Tuesday, June 3, 2014

Մեր ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ և Ս. Սարգսյանի «սահմանադրական բարեփոխումները»


Սահմանադրական բարեփոխումների մասին Ս. Սարգսյանն առաջին անգամ բարձրաձայն հայտարարեց 2013 թ. սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո։ Իսկ սեպտեմբերի 3-ը շա՜տ հիշարժան թիվ է Ս. Սարգսյանի համար։ Կարծես թե նրա քաղաքական ողջ կենսագրության ընթացքում դա է եղել նրա կրած ստորացումների ու ապրած խայտառակությունների այն բարձրակետերից մեկը, որն իր ունեցած հասարակական ռեզոնանսով իրական է դարձրել նաև իշխանությունը կորցնելու վտանգը։ Տվյալ դեպքում՝ ոչ թե այն պատճառով, որ Մաքսային միության մեջ մտնելը խայտառակություն էր, ոչ էլ այդ փաստն ինքնին նման հասարակական ռեզոնանս առաջացրեց։ Նույն այդ վիճակում նա կհայտնվեր, եթե, ընդհակառակը՝ ամբողջ երեքուկես տարի բանակցություններ վարած լիներ Մաքսային միություն մտնելու համար ու հանկարծ, մեկ օրում հայտարարեր, թե ստորագրում է եվրաասոցացման պայմանագիրը։ Այսինքն՝ խոսքը տարիներով հռչակված ու հետապնդված քաղաքական կուրսի ու դրա 180 աստիճանով անակնկալ փոփոխման մասին էանակնկալ՝ բոլորի համար՝ իր իշխանության երկրորդ դեմքից սկսած մինչև վերջին քաղաքացին և ողջ միջազգային հանրությունը։
Ս. Սարգսյանը շատ լավ էր հասկանում, որ  նման, մեղմ ասած՝ «անակնկալը» պիտի խորը ցնցում առաջացներ հասարակության մեջ։ Նա շատ լավ էր հասկանում նաև, որ դա կասկածներ պիտի առաջացներ իշխանական համակարգում՝ իր ունակությունների, միշտ «ջրից չոր դուրս գալու» կարողությունների ու իշխանության հուսալիության նկատմամբ։ Նա չէր կարող չհասկանալ, որ դրա հետևանքով պիտի շեշտակի ընկներ իր վստահելիությունը միջազգային ասպարեզում։ Իսկ այս ամենը իշխանությունը կորցնելու իրական վտանգի էին վերածվում մի հանգամանքի՝ խորհրդարանական ընդդիմադիր չորս ուժերի կայացող համագործակցության պայմաններում։ Վերջինս ձեռք էր բերել հասարակական մթնոլորտի վրա ազդելու և հասարակության համախմբման այնպիսի ներուժ, որ նրա համատեղ գործողությունները իշխանափոխության ուղղությամբ արդեն կարող էին հաջողությամբ պսակվել։ Թերևս, դա շատ ավելի լավ գիտեր հենց Ս. Սարգսյանը՝ ձեռքի տակ, բնականաբար, ունենալով հասարակական տրամադրությունների և ներիշխանական խլրտումների մասին առավել որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն։
Այդ պահին սահմանադրական «բարեփոխումների» մասին հայտարարելով՝ Ս. Սարգսյանը երկու նպատակ էր հետապնդում։ Առաջին՝ կանխել իշխանական համակարգում իր «անակնկալի» հետևանքով անխուսափելի վտանգավոր խլրտումները. այդ հայտարարությունն իր թիմակիցներին հասկանալի լեզվով նշանակում էր, թե՝ հանգիստ մնացեք, ես կամ և սահմանադրական փոփոխությունների միջոցով ձև եմ գտնելու մնալ իշխանության ղեկին նաև 2018 թվականից հետո։ Երկրորդ՝ նկատի ունենալով, որ համագործակցող ոչ իշխանական ուժերից ժամանակին կողմ են արտահայտվել խորհրդարանական համակարգի հաստատմանը, հույս ուներ այդ խայծով խաթարել նրանց հետագա համաձայնեցված աշխատանքը։
