Թող տարօրինակ չհնչի, սակայն ներկա ռեժիմի արդեն շուրջ 15 տարվա գոյատեւման գաղտնիքներից մեկն այն է, որ նա ծրագրում եւ կատարում է մարդկային բանականությունից ու ամենամղձավանջային պատկերացումներից դուրս քայլեր։ Մարդկային մտածողությանն ու պատկերացումներին հատուկ որոշակի իներցիան նման դեպքերում թույլ չի տալիս միանգամից ընկալել եւ հավատալ ակնհայտ ծրագրին կամ տեղի ունեցած քայլին։ Հենց նման մի քայլով՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրով է ծնունդ առել այս ռեժիմը։ Եւ կարողացավ ապրել միայն այն պատճառով, որ հասարակությունը, անգամ իրադարձությունների կենտրոնում գտնվող մարդիկ չկարողացան միանգամից հավատալ սեփական աչքով տեսածին։ Ակնհայտ է, չէ՞, որ իրադարձությունները բոլորովին այլ ընթացք կունենային, եթե ինչպես հասարակությունը, այնպես էլ տվյալ իրադարձությունների կենտրոնում գտնվողները կատարվածի մասին անմիջապես ունենային նույն համոզմունքն ու պատկերացումը, ինչին եկան հետո, աստիճանաբար։ Ընդ որում՝ դրան գալու խանգարող հանգամանքը ոչ այնքան այդ պահին փաստերի ու կռվանների պակասն էր, որքան հենց կատարվածի անհավատալի ու անպատկերացնելի լինելու իներցիան չհաղթահարելը։ Մինչ դա տեղի կունենար, սակայն, արդեն ուշ էր որեւէ բան շտկելու համար։
Նույն այս բանաձեւով, ահա, Ռ. Քոչարյանի, ապա Ս. Սարգսյանի գլխավորած ներկա ռեժմը առ այսօր կատարել ու առայժմ մարսել է քայլեր, որ անպատկերացնելի են ու անհավատալի։ Այդ քայլերից յուրաքանչյուրը դուրս է անգամ ամենածանր քրեական հանցանքի, ամենազազրելի դավաճանական ակտի շրջանակներից ու դրանով իսկ՝ անհավատալի.
- Ո՞վ կհավատար, որ Հայաստանի իշխանությունն իր ձեռքով Լեռնային Ղարաբաղին կզրկի հակամարտության եւ բանակցային կողմ լինելու միջազգայնորեն ամրագրված մանդատից։ Չէ՞ որ այդ մանդատի ձեռքբերումը հայկական դիվանագիտության ամենամեծ նվաճումն էր՝ իր քաղաքական նշանակությամբ հավասար ռազմական հաղթանակներին, իսկ բանակցային պրոցեսում, որպես հաղթաթուղթ՝ շատ ավելի կարեւոր։ Ավելի թանկարժեք նվեր Ադրբեջանի (եւ ոչ միայն Ադրբեջանի) համար դժվար էր մտածել։
- Ո՞վ կհավատար, թե որեւէ մեկի գլխում կարող է ծագել Մեղրին Լաչինի հետ փոխանակելու դիվային ծրագիրը։
- Ո՞ւմ մտքով կանցներ, թե որեւէ հայ մարդ, էլ չասենք՝ Հայաստանի առաջին պաշտոնյան, կարող էր պաշտոնապես հայտարարել, թե Հայաստանը հողային պահանջներ չունի Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիայից։ Այսինքն՝ ծախել, առաջին հերթին՝ ողջ սփյուռքահայության գուրգուրանքի առարկա եւ գոյատեւման հիմք «Հայ դատը»։ Ժամանակին նման բան արել էր ԽՍՀՄ մի ղեկավար պաշտոնյա եւ անգամ խորհրդային իրականության պայմաններում դարձել ողջ հայ ժողովրդի արգահատանքի առարկան։
- Ո՞ւմ մտքով կանցներ, որ որեւէ հայ մարդ, էլ չասենք՝ Հայաստանի առաջին պաշտոնյան, կուրանա Հայոց ցեղասպանությունը՝ միջպետական գրավոր պայմանագրում նախատեսելով «պատմաբանների հանձնաժողով»՝ Ցեղասպանության լինել-չլինելու հարցն ուսումնասիրելու եւ պարզելու համար։ Ավելի թանկարժեք նվեր Թուրքիային եւ ավելի ծանր հարված, առաջին հերթին՝ սփյուռքահայությանը, դժվար էր մտածել։
- Ո՞ւմ մտքով կանցներ, որ անկախ երկրի իշխանությունը բնակչությանը արտագաղթի, ավելի ճիշտ՝ բռնագաղթի ենթարկելու, «Հայաստանն առանց հայերի» ծրագիր կմշակի ու կիրականացնի՝ դրա մեջ տեսնելով իր անվտանգության երաշխիքը։ Եթե դեռ կասկածող կա, թող պարզապես նայի իր նեղ շրջապատը։
- Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի որեւէ իշխանություն, հազարավոր անգամ գերազանցելով սովորական մարդկային ընչաքաղցության սահմանները՝ երկրի ժողովրդին կկողոպտի, կնվաստացնի, կստորացնի տասնյակ անգամ ավելի, քան դա արել է որեւէ նվաճող ողջ պատմության ընթացքում։ Եւ սա քաղաքական-քարոզչական չափազանցություն չէ, այլ հեշտությամբ ապացուցելի գիտական թեզ։
Հիմա այս ամենն իրականություն է, մղձավանջային իրականություն։ Ու դժվար, որոշ դեպքերում՝ անհնար է լինելու ինչ-որ բան ետ շրջել, վնասը վերականգնել։ Այս ամենը այն դրամն է, որով ռեժիմը իշխանության պահպանման համար վճարել ու վճարում է դրսին, եւ այն միջոցները, որ նույն նպատակով գործադրում է ներսում։ Իսկ այս ամենն իրականություն է դարձել, քանի որ երբ առաջին անգամ ինչ-որ բանի մասին ասվել է, ոչ մեկը չի հավատացել՝ այնքան որ դա մարդկային բանականության ու պատկերացումների շրջանակներում անհավատալի է թվացել։ Գործող ռեժիմի համար անհավատալի ոչինչ չի կարող լինել։ Եւ այս թվարկումը դրա ապացույցն է։ Բայց այս թվարկումն ինքնանպատակ չէ, այլ՝ այդ ֆոնին շատ համառոտ ներկայացնելու համար եւս մի անհավատալի թվացող փաստ, որպեսզի վաղը դրա համար էլ չասենք՝ «ո՞վ կհավատար», «ո՞ւմ մտքով կանցներ»։
Խոսքը վերաբերում է Զանգեզուրին։
Մի քանի ամիս առաջ հայտնի դարձան ու հրապարակվեցին գաղտնի պահված փաստաթղթեր։ Ըստ այդմ՝ Իրանի ադրբեջանցիներին ոչխարաբուծության համար նախապատրաստվում են վարձակալությամբ Զանգեզուրում տրամադրել 50.000 հեկտար արոտավայր։
Մի քանի անվիճելի փաստ։ Մոտ հարյուր տարի առաջ, անորոշության ճակատագրական շրջանում երկու հայ ստրատեգ զորավարներ՝ Անդրանիկը եւ Նժդեհը, միմյանց փոխարինելով, պահեցին Զանգեզուրը։ Առանց հայաբնակ Զանգեզուրի՝ Հայաստան չէր լինի։ Առանց Զանգեզուրի՝ Հայաստանը միութենական հանրապետություն չէր լինի, եւ չէր լինի այսօրվա անկախ Հայաստանը։ Այսօր էլ առանց Զանգեզուրի՝ Հայաստանը (որպես հայկական պետություն) չի լինի։Աշխարհագրական իր բացառիկ դիրքով այն որքան կենսական է Հայաստանի համար, նույնքան կենսական նշանակություն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Թե պանթուրքիզմը որքանով է այսօր անցած էտապ կամ կենսունակ՝ մի կողմ թողնենք, բայց Զանգեզուրը ակնհայտորեն միակ ուղեփակոցն է, որ խանգարում է Թուրքիային՝ «ազգակիցների տարածքով», ցամաքային ուղով Միջին Ասիա դուրս գալու ճանապարհին։
Այս ամենի ֆոնին հիշատակված «արոտավայրերի վարձակալությունը» տնտեսական խնդիր չէ։ Դա «Մեղրիի փոխանակման» սքողված ու ավելի թանկ տարբերակն է։ Դա Զանգեզուրում ժողովրդագրության, ազգային կազմի փոփոխման՝ իր հրեշավորությամբ անպատկերացնելի ծրագրի սկիզբ է։ Դա փողի կամ իշխանության դիմաց Զանգեզուրը ծախելու խնդիր է, ինչի կողքին խամրում են ժամանակին Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցով ստալինյան որոշումները։ Իշխող ռեժիմի քաղաքական բնութագրի ու գոյատեւման միջոցների ընտրության արդեն հայտնի խորապատկերում դա զարմանալի չէ։ Այսօր իր զարհուրելիության մեջ այն անհավատալի է թվում, վաղը դրա դեմն առնելն ուշ կլինի։
No comments:
Post a Comment