«Դեմ եմ»-ի հերթական
բողոքի ցույցն ապացուցեց, որ Հովիկ Աբրահամյանի՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»
անհեթեթությանը տրված «իդիոտիզմ» գնահատականը հենց որպես
այդպիսին էլ առարկայանում է բոլորի ընկալումներում։ Այդ պատճառով է, որ
կառավարության շենքի մոտ ցույցի մասնակիցները մերժեցին վարչապետական իր բարձունքից
համեստաբար ներքեւ իջած Հովիկ Աբրահամյանի հետ անգամ խոսել, բառ փոխանակել։
«Իդիոտիզմի» հեղինակի
հետ ի՞նչ խոսես։
Լավ, ենթադրենք՝ մարդը
բանավոր խոսքում հուզմունքից մի պահ կարող է ունենալ լեզվի սայթաքում կամ
գերլարումից՝ մտքի ճողվածք։ Դրա համար կամ պետք է ներողություն խնդրել, կամ,
ասենք, փորձել ինչ-որ կեպ «կոծկել» ու անցնել։ Էս իշխանությունը՝ չէ, ո՞նց թե...
Նորաթուխ վարչապետի ասած անհեթեթությունը ոչ միայն սկսեցին մեկնաբանել որպես մտքի
թռիչք ու հանճարեղաբանություն, այլեւ բերեցին, նույն կուտակային կենսաթոշակների մասին
օրենքում դարձրին օրենքի նորմ։ Հիմա, ըստ օրենքի փոփոխված ու գործող
տարբերակի՝ կուտակային կենսաթոշակների համար մուծումները պարտադիր
են (պարտադիր բաղադրիչը պահպանվում է), բայց մարդը ազատ է դիմում
գրել ու հրաժարվել դրանից (բայց ոչ պարտադրված)։
Օրենքը կա՛մ արտոնում,
իրավունք է տալիս ինչ-որ բան անել, կա՛մ պարտադրում է ինչ-որ բան անել։ Երբ օրենքն
արտոնում է՝ քաղաքացին իր հայեցողությամբ կարող է օգտվել կամ չօգտվել այդ
իրավունքից։ Օրինակ՝ օգտվել կամ չօգտվել աշխատելու իրավունքից, օգտվել կամ չօգտվել
կրթության իրավունքից, օգտվել կամ չօգտվել ընտրելու եւ ընտրվելու իրավունքից եւ
այլն։ Երբ օրենքը պարտավորեցնում, պարտադրում է, քաղաքացին դա չի կարող չկատարել
(չկատարելը կլինի օրինախախտություն՝ ենթակա վարչական կամ քրեական պատժի)։ Օրինակ՝
զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր
քաղաքացի պարտադիր պետք է ծառայի բանակում (բացառությամբ նույն
օրենքով սահմանված դեպքերի), կամ, օրինակ՝ նորածին երեխայի ծնողները պարտադիր
պետք է գրանցեն ծնունդը համապատասխան պետական մարմնում։ Եւ ընդհանրապես՝
յուրաքանչյուր ոք պարտադիր պետք է կատարի օրենքի՝
իրեն վերաբերող իմպերատիվ պահանջները։
Հիմա՝ Հ. Աբրահամյանի
«պարտադիր, բայց ոչ պարտադրված» հանճարեղաբանությունը, օրենսդրական նորմի
վերածված, ասում է՝ «կուտակային կենսաթոշակային ֆոնդերին մուծումները պարտադիր
են, բայց ով ուզում է, կարող է դիմում գրել եւ հրաժարվել»։ Տեղափոխենք
նույն այս տրամաբանությունը մեր մատնանշած մի քանի օրինակների վրա (երբ օրենքը
պարտադրում է) եւ կհամոզվենք, որ սա արդեն օրենսդրական իդիոտիզմ է,
ախմախաբանություն։ Կստացվի, օրինակ, որ՝ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր
քաղաքացի պարտավոր է ծառայել բանակում (բացառությամբ նույն օրենքով սահմանված
դեպքերի), սակայն իրավունք ունի դիմում գրել եւ չծառայել։ Ծնողները պարտավոր են