Դժվար է ասել, թե սեպտեմբերի 3-ից հետո Ս. Սարգսյանի արած այս հայտարարությունն ինչ չափով օգնեց կասեցնելու խլրտումներն իր թիմի ներսում։ Սակայն դա չազդեց չորս ընդդիմադիր ուժերի հետագա համագործակցության վրա։ Բոլոր դեպքերում՝ աշնան ամիսներին արդեն առակա էր այն բարենպաստ քաղաքական իրավիճակը, որ պատկերավոր խոսքով կոչում են ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀ, քաղաքական խոսքով՝ «հեղափոխական իրավիճակ», երբ ընդդիմության համատեղ գործողությունները իշխանափոխության օրակարգով կարող էինհաջողություն գրանցել։
Ապրիլյան իրադարձությունները ոչ միայն հաստատեցին Ս. Սարգսյանի ահաբեկվածության և դիրքերի խարխուլ լինելու թեզը, այլև ակնառու ցուցադրեցին, որ այդ թուլությունը շատ ավելին է, քան կարելի էր պատկերացնել։ Բավական էր, որ ընդդիմադիր քառյակը ապրիլի 28-ին երեք օրով շուրջօրյա հանրահավաք նշանակեր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, և հաջորդ օրը Տ. Սարգսյանն այլևս վարչապետ չէր։ Ի՞նչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ Ս. Սարգսյանը, ձեռքի տակ ունենալով իրավիճակի, այդ թվում՝ սեփական թիմի և հասարակության տրամադրությունների մասին հավաստի տվյալներ (ի պաշտոնե՝ նա դրանք ունի), միանշանակ հասկացել էր հետևյալը. ա) Քառյակի կոչով ծովածավալ բազմություն է հավաքվելու, բ) այն չի բավարարվելու միայն կառավարության հրաժարականի «օրակարգային հարցով» և պահանջելու է նաև իր հրաժարականը, գ) ինքը դրան հակադրելու ոչինչ չի ունենալու։ Կանխելու համար այս հեռանկարը՝ նա անմիջապես կատարեց կառավարության հրաժարականի միակ, պարտադրված քայլը։ Այսինքն՝ դեռ 2013թ. աշնանը իշխանափոխության համար գոյացած բարենպաստ իրավիճակը՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ , շարունակում էր պահպանվել, ինչն աներկբայորեն հաստատվեց Քառյակի կատարած այս «էքսպերիմենտով»։
***
Տ. Սարգսյանի կառավարության խուճապահար զոհաբերմամբ Ս. Սարգսյանը կրկին հայտնվեց նույնպիսի երերուն իրավիճակում, ինչպես սեպտեմբերի 3-ից հետո։ Եւ հիմա նա կրկին ձեռքը գցել է «Սահմանադրական բարեփոխումների»՝ իր համար վերջին փրկօղակին։ Հիմա էլ նրա այս նախաձեռնությունը իր համար կենսական նպատակներ է հետապնդում.
Առաջին՝ բուն իշխանության և թիմի ներսում կանխել իր հեղինակության խաթարումն ու ազդեցության թուլացումը։ Նախաձեռնել սահմանադրափոխության մի գործընթաց՝ դրա համար որպես ավարտ նշելով «2015 թ. վերջը կամ 2016-ի սկիզբը», նշանակում է հասկացնել, թե՝ ես այնքան ամուր ու վստահ եմ զգում այսօր, այս պահին, որ, ահա, մեկուկես-երկու տարվա տևողությամբ գործ եմ նախաձեռնում։ Այսինքն, թե՝ ես խնդիր չունեմ մինչև 2018 թվականը, իսկ այս «բարեփոխումների» ընձեռած նոր մեխանիզմներով հնարավորություն կստանամ մնալ դե-ֆակտո իշխանության տերը նաև 2018 թվականից հետո։ Կեղծ ու ցուցադրական ինքնավստահությունը, որպես վերջին միջոց, հաճախ հաջողությամբ աշխատում է մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար, և սա նման դեպքերից է։
