Tuesday, December 16, 2014

«Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրի քաղաքական ասպեկտը


Միմյանց հաջորդած վեց ահաբեկչական ակտ՝ տասներկու տուժող. եւ սա՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 12-ը։  Ընդ որում՝ մարդկանց վրա դարանակալ, կյանքի համար վտանգավոր հարձակումները կարող էին նաեւ կյանք արժենալ, ու դրանք կարելի է նաեւ մահափորձ որակել։
Հանցագործությունները կատարողների կամ դրանց հետ անմիջապես առնչվողների մի քանի վկայություններ ընդհանրական, նույնական «շարժառիթ» են ներկայացնում.
- Ոստիկանական զորքերի հրամանատար. Լ. Երանոսյան. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, հանրապետության նախագահի հասցեին որեւիցե բան ուզենա ասել՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։
- Արամ Մանուկյանի վրա հարձակվող ստահակ (ըստ լրատվամիջոցների ոստիկանական աղբյուրների). «տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը «նախագահ» Սերժ Սարգսյանի հասցեին՝   որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»։
- ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյան (Շմայս).  «Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»։
Ասել է թե՝ շարժառիթի ձեւակերպումը «ով նախագահին բան ասի...» բովանդակությամբ ստացվել է մի կենտրոնից, ու կատարողները, անտաղանդ ձեւով, ընդհուպ՝ բառացի, կրկնում են այն։ Այսինքն՝ գործ ունենք մի կենտրոնում ծրագրված ու հանձնարարված ահաբեկչական կամպանիայի հետ։ Այլապես ինչո՞վ բացատրել «նախագահասիրական» նման համաժամանակյա ու նույնօրինակ «հայրենասիրական» պոռթկումները։
Այստեղ հիշենք նաեւ հետեւյալ արտառոց փաստերը։ ԱԺ անունից ընդհանրապես ձեն-ծպտուն դուրս չեկավ նաեւ այն բանից հետո, երբ հարձակման թիրախ դարձավ պատգամավոր Արամ Մանուկյանը։ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկում քվեարկությամբ մերժվել է ԱԺ պատգամավորի վրա ավազակային հարձակումը դատապարտելու առաջարկը։ Երեկ առավոտյան ԱԺ-ն մերժեց արտահերթ նստաշրջանից առաջ մեկ նիստով քննարկել ահաբակչությունների շղթայի հարցը, իսկ երեկոյան ՀՀԿ-ն բոյկոտեց նույն օրակարգով ոչ իշխանական խմբակցությունների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը։ Այս ամենի հանդիման՝ դժվար է գտնել այլ բացատրություն, քան այն, որ «Ով նախագահին բան ասի...» ահաբակչական հիշյալ կամպանիան այլ բան չէ, քան ամենավերեւում՝ Բաղրամյան 26-ում մշակված ու համապատասխան հանձնարարականներով գործի դրված մի ծրագիր։
Հատկանշական է կատարողների ընդհանուր ձեռագիրը. բոլոր հարձակումները դավադիր են՝ թիկունքից կամ դիմակավորված, խփել փախչելով, ինչպես ժողովուրդը կասեր՝ «թուրքավարի»։ Երբեմն՝ ավելի վատ. քանզի հայտնի է, որ թուրքերի մեջ նույնպես խստորեն մերժված է հյուրընկալությունն ու հյուրասիրությունը հաշվեհարդարի համար օգտագործելու զազրելի գործելակերպը։
«Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրի բացառիկ կարեւորության մասին է վկայում այն փաստը, որ դրա իրականացման համար խտրություն չի դրվում նաեւ, թե ով կօգտագործվի որպես գործիք՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա գեներալից սկսած՝ մինչեւ վերջին կրիմինալ ստահակը։
