Tuesday, July 27, 2010

ՄԵԹՈԴՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԸ


Համաժողովրդական շարժում-Հայ Ազգային Կոնգրեսի դեմ վարչախմբի գործողությունները ընկալելուն շատ է օգնում 1988թ. Շարժման փորձը։ Ինչպես 1988-ին, այնպես էլ այժմ, իշխանության համար գոյություն ունի համաժողովրդական շարժմանը հակազդելու, այն չեզոքացնելու երեք հարթություն կամ մեթոդ.
1)     ուժային մեթոդ,
2)     ներսից քայքայման, պառակտման մեթոդ,
3)     քարոզչությամբ չեզոքացնելու մեթոդ։
Դրանք ամբողջ ընթացքում իշխանության կողմից գործադրվում են նաեւ զուգահեռ, սակայն այս կամ այն փուլում վճռական նշանակություն է տրվում մեկին կամ մյուսին՝ սովորաբար հենց նույն այս հեթականությամբ։

Ուժային մեթոդը
1988-ին, առաջին Համաժողովրդական շարժման դեմ ուժի կիրառումն սկսվեց մեկ ամիս ուշացումով՝ 1988-ի մարտի 26-ից, երբ զորքեր մտցվեցին Երեւան, հաստատվեց հատուկ դրություն ու պարետային ժամ։ Իսկ բարձրակետը նույն թվականի վերջին ու 1989-ի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի եւ Շարժման տասնյակ ակտիվիստների ձերբակալություններն էին, հարյուրավորների հետապնդումները։ Շարժման տոկունության, միջազգային կարծիք ձեւավորող կենտրոնների հետ ամենօրյա աշխատանքի շնորհիվ խորհրդային իշխանությունը չկարողացավ մարսել իր արածը։ Բազմակողմ ճնշման տակ, նա ստիպված էր ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալումից ընդամենը 6 ամիս անց Շարժումը վերականգնված էր ամնահուժկու հանրահավաքների ու նստացույցերի տեսքով։ Այնուհետ, ուժային մեթոդը, որպես հիմնական միջոց, դարձավ անօգտագործելի։
2007թ. աշնանը սկիզբ առած Համաժողովրդական շարժման դեմ ուժային մեթոդն սկսեցին կիրառել հենց սկզբից, առաջին հանրահավաքի նախօրեին (փորձեցին «օրորոցում խեղդել»). հոկտեմբերի 23-ին ոստիկանության ապօրինի ուժ կիրառեց իրազեկող խմբի նկատմամբ։ Ուժի ապօրինի կիրառումն իր բարձրակետին հասավ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում՝ բազմաթիվ տեղերում ծեծուջարդով, ապա՝ Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ իրականացված ջարդով ու սպանդով։ Դրան հաջորդեց ապօրինի արտակարգ դրությունը, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունները, հազարավորների հետապնդումները։ Այս դեպքում էլ, սակայն, շնորհիվ Համաժողովրդական շարժման եզակի համառության, ճշգրիտ մարտավարության ու ամենօրյա աշխատանքի, դրա հետեւանքները ամբողջությամբ հաղթահարվեցին։ Մարտի 1-ից դեռ լրիվ 4 ամիս չանցած, հունիսի 20-ին տեղի ունեցավ առաջին հուժկու հանրահավաքը եւ երթը։ Ավելին, իշխանության կոկորդում որպես սուր ոսկոր մնացին. ա) Ս. Սարգսյանի՝ ոչ լեգիտիմ, ինքնակոչ նախագահ լինելու համընդհանուր համոզմունքը, բ) Ռ. Քոչարյանի գործը հարյուրհազարավոր քաղաքացիների ստորագրությամբ Հաագայի դատարան մտնելը, գ) ԵԽ-ում պաշտոնապես շրջանառվող փաստաթուղթը՝Մարտի 1-ին վարչախմբի կողմից, բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացնելու ծանրագույն մեղադրանքով։


