Tuesday, August 27, 2013

Որովհետև դեռ չենք քաղել երկուհազարամյա պատմության ամենակարևոր դասը


«Պատմությունից դասեր քաղելու» կոչ-հորդորը ամենահաճախ հանդիպողներից մեկն է։ Այնքան հաճախ է այն հանդիպում եւ այնքան բազմազան, նաեւ՝ այդ պատմությունից անտեղյակ մարդկանց կողմից, որ այն, մի տեսակ, առարկայականությունից զրկվել, դարձել է հռետորական մի ֆրազ։ Իսկ առարկայական բան կա՞ դրա մեջ, թե՞ ի  սկզբանե մտահղացվել է հենց որպես այդպիսին՝ խելոք, գիտակ ու խորիմաստ  երեւալու գեղեցիկ մի խոսք։  
Պատմությունն, իրոք, կարող է ակտիվ ներգործություն ունենալ տվյալ ժողովրդի ներկայի վրա, ազդել նրա արժեքային համակարգի, քաղաքական մտքի ձեւավորման, դրանով իսկ՝ վարքագծի ու գործելակերպի վրա, ավելի արդյունավետ դիմակայել ներկայի մարտահրավերները, գտնել զարգացման ու բարգավաճման ավելի լայն ճանապարհ։ Բայց դրա համար պետք է ունենալ չաղավաղված, չխեղաթյուրված, չկեղծված, հավաստի պատմություն։
Այս երկու գիտակցումն էլ ունեցել է հայ քաղաքական, պատմագիտական միտքը՝ սկսած 5-րդ դարից։ Պատմահայր Խորենացին իր «Հայոց Պատմության» սկզբում մանրակրկիտ եւ ընդարձակ բացատրություններ ունի, ըստ էության, հենց պատմության՝ որպես ներկայի վրա ազդող ակտիվ քաղաքական գործոնի մասին։ Եւ այդ բացատրությունների պսակը, բանաձեւը նրա հայտնի խոսքն է. «Թեեւ մենք քանակով քիչ ենք, փոքրաթիվ, զորությամբ տկար եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, սակայնմեր աշխարհում էլ են բազմաթիվ արիական գործեր եղել, գրով հիշատակվելու արժանի»։ Գերխիտ այս բանաձեւումն այլ մեկնաբանությունների կողքին ունի նաեւ հետեւյալ իմաստը. անցյալի «արիական գործերի» իմացությունը կարեւորագույն ներգործություն ունի ներկայում ապրող ժողովրդի հոգեկերտվածքի, ազգային ինքնության, ինքնագիտակցության, արժանապատվության, ոգու, ուստիեւ՝ քաղաքական ակտիվ վարքագծի ձեւավորման, նրա կենսունակության բարձրացման համար։ Հենց այս նկատառումով, Խորենացու վկայությամբ, իրենցից շատ առաջ գիր ու պատմագրություն ունեցող մեր հարեւանները կա՛մ դիտավորյալ չեն արձանագրել մեր նախնիների «արիության գործերը», նրանց կատարած ներքին «բարեկարգումները», կա՛մ նույնիսկ կեղծել, ոչնչացրել են, եթե այդպիսիք արդեն եղել են գրված, քանզի նրանց համար՝ «...պարծանք եւ պատիվ չէր օտար ազգերի քաջությունը եւ արիական գործերը հիշատակելը»։ Օտարների նման վարմունքն ինչ-որ տեղ բացատրելի համարելով՝ Պատմահայրը մի ամբողջ գլուխ է նվիրում անխնա քննադատելու «մեր առաջին թագավորների եւ իշխանների անիմաստասեր բարքը», որոնք չեն հասկացել այդ խնդրի կարեւորությունը եւ հոգ չեն տարել գրել ու հիշատակել իրենց ու իրենցից առաջ եղածների «քաջությունը եւ արիական գործերը» ։
Այսինքն՝ պատմությունը արհամարհելը, նվաստացնելը, արժեզրկելը, պատմական իրողություններն ուրանալը, պատմությունը կեղծելը շա՜տ հին մեթոդ է, տվյալ ժողովրդի դեմ օտարի, հակառակորդի կողմից կիրառելի թշնամական, դիվերսիոն գործողություն՝ նրան թուլացնելու, խոցելի դարձնելու, կազմալուծելու, ընդհուպ ոչնչացնելու նպատակով։ Գիտակցելով վտանգը՝ դրա դեմ հայ քաղաքական, պատմագիտական միտքը կռիվ է տվել 5-րդ դարից ի վեր։ Թշնամական այդ գործողությունը, մասնավորապես՝ ի դեմս թուրքական եւ ադրբեջանական պատմագիտության, շարունակվում է այսօր։
***
Հիմա, դեռ 5-րդ դարում Խորենացու տված այս դասը սերտած, վերադառնանք ներկա իրողություններին։
«Պատմությունից դասեր քաղելու» հորդորը հնչում է հատկապես շրջադարձային պահերին։ Այդպիսին էր 1988-90 թթ. համաժողովրդական շարժման եւ անկախ պետականության հիմնադրման շրջանը, երբ առավելագույնս օգտագործվեցին «պատմության դասերը»։ Հակադրվելով ավելի քան երեքհարյուրամյա պատմական փորձին եւ այդ ընթացքում ձեւավորված ավանդական պատկերացումներին՝ Համաժողովրդական շարժման, ապա նորանկախ Հայաստանի իշխանության կողմից որդեգրվեցին մի շարք սկզբունքներ, ինչպես՝ ապավինել միայն սեփական ուժերին, ունեցած ռեսուրսների համեմատ ձեւակերպել քաղաքական խնդիրները, հրաժարվել «մշտական թշնամու» կարծրատիպից, մերժել արտաքին քաղաքական օրիենտացիան («մշտական բարեկամ»), հարեւանների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ այլն։ Սկզբունքները նույնքան, երբեմն՝ ավելի կարեւոր են, որքան ռեսուրսները։ Սակավ ռեսուրսների եւ ծանրագույն իրավիճակի պայմաններում հիշյալ առողջ սկզբունքների գործադրմամբ 1988-1998թթ. գրանցվեցին արդյունքներ, որոնց համարժեքը դժվար է գտնել հետխորհրդային որեւէ հանրապետությունում։ Դրա համարժեքը դժվար է գտնել Հայոց պատմության վերջին հազարամյակի պատմության որեւէ տասնամյակում։ Իսկ 1998-ին հաջորդած շրջանում ականատես ենք միայն այդ ձեռքբերումների մսխմանն ու ոչնչացմանը։
***
1998-ին կատարված պետական հեղաշրջմամբ քաղաքական սկզբունքների եւ պետականության հիմնադրույթների, երկրի քաղաքական ընթացքի մեջ տեղի ունեցավ շրջադարձ։ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 3-ի հրաժարականի հայտարարության մեխը այդ շրջադարձի, այդ ամենավտանգավոր իրողության արձանագրումն էր. «Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»։ Բայց դա դեռ քիչ էր. խնդիրն ավելի խորացավ 1999թ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, ավելի ճիշտ՝ արդեն կատարված հեղաշրջման ավարտական փուլով։ Շրջադարձի անկյունն ավելի մեծացավ, եւ երկրի քաղաքական ընթացքն ուղղվեց դեպի ավազակապետական ռեժիմի հաստատում։
Ամենալավատեսական պատկերացումներով անգամ 1990-ից ի վեր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե ղարաբաղյան հակամարտությունն ու պատերազմը կունենան հաղթական այն արդյունքը, ինչ եղավ։ Մեր պատմության մեջ համարժեք մի դրվագ գտնելու համար պետք է ճանապարհորդել պատմության խորքերը՝ հարյուրավոր տարիներ։ Եւ դա ունեցավ նաեւ մի այլ, շատ կարեւոր հոգեբանական արդյունք։ Հայ հասարակության մեջ քայլ առ քայլ տեղի տվեց ավանդական, հարյուրամյակներով կարծրացած՝ թույլի, խեղճի, թշվառի, անօգնականի, ճնշվածի, անգամ՝ ցեղասպանության զոհի բարդույթը։ Դրան փոխարինեց հաղթողի, «արիական գործերի» ունակի, ուժեղի, կարողի հոգեբանությունը։ Իր հերթին՝ այն ունեցավ ածանցյալ արդյունքներ՝ որպես անխուսափելի հետեւանք բորբոքելով մարդկանց ազգային արժանապատվության, ազատության եւ հպարտության զգացումը։ Հաղթողի հոգեբանությամբ, ազգային եւ մարդկային արժանապատվությամբ, ազատության զգացումով օժտված անհատը, ժողովուրդը խոչընդոտ է ոչ միայն հարեւանի ագրեսիվ նկրտումների, այլ նաեւ իրեն ունեզրկել, կողոպտել, իրավազրկել, ճորտացնել փորձող սեփական իշխանության համար։ Դա լուրջ խոչընդոտ էր 1998-ի հեղաշրջման երկրորդ փուլի ավարտից հետո մեկնարկած՝ ավազակապետության հաստատման ճանապարհին։ Ավազակապետության հաստատման ճանապարհին կար նաեւ երկրորդ մի վտանգ՝ նույն այդ հաղթանակների՝ «արիական գործերի», «բարեկարգումների» առաջնորդն իր հսկայական քաղաքական կապիտալով։
1999-ի Հոկտեմբերի 27-ից հետո իշխանական ողջ քարոզչական մեքանան լծվեց այդ երկու խոչընդոտների վերացման կամ վտանգների չեզոքացման գործին։
Դրա համար պետք էր կեղծել սեփական պատմությունը։
Մի կողմ թողնելով ղարաբաղյան հակամարտությունն ու Ադրբեջանը՝ ռեժիմը, որպես իր քարոզչության առաջնահերթություն, որդեգրեց երկու ուղղություն։ Առաջին՝ որպես «ցրտի, մթի ու խավարի» տարիներ ներկայացնել հերոսական պատերազմի շրջանը։ Դրանով հասարակությունը պիտի ազատվեր հաղթողի հոգեբանությունից եւ դրանից ածանցյալ «վտանգավոր» այլ հատկանիշներից։ Երկրորդ՝ ներկայացնել, թե Առաջին նախագահը կա՛մ «տեղյակ չի եղել», կա՛մ «դեմ է եղել»հաղթանակներին։ Դրանով պիտի նվազեցվեր նրա քաղաքական կապիտալն ու ակտիվ քաղաքական ասպարեզ վերադառնալու ռեսուրսը։ Կեղծիքը թերթերով ու լիովին վերահսկվող երկու տասնյակ հեռուստաալիքներով (չվերահսկվող մեկ-երկու հեռուստաընկերությունները փակվեցին) սփռվում էր ամե՛ն օր, անընդհա՛տ։ Իշխանական հրահանգով կեղծիքը գնաց մտավ ընդհուպ ակադեմիական հիմնարկներ, բուհական ու դպրոցական դասագրքեր (հիշենք ԵՊՀ «Հայոց պատմության» խայտառակ պատմությունը)։ Կոմունիստական պրոպագանդան այնքան չէր քարոզում կոմունիզմի կառուցումը, որքան ռեժիմը վերջին 13 տարում քարոզել է այս երկու գաղափարները։
Մեր պատմությունն այսպես, դեռ Պատմահայր Խորենացու վկայությամբ՝ վաղնջական ժամանակներից, հանուն իրենց ազգային շահերի կեղծել են օտարները, թշնամիները։
Առ այսօր, մեր աչքի առջեւ, դարձյալ հանուն իրենց ազգային շահերի՝ այդ բանը շարունակում են անել դարձյալ օտարները՝ ի դեմս թուրքական եւ ադրբեջանական պատմագիտության։
Ի տարբերություն օտարների ապարդյուն անցած ջանքերի՝ երբ նույն գործին լծվել է «հայրենի» ավազակապետական ռեժիմը,արդյունքն ակնհայտ է՝ քաղաքացիների բարոյալքման, Հայաստանի աղետալի դատարկման, ազգային կյանքի ոչնչացման, պետականության խարխլման տեսքով։
Որովհետեւ դեռ չենք քաղել երկուհազարամյա պատմության ամենակարեւոր դասը։

