Համաժողովրդական շարժում-Հայ Ազգային Կոնգրեսի
դեմ վարչախմբի գործողությունները ընկալելուն շատ է օգնում 1988թ. Շարժման փորձը։ Ինչպես
1988-ին, այնպես էլ այժմ, իշխանության համար գոյություն ունի համաժողովրդական շարժմանը
հակազդելու, այն չեզոքացնելու երեք հարթություն կամ մեթոդ.
1) ուժային մեթոդ,
2) ներսից քայքայման,
պառակտման մեթոդ,
3) քարոզչությամբ չեզոքացնելու
մեթոդ։
Դրանք ամբողջ ընթացքում իշխանության կողմից
գործադրվում են նաեւ զուգահեռ, սակայն այս կամ այն փուլում վճռական նշանակություն է
տրվում մեկին կամ մյուսին՝ սովորաբար հենց նույն այս հեթականությամբ։
Ուժային մեթոդը
1988-ին, առաջին Համաժողովրդական շարժման դեմ
ուժի կիրառումն սկսվեց մեկ ամիս ուշացումով՝ 1988-ի մարտի 26-ից, երբ զորքեր մտցվեցին
Երեւան, հաստատվեց հատուկ դրություն ու պարետային ժամ։ Իսկ բարձրակետը նույն թվականի
վերջին ու 1989-ի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի եւ Շարժման տասնյակ ակտիվիստների ձերբակալություններն
էին, հարյուրավորների հետապնդումները։ Շարժման տոկունության, միջազգային կարծիք ձեւավորող
կենտրոնների հետ ամենօրյա աշխատանքի շնորհիվ խորհրդային իշխանությունը չկարողացավ մարսել
իր արածը։ Բազմակողմ ճնշման տակ, նա ստիպված էր ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալումից ընդամենը 6 ամիս անց Շարժումը վերականգնված էր ամնահուժկու
հանրահավաքների ու նստացույցերի տեսքով։ Այնուհետ, ուժային մեթոդը, որպես հիմնական
միջոց, դարձավ անօգտագործելի։
2007թ. աշնանը սկիզբ առած Համաժողովրդական շարժման
դեմ ուժային մեթոդն սկսեցին կիրառել հենց սկզբից, առաջին հանրահավաքի նախօրեին (փորձեցին
«օրորոցում խեղդել»). հոկտեմբերի 23-ին ոստիկանության ապօրինի ուժ կիրառեց իրազեկող
խմբի նկատմամբ։ Ուժի ապօրինի կիրառումն իր բարձրակետին հասավ 2008-ի նախագահական ընտրությունների
ընթացքում՝ բազմաթիվ տեղերում ծեծուջարդով, ապա՝ Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ
իրականացված ջարդով ու սպանդով։ Դրան հաջորդեց ապօրինի արտակարգ դրությունը, հարյուրավոր
մարդկանց ձերբակալությունները, հազարավորների հետապնդումները։ Այս դեպքում էլ, սակայն,
շնորհիվ Համաժողովրդական շարժման եզակի համառության, ճշգրիտ մարտավարության ու ամենօրյա
աշխատանքի, դրա հետեւանքները ամբողջությամբ հաղթահարվեցին։ Մարտի 1-ից դեռ լրիվ 4 ամիս
չանցած, հունիսի 20-ին տեղի ունեցավ առաջին հուժկու հանրահավաքը եւ երթը։ Ավելին, իշխանության
կոկորդում որպես սուր ոսկոր մնացին. ա) Ս. Սարգսյանի՝ ոչ լեգիտիմ, ինքնակոչ նախագահ
լինելու համընդհանուր համոզմունքը, բ) Ռ. Քոչարյանի գործը հարյուրհազարավոր քաղաքացիների
ստորագրությամբ Հաագայի դատարան մտնելը, գ) ԵԽ-ում պաշտոնապես շրջանառվող փաստաթուղթը՝Մարտի
1-ին վարչախմբի կողմից, բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացնելու ծանրագույն
մեղադրանքով։
(Անհրաժեշտ մի
բանալի)
Մինչեւ վերեւում նշված 2-րդ եւ 3-րդ մեթոդներին
անցնելը, ներածության կարգով, պետք է ներկայացնեմ երկու հետաքրքիր փաստաթուղթ, որնք
կօգնեն ասելիքս դյուրընկալելի ու համոզիչ դարձնելուն։ Խոսքս վերաբերում է նախկին ԽՍՀՄ
ՊԱԿ-ի հայտնի գեներալ Կալուգինի մի հարցազրույցի («Ավանգարդ», 24.06.1990) եւ ՀԽՍՀ
ՊԱԿ-ի մի զեկուցագրի՝ 1988-ի աշնանը՝ ուղղված ՀԿԿ կենտկոմ (ՀՔԿԿՊԱ, 1.87.15, թ.
