Wednesday, July 21, 2010

ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՈՒ ԱՆՏԻՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՋՐԲԱԺԱՆԸ

21.07.2010

(Ելույթ ՀՀՇ 16-րդ համագումարում)

Հարգելի պատվիրակներ,
Հաճախ համարվել է (նույնիսկ գիտության մեջ), թե ժողովուրդների, պետությունների ճակատագրերը կախված են եղել այնպիսի գործոններից, ինչպես երկրի աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները, բնակչության քանակը, հարեւանները, կրոնական տարբերությունների հանգամանքը, նույնիսկ պատահականություն ու բախտ եւ այլն։ Գուցեեւ դրանցից ամեն մեկն ինչ-որ մի ժամանակահատվածի համար կամ մի դրվագում որոշակի դեր կարող է խաղալ, առաջնային թվալ։ Սակայն բավական է միայն փոքր-ինչ փոխել խնդրի դիտարկման տեսանկյունը եւ ակնհայտ կդառնա, որ այդ ամենից առաջ ամեն մի ժողովրդի ճակատագրում առաջնային ու վճռորոշ դեր է խաղացել նրա քաղաքական միտք։ Առողջ, կենսունակ, իրատեսական քաղաքական միտքը։ Խոսքը, բնականաբար, չի վերաբերում անհատների կամ դրա տեսական դրսեւորմանը։ Խոսքը վերաբերում է երկրի ու ժողովրդի համար գործնականում որպես պատասխանատու հանդես եկող իշխանության, ուժի կամ կազմակերպության, որը գործադրել է այն, առաջնորդվել դրանով։ Երբ առողջ քաղաքական միտքը տկարացել է՝ եղել են պարտություններ, երբ խեղաթյուրվել, ոչնչացել է՝ եղել են կորուստներ։ Իսկ երբ դրան փոխարինել է, այսպես ասենք, անտիքաղաքական միտքը, եղել են արհավիրքներ ու անդառնալի կորուստներ։ Նույն այդ անտիքաղաքական մտքի հաստատման ու դրա գործադրման հետեւանքով է, օրինակ, որ մենք սոսկալի արհավիրք ու անդառնալի կորուստներ ունեցանք 90-100 տարի առաջ։

