29.05.2010
Մեր կորուստները, ինչպես
1918-20-ին, այնպես էլ հիմա ուղիղ համեմատական են լինելու մեր երկրի իշխանության քաղաքական
որակին ու խոցելիության աստիճանին։
Ե՛ւ 1918-ին, ե՛ւ 1991-ին
Հայաստանը պատմական փաստի առաջ կանգնեց։ Որքանո՞վ էին նման այդ իրավիճակները, եւ երկու
դեպքում էլ օրվա իշխանությունները որքանո՞վ ունակ եղան ստանձնել երկրի պատասխանատվությունը։
1918-ի եւ 1991-ի իրավիճակները արմատապես տարբեր են։ Անդրկովկասում
երեք միավորներից Հայաստանը՝ իր քաղաքական պատասխանատուներով միակն էր, որի համար անկախության
հեռանկարը ամենաանցանկալին էր։ Սակայն այն բանից հետո, երբ այլ քայլն արեցին Վրաստանը
եւ Ադրբեջանը, այլեւս այլ բան չէր մնում անելու։ Ընդ որում, եթե առաջին երկուսը անկախություն
հռչակեցին, ապա Թիֆլիսի Հայ ազգային խորհրդի ընդունած փաստաթղթում «անկախություն» բառն
անգամ օգտագործված չէ։ Իմիջայլոց այդ փաստաթղթի ընդունման իրական օրն էլ ոչ թե մայիսի
28-ն է, այլ մայիսի 30-ը։ Ավելին՝ Թիֆլիսում ստեղծված կառավարությունը չէր էլ պատրաստվում
Երեւան տեղափոխվել, քանի որ Երեւանում չկար այն քաղաքային «ույուտը», որ այդ ժամանակ
կար Թիֆլիսում։ Միայն մեկուկես երկու ամիս հետո, վրացական իշխանությունների անթաքույց
ակնարկներին տեղի տալով, այն դժկամությամբ տեղափոխվեց Երեւան։ Այս պայմաններում, բնականաբար,
դժվար է խոսել պետականության, անկախության ձեռքբերման հետ կապված ինչ-որ ոգեւորության
մասին ժողովրդի մեջ, եթե այդ ոգեւորությանն նշույլն անգամ չկար նրա քաղաքական պատասխանատուների
մեջ։ Անկեղծացած ժամանակակիցներին կարդալով, կարելի է նույնիսկ մտածել, թե անկախությունը
Հայաստանի քաղաքական պատասխանատուներից շատերն ընդունեցին որպես մի հոգս ու պատուհաս։
Անշուշտ, կարող են տրվել, եւ եղել են ինչ-որ բացատրություններ, սակայն սա է եղել իրական
փաստական վիճակն ու մթնոլորտը։
Բոլորովին այլ էր 1991թ. անկախության խնդիրը։ Դա 1988-ից ծայր
առած համաժողովրդական ժողովրդավարական Շարժման արդյունք էր։ Ասել, թե մենք նաեւ
1991-ին կանգնեցինք «պատմական փաստի» առաջ, ճիշտ չէ։ Մենք հասունացրեցինք պատմական
այդ փաստը՝ հետեւողականորեն, գիտակցված, ծրագրված։ Անշուշտ, դա հնարավոր եղավ նաեւ
մյուս հանրապատություններում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, ժողովրդավարական շարժումների
շնորհիվ։ Սակայն անսակարկելի է մի բան. ժողովրդավարական այդ շարժումների առաջնեկը հայկական
շարժումն էր, որը ամբողջ 6 ամիս միայնակ էր պայքարում 70-ամյա խորհրդային համակարգի
դեմ։ Որպես այդպիսին, այն, բնականաբար, շատ մեծ ազդեցություն ունեցավ մյուս ժողովուրդների
նմանօրինակ շարժումների առաջացման համար։ Ու հետո էլ, ընդհուպ մինչեւ 1991թ. վերջը,
հայկական ժողովրդավարական շարժումը, նախ որպես այդպիսին, իսկ 1990-ի ամռանից սկսած
արդեն նաեւ որպես ժողովրդավարական պետություն, մնաց այն առանցքային ուժերից մեկը, որոնց
պայքարի ու գործունեության արդյունքը եղավ ԽՍՀՄ կազմալուծումը եւ նրա կազմի մեջ մտնող
