05.05.2010
ա) Որո՞նք են հայ-թուրքական արձանագրությունների անընդունելի դրույթները, ո՞րն է դրանց էությունը։
Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը կարեւոր է եղել Հայաստանի համար։ Թուրքական դիվանագիտությունն էլ, նույն ընթացքում, դրա հետ կապված երկու խնդիր է ունեցել.
Առաջին. սահմանների բացման դիմաց հիմքեր ստանալ` կանխելու աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ ազատվելու համար ցեղասպան երկրի ամոթալի խարանից դրա իրավական եւ այլ պատասխանատվությունից։ Որպես այս խնդիրը լուծելու հիմք նա ստացավ պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթը։
Երկրորդ. վճռական դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման մեջ։ Դրա համար էլ որպես լծակ ստացավ փաստաթղթերի՝ խորհրդարաններում լրացուցիդ վավերացնելու դրույթի տեսքով։
Հենց այդ երկու դրույթներն են ու դրանցից ածանցված մի քանի այլ ձեւակերպումներ, որոնք կազմում են այս փաստաթղթի առանձնահատկությունը Հայաստանի կողմից մինչ այսօր 140 այլ երկրների հետ կնքված նմանօրինակ պայմանագրերի համեմատությամբ։
բ) Որքանո՞վ էին անակնկալ այդ դրույթները։ Վերջին հաշվով, կան, թե՞ չկան նախապայմաններ։
Երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ինքը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ընդունել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ 4 տարի առաջ արված առաջարկը, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հոկտեմբերի 17-ի իր ելույթում արեց երկու նախազգուշացում.
ա) Դրա հետեւանքը կլինի այն, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը կհայտնվեն մեկ փաթեթում, Թուրքիան սահմանների բացումը կպայմանավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ եւ դրանով իսկ կարեւոր դերկատարություն կստանա այդ հարցում։
բ) Նույն այդ փաթեթում կլինի նաեւ Հայոց Ցեղասպանության ուրացում նշանակող՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի հարցը։
Այդ կանխատեսումները մեկ տարի հետո նույնությամբ իրականացան։
Մերկապարանոց սուտ են վարչախմբի հայտարարությունները, թե Ցեղասպանության ուրացում չկա։ Սերժ Սարգսյանի այցերի ընթացքում Սփյուռքի միահամուռ եւ սուր հակազդեցությունը, նրան տրված ուրացող եւ դավաճան որակումները դրա ապացույցն են։
Մերկապարանոց սուտ են նաեւ վարչախմբի ներկայացուցիչների հայտարարությունները, թե Ղարաբաղի խնդիրը եւ սահմանների բացումը միմյանց հետ կապ չունեն, քանզի Թուրքիան ամեն օր հայտարարում է, որ որեւէ սահման չի բացվի, քանի դեռ չեն վերադարձվել Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ ընդ որում՝ հղելով ստորագրված նույն Արձանագրությունները։
Այսինքն՝ հենց Արձանագրությունների տեքստում են Թուրքիայի կողմից դրված առնավազն երկու նախապայման՝ Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերով։ Նման տեքստերում դրանք բառացի չեն գրվում։
գ) Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը։
Հայաստանն ստացավ ընդամենը սահմանը բացելու խոստում, որ չիրականացավ։