(Անհրաժեշտ մի բանալի)
Մինչեւ վերեւում նշված 2-րդ եւ 3-րդ մեթոդներին անցնելը, ներածության կարգով, պետք է ներկայացնեմ երկու հետաքրքիր փաստաթուղթ, որնք կօգնեն ասելիքս դյուրընկալելի ու համոզիչ դարձնելուն։ Խոսքս վերաբերում է նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի հայտնի գեներալ Կալուգինի մի հարցազրույցի («Ավանգարդ», 24.06.1990) եւ ՀԽՍՀ ՊԱԿ-ի մի զեկուցագրի՝ 1988-ի աշնանը՝ ուղղված ՀԿԿ կենտկոմ (ՀՔԿԿՊԱ, 1.87.15, թ. 120-122)։ Դրանք վերաբերում են ժողովրդական շարժումներին հակազդելու իշխանական պայքարի ստվերային զինանոցի միջոցներին ու մեթոդներին, մեզ հետաքրքրող հարցերի հետ կապված ներկայացնում հետեւյալ պատկերը։ Իշխանությունը (հիմնականում ՊԱԿ-ի իջոցով)՝
ա) նախապես իմանալով, թե ինչ շարժում կարող է սկսվել, ինքն էր վերցնում նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով այն վերահսկողության տակ պահել.
բ) ստեղծում էր նույն գործով զբաղվող զուգահեռ կազմակերպություններ՝ սկսված շարժումները պառակտելու, դրանք ներսից քայքայլեու համար.
գ) հավաքագրում էր կատարվում նոր ստեղծված կազմակերպությունների անդամներից, կամ գործակալներ մտցվում տվյալ կազմակերպության մեջ՝ այն ներսից քայքայլեու համար.
դ) կար հատուկ ստորաբաժանում, որը շարժումներն ու նրանց ղեկավարներին վարկաբեկելու նպատակով զբաղվում էր ապատեղեկատվության ու կեղծ լուրերի հորինմամբ ու տարածմամբ.
ե) շարժումների դեմ քարոզչական պայքարը կազմակերպում էր հասարակական պատկերացումներում իշխանության հետ չնույնացող մարդկանց ու կազմակերպությունների միջոցով ու անունից եւ ոչ պաշտոնական իշխանական ելակետից։
Այս ամենը կիրառվել է 1998-ին։ ԿԳԲ-ական զինանոցին քաջ ծանոթ ռոբասերժական վերչախումը լիուլի օգտվել եւ օգտվում է այս միջոցներից։ Ստորեւ դա ներկայացնենք երկու շարժումների փորձի համադրմամբ։
Ներսից քայքայման, պառակտման մեթոդը
1988-89-ին, մասնավորապես իշխանության ուժային հակազդեցության չեզոքացմանը զուգահեռ, սկսեցին ծլել տասնյակ, մի քանի հոգիանոց կազմակերպություններ՝ «ավելի արմատական», «ավելի ազգային», «ավելի անկախական» կարգախոսներով, նույնիսկ՝ «ավելի հակասովետական» կեցվածքով ու ծրագրերով։ Ծլեցին ու ամբողջ ընթացքում նրանց հիմնական գործը եղավ համազգային համախմբման հասած Շարժմանը մեղադրել նույն այդ ազգային միասնությանը քայքայելու մեջ։ Ծլեցին ու նրանց հիմնական գործը եղավ Ղարաբաղի համար պայքարող շարժմանը մեղադրել Ղարաբաղը «մոռանալու», «ծախելու» (մի զարմացեք, այս բառն այն ժամանակից է գալիս) մեջ։ Ծլեցին ու սկսեցին մեղադրել «Ղարաբաղ» կոմիտեին ապազգային լինելու, անկախության համար չպայքարելու մեջ եւ այլն։ Նման «կազմակերպությունների» քանակը, մոտենում էր չորս տասնյակի։ Շարժումը չպառակտվեց, եւ հենց համազգային համախմբմամբ ե՛ւ անկուխությունը ձեռք բերեց ե՛ւ Ղարաբաղի հարցը լուծեց այնպես, որ այդ ժամանակ որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել։ Իսկ չորս տասնյակի մոտ այդ «կազմակերպություններն» անհետ վերացան։ Պառակտման իշխանական ծրարգրը, չնայած մանր վնասների ու գլխացավանքի, տապալվեց։ Ասենք, որ ամենեւին պարտադիր չէր, որ չորս տասնյակի այդ կազմակերպություններն էլ ստեղծված լինեին իշխանության անմիջական նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Կարելի էր կազմակերպել այդպիսի մի քանիսը, եւ վարակիչ օրինակը կտարածվեր։ Դա եւս հաշվարկված էր։
Սրա զուգահեռը դժվար չէ տեսնել ի դեմս վերջին 10 տարում բոլորիս ծանոթ, իշխանության կողմից ինստիտուցիոնալիզացված ու փայփայված կեղծ ընդդիմության տեսքով։ Կարո՞ղ էր Ռ. Քոչարյանը 1998-ին եւ 2003-ին դառնալ նախագահ, եթե չունենար առաջին դեպքում «ավելի ընդդիմամադիր» Վ. Մանուկյանի, երկրորդ դեպքում՝ դարձյալ «ավելի ընդդիմադիր» Ա. Գեղամյանի ծանրակշիռ ծառայությունները, որոնք վճռական պահին լքեցին ընդդիմության հիմնական թեկնածուին։ Կարո՞ղ էր Ս. Սարգսյանը կուլ տալ 2008թ. կեղծված ընտրությունները եւ դիմակայել համաժողովրդական շարժմանը, եթե նրան չփարվեր մինչ այդ «ավելի ընդդիմադիր» դիրքերից խաբեությամբ 15% ձայն հավաքած ԱԽՔ-ը։ Ավելի փոքրերի մասին չեմ խոսում, բոլորն այդ ցանկն արդեն անգիր գիտեն՝ Դաշնակցությունից մինչեւ նոր սերնդին արդեն անծանոթ Արշակ Սադոյան։ Եւ բոլորն էլ գոհ ու երջանիկ լուռ վայելում են իրենց նետած իշխանական փեշքեշներն ու փշրանքները։ Այսինքն՝ ի տարբերություն 1988-ի, վերջին 10 տարում այս մեթոդն աշխատել է։
Կեղծ ընդդիմության թանկարժեք այս մեքենան կործանվեց այս Շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի շնորհիվ, եւ «երրորդ» ուժ հավաքելու իշխանության բոլոր փորձերը նույնքան անհեռանկար են, որքան հայտնի ֆիլմում Ադամի արդեն ջախջախված «Անտիլոպը» վերականգնելը։