Saturday, August 24, 2013

Եւ սա չափազանցություն չէ ամենևին


Վերջերս ձեռքս ընկավ նոր լույս տեսած մի գիրք (Անահիտ Աստոյան. Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923թթ. , Երևան 2013)։ Թերթեցի և, ուշագրավ համարելով՝ 144-րդ էջից դուրս գրեցի հետևյալ հատվածը.
 «Օսմանյան կայսրությունում 1915 -1923թթ. թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց մեծ եղեռնի հետևանքով հայերի կրած նյութական կորուստը կազմում է այնպիսի աստղաբաշխական թիվ, որ մարդկային ուղեղը, թերևս, ի վիճակի չէ հաշվարկել։ Հաշվարկը դժվարանում է նաև այն պատճառով, որ ճշգրիտ հայտնի չէ արևմտահայության ունեցվածքի չափը։ Ահա Կարնո հայության ունեցվածքի կողոպուտի մասին մի վկայություն. «Գաղթականության շրջանին միայն յայտնեցավ Կարնո հայութեան նիւթական հարստության չափը, զարմանք պատճառելով բոլորին։ Հարստություն մը, որուն մեկ փոքր մասը եթէ գործածուէր ինքնապաշտպանության գործին, կրնար հրաշքներ գործիլ և փոխել Բարձր Հայքի և շրջակա գավառների հայության ճակատագիրը։ Բռնագաղթը միայն դուրս թափեց պահված և հաճախ ուրացված այդ հարստությունները» (ընդգծումն իմն է)։
Մեջբերված հատվածում խոսքը չի վերաբերում բռնագաղթի ենթարկվածների թողած ամբողջ ունեցվածքին, այլ՝ ինչը որ հնարավոր էր վերցնել գաղթի ճանապարհին՝ հիմնականում կանխիկ դրամի, ոսկու տեսքով։ Իրենց հետ վերցրած այդ հարստությամբ տարագրման ճանապարհին, ըստ նկարագրության, ամեն մեկը կաշառում էր ուղեկցող «ասկյարներն»՝ մի բաժակ ջրի, մի կտոր հացի, ինչ-որ բան անելու կամ չանելու, բռնաբարվածների ու սպանվածների ճակատագիրը չկիսելու համար և այլն։ Մինչև վերջանում էր ամեն ինչ, և բոլորն արժանանում էին նույն բախտին։
Թե որքան հետաքրքիր է Թուրքիայում հայության՝ հսկայական հարստության տեր լինելու մասին այս արձանագրումը՝ որպես պատմական փաստ՝ թողնենք պատմաբաններին։ Մեզ համար գրքում զետեղած սույն վկայությունը կարևոր է  բոլորովին այլ տեսանկյունից։
Ըստ այդմ՝ երկու հարցադրում.
Ա) Բազմաթիվ այլ աղբյուրներ նույնպես արձանագրում են, որ հայությունը Թուրքիայում հսկայական հարստության տեր է եղել։ Ինչո՞ւ դրա փոքր մի մասը չի ներդրվել ինքնապաշտպանական խնդիրներ լուծելու համար։ Մեջբերված խոսքի հեղինակի դիտարկումը Կարինի մասին, թե՝ դա «կրնար հրաշքներ գործիլ և փոխել Բարձր Հայքի և շրջակա գավառների հայության ճակատագիրը», անվիճելի է և նույն կերպ վերաբերում է Արևմտյան Հայաստանի բոլոր շրջաններին։ Այն տեղերում, որտեղ նյութական և այլ ներդրումներ արվեցին ինքնապաշտպանության նպատակով, իրոք, բնակչությունը բոլորովին այլ ճակատագիր ունեցավ։ Եթե պատկերացնենք, թե ինքնապաշտպանության գործին նվազագույն ներդրումն արված լիներ ամբողջ Արևմտյան Հայաստանի մասշտաբով, ապա՝ ոչ մի կասկած, որ ոչ միայն բոլորովին այլ կլիներ ամբողջ երկրի ճակատագիրը, այլև ընդհուպ՝ այսօրվա Հայաստանի սահմանները։ Ինչո՞ւ չարվեց այդ ներդրումը։
Բ) Ցեղասպանության  մասին վավերագրական ու վավերագրական հիմքով՝ գեղարվեստական գրականությունից բոլորին են ծանոթ բռնագաղթի սահմռկեցուցիչ տեսարանները. մի քանի հարյուր կամ մի քանի հազար տեղահանվածների քարավանը հարյուրավոր կիլոմետրեր քշում տանում են... մեկ- մեկուկես տասնյակ «ասկյարներ»՝ նրանց ենթարկելով ստորացումների, բռնաբարությունների, թալանի, սպանությունների։ Հասկանալի զգացումներն ունենալուց հետո, այնուամենայնիվ, մի հարց է առաջանում. ի տես այս ամենի՝ բռնագաղթվողները օրեր ու շաբաթներ շարունակ հլու-հնազանդ ենթարկվում են ընդամենը մեկ-մեկուկես տասնյակ «ասկյարների»։  Ինչո՞ւ այս մի քանի հազար մարդը, թեկուզ անզեն, չի հարձակվում և վնասազերծում իրենց ստույգ մահվան քշողներին։
Երկու դեպքում էլ պատասխանը նույնն է. ամեն մեկը մտածել է, թե իր բախտը կբերի, ինքը չի արժանանա հարևանի ճակատագրին, որ արհավիրքն իրեն կշրջանցի, որ կարող է փրկվել թուրք պաշտոնյային կամ զինվորին կաշառելով և այլն, ուստիև չի գնացել նվազագույն նյութական զոհողության և նվազագույն անձնական ռիսկի։ Իսկ արդյունքը եղավ այն, որ ամբողջ մի ժողովուրդ ցեղասպանության ենթարկվեց՝ ունենալով դրանից խուսափելու համար անհրաժեշտ տասնապատիկ, գուցեև հարյուրապատիկ ավելի միջոցներ և ռեսուրսներ։ 
***
Ոմանց չափազանցություն է թվում, երբ այսօրվա իրավիճակը համեմատվում է հենց Ցեղասպանության շրջանի հետ։ Բայց առաջին նման համեմատություն անողները վարչախմբի քաղաքական ընդդիմախոսները չեն եղել, այլ, ասենք՝ Շարլ Ազնավուրը։ Երկրորդ՝ հետևանքների առումով դրանք նույնական են։ Աբդուլ Համիդի կազմակերպած առաջին զանգվածային ջարդերից սկսած՝ 30 տարի տևեց, մինչև Արևմտյան Հայաստանը դադարեց հայության համար ազգային գոյատևման ու ազգային զարգացման տարածք ու միջավայր լինելուց, իսկ նրա անչափելի հարստությունն անցավ թուրքերն։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունն իր հայտնի հետևանքներով 100 տարի առաջ իրականություն դարձավ երկու գործոնների շնորհիվ. առաջին՝ թուրքական իշխանության ծրագրած քաղաքականությունը, երկրորդ՝ հայության կողմից վտանգի ոչ համարժեք ընկալումը, ոչ համարժեք հակազդեցությունը։
Միայն Ս. Սարգսյանի իշխանության օրոք արտագաղթի պաշտոնական թիվը անցնում է 300.000-ը։ Ռեժիմի 15 տարիների ընթացքում, խաղաղ պայմաններում, արտագաղթողների ընդհանուր թիվը կես միլիոնի չափ է։ Մեկուկես միլիոն զոհեր, բնականաբար, չկան։ Բայց կան մեկուկես միլիոն մարդիկ, ում բնականոն կյանքն ու ճակատագիրը խաթարվել, առողջությունը խեղվել է ռեժիմի պատճառով։ Եւ այս դեպքում էլ, ըստ էության, գործ ունենք նույն երկու գործոնի հետ.առաջին՝ վարչախմբի ծրագրված քաղաքականությունը (ինչի մասին բացառիկ ցինիզմով հայտարարեց վարչապետ Տ. Սարգսյանը), երկրորդ՝ ժողովրդի զգալի մի մասի կողմից վտանգի ոչ համարժեք ընկալումը և ոչ համարժեք հակազդեցությունը։ Արտագաղթի այսօրվա աճող տեմպերով՝ ևս մի քանի տարի, և այս Հայաստանն էլ, Արևմտյան Հայաստանի նման, կդադարի հայության համար ազգային գոյատևման ու ազգային զարգացման տարածք ու միջավայր լինելուց։ Նյութական միջոցների կողոպուտի իմաստով էլ հայտնի է, որ (ըստ միջազգային փորձագիտական գնահատականների) ամեն տարի ռեժիմը կողոպտում է երկու բյուջեի չափ հարստություն։ Դա նշանակում է, որ առ այսօր այդ թիվը կազմում է նվազագույնը 25-30 միլիարդ դոլար։ Կողոպուտն ամբողջ թափով դեռ շարունակվում է։
Եթե, ի տարբերություն 100 տարի առաջվա, չփոխվի ժողովրդի մտածողությունը, եթե հաշվի չառնվի 100 տարի առաջվա դասը, ապա տասնամյակներ անց մի այլ պատմաբան ցավով, ափսոսանքով, նաև՝ մեղադրական տոնով, որպես ամոթանք՝ կարձանագրի, որ մարդկային և նյութական այդ ռեսուրսների «մի փոքր մասը եթէ գործածուէր ինքնապաշտպանության, ազատության գործին, կրնար հրաշքներ գործիլ, փոխել Հայաստանի Հանրապետութեան և ողջ հայութեան ճակատագիրը»։ Մանավանդ, որ 100 տարի առաջ արևմտահայության հակառակորդը օտար հսկայական մի կայսրություն էր, այսօրվա հակառակորդը՝ ընդամենը սեփական թափթփուկների փոքր մի հավաքածու։