հանրապետությունների անկախացումը։ Կարծեմ դեռ ոչ մեկը չի մոռացել համաժողովրդական ցնծությունը
1990թ. օգոստոսի 23-ին ընդունված «Անկախության հռչակագրի» առիթով, այն տասնապատկված
ցնծությունը եւ ոգեւորությունը, որով ողջ ժողովուրդը գնաց եւ «Այո՛» ասաց անկախության
հանրաքվեին 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Ավելի լավ հիշողություն ունեցողները եւ ժամանակի
իրադարձություններին ավելի մոտիկից կամ ուշադիր հետեւողները չեն կարող չհիշել անկախության
դեմ հարուցված այն խոչընդոտները, որոնք հաղթահարվեցին ժամանակի քաղաքական իշխանության
կողմից։ Հիշենք թեկուզ 1991-ի սկզբին ԽՍՀՄ կենտրոնական իշխանության պարտադրած հանրաքվեն,
որ մերժվեց Հայաստանում եւ այլն։ Այլ խոսքով՝ ե՛ւ այն ուժերն ու գործիչները, ե՛ւ ժողովրդի
բացարձակ մեծամասնությունը այդ անկախությունը ոչ թե ստացան, այլ ձեռք բերեցին, ձեռք
բերեցին 4 տարվա համառ ու ամենօրյա պայքարում։
Առաջին Հանրապետությունը
միանգամից երեք պատերազմ էր վարում։ Տարածաշրջանային ի՞նչ դասավորության հետեւանք էր
դա եւ առավելապես Հայաստանն ուն՞ր ընդգծված կողմնորոշում Ռուսաստանի, Արեւմուտքի կամ
Թուրքիայի միջեւ։ Ժամանակ առ ժամանակ այդ փոփոխության կողմնորոշումն ինչի՞ էր հանգեցնում։
Առաջին հանրապետության գործիչները մի շատ կարեւոր բաց ունեին։
Դրանք մարդիկ էին, որոնք նախորդ տասնամյակների, ինչպես ասում են, «Ֆիդայական կռիվների»,
«հեղափոխական շարժումների» մասնակիցներ էին՝ երբեւէ չառնչված իրական քաղաքական գործունեության։
Այդ շրջանում ձեւավորված «գաղափարախոսական», «ազգային», «քաղաքական» ինչ-ինչ կարգախոսներ
նրանց համար դժվար հաղթահարելի արգելքներ էին՝ իրատես քաղաքականության սկզբունքները
յուրացնելու ու դրանցով առաջնորդվելու համար։ Եթե ոմանք էլ, հանրապետության հռչակումից
հետո, գործնական քաղաքականությամբ զբաղվելու բերումով, ինչ-որ հետեւությունների եկան,
ապա ընդհանուր մթնոլորտն այնքան ճնշող էր, որ նրանց համար դժվար էր իրացնել իրենց նոր
պատկերացումները։ Իրատեսական քաղաքական մտքի չգոյությունը, քաղաքականության մասին կեղծ
պատկերացումները եւ հասարակական տարածված պատկերացումներին ընդդիմանալու անկարողությունը
նաեւ ծնեցին այդ երեք պատերազմները։ Մեր պատմագրությունը ժամանակի ընթացքում «հայրենասիրական
մղումներից» ելնելով, դրանց համար բացատրություններ ու արդարացումներ է գտել։ Սակայն,
երբ կարդում ես ժամանակիկիցներին ու հատկապես նրանց, ովքեր եղել են իրադարձությունների
կենտրոնում, համոզվում ես, որ դրանցում բավականին մեծ է արկածախնդրության, սխալ հաշվարկի,
քաղաքական անպատասխանատվության տարրը։
Ինչ վերաբերում է կողմնորոշումների խնդրին, ապա դա, որքան ավանդական
ու տարածված հայ քաղաքական մտքում, նույնքան իրական քաղաքականության համար հակացուցված
մի բան է։ Եթե ժողովրդական բանահյուսությունը իր էպոսն է ստեղծում՝ իր փրկությունը,