120-122)։ Դրանք վերաբերում են ժողովրդական շարժումներին հակազդելու իշխանական պայքարի
ստվերային
զինանոցի միջոցներին ու մեթոդներին, մեզ հետաքրքրող հարցերի հետ կապված ներկայացնում
հետեւյալ պատկերը։ Իշխանությունը (հիմնականում ՊԱԿ-ի իջոցով)՝
ա) նախապես իմանալով, թե ինչ շարժում կարող է սկսվել, ինքն էր
վերցնում նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով այն վերահսկողության տակ պահել.
բ) ստեղծում էր նույն գործով զբաղվող զուգահեռ
կազմակերպություններ՝ սկսված շարժումները պառակտելու, դրանք ներսից քայքայլեու համար.
գ) հավաքագրում
էր կատարվում նոր ստեղծված կազմակերպությունների անդամներից, կամ գործակալներ մտցվում
տվյալ կազմակերպության մեջ՝ այն ներսից քայքայլեու համար.
դ) կար հատուկ ստորաբաժանում, որը շարժումներն ու նրանց ղեկավարներին
վարկաբեկելու նպատակով զբաղվում էր ապատեղեկատվության ու կեղծ լուրերի հորինմամբ ու
տարածմամբ.
ե) շարժումների դեմ քարոզչական պայքարը կազմակերպում էր հասարակական
պատկերացումներում իշխանության հետ չնույնացող մարդկանց ու կազմակերպությունների միջոցով
ու անունից եւ ոչ պաշտոնական իշխանական ելակետից։
Այս ամենը կիրառվել է 1998-ին։ ԿԳԲ-ական զինանոցին
քաջ ծանոթ ռոբասերժական վերչախումը լիուլի օգտվել եւ օգտվում է այս միջոցներից։ Ստորեւ
դա ներկայացնենք երկու շարժումների փորձի համադրմամբ։
Ներսից քայքայման, պառակտման մեթոդը
1988-89-ին, մասնավորապես իշխանության ուժային
հակազդեցության չեզոքացմանը զուգահեռ, սկսեցին ծլել տասնյակ, մի քանի հոգիանոց կազմակերպություններ՝
«ավելի արմատական», «ավելի ազգային», «ավելի անկախական» կարգախոսներով, նույնիսկ՝
«ավելի հակասովետական» կեցվածքով ու ծրագրերով։ Ծլեցին ու ամբողջ ընթացքում նրանց հիմնական
գործը եղավ համազգային համախմբման հասած Շարժմանը մեղադրել նույն այդ ազգային միասնությանը
քայքայելու մեջ։ Ծլեցին ու նրանց հիմնական գործը եղավ Ղարաբաղի համար պայքարող շարժմանը
մեղադրել Ղարաբաղը «մոռանալու», «ծախելու» (մի զարմացեք, այս բառն այն ժամանակից է
գալիս) մեջ։ Ծլեցին ու սկսեցին մեղադրել «Ղարաբաղ» կոմիտեին ապազգային լինելու, անկախության
համար չպայքարելու մեջ եւ այլն։ Նման «կազմակերպությունների» քանակը, մոտենում էր չորս
տասնյակի։ Շարժումը չպառակտվեց, եւ հենց համազգային համախմբմամբ ե՛ւ անկուխությունը
ձեռք բերեց ե՛ւ Ղարաբաղի հարցը լուծեց այնպես, որ այդ ժամանակ որեւէ մեկի մտքով անգամ
չէր կարող անցնել։ Իսկ չորս տասնյակի մոտ այդ «կազմակերպություններն» անհետ վերացան։
Պառակտման իշխանական ծրարգրը, չնայած մանր վնասների ու գլխացավանքի, տապալվեց։ Ասենք,
որ ամենեւին պարտադիր չէր, որ չորս տասնյակի այդ կազմակերպություններն էլ ստեղծված
լինեին իշխանության անմիջական նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Կարելի էր կազմակերպել
այդպիսի մի քանիսը, եւ վարակիչ օրինակը կտարածվեր։ Դա եւս հաշվարկված էր։
Սրա զուգահեռը դժվար չէ տեսնել ի դեմս վերջին
10 տարում բոլորիս ծանոթ, իշխանության կողմից ինստիտուցիոնալիզացված ու փայփայված կեղծ
ընդդիմության տեսքով։ Կարո՞ղ էր Ռ. Քոչարյանը 1998-ին եւ 2003-ին դառնալ նախագահ, եթե
չունենար առաջին դեպքում «ավելի ընդդիմամադիր» Վ. Մանուկյանի, երկրորդ դեպքում՝ դարձյալ
«ավելի ընդդիմադիր» Ա. Գեղամյանի ծանրակշիռ ծառայությունները, որոնք վճռական պահին
լքեցին ընդդիմության հիմնական թեկնածուին։ Կարո՞ղ էր Ս. Սարգսյանը կուլ տալ 2008թ.