***
Ինչո՞ւ այս պոռթկումը սկսվեց հանկարծ, նոյեմբերի վերջից, ինչի՞ց անհանգստացած, ի՞նչը կանխարգելելու համար, երբ առջեւում իշխանությանն անհանգստացնող որեւէ բան, անգամ հանրահավաքի նախանշված օր չկա։ Գուցե դա արվում է կոտրելու համար հոկտեմբերյան հանրահավաքների ստեղծած հասարակական ոգեւորության մթնոլո՞րտը։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ դա չարվեց անմիջապես, 24-ի հանրահավաքից հետո, այլ մեկ ամիս ուշացումով։
Երկու պարզ պատճառով։ Առաջին. Համաժողովրդական շարժման կողմից հոկտեմբերի 24-ից հետո հնարավոր հաջորդ հանրահավաքների իրազեկումներ էր տրված բոլոր ուրբաթ օրերի համար՝ մինչեւ նոյեմբերի 28-ը ներառյալ։ Այլ խոսքով՝ մարզային հանրահավաքներով սկիզբ առած ամբողջական իշխանափոխության քաղաքական գործընթացը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակվում էր գտնվել ակտիվ փուլում։ Գլխին կախված ունենալով համապետական երրորդ հանրահավաքի վտանգը, ինչից վարչախումբը  սարսափում էր, ինքը երբեք չէր սադրի դա այսօրինակ ահաբեկչական ակտերով։ Երկրորդ. նոր տարվան նախորդող շաբաթները, հասկանալի պատճառով, լավագույն շրջանը չեն հանրահավաքային ակտիվ քաղաքական գործընթացը շարունակելու համար։ Ահա եւ՝ Ս. Սարգսյանը համարել է, որ նոյեմբերի վերջից սկսած՝ Շարժումը հարաբերական դադարի մեջ է, իրեն ապահով մի «ժամանակային նվեր» է տրված, ու փորձում է այն օգտագործել։
Իսկ թե ինչպես է Ս. Սարգսյանը քաղաքական ակտիվ գործընթացների հարաբերական դադարի «միջոցն» օգտագործում, ինչ մեթոդների է դիմում, վաղուց հայտնի է։ Դրանք, առաջին հերթին, ինտրիգներն են՝ ինչպես սեփական թիմի ներսում (եթե դրա կարիքը կա), այնպես էլ քաղաքական հակառակորդի ճամբարում (ինչքանով որ կարողանում է)։ Հարաբերական դադարի այդ «միջոցին» է, որ հարմար է նաեւ հակառակորդի նկատմամբ ուժի, սպառնալիքի, շանտաժի, ահաբեկչության կիրառման մեթոդներին դիմել։
Դրա ցայտուն օրինակը նույնպես արձանագրվել է հենց այս տարի։
2014-ի մարտից, երբ Քառյակը միահամուռ դրեց Տ. Սարգսյանի պաշտոնանկության պահանջը եւ այդ օրակարգով հանրահավաք նշանակեց ապրիլի 28-ին, դա այլ բան չէր, քան ակտիվ քաղաքական գործընթացի մեկնարկ՝ «ամբողջական իշխանափոխության»՝ մինչ այդ հռչակած օրակարգի շրջանակներում։ Ս. Սարգսյանն ստիպված էր նահանջել՝ ոչ միայն պաշտոնանկ անելով իր «անփոխարինելի» վարչապետին, այլեւ հետաձգելով Սահմանադրության փոխման դիվային իր ծրագրի մեկնարկը։ Դրանով նա կարողացավ դուրս գալ վտանգավոր ճգնաժամային վիճակից։ Քառյակի՝ կոնսենսուսային «12 կետերի» կատարման պահանջը, շատ կարեւոր լինելով հանդերձ,ապրիլին ծայր առած քաղաքական գործընթացի համեմատությամբ ակտիվության առումով մի մակարդակ ցածր էր։ Այն կարող էր գնահատվել որպես քաղաքական գործընթացի հարաբերական դադար։ Հենց այդպես էլ գնահատեց Ս. Սարգսյանը։
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի գործողություններին միշտ պետք է նայել նրա գերխնդրի՝ սահմանադրության փոխման միջոցով իր իշխանության հավերժացման դիտանկյունից։
Ահա, այս տարվա գարնանը Ս. Սարգսյանը Տ. Սարգսյանին զոհաբերելու գնով վաստակած հարաբերական դադարի միջոցում փորձեց օգտագործել իր հիմնական գործիքները՝ հենց այս գերխնդիրը լուծելու համար։
Այդ խնդիրը լուծվում էր ԲՀԿ-ին սահմանադրափոխության ծրագրի մեջ ներքաշելով միայն։ Այլ տարբերակ չկար եւ այսօր էլ չկա։ Չօգնեցին այդ նպատակով կիրառված ինտրիգները։ Չօգնեց նաեւ «թագավորության կեսը» նրան տալու խոստումը։ Այդ ժամանակ նա փորձեց անցնել ուժային մեթոդների՝ ԲՀԿ-ի դեմ շանտաժների, սպառնալիքների ու տնտեսական ահաբեկչության։
