։ Հիմա որտե՞ղ են նրանք։ Ինքնակամ իրե՞նք հեռացան, Կոնգրե՞սը նրանց արտաքսեց, թե՞ իրողությունները ճանաչած ժողովուրդը։ Հիմա եթե նոր իրողություններ են, մատուցեք դա ժողովրդին, նրան տվեք այլ ծրագրեր, տարեք ձեր ետեւից, ձեզ միայն կծափահարենք։
Թե չէ, այնպիսի տպավորություն է, որ մեր «սրտացավ» եւ «օբյեկտիվ» քննադատները, ճանապարհ ցույց տվող կամ դատավճիռ կարդացող «վերլուծաբանները» տրիբունեներում նստած հանդիսատես են զգում իրենց եւ գրում են իրենց դիտած հերթական ցլամարտի մասին։ Իշխանությունը ցուլ է, ընդդիմությունը՝ ցլամարտիկ, իրենք՝ տրիբունեներում նստած, տոմսի համար վճարած եւ այդ վճարին արժանի տեսարան պահանջելու իրավունք ունեցող հանդիսատես։ Դե, ցուլը՝ ցուլ է, անբան կենդանի, առավելագույնս գործադրում է իր ուժը՝ առաջնորդվելով կենդանական բնազդներով։ Նա չի կարող ենթարկվել ինչ-որ օրենքների, կանոնների։ Նրան քննադատելը, նրա սխալների, ապօրինությունների, հանցավոր վարքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլեւ կարող է ծիծաղելի լինել։ Այլ բան է ցլամարտիկը։ Նրա պատճառով ու մեղքով է միայն, որ տեսարանը կարող է չստացվել, ուստի հենց նրան էլ պետք է քննադատել, նրան փոխելու պահանջ դնել։ Նա է, որ կարող է սխալներ անել, չարդարացնել հանդիսատեսի հույսերը, չապահովել սպասված տեսարանը։ Վարչախումբը շատ գոհ է. թող թեկուզ անբան կենդանու տեղ դնեն իրեն, բայց վազն անցնեն իրենից ու հանգիստ թողնեն։
Հիշեցնենք ուրեմն մեր «սրտացավ» քննադատներին, որ իշխանությունն անբան կենդանի չէ, եւ օրենքներն ու սահմանափակումներն առաջին հերթին հենց իշխանության համար են, առաջին հերթին նա պետք է օրենքներով ու կանոններով առաջնորդվի, առաջին հերթին նա է պատասխանատու ամեն ինչի համար։ Օրինակ՝ ընդդիմությանը չէ, որ պետք է մեղադրել ձայները ընտրակեղծարարներից պահել չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ կեղծելու ու գողանալու։ Ըադդիմությանը չէ, որ պետք է քննադատել ոստիկանության ու սափրագլուխների կիրառած բռնություններին դիմակայել չկարողնալու ու համարժեք պատասխան տալ չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ քրեական գործելակերպի համար։ Ամոթ է չէ՞ նման բաներ հիշեցնելը։ Հենց այդպիսի «տրամաբանությունն» է չէ՞ տանում այն եզրահանգման, թե Մարտի 1-ին սպանվածների համար մեղավորն իրենք՝ փողոց դուրս եկածները կամ նրանց փողոց հանողներն էին, ոչ թե կրակող իշխանությունը։ Բայց սա ցինիզմ է, հայերեն ավելի տարողունակ ու ճշգրիտ բառով՝ շնականություն։ Նույն տրամաբանությամբ վաղն էլ ասելու են, թե՝ եթե Կոնգրեսը չլիներ, Ս. Սարգսյանը հանգիստ լեգիտիմ նախագահ դառնար, չէր տա Ղարաբաղը։
