Tuesday, April 1, 2014

Երբ հաղթահարվում է «հարցի քաղաքականացման» տաբուն


Խորհրդային տարիներին ամենավտանգավոր բառը «քաղաքականն» էր։ «Քաղաքականությամբ զբաղվելը» ծանր հանցագործության մեջ մեղադրանքի պես մի բան էր, իսկ որոշ տասնամյակներում՝ մահացու պիտակ, Սիբիր աքսորվելու ուղեգիր։ Որևէ ամենասովորական հարց քննարկելիս էլ պետք էր շատ զգույշ լինել, որպեսզի չմեղադրվեիր հարցին «քաղաքական աստառ» տալու մեջ։ Արտասահման գնալը որևէ մեկի համար անհնար բան էր, եթե նրա բնութագրում չլիներ «քաղաքականապես կայուն է» հավաստիացումը։ Միակ բանը «քաղաքական» բնորոշմամբ, որ 1960-ականների կեսերից, այն էլ՝ քչփչոցի մակարդակով, հնարավոր դարձավ, քաղաքական անեկդոտներն էին։ Բայց դրանք պատմողներն էլ անպայման հայտնվում էին ԿԳԲ-ի տեսադաշտում։
Խորհրդային տարիների համար այս ամենը հասկանալի էր կամ, ասենք՝ բացատրելի. այդ համակարգում սահմանադրորեն ամրագրված էր մեկ քաղաքական ուժի անսակարկելի իշխանություն, ուստիև որևէ կերպ «քաղաքականությամբ զբաղվելը», անգամ որևէ հարցի «քաղաքական աստառ» տալը համարվում էր ոտնձգություն սահմանադրորեն ամրագրված իշխանության դեմ։
(Մոտ 10 տարի առաջ իրականացվող մի ծրագրի շրջանակներում առնչվել եմ նախկին պաշտոնյաներից վերցված հարցազրույցների շարքի, որտեղից հիշում եմ «քաղաքական» բառից մնացած վախի հետևանքի շատ տիպիկ մի օրինակ։ Խորհրդային Հայաստանի կառավարության՝ Մինիստրների խորհրդի նախկին նախագահին հարցնում են. «Դուք, անշուշտ, մասնակցում էիք հանրապետությանը վերաբերող քաղաքական որոշումների ընդունմանը...»։ Նախկին պաշտոնյան, ընդհատելով հարցը՝ պատասխանում է. «Չէ, ի՞նչ եք ասում, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես այդքան տարի կառավարությունը ղեկավարեցի, անգամ մեր Սահմանադրությունը չէի կարդացել, ժամանակ չկար...»)։
1990թ. ժողովրդավարական ուժերի հաղթանակից հետո, ինչպես առաջին գումարման Գերագույն խորհուրդը, այնպես էլ առաջին գումարման Ազգային ժողովը պետք է կոտրեին ու կոտրեցին մտածողության այս իներցիան, կարծրատիպը։ Այդ ժամանակ հենց իշխող ուժն էր պնդում, որ խորհրդարանում քննարկվող բոլոր հարցերը քաղաքական են, որ քաղաքական են ոչ միայն Անկախության հռչակագիրը, սահմանադրության մեջ փոփոխությունները, Ղարաբաղի ու Ցեղասպանության հարցերը, այլև՝ լեզվի մասին, հողի մասին, ջրի մասին, սեփականաշնորհման մասին ու ընդհանրապես՝ բոլոր օրենքներն ու որոշումները, որոնք քննարկվում և ընդունվում են խորհրդարանում։ Մտածողության ու պատկերացումների իներցիան ծանր էր ու դժվար էր հաղթահարվում։
***
Հիմա ճիշտ հակառակն է։ Արդեն շատ երկար ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հաճախ՝ ամենաբարձր մակարդակով, բողոքում են... հարցերի քաղաքականացումից։ Որքան հիշում եմ՝ խորհրդարանում շատ թե քիչ նորմալ բանավեճով ընթացող որևէ քննարկում առաջացնում է «խնդիրը քաղաքականացնելու»՝ ՀՀԿ խմբակցության ու հատկապես նրա ղեկավարի բողոքը։ Ընդ որում՝ այդ բողոքները հնչում են ընդհուպ «դասական քաղաքական» հարցերի քննարկման դեպքում, օրինակ՝ «մի քաղաքականացրեք Սահմանադրության հարցը» տեսքով։ Ու ամեն անգամ մարդ դժվարանում է հասկանալ՝ խորհրդարանում քննարկվող հարցերի առիթով «քաղաքականացման» դեմ բողոքները ցինիզմի՞, լսարանի հանդեպ արհամարհանքի՞, թե՞ իրենց մտավոր սահմանափակության արդյունք են։ Ճիշտն ասած՝ երկար ժամանակ համոզված էի, թե առաջին տարբերակն է, այսինքն՝ գործ ունենք լսարանի նկատմամբ արհամարհանքի, ցինիզմի հետ։ Վերջերս, սակայն, ֆինանսների նախարարի նմանատիպ մի անկեղծ բողոքը, թե՝ «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը այլևս ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական քննարկումների դաշտում է», խոսում է հօգուտ երկրորդ տարբերակի։ Ի՞նչ է նշանակում օրենքը մասնագիտական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ։ Ցանկացած օրենք՝ սկսած նախագծից մինչև վերջնական ընդունումը, քաղաքական փաստաթուղթ է։ Հակառակ դեպքում տնտեսական օրենքների ստեղծումն ու ընդունումն, օրինակ, կարելի էր հանձնարարել ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտին, գյուղատնտեությանը վերաբերող օրենքների ընդունումը՝ Գյուղակադեմիային, լեզվի օրենքը՝ Լեզվի ինստիտուտին և այլն, ըստ «մասնագիտական դաշտի»։
