Ասում են՝ երկրում
մարդիկ վախեցած են։
Բայց այս երկրում
ամենավախեցած մարդը Սերժ Սարգսյանն է։
Եւ, ի տարբերություն
սովորական մարդկանց, բազմաթիվ ու բազմաբնույթ են նրա հիմքերն ու շարժառիթները։ Ահա
նրա վախերի համառոտ պատմությունն ու փաստերը։
Ս. Սարգսյանը 2008-ին
իշխանության եկավ արդեն ՎԱԽԻ մի հսկայական չափաբաժին ստացած։
Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է նա ապրել նախագահական ընտրություններին
հաջորդած, օր օրի ահագնացող փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների օրերին։ Եթե
որեւէ մեկը մտածում է, թե մարտիմեկյան ոճրագործությունը կատարվել է սառնասրտորեն,
որպես ուժի եւ ինքնավստահության ցուցադրում, չարաչար սխալվում է։ Այդ քայլին
գնացել են ՎԱԽԻ գերադրական աստիճանում։ Ս. Սարգսյանի վախն այնքան
մեծ էր, որ նրա երդման արարողությունն իրականացնելու համար, բառիս բուն
իմաստով, մարդաթափ արվեց Երեւանի ողջ կենտրոնը՝ մի քանի կիլոմետր
շառավղով։ Եւ նա «հպարտ» քայլվածքով Ազատության հրապարակով Օպերային թատրոն մտավ
միակ վկայի՝ գլխավերեւում քամու բերած ցելոֆանե դատարկ տոպրակի խորհրդանշական
համառ ուղեկցությամբ...
Իր «հարամված
նախագահության» ողջ ընթացքում Ս. Սարգսյանը պարբերաբար ՎԱԽԵՐԻ նորանոր
չափաբաժիններ է ստացել Հայ Ազգային Կոնգրեսի ամեն մի հանրահավաքից, միջին հաշվով՝
«ամեն Աստծո ամիս»։ Եղել են պահեր, երբ նրա ՎԱԽԵՐԸ հասել
են բարձրակետի։ Որպես այդպիսին՝ առանձնանում է ամբողջ 2011թվականը։ Ձմռանից
սկսված ու գարնանն ահագնացող հանրահավաքների թափին տեղի տալով է, որ նա ստիպված էր
կատարել Կոնգրեսի բոլոր երեք պահանջները՝ բացել Ազատության հրապարակը,
հայտարարել Մարտի 1-ի էջը փակված չլինելու մասին, ազատ արձակել բոլոր
քաղբանտարկյալներին։ Ոչ թե քաղաքական ողջախոհության հիմքով, այլ նույն
հանրահավաքների ՎԱԽԻՑ էր, որ նա ստիպված եղավ ամռանը
երկխոսության նստել Կոնգրեսի հետ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ քան սեփական իշխանության ոչ
օրինակարգության եւ հրաժարականի պաշտոնական օրակարգով։ Նույն թվականի աշնանը,
Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներից ահաբեկված, նա այլ միջոց չգտավ,
քան ցուցարարներին «խեղճացնելու» համար փակել Ազատության հրապարակի շրջակայքի
զուգարանները ... Ասում են՝ դրա համար նա հեղինակային իրավունք է ստացել, եւ որպես
քաղաքական ընդդիմության դեմ պայքարի բացառիկ մեթոդ՝ այն գրանցվել է Գինեսի գրքում։
Վերջերս հրապարակված
մի հարցազրույցում Ս. Սարգսյանը բացահայտ ասում է, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին նա
«մի գիշերում» է ընդունել Մաքսային միությանը միանալու որոշումը (հիշեցնենք, որ
մինչ այդ 4 տարի նա գնում էր «հակառակ» ուղղությամբ՝ դեպի եվրաասոցացում)։ Որեւէ
մեկը ուրիշ այլ պատճառ, շարժառիթ, բացի ՎԱԽԻՑ, կարո՞ղ է մատնանշել,
երբ երկրի ղեկավարը մեկ գիշերում կարող է այսօրինակ՝ բոլորի համար անսպասելի ու
անակնկալ որոշում ընդունել (հիշեցնենք, որ արտաքին քաղաքական հարցերում սա «մեկ
գիշերում» նրա ընդունված որոշման առաջին դեպքը չէ)։ Նախապես որդեգրած արտաքին
քաղաքական խնդրի ձախողման խայտառակ այս դրվագից հետո Ս. Սարգսյանը սեփական
իշխանության փլուզման ՎԱԽԻՑ է, որ անմիջապես առաջ քաշեց, այսպես
կոչված, սահմանադրական «բարեփոխումների» գաղափարը՝ շատ լավ հասկանալով, որ առանց
դրա իր «քաղաքական թիմը» կսկսի փլուզվել։ ՎԱԽԻՑ է, որ նա դիմում է
երկրի ղեկավարի համար ամոթալի՝ մանր ժուլիկության մեթոդների՝ իրականում նոր
սահմանադրության իր ծրագիրը ներկայացնելով որպես ընդամենը
«սահմանադրական բարեփոխում»։ Ամոթալի նույն մեթոդի գործադրման արդյունք է
նրա ավելի քան տարօրինակ հայտարարությունը, թե ինքը Հայաստանի համար ճիշտ է
համարում կառավարման գործող նախագահական համակարգը, սակայն «մեծահոգաբար»
ընդառաջում է նրանց (ո՞ւմ), ովքեր խորհրդարանական համակարգի կողմնակիցներ են.