 Հայ Ազգային Կոնգրես-համաժողովրդական շարժման պառակտման փորձերը արվել են միշտ։ Արվել է Հնչակյան կուսակցության, «Հանրապետութուն» կուսակցության, ՀԺԿ-ի, մյուս կուսակցությունների նկատմամ։ Արդյունք չի տվել։ Հիմնական գրավը, սակայն, ինչպես պարզվեց, դրված է եղել Հայոց Համազգային Շարժման պառակտելու, այն Կոնգրեսից դուրս բերելու վրա։ Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ս. Սարգսյանը Վաշինգտոն կատարելիք այցից առաջ պարծեցել է, թե ԱՄՆ կգնա «ՀՀՇ-ն գրպանը դրած»։ Նույն շրջանակներից լուրեր են տարածվել թե՝ «ամռանը Կոնգրեսն այլեւս չի լինի» եւ այլն։ Ծրագրին շատ մեծ կարեւորություն է տրվել, այնքան, որ վարչախմբի խնդրանքով դրան օժանդակել են նաեւ արտաքին ուժեր։ Դա դիտվել է որպես Հայ Ազգային Կոնգրեսին հասցնելիք մահացու ծանրագույն հարված։ Ծրագիրը տապալվեց։ Բայց խնդիրը միայն ծրագրի տապալման մեջ չէ։ ՀՀՇ վարչության, Հանրապետական խորհրդի, համագումարի շուրջ 700 պատվիրակների, շարքերի սկզբունքայնության, միահամուռ քաղաքական հաստատակամության եւ ջանքերի շնորհիվ այն մահացու հարվածը, որ ըստ իշխանական ծրագրի պետք է հասցվեր ՀՀՇ-ին եւ Կոնգրեսին,բումերանգի նման, ու տասնապատկված ուժով շրջվեց իշխանության դեմ։ Այդ հարվածը ամբողջական դարձավ, մասնավորապես, համագումարի բնականոն, առանց էքսցեսների ընթացքով եւ անկորուստ ավարտով։ Համագումարը դրանով, իմիջիայլոց, նաեւ դարձավ Հայաստանի անկախ հանրապետության հիմնադիր կուսակցության քաղաքական բարձր հարգի ցուցադրությունն ու ապացույցը։
Քարոզչությամբ չեզոքացնելու մեթոդը
1988-ի Շարժումն առաջին իսկ օրվանից հանդիպեց նաեւ իշխանության բուռն դիմադրությանը՝ ամենավտանգավոր որակումներով ու գնահատականներով. «էքստրեմիստից» մինչեւ «ժողովուրդների բարեկամությունը վտանգող» եւ այլն։ Բայց ինչ-որ պահից պարզվեց, որ իշխանության կողմից գաղափարական իր պլատֆորմից ու իր անունով արված քարոզչությունը ոչ միայն արդյունք չի տալիս, այլեւ հակառակ ազդեցությունն է ունենում։ Այստեղ ահա, պետք է գործի դրվեր ստվերային մեխանիզմը. այդ բանը պետք էր անեին նախ՝ հասարկության աչքում իշխանության հետ չնույնացող մարդիկ կամ ուժեր, երկրորդ՝ դա պետք է արվեր ոչ իշխանական գաղափարականկան պլատֆորմից։ Որպես պլատֆորմ ընտրվեց հասարակության համար արտաքուստ գայթակղիչ կեղծ ազգայնականությունը եւ մաքսիմալիզմը, որպես կատարողներ՝ ժամանակի նոմենկլատուրային մտավորականությունը եւ սփյուռքահայ կուսակցությունները։ Արդարացի լինելու համար պետք է ասել, որ Սփյուռքում այդ «բեռը» համարյա ամբողջությամբ իր վրա վերցրեց Դաշնակցությունը՝ իր անհաշտ հակառակորդ կոմկուսի մամուլում հանկարծ դարռնալով բարձրագույն մի հեղինակություն։ Քարոզչական արշավանքը թեժանում էր հատկապես այն դեպքերում, երբ Շարժումը իշխանության համար վտանգավոր ինչ-որ նոր քաղաքական բնագիծ էր նվաճում կամ հասնում էր դրա նախաշեմին։
2007. աշնան առաջին իսկ հանրահավաքներից Հայաստանի իշխանությունը նույնպես գայթակղություն ունեցավ անմիջապես իր անունց «հակահարված տալ» Շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին։ Այդ գայթակղությունը երկար ժամանակ անհաղթահարելի մնաց հատկապես Ռ. Քոչարյանի մոտ։ Սակայն նրա՝ յուրօրինակությամբ փայլող ամեն մի արձագանք ճիշտ հակառակ ազդեցությունն էր ունենում՝ տասնյակ հազարներով մեծացնելով Առաջին նախագահի լսարանն ու կողմնակիցների թիվը։ Ասում են՝ այդ առիթով Քոչարյանին ինչ-որ պահի անգամ իր դժգոհությունն է հայտնել Սերժ Սարգսյանը։ Նույնպիսի հետեւանքն է ունեցել նաեւ գալուստսահակյանական եւ էդիկշարմազանովական տիպի ու մակարդակի իշխանական գաղափարական պայքարը։ Իշխանությունը դա վաղուց է հասկացել եւ անհրաժեշտ նախապատրաստություններ տեսել հենց այն իրավիճակի համար, ինչն առարկայացել է այսօր։
Վերջաբան (ոչ միայն հոդվածի...)
Վարչախումբն ակնհայտ ցայտնոտի եւ խուճապի նշանները վկայում են, որ նրա համար խնդիրը կենաց ու մահու է։ Կարելի է ենթադրել, որ շատ մոտ ապագայում նա պետք է անի քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն կարող «մարսել» Հայ Ազգային Կոնգրեսի առկայության պայմաններում։ Եւ հիմա՝ Կոնգրեսի դեմ պայքարի ուժային եւ պառակտման հարթություններն ու մեթոդներն սպառած վարչախումբը ամբողջ գրավը դնելու է երրորդի՝ այլ պլատֆորմով եւ ուրիշների բերանով Կոնգրեսի ու նրա առաջնորդի դեմ «գաղափարական» պայքարի, տոտալ հակաքարոզչության վրա։՝Սա վերջին ծրագիրն է, որի տակ վարչախումբը այնքան ջանք ֆինանսական միջոցներ կարող է դնել, որքան գնահատում է իր կյանքը։ Շարժման դեմ քարոզչությունը, ինչպես 1988-ին, մղվելու է հասարակության մի մասի համար միշտ էլ ավելի գայթակղիչ՝ կեղծ ազգայնականության ու մաքսիմալիզմի դիրքերից։ Կատարողները լինելու են ա) այդպես էլ չձեւավորված, բայց իրենք իրենց «ընդդիմադիր» հռչակած «երրորդ ուժի» թեկնածուները, բ) կեղծ ընդդիմության նմանությամբ ստեղծված, իրականում իշխանության կողմից ֆինանսավորվող «ընդդիմադիր» կամ «կենտրոնում գտնվող» լրատվամիջոցները եւ լրագրողները, գ) «անկախի» համարում ձեռք բերած ինքնահռչակ քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Գուցե նաեւ շքանշան ու մեդալներ ստացած մտավորականներ։ Վերջին շաբաթում ՀՀՇ համագումարի եւ դրանում Առաջին նախագահ Լեւն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված աննախադեպ արձագանքները վկայում են, որ իշխանական համընդհանուր քարոզչական հեղեղի սկիզբն ազդարարված է։ Վարչախումբը, մահապարտի հոգեվիճակում, խուճապի ու ցայտնոտի մեջ, գնում է իր վերջին ճակատմարտին։ Մեզ մնում է տոկալ, չշփոթվել, եւ կունենանք նույնպիսի հաղթանակ, ինչպես 1990-ին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ», 27.07.2010

