Tuesday, April 8, 2014

ՊԱՀԸ կորցնելը երկիրը կմատնի նորանոր կորուստների


Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական պայքարում կան միատեսակ օրինաչափություններ։ Որևէ գործողություն իրականացնելիս նախապես պետք է հաշվել դրա համար անհրաժեշտ ռեսուրսները, հաջողության հասնելու հնարավորության աստիճանը և ընտրել ճիշտ ՊԱՀԸ։ Միշտ չէ, որ հաջողության հնարավորությունը 100%-անոց է լինում, հաճախ գնում ես նաև ռիսկի։ Ուստի հնարավոր է նաև, որ այդ դրվագում չհաջողես, չհաղթես, տեղի տաս, նահանջես։ Բայց դրանից հետո չես կորցնի վերականգնվելու, ոտքի կանգնելու, հզորանալու, պայքարը շարունակելու ու հաղթանակի հասնելու հնարավորությունը։
Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական պայքարում շատ ավելի վտանգավոր է, երբ չես նկատում ու չես օգտագործում օբյեկտիվորեն քեզ տրված, էլ չասենք՝ հենց քո ձեռք բերած շանսը, հնարավորությունը, կորցնում ես ՊԱՀԸ։ Առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է ոչ թե դրվագային, այլ վերջնական ու լիակատար հաղթնակի հասնելու իրական հնարավորության բարենպաստ պահին։ Պահը պահ է, երկար չի ձգվում, ու հապաղելով՝ կարող ես այն անվերադարձ կորցնել։ Այս դեպքում արդեն քեզ չեն ներում, այս դեպքում, նվազագույնը՝ դու վերանում ես որպես տվյալ գործի համար պայքարող մարտիկ, միավոր, որպես գործոն։ Կարող ես նաև ծանր մեղադրանքների ու նվաստացուցիչ պիտակների արժանանալ։
* * *
Ներքին և արտաքին քաղաքականության առարկայացած հրեշավոր արդյունքներով՝ ժողովրդի վայրենի թալանից ու կողոպուտից մինչև ազգակործան արտագաղթ, Ցեղասպանության ուրացումից մինչև երկրի անկախության ատրիբուտների ոչնչացում, զարգացման խոչընդոտի վերածված ռեժիմն իր դեմ հասարակության հարաճուն դժգոհությունը վաղուց արդեն հասցրել է համատարած ատելության։ Բնականաբար, չուզենալով կիսել ռեժիմի հանցավորության պատասխանատվությունը, ընդդիմադիր դաշտ անցան նաև նրա հետ նախկինում որևէ կերպ համագործակցող քաղաքական ուժերը։ Վերջին տարիներին ստեղծվել է մի վիճակ, երբ ռեժիմի հեռացումը համընդհանուր ցանկություն ու պահանջ է հասարակության անխտիր բոլոր խավերի համար։
Բարենպաստ հասարակական այս մթնոլորտում ձևավորվեց խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությունը, նախ՝ առանձին խնդիրների շուրջ, ապա նաև՝ ընդհանրական՝ ամբողջական իշխանափոխության հարցում։ Ամբողջական իշխանափոխությունը ռեժիմի հեռացումն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ու նրա հիմնած արատավոր համակարգի  լիակատար կազմաքանդումը։ Նկատի ունենալով մարտավարության հարցում քաղաքական չորս ուժերի պատկերացումների տարբերությունը՝ գտնվեց ընդհանուր հայտարար՝ամբողջական իշխանափոխության հասնել փուլային տարբերակով։ Դա նշանակում էր, նախ, միասնաբար Ազգային ժողովում բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը, ապա, այդ կերպ հասնելով ուժերի հարաբերակցության փոփոխության, անցնել նաև Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։
