Sunday, July 11, 2010

«Բաց նամակ» երրորդ դեմքով

21.07.2010

Զուտ մարդկային առումով ափսոսում եմ Կարապետ Ռուբինյանի «Հրաժեշտի բաց նամակի համար»։ Համազված եմ, երբ զգացմունքային բարձր ֆոնը իջնի, կվերանայի իր դիրքորոշումը։ Բայց խոսքը հնչել է, տարածվել մասնավորապես իշխանական լրատվամիջոցներով, եւ պատասխան է պահանջում։ Բայց ես էլ, երեւի, իր խոսքերով ասած՝ «ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ» առանձին կետերով, որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի։
ա) Նախապես ասեմ, որ Կ. Ռուբինյանը համագումարում առաջադրվել էր որպես վարչության անդամության թեկնածու, սակայն չի ընտրվել։ Եւ չի էլ թաքցնում, որ դրանից է իր նեղսրտությունը։ Ոչ վաղ անցյալում, լրագրողներից մեկի մի հարցին նա պատասխանել էր, թե ինքը ՀՀՇ «նոմինալ անդամ է»։ «Նոմինալ» բառը, բնականաբար, իմաստային ծանրաբեռնվածություն ունի. «ես ՀՀՇ անդամ եմ» եւ «ես ՀՀՇ նոմինալ անդամ եմ» մտքերը միմյանցից շատ տարբեր են։ Երկրորդը նշանակում է «անվանապես», «ձեւական», «պասիվ» (դաշնակները երեւի կասեին «ինքնասառեցված»)։ Եւ ճիշտ է պատասխանել, իրոք այդպես էր եւ է։ Այդպես էր այն պահից, երբ ավելի քան 10 տարի առաջ նա ըստ էության թողեց կուսակցական գործունեությունը։ Ընկերներս օգնեցին հիշել առիթը, ես ապավինում եմ նրանց հիշողությանը։ Դա 1999 թվականին էր։ Վանո Սիրադեղյանին իր բացակայությամբ համագումարը ընտրել էր վարչության անդամ, իսկ հետո առաջադրել որպես վարչության նախագահ։ Կարոն համարում էր, թե համագումարում ընտրակեղծիք է եղել, որ Վանոն, ներկա չլինելով, չէր կարող ստորագրել իր առաջադրման թերթիկը։ Եւ հայտարարությամբ հեռացավ  ՀՀՇ վարչությունից, կարծեմ ոչ կուսակցությունից։ Համենայնդեպս, դրանից հետո, ուղիղ 10 տարի Կ. Ռուբինյանը որեւէ կերպ չի առնչվել ՀՀՇ կուսակցական գործունեությանը։ Իսկ վերջին անգամ, իր կուսակցականության մասին լրագրողի հարցին պատասխանելով, ասել էր, թե ինքը «ՀՀՇ նոմինալ անդամ է»՝ հաստատելով իր նույն կարգավիճակը։ Նրա վարքագծում այս իմաստով  որեւէ բան չի փոխվել նաեւ վերջին 3 տարիների ընթացքում։ Շեշտում եմ՝ նկատի ունեմ միայն կուսակցական գործունեությունը, ոչ թե որպես անհատ լուրջ ներգրավվածությունը Համաժողովրդական շարժման եւ Կոնգրեսի աշխատանքներին եւ գնահատելի ներդրումը։ Հիմա երկու հարց։ Առաջին. բացի կուսակցական ակտիվ աշխատանքից, ուրիշ ի՞նչ չափանիշով պետք է առաջնորդվեին պատվիրակները, որպեսզի նրան ընտրեին կուսակցական գործունեության ամենաթեժ գծում՝ ՀՀՇ վարչության կազմում։ Երկրորդ. ինչո՞ւ է տարածքային կառույցի ղեկավարումը թողած, իրեն հրապարակավ «ՀՀՇ նոմինալ անդամ» համարող մարդը նեղսրտում ու զարմանում, որ ինքը չի ընտրվում ՀՀՇ վարչության կազմում։ Միայն այն բանի համար, որ ինքը Կարապետ Ռուբինյա՞նն է։ Ոչ մեկը չի ուրանում նրա աշխատանքը ՀՀՇ-ի իշխանության տարիներին, վերջին տարիներին Շարժման մեջ, Հայ Ազգային Կոնգրեսում, քաղբանտարկյալ լինելու հանգամանքը եւ այլն։ Բայց այս ամենում չկա կուսակցական աշխատանքը, իսկ կուսակցության վարչությունը, համաձայնեք, պետք է կազմավորվի բոլորովին այլ սկզբունքներով։ Հակառակ դեպքում ոչ թե «Բրեժնեւի թաղումը» կհիշեինք, այլ կստանայինք բրեժնեւյան շրջանի կենդանի պոլիտբյուրոն՝ կազմված ըստ նախկին վաստակի, ոչ թե ըստ օրվա գործնական աշխատանքի։ Կուսակցական աշխատանքի։