համապատասխան պետական մարմնում գրանցել նորածին երեխայի ծնունդը, սակայն իրավունք
ունեն դիմում գրել եւ չգրանցել։ Չուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել երկրի
օրենքները, սակայն կարող է դիմում գրել եւ չենթարկվել որեւէ օրենքի պահանջի։ Նույն
կերպ՝ չի կարելի կարմիր լույսի տակով անցնել, բայց կարելի է դիմում գրել եւ
անցնել, չի կարելի գողանալ, բայց կարելի է դիմում գրել ու գողանալ, չի կարելի մարդ
սպանել, բայց կարելի է դիմում գրել եւ... Ավելի զավեշտալի օրինակներ կարող է գտնել
ընթերցողներից յուրաքանչյուրը։
Մեղմ ասած՝
տարօրինակ է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդը կարող է «փուստ տալ», ու
խոսքում կարող է «իդիոտիզմ» հնչել։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա պատահական,
թեկուզ՝ նրա համար հաճախադեպ «փուստերից» չէ։ Այն գնացել, օրենսդրական
նախաձեռնության տեսքով մտնել է կառավարության հեղինակությամբ ներկայացված օրենքի
նախագիծ։ Ավելին՝ այս նախագիծն էլ գնացել է Ազգային ժողով, հաստատվել օրենսդիր
մարմնում գործող ՀՀԿ-ական մեծամասնության կողմից։ Դրանով, ողջ կառավարության հետ
միասին, նույն «իդիոտիզմի» հեղինակ է դարձել նաեւ օրենսդիր մարմինը։ Հետո էլ դրան
է միացել Ս. Սարգսյանը՝ ստորագրելով այդ օրենքը։ Եւ պատկերն ամբողջացել է՝
«իդիոտիզմը» որպես «ուղիղ ճանապարհ» կամ վարչախմբի բնութագիր։
Եթե Գինեսի գիրքն ունի
օրենսդրական իդիոտիզմի նոմինացիա, անհեթեթության այս գլուխգործոցը պետք է
ուղարկել դրանում գրանցելու։ Ասում են՝ ահագին էլ փող են տալիս։ Դրանով կփակվի
պարտադիրից հրաժարվածների՝ «դիմում գրածների» պատճառած վնասը։
ԸՆԴԱՐՁԱԿ
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը պահելու
համար վարչախումբը պատրաստ է ամեն ինչի. Դրսում՝ պատրաստ է ստորանալ ու ծաղրի
առարկա դառնալ, քծնել ու սողալ, ներսում՝ պատրաստ է ուրիշներին ստորացնել, պատրաստ
է սուտ խոսել, պատրաստ է կաշառք տալ ու կաշառք վերցնել, պատրաստ է
Ցեղասպանությունն ուրանալ ու տարածքներ ծախել, պատրաստ է մարդ սպանել... Այս ամենի
կողքին իդիոտիզմ հեղինակելը կամ «իդիոտիզմին» ապավինելը, կարծես թե, ամենամեծ
հանցանքն ու խայտառակությունը չէ։ Էդքան դրսում են ծաղրում, ձեռ առնում, թող մի
քիչ էլ ներսում ծաղրեն։ Նպատակն արդարացնում է միջոցը։
Իսկ նպատակը
ամենասովորական մանր ժուլիկությամբ «պարտադիրով» նախատեսված փողի քանակն անպայման
կթելն է։ Իշխանությունը երկու քարի արանքում է։ Մի կողմից՝ նա չի կարողանում չորով
ընդդիմանալ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ քաղաքացիական
նախաձեռնությունների եւ քաղաքական ուժերի համատեղ ճնշմանը։ Մյուս կողմից՝ Քառյակի
պահանջների ճնշման տակ ու սեպտեմբերի վերջի հեռանկարով գտնվում է շատ խախուտ
վիճակում։ Եւ, ահա, այս կերպ՝ «շուստրիաբար», փորձ է անում խաբս տալ եւ շրջանցիկ