Thursday, August 22, 2013

Բնակչության ունեզրկումը ռեժիմի համար առաջնահերթ քաղաքական խնդիր է


Վերնագրում արտահայտված միտքը դժվար հավատալի մի թեզ է թվում։ Քանզի իշխանության պահպանման տեսանկյունից տրամաբանականը հակառակն է. ընդհանուր բարեկեցության բարձրացումը ցանկացած իշխանության ապահովության երաշխիք է։ Եւ այս կանոնը միայն ժողովրդավարական հասարակությունների համար չէ. այն գործել է բոլոր ժամանակներում եւ բոլոր տիպի իշխանությունների դեպքում` սեփական թե օտար։ Նույնիսկ ոչ օրինակարգ իշխանությունները այս կերպ կարող են իրենց նկատմամբ հանդուրժողականության որոշակի մթնոլորտ ստեղծել։
Շատ հին-հին դարերից աշխարհում գործել է եւս մեկ կանոն՝ մարդը արժեք է համարվել: Արժեք է եղել ոչ միայն ազատ քաղաքացի՛ն, գյուղացի՛ն, առեւտրակա՛նը, արհեստավո՛րը, բանվո՛րը։ Արժեք են եղել նաեւ ստրո՛ւկը, ճո՛րտը, դրանց համար պատերազմներ են մղվել։
Հայաստանում 2000 թվականից հաստատված ռեժիմը շեղվում է այս կանոններից եւ գործում դրանց ճիշտ հակառակ։
Երեւանի Ծածկած շուկայի՝ որպես հուշարձանի ավերմամբ ծնունդ առավ եւս մի «Երեւան սիթի» հսկայական խանութ։ Մասնագետների դիտարկմամբ՝ քաղաքի չափերի համեմատ՝ նման սուպերմարկետների թիվը վաղուց գերազանցել է աշխարհում գոյություն ունեցող նորմերը։ Արդեն ոչ թե մասնագետները, այլ ամեն մեկը կարող է արձանագրել, թե յուրաքանչյուր նման նորաբաց սուպերմարկետի շրջակայքում քանի մանր ու միջին խանութներ են մեռնում (կամ դրանք չնչին գներով ձեռք են բերում եւ աշխատեցնում նույն սուպերմարկետների տերերը)։ Հասարակության պատկերացումներում սա օլիգարխի ագահության, ընչաքաղցության դրսեւորում է ընդամենը։ Տարածված պատկերացումն ու գնահատականն այդպիսին է, եթե անգամ համարեն, որ դրանում Սերժը 50% փայ ունի՝ Սաշիկ եղբոր դեմքով։ Գուցե գործարար Սամվել Ալեքսանյանի համար տնտեսական բացատրությունն ընդունելի է։ Սակայն դա չէ իրական բացատրությունը։ Սերժ Սարգսյանի ու նրա ռեժիմի համար առաջնահերթ է դրա քաղաքական շարժառիթը։ Իսկ քաղաքական շարժառիթը միջին դասի ունեզրկումն ու վերացումն է, որ այս ռեժիմի առաջնահերթ նպատակներից է եղել ի սկզբանե։ Որովհետեւ ամսական, ասենք, 1000 եւ ավելի դոլոր եկամուտ ունեցող, ինքնապահովման նվազագույն խնդիրներն ինքնուրույն լուծող մարդը կարող է հավակնել նաեւ իր սահմանադրական ազատությունների եւ իրավունքների իրացմանը, նա դուրս է իշխանության անմիջական թելադրանքի ոլորտից, չի տրվում 5000 դրամ ընտրակաշառքի։
Նույն սխեման է աշխատում նաեւ գյուղում։ Տարիներ առաջ գյուղատնտեսական հիմնական մթերքների հասունացման սեզոնին գյուղերում կյանքը եռում էր։ Միրգը հաճախ ծախված էր դեռ ծառի վրա։ Ե՛ւ արտահանող կազմակերպություններ կային, ե՛ւ իրենք գյուղացիներն էին իրենց բերքը դուրս տանում, ե՛ւ հատկապես հարեւան Վրաստանից էին գնորդները լցվում դաշտերը։ Չգիտեմ՝ ինչ է ասում վիճակագրությունը, բայց աչքով տեսածի եւ մարդկանց պատմածի հիման վրա վստահ կարելի է ասել, որ, օրինակ, ծիրանի բերքից գյուղացին այս տարի կարող էր մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ ստանալ, եւ այն կորցրեց։ Կորցրեց, որովհետեւ դրա արտահանումը մենաշնորհի է վերածվել ինչ-որ «Սպայկա» ընկերության համար։ Վերջինս շուկայում մրցակցությունը վերացնելու միջոցով արհեստականորեն իջեցրեց մթերման գները։ Բայց նա չէր կարող մթերել ամբողջը, եւ բերքի մեծագույն մասը պարզապես փչացավ։ Այստեղ էլ հարցը խնդրի տնտեսական բացատրությունը՝ «Սպայկայի» մի քանի հարյուր հազար դոլար շահելը չէ։ Աստեղ էլ առաջնահերթը քաղաքական դրդապատճառն է՝ գյուղացուն զրկել մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամուտից։ Ու քանի որ նույն խոչընդոտները ստեղծվել են նաեւ արտահանման ենթակա մյուս մթերքների դեպքում, ապա այս տարի գյուղացիության կրած վնասները հաստատ անցել են հարյուր միլիոն դոլարի սահմանը։ Պատկերավոր ու ավելի հասկանալի լինելու համար ասենք այսպես. արհեստականորեն ստեղծված մենաշնորհի հետեւանքով առնվազն 30.000 գյուղացիական տնտեսություն զրկվել է, միջին հաշվով, 3000-ից ավելի դոլար եկամուտից։ Ռեժիմի համար սա է կարեւորը, որովհետեւ մի քիչ ունեւոր, ինքնաբավ գյուղացին նույնպես դրսեւորում է այն վարքագիծը, ինչ միջին խավի ներկայացուցիչը։
Եւ այսպես՝ շատ հնուց ի վեր, բոլոր տեսակի իշխանություններին հայտնի է եղել այն կանոնը, որ ժողովրդին ծրագրված կերպով առավելագույնս ունեզրկելը, աղքատության մատնելը չի կարող ծառայել որպես իշխանության պահպանման միջոց։ Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմին դա հաջողվել է բացառապես ազգային շահերը աշխարհի հզորներին ծախելու ու դրա դիմաց ստացած օժանդակության շնորհիվ։ Ու կարծես թե էլ ծախելու բան չունի։ Չհաշված Ղարաբաղը եւ Հայաստանը։