բ) Ասում է. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են»։ Որո՞նք են այդ «դիտարկումները»,  որո՞նք են այդ «տեղեկությունները»։ Ինչո՞ւ է վիրավորում հաշվիչ հանձնաժողովի մեկ տասնյակից ավելի կուսակցական ընկերներին՝ պատվիրակների, որոնց համագումարը միաձայն հաստատեց որպես հաշվիչ հանձնաժողով։ Այդ «դիտարկումների» եւ «տեղեկությունների» մասին ինչո՞ւ չխոսեց համագումարում, երբ քվեարկությունն արդեն վաղուց ավարտված էր եւ մի քանի ժամ ելույթի հնարավորություն կար։ Ինչո՞ւ որոշեց այդ մասին խոսել ընտրության արդյունքների հրապարակումից հետո։ Նման մեղադրանք կլինե՞ր, եթե ինքն էլ ընտրված լիներ։ Հաշվիչ հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ ինչպես Կ. Ռուբինյանին, այնպես էլ ցանկացած շահագրգիռ անձի պատրաստ է տրամադրել քվեարկության հետ կապված ողջ փաստաթղթային նյութը՝ վերահաշվարկ անելու համար։ Կարծում եմ՝ նրանք իրավունք ունեն նաեւ պատիվ պահանջել իրենց հասցեին արված վիրավորանքի համար։
գ) Հիմա «օրինակելի ցուցակների մասին», որոնք նման, եւ ցանկացած այլ ընտրությունների ժամանակ ինքը Կ. Ռուբինյանն էլ է համարում «նորմալ երեւույթ եւ ողջունելի»։ Դժգոհում է, որ այդ ցուցակները տրվել են «ընտրովի մարդկանց, ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջալով, որ «պապին ասել ա Ռուբինյանը չպիտի անցնի»։ Մի կողմ թողնենք սեփական անձի գերագնահատման պահը (իր գործն է), «պապին» էլ, թող ոչ մեկը չկասկածի, շատ ավելի կարեւոր գործեր ունի։ Թերթերից մեկի հարցին էլ պատասխանելով՝ Կ. Ռուբինյանը ասում է, թե՝ եղել է նաեւ «ոչ օրինակելիների ցուցակ», որի մեջ, բացի իր անունց, եղել նաեւ Գրիգոր Ոսկերչյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը»։ Տրամաբանություն եմ փնտրում... եթե եղել է «օրինակելի ցուցակ», դրա հետ միասին ի՞նչ իմաստ ուներ «ոչ օրինակելիների» ցուցակը։ Մի՞թե զգացմունքը կարող է այս աստիճան խեղդել տրամաբանությունն ու բանականությունը։
 Իսկ ըստ էության ասեմ միայն հետեւյալը։ Հայտնի է, թե ՀՀՇ-ի հետ կապված ինչ խնդիր կար նախահամագումարյան շրջանում, ինչի մասին համագումարում խոսեց նաեւ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նկատի ունենալով խնդրի վտանգավորության բարձր աստիճանը, նախահամագումարյան շրջանում ՀՀՇ վարչության  անդամներից կազմված մի քանի խմբեր հանդիպումներ են ունեցել շուրջ 700 պատվիրակների հետ՝ անցկացրել բազմաժամ զրույցներ եւ խորհրդակցություններ։ Ինչպես պրոբլեմը անկորուստ հաղթահարելու, այնպես էլ կազմակերպության աշխատանքների արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու ենթատեքստում, որպես մասնավոր հարց, բնականաբար, քննարկվել է նաեւ նոր վարչության կազմի չափանիշներն ու սկզբունքները։ Այդ 2-3 շաբաթվա ընթացքում ինչ եղել է որպես նախընտրական միջոցառում, բնական ու անհրաժեշտ նախընտրական քարոզչություն, այն ամենը ինչ եղել է համագումարում, մազ անգամ դուրս չի եկել օրինականության ու ժողովրդավարության շրջանակներից։ Ավելացնեմ, որ, կարծեմ միայն ՀՀՇ-ում է, որ վարչությունն ընտրվում է փակ քվեարկությամբ։
դ) «Պարոն Տեր-Պետրոսյանն այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունն այլախոհությունից», - գրում է Կ. Ռուբինյանը։  Ինքն է ասում։ Ես ոչինչ չեմ ավելացրել։ Իսկ ի՞նչ է ասում։ Ասում է, որ ինքը պրոֆեսիոնալ այլախո՞հ է։ Որ դա իր փեշա՞կն է, մշտական կեցվա՞ծքը, հատկանի՞շը։ Ասում է, որ անկախ հարցից, առաջարկվող լուծումից, ինքը միշտ ա՞յլ կարծիք ունի։ Եւ եթե ինքը չլինի՝ ՀՀՇ վարչությունում այլ կարծիք, բանավեճ չի՞ լինի։ Հիշում եմ՝ ըստ էության նույն բանը՝ «փնթփնթալը» որպես բնավորության առաջնային գիծ, իր մասին ասել էր նաեւ հարցազրույցներից մեկում՝ ոչ այն է՝ «ինքնաքննադատաբար, ոչ այն է՝ պարծենալով։ Եւ դա համարում է որպես կարեւոր քաղաքական որա՞կ։