Ինչի՞ համար էր այս նախաբանը։ 2000 թվականից ի վեր ձեւավորված քոչարյանասերժական ռեժիմն առաջնորդվում է նույն այդ անտիքաղաքական մտքով։ Սրանց հիմնած ավազակապետության բերած վնասներն ու կորուստները բազմազան են եւ բոլոր բնագավառներում. Տնտեսությունից սկսած՝ մինչեւ լեզու, երկրի ու ժողովրդի կողոպուտից սկսած՝ մինչեւ արժեքային ողջ համակարգի այլասերում, հումանիտար աղետից սկսած՝ մինչեւ արտաքին քաղաքական ֆիասկո, Հայոց Ցեղասպանության ուրացում եւ այլն։ Բայց այս ամենը հետեւանքներ են, անխուսափելի հետեւանքներ են հենց այն արժեքի ոչնչացման, որը կոչվում է քաղաքական միտք, քաղաքական որակ։ Ամենադաժան բռնապետություններն անգամ ունեն որոշակի քաղաքական էություն, քաղաքական սկզբունքներ, այլ բան է, որ մերժելի։ Ավազակապետությանը դա հակացուցված է ընդհանրապես, դա նրա համար մահացու է։ Հենց դա է պատճառը, որ ի սկզբանե քոչարյանասերժական վարչախմբի թիվ մեկ թիրախը Հայաստանի քաղաքական դաշտն էր՝ քաղաքական մտածողության, քաղաքական որակի, քաղաքական երեւույթի ոչնչացումը։ Ավազակապետության էությունը անտիքաղաքական է։
Հիշենք՝ ի՞նչ թեմաների շուրջ էին քաղաքական բանավեճեր ընթանում մինչ այդ 1990-ից գործող խորհրդարանում, մամուլում եւ այլն։ Նման բանավեճերի համար, խորհրդարանի ամբիոնից զատ, լիակատար բաց էին ռադիոն ու հեռուստատեսությունը։ Ընդդիմադիր էր, ըստ էության, ողջ մամուլը։ Նույնիսկ «Հայքն» ավելի շատ ընդդիմադիր հոդվածներ էր տպագրում ՀՀՇ-ի իշխանության տարիներին։ Հիշենք՝ այդ ժամնակ որեւէ մեկը խոսո՞ւմ էր, թե որեւէ ընդդիմադիր կուսակցություն ծախվեց իշխանությանը։ Դրա կողքին՝ այսօրվա թեմատիկան, փակ եթերը։ Հիշենք նաեւ ժամանակին որպես երդվյալ ընդդիմադիր հակաքոչարյանական ու հակասերժական տասնյակ ուժերի ու գործիչների, որոնք այսօր թառած են զանազան տաքուկ տեղերում՝ Հանրային խորհրդից մինչեւ խորհրդարան ու կառավարություն, կամ՝ տանը լուռ նստած վայելում են ծախվելու դիմաց ստացած վճարը։ Անունները չեմ թվարկում զուտ հումանիստական նկատառումներով՝ խնայելով ձեր լսելիքը։ Խնդիրը ծախվողը չէ։ Խնդիրը գնողն է, որը դրանով ոչ այնքան քաղաքական հակառակորդ է զեզոքացնում, որքան նպատակ ունի սպանել քաղաքական բառն ու երեւույթը եւ հուսախաբության ու խաբված վիճակի մատնելով հասարակությանը՝ նրա աչքում հեղինակազրկել, բացասականի վերածել արգահատանքի արժանացնել այն, ինչը կոչվում է քաղաքական գործ, քաղաքականություն։ Համաձայնենք, որ այս ուղղությամբ ավազակապետական վարչախումբը հասել է արդյունքի։ Բայց այս կերպ խնդիրը մինչեւ վերջ չէր կարող լուծել, քանզի Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ չէ եւ բոլորը չէին, որ առուծախի էին ենթակա։ Ուստիեւ մյուսների նկատմամբ էլ այլ մեթոդներ պետք է կիրառեր. հետապնդումներ, աշխատանքից հեռացում, կենսապայմաններից զրկում եւ այլն։ Սրան ավելացրած՝ նրանց հեռու պահել զանգվածային տեղեկատվության միջոցներից, քարոզչական հնարավորություններից եւ այլն։
