«Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է» տարածված արտահայտությունը օգտագործվում էր 2011թ. գարնանը, երբ Տգրան Կարապետիչը 10 տարվա ամենօրյա հեռուստատեսային նախապատրաստությունից հետո աղմկոտ մի հանրահավաք արեց։ Շատ «անհատ քաղաքական գործիչներ» եւ միայնակ «կուսակցապետեր» վազեցին հարթակ՝ «Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է» դրոշով։ Հետո մի տեսակ անհարմար վիճակում հայտնվեցին, երբ միակ այդ հանրահավաքը հաջորդը չունեցավ, եւ փուչիկի պես պայթեց Կարապետիչի «քաղաքական ֆենոմենը»։ Նույն կարգախոսով դրոշը թափահարելով՝ ավելի մեծ թվով մարդիկ հրապարակ վազեցին նաեւ վերջին նախագահական ընտրություններից հետո՝ Րաֆու հանրահավաք-հացադուլ-ծոմին։ Երբ այն ավարտվեց «Զորավարի» հետ «Լերան աղոթքով», էս փուչիկն էլ պայթեց։ Ու կրկին «մի քիչ անհարմար» վճակում հայտնվածները հիմա իրենց պատեպատ են խփում սեփական վարքը բացատրելու համար՝ կառչելով «ես այնտեղ էի, որտեղ ժողովուրդն էր» փրկօղակից։
Այս կարգախոսը կրկնողներին թվում է, թե դրանով իրենց քաղաքական գործիչ լինելն են շեշտում։ Լավագույն դեպքում՝ դա կենցաղային «շուստրիություն» է, քծնանք՝ ժողովրդի հասցեին։ Որպես քծնանք՝ այն կարելի է հասկանալ, նույնիսկ ընդունել, սակայն իրականում դա շատ ավելի վատ բան է։ Իրականում դա մի տեսակ բացատրություն/արդարացում է իրական քաղաքականությունից հեռու, ավելի ճիշտ՝ այն որպես պարզ բիզնես դիտող մարդկանց համար։ Այդ կարգախոսին են ապավինում նարցիցիզմի, մեծամոլության, նաեւ թերարժեքության եւ այլ բարդույթներով տառապող, այդ հիմքի վրա ընդհուպ հոգեկան հիվանդության հասած մարդիկ։ Այս կարգախոսից, որպես քող, օգտվում է մարդկանց եւս մի տեսակ, որը, թվարկված հատկանիշներից զատ, առաջին հերթին՝ զուրկ է ամեն տեսակ սրբություններից, ընդունակ է, մատնությունից ու «քցելուց» սկսած՝ ամեն ինչի։ Ուշադիր հետեւեք՝ այդ մարդիկ միմյանց նման են մի բանով. նրանք երբեք ինքնուրույն որեւէ քաղաքական գործ չեն արել։ Կամ՝ եթե փորձել են, ապա ձախողվել են խայտառակ ձեւով։
Պատահական չասացինք, որ այդ կարգախոսը նրանց համար մի տեսակ բացատրություն/արդարացում է։ Խնդիրն այն է, որ ո՛չ Կարապետիչը, ո՛չ Րաֆֆին հիշյալ գործիչների կողմից մինչ այդ իրականում երբեք լուրջ չեն ընկալվել։ Ավելին՝ շատերն իրենց քամահրական վերաբերմունքը նրանց նկատմամբ մինչ այդ արտահայտած են եղել հրապարակավ կամ առնվազն իրենց «քաղաքական շրջապատում»։ Եւ հանկարծ, երբ իրերի բերումով՝ սրանց շուրջ ժողովուրդ է հավաքվում, նույն այդ մարդիկ հայտնվում են հարթակում՝ «ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է» կարգախոսով։ Գնում են՝ նրան (ժողովրդին) առաջնորդելու։ Լինել քաղաքական առաջնորդ՝ չի նշանակում պարզապես գնալ ժողովրդի առջեւից։ Անգամ ոչ բանական կենդանական աշխարհում՝ երամի, հոտի, երամակի, վտառի դեպքում այդքան կրավորական չէ առաջնորդի դերը։ Առաջնորդը, քաղաքական գործիչը պետք է ինքնուրույն գործի, գնալու ուղղության մասին ինքը որոշում կայացնի, ոչ թե գող կատվի նման մարաղ մտած սպասի, թե ով որտեղ է ժողովուրդ հավաքում, որ գնա ու տեղավորվի առաջին շարքերում։ Ու երբ ոմանք խոսում են «ժողովրդի իմաստուն բնազդի» մասին, դա էլ ոչ միայն քծնանք է, այլ նաև քաղաքական գործչի՝ սեփական անճարության ու անկարության խոստովանություն։ Եթե լիներ «ժողովրդի իմաստուն բնազդ», չէր լինի նաեւ առաջնորդի կարիք։
Այսինքն՝ «Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է» բանաձեւը ոչ թե արդարացում, առավել եւս՝ ոչ թե պարծենալու առիթ, այլ խայտառակություն է ինքն իրեն քաղաքական գործիչ համարող յուրաքանչյուրի համար։ Ոչ թե այն պատճառով, որ դա, ինչպես ասացինք, այլ բան չէ, քան լավագույն դեպքում՝ քծնանք ժողովրդի հասցեին։ Դա ոչինչ։ Դա խայտառակություն է՝ ըստ էության։ «Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է» խոսքը ճիշտ բանաձեւ է հանրահավաքների ժամանակ արեւածաղիկ վաճառող տատիկների համար։ Նրանք, իրոք, միշտ այնտեղ են, որտեղ հանրահավաք կա, որտեղ ժողովուրդ կա հավաքված։ Քաղաքական գործիչը արեւածաղիկ վաճառող տատիկից տարբերվում է նրանով, որ չպիտի սպասի, տեսնի, թե որտեղ է որեւէ առիթով կամ որեւէ մեկի շուրջ ժողովուրդ հավաքվում, որ գնա այնտեղ։ Քաղաքական գործիչ նա է, ում ինքնուրույն քաղաքական գործունեության շնորհիվ է նրա շուրջ քաղաքական թիմ, դաշնակիցներ եւ ժողովուրդ հավաքվում, ով ոչ թե պարզապես հոսանքի առջեւից գնացող է, այլ առաջնորդող, հոսանքի ուղղությունը որոշող:
No comments:
Post a Comment