Tuesday, June 4, 2013

Հայ ազգային կոնգրեսն ստեղծել է այդ դպրոցը


Այս թեմայով կարելի էր գրել տասնյակ այլ առիթներով։ Դրանցից ժամանակագրորեն վերջինը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից մեկի՝ Սարգիս Գեւորգյանի ֆեյսբուքյան հարցազրույցն էր «Ազատություն» ռադիոկայանով։ Նրա փոխարեն կարող էին լինել նաեւ նրան տարեկից շատ-շատ ուրիշներ ։
Եթե շատ չիջնենք մեր պատմության խորքերը, ապա 1988 թվականից ի վեր՝ ամբողջ մի տասնամյակ, հայ ժողովուրդը, ըստ էության, առաջին անգամն էր, որ հանդես էր գալիս որպես քաղաքական սուբյեկտ եւ քաղաքական գործոնի դեր ուներ։ Եւ դրա հիմքերից մեկն այն էր, որ հիշյալ թվականից սկսված ժողովրդավարական շարժումը, իր այլ կարեւոր հատկանիշների թվում, առաջին հերթին՝ քաղաքական կրթության համալսարան ու դպրոց էր։ Թող ամեն մեկը հիշի, թե ինչպիսին էին իր պատկերացումները շարժման սկզբում, եւ ինչպիսին էին 2-3 տարի հետո։ Եւ ամեն մեկը թող հիշի հանրահավաքներում ելույթների բնույթը։ Ուրիշները (նաեւ մեր հարեւան երկրները) նույնպես ունեցան նման շարժումներ, բայց քաղաքական այդ դպրոցը չունեցան։ Անկախության մեկնարկից ի վեր, այլոց հետ համեմատած՝ մեր դժվարությունները քառակի մեծ էին։ Դրանք հնարավոր եղավ հաղթահարել, անլուծելի թվացող խնդիրները՝ լուծել, նաեւ այն բանի շնորհիվ, որլայն զանգվածներն անցան քաղաքական այդ համալսարանը, իրադարձությունների կենտրոնում գտնվող հարյուրավոր գործիչներ ձեռք բերեցին քաղաքական այդ դպրոցի տված որակները։
Ժողովրդի քաղաքական կրթության 90-ականների այդ որակը եթե չասենք ոչնչացվել, ապա խաթարվել էր ավազակապետական ռեժիմի շրջանում։ Խաթարվել էր նաեւ ծրագրված, քանզի միայն այդ դեպքում ռեժիմը կարող էր իրեն ապահով զգալ։ Դա, բնականաբար, շատ լավ գիտեր համաժողովրդական շարժման եւ Հայ ազգայն կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա բոլոր ելույթները, ամեն ինչից զատ՝ նաեւ քաղաքական ուսուցման դասախոսություններ էին ի սկզբանե։ 2008-ի փետրվարյան հանրահավաքներում նա ուղիղ դիմեց երիտասարդությանը՝ ասելով, թե հրապարակն է նրանց համար իրական համալսարանը։ Իսկ ավելի ուշ՝ 2011թ. շուրջօրյա հանրահավաքների ժամանակ դա շեշտեց ավելի որոշակի. «Գիտեք, որ 1988-ից սկսած՝ այս հրապարակը եղել է ոչ միայն ժողովրդի քաղաքական գործունեության ասպարեզ, այլ նաեւ համալսարան, իրական համալսարան, որտեղ ժողովուրդը գիտելիք է ստացել, եւ ժողովրդի արձագանքի շնորհիվ հսկայական ուսումնառություն ենք ստացել մենք: Մենք ոչ միայն ձեզ սովորեցրել ենք, այլև, գուցե ավելի շատ՝ ձեզանից ենք սովորել եւ հիմա էլ սովորում ենք: Նոր սերունդը՝ այս վերջին 25 տարվա սերունդը, արդեն երկու համալսարան անցել է` մեկը՝ 1988 թվականին, մյուսը` 2008 թվականին» (ելույթ հանրահավաքում 01. 10. 2011)։
Այսինքն՝ ինչպես հայկական առաջին ժողովրդավարական շարժման շրջանում, այնպես էլ հիմա՝ վերջին ավելի քան 5 տարվա ընթացքում Հայ ազգային կոնգրեսի կողմից քաղաքական կրթության խնդիրը դիտվել է որպես առաջնահերթ գործնական հարց՝ ինչպես սահմանադրական կարգի վերականգնման եւ մնացած հարցերը։
Հարյուրավորների ու հազարավորների հետ Սարգիս Գեւորգյանն էլ անցել է այդ համալսարանը՝ ի սկզբանե լինելով, թերեւս, ամենակրտսեր «ուսանողը»։ Նա հիմա 21 տարեկան է։ Ամբողջ 1 ժամ նրան ուղիղ եթերում տրվեցին բազմատեսակ հարցեր, նաեւ նուրբ ու բարդ, նաեւ սադրիչ ու «կեղտոտ»։ Պատասխանները բոլոր դեպքերում կոռեկտ, վստահ, անշփոթ, զուսպ էին, նաեւ՝ անվրեպ։ Օրինակներ չբերենք։ Միայն մեկը՝ նմուշի համար։ Հարց. «Ինչպե՞ս ես վերաբերվում քո այն հասակակիցներին, ովքեր, ի տարբերություն քեզ, ճանապարհներ են փնտրում ծառայելու հանցագործ ռեժիմին»։ Հարցը լսելիս դժվար է պատկերացնել, որ արդեն մոտ երկու տարի ազատազրկման դատապարտված ու ողջ այդ ընթացքում ամեն պահի անազատության մեջ հայտնվելու վտանգի տակ գտնվող 21-ամյա երիտասարդի պատասխանում կոշտ, գոնե սառը խոսքեր կամ բացասական մի բան չլինի իր հասակակից, բայց հակապատկեր մարդկանց մասին։ Պատասխանը ապշեցուցիչ է. «Նրանց մեր հակառակորդները չեմ համարում։ Նրանք ընդամենն իրավիճակի զոհեր են։ Այլ իրավիճակում նրանք իրենց կպահեն բոլորովին այլ կերպ, երբ որ դոմինանտը հասարակության մեջ լինեն կրթված ու բանիմաց մարդիկ, եւ ո՛չ կիսագողական այդ դեմքերը։ Նրանք (այդ դեպքում) միանգամից կփորձեն նմանվել նրանց, եւ ոչ թե քծնել կիսագողականին կամ հանրապետականին։ Ամեն ինչ կախված է, թե նրանց ինչպես կդաստիարակի իշխանությունը։ Իսկ իշխանությունը այսօր բոլորին դաստիարակում է այնպես, որ հեռանկարը տեսնեն միայն այդ կիսագողականին, օլիգարխներին, հանցագործներին քծնելու ու նրանց թայֆաներում ներգրավված լինելու մեջ»։
Սա Հայ ազգային կոնգրեսի դպրոցն է, ոչ միայն քաղաքական, այլև շատ ավելի լայն առումով։ Այս դպրոցն ունի հարյուրավոր ու հազարավոր «շրջանավարտներ»։ Հայաստանում դեռ չի լուծվել սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը։ Ու եթե փորձենք թվարկել ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրը լուծելու համար, ապա դրանց մեջ ամենակարեւորը քաղաքական դպրոցն է։ Հայ ազգային կոնգրեսն ստեղծել է քաղաքական այդ դպրոցը։ 


Աշոտ Սարգսյան

No comments:

Post a Comment