Ինչպիսի՞ն էր երկու կողմերի ռեսուրսների և հնարավորությունների հետ կապված պատկերացումը։
Պատկերացումն այնպիսին էր, որ միայն խորհրդարանական գործունեությամբ, համապատասխան քանակի ստորագրություններով կառավարության հրաժարականի խնդիրը ԱԺ օրակարգ մտցնելը ու քննարկելը բավարար չի լինի դրան հասնելու համար։ Ուստիև քառյակը հարցը ԱԺ մտցնելու օրը՝ ապրիլի 28-30-ին, նշանակեց նաև չորս ուժերի միասնական, շուրջօրյա հանրահավաք։ Նկատի ունենալով նախորդ (մարտի 1-ի) միայն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի բազմամարդությունը, չորս ուժերի միավորման շնորհիվ հասարակական մթնոլորտի շիկացումը, ակնհայտ էր, որ հրապարակը կարող էր եռապատկվել-քառապատկվել, ու ճնշումը իշխանության վրա կարող էր լինել աննախադեպ։ Եւ այնուամենայնիվ, շարունակվում էր քննարկվել երկու հնարավոր տարբերակ. ա) այդ ամենի հետևանքով հնարավոր է լինում հասնել կառավարության հրաժարականին, բ) իշխանությունն, այնուամենայնիվ, չի նահանջում, կառավարությունը մնում է։
Դեռ քառյակը նոր հայտարարեց նշանակված հանրահավաքի կազմակերպման հետ կապված քարոզչական և այլ նախապատրաստությունները սկսելու մասին, և ապրիլի 3-ին Տ. Սարգսյանը հապշտապ հրաժարական տվեց։ Տեղի ունեցավ այն, ինչի հնարավորությունը դեռևս 50% էր գնահատվում ապրիլի վերջի համար։ Այսինքն՝ այն, ինչը պիտի լիներ քառյակի համատեղ խորհրդարանական գործողության և հասարակական ճնշման արդյունքում, տեղի ունեցավ լոկ դրա սպառնալիքի տակ, այն էլ՝ դեռ մեկամսյա հեռավորությամբ։
Անմիջապես արձանագրվեց, որ Տ. Սարգսյանի «վաղաժամ» հրաժարականով կատարվեց շատ կարևոր մի բացահայտում. պարզվեց, որ վարչախմբի ուժն ու ռեսուրսները, ինչը նա կարող էր հակադրել իր դեմ ծառացած քաղաքական ու հասարակական ճնշմանը, բազմապատիկ ավելի սակավ են, քան կարելի էր ենթադրել (http://www.ilur.am/news/view/27560.html)։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն իշխանության ամրության ներքին ռեսուրսին, որ համեմատաբար ավելի հեշտ տեսանելի ու հաշվարկելի է։ Դրանով բացահայտվեց նաև ռեժիմի համար շատ կարևոր՝ արտաքին օժանդակության ռեսուրսը, ինչին նա ապավինել է տարիներ շարունակ։ Ընդ որում՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքում արդեն իսկ կարելի էր նկատել արտաքին այդ օժանդակության նվազման հստակ նշանները, սակայն անհայտ էր մնում դրա աստիճանը։ Պարզվեց, որ իշխանության արտաքին օժանդակության ռեսուրսը, ըստ էության, զրոյական է։
«Փուլային տարբերակով» նախատեսվում էր, հօգուտ ընդդմության ուժերի հարաբերակցության փոփոխությամբ՝ նախ հասնել որակապես նոր իրավիճակի ստեղծման՝ ամբողջական իշխանափոխության երկրորդ փուլին՝ Ս. Սարգսյանի հրաժարականին անցնելու համար։ Մինչդեռ պարզվեց, որ ուժերի հարաբերակցությունն այս պահին ավելի քան հօգուտ ընդդիմության է։ Պարզվեց, որ  «որակապես նոր իրավիճակը», որ պիտի ստեղծվեր ամիսներ անց, արդեն իսկ առկա է։ Ուստիև կառավարության հրաժարականի պահից գործում է երկրորդ փուլի համար անհրաժեշտ «որակապես նոր իրավիճակի» ռեժիմը, առաջնահերթ է դառնում այդ պայմաններում գործելու, չհապաղելու խնդիրը։