Հիշեցնենք նաեւ, որ ցլամարտիկ չէ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ ոմանք՝ տրիբունաներում նստած հանդիսատես են։ Եւ որ ամեն մի լրագրողական նյութի, ռեպորտաժի կամ վերլուծության «սրտացավ» հեղինակ, եթե իրեն նեղություն չի տվել գեթ մի քանի ժամ ապօրինի դատավճիռներ կայացնող դատարանների առջեւ կանգնել, գեթ մի քանի պիկետների մասնակցել, նախընտրական շրջանում գոնե մեկ անգամ ընդդիմադիր թեկնածուի որեւէ շտաբ մտնել, քարոզչական նյութ բաժանել, վստահված անձ լինել, մարդկանց քարոզել, որպես լրագրող կամ դիտորդ ներկա լինել որեւէ տեղամասում, ոստիկանության ու խուժանի հետ շփում ունենալ կամ նրանց մոտիկից տեսնել, այլ խոսքով՝ Քաղաքացի լինել, ապա, ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով՝ ուրիշներին խելք սովորեցնելը, ճանապարհ ցույց տալը, քննադատելը, բութ մատը վերեւ կամ ներքեւ տնկելով դատավճիռ կայացնելն անբարոյականություն է։ Ասենք նաեւ, որ նրանց ֆոնին ավելի ընդունելի են էդիկշարմազանովները, գալուստսահակյանները, «հայոցաշխարները», որոնք այդ նույն բանն անում են, նույն բանն ասում են՝ չթաքցնելով, որ իրենք հակառակ ճամբարում են, որ վարչախմբին ծառայելն է իրենց կոչումն ու նպատակը։ Ու հենց դրա համար էլ սրանց արածն անվտանգ է։
Վերջերս, հիմնականում նույն «սրտացավ» լրագրողական շրջանակներից, բողոքներ հնչեցին, թե Կոնգրեսը քննադատություն, խոսքի ազատություն չի ընդունում, երբ պատասխանում է իրենց։ Հետաքրքիր է. իրենց համար խոսքի ազատությունը կարող է գործել, իսկ իրեց պատասխանանելը խոսքի ազատության հետ կապ չունի, դա արդեն խոսքի ազատության վրա ճնշում է համարվում։ Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու այնպիսի «քննադատությունները», որոնք իրականում միտված են (կամ ակամա նպաստում են) հասարակության մեջ քաղաքական ապատիայի տարածմանը ու քաղաքացիական ակտիվության նվազմանը, իշխանության անպարտելիության լեգենդի զարգացմանը, ապօրինության դեմ օրինական ճանապարհով պայքարի անհեռանկարայնության պատկերացում ստեղծելուն ու տարածելուն։ Անընդունելի են այն «քննադատությունները», որոնք հենվում են կեղծիքի, խեղաթյուրումների վրա, այն վերլուծությունները, որ ոչ թե փաստերից են արտածված, այլ մատից ծծած։ Համոզված եմ, որ պետք է միշտ ի ցույց դնել այն «սրտացավ վերլուծությունների» սնանկությունը, որոնց հեղինակները, «բաբչկան» վզին, երբեք գրասեղանից այն կողմ մի քայլ չեն անում, բայց ուրիշներին քաղաքականության ու գործողությունների դասեր են տալիս, ուրիշների վրա նայում են որպես գլադիատորների։ Անընդունելի են այնպիսի քննադատությունները, որոնք բացահայտ կամ ենթատեքստում պահանջում են քաղաքական պայքարի փոխարեն դիմել ահաբեկչական մեթոդների եւ այլն։ Անկախ այն բանից՝ շարժառիթը «կարդացվող նյութ» գրելն է, թե այլ բան, այս ամենը պարզ վնասարարություն է համաժողովրդական պայքարին, մեծագույն աջակցություն իշխող բռնապետական վարչախմբին։ Իսկ եթե այդ ամենը միտումնավոր չեն անում, ապա ինչ-որ գաղափար, հարց, հարցադրում, կասկած, տարակուսանք առաջանալիս, յուրաքանչյուրի համար Կոնգրեսի դռները միշտ բանց են՝ ցանկացած խնդիր ըստ էության քննարկելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ», 29.01.2010


No comments:

Post a Comment