ազատությունն ու ապագան կապելով իր իսկ հորինած մի հերոսի հետ, ապա «քաղաքական կողմնորոշում»
կոչվածը ազգի մտավորականության կամ գործիչների էպոսն է՝ երկրի ու ժողովրդի փրկությունը,
ազատությունը կապելով օտար այս կամ երկրի հետ։ Ու եթե առաջինը քաղաքական իմաստով ոչ
մի վտանգ չի ներկայացիում, նույնիսկ ինչ-որ տեղ դրանում կարել է տեսնել սեփական ուժերին
ապավինելու միակ առողջ քաղաքական սկզբունքի բանահյուսական մարմնավորում, ապա երկրորդը,
հատկապես գործնական քաղաքականության մեջ ներդրվելով, չափազանց վտանգավոր է։ Դրա վնասաբեր,
ընդհուպ կործանարար օրինակները բազմաթիվ են։ 1918-ին այդ սկզբունքը գործում էր ամբողջ
թափով։ 1988-ին առաջին անգամ, ոչ թե անհատներ, այլ մի հզոր քաղաքական ուժ հրապարակավ
հանդես եկավ դրա դեմ, որդեգրեց իր առջեւ դրված խնդիրները լուծումը միայն սեփական ուժերով
պայմանավորելու սկզբունքը։ Անշուշտ, նաեւ 1988-ին դա արվեց ի հեճուկս դեռեւս լայն տարածում
ունեցող «կողմնորոշման» սկզբունքի ամրորեն գոյություն ունեցող պատկերացումների։ Ընդհանրապես
քաղաքական հաջողությունները երբեմն ավելի շատ պայմանավորված են ոչ այնքան արտաքին մարտահրավերները
հաղթահարելով, որքան սեփական հասարակության պատկարացումներին դեմ գնալու ունակությամբ։
1918-20-ին ի՞նչ պայմանագրեր
ստորագրվեցին Հայաստանի կողմից եւ ի՞նչ նշանակություն ունեցան դրանք մեզ համար։
Տվյալ դեպքում կարող եմ ասել միայն հետեւյալը. Այն հետեւանքները
որ ունեցանք հետագայում, դրանց հիմքը 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրն է։ Այլ բովանդակություն
ունենար այն, դրան համապատասխան էլ այլ բովանդակություն կունենային հետագա՝ Մոսկվայի
ու Կարսի պայմանագրերը։ Իսկ Ալեքսանդրապոլի պայմանգրի ողջ պատասխանատվությունն ընկնում
է Առաջին հանրապետության իշխանության վրա, ամբողջությամբ հետեւանք է նրա երկամյա գործունեության
ու արկածախնդրական քաղաքականության։
Ի՞նչ նմանություն եք տեսնում
այն ժամանակ ռուս-թուրքական դաշինքի եւ ներկա ռուս թուրքական ջերմացման միջեւ, հատկապես,
որ այսօր էլ խոսվում է, որ առանց հայկական կողմի կորուստների ռուս թուրքական հարաբերությունների
ջերմացում։ Որո՞նք են լինելու մեր կորուստներն այս անգամ։
Նմանությունն այն է, որ այդ պետությունները, նրանց ղեկավարները,
ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, առաջնորդվում են քաղաքականության մեջ վաղուց այբուբենական
համարվող իրատես քաղաքականության, սեփական ուժերի հաշվառման ու դրան ապավինելու ու
դրա համեմատ խնդիրներ դնելու սկզբունքով։ Ու եթե նրանց հարաբերություններում հանդիպում
է մի երրորդը, որի իշխանությունը այլ սկզբունքներով է առաջնորդվում, ապա, իհարկե, այդ
երրորդի հաշվին են լուծելու իրենց խնդիրները։ Մեր կորուստները, ինչպես 1918-20-ին,
այնպես էլ հիմա ուղիղ համեմատական են լինելու մեր երկրի իշխանության քաղաքական որակին
ու խոցելիության աստիճանին։
«Ժամանակ», 29.05.2010
Հարցազրույցը Արթուր Խեմչյանի
No comments:
Post a Comment