վախենում է, որ հասարակությունը ճիշտ կհասկանա իր իրական նպատակները։ Անգամ
ամենասովորական կենցաղում որեւէ մեկը չէր ուզի հայտնվել նման աննախանձելի,
խեղճուկրակի վիճակում։
2014թ. ապրիլի սկզբին
Քառյակը հանրահավաք նշանակեց նույն ամսվա 28-ի համար՝ Տ. Սարգսյանի հրաժարականի
օրակարգով։ Ս. Սարգսյանը շատ լավ հասկացավ, որ համաժողովրդական համախմբումը կարող
է թելադրել այլ օրակարգ եւ պահանջել նաեւ իր հրաժարականը։ Եւ այդ հանրահավաքի ՎԱԽԻՑ է,
որ հաջորդ օրը պաշտոնանկ արեց մինչ այդ «անփոխարինելի» համարված իր վարչապետին։
Որեւէ մեկը բանական այլ բացատրություն կարո՞ղ է առաջարկել այս դեպքում։
Վերջին տարիներին Ս.
Սարգսյանը բանակին հրահանգել էր համարժեք պատասխաններ չտալ հակառակորդի սահմանային
ոտնձգություններին. ներսում ու դրսում սասանված դիրքերում գտնվելով՝ Ս. Սարգսյանը
չափազանցված ՎԱԽ ունի ոչ թե նույնիսկ պատերազմի վերսկսման,
այլ սահմանային իրավիճակի սրման նկատմամբ։ Դրա հետեւանքով էր, որ այս տարվա ամռանը
հակառակորդի լկտիությունը հասավ աննախադեպ չափերի՝ պատճառ դառնալով նորանոր
զոհերի։ Լավ էր՝ այս դեպքում նրա «վախը բռնեց» Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ հայկական
բանակը մի քանի օրում ամբողջությամբ շտկեց իրավիճակը։
Քառյակի խոստացած
աշնանային հանրահավաքը դեռ չնշանակած՝ Ս. Սարգսյանը, ՏԱԳՆԱՊԻ ՈՒ
ԽՈՒՃԱՊԻ մատնված՝ ներկուսակցական «ռազմական դրություն» հայտարարեց՝
ՀՀԿ-ական պատգամավորներին հրահանգելով Ազգային ժողովը համարել «ռազմաճակատի
խրամատներ» ու ոչ մի րոպե չբացակայել, չլքել դրանք։ Որեւէ մեկն ավելի համոզիչ ու
«գեղարվեստական» կարո՞ղ է ներկայացնել սեփական ՎԱԽԸ։
ՏԱԳՆԱՊՆ ու ԽՈՒՃԱՊԸ, ինչպես հայտնի է, խաթարում են բանական,
տրամաբանական մտածողությունը։ Ու դրա լավագույն երեւակումն էին Ս. Սարգսյանի
հրահանգով կատարված՝ ոստիկանության հրապարակային, թատերականացված
«զորավարժությունները»՝ ընդդիմության խաղաղ հանրահավաքները ցրելու սցենարով։
Բանականության հարթության վրա որեւէ մեկը կարո՞ղ է պնդել հակառակը։
Եւ վերջապես,
բանականության հարթության վրա ու ինքնավստահության պայմաններում այդ ո՞վ կդիմեր
Լիսկային կրկին Սյունիքի մարզպետ նշանակելու ինքնասպան քայլին։ Շատերն ասում են՝
դա ցինիզմի դրսեւորում է, ապտակ՝ հասարակության եւ բանակի երեսին։ Չէ։ Դա Սերժ
Սարգսյանին համակած նույն ՎԱԽԻ արտահայտությունն է՝ առաջին
հեթին։ Իսկ ցինիզմն ու կեղծ ինքնավստահությունը հենց այն շղարշն են, որով
միայն կարելի է սքողել, թաքցնել սեփական վախն ու տագնապը։ Հակառակ դեպքում՝
բառացիորեն մեկ-երկու օրում կփլուզվի իշխանական բուրգը։
Եւ վերջապես՝
ինքնավստահության եւ ուժի՞, թե՞ ՎԱԽԻ արտահայտություն է
հանրահավաքի օրերին հասարակական տրանսպորտը կանգնեցնելը, կիրակի օրով աշխատանքային
օր հայտարարելը, ամենատարբեր լծակների գործադրմամբ մարդկանց հանրահավաքի գնալն
արգելելը, հանրահավաքներին «իրեք մանեթանոց» կանանց սադրիչ խմբեր ուղարկելը եւ
այլն։ Ինքնավստահության եւ ուժի՞, թե՞ ՎԱԽԻ ու վախկոտության նշան
է (աշխարհում չլսված մի բան) խորհրդարանական մեծամասնության կողմից ԱԺ
արտահերթ նիստերը բոյկոտելը, երբ այն հրավիրված է փոքրամասնության
նախաձեռնությամբ։
Ուստիեւ՝ շատ բնական
հարց է առաջանում. ինչո՞ւ վախենալ Հայաստանի ամենավախեցած մարդուց ու նրա
փլուզվող վարչախմբից։
Գուցե հոկտեմբերի
10-ին բոլորս միասին «չափե՞նք» Ս. Սարգսյանի վախը ու թե՛ նրան, թե՛ մեզ ազատե՞նք
անհեթեթ այս մղձավանջից։
http://www.ilur.am/news/view/35677.html
No comments:
Post a Comment