Բայց, եթե անգամ Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու համաձայնության հետեւանքով հայ-թուրքական սահմանը բացվեր եւ դա ոչ մի կապ էլ չունենար Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, միեւնույն է՝ դա պիտի համարվեր վերին աստիճանի անընդունելի ու անբարոյական մի գործարք։ Անբարոյական՝ քանզի դա ոչ թե պարզապես հայ ժողովրդի պատմության ողբերգական ու կարեւոր մի դրվագի խեղաթյուրմանն ուղղված քայլ է, այլեւ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի պղծում, ողջ մի ժողովրդի ազգային զգացումների ու արժանապատվության ցինիկ ոտնակոխում։ Խնդիրն այն է, եւ դա բնական է, որ ուրիշ ոչ մի զգացում այնքան խորը չի նստած ամեն մի հայի մեջ, որքան Ցեղասպանության հետ կապված զգացումը։ Դա անխտիր բոլորի համար մի տեսակ դարձել է ազգային ինքնության կարեւոր ու համախմբող մի առանցք, շատ ավելի կարեւոր ու ընդհանրական, քան նույնիսկ լեզուն, հավատը, մշակույթը, ավանդույթները։ Կարեւոր չէ, թե որքանով է դա լավ կամ վատ, այսօր դա փաստ է, որի հետ չի կարելի հաշվի չնստել։
դ) Արձանագրությունների ստորագրումը բնորոշվեց որպես գործարք. բայց չէ՞ որ գործարքի դեպքում ենթադրվում է, թե երկու կողմերն էլ, մեկը գուցե մի քիչ շատ, մյուսը մի քիչ պակաս, սակայն շահում են, սովորաբար՝ երրորդ մի կողմի հաշվին։ Ո՞րն էր, ուրեմն, Հայաստանի շահը։
Խնդիրը հենց այն է, թե ովքե՞ր են այս գործարքի իրական կողմերը եւ ո՞վ է երրորդ կողմը։
Քաջ գիտակցելով, որ ներքին ռեսուրսներով չի կարող հաղթանակի հասնել Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ գործարքի է գնացել Արեւմուտքի հետ. իրեն օգնում են դառնալ նախագահ, իսկ ինքը Արեւմուտքի առաջարկած պայմաններով լուծում է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրները։ Արեւմուտքն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունը. նա չտեսնելու տվեց այն ճչացող օրինախախտումները, որ կատարվեցին 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, կուլ տվեց փետրվարի 19-ի ավելի քան խայտառակ ընտրությունները, հանդուրժեց Մարտի 1-ի սպանդը, դրան հաջորդած զանգվածային ապօրինի հետապնդումները, հարյուրավոր քաղբանտարկյալների փաստը եւ այլն։ Ս. Սարգսյանն, Արեւմուտքի օբյեկտիվ դիրքորոշման դեպքում, չէր կարող նստել ու մնալ Նախագահի աթոռին։ Այսինքն, Արեւմուտքը տեր է կանգնել իր խոսքին, եւ ահա, հերթը Սերժ Սարգսյանինն է. այս ամենի դիմաց նա հատուցում է Ցեղասպանության ուրացմամբ եւ Լեռնային Ղարաբաղով։
Այնպես որ՝ խնդրո առարկա ստորագրված արձանագրությունների կամ գործարքի իրական կողմերը Հայաստանն ու Թուրքիան չեն։ Գործարքի մի կողմն անձամբ Ս. Սարգսյանն է, մյուս կողմը՝ Թուրքիան է Արեւմուտքի հետ միասին։ Ուստիեւ՝ այն պետք է կոչվի ոչ թե «Հայաստան-Թուրքիա» այլ «Սերժ Սարգսյան - Թուրքիա» արձանագրություններ։ Այս գործարքից Թուրքիան (+Արեւմուտքը) շահում են իրենց հուզող խնդիրների լուծումը, Ս. Սարգսյանը (+վարչախումբը) արդեն իսկ 2008-ին շահել են ապօրինի իշխանություն եւ հիմա պարզապես վճարում են իրենց ստացածի գինը։
Վճարում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ողջ հայ ժողովրդի հաշվին։ Ահա եւ ձեզ երրորդ կողմը, ում հաշվին եւ ում թիկունքում դա արվել է։
Եթե Թուրքիան ի սկզբանե նպատակ ուներ Հայաստանի հետ հարաբերությունները կարգագորելու, սահմանը բացելու դիմաց ազատվել Ցեղասպանության խնդրից եւ օգնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, հնարավ՞որ էր այլ լուծում՝ շրջանցելով այդ հանգամանքները։
Հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը խանգարող հանգամանքը հետեւյալն էր։ Հայ հասարակությունը համոզված է, որ 1915թ. հայերի ցեղասպանություն է եղել Թուքիայում, եւ հարաբերությունների հաստատումը պատկերացնում էր միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի հասարակությունն իր հեթին համոզված էր, որ նման բան չի եղել եւ հարաբերությունների հաստատումը պատկերացնում էր միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես հրաժարվեր դրանից ու ճանաչեր առկա սահմանները։ Դեռ 1990թ., արձանագրելով այս իրավիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ գտնել մի բանաձեւ. Հայաստանն իր արտաքին քաղաքականության օրակարգում չի դնում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, իսկ Թուրքիան գոյություն ունեցող սահմանների ճանաչման կամ այլ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում Հայաստանին հարաբերություններ հաստատելու համար։ Սա էր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման բանաձեւը։ Այն կասկածի չէր ենթարկում Ցեղասպանության փաստը ու չէր խոչընդոտում դրա հետագա ճանաչմանը տարբեր երկրների կողմից (մի պրոցես՝ որ սկսվել էր 1970-ական թվականների կեսերից եւ հաջողությամբ շարունակվեց նաեւ 1991-98 թվականներին)։ Թուրքիան, ըստ էության, որեւէ առարկություն չուներ (չէր կարող ունենալ) այս բանաձեւի դեմ. ամենածանր շրջանում նա տրամադրեց իր ճանապարհները Հայաստան հաց բերելու համար։ Սահմանները փակվեցին այլ առիթով՝ Քելբաջարի գրավումից հետո։
Քոչարյանասերժական վարչախումբը վարվեց ճիշտ հակառակը. Երբ Ցեղասպանության խնդիրը դրվեց արտաքին քաղաքականության օրակարգում, Թուրքիան, բնականաբար, արձագանքեց. Էրդողանը մի նամակ գրեց Ռ. Քոչարյանին. «Եթե համարում եք, որ պատմության հետ կապված նման խնդիր կա, ինչում մենք համոզված չենք՝ եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, թող պարզեն»։ Չլիներ այդ հանգամանքը, բնականաբար, անհեթեթ կլիներ նման բովանդակությամբ նամակ-առաջարկը։
Մի՞թե մենք կասկածում ենք, որ այդ հանձնաժողովն այլ եզրահանգման կարող է գալ։
Խնդիրը դա չէ։ Կոպիտ համեմատություն անենք. որեւէ մեկը պնդում է, թե դու ոչ թե մարդ, այլ ուղտ ես, հետո առաջարկում է կենսաբանների հանձնաժողով ստեղծել այդ հարցը պարզելու համար։ Եթե դու համաձայնում ես, այդ պահից կասկածի տակ ես դնում քո ով լինելը, կամ բացահայտ իրողությունը, ինչը, ամեն ինչից զատ, արդեն իսկ վիրավորական է։ Ցեղասպանության խնդիրը դրանով դարձավ սակարկության, առեւտրի առարկա։ Եւ ահա, երբ եկավ պահը, Սերժ Սարգսյանն այն վաճառեց։ Նա համաձայնեց Ցեղասպանության լինել-չլինելու հարցով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով, ուրանալով Ցեղասպանությունը։ Դրանով կարեւոր առարկայական փաստարկ տրվեց Թուրքիային. «Եթե պատմաբանները պետք է ուսումնասիրեն, ուրեմն հարցը դեռ վիճելի է, եկեք սպասենք»։ ԱՄՆ Նախագահ Օբաման հենց այդպես էլ վարվեց՝ ասելով, թե ինքը չի կատարում «Ցեղասպանություն» բառն արտասանելու իր խոստումը, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի մեջ նման գործընթաց է սկսվել։
Բայց իշխանությունը պնդում է, որ Արձանագրություններում խոսք չկա Ցեղասպանության խնդիրը քննարկող հանձնաժողովի մասին։
