05.05.2010
Վաղուց արդեն աշխարհում ամենաամոթալի ու
անթույլատրելի բանը համարվում է քաղբանտարկյալների գոյությունը։ Այն վկայություն է
տվյալ երկրում ժողովրդավարության իսպառ բացակայության եւ իշխանության ոչ թե ուժի,
այլ թուլության եւ բռնատիրական էության մասին։
Հայաստանում 2008 թ. նախագահական ընտրությունների
եւ , այդ շրջանակում Մարտի 1-ի սպանդից հետո քաղբանտարկյալներ կան։ Նրանց թիվը
սկզբում 100-ից շատ ավելի էր, այսօր դեռ 14 հոգի այդ կարգավիճակում են։
Վարչախումբն այդ քայլին դիմեց՝ սարսափած Համաժողովրդական
շարժման թափից։ Մարտի 1-ի ջարդն ու սպանդը, հայտարարված ապօրինի արտակարգ
դրությունը նրան բավարար չթվաց Շարժումը քաղաքական իմաստով իր համար անվտանգ
դարձնելու համար, ու նա դիմեց նաեւ ընդդիմության ճանաչված ղեկավարներից սկսած
մինչեւ պարզ համակիրների նկատմամբ զանգվածային ու համատարած բռնաճնշումների ու
հալածանքների։ Լայնամասշտաբ կեղծիքների ու բռնությունների, բանակի մասնակցությամբ
պետական հեղաշրջում իրականացրած վարչախումբը բռնազավթած իշխանությունն այլ կերպ
չէր կարող պահել։ Այդ «միջոցառումներից» մեկն էլ Շարժման ղեկավարների ու
ակտիվիստների ստվար մի խմբի մեկուսացումն էր։
Նպատակը հստակ էր՝ դրանով թուլացնել Շարժման
պոտենցիալը, նրան կաշկանդել զգալի ռեսուրսներ ծախսելու անշրջանցելի անհրաժեշտությամբ,
խորացնել հոգեբանական ճնշման ու վախի մթնոլորտը։ Սկզբի ինչ-որ մի շրջանի համար
քաղբանտարկյալների գոյությունը, իրոք, ծառայեց իշխանության նպատակին։ Սակայն նրա
ամբողջական ծրագիրը տապալվեց մի կողմից՝ քաղբանտարկյալների անկոտրում կամքի,
արժանապատիվ պահվածքի, մյուս կողմից՝ ծանր հարվածից Շարժման շատ արագ ապաքինման ու
պայքարը հաստատակամորեն շարունակելու շնորհիվ։
Միջազգային հանրության կամ Արեւմուտքի վերաբերմունքն
ի սկզբանե երկակի է եղել այս հարցում։ Դեռ 2008-ի Մարտի 1-ից անմիջապես հետո եւ առ
այսօր հրապարակվել են հեղինակավոր միջազգային կառույցների տասնյակից ավելի
փաստաթղթեր, որոնցում հորդորել կամ պահանջել են ազատել կալանավորվածներին։ Նրանց գնահատականներն
ու պահանջները այնքան ավելի խստացել են, որքան մեծացել է Հայ Ազգային Կոնգրեսի
պայքարի թափն ու հզորությունը։ Մյուս կողմից՝ միջազգային հիշյալ փաստաթղթերի
հեղինակները հնարավորինս խուսափել են «քաղբանտարկյալ» տերմինի բացահայտ օգտագործելուց,
թեեւ բազմաթիվ անգամ օգտագործել են դրա սահմանում-նկարագրությունը՝ «քաղաքական
հայացների համար դատապարտվածներ», նրանց նկատմամբ իրականացվածը կոչել «քաղաքական
վենդետա» եւ այլն։ Այժմ, անգամ այդ սահմանագիծն էլ է հաղթահարված։ Ապրիլի 6-ին
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովում աշխարհի
տարբեր ծայրերց հավաքված ավելի քան 300 պատվիրակներ նրանց բազմիցս հենց քաղբանտարկյալ
անվանեցին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել։ Իսկ վերս նրանց հենց այդպես՝
«քաղբանտարկյալ» բառով է բնորոշել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո
Սուարեշը՝ մարտի 30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին հղած իր նամակում՝ խոստանալով նաեւ
ամեն ինչ անել նրանց ազատ արձակման համար։
Այո՛, ինչ որ ժամանակ քաղբանտարկյալաների
գոյությունը Հայ Ազգային Կոնգրեսի համար զսպաշապիկի դեր խաղաց։ Սակայն ոչ տեւական այդ
շրջանից հետո այն զսպաշապիկից վերածվեց Շարժման վերականգնման ու հզորացման խթանի,
իսկ այժմ, միջազգային ճանաչում ստանալով, պարզապես դարձել է վարչախմբի կոկորդում խրված
սուր մի ոսկոր, որից կա՛մ պետք է ազատվել, կա՛մ դրանով կնքել սեփական մահկանացուն։
Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես»-ի թռուցիկ թիվ 3, խմբագրական
05.05.2010
No comments:
Post a Comment