Տպագրվածը համառոտված է մոտ 1000 նիշ

Wednesday, July 21, 2010

ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՈՒ ԱՆՏԻՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՋՐԲԱԺԱՆԸ

21.07.2010

(Ելույթ ՀՀՇ 16-րդ համագումարում)

Հարգելի պատվիրակներ,
Հաճախ համարվել է (նույնիսկ գիտության մեջ), թե ժողովուրդների, պետությունների ճակատագրերը կախված են եղել այնպիսի գործոններից, ինչպես երկրի աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները, բնակչության քանակը, հարեւանները, կրոնական տարբերությունների հանգամանքը, նույնիսկ պատահականություն ու բախտ եւ այլն։ Գուցեեւ դրանցից ամեն մեկն ինչ-որ մի ժամանակահատվածի համար կամ մի դրվագում որոշակի դեր կարող է խաղալ, առաջնային թվալ։ Սակայն բավական է միայն փոքր-ինչ փոխել խնդրի դիտարկման տեսանկյունը եւ ակնհայտ կդառնա, որ այդ ամենից առաջ ամեն մի ժողովրդի ճակատագրում առաջնային ու վճռորոշ դեր է խաղացել նրա քաղաքական միտք։ Առողջ, կենսունակ, իրատեսական քաղաքական միտքը։ Խոսքը, բնականաբար, չի վերաբերում անհատների կամ դրա տեսական դրսեւորմանը։ Խոսքը վերաբերում է երկրի ու ժողովրդի համար գործնականում որպես պատասխանատու հանդես եկող իշխանության, ուժի կամ կազմակերպության, որը գործադրել է այն, առաջնորդվել դրանով։ Երբ առողջ քաղաքական միտքը տկարացել է՝ եղել են պարտություններ, երբ խեղաթյուրվել, ոչնչացել է՝ եղել են կորուստներ։ Իսկ երբ դրան փոխարինել է, այսպես ասենք, անտիքաղաքական միտքը, եղել են արհավիրքներ ու անդառնալի կորուստներ։ Նույն այդ անտիքաղաքական մտքի հաստատման ու դրա գործադրման հետեւանքով է, օրինակ, որ մենք սոսկալի արհավիրք ու անդառնալի կորուստներ ունեցանք 90-100 տարի առաջ։