կեղծված ընտրությունները եւ դիմակայել համաժողովրդական շարժմանը, եթե նրան չփարվեր
մինչ այդ «ավելի ընդդիմադիր» դիրքերից խաբեությամբ 15% ձայն հավաքած ԱԽՔ-ը։ Ավելի փոքրերի
մասին չեմ խոսում, բոլորն այդ ցանկն արդեն անգիր գիտեն՝ Դաշնակցությունից մինչեւ նոր
սերնդին արդեն անծանոթ Արշակ Սադոյան։ Եւ բոլորն էլ գոհ ու երջանիկ լուռ վայելում են
իրենց նետած իշխանական փեշքեշներն ու փշրանքները։ Այսինքն՝ ի տարբերություն 1988-ի,
վերջին 10 տարում այս մեթոդն աշխատել է։
Կեղծ ընդդիմության թանկարժեք այս մեքենան կործանվեց
այս Շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի շնորհիվ, եւ «երրորդ» ուժ հավաքելու իշխանության
բոլոր փորձերը նույնքան անհեռանկար են, որքան հայտնի ֆիլմում Ադամի արդեն ջախջախված
«Անտիլոպը» վերականգնելը։
Հայ
Ազգային Կոնգրես-համաժողովրդական շարժման պառակտման փորձերը արվել են միշտ։ Արվել է
Հնչակյան կուսակցության, «Հանրապետութուն» կուսակցության, ՀԺԿ-ի, մյուս կուսակցությունների
նկատմամ։ Արդյունք չի տվել։ Հիմնական գրավը, սակայն, ինչպես պարզվեց, դրված է եղել
Հայոց Համազգային Շարժման պառակտելու, այն Կոնգրեսից դուրս բերելու վրա։ Հավաստի աղբյուրներից
հայտնի է դարձել, որ Ս. Սարգսյանը Վաշինգտոն կատարելիք այցից առաջ պարծեցել է, թե ԱՄՆ
կգնա «ՀՀՇ-ն գրպանը դրած»։ Նույն շրջանակներից լուրեր են տարածվել թե՝ «ամռանը Կոնգրեսն
այլեւս չի լինի» եւ այլն։ Ծրագրին շատ մեծ կարեւորություն է տրվել, այնքան, որ վարչախմբի
խնդրանքով դրան օժանդակել են նաեւ արտաքին ուժեր։ Դա դիտվել է որպես Հայ Ազգային Կոնգրեսին
հասցնելիք մահացու ծանրագույն հարված։ Ծրագիրը տապալվեց։ Բայց խնդիրը միայն ծրագրի
տապալման մեջ չէ։ ՀՀՇ վարչության, Հանրապետական խորհրդի, համագումարի շուրջ 700 պատվիրակների,
շարքերի սկզբունքայնության, միահամուռ քաղաքական հաստատակամության եւ ջանքերի շնորհիվ
այն
մահացու հարվածը, որ ըստ իշխանական ծրագրի պետք է հասցվեր ՀՀՇ-ին եւ Կոնգրեսին,բումերանգի
նման, ու տասնապատկված ուժով շրջվեց իշխանության դեմ։ Այդ հարվածը ամբողջական
դարձավ, մասնավորապես, համագումարի բնականոն, առանց էքսցեսների ընթացքով եւ անկորուստ
ավարտով։ Համագումարը դրանով, իմիջիայլոց, նաեւ դարձավ Հայաստանի անկախ հանրապետության
հիմնադիր կուսակցության քաղաքական բարձր հարգի ցուցադրությունն ու ապացույցը։
Քարոզչությամբ
չեզոքացնելու մեթոդը
1988-ի Շարժումն առաջին իսկ օրվանից հանդիպեց նաեւ իշխանության բուռն
դիմադրությանը՝ ամենավտանգավոր որակումներով ու գնահատականներով. «էքստրեմիստից» մինչեւ
«ժողովուրդների բարեկամությունը վտանգող» եւ այլն։ Բայց ինչ-որ պահից պարզվեց, որ իշխանության
կողմից գաղափարական իր պլատֆորմից ու իր անունով արված քարոզչությունը ոչ միայն արդյունք
չի տալիս, այլեւ հակառակ ազդեցությունն է ունենում։ Այստեղ ահա, պետք է գործի դրվեր
ստվերային մեխանիզմը. այդ բանը պետք էր անեին նախ՝ հասարկության աչքում իշխանության
հետ չնույնացող մարդիկ կամ ուժեր, երկրորդ՝ դա պետք է արվեր ոչ իշխանական գաղափարականկան
պլատֆորմից։ Որպես պլատֆորմ ընտրվեց հասարակության համար արտաքուստ գայթակղիչ կեղծ ազգայնականությունը
եւ մաքսիմալիզմը, որպես կատարողներ՝ ժամանակի նոմենկլատուրային մտավորականությունը
եւ սփյուռքահայ կուսակցությունները։ Արդարացի լինելու համար պետք է ասել, որ