Հասարակությանը կամ նրա որևէ խավին հուզող ցանկացած հարց քաղաքական է, եթե այն ենթակա է օրենսդրական կարգավորման։ Չքաղաքականացման կոչն աշխատում է հօգուտ իշխանության։ Հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ի իշխանության շրջանում հետևողականորեն փորձ է արվում հասարակության մեջ վերականգնել խորհրդային պատկերացումը։ Եւ ցավով պետք է խոստովանել, որ այն հաճախ շատ արդյունավետ աշխատել է։ Կարելի է հիշել տասնյակի չափ դեպքեր, երբ իշխանական ապօրինությունների ու կամայականությունների թիրախ դարձած սոցիալական տարբեր խմբեր ընդվզել են։ Օրինակ՝ Բուզանդի ու հարակից փողոցների բնակիչները, ոսկերիչները, տաքսիստները, տոնավաճառների առևտրականները, կրպակատերերը, բացօթյա առևտուր անողները, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարողները, Մաշտոցի պուրակի և բնապահպանական մյուս շարժումները և այլն։ Անխտիր բոլոր դեպքերում պայքարող այս խմբերում հնչել, քննարկվել է «չքաղաքականացնելու» հարցը։ Եւ դա մի բան է նշանակել. հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ գործ ունենալուց, նրանց օժանդակությունից, օգնությունից։ Ի՞նչն է դրան նպաստել։ Նախ՝ տարիների իշխանական քարոզչությունը շատերի մեջ, թերևս, վերականգնել է «քաղաքականացման»՝ խորհրդային տարիների բացասական ընկալումը՝ ստեղծելով նաև այն պատկերացումը, թե դրանով հարցը կարող է մատնվել չլուծման։ Երկրորդ՝ յուրաքանչյուր դեպքում իշխանական ու նրա կողմից ուղղորդվող «անկախ» մամուլի քարոզչությունը, թե՝ տեսեք, ընդդիմությունն ուզում է ձեզ օգտագործել իր «նեղ քաղաքական» նպատակների համար։ Եւ երրորդ՝ վարչախումբն ինչպես որ քաղաքական դաշտում պահում է կեղծ ընդդիմադիր ուժեր, նույնպիսի մեթոդների կարող էր դիմել նաև բողոքի հասարակական ընդվզումներն իր համար անվտանգ դարձնելու («քաղաքականացումից» հեռու պահելու) համար։ Համենայնդեպս, ակնհայտ է, որ վերոհիշյալ տասնյակ սոցիալական այդ բողոքներից, ընդվզումներից որևէ մեկն «առանց քաղաքականացման»՝ շատ թե քիչ առարկայական արդյունք չի արձանագրել (հասարակական տրանսպորտի գնի բարձրացումն ընդամենն առկախվել է, որոշումը չի վերացվել)։
Պարտադիր կուտակայինի խնդիրը, վերևում թվարկվածների համեմատությամբ՝ ունի մի քանի առանձնահատկություն։ Առաջին՝ դրանով վարչախմբի կողոպուտի թիրախ դարձավ հասարակական շատ մեծ շերտ՝ ավելի քան 250 հազար մարդ։ Երկրորդ՝ այս դեպքում կողոպուտը ոչ թե միջնորդավորված՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման, հարկերի ավելացման տեսքով է, այլ ուղղակի գրպանահատության՝ էական պահում ստացվող աշխատավարձից։ Եւ երրորդ առանձնահատկությունն այն է, որ այս  դեպքում հասարակական ընդդիմացումը կարողացավ հաղթահարել «հարցի քաղաքականացման» տաբուն։ Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ի թիվս այլ գործոնների, կարևոր նշանակություն ունեցավ պարտադիր կուտակայինի խնդրով հարցի հասարակական ամենաբարձր հնչեղության ու համախմբման ապահովման համար։ Եւ, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում կընդունի Սահմանադրական դատարանը, այդ համագործակցությունը պիտի մնա հարցի երբևէ լուծման միակ երաշխիքը։ 

http://www.ilur.am/news/view/27343.html


No comments:

Post a Comment