Ինչի՞ համար էր այս նախաբանը։ 2000 թվականից ի վեր ձեւավորված քոչարյանասերժական ռեժիմն առաջնորդվում է նույն այդ անտիքաղաքական մտքով։ Սրանց հիմնած ավազակապետության բերած վնասներն ու կորուստները բազմազան են եւ բոլոր բնագավառներում. Տնտեսությունից սկսած՝ մինչեւ լեզու, երկրի ու ժողովրդի կողոպուտից սկսած՝ մինչեւ արժեքային ողջ համակարգի այլասերում, հումանիտար աղետից սկսած՝ մինչեւ արտաքին քաղաքական ֆիասկո, Հայոց Ցեղասպանության ուրացում եւ այլն։ Բայց այս ամենը հետեւանքներ են, անխուսափելի հետեւանքներ են հենց այն արժեքի ոչնչացման, որը կոչվում է քաղաքական միտք, քաղաքական որակ։ Ամենադաժան բռնապետություններն անգամ ունեն որոշակի քաղաքական էություն, քաղաքական սկզբունքներ, այլ բան է, որ մերժելի։ Ավազակապետությանը դա հակացուցված է ընդհանրապես, դա նրա համար մահացու է։ Հենց դա է պատճառը, որ ի սկզբանե քոչարյանասերժական վարչախմբի թիվ մեկ թիրախը Հայաստանի քաղաքական դաշտն էր՝ քաղաքական մտածողության, քաղաքական որակի, քաղաքական երեւույթի ոչնչացումը։ Ավազակապետության էությունը անտիքաղաքական է։
Հիշենք՝ ի՞նչ թեմաների շուրջ էին քաղաքական բանավեճեր ընթանում մինչ այդ 1990-ից գործող խորհրդարանում, մամուլում եւ այլն։ Նման բանավեճերի համար, խորհրդարանի ամբիոնից զատ, լիակատար բաց էին ռադիոն ու հեռուստատեսությունը։ Ընդդիմադիր էր, ըստ էության, ողջ մամուլը։ Նույնիսկ «Հայքն» ավելի շատ ընդդիմադիր հոդվածներ էր տպագրում ՀՀՇ-ի իշխանության տարիներին։ Հիշենք՝ այդ ժամնակ որեւէ մեկը խոսո՞ւմ էր, թե որեւէ ընդդիմադիր կուսակցություն ծախվեց իշխանությանը։ Դրա կողքին՝ այսօրվա թեմատիկան, փակ եթերը։ Հիշենք նաեւ ժամանակին որպես երդվյալ ընդդիմադիր հակաքոչարյանական ու հակասերժական տասնյակ ուժերի ու գործիչների, որոնք այսօր թառած են զանազան տաքուկ տեղերում՝ Հանրային խորհրդից մինչեւ խորհրդարան ու կառավարություն, կամ՝ տանը լուռ նստած վայելում են ծախվելու դիմաց ստացած վճարը։ Անունները չեմ թվարկում զուտ հումանիստական նկատառումներով՝ խնայելով ձեր լսելիքը։ Խնդիրը ծախվողը չէ։ Խնդիրը գնողն է, որը դրանով ոչ այնքան քաղաքական հակառակորդ է զեզոքացնում, որքան նպատակ ունի սպանել քաղաքական բառն ու երեւույթը եւ հուսախաբության ու խաբված վիճակի մատնելով հասարակությանը՝ նրա աչքում հեղինակազրկել, բացասականի վերածել արգահատանքի արժանացնել այն, ինչը կոչվում է քաղաքական գործ, քաղաքականություն։ Համաձայնենք, որ այս ուղղությամբ ավազակապետական վարչախումբը հասել է արդյունքի։ Բայց այս կերպ խնդիրը մինչեւ վերջ չէր կարող լուծել, քանզի Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ չէ եւ բոլորը չէին, որ առուծախի էին ենթակա։ Ուստիեւ մյուսների նկատմամբ էլ այլ մեթոդներ պետք է կիրառեր. հետապնդումներ, աշխատանքից հեռացում, կենսապայմաններից զրկում եւ այլն։ Սրան ավելացրած՝ նրանց հեռու պահել զանգվածային տեղեկատվության միջոցներից, քարոզչական հնարավորություններից եւ այլն։
Վարչախմբին չհաջողվեց խնդրի ամբողջական լուծումը։ Վերջին 10 տարվա ընթացքում, բարեբախտաբար, գտնվեցին ուժեր, որոնք պայքարեցին ազգակործան ու պետականաքանդ այդ երեւույթի դեմ։ Բարեբախտաբար, գտնվեց նաեւ հասարկության ստվար մի զանգված, որ սոցիալական բազա դարձավ իրենց քաղաքական հատկանիշն ու էությունը չուրացած ու չկորցրած այդ ուժերի համար։ Եւ հենց սոցիալական այդ բազայի ու քաղաքական այդ ուժերի համատեղմամբ է, որ անտիքաղաքական վարչախմբի դեմ պիտի ծնվեր համաժողովրդական այն շարժումը, որը միայն կարող էր պայքարը հասցնել մինչեւ վերջ։ Խնդիրը ջրբաժանի հստակեցման մեջ էր. Մի կողմից՝ իրական ընդդիմադիր, քաղաքական էություն ու հատկանիշ ունեցող, մյուս կողմից՝ կեղծ ընդդիմադիր կամ քաղաքական էություն ու հատկանիշ չունեցող ուժերի ջրբաժանի։ Հիշեցնենք՝ խոսքը դասական իրավիճակի մասին չէ, երբ քաղաքական հատկանիշ կարող է ունենալ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ Խոսքը ավազակապետական իշխանության մասին է։ 2003 թ. նախագահական ընտրություններում արդեն մի փորձ կատարվեց հստակեցնել այդ ջրբաժանը։ Գուցե դեռ ժամանակը լրիվ հասունացած չէր. ընդդիմադիր դաշտում շարունակեցին մնալ ու գործել կեղծ քաղաքական ուժեր։ 2008թ. դա ստացվեց։ Նախընտրական դաշինք –նախագահական ընտրություն – Մարտի 1- աննախադեպ բռնաճնշումներ – Հայ Ազգային Կոնգրես ճանապարհն անցած ու միասնական մնացած ուժերը հստակեցրին քաղաքականի ու անտիքաղաքականի ջրբաժանը։
Այս հիմքի կամ իրողությունների գիտակցման ու ճանաչման վրա է, որ ի թիվս այլ հարցերի՝ համոզիչ պատասխան են ստանում հաճախ շրջանառվող երկու հարց կամ հարցադրում.
Ա) Որքանո՞վ կարող է ամուր լինել Կոնգրեսը՝ որպես տարբեր գաղափարախոսություններով կամ քաղաքական ուղղվածություններով կուսակցությունների միություն։
Հայ Ազգային Կոնգրեսն իրենց քաղաքական հատկանիշը պահպանած ուժերի միություն է՝ ընդդեմ անտիքաղաքական ավազակապետության։ Նրա նպատակը սահմանադրական կարգի, օրինականության, այն պայմանների վերականգնումն է, որի մեջ միայն կարող են գործել քաղաքական ուժերն՝ անկախ իրենց դավանած գաղափարախոսություններից ու քաղաքական սկզբունքներից։ Ըստ այդմ՝ նրանց միավորում է շատ ավելի հզոր ու կենսական մի հանգամանք, ուստիեւ գաղափարախոսական նմանություններն ու տարբերություններն այս դեպքում դեր չունեն։ Երբեմն հաստատված ռեժիմի դեմ պայքարը որակվել է որպես ազգային-ազատագրական։ Նման որակում ընդունված է տալ օտար նվաճողների դեմ մղվող պայքարին։ Սակայն այս դեպքում, ըստ էության, չափազանցություն չկա։ Համենայնդեպս, պատմության մեջ էլ, դժվար է հիշել մի տասնամյակ, երբ օտար տիրապետությունը խաղաղ պայմաններում այսքան պատուհաս բերեր մեր ժողովրդին։ Օտար նվաճողի, առավել եւս օտարից ավելի վնասաբեր նվաճողի դեմ պայքարում ծիծաղելի է խոսել գաղափարախոսական տարբերությունների մասին։ Այստեղ կամ պետք է լինես ազատագրական պայքարի մարտիկ, կամ՝ թշնամու հետ համագործակցող։   