ճանապարհով պարտադիր կուտակայինը դարձնել իրականություն, նվազագույն կորուստներով
դուրս գալ ստեղծված վիճակից։
Ինչպե՞ս։
Օրենքը
վերաբերում է ավելի քան 260.000 մարդու։ Ակտիվ պայքարի մեջ ներգրավվածների թիվն
այս ընթացքում չի անցել 3-4 հազարը։ Հոգ չէ՝ թող նրանք դիմում գրեն եւ ազատվեն
«պարտադիրից»։ Սրանց ազդեցության ու պաշտպանության տակ էլ թող լինեն մի 10-15
անգամ ավելի մարդիկ՝ 50-60 հազար, որ կարող են «շուխուր» անել, թե դիմումները չեն
ընդունում ։ Ոչինչ, նրանց դիմումներն էլ կընդունեն։ Հիմա Հ. Աբրահամյանը հրահանգել
է՝ «ով շուխուր է անում, նրանց դիմումներն ընդունեք»։ Մնացած 200
հազարը դիմում չեն գրի։ Կվախենան։ Եթե չվախենային՝ միացած կլինեին ակտիվ պայքարին։
Գոնե ընդգրկված կլինեին համապատասխան ֆեսբուքյան խմբում (ընդգրկված է 50 հազարը)։
Դրանով շարժումն ու դժգոհությունը կմարի։ Սա կլինի խնդրի լուծման առաջին փուլը։
Հետո, երբ ռեժիմի տեղը
մի քիչ լայնանա, իշխանությունը կորցնելու վտանգը մեղմանա (օրինակ՝ աշնանը Քառյակը
չկարողանա էական հաջողության հասնել), իշխանությունը կանցնի հարցի լուծման երկրորդ
փուլին. Հ. Աբրահամյանը նոր հրահանգ կտա՝ անհատապես «աշխատել» դիմում գրածներից
յուրաքանչյուրի հետ։ Մեթոդները հայտնի են։ Մի օր էլ խրոխտ կզեկուցի, թե՝
«փորձով համոզվելով, որ պարտադիր կուտակայինը ճիշտ է, 60 հազար դիմում գրած եւ
կուտակայինից հրաժարվածներից 40 հազարն արդեն ետ են վերցրել իրենց դիմումները»։
Մնացած 20 հազարի մասին չի խոսի։ Նրանք այլեւս չեն լինի... նրանք արտագաղթած
կլինեն... Եւ օրենքը կգործի ամբողջ թափով՝ 100%-ով։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ-2
Ինչպես գիտենք՝ սա
ժամանակավոր լուծում է ու դեռ չի վերացնում օրենքի հակասահմանադրականությունը։
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ կառավարությունը ժամանակ ուներ մինչեւ
սեպտեմբերի 30-ը ներկայացնել այնպիսի նախագիծ, որը սահմանադրության հետ խնդիրներ
չունենա։ Կառավարությունը շտապեց, եւ ահա, երեկ իմացանք, որ նման նախագիծ արդեն
դրվել է շրջանառության մեջ։ Կարդացողներն արդեն արձանագրել են, որ նրա մեջ դրված է
նույն մեխանիզմը, այն է՝ ա) հավաքագրել փողի այն քանակը, որ նախատեսված է եղել ի
սկզբանե, բ) այս պահին բավարարել «ակտիվ բողոքողների» պահանջը, դրանով մարել
քաղաքացիական ընդդիմացումը, գ) քիչ ավելի ուշ բոլորին ներքաշել պարտադիր վճարների
նույն համակարգի մեջ։
Այսինքն՝ իդիոտիզմը կա
եւ մնալու է վարչախմբի համար որպես ուղիղ ճանապարհ եւ բնութագիր։ Մնալու է, քանի
դեռ մենք չենք սկսել երթը մեր ուղիղ ճանապարհով, այն է՝ Սեպտեմբերի 30-ին լինել
Ազատության հրապարակում եւ ազատվել վերջապես խայտառակ այս մղձավանջից։ Քանզի ավելի
անպատվաբեր է իդիոտիզմի թիրախ, քան հեղինակ լինելը։
http://www.ilur.am/news/view/31099.html
No comments:
Post a Comment