ե) Անդրադառնում է հարցերի, որոնց կարեւորություն տալը, մեղմ ասած, տարակուսելի է, կամ սազական սկսնակ լրագրողի։ Օրինակ՝ ինչո՞ւ վարչության հաշվետվությունը կարդաց ոչ թե Արարատ Զուրաբյանը, այլ Արամ Մանուկյանը։ Նախ Կանոնադրության մեջ ոչ մի տեղ չի գրված, որ վարչության հաշվետվությունը պետք է ներկայացնի նախագահը։ Մանավանդ, որ այդ պահին չկար վարչության նախագահ, կար նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող գործադիր քարտուղարը։ Հենց վերջինիս առաջարկությամբ եւ վարչության ու Հանրապետական խորհրդի որոշմամբ դա հանձնարարվեց Արամ Մանուկյանին։ Ընդ որում՝ շատ պարզ մի պատճառով. նկատի ունենալով ձայնային տվյալը եւ խոսքի որակը։ Չեմ ուզում մանրամասն խոսել, բավարարվում եմ միայն իմ զարմանքը հայտնել այնպիսի «մեղադրանքների» առթիվ, ինչպես Նախագահի՝ թիկնապահներով դահլիճ մտնելը։ Տեւական ժամանակ բարձր պետական պաշտոն վարած, պետական պահպանության ինստիտուտին քիչ թե շատ ծանոթ մարդու մոտ նման հարցի առաջացումը, կներեք, դուրս է իմ պատկերացումներից։  Կամ՝ ասում է, թե, իբր, ծափահարություններ ստանալու համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարքի է դիմել. մի քանի րոպե ուշ է մտել դահլիճ, որպեսզի բուռն լինեն ծափահարությունները։ Ճիշտն ասած՝ ինքս ամաչում է վերարտադրել այսօրինակ մտքերը։ Չէ՞ որ իր իսկ ներկայությամբ, արդեն մոտ մեկուկս ժամ դահլիճում նստած Նախագահը, երբ բարձրացավ ամբիոն, ծափահարությունները նույն ուժգնության էին։ Այնպես որ՝ նրան նվիրված օվացիան ու ծափահարությունները, հաստատ, այլ հիմքեր ունեն, ու դրանք կանխելու կամ մեղմելու համար ուրիշ դեղատոմս ու միջոց պետք է մտածել։
է) Վերջում «Բաց նամակի» հեղինակն անդրադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին ու տակնուվրա քննադատում այն որպես «հուսալքող» ելույթ։ Այդ դեպքում ինչո՞ւ Կ. Ռուբինյանն իր ելույթում (որ դրանից շատ ավելի ուշ էր) երկու բառով չանդրադարձավ այդ «վտանգավոր» ելույթին։ Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հնչող բուռն ծափահարություններն էլ մարդկանց «հուսալքության» արտահայտությո՞ւն էր (չեմ կասկածում, բոլորի հետ «հուսալքված» ծափահարել է նաեւ Կ. Ռուբինյանը)։ Հուսալքությունից ծա՞փ են տալի։ Որտե՞ղ թաղենք տրամաբանությունը։ Ոչ թե բարդ քաղաքական, այլ տարրական տրամաբանությունը։
Է) Իսկ այժմ ներկայացնեմ երկու տրամագծորեն հակառակ կարծիք ՀՀՇ-ի մասին.
  1. Մենք՝ ՀՀՇ անդամներս, մեր կուսակցության պետականաստեղծ պատմությամբ եւ մեր դավանած ազատական-ժողովրդավարական համոզմունքներով պարտավորված ենք այդ պայքարի առաջին շարքերում լինել։ Այդ պարտավորվածության զգացումով պիտի ՀՀՇ-ն շարունակի իր կուսակցական գործունեությունը եւ վերջապես իր ներուժին սազական համարձակ նախաձեռնող պայքարողի դեր ստանձնի Հայ Ազգային Կոնգրեսի կազմում»։
  2. «Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպք էլ կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով»։
Ընթերցողը, հաստատ, կռահեց։ Երկու մտքի հեղինակն էլ Կ. Ռուբինյանն է. առաջինը համագումարում նրա ելույթից է, երբ դեռ հայտնի չէին քվեարկության արդյունքները, երկրորդը՝ հաջորդ օրը գրած նրա «Բաց նամակից», երբ արդեն պարզ էին այդ արդյունքները։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 21.հուլիս, 2010

(հմտ. Տպագրվածին եւ ուղղել)

No comments:

Post a Comment