բ) Իշխանությունը գործում է բռնության ու ապօրինության դաշտում, եւ նրա դեմ ապարդյուն կարող է լինել օրինական, քաղաքական պայքարը։
Ավազակապետական իշխանության երազանքն է՝ ընդդիմությանը ճակատամարտ տալ իր սեփական՝ ապօրինության ու բռնությունների դաշտում։ Իշխանությունը թույլ է եւ անկար քաղաքական, օրինական դաշտում, ուստիեւ նրա դեմ պայքարը պետք է տանել հենց այդ դաշտում։ Եւ դա Հայ Ազգային Կոնգրեսին, մեծ հաշվով, հաջողվել է։ Հենց այդ ճանապարհով է, որ առարկայացել են Հայ Ազգային Կոնգրեսի հաջողությունները, երկրի ներսում եւ արտաքին աշխարհում մեծացել է նրա քաղաքական կշիռը, եւ վերջնական հաղթանակը դարձել է ժամանակի ու տեխնիկայի հարց։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայք», 21.07.2010





Sunday, July 11, 2010

«Բաց նամակ» երրորդ դեմքով

21.07.2010

Զուտ մարդկային առումով ափսոսում եմ Կարապետ Ռուբինյանի «Հրաժեշտի բաց նամակի համար»։ Համազված եմ, երբ զգացմունքային բարձր ֆոնը իջնի, կվերանայի իր դիրքորոշումը։ Բայց խոսքը հնչել է, տարածվել մասնավորապես իշխանական լրատվամիջոցներով, եւ պատասխան է պահանջում։ Բայց ես էլ, երեւի, իր խոսքերով ասած՝ «ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ» առանձին կետերով, որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի։
ա) Նախապես ասեմ, որ Կ. Ռուբինյանը համագումարում առաջադրվել էր որպես վարչության անդամության թեկնածու, սակայն չի ընտրվել։ Եւ չի էլ թաքցնում, որ դրանից է իր նեղսրտությունը։ Ոչ վաղ անցյալում, լրագրողներից մեկի մի հարցին նա պատասխանել էր, թե ինքը ՀՀՇ «նոմինալ անդամ է»։ «Նոմինալ» բառը, բնականաբար, իմաստային ծանրաբեռնվածություն ունի. «ես ՀՀՇ անդամ եմ» եւ «ես ՀՀՇ նոմինալ անդամ եմ» մտքերը միմյանցից շատ տարբեր են։ Երկրորդը նշանակում է «անվանապես», «ձեւական», «պասիվ» (դաշնակները երեւի կասեին «ինքնասառեցված»)։ Եւ ճիշտ է պատասխանել, իրոք այդպես էր եւ է։ Այդպես էր այն պահից, երբ ավելի քան 10 տարի առաջ նա ըստ էության թողեց կուսակցական գործունեությունը։ Ընկերներս օգնեցին հիշել առիթը, ես ապավինում եմ նրանց հիշողությանը։ Դա 1999 թվականին էր։ Վանո Սիրադեղյանին իր բացակայությամբ համագումարը ընտրել էր վարչության անդամ, իսկ հետո առաջադրել որպես վարչության նախագահ։ Կարոն համարում էր, թե համագումարում ընտրակեղծիք է եղել, որ Վանոն, ներկա չլինելով, չէր կարող ստորագրել իր առաջադրման թերթիկը։ Եւ հայտարարությամբ հեռացավ  ՀՀՇ վարչությունից, կարծեմ ոչ կուսակցությունից։ Համենայնդեպս, դրանից հետո, ուղիղ 10 տարի Կ. Ռուբինյանը որեւէ կերպ չի առնչվել ՀՀՇ կուսակցական գործունեությանը։ Իսկ վերջին անգամ, իր կուսակցականության մասին լրագրողի հարցին պատասխանելով, ասել էր, թե ինքը «ՀՀՇ նոմինալ անդամ է»՝ հաստատելով իր նույն կարգավիճակը։ Նրա վարքագծում այս իմաստով  որեւէ բան չի փոխվել նաեւ վերջին 3 տարիների ընթացքում։ Շեշտում եմ՝ նկատի ունեմ միայն կուսակցական գործունեությունը, ոչ թե որպես անհատ լուրջ ներգրավվածությունը Համաժողովրդական շարժման եւ Կոնգրեսի աշխատանքներին եւ գնահատելի ներդրումը։ Հիմա երկու հարց։ Առաջին. բացի կուսակցական ակտիվ աշխատանքից, ուրիշ ի՞նչ չափանիշով պետք է առաջնորդվեին պատվիրակները, որպեսզի նրան ընտրեին կուսակցական գործունեության ամենաթեժ գծում՝ ՀՀՇ վարչության կազմում։ Երկրորդ. ինչո՞ւ է տարածքային կառույցի ղեկավարումը թողած, իրեն հրապարակավ «ՀՀՇ նոմինալ անդամ» համարող մարդը նեղսրտում ու զարմանում, որ ինքը չի ընտրվում ՀՀՇ վարչության կազմում։ Միայն այն բանի համար, որ ինքը Կարապետ Ռուբինյա՞նն է։ Ոչ մեկը չի ուրանում նրա աշխատանքը ՀՀՇ-ի իշխանության տարիներին, վերջին տարիներին Շարժման մեջ, Հայ Ազգային Կոնգրեսում, քաղբանտարկյալ լինելու հանգամանքը եւ այլն։ Բայց այս ամենում չկա կուսակցական աշխատանքը, իսկ կուսակցության վարչությունը, համաձայնեք, պետք է կազմավորվի բոլորովին այլ սկզբունքներով։ Հակառակ դեպքում ոչ թե «Բրեժնեւի թաղումը» կհիշեինք, այլ կստանայինք բրեժնեւյան շրջանի կենդանի պոլիտբյուրոն՝ կազմված ըստ նախկին վաստակի, ոչ թե ըստ օրվա գործնական աշխատանքի։ Կուսակցական աշխատանքի։
