«Դո´ւրս մեր գրպանից»
քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 25-ին հրավիրում է բողոքի ավտոերթի`
հետեւյալ պահանջներով.
1. վերացնել կարմիր
գծերը,
2. փոքրացնել տուգանքները
5 անգամ,
3. մինչ այժմ գրանցված
տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր
տեսակի տուգանքները՝ մինչև նոր կանոնակարգը հաստատվելը։
Վարչախմբի կողմից սեփական
ժողովրդի դեմ չդադարող, ավելին՝ օր օրի սաստկացող ապօրինությունները, թալանն ու
կողոպուտը հասարակության կողմից բնական հակազդեցությունների պիտի արժանանային։
Բռնապետության ու նրա կամայականությունների դեմ համառ ու տեւական քաղաքական
պայքարի ստեղծած բարենպաստ մթնոլորտում այդ հակազդեցությունները առանձին հարցերի
շուրջ հրապարակային դրսեւորումներ են ստանում քաղաքացիական նախաձեռնությունների
տեսքով։ Դրանք չափազանց կարեւոր են քաղաքացիական գիտակցության արմատավորման,
քաղաքացիական հասարակության տեսակարար կշիռը բարձրացնելու տեսակետից։ Միայն վերջին
մի քանի տարիների համար արդեն կարելի է թվարկել ռեժիմի դեմ դուրս եկած այդօրինակ
մեկ տասնյակ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք մեծապես նպաստել են երկրում
հասարակական ակտիվությունը պահպանելուն։ Սա էլ, իր հերթին, կարեւոր է
օրինականության եւ իրավունքի հաստատման այն հիմնական քաղաքական խնդիրը լուծելու
համար, որ կոչվում է սահմանադրական կարգի վերականգնում։ Սահմանադրական կարգի
անխաթարությունը, օրինականությունն ու իրավունքը պահպանելու դեպքում չէին կարող
լինել այն խնդիրները, որոնց առիթով քաղաքացիական ընդվզումներ են առաջացել եւ
առաջանում։
«Դո´ւրս մեր գրպանից»
քաղաքացիական բողոքի առարկան ռեժիմի ամենացինիկ մի քանի ձեռնարկումներն են, որոնք
այլ բան չեն, քան բնակչության կողոպուտի մեխանիզմներ։ Դրանք ամենուր բազմացող
արագաչափերն են, տեսախցիկները, կարմիր գծանշումներով վճարովի կանգառները։ Ընդ
որում՝ ցինիզմն այնտեղ է հասել, որ ստացված ահռելի եկամուտները գոնե բյուջե չեն
մտցնում՝ հետո այնտեղից յուրացվելու համար։ Ստացված եկամուտը ուղիղ ճանապարհով
գնում է մասնավորի գրպանը, որ, ըստ տարածված տեղեկությունների (նաեւ՝ ըստ
ավազակապետության տրամաբանության)՝ երկրի առաջին դեմքի մերձավորներն են։
Ի տարբերություն նախորդների՝
«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնության ինքնանվանումն արդեն բավականին խիստ է։
Դրանում հստակ հասցեատեր- թիրախ կա՝ ի դեմս իշխանության, եւ ճշգրիտ բնութագրում է
այդ հասցեատեր-թիրախի էությունը՝ գող ու գրպանահատ։
Ի հեճուկս իշխանական պատվեր
կատարող որոշ լրագրողների ու վերլուծագանգերի՝ յուրաքանչյուր հաջորդ քաղաքացիական
նախաձեռնություն ավելի ու ավելի է քաղաքական երանգ ստանում։ Այսինքն՝ դրանք, իրենց
բնույթով՝ իշխանությանն ուղղված կոչից, խնդրանքից, առաջարկից, անգամ պահանջից բարձրանում, վերածվում են իշխանության նկատմամբ ակնհայտ անվստահության։ Տվյալ դեպքում՝ ռեժիմին
ուղղված «Դո´ւրս մեր գրպանից» պահանջը այլ կերպ չես բնութագրի։ Եւ որ
ամենակարեւորն է, քաղաքացիական նախաձեռնությունների պահանջներն ու քաղաքական
ուժերի ծրագրային դրույթներն ավելի ու ավելի հաճախ են սկսում հատվել-համընկնել ու
դառնալ համատեղ պայքարի հիմք։ Վերջին այդպիսի խոսուն օրինակը «Դեմ եմ»
նախաձեռնության եւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի արգասավոր
համագործակցությունն էր։
Քաղաքական ուժերի ծրագրային
դրույթների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետապնդած հարցերի «հատման» մի
օրինակ է նաեւ այս դեպքում։ Դեռ 2013թ. նոյեմբերի 18-ին Հայ ազգային կոնգրեսը,
պատշաճ հիմնավորմամբ, պաշտոնապես հայտարարեց, որ իր առաջնահերթ ծրագրերի մեջ է
ներառում արագաչափերի, տեսախցիկների ու վճարովի կայանատեղիների ոլորտի կարգավորման խնդիրները` մասնավորապես
առանձնացնելով հետեւյալ կետերը.
1.Վերացնել Երեւանում վճարովի ավտոկանգառները, որոնք կարմիր գծանշումներով առանձնացվել են մայթեզրերին, փողոցների երթեւեկելի այն հատվածներում, որտեղ, ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների՝ արդեն իսկ թույլատրելի է անվճար կայանելը։
2. Երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքները կրճատել հինգ անգամ, քանի դեռ հասարակության միջին կենսամակարդակը եւ աղքատության տոկոսը համեմեմատելի չեն դարձել եվրոպական միջին չափանիշներին։
3. Երթեւեկության կանոնների խախտումների տուգանքներից գոյացած գումարի
70 տոկոսը մուտքագրել պետական բյուջեի հատուկ հաշվեհամար եւ այն որպես սուբսիդիա տրամադրել՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումները՝
100 դրամ, եւ միջքաղաքային փոխադրումների սակագները՝ հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար»։
Կոնգրեսի այս հայտարարությունն
անմիջապես ողջունեցին այլ քաղաքական ուժեր, մամուլում եղան հոդվածներ,
խորհրդարանում այս թեմաներով եղան ելույթներ ու հարցապնդումներ։
Հիմա դրան միանում է նաեւ խոսուն
անվանմամբ քաղաքացիական մի նախաձեռնություն՝ իր կողմից կարեւոր համալրումներ
անելով դրված պահանջներին։
Երբ երեւույթը բացահայտ է,
նույնն է նաեւ դրա ընկալումը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական դաշտում։
Իսկ արագաչափերը, տեսախցիկներն ու հատկապես՝ կարմիր գծերը, իրենց անտրամաբանական
պատժաչափերով, ակնհայտորեն մտահղացված են ու գործում են որպես անամոթ կողոպուտի
մեխանիզմներ, որպես իրական գրպանահատություն։
http://www.ilur.am/news/view/29803.html
No comments:
Post a Comment