Tuesday, March 25, 2014

Ռեժիմը ազգային անկախ պետականության հակապատկերն է


Անկախ պետականությունը, որ նույնացվում է ազատության գաղափարի հետ, ազգի գոյատևման ու զարգացման հիմնական գրավականն է։ Այս գիտակցումը շատ հին է և ներհատուկ բոլոր ժողովուրդներին։ Ազգի ազատությունն այլ կերպ անպատկերացնելի է, քան անկախ պետականության պայմաններում։ Պատահական չէ, որ հենց անկախության ձեռքբերումն է տարբեր ժողովուրդների տոնացույցերում համարվում ամենամեծ տոնը։
Անկախ պետականությունն ինքնին արժեք չէ։ Միաժամանակ՝ այն գերագույն արժեք է ու շատ թանկարժեք գործիք, եթե իրականացնում է երկու գործառույթ.
Ա) Ապահովում է տվյալ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և կյանքի հարաճուն բարգավաճումը
Այս ընկալումը ևս շատ հին է։ Եւ, հազարամյա հնություն ունենալով՝ խիստ արդիական, ընդօրինակելի և դաստիարակիչ այսօրվա համար։
Այդպիսի ընկալման ցայտուն մի օրինակ՝ պատմահայր Մովսես Խորենացուց։ Թագավորի քաջությունը, իմաստությունը, քաղաքական ու ռազմական հմտությունները եթե ընդարձակում են երկրի սահմանները, դա դեռ քիչ բան է նշանակում։ Այն իմաստավորվում է այնքանով, որքանով բերում է ժողովրդի բոլոր խավերի կյանքի ապահովության ու կենսապայմանների բարելավման։ Ահա մի օրինակ՝ կապված Հայկից սերված թագավորներից ամենահզորի՝ Տիգրան Երվանդյանի հետ.
«Եւ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական բարքի ու խոհականության, չի զվարճանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել։ Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ»։
Շարունակությունն այն մասին չէ, թե հաջողությունների բարձրակետի հասած, ուրիշներին նվաճած, նրանց վրա հարկեր դրած թագավորը ինչպիսի առասպելական հարստություններով է լցնում իր գանձարանը, ինչպիսի շքեղաշուք կյանք է վարում։ Շարունակությունն այն մասին է, թե այդ ամենից ինչպես են հավասարապես օգտվել բոլորը, հասարակության բոլոր խավերը, ամեն մի քաղաքացի.
«Մթերքներ ոսկու և արծաթի, և պատվական քարերի, և զգեստների, և զանազան գույների գործվածքների՝ տղամարդկանց և կանանց համար՝ առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանում։ Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով ու երկաթե զգեստներով... Նա խաղաղություն ու շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով»։
Ու այս ամենից հետո ինքը՝ թագավորը մնաց «կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր» , անգամ՝ «մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր»։
Ահա անկախ պետականության գործառույթի ու իշխանության ղեկավարի առաքելության մասին 1500 տարի առաջվա պատկերացումն ու ընկալումը։ Եւ սա Պատմահոր մտքում ծնված գեղարվեստական պատկեր չէ, այլ ժամանակի ու դրանից առաջվա քաղաքական մտքի արձանագրում։ Դրա շնորհիվ ու այդ հիմքի վրա էր գոյատևել հայկական անընդհատ պետականությունն ամբողջ 1000 տարի շարունակ։
Հիմա ընդամենը մտովի համեմատենք այս պատկերացումն այսօրվա իշխանավորների՝ իշխանության ու պետականության մասին տրամագծորեն հակառակ պատկերացումների, տրամագծորեն հակառակ գործելակերպի ու, բնականաբար, տրամագծորեն հակառակ հետևանքների հետ։ Տրամագծորեն հակառակ՝ նշանակում է, թե այդ կերպ կարող էր վարվել և վարվել է օտարը, թշնամին, հակառակորդը՝ քեզ հարստահարելու կամ վերացնելու նպատակով։
Բ) Ապահովում է այն արժեհամակարգի անխաթարությունը, որ տվյալ ժողովրդի ազգային ինքնության հիմքն է