բ) Ասում է. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են»։ Որո՞նք են այդ «դիտարկումները»,  որո՞նք են այդ «տեղեկությունները»։ Ինչո՞ւ է վիրավորում հաշվիչ հանձնաժողովի մեկ տասնյակից ավելի կուսակցական ընկերներին՝ պատվիրակների, որոնց համագումարը միաձայն հաստատեց որպես հաշվիչ հանձնաժողով։ Այդ «դիտարկումների» եւ «տեղեկությունների» մասին ինչո՞ւ չխոսեց համագումարում, երբ քվեարկությունն արդեն վաղուց ավարտված էր եւ մի քանի ժամ ելույթի հնարավորություն կար։ Ինչո՞ւ որոշեց այդ մասին խոսել ընտրության արդյունքների հրապարակումից հետո։ Նման մեղադրանք կլինե՞ր, եթե ինքն էլ ընտրված լիներ։ Հաշվիչ հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ ինչպես Կ. Ռուբինյանին, այնպես էլ ցանկացած շահագրգիռ անձի պատրաստ է տրամադրել քվեարկության հետ կապված ողջ փաստաթղթային նյութը՝ վերահաշվարկ անելու համար։ Կարծում եմ՝ նրանք իրավունք ունեն նաեւ պատիվ պահանջել իրենց հասցեին արված վիրավորանքի համար։
գ) Հիմա «օրինակելի ցուցակների մասին», որոնք նման, եւ ցանկացած այլ ընտրությունների ժամանակ ինքը Կ. Ռուբինյանն էլ է համարում «նորմալ երեւույթ եւ ողջունելի»։ Դժգոհում է, որ այդ ցուցակները տրվել են «ընտրովի մարդկանց, ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջալով, որ «պապին ասել ա Ռուբինյանը չպիտի անցնի»։ Մի կողմ թողնենք սեփական անձի գերագնահատման պահը (իր գործն է), «պապին» էլ, թող ոչ մեկը չկասկածի, շատ ավելի կարեւոր գործեր ունի։ Թերթերից մեկի հարցին էլ պատասխանելով՝ Կ. Ռուբինյանը ասում է, թե՝ եղել է նաեւ «ոչ օրինակելիների ցուցակ», որի մեջ, բացի իր անունց, եղել նաեւ Գրիգոր Ոսկերչյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը»։ Տրամաբանություն եմ փնտրում... եթե եղել է «օրինակելի ցուցակ», դրա հետ միասին ի՞նչ իմաստ ուներ «ոչ օրինակելիների» ցուցակը։ Մի՞թե զգացմունքը կարող է այս աստիճան խեղդել տրամաբանությունն ու բանականությունը։
 Իսկ ըստ էության ասեմ միայն հետեւյալը։ Հայտնի է, թե ՀՀՇ-ի հետ կապված ինչ խնդիր կար նախահամագումարյան շրջանում, ինչի մասին համագումարում խոսեց նաեւ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նկատի ունենալով խնդրի վտանգավորության բարձր աստիճանը, նախահամագումարյան շրջանում ՀՀՇ վարչության  անդամներից կազմված մի քանի խմբեր հանդիպումներ են ունեցել շուրջ 700 պատվիրակների հետ՝ անցկացրել բազմաժամ զրույցներ եւ խորհրդակցություններ։ Ինչպես պրոբլեմը անկորուստ հաղթահարելու, այնպես էլ կազմակերպության աշխատանքների արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու ենթատեքստում, որպես մասնավոր հարց, բնականաբար, քննարկվել է նաեւ նոր վարչության կազմի չափանիշներն ու սկզբունքները։ Այդ 2-3 շաբաթվա ընթացքում ինչ եղել է որպես նախընտրական միջոցառում, բնական ու անհրաժեշտ նախընտրական քարոզչություն, այն ամենը ինչ եղել է համագումարում, մազ անգամ դուրս չի եկել օրինականության ու ժողովրդավարության շրջանակներից։ Ավելացնեմ, որ, կարծեմ միայն ՀՀՇ-ում է, որ վարչությունն ընտրվում է փակ քվեարկությամբ։