Դրա համար պետք է հիշել, թե ինչպես այն առաջացավ։ Ինչպես ասացինք՝ 2004թ. Էրդողանի՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին նամակ Քոչարյանին վերաբերում էր միայնումիայն Ցեղասպանության խնդրին։ Երբ 2008-ի ամռանը Ս. Սարգսյանը հայտարարեց իր համաձայնության մասին, նկատի ուներ հենց այդ առաջարկը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Ֆուտբոլի։ Հակառակ դեպքում անիմաստ կլներ նման հրավերը, ոչ էլ այն կընդունվեր Թուրքիայի նախագահի կողմից։ Եւ հենց այդ նույն գաղափարն է, որ մտել է Արձանագրությունների մեջ՝ պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի տեսքով։ Հակառակ դեպքում Թուրքիան այն չէր էլ ստորագրի։ Հանե՛ք պատմաբանների այս հանձնաժողովի օրակարգից Ցեղասպանության խնդիրը, եւ նման հանձնաժողովի ոչ մի անհրաժեշտություն չի լինի, ինչպես որ դա չի եղել մյուս երկրների հետ հարաբերություններ հաստատելիս։
Վերջին իր ուղերձով Ս. Սարգսյանը փորձում է ուղղե՞լ իր սխալը։
Ամենեւին ոչ։ Նա այդ բանը չի կարող անել։ Նախ՝ որովհետեւ բոլորովին այլ են նրա մտահոգությունները։ Երկրորդ՝ դա կնշանակի հակադրվել այն միջազգային հանրությանը, որին ինքը պարտք է ունեցած իշխանությամբ։ Դա կարող է անել այն նախագահը, որը միջազգային ճնշումներին որպես հակաշիռ կունենա բացարձակ լեգիտիմություն, այլ խոսքով՝ սեփական ժողովրդին որպես ապահով թիկունք, եւ, անշուշտ, ոչ թե անձնական, այլ երկրի շահերից բխող քաղաքական շարժառիթներ։
Սերժ Սարգսյանը եղել եւ մնում է քոչարյանական ավազակապետական իշխանության սկզբունքների ու որակների կրողն ու շարունակողը։ Առ այսօր նա դեռ ոչ մի անգամ չի խոսել այդ ուղղուց շեղվելու մասին ու ոչ էլ դա ցույց է տվել իր գործունեությամբ։ Լինի Լեռնային Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, արտաքին կամ ներքին քաղաքական ցանկացած այլ հարց, դրանք բոլորը ծառայել ու ծառայում են միմիայն մեկ՝ իշխանության պահպանման, ունեցվածքի բազմապատկման, իշխանական հանցախմբի եւ կոռուպցիոն համակարգի կատարելագործման ու ամրապնդման նպատակին։ Հենց այս նպատակին էր ծառայում նաեւ Ս. Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հիշենք, որ ժամանակին, ճիշտ նույն կերպ, Ռ. Քոչարյանը իր «կառուցողականությունը» միջազգային հանրությանը ցուցադրելու համար բանակցությունների սեղանին դրեց Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մի այլ ցնորական ու մոռացված առաջարկ։ Կարծես թե բոլոր քաղաքական վերլուծաբանները ընդունում են, որ Ս. Սարգսյանի վարած «ֆուտբոլային» քաղաքականությունը, որ սկսվեց տխրահռչակ պատմաբանների հանձնաժողովի մասին թուրքական մոռացված առաջարկին համաձայնություն տալու գնով, տեւական մի շրջան միջազգային գուրգուրանք ապահովեց նրա նկատմամբ։ Իսկ դա շատ կարեւոր էր երկրի ներսում ունեցած լեգիտիմության պակասը դրսում լրացնելու ու իշխանական բուրգին վստահություն ներշնչելու համար։ Քամե՞ց Ս. Սարգսյանը այս հարցից իր պատկերացրած առավելագույնը։ Դժվար է ասել։ Սակայն մի բան հստակ է, որ շատ բան կորցրեց Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական իմաստով։
Աշոտ Սարգսյան
"Հայ Ազգային Կոնգրես" թռուցիկ, մայիս 05.05.2010
No comments:
Post a Comment