Դարերով ձևավորված ու սրբագործված արժեքային համակարգը ազգի նկարագիրն ու գոյության հիմքն է։ Ոչնչացնել այդ համակարգը՝ կնշանակի ոչնչացնել ազգը։ Ո՛չ մի օտար նվաճող արժեքային այդ համակարգը ոչնչացնելու խնդիր չի դրել իր առջև՝ որպես իր իշխանության հաստատման կամ պահպանման միջոց։ Նման խնդիր չէր դրել անգամ ամենագաղափարախոսականացված խորհրդային համակարգն ամբողջ 70 տարի՝ «սովետական մարդ» կերտելու իր նպատակով հանդերձ։ Այդպիսի խնդիր իր առջև դրել է իշխող ռեժիմը։
Ցույց տանք դա տասնյակ օրինակներից միայն մեկով։
Վերջերս սոցիալական ցանցերում հանդիպեցի այսպիսի մի գրառում. «Ճապոնիայի վարչապետին հարցրին` ո՞րն է Ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա ասաց` «Մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք»։
Գեղարվեստական թե պատմական գրականության մեջ դժվար է հիշել շրջան, անգամ դեպք, որ հասարակության մեջ ուսուցչի ընդհանրական կերպարը դրական չլինի։ Այդպես է հայ իրականության մեջ, հաստատ՝ նաև այլ ժողովուրդների մոտ։ Ուսուցչի կարգավիճակը միայն վստահություն, հարգանք ու ակնածանք է առաջացրել բոլոր ժամանակներում։ Հենց դա էր պատճառը, որ, օրինակ ռուսական նարոդնիկները կամ հենց 19-րդ դարի վերջում հայ հեղափոխական կուսակցություններն իրենց գաղափարները ժողովրդի մեջ տարածելու համար գնում էին գավառներ՝ ուսուցչի պաշտոնով։
Իշխող ռեժիմը դպրոցական ուսուցչի հետ վարվել է ճիշտ հակառակ կերպ (համեմատած ճապոնական օրինակին)։ Խոսքը նրանց տված աշխատավարձի մասին չէ (որ ոչ թե նախարարի, այլ նախարարության հավաքարարի աշխատավարձի հետ է համեմատելի), ոչ էլ ձևական հատուկ պատիվների։ Խոսքը նրանց ստորացնող, ստորացուցիչ արարաքների մղելու մասին է։ Միայն ընտրական հանձնաժողովներում նրանց ընդգրկումը ու նրանց ձեռքով ընտրակեղծիքների իրականացումը բավական է՝ հասարակության մեջ ուսուցչի կերպարը, «ուսուցիչ» արժեքը ոչնչացնելու համար։ Եւ ճիշտ այնպես, ինչպես Ճապոնիայի հաջողության գաղտնիքը այդ երկրի իշխանության կողմից դպրոցական ուսուցչին «նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք» տալն է, նույն կերպ՝ Հայաստանի կործանման պատճառներից մեկը կարող է դառնալ ռեժիմի կողմից դպրոցական ուսուցչին իրավախախտի, կեղծարարի, անգամ կաշառակերի համբավով օժտելը։
***
Տարբեր առիթներով ոմանք հաճախ են խոսում Հայաստանի անկախությանն սպառնացող արտաքին վտանգների մասին։
Անկախ պետականությունն ինքնին արժեք չէ։ Միաժամանակ՝ այն գերագույն արժեք է ու շատ թանկարժեք գործիք՝ ազգի ֆիզիկական անվտանգության, արժանապատիվ կյանքի ապահովման և արժեքային համակարգի պահպանման իր գործառույթով։ Այս դիտանկյունով՝ ներկա ռեժիմը ոչ մի կերպ չի կարելի անկախ պետականության դրսևորման ձև համարել։ Այն, ազգի արժեքային համակարգը ոչնչացնելու, նրան իրավական ու նյութական անապահովության մատնելու, իր բնօրրանից դուրս մղելու գործառութով, ազգային անկախ պետականության հակապատկերն է։
Այո, անկախ պետականությանն սպառնացող վտանգը, որպես կանոն, արտաքին է լինում։ Սա բացառիկ դեպք է, երբ անհանգստանալ Հայաստանի անկախությանն սպառնացող արտաքին վտանգից, մեղմ ասած՝ զավեշտ է։ Դա նույնն է, ինչ կեղտաջրում խեղդվողն անհանգստանա անձրևի տակ ընկնելուց ու թրջվելուց։ Քանի դեռ հայ ժողովրդի համար ներքին վտանգն ու չարիքը հարյուրապատիկ ավելի մեծ է իր արդեն առարկայացված արդյունքներով, Հայաստանի անկախության համար պայքարն այլ թիրախ չի կարող ունենալ, քան իշխող հանցավոր ռեժիմը։ Որևէ շեղում այս օրակարգից՝ քայլ է Հայաստանի անկախ պետականության դեմ։

 http://www.ilur.am/news/view/26943.html


No comments:

Post a Comment