Այդ առիթով էր, որ Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 21-ին կոշտ ու սաստող նախազգուշացում արեց. «Թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եւ եթե մինչեւ հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն՝ վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը որեւէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից»։ (տես «Հրատապ հարցազրույց»  http://www.ilur.am/news/view/32661.html)։ Դրանից հետո այդօրինակ փորձերը դադարեցին. Ս. Սարգսյանը հասկացավ, որ այդ կերպ կարող է սադրել իշխանափոխության քաղաքական գործընթացի ակտիվ հանրահավաքային մակարդակի բարձրանալը։ Քիչ անց, մարզային հանրահավաքների մեկնարկումով ու համապետական հանրահավաքի ժամկետի հստակեցմամբ, վերականգնվեց ակտիվ քաղաքական գործընթացը։ Ու քանի այն կար, նախապես արված «սառը ցնցուղների» եւ այլ «պրոֆիլակտիկ» բարձրագոչ սպառնալիքներն այդպես էլ մնացին օդում կախված։
***
Սերժ Սարգսյանի համար կենսական նույն այս՝ սահմանադրության փոխման խնդրի դիտանկյունից, ահա, պետք է նայել նաեւ «Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրին։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ստիպված եղավ հայտարարել, որ սահմանադրափոխության իր ծրագիրը հետաձգում է «մինչեւ փետրվար-մարտ»։ Հայտարարեց նաեւ, որ դրա համար այդ ընթացքում պետք է հասնի այդ ծրագրի շուրջ «լայն քաղաքական կոնսոլիդացիայի»։ Հասկանալի է, որ խոսքը կրկին ԲՀԿ-ի մասին է, ինչին եւ Ս.Սարգսյանը բոլոր միջոցներով ձգտում է, ահա, շուրջ մեկ տարի։ Այս ընթացքում նա արդեն համոզվել է, որ այդ նպատակին հասնելու համար չի աշխատում «բլիթի քաղաքականությունը»։ Բայց նա տեսել է նաեւ, որ չի աշխատում նաեւ «մտրակի քաղաքականությունը», քանզի դրա իրականացման համար շատ կարեւոր խանգարող գործոն կա։ Ամռանը դա «նախագահին բան ասող» Հայ ազգային կոնգրեսն էր, հիմա դրան ավելացել են նաեւ ազատամարտիկները, փողոց դուրս եկած այլ ակտիվիստներ։ Եւ, ահա, օգտվելով ակտիվ քաղաքական գործընթացի երկրորդ հարաբերական դադարի «բարենպաստ» համարված շրջանից, հենց խանգարող այդ գործոնի դեմ է, որ մշակվել ու գործարկվել է վերջին ահաբեկչական ծրագիրը։
Ահաբեկչական գործողություններով ամենաչնչին հաջողության հասնելու, դրանով վախի մթնոլորտը խորացնելու, հասարակական ակտիվացած քաղաքական մթնոլորտը կոտրելու դեպքում, ակնհայտ է, թե Ս. Սարգսյանը որ ուժի դեմ է ուղղվելու «մտրակի» հիմնական հարվածը՝ նրան «կոնսոլիդացիայի բերելու» ու վերջապես լուծելու համար սահմանադրության փոխման, իր իշխանության հավերժացման խնդիրը։
Ուստիեւ.
Անիմաստ է քաղաքական բանականությունը կորցրած Ս. Սարգսյանի հետ խոսել քաղաքական լեզվով, նրանից ակնկալել քաղաքական ընկալում կամ, թեկուզ, քաղաքական բնույթի ռեակցիա։
Չի կարելի նրան միջոց տալ՝ օգտագործելու համար ինտրիգների, թիկունքից խփելու, դավադրությունների իր գործիքակազմը. դա չափազանց վտանգավոր է քաղաքական ուժերի, առանձին անհատների, վերջին հաշվով՝ իշխանափոխության քաղաքական գործընթացի, ողջ հասարակության ու երկրի ապագայի համար։
Ամբողջական իշխանափոխության քաղաքական գործընթացը անհապաղ պետք է վերադարձնել իր նախկին ամենաակտիվ մակարդակին ու շարունակել մինչեւ խնդրի վերջնական լուծումը։

http://www.ilur.am/news/view/38850.html

No comments:

Post a Comment