Երկրորդ. սա միայն բլեֆ չէ՝ ծանր վիճակից դուրս գալու այսրոպեական խնդիրը լուծելու համար։ Ընդդիմության, տարբեր վերլուծաբանների, լրագրողների տված գնահատականը, թե սահմանադրական «բարեփոխումները» Ս. Սարգսյանի համար իր իշխանության հավերժացման մի մեխանիզմ է, համապատասխանում է իրականությանը։ Եւ հետաքրքիր է, որ այդպիսի մեկնաբանությանն առանձնապես չի ընդդիմանում իշխանական քարոզչամեքենան։ Ավելին՝ իշխանական պատվերների դաշտում աշխատող «ազատ» լրատվամիջոցները նույնիսկ կրկնում են դա։ Սա էլ հասկանալի է։ Անկախ նրանից, թե դա ինչ նպատակով է արվում, նման պատկերացման տարածումը, ինչպես ասացինք, մի կողմից՝ իշխանության ներսում կանխում է Ս. Սարգսյանի նկատմամբ հավատի խարխլումը, մյուս կողմից՝ հասարակության մի մասի վրա կարող է հոգեբանական ճնշման գործիք դառնալ։
Երրորդ. Սահմանադրական «բարեփոխումների» հիմնական նպատակը վերոնշյալ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻ՝ «հեղափոխական իրավիճակի»  չեզոքացումը, սպառումն է։ Ինչպես ասացինք՝ 2013թ. սեպտեմբերից հետո սկսվել և առ այսօր շարունակվում է բարենպաստ մի շրջան, երբ Քառյակի կողմից վճռական մի նախաձեռնություն, օրինակ՝ համատեղ շուրջօրյա հանրահավաքի հրավիրումը, կարող է Հայաստանում լուծել իշխանափոխության խնդիրը։ Երբեք Ս. Սարգսյանի իշխանությունն այսքան թույլ ու անպաշտպան չի եղել։ Դրա հետ միասին՝ ընդդիմության միավորումը Քառյակի տեսքով  հսկայական հասարակական արձագանք, վստահություն ու սպասում է առաջացրել։ Այս երկուսի արդյունքում էլ հասարակական մթնոլորտը էլեկտրականացված է առավելագույն չափով։ Սահմանադրական «բարեփոխումները» Ս. Սարգսյանի համար (իր իշխանությունը 2018 թվականից հետո երկարաձգման խնդրից առաջ) այսօրեական շատ ավելի կարևոր խնդիր է լուծում։ Սա մի ծուղակ է։ Այս «բարեփոխումներին», թեկուզ ամենախիստ քննադատական դիրքերից, ընդդիմադիր որևէ ուժի մասնակցություն մեծապես կնպաստի Ս. Սարգսյանի հետապնդած  նպատակի իրականացմանը։ Պահպանելու համար դեռևս շարունակվող այն վիճակը, հասարակական այն մթնոլորտը, որում Քառյակը պահպանում է իշխանափոխության պոտենցիալը, անհրաժեշտ է սահմանադրական «բարեփոխումների» այս ծուղակը մերժել հիմնովին։ Ըստ էության՝ այն այլ բան չէ, քան դավադրություն Հայաստանի ժողովրդի դեմ։
Վճռական քաղաքական գործի համար ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ ժամանակային իմաստով սովորաբար կարճ է լինում՝ օրեր, շաբաթներ, երբեմն կարող է երկարել՝ ամիսներ։ Բայց այն չի կարող շատ երկար ձգվել, քանի որ, այնուամենայնիվ, ՊԱՀ է։ Տվյալ դեպքում այն երեք բաղադրիչ ունի. թույլ իշխանություն, միավորված ընդդիմություն, այդ միավորմամբ ոգևորված և սպասումներով լցված հասարակություն։ Ժամանակի ձգմամբ սպասումները կարող են մարել։ Սա շատ լավ  հասկանալով՝ Ս. Սարգսյանը  դիմում է ոչ միայն խարդավանքների, այլև պատրաստ է ցանկացած զիջման՝ գերխնդիր ունենալով ժամանակի մեջ մաշել, սպառել այն բարենպաստ իրավիճակը, երբ Քառյակի որևէ լուրջ գործողություն կարող է սպառնալիք դառնալ իր իշխանության համար։


http://www.ilur.am/news/view/30344.html

No comments:

Post a Comment