Tuesday, August 20, 2013

Սա է թանկացումների վերջին տարափի եւ կողոպուտի քաղաքական իմաստը


Ոչ բարդ լրագրողական հետաքննությունը պարզեց, որ Երեւանի փողոցների կարմիր գծանշումներ իրականացնող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը։ Կա նաեւ հանրահայտ մի ճշմարտություն, այնքան հանրահայտ, որ արձանագրել է նույնիսկ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, այն է՝ Հայաստանում բոլոր իշխանավորներն իրենց ունեցվածքն ու բիզնեսները ձեւակերպում են հարազատների, ընկերների, ընդհուպ՝ զոքանչների անուններով։ Այսինքն՝ մեզ մնում է կատարել ուղեղային եւս մի ոչ բարդ գործողություն եւ հասկանալ, որ կարմիր գծանշումներով վճարովի այդ ավտոկանգառների իրական տերը Սերժ Սարգսյանն է, այս անգամ՝ ոչ թե Սաշիկի կամ Միշիկի դեմքով, այլ «մանկության ընկերոջ»։
Ընդամենը մի 3 տարի առաջ մեքենայի վրա մի տեխզննման ծախս էր կատարվում։ Երեք տարում դրան ավելացել են ԱՊՊԱ-ն, արագաչափերը, խաչմերուկների տեսախցիկները, հիմա՝ կարմիր գծանշումները։ Այսինքն՝ երեք տարում մեքենայի համար կատարվող տարեկան ծախսը քառապատկվել է։ ԱՊՊԱ-ից ստացած շահույթը 15 միլիոն դոլարից ավելի է։ Արդեն հաշվարկված է, որ ֆիքսված արագաչափերի շնորհիվ վերջին մեկ տարում վարորդներից գանձվել է ավելի քան 7 միլիոն դոլար։ Մոտավորապես այդքան էլ կազմած պետք է լինեն խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների արձանագրած այլ կարգի խախտումների տուգանքները։ Նվազագույն հաշվարկներով՝ այս նոր՝ վճարովի ավտոկանգառների տարեկան եկամուտը կկազմի ավելի քան 15 միլիոն դոլար։ Բայց դրամական այդ միջոցների միայն 30%-ն է, որ պետք է մտնի բյուջե, մնացածը, արդեն հայտնի մեխանիզմով, մտնում է որեւէ իշխանավորի գրպանը։
Ինչպես դժվար չէ կռահել արդեն արված կարմիր գծանշումներից, որպես վճարովի կանգառ՝ կարող են գծանշվել Երեւանի բոլոր փողոցները։ Եթե «կարմիրների» այդ արշավանքի դեմ պայքարը հաջողություն չունենա, թող ոչ մեկը չկասկածի, որ մի տարի հետո նույն կերպ գծանշվելու են նաեւ բակերը։ Իսկ եթե լուրջ խոչընդոտներ չդրվեն, ապա սաշիկական հզոր ֆանտազիան կարող է այնտեղ հասնել, որ կարմիր գծանշումները կմտնեն շենքերի մուտքերը, բնակարաններ, ննջասենյակներ....
Ինչպես գիտենք, իշխանությանը դեռ մեկ տարի առաջ հայտնի էր, որ գազը թանկանալու է, որ դրա հետ կապված լինելու են զանազան այլ ապրանքների ու ծառայությունների թանկացումներ։ Հայաստանում այս ամենը կարող է էական նշանակություն չունենալ բնակչության 1%-ից շատ պակաս՝ ունեւոր մի շերտի համար։ Հասարակության մեծագույն մասը դրա հետեւանքով եւս մի անգամ դժվարանալու է նոր պայմաններում լուծել «ծայրը ծայրին հասցնելու» խնդրը։ Շատերի համար էլ դա պարզապես դառնալու է անհնար։
Ս. Սարգսյանի օրոք, նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քան կրկնապատկվել է բնակչության աղքատության տոկոսը։ Նույն շրջանում խաղաղ պայմաններում աղետալիորեն աճել է արտագաղթի ծավալը, եւ այս տարի, արդեն ակնհայտ է, որ կարձանագրվի ամենաբարձր ցուցանիշը՝ մոտենալով 100.000-ի։ Դա շատ ավելին է, քան եղել է անգամ ԽՍՀՄ-ի փլուզման եւ պատերազմի տարիներին։ Իշխանությունը կանգնած է արտաքին-քաղաքական ծանր ու պատասխանատու խնդիրներ լուծելու անհրաժեշտության առաջ, ինչի համար վստահության գեթ նվազագույն մի պաշար պիտի ունենա երկրի ներսում։ Այս ամենի հանդիման՝ մարդկային եւ քաղաքական տարրական տրամաբանությունըհուշում էր, որ իշխանությունը պետք է ամեն ինչ աներ, որ գեթ գազի հետ չկապված ոլորտներում չավելանար հասարակության ծախսային բեռը, չխորանար աղքատությունը, չկրկնապատկվեին առանց այդ էլ բարձր աստճանի հասած դժգոհությունն ու ատելությունը։ Չէ՞ որ համընդհանուր զայրույթը կարող է հանգեցնել զանգվածայն անվերահսկելի ընդվզման, անկառավարելի «սոցիալական բունտի», ինչի առաջին թիրախը, հաշվեհարդարի առաջին առարկան կլինի ատելի ռեժիմն իր պարագլուխներով։ Ս. Սարգսյանն ու նրա ղեկավարած վարչախումբը չունե՞ն այս մտավախությունը։
Ունեն։ Գուցե եւ ավելի, քան կարելի է պատկերացնել։ Պարզապես՝ բոլորովին այլ, ոչ մարդկային եւ ոչ քաղաքական էավազակապետական այս համակարգի ինքնապահպանման ներքին տրամաբանությունը, ավելի ճիշտ՝ բնազդը։ Իսկ դա բխում է իշխանության ձեռքբերման մեթոդից։ Իրենց ձեռք բերած իշխանության աղբյուրը այդ հասարակությունը, այդ ժողովուրդը չէ։ Այդ իշխանությունը ձեռք է բերվել դավով ու բռնությամբ (Հոկտեմբերի 27, Ապրիլի 12, Մարտի 1), խաբելով (կեղծ ընդդիմություններ), փողով (ընտրակաշառք)։ Այդ կերպ ձեւավորված ռեժիմը չի կարող մտածել հասարակական հնարավոր զայրույթը մեղմել՝ օրինականությամբ, արդարությամբ, կենսամակարդակի բարձրացմամբ, արժանապատիվ կյանքի ապահովմամբ նրան սիրաշահելով։ Նման իշխանությունը պահելու մեկ ձեւ կա. հնարավորինս հյուծել, կազմալուծել, վհատեցնել, ստորացնել, մարդկային ու  ազգային արժանապատվությունից զրկել հասարակությանը, ժողովրդին, այնպես ու այնքան, որ նա ի զորու չլինի երբեւէ մտածել այնպիսի բաների մասին, ինչպես Սահմանադրությունը, դրանով իշխանության՝ իրեն վերապահված իրավունքը։ 

Այսինքն՝ այն ամենը, ինչը հաճախ որպես ընչաքաղցության, չտեսության, անհագ ու անվերահսկելի կողոպուտի դրսեւորումներ են ներկայանում, նաեւ հենց ինքնապահպանման այն միակ միջոցն են, որին ապավինում է ավազակապետությունը։ Սա է թանկացումների վերջին տարափի եւ կողոպուտի այլեւայլ ձեւերի գործադրման քաղաքական իմաստը։ Դա բնազդական հակազդեցությունն է իշխանությունը կորցնելու վախին։ Որքան այդ վախն ավելի մեծանում է, այնքան, որպես փրկության խարիսխ, հասարակությանը կողոպտելու, ունեզրկելու, անելություն մատնելու, արտագաղթի մղելու նորանոր միջոցներ են գտնվում ու գործադրվում։