դ) «Պարոն Տեր-Պետրոսյանն այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունն այլախոհությունից», - գրում է Կ. Ռուբինյանը։  Ինքն է ասում։ Ես ոչինչ չեմ ավելացրել։ Իսկ ի՞նչ է ասում։ Ասում է, որ ինքը պրոֆեսիոնալ այլախո՞հ է։ Որ դա իր փեշա՞կն է, մշտական կեցվա՞ծքը, հատկանի՞շը։ Ասում է, որ անկախ հարցից, առաջարկվող լուծումից, ինքը միշտ ա՞յլ կարծիք ունի։ Եւ եթե ինքը չլինի՝ ՀՀՇ վարչությունում այլ կարծիք, բանավեճ չի՞ լինի։ Հիշում եմ՝ ըստ էության նույն բանը՝ «փնթփնթալը» որպես բնավորության առաջնային գիծ, իր մասին ասել էր նաեւ հարցազրույցներից մեկում՝ ոչ այն է՝ «ինքնաքննադատաբար, ոչ այն է՝ պարծենալով։ Եւ դա համարում է որպես կարեւոր քաղաքական որա՞կ։
ե) Անդրադառնում է հարցերի, որոնց կարեւորություն տալը, մեղմ ասած, տարակուսելի է, կամ սազական սկսնակ լրագրողի։ Օրինակ՝ ինչո՞ւ վարչության հաշվետվությունը կարդաց ոչ թե Արարատ Զուրաբյանը, այլ Արամ Մանուկյանը։ Նախ Կանոնադրության մեջ ոչ մի տեղ չի գրված, որ վարչության հաշվետվությունը պետք է ներկայացնի նախագահը։ Մանավանդ, որ այդ պահին չկար վարչության նախագահ, կար նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող գործադիր քարտուղարը։ Հենց վերջինիս առաջարկությամբ եւ վարչության ու Հանրապետական խորհրդի որոշմամբ դա հանձնարարվեց Արամ Մանուկյանին։ Ընդ որում՝ շատ պարզ մի պատճառով. նկատի ունենալով ձայնային տվյալը եւ խոսքի որակը։ Չեմ ուզում մանրամասն խոսել, բավարարվում եմ միայն իմ զարմանքը հայտնել այնպիսի «մեղադրանքների» առթիվ, ինչպես Նախագահի՝ թիկնապահներով դահլիճ մտնելը։ Տեւական ժամանակ բարձր պետական պաշտոն վարած, պետական պահպանության ինստիտուտին քիչ թե շատ ծանոթ մարդու մոտ նման հարցի առաջացումը, կներեք, դուրս է իմ պատկերացումներից։  Կամ՝ ասում է, թե, իբր, ծափահարություններ ստանալու համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարքի է դիմել. մի քանի րոպե ուշ է մտել դահլիճ, որպեսզի բուռն լինեն ծափահարությունները։ Ճիշտն ասած՝ ինքս ամաչում է վերարտադրել այսօրինակ մտքերը։ Չէ՞ որ իր իսկ ներկայությամբ, արդեն մոտ մեկուկս ժամ դահլիճում նստած Նախագահը, երբ բարձրացավ ամբիոն, ծափահարությունները նույն ուժգնության էին։ Այնպես որ՝ նրան նվիրված օվացիան ու ծափահարությունները, հաստատ, այլ հիմքեր ունեն, ու դրանք կանխելու կամ մեղմելու համար ուրիշ դեղատոմս ու միջոց պետք է մտածել։
է) Վերջում «Բաց նամակի» հեղինակն անդրադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին ու տակնուվրա քննադատում այն որպես «հուսալքող» ելույթ։ Այդ դեպքում ինչո՞ւ Կ. Ռուբինյանն իր ելույթում (որ դրանից շատ ավելի ուշ էր) երկու բառով չանդրադարձավ այդ «վտանգավոր» ելույթին։ Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հնչող բուռն ծափահարություններն էլ մարդկանց «հուսալքության» արտահայտությո՞ւն էր (չեմ կասկածում, բոլորի հետ «հուսալքված» ծափահարել է նաեւ Կ. Ռուբինյանը)։ Հուսալքությունից ծա՞փ են տալի։ Որտե՞ղ թաղենք տրամաբանությունը։ Ոչ թե բարդ քաղաքական, այլ տարրական տրամաբանությունը։
Է) Իսկ այժմ ներկայացնեմ երկու տրամագծորեն հակառակ կարծիք ՀՀՇ-ի մասին.
  1. Մենք՝ ՀՀՇ անդամներս, մեր կուսակցության պետականաստեղծ պատմությամբ եւ մեր դավանած ազատական-ժողովրդավարական համոզմունքներով պարտավորված ենք այդ պայքարի առաջին շարքերում լինել։ Այդ պարտավորվածության զգացումով պիտի ՀՀՇ-ն շարունակի իր կուսակցական գործունեությունը եւ վերջապես իր ներուժին սազական համարձակ նախաձեռնող պայքարողի դեր ստանձնի Հայ Ազգային Կոնգրեսի կազմում»։
  2. «Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպք էլ կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով»։
Ընթերցողը, հաստատ, կռահեց։ Երկու մտքի հեղինակն էլ Կ. Ռուբինյանն է. առաջինը համագումարում նրա ելույթից է, երբ դեռ հայտնի չէին քվեարկության արդյունքները, երկրորդը՝ հաջորդ օրը գրած նրա «Բաց նամակից», երբ արդեն պարզ էին այդ արդյունքները։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 21.հուլիս, 2010

(հմտ. Տպագրվածին եւ ուղղել)