Ավելի քան երբեք՝ հասարակությունը ոգևորված է, մթնոլորտն էլեկտրականացված է ամբողջական իշխանափոխության հեռանկարով։ Դա տևական պայքարի և աշխատանքի արդյունք է։ Այս պահին ռեժիմը գոյատևման ոչ մի ռեսուրս չունի։ Նրա փրկության միակ տարբերակը կարող է դառնալ ընդդիմության կողմից ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԸ կորցնելը, անմիջապես ամբողջական իշխանափոխության երկրորդ փուլին՝ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին չանցնելը։ Ս. Սարգսյանի միակ հույսը ընդդիմության հապաղումն է։ Մինչդեռ՝ անգամ ժողովրդական իմաստությունն է նման դեպքերի համար ասում՝ «Երկաթը տաք-տաք են ծեծում»։
***
Չորս ուժերն էլ օգտագործում են համակարգային փոփոխություններ տերմինը։ Եւ իրոք՝ խնդիրը արատավոր, հանցավոր կոռուպցիոն համակարգն է։ Իր էությամբ այն չի կարող ներսից բարենորոգման տրվել, այն պետք է կազմաքանդել։ Համակարգի հիմքը ոչ օրինակարգ իշխանությունն է։ Ուստիև՝ համակարգային փոփոխության գործիքը, օրինակարգ իշխանության հաստատումից բացի՝ այլ բան լինել չի կարող։ Հակառակ դեպքում՝ կոռուպցիոն համակարգը կարող է կուլ տալ ցանկացած անարատ վարչապետի, կառավարության ու նախագահի՝ իրենց փայլուն ծրագրերով հանդերձ։ Ըստ այսմ՝ Ս.Սարգսյանի հեռացումը անձի հարց չէ, այլ համաժողովրդական հիմքով օրինակարգ իշխանության հաստատման, որը միայն ի վիճակի կլինի իրականացնել համակարգային փոփոխությունն ըստ էության՝ եղածը կազմաքանդելով ու նորը՝ օրինականը, սահմանադրականը, պատասխանատուն ստեղծելով։
Ոչ մեկը չի կասկածում, որ Ս. Սարգսյանի հրաժարականի օրակարգով շուրջօրյա միասնական հանրահավաքը, արդեն իսկ ողջ հանրապետությունում էլեկտրականացած մթնոլորտում, շատ ավելի բազմամարդ, վճռական ու անկասելի կլինի, քան որ նախատեսված էր ապրիլի 28-ին։ Իսկ ամենահավանականն այն է, որ այն կարող է բերել նույն արդյունքին՝ Ս. Սարգսյանի հրաժարականին մինչև հանրահավաքի կայացումը։ Եւ անգամ այդ դեպքում պիտի արձանագրվի, որ Հայաստանում տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական կոչվող այն հեղափոխությունը, որ բերում է ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, գործարարություն, ազատում կապանքներից, իրավական պետություն, յուրաքանչյուրի համար արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Եւ այդ հեղափոխությունն, իր դերակատարներով հանդերձ, կմտնի պատմության ու քաղաքագիտության դասագրքեր՝ որպես քաղաքական արվեստի օրինակելի մի նմուշ, որպես աշխարհում եղած հարյուրավոր նման հեղափոխությունների մեջ ամենաթավշյան, ամենազանգվածայինը, ամենաախաղաղն ու ամենաանցնցումը։
Մինչդեռ ՊԱՀ-ը կորցնելը երկիրը կմատնի նորանոր կորուստների և չի ներվի ո՛չ ներկայի, ո՛չ ապագայի, ո՛չ պատմության կողմից։

 http://www.ilur.am/news/view/27672.html

No comments:

Post a Comment