Saturday, August 17, 2013

Հայաստանում վաղուց արդեն կա մեկ օրինակարգ քաղաքական հարցադրում


Եթե որպես կանխադրույթ՝ ընդունենք, որ քաղաքական, քաղաքականություն վարել հասկացություններով բնորոշվում են իշխանության քայլերը, որոնք բխում են երկրի ազգային (պետական), ուստիեւ՝ սեփական քաղաքացիների շահերից, ապա այդ բնորոշումը չպետք է օգտագործել այս ռեժիմի որեւէ քայլի համար։ Հետաքրքիր է, որ այդ բառից, ինչպես մոլեռենդ կրոնավորը՝ սատանայից, սարսափում ու խույս են տալիս նաեւ իշխանության ամենատարբեր ռանգի ներկայացուցչները՝ բազմիցս կոչ անելով «չքաղաքականացնել» ծառ կտրելուց սկսած՝ մինչեւ Սահմանադրության հարցերը։
Հայաստանի ներքին կյանքին թե արտաքին հարաբերություններին վերաբերող՝ փոքրից սկսած՝ մինչեւ ֆունդամենտալ, ուղենշային որեւէ հարցադրում, այս վարչախմբի համար, արդեն շուրջ 15 տարի, զուրկ էքաղաքական բովանդակությունից, ոչ մի կապ չի ունեցել եւ չունի իրական քաղաքականության հետ։ Դրանց նպատակը մեկն է՝ ձեռք բերած ապօրինի իշխանությունը ծառայեցնել երկիրն ու ժողովրդին թալանելուն։
Քաղաքականություն վարելու հայտնի օրենքները, նորմերն ու սկզբունքները արհամարհելու սկիզբը դրվեց  1998-ից, երբ իշխանության մաս կազմող որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը դրեցին ոչ քաղաքական հարթության վրա՝ հակադրվելով հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած կուրսին ու պահանջելով նրա հրաժարականը։ Պետական հեղաշրջմանը հաջորդած նախագահական ընտրություններում ժողովուրդն իր վճռական անհամաձայնությունը արտահայտեց կատարվածին ՝ միահամուռ ձայն տալով ընդդիմադիր թեկնածու Կարեն Դեմիրճյանին եւ մերժելով հեղաշրջումն իրականացրած խմբի թեկնածու Ռ. Քոչարյանին։ Սակայն արդյունքների տոտալ կեղծումների միջոցով վերջինս նախագահ հռչակվեց։ Ժողովրդի համընդհանուր ընդդիմացումը ռեժիմին նույն հաստատակամությամբ արձանագրվեց նաեւ հետագա բոլոր համապետական ընտրությունների ժամանակ։
Քաղաքականության կանոնների ու նորմերի արհամարհումը միայն տվյալ ասպարեզում անգրագիտության, չիմացության արդյունք չէր, այլ նաեւ իշխանության մասին պատկերացումների,  քաղաքականության ելակետի փոփոխություն։ Ոչ օրինակարգ նախագահի համար այդ ելակետը դարձավ ոչ թե ազգային-պետական շահը, այլ ձեռք բերած ապօրինի իշխանության պահպանման հիմքերի, երաշխիքների ստեղծումը՝ ներսում՝ ժողովրդի ունեզրկման, դրսում՝ նույն այդ ազգային-պետական շահի վաճառքի միջոցով։ Շուտով ի հայտ եկան քաղաքականության կանոնների ու նորմերի արհամարհման առաջին դառը պտուղները։ Արտաքին հարաբերություններում դա Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագիրն էր, ապա՝ Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության իրավահավասար կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատից զրկելը։ Երկու քայլերն էլ, ազգային շահերի տեսակետից՝ դավաճանական, արված էին արտաքին աշխարհին հաճոյանալու, ներսում չունեցած օրինակարգության բացը դրսում լրացնելու համար։ Ներքին կյանքում ոչ քաղաքական հարթության վրա գործելու «պտուղը» Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր եւ դրանից հետո ու դրա շնորհիվ՝ բոլորովին նոր որակի իշխանության՝ ավազակապետական ռեժիմի հաստատումը։
Պետական եւ երկրի քաղաքացու շահի փոխարեն անձնական շահն ու իշխանության պահպանման հոգսը այնուհետ դառնում է միակ ելակետը, որով տրամաբանական բացատրություն են գտնում ռեժիմի բոլոր նախաձեռնությունները՝ ներքին կյանքում ամենափոքր օրենսդրական նախաձեռնություններից սկսած՝ մինչեւ արտաքին քաղաքական խոշոր խնդիրները։ Արդ, ըստ սկզբում դրված չափորոշիչի, այդ քայլերից եւ ոչ մեկը չի կարող քաղաքական բառով բնորոշվել։
Ներքին կյանքում մեղք կլինի քաղաքական նախաձեռնություն անվանել 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն, ինչի շնորհիվ, բազմաթիվ հակասությունների ներմուծմամբ, աղարտվեց երկրի հիմնական օրենքը։ Մեղք կլինիքաղաքականություն համարել մի գործելակերպ, ինչի արդյունքում անընդհատ մեծանում է սոցիալական բեւեռացումը, բարձրանում կոռուպցիայի մակարդակը, մեծանում է աղքատության տոկոսը, ամեն ինչ արվում է (վարչապետի իսկ խոստովանությամբ) պետականորեն ծրագրված արտագաղթը խթանելու համար։ Այս ամենը (եւ տասնյակ նման քայլեր) բացատրելի են մեկ ելակետով՝ ռեժիմի ներքին անվտանգությունն ապահովելու համար ունենալ խեղճուկրակ, հլու-հնազանդ, վախեցած, կամազուրկ հասարակություն։
Արտաքին ասպարեզում՝ մեղք կլինի քաղաքական քայլ կոչել Ցեղասպանության խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթ հռչակելը, ինչի անխուսափելի արդյունքը դարձավ տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծումը, երկրի գործող առաջին դեմքի մակարդակով Ցեղասպանության ուրացման խայտառակությունը։ Նույնպիսի մեղք կլինի ղարաբաղյան հակամարտության հետ կապված քայլերը քաղաքականորակելը, ինչի արդյունքը եղավ Ղարաբաղը կարգավորման բանակցություններից դուրս մղելը եւ «Մադրիդյան սկզբունքները» վաստակելը։ Մյուս կողմից, սակայն, այս ամենը (եւ դարձյալ՝ տասնյակ նմանօրինակ քայլեր) կենսականորեն անհրաժեշտ են եղել ռեժիմի՝ ներսում չունեցած օրինակարգության պակասը դրսում լրացնելու եւ իշխանությունը պահելու համար։ Չմոռանանք, որ այս ամենի դիմաց Արեւմուտքը խաղաղ ցուցարարների նկատմամբ երկու՝ Ապրիլի 12-ի եւ մարդկային 10 զոհով ուղեկցված՝ Մարտի 1-ի բարբարոսական ջարդ է ներել ռեժիմին։ Նույն այդ՝ ազգային շահերի վաճառքի դիմաց է, որ Արեւմուտքը  ամեն անգամ «մի քայլ առաջ» ձեւակերպմամբ  աչք է փակել ընտրությունների զանգվածային կեղծման վրա։ Պատահական մի դիպվածով եւ «Վիկիլիքսի» շնորհիվ հայտնի դարձավ նախագահական ընտրություններից մեկի մասին իրականությունն արձանագրած փաստաթուղթը. ԱՄՆ դեսպանը հստակ զեկուցում է իր կառավարությանը, որ2008թ. նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանը չի հաղթել, եւ երկրորդ փուլ նշանակելու դեպքում ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը «ջախջախիչ հաղթանակ» կտանի նրա նկատմամբ: Նույնն են եղել իրականությունը եւ հասարակական մթնոլորտը նաեւ մյուս նախագահական ընտրությունների ժամանակ. բավական էր մեկ անգամ միջազգայն դիտորդները օբյեկտիվ գնահատական տային, եւ ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը, նախագահի աթոռը չէին տեսնի։
ԵՄ ասոցացման պայմանագրին, թե ռուսաստանյան Մաքսային միությանը միանալու երկընտրանքը նույնպես Ս.Սարգսյանի եւ նրա ռեժիմի համար չէր կարող քաղաքական բովանդակություն ունենալ։ Ուստիեւ, տվյալ դեպքում օրինակարգ չէ «ո՞րն է ճիշտ՝ ԵՄ, թե՞ Մաքսային միություն» հարցադրումը։ Նախ՝ այն պատճառով, որ շրջանառվող «ե՛ւ, ե՛ւ», «կա՛մ, կա՛մ» տարբերակների կողքին չկա «ո՛չ, ո՛չ» տարբերակը. այն վաղուց ոչնչացվել է նույն ռեժիմի ջանքերով։ Երկրորդ՝ այս իշխանության համար այս հարցի լուծման ելակետը նույնպես չի կարող երկրի ազգային շահը լինել, այլ միայն՝ զավթած իշխանության պահպանումը։ Այնպես որ՝ ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ, երբ քաղաքական հարթության վրա  որեւէ հարցադրման քննարկում, լոկալ որեւէ հարցով պայքար, Սերժ Սարգսյանին որեւէ պահանջի ներկայացում (բացի հրաժարականի պահանջից), ինքնին, մի տեսակ՝ օրինակարգություն է հաղորդում (լեգիտիմացնում է) ռեժիմին։ Եվրոպական ասոցացո՞ւմ, թե՞ Մաքսային միություն խնդիրը կարող էր քաղաքական բովանդակություն ունենալ եւ որպես այդպիսին քննարկվել իր բոլոր տարբերակներով ու տեսանկյուններով՝ միայն օրինակարգ իշխանության պայմաններում։ Հայաստանում, այս ռեժիմի պայմաններում, վաղուց արդեն չկա որեւէ հարց, որը կարելի է քաղաքական համարել, այն է՝ ակնկալել դրա լուծումը իշխանության կողմից՝ հօգուտ պետության ու քաղաքացու։ Հայաստանում վաղուց արդեն կա մեկ օրինակարգ քաղաքական հարցադրում՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի հեռացումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը։ Մնացած բոլոր հարցերը՝ սկսած Ծածկած շուկայից մինչեւ ԵՄ եւ Մաքսային միություն, ածանցյալ են սրանից։