Վարչախմբին չհաջողվեց խնդրի ամբողջական լուծումը։ Վերջին 10 տարվա ընթացքում, բարեբախտաբար, գտնվեցին ուժեր, որոնք պայքարեցին ազգակործան ու պետականաքանդ այդ երեւույթի դեմ։ Բարեբախտաբար, գտնվեց նաեւ հասարկության ստվար մի զանգված, որ սոցիալական բազա դարձավ իրենց քաղաքական հատկանիշն ու էությունը չուրացած ու չկորցրած այդ ուժերի համար։ Եւ հենց սոցիալական այդ բազայի ու քաղաքական այդ ուժերի համատեղմամբ է, որ անտիքաղաքական վարչախմբի դեմ պիտի ծնվեր համաժողովրդական այն շարժումը, որը միայն կարող էր պայքարը հասցնել մինչեւ վերջ։ Խնդիրը ջրբաժանի հստակեցման մեջ էր. Մի կողմից՝ իրական ընդդիմադիր, քաղաքական էություն ու հատկանիշ ունեցող, մյուս կողմից՝ կեղծ ընդդիմադիր կամ քաղաքական էություն ու հատկանիշ չունեցող ուժերի ջրբաժանի։ Հիշեցնենք՝ խոսքը դասական իրավիճակի մասին չէ, երբ քաղաքական հատկանիշ կարող է ունենալ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ Խոսքը ավազակապետական իշխանության մասին է։ 2003 թ. նախագահական ընտրություններում արդեն մի փորձ կատարվեց հստակեցնել այդ ջրբաժանը։ Գուցե դեռ ժամանակը լրիվ հասունացած չէր. ընդդիմադիր դաշտում շարունակեցին մնալ ու գործել կեղծ քաղաքական ուժեր։ 2008թ. դա ստացվեց։ Նախընտրական դաշինք –նախագահական ընտրություն – Մարտի 1- աննախադեպ բռնաճնշումներ – Հայ Ազգային Կոնգրես ճանապարհն անցած ու միասնական մնացած ուժերը հստակեցրին քաղաքականի ու անտիքաղաքականի ջրբաժանը։
Այս հիմքի կամ իրողությունների գիտակցման ու ճանաչման վրա է, որ ի թիվս այլ հարցերի՝ համոզիչ պատասխան են ստանում հաճախ շրջանառվող երկու հարց կամ հարցադրում.
Ա) Որքանո՞վ կարող է ամուր լինել Կոնգրեսը՝ որպես տարբեր գաղափարախոսություններով կամ քաղաքական ուղղվածություններով կուսակցությունների միություն։
Հայ Ազգային Կոնգրեսն իրենց քաղաքական հատկանիշը պահպանած ուժերի միություն է՝ ընդդեմ անտիքաղաքական ավազակապետության։ Նրա նպատակը սահմանադրական կարգի, օրինականության, այն պայմանների վերականգնումն է, որի մեջ միայն կարող են գործել քաղաքական ուժերն՝ անկախ իրենց դավանած գաղափարախոսություններից ու քաղաքական սկզբունքներից։ Ըստ այդմ՝ նրանց միավորում է շատ ավելի հզոր ու կենսական մի հանգամանք, ուստիեւ գաղափարախոսական նմանություններն ու տարբերություններն այս դեպքում դեր չունեն։ Երբեմն հաստատված ռեժիմի դեմ պայքարը որակվել է որպես ազգային-ազատագրական։ Նման որակում ընդունված է տալ օտար նվաճողների դեմ մղվող պայքարին։ Սակայն այս դեպքում, ըստ էության, չափազանցություն չկա։ Համենայնդեպս, պատմության մեջ էլ, դժվար է հիշել մի տասնամյակ, երբ օտար տիրապետությունը խաղաղ պայմաններում այսքան պատուհաս բերեր մեր ժողովրդին։ Օտար նվաճողի, առավել եւս օտարից ավելի վնասաբեր նվաճողի դեմ պայքարում ծիծաղելի է խոսել գաղափարախոսական տարբերությունների մասին։ Այստեղ կամ պետք է լինես ազատագրական պայքարի մարտիկ, կամ՝ թշնամու հետ համագործակցող։   

բ) Իշխանությունը գործում է բռնության ու ապօրինության դաշտում, եւ նրա դեմ ապարդյուն կարող է լինել օրինական, քաղաքական պայքարը։
Ավազակապետական իշխանության երազանքն է՝ ընդդիմությանը ճակատամարտ տալ իր սեփական՝ ապօրինության ու բռնությունների դաշտում։ Իշխանությունը թույլ է եւ անկար քաղաքական, օրինական դաշտում, ուստիեւ նրա դեմ պայքարը պետք է տանել հենց այդ դաշտում։ Եւ դա Հայ Ազգային Կոնգրեսին, մեծ հաշվով, հաջողվել է։ Հենց այդ ճանապարհով է, որ առարկայացել են Հայ Ազգային Կոնգրեսի հաջողությունները, երկրի ներսում եւ արտաքին աշխարհում մեծացել է նրա քաղաքական կշիռը, եւ վերջնական հաղթանակը դարձել է ժամանակի ու տեխնիկայի հարց։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայք», 21.07.2010





No comments:

Post a Comment