Սփյուռքում այդ «բեռը» համարյա ամբողջությամբ իր վրա վերցրեց Դաշնակցությունը՝ իր անհաշտ
հակառակորդ կոմկուսի մամուլում հանկարծ դարռնալով բարձրագույն մի հեղինակություն։ Քարոզչական
արշավանքը թեժանում էր հատկապես այն դեպքերում, երբ Շարժումը իշխանության համար վտանգավոր
ինչ-որ նոր քաղաքական բնագիծ էր նվաճում կամ հասնում էր դրա նախաշեմին։
2007. աշնան առաջին իսկ հանրահավաքներից Հայաստանի
իշխանությունը նույնպես գայթակղություն ունեցավ անմիջապես իր անունց «հակահարված տալ»
Շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին։ Այդ գայթակղությունը երկար ժամանակ
անհաղթահարելի մնաց հատկապես Ռ. Քոչարյանի մոտ։ Սակայն նրա՝ յուրօրինակությամբ փայլող
ամեն մի արձագանք ճիշտ հակառակ ազդեցությունն էր ունենում՝ տասնյակ հազարներով մեծացնելով
Առաջին նախագահի լսարանն ու կողմնակիցների թիվը։ Ասում են՝ այդ առիթով Քոչարյանին ինչ-որ
պահի անգամ իր դժգոհությունն է հայտնել Սերժ Սարգսյանը։ Նույնպիսի հետեւանքն է ունեցել
նաեւ գալուստսահակյանական եւ էդիկշարմազանովական տիպի ու մակարդակի իշխանական գաղափարական
պայքարը։ Իշխանությունը դա վաղուց է հասկացել եւ անհրաժեշտ նախապատրաստություններ տեսել
հենց այն իրավիճակի համար, ինչն առարկայացել է այսօր։
Վերջաբան (ոչ միայն հոդվածի...)
Վարչախումբն ակնհայտ ցայտնոտի եւ խուճապի նշանները
վկայում են, որ նրա համար խնդիրը կենաց ու մահու է։ Կարելի է ենթադրել, որ շատ մոտ
ապագայում նա պետք է անի քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն կարող «մարսել» Հայ Ազգային
Կոնգրեսի առկայության պայմաններում։ Եւ հիմա՝ Կոնգրեսի դեմ պայքարի ուժային եւ պառակտման
հարթություններն ու մեթոդներն սպառած վարչախումբը ամբողջ գրավը դնելու է երրորդի՝ այլ
պլատֆորմով եւ ուրիշների բերանով Կոնգրեսի ու նրա առաջնորդի դեմ «գաղափարական» պայքարի,
տոտալ հակաքարոզչության վրա։՝Սա վերջին ծրագիրն է, որի տակ վարչախումբը այնքան
ջանք ֆինանսական միջոցներ կարող է դնել, որքան գնահատում է իր կյանքը։ Շարժման դեմ
քարոզչությունը, ինչպես 1988-ին, մղվելու է հասարակության մի մասի համար միշտ էլ ավելի
գայթակղիչ՝ կեղծ ազգայնականության ու մաքսիմալիզմի դիրքերից։ Կատարողները լինելու են
ա) այդպես էլ չձեւավորված, բայց իրենք իրենց «ընդդիմադիր» հռչակած «երրորդ ուժի» թեկնածուները,
բ) կեղծ ընդդիմության նմանությամբ ստեղծված, իրականում իշխանության կողմից ֆինանսավորվող
«ընդդիմադիր» կամ «կենտրոնում գտնվող» լրատվամիջոցները եւ լրագրողները, գ) «անկախի»
համարում ձեռք բերած ինքնահռչակ քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Գուցե նաեւ շքանշան
ու մեդալներ ստացած մտավորականներ։ Վերջին շաբաթում ՀՀՇ համագումարի եւ դրանում Առաջին
նախագահ Լեւն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված աննախադեպ արձագանքները վկայում են,
որ իշխանական համընդհանուր քարոզչական հեղեղի սկիզբն ազդարարված է։ Վարչախումբը, մահապարտի
հոգեվիճակում, խուճապի ու ցայտնոտի մեջ, գնում է իր վերջին ճակատմարտին։ Մեզ մնում
է տոկալ, չշփոթվել, եւ կունենանք նույնպիսի հաղթանակ, ինչպես 1990-ին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»,
27.07.2010
Տպագրվածը համառոտված
է մոտ 1000 նիշ
No comments:
Post a Comment