Tuesday, August 13, 2013

Անարխիայի ուրվականը


Արեւելքի բռնապետական երկրներից մեկում այսպիսի մի «սահմանադրական» նորմ է գործել. թագավորի մահվան եւ հաջորդ թագավորի գահակալելու միջեւ 4 օր երկրում դադարեցվել է բոլոր օրենքների գործողությունը։ Այսինքն՝ համատարած ԱՆԱՐԽԻԱ, երբ գործնականում յուրաքանչյուրի կյանքն ու ունեցվածքը վտանգի տակ էր հայտնվում։ Այդ օրերին կարող էին իրականացվել վրեժխնդրություններ, հաշվեհարդարներ, թալան, հրկիզումներ, ամե՛ն ինչ։ Չկար մեկը, որ կարող էր շահել ԱՆԱՐԽԻԿ այդ վիճակից։ Անարխիկ վիճակից ավելի շատ պիտի սարսափեին ունեւորները, որոնց ունեցվածքի վրա հազար աչք կար։ Դաժան այս միջոցառումը նրա համար էր, որ հասարակության ամեն մի անդամ՝ ամենաչքավորից մինչեւ ամենահարուստ, պարբերաբար իր կաշվի վրա զգա ու հիշի, թե որքան վատ բան է անիշխանությունը՝ անարխիան, շա՛տ ավելի վատ ու վտանգավոր, քան օրենքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն։
Հայաստանում, ներկա ռեժիմի պայմաններում, ըստ էության՝ դադարել են գործել Սահմանադրությունն ու օրենքները։ Բայց դա դեռ անիշխանություն՝ անարխիկ վիճակ չի ստեղծել։ Ընդունված պաշտոնական օրենքները իշխանությունը փոխարինել է այլ՝ չգրված օրենքներով։ Որպես կարեւորագույն հանգամանք՝ այդ փաստը Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրել է դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ին՝ իր առաջին հրապարակային ելույթի հենց սկզբում «...իշխանության վերից վար կոռումպացված,հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդիկամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով»։ Այս հիմքի վրա է ստեղծվել  ներկա ավազակապետական ռեժիմը, դրա վրա է կառուցվել կոռուպցիոն բուրգը, դա է ռեժիմի կայունության եւ ապահովության խարիսխը։
Ինչպես որ օրինական, ժողովրդավարական իշխանությունն է նախանձախնդիր կերպով հետամուտ լինում իր ապահովության հիմքի՝ պաշտոնական օրենքների պահպանմանը, այնպես էլ ապօրինի, ավազակապետական իշխանությունն է հետամուտ եղել իր հիմքի՝ չգրված օրենքների, քրեական աշխարհի կանոնների պահպանմանը։ Ինչպես ամեն մի իշխանության, այնպես էլ ներկա ռեժիմի համար քայքայման ախտանշանը անիշխանական երեւույթներն են։ Տասնյակ դեպքեր կարող ենք հիշել, թե ինչպես է վարչախումբը անխնա պատժել այն յուրայիններին, ովքեր փորձել են խախտել հենց այդ չգրված օրենքները, ովքեր իրենց գործողություններով, թեկուզ ակամա, վտանգ են ստեղծել ռեժիմի համար։ Հիմա ավազակապետական ռեժիմի ներսում կարծես թե անպատիժ խախտվում են չգրված օրենքները,տեղի են ունենում անարխիայի տարրեր պարունակող երեւույթներ, եւ չի երեւում սանձահարող ձեռքը։
 Վերջին նախագահական ընտրություններում տեղի ունեցածը ներռեժիմային անարխիկ վիճակի դրսեւորումներց մեկն էր, ինչը հանգեցրեց նրան, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկի օգտին քվեատուփերում երեք անգամ ավելի շատ՝ հաղթանակ ապահովող քվեաթերթիկների քանակ հայտնվեց։ Այն ապօրինությունները, որ մի ժամանակ կատարվում եւ անպատիժ էին մնում, մեկնաբանվում էին որպես բարձրագույն իշխանության հովանավորության հետեւանք։ Եւ դա հստակ այդպես էր։ Հիմա շատ բան դժվար է այդ կերպ մեկնաբանելը կամ բացատրելը։ Շատ դժվար է ասել, թե, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի (Լիսկայի) վերջին պատմությունները հովանավորվել կամ քաջալերվել են Սերժ Սարգսյանի կողմից։ Ավելի շատ նման է, որ վերջինս այս դեպքում անուժ գտնվեց նրան պատժել հենց ռեժիմի ներքին օրենքների շրջանակներում, ինչպես, ասենք, մի ժամանակ պատժեց Ռ. Հայրապետյանին (Նեմեցին)։ Չի բացառվում, որ նույնպիսի մի փաստ է նաեւ Տ. Սարգսյանի օֆշորային պատմությունը, ինչի մասին Ս.Սարգսյանն այդպես էլ բառ անգամ չասաց։ Նույն կերպ՝ դժվար է վստահ ասել, թե, օրինակ, Ծածկած շուկան ավերվել է Ս. Սարգսյանի «դաբրոյո՞վ», թե՞  նա ստիպված է եղել համակերպվել։ Եթե ոչ անարխիայով, ուրիշ ի՞նչ կերպ բացատրել Բաղրամյան 26-ից նախաձեռնված քարոզչական մեղկությունը, կամ՝ որ երկրի առաջին դեմքն ավելի քան մեկ շաբաթ կարող է «անհետ կորչել»։ Եւ վերջապես, նախագահական ապարատի որդեգրած քարոզչական հնարքը («բարի» Սերժը «չար» օլիգարխների դեմ) արդյոք հենց ռեժիմի ներսում տարածվող անարխիկ երեւույթները սքողելու, դրանց ինչ-որ բացատրություն տալու նպատակ չունի՞ առաջին հերթին։
Հասկանալի եւ ակնհայտ է, որ անիշխանական երեւույթները կոռուպցիոն բուրգի, ավազակապետական իշխանության համար շատ ավելի վտանգավոր են։ Ի տարբերություն օրինակարգ, օրինական իշխանության՝ կոռուպցիոն բուրգի, ավազակապետական իշխանության համար կործանարար անարխիկ երեւույթները անխուսափելիորեն պիտի առաջանան։ Այս դեպքում ամենազգայուն շերտը գործարար աշխարհն է, որ առաջինն է զգում իրեն սպառնացող վտանգները։ Նա վտանգվելու է ավելի շուտ եւ ավելի շատ, քան հասարակության մյուս խավերը, եթե անարխիկ երեւույթները խորանան եւ չկանխվեն հասարակական հակազդեցությամբ։ Իսկ հասարակական այդ հակազդեցությունը, որը կարող է երկիրը փրկել անիշխանության արհավիրքներից, այն համաժողովրդական քաղաքական պայքարն է, որի հաղթանակը պսակվում է օրինակարգ իշխանության ձեւավորմամբ, ժողովրդավարության   հաստատմամբ։ Դա ընդունված է կոչել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որի հիմնական ու ամենաշահագրգիռ շարժիչ ուժերից մեկն է դառնում անարխիկ երեւույթների պայմաններում ամենավտանգված գործարար խավը։

ԱՆԱՐԽԻԱՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Հին Արեւելքի բռնապետական երկրներից մեկում այսպիսի մի «սահմանադրական» նորմ է գործել. թագավորի մահվան եւ հաջորդ թագավորի գահակալելու միջեւ 4 օր երկրում դադարեցվել են բոլոր օրենքների գործողությունը։ Այսինքն՝ համատարած ԱՆԱՐԽԻԱ, երբ գործնականում յուրաքանչյուրի կյանքն ու ունեցվածքը վտանգի տակ էր հայտնվում։ Այդ օրերին կարող էին իրականացվել վրեժխնդրությունները, հաշվեհարդարներ, թալան, հրկիզումներ, ամեն ինչ։ Չկար մեկը, որ կարող էր շահել ԱՆԱՐԽԻԿ այդ վիճակից։ Անարխիկ վիճակից ավելի շատ պիտի սարսափեին ունեւորները, որոնց ունեցվածքի վրա հազարավորների աչքեր կային։ Դաժան այս միջոցառումը նրա համար էր, որ հասարակության ամեն մի անդամ՝ ամենաչքավորից մինչեւ ամենահարուստ, պարբերաբար իր կաշվի վրա զգա ու հիշի, թե որքան վատ բան է անիշխանությունը՝ անարխիան, շատ ավելի վատ ու վտանգավոր, քան օրենքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն։
Հայաստանում, ներկա ռեժիմի պայմաններում, ըստ էության դադարել են գործել Սահմանադրությունն ու օրենքները։ Բայց դա դեռ անիշխանություն՝ անարխիկ վիճակ չի ստեղծել։ Ընդունված պաշտոնական օրենքները իշխանությունը փոխարինել է այլ՝ չգրված օրենքներով։ Որպես կարեւորագույն հանգամանք, այդ բանը Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրել է դեռ 2007թ. սեպտեսբերի 21-ին իր առաջին հրապարակային ելույթի հենց սկզբում «...իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով»։ Այս հիմքի վրա է ստեղծվել է ներկա ավազակապետական ռեժիմը, դրա վրա կառուցվել կոռուպցոն բուրգը, դա է ռեժիմի կայունության եւ ապահովության խարիսխը։
Ինչպես որ օրինական, ժողովրդավարական իշխանությունն է նախանձախնդիր կերպով հետամուտ լինում իր ապահովության հիմքի՝ պաշտոնական օրենքների պահպանմանը, այնպես էլ ապօրինի, ավազակապետական իշխանությունն է հետամուտ եղել իր հիմքի՝ չգրված օրենքների, քրեական աշխարհի կանոնների պահպանմանը։ Ինչպես ամեն մի իշխանության, այնպես էլ ներկա ռեժմի համար քայքայման ախտանշանը անիշխանական երեւույթներն են։ Տասնյակ դեպքեր կարող ենք հիշել, թե ինչպես է վարչախումբը անխնա պատժել այն յուրայիններին, ովքեր փորձել են խախտել հենց այդ չգրված օրենքները, ովքեր իրենց գործողություններով, թեկուզ ակամա, վտանգ են ստեղծել ռեժիմի համար։ Հիմա ավազակապետական ռեժիմի ներսում կարծես թե անպատիժ խախտվում են չգրված օրենքները,տեղի են ունենում անարխիայի տարրեր պարունակոող երեւույթներ, եւ չի երեւում սանձահարող ձեռքը։
 Վերջն նախագահական ընտրություններում տեղի ունեցածը ներռեժմայն անարխիկ վիճակի դրսեւորումներց մեկն էր, ինչը հանգեցրեց նրան, որ ընդդիմադիր թեկնածուներց մեկի օգտին քվեատուփերում երեք անգամ ավելի շատ, հաղթանակ ապահովող քվեաթերթիկների քանակ հայտնվեց։ Այն ապօրինությունները, որ մի ժամանակ կատարվում եւ անպատիժ էին մնում, մեկնաբանվում էին որպես բարձրագույն իշխանության հովանավորության հետեւանք։ Եւ դա հստակ այդպես էր։ Հիմա շատ բան դժվար է այդ կերպ մեկնաբանելը կամ բացատրելը։ Շատ դժվար է ասել, թե, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի (Լիսկայի) վերջն պատմությունները հովանավորվել կամ քաջալերվել են Սերժ Սարգսյանի կողմից։ Ավելի շատ նման է, որ վերջինս այս դեպքում անուժ գտնվեց նրան պատժել հենց ռեժիմի ներքին օրենքների շրջանակներում, ինչպես, ասենք, մի ժամանակ պատժեց Ռ. Հայրապետյանին (Նեմեցին)։ Չի բացառվում, որ նույնպիսի մի փաստ է նաեւ Տ. Սարգսյանի օֆշորայն պատմությունը, ինչի մասին Ս.Սարգսյանն այդպես էլ բառ անգամ չասաց։ Նույն կերպ՝ դժվար է վստահ ասել, թե, օրինակ, Ծածկած շուկան ավերվել է Ս. Սարգսյանի «դաբրոյո՞վ», թե՞ ստիպված է եղել համակերպվել։ Եթե ոչ անարխիայով, ուրիշ ի՞նչ կերպ բացատրել Բաղրամյան 26-ից նախաձեռնված քարոզչական մեղկությունը, կամ, որ երկրի առաջին դեմքը ավելի քան մեկ շաբաթ կարող է «անհետ կորել»։ Եւ վերջապես նախագահական ապարատի որդեգրած քարոզչական հնարքը («բարի» Սերժը «չար» օլիգարխների դեմ) արդյոք հենց ռեժիմի ներսում տարածվող անարխիկ երեւույթները սքողելու, դրանց ինչ-որ բացատրություն տալու նպատակ չունի՞ առաջին հերթին։
Հասկանալի եւ ակնհայտ է, որ անիշխանական երեւույթները կոռուպցոն բուրգի, ավազակապետական իշխանության համար շատ ավելի վտանգավոր են։ Ի տարբերություն օրինակարգ, օրինական իշխանության, կոռուպցոն բուրգի, ավազակապետական իշխանության համար կործանարար անարխկ երեւույթները անխուսափելիորեն պիտի առաջանան։ Այս դեպքում ամենազգայուն շերտը գործարար աշխարհն է, որ առաջինն է զգում իրեն սպառնացող վտանգները։ Նա վտանգվելու է ավելի շուտ եւ ավելի շատ, քան հասարակության մյուս խավերը, եթե անարխկ երեւույթները խորանան եւ չկանխվեն հասարակական հակազդեցությամբ։ Իսկ հասարակական այդ հակազդեցությունը, որը կարող է երկիրը փրկել անիշխանության արհավիրքներից, այն համաժողովրդական քաղաքական պայքարն է, որի հաղթանակը պսակվում է օրինակարգ իշխանության ձեւավորմամբ, ժողովրդավարության   հաստատմամբ։ Դա ընդունված է կոչել բուրժուա-դեմոկրատական հեղափոխութուն, որի հիմնական ու ամենաշահագրգիռ շարժիչ ուժերից մեկն է դառնում անարխիկ երեւույթների պայմաններում ամենավտանգված գործարար խավը։

Tuesday, August 6, 2013

Արցախում պատրաստված ռեպորտաժի ամբողջական տարբերակը


Հարկ կա կրկին անդրադառնալու լրատվամիջոցներց մեկի` Արցախում պատրաստած ու համացանցում տարածած մի ռեպորտաժի։ Խնդիրն այն է, որ այդ ռեպորտաժը ներկայացվել է թերի վիճակում, ու դրանով իսկ այն պատմության խեղաթյուրում է։ Լրագրողը, ԼՂՀ պաշտպանության նախարարի աշխատասենյակում տեսնելով Ղարաբաղի ազատագրման գործում առավել նպաստ բերած «Արցախի հերոսների» լուսանկարները, հարցնում է նախարարի կարծիքը այդ ազատագրման գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի դերի մասին։ Նախարարը խիստ բացասական պատասխան է տալիս՝ հետեւյալ խոսքերով. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախ է եկել 1996թ., առաջին անգամ... ցավոք»։ Հետո լրագրողը նույն հարցը Ստեփանակերտի փողոցներում տալիս է պատահական մարդկանց ու ստանում նույնպիսի եւ ավելի խիստ բացասական պատասխաններ։ Ստացվում է, որ ըստ ԼՂՀ բարձրագույն իշխանության (ի դեմս պաշտպանության նախարարի) եւ սովորական քաղաքացիների (ի դեմս պատահական հարցվածների)՝ ՀՀ հիմնադիր նախագահը որեւէ վաստակ չունի Ղարաբաղի ազատագրման ու կայացման գործում, նույնիսկ՝ բացասական դեր է խաղացել։
Ռեպորտաժը թերի էր, եւ, որպես այդպիսին, այլ բան չէր, քան պատմության կոպիտ խեղաթյուրում։ Օգնության եկավ մի այլ լրատվամիջոց՝ երկու հրապարակումներով, ինչով ռեպորտաժն ամբողջական է դառնում (մնում է միայն դրանք տեխնիկապես իրար կցել) եւ իրական պատմության վավերագրման բացառիկ արժեք ստանում։ Առաջին հրապարակումը՝ «Ի նպաստ վաղվա պատմաբանների» վերնագրով, ներկայացնում է Լեւոն Տեր Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած թվով 13 այցերի ժամանակագրությունը։ Ընդ որում՝ դրանցից 3-ը՝ մինչեւ Շարժումը, իսկ 6-ը՝ միայն 1988 թվականին, երբ Ղարաբաղում հատուկ դրություն եւ պարետային ժամ էր (հիշում եք, որ  «անձնագրային ռեժիմ» խախտողները, եթե բացահայտվում էին, հայտնվում էին Բաքվի կամ Շուշիի բանտերում)։ Երկրորդ հրապարակումը՝ «Սրանք են պատմական փաստերն ու փաստաթղթերը» վերնագրով, ներկայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դերի ու վաստակի մասին այդ՝ պատերազմի տարիների Արցախի ղեկավար գործիչների ամենաբարձր գնահատականները։ Ահա այս՝ արդեն ամբողջացածվիճակում  հիշյալ ռեպորտաժը վավերագրում է հետեւյալ կարեւոր պատմական փաստական իրողությունները։
1.      Ակնհայտ հակասության մեջ են երկու փաստ. մի կողմից՝ պատերազմի տարիների Արցախի ողջ ղեկավարության՝ ՀՀ նախագահին տված ամենաբարձր գնահատականները, մյուս կողմից՝ Արցախի բնակչության մեջ այսօր իշխող ճիշտ հակառակ պատկերացումը։ Ինչպե՞ս է առաջացել այս հակասությունը։ Բացատրությունը, ինչպես դժվար չէ կռահել, 1998 թ. պետական հեղաշրջումից եւ մասնավորաբար՝ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո եւ առ այսօր հեռուստատեսությամբ ու մամուլով վարչախմբի համընդհանուր քարոզչությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում։ Հայաստանում դեռ այդ քարոզչությանը ընդդիմադիր մամուլի էջերում հնարավոր է եղել հակադարձել։ Որքան էլ թերթերի լսարանը՝ սահմանափակ (հեռուստատեսության համեմատությամբ), բայց այդ հակադարձումը նվազագույն չափով ապահովել է բնակչության տեղեկացվածությունը, կանխել է «ուղեղների լվացումը»։ Դրա փայլուն ապացույցը 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի տարած փաստական հաղթանակն էր։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ամբողջ 15 տարի լիովին անպաշտպան է եղել Առաջին նախագահի դեմ սանձազերծված քարոզչական այդ տեռորի դեմ։ Այսինքն՝ այսօր այնտեղ նման հարց տալ սովորական քաղաքացուն՝ նույնն է, ինչ Սառը պատերազմի տարներին Մոսկվայում հարցախույզը ԱՄՆ-ի, կամ Վաշինգտոնում՝ ԽՍՀՄ-ի մասին. ցանկացած մոսկվացու համար ԱՄՆ-ը «չարիքի միջնաբերդն» էր, Վաշինգտոնի բնակչի համար՝ ԽՍՀՄ-ը՝ «չարիքի կայսրություն»։ Ահա, ամբողջացված սույն ռեպորտաժը վկայում է այն պատմական փաստի մասին, որ իշխող վարչախումբը (եւ ԼՂՀ իշխանությունը) 15 տարի քարոզչական տեռոր է իրականացրել ՀՀ Առաջին նախագահի դեմ, ինչի հետեւանքով ամբողջությամբ գլխիվայր են շուռ տվել հասարակական կարծիքը։
2.      Եթե սովորական քաղաքացիների դեպքում վերոբերյալ բացատրությունը հասկանալի է, ապա այլ է ԼՂՀ ՊՆ ղեկավարի դեպքում։ Վերջինիս պատկերացումներն այս հարցում չէին կարող ձեւավորվել «հայլուրային» քարոզչությամբ։ Ղարաբաղի քաղաքական ու զինվորական վերնախավում, Բակո Սահակյանից սկսած, գեթ մի 100 մարդ պիտի լինի՞, որ անձամբ տեղյակ է այն իրականությանը, որը վավերագրված է պատերազմի տարիների Արցախի ղեկավարների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին տված ամենաբարձր գնահատականներում։ Եթե չասենք, որ այդ 100-ից մեկը պաշտպանության նախարարն է, ապա խիստ վիրավորած կլինենք նրան՝ կասկածելով նրա նվազագույն տեղեկացվածությանը։ Այդ դեպքում, սակայն, առաջանում է երկրորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ է նա հակառակը պնդում։ Վախենո՞ւմ է։ Բայց սրա համարժեք գնահատականը կարծես թե վախը չէ, այլ ՈՂՈՐՄԵԼԻ լինելը՝ եթե իրերը կոչենք իրենց անուններով։ Այս հատկանիշով հրամանատարը վաղն ինչպե՞ս է կռվելու հակառակորդի դեմ։ Մի այլ հարց. ինչո՞ւ այդ ամեն ինչից հաստատ տեղյակ Ղարաբաղի քաղաքական ու զնվորական վերնախավի (ներկա թե նախկն) 100-ից գեթ մեկը չարձագանքեց իրականությունը խեղաթյուրող ռեպորտաժին։ Բոլո՞րն են վախենում։ Եթե Ղարաբաղում՝ գեթ 100, ապա Հայաստանում, Սերժ Սարգսյանից սկսած՝ գեթ մի 1000 մարդ կլինի՞ (գումարած՝ լրագրողական աշխարհի մեծ մասը եւ վերլուծաբաններ), որ տեղյակ է իրականությանը, շատերն անմիջական մասնակից են, ականատես ու վկա։ Ինչո՞ւ որեւէ մեկը չարձագանքեց ստոր հերյուրանքին։ Երկու հայկական պետությունների քաղաքական ու զինվորական վերնախավերի ողորմելիության էս բագաժով ո՞նց ենք դիմակայելու հնարավոր վտանգներին։ Ինչեւէ, հիշյալ ամբողջականացված ռեպորտաժը ,որպես երկրորդ պատմական փաստ՝ արձանագրում է, թե ռեժիմն ինչ ողորմելի վիճակի, բարոյահոգեբանական անկման է  հասցրել ներկա  ու նախկին պաշտոնեությանը Հայաստանում ու Ղարաբաղում։
Հ.Գ.-1. Վերոհիշյալ՝ «Սրանք են պատմական փաստերն ու փաստաթղթերը» հոդածում ներկայացված են պատերազմի շրջանի ԼՂՀ ղեկավարության գնահատականները։ Վազգեն Սարգսյանը հայաստանյան գործիչ էր, սակայն նրան նույնքան «ղարաբաղյան» էին ընդունում Արցախում։ Հենց որպես այդպիսին էլ նրան ներգրավեցին 1998-ի փետրվարի 3-ի հեղաշրջման մեջ։ Ահա, որպես այդպիսին էլ՝ պատերազական տարիների արցախյան  ղեկավար գործիչների շարքում ճիշտ կլինի ավելացնել նաեւ նրա՝ ՀՀ Հիմնադիր-նախագահին տված գնահատականը՝ հրաժարականից հինգ ամիս անց՝ 1998-ի հունիսին.
«Եթե նկատի ունենանք մեր շարժման նախորդ 6-7 տարիները, ապա պիտի գնահատենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցում հսկայական եւ անուրանալի գործ է արել։ Ամենեւին պատահական չէ, որ երբ զինված ուժերը գրավում էին Շուշին, գրավում էին 7-8 շրջաններ, եւ երբ մենք սարսափով մտածում էինք, թե մեզ թուրքերը կամ կուտեն, կամ ամբողջ աշխարհը մեզ ագրեսոր կճանաչի, ոչ թուրքերը մեզ կերան, ոչ ագրեսոր ճանաչեցին։ Սա լուրջ արտաքին քաղաքականության արդյունք էր, շատ լուրջ՝ ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ Միացյալ Նահանգների հետ, չափազանց լուրջ, չափազանց ծանրակշիռ արտաքին քաղաքականության արդյունք էր»։http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wobkTemWES0
Հ. Գ.-2. Մարդու համար ամենակարեւոր բանն արժանապատվությունն է։ Հանգամանքների բերումով տիրող ավազակապետական դիվային ռեժիմի մաս, մի պտուտակ կամ պնդօղակ դարձած ոչ մի պաշտոնյա, սկսած հենց ԼՂՀ պաշտպանության նախարարից, չի ուզի մնալ մարդկայնորեն ստորացված, ողորմելի վիճակում։ Ամբողջ մի ժողովուրդ չի կարող զոհ գնալ իշխանությունը բռնազավթած մի անհատի՝ ամբողջն իր մասնավոր սեփականությունը, կալվածքը դարձնելու մոլագարությանը։ Եւ յուրաքանչյուրը կգտնի իր մարդկային ու պաշտոնեական արժանապատվությունը, երբ իր իսկ օժանդակությամբ իրականություն կդառնա ավազակապետության այլընտրանքը՝ սահմանադրական կարգի վերականգնումն ու օրինականության հաստատումը։

Աշոտ Սարգսյան

Saturday, August 3, 2013

Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը


Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը Փակ շուկայի մասին ասել է. «Ազգային խայտառակություն է, և դա ես չեմ ասել, դա համազգային կարծիք է»։ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ևս նույն բանն է ասել և հավելել, թե շինարարությունը կատարվել է ապօրինի, ու դա կանխելու՝ քաղաքապետարանի ջանքերն արդյունք չեն տվել։
ՀՀ մշակույթի նախարարության անունից փոխնախարարը հայտարարել է, որ ապօրինի շինարարության դեմ պայքարել է նաև նախարարությունը, և դարձյալ՝ ապարդյուն։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հայտարարել է. «Հուշարձանը կորցրինք»։
Եւ այսպես՝ պատմական հուշարձանի համար պատասխանատու երեք հիմնական օղակ հայտարարում են, որ իրենց աչքի առաջ տեղի է ունեցել դրա կործանումը, և իրենք անզոր են եղել դա կանխել։ Իսկ այդ օղակներն այլ բան չեն, քան Երևանի քաղաքապետարանը, որ Հայաստանի իշխանության կեսն է, ի դեմս մշակույթի նախարարության՝ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ, Ճարտարապետների միությունը՝ իր հարյուրավոր անդամներով։
Քաղաքական իմաստով՝ սա ծանր ու դաժան մի խոստովանություն կամ ինքնախոստովանություն է.
Ա) Ի՞նչ պետք է աներ մշակույթի նախարարը՝ իր աչքի առաջ կատարվող այլանդակության դեմ։ Բնականաբար՝ պետք է համապատասխան հարց մտցներ կառավարություն։ Պետք է ենթադրել, որ նա, բնականաբար, դա արել է։ Ի՞նչ պետք է աներ, երբ դա էլ օգուտ չտար։ Բնականաբար՝ պետք է հրաժարական ներկայացներ՝ նշելով պատճառը։ Սա՝ այն դեպքում, եթե նախարարն օժտված լիներ նվազագույն քաղաքական որակներով, նվազագույն պաշտոնեական և մարդկային արժանապատվությամբ և ինքնասիրությամբ։ Որովհետև դա նշանակում էր թքել նախարարության և իր կառավարության երեսին։
Բ) Ի՞նչ պետք է աներ Երևանի գլխավոր ճարտարապետը, երբ գիտեր, որ շինարարությունն ապօրինի է, և դրա հետևանքով քաղաքի դեմքը հանդիսացող հուշարձան է կորչում։ Չասենք՝ պետք է գնար պառկեր բուլդոզերի տակ։ Բայց պետք է ենթադրել, որ հարցը բարձրացրել է քաղաքապետարանում, և քաղաքային իշխանությունը՝ իր քաղաքապետով հանդերձ, անզոր են գտնվել։ Ի՞նչ պետք է աներ գլխավոր ճարտարապետը՝ իր քաղաքապետով հանդերձ։ Բնականաբար՝ պետք է հրաժարական տային, որովհետև դա հրապարակային ապտակ էր իրենց երեսին, ծաղր ու արհամարհանք։ Բայց դա էլ՝ այն դեպքում, եթե նրանք ունենային նվազագույն պաշտոնեական և մարդկային արժանապատվություն և ինքնասիրություն։
Գ) Ի՞նչ պետք է աներ Ճարտարապետների միությունն՝ ի տես հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմի։ Մի քանի տասնյակ անձնազոհ քաղաքացիական ակտիվիստների փոխարեն կամ նրանց առաջնորդելով՝ իրենք առաջին իսկ օրը պիտի հայտնվեին հուշարձանի մոտ և շուրջօրյա նստացույց-պիկետ անեին՝ օրերով, շաբաթներով, ինչքան որ պետք էր։ Չէ՞ որ քաղաքի կենտրոնում օրը ցերեկով և ամիսներ շարունակ հուշարձանի ավերումը նաև իրենց մասնագիտական ու մարդկային արժանապատվության ոտնահարում էր։
Ա՜յ եթե թուրքական իշխանությունների կողմից վերականգնվող Աղթամարի վանքի քարերից մեկը մի քիչ ծուռ դրած լինեի՜ն...
Բայց մենք սրանցից ոչ մեկին չենք մեղադրում։ Նույնիսկ ապօրինություն կատարած օլիգարխի խնդիրը տասը հազար անգամ ավելի փոքր է այն վտանգից, ինչի ախտանշանն է նույն այդ ապօրինությունը։ Սրանք բոլորը՝ քաղաքապետարանով, նախարարությունով (կառավարությունով) ու ճարտարապետների միությունով հանդերձ, Փակ շուկայի անվերադարձ այլանդակումից հետո, քաղաքական իմատով, հրապարակավ շատ կարևոր երկու բան են ասում - արձանագրում.
Առաջին՝  Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը բոլոր պետական պաշտոնյաներին զրկել է պաշտոնեական, մարդկային և մասնագիտական տարրական արժանապատվությունից։
Երկրորդ, որ շատ ավելի կարևոր է. երկրում ծայր է առնում անարխիան՝ անիշխանությունը։ Սերժ Սարգսյանը (ի պաշտոնե՝ որպես պետական կառույցների բնականոն աշխատանքի ապահովման երաշխավոր) չի վերահսկում իրավիճակը։ Այլ կերպ մեկնաբանել իշխանության հզորագույն օղակների՝ քաղաքապետարանի և կառավարության՝հրապարակավ խոստովանած անզորությունը քաղաքի կենտրոնում տարիուկես տևող ապօրինությունը կանխելու հարցում՝ դժվար է։
Անիշխանությունից, բնականաբար, առաջին հերթին օգտվում են հզորները, հարուստները, անգամ իրենք՝ իշխանավորները (Փակ շուկան այդ դեպքերից մեկն է)։ Սակայն անարխիան էլ ունի իր ներքին տրամաբանությունն ու օրինաչափությունները։ Սկիզբ առնելով վերևում՝ այն իր բնական զարգացմամբ ծավալվում է դեպի ներքև և ստանում, օրինակ, սոցիալական բունտի կամ տարերային ընդվզման այլ տեսք։ Այս դեպքում, դարձյալ՝ առաջին հերթին, հասարակական կուտակված զայրույթի թիրախ են դառնում նույն այդ հզորները, հարուստները, իշխանավորները՝ ոչ միայն իրենց գույքով, երբեմն նաև անձնապես։ Ընդ որում՝ հաճախ թացն էլ չորի հետ է վառվում։ Բայց դեռ դա չէ ամենասարսափելին։ Ամենասարսափելին այն է, որ քաղաքական բովանդակությունից զուրկ անարխիան կործանարար հետևանքներ է բերում երկրի ու նրա բոլոր բնակիչների համար։
Քաղաքական դիմագծից զուրկ ավազակապետական ռեժիմը Հայաստանը, բնականաբար, պիտի հասցներ անարխիայի նախադռանը։ Խուսափելու համար վատթարագույն զարգացումներից՝ դրա դեմ քաղաքական պատնեշ է պետք դնել։
Աշոտ Սարգսյան