Վերջին շաբաթներին,
կապված ԵՏՄ պայմանագրի վավերացման խնդրի հետ, հերթական անգամ քննարկումների առարկա
դարձավ երկրի անկախության հարցը։
«Ի՞նչ է
անկախությունը» հարցին ամենատարածված պատասխանն այն է, թե՝ «Անկախությունը
յուրաքանչյուր ազգի, ժողովրդի համար գերագույն արժեք է»։ Եւ, կարծես թե, իրոք
այդպես է. ժողովուրդների տոնացույցերում, որպես կանոն, ամենակարեւոր տոնը
անկախության ձեռքբերման օրն է։
Եւ այնուամենայնիվ,
անկախությունը, զգացմունքային դաշտից դուրս՝ պաղ քաղաքական հարթության վրա, ոչ թե
գերագույն արժեք է, այլ ընդամենը գործիք։ Շա՜տ թանկարժեք, անփոխարինելի,
ամենահուսալի, բայց՝ ընդամենը մի գործիք, որով ապահովվում են տվյալ ժողովրդի ազատությունը,
անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը։ Սրանք են, ահա, արժեքները,
իսկ անկախությունը այդ արժեքներն ապահովող գործիքը, միջոցն է։
Կարելի՞ է
անկախությունից մաս զիջել, թե՞ դա սրբապղծություն է, անթույլատրելի։
Կարելի է, եթե դրանով
առավել մեծացնում կամ ամրապնդում ես քո ժողովրդի ազատությունը,
անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը, հուսալի դարձնում նրա
ապագան եւ այլն։ Օրինակներ շատ կան. ասենք՝ այդպես է ստեղծվել ԱՄՆ-ը։ Լինում են
նաեւ մի քիչ այլ դեպքեր, երբ նույն այդ անկախությունից մաս ես զիջում ոչ թե այդ
արժեքների շրջանակներում քո ժողովրդի համար ավելին ունենալու, այլ եղածը
պահպանելու կամ, հանգամանքների բերումով՝ անխուսափելի կորուստը նվազագույնի
հասցնելու համար։ Ժամանակին այդպես կազմավորվեց Խորհրդային Միությունը։
ԵՏՄ-ի, ինչպես
այդօրինակ որեւէ այլ միության մեջ մտնելով՝ անկախությունից մաս պիտի զիջվեր։ Եւ,
ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում եւս ինչ-որ չափով հասարակական
հակազդեցության պիտի արժանանար՝ անկախ այդ հակազդեցության շարժառիթներից։ Խնդիրը,
ինչպես ի սկզբանե, այնպես էլ ավարտական փուլում՝ վերջին շաբաթներին, ըստ էության,
ամենաչնչին հակազդեցության արժանացավ՝ արտահայտված 2-3 տասնյակ ցուցարարներով եւ
գուցե նույնքան «ճանաչված գործիչների» ելույթներով մամուլում ու սոցիալական
ցանցերում։ Այստեղ մենք չենք խոսի դրա՝ արդեն արձանագրված պատճառների մասին։ Չենք
գովի ու չենք էլ մեղադրի ո՛չ նրանց, որ «հանուն անկախության» փողոց էին դուրս
եկել, ո՛չ էլ անկախության այն «ջատագովներին», որ գերադասում էին աղմուկ անել
լրատվամիջոցներում ու համակարգիչների առջեւ։ Գուցեեւ այս ամենը, թեկուզ՝ որպես
բնական թյուրիմացություն, շատ ավելին պիտի լիներ իրական անկախ պետականությամբ
օժտված որեւէ հասարակության մեջ։
Կխոսենք միայն այն
մասին, որ այդ «հակազդեցության մեջ» ինչ-որ զավեշտալի ու մի տեսակ՝ տխուր բան կար։
Եւ դա՝ կապված ոչ թե արձագանքող, բողոքող մարդկանց ու նրանց շարժառիթների, այլ մեր
օբյեկտիվ իրականության հետ։ Փորձենք դա բացատրել։
Ընդունենք, թե
անկախությունից արված զիջումների դիմաց մենք, ԵՏՄ (կամ այլ մի միություն) մտնելով,
դրան համարժեք բան չենք ստանում՝ հօգուտ վերոնշյալ (ազատություն,
անվտանգություն, արժանապատիվ կյանք, զարգացում) արժեքների։ Կամ նույնիսկ
ինչ-որ չափով վտանգում, նվազեցնում ենք այդ արժեքները։
Տխուրն ու
զավեշտալին այն է, որ այսօրվա մեր իրավիճակի համար չի կարող նման հարցադրում
լինել։ Որովհետեւ ինչպես վերոնշյալ արժեքները, այնպես էլ, բնականաբար, դրանք
ապահովող գործիքը, միջոցը Հայաստանում պարզապես գոյություն չունեն։
Արդեն շուրջ մեկուկես
տասնամյակ Հայաստանում գործող ավազակապետական ռեժիմն իր կործանարար հետեւանքներով
անհամեմատելի է հայ ժողովրդի վրա հաստատված որեւէ օտար նվաճողի իշխանության հետ՝
մեր ողջ պատմության կտրվածքով։ Եւ սա ընդդիմադիր դիրքից ասված գեղարվեստական
չափազանցություն չէ։ Չիջնենք պատմության խորքերը։ Համեմատությունը կատարենք մեր
պատմության մեջ ամենամղձավանջային շրջանի՝ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին
տասնամյակների հետ (ինչի հետեւանքով կորցրինք հայության 3-4 հազարամյա պատմական
հայրենիքը)՝ անելով ընդամենը երկու արձանագրում.
- Անազատության,
վտանգվածության, արժանապատիվ կյանքով ապրելու անհնարինության, զարգացման հեռանկարի
բացակայության հետեւանքը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր, արտագաղթն է, հայրենի
հողը լքելը։ Ավազակապետական ռեժիմի մեկուկես տասնամյակում, խաղաղ պայմաններում,
Հայաստանից արտագաղթողների իրական թիվը մոտենում է կես միլիոնի սահմանագծին։ Մեր
պատմության ընթացքում օտար նվաճողների իշխանության պայմաններում Հայաստանից
արտագաղթ միշտ է եղել։ Եւ անհնար է գտնել մեկ-մեկուկես տասնամյա որեւէ շրջան, երբ
խաղաղ պայմաններում սեփական երկրից արտագաղթողների թիվը մոտենար կես միլիոնի։ Նման
բան չի եղել անգամ այն դեպքում, երբ օտար իշխանությունը արտագաղթի մատնելու
հատուկ քաղաքական ծրագիր է մշակել եւ գործադրել։ Խոսքը վերաբերում է 1878 թվականին
«Հայկական հարցի» ի հայտ գալուց հետո Արեւմտյան Հայաստանում հայության տեսակարար
կշիռը նվազեցնու՝ Օսմանյան Թուրքիայի ծրագրին։ Դրա գործադրման 35 տարում (մինչեւ
1915թ.) նա նման արդյունք չկարողացավ ստանալ։ Թող այդ շրջանի մասնագետ
պատմաբաններն ու ցեղասպանագետները գտնեն որեւէ մեկուկես տասնամյակ, երբ Արեւմտյան
Հայաստանից այդքան արտագաղթ է եղել։
- Կապված 1915 թվականի
Հայոց ցեղասպանության հետ՝ 1960-ական թվականներից ի վեր մանրակրկիտ ուսումնասիրման
առարկա է դարձել արեւմտահայության կրած նյութական կորուստների խնդիրը, դրան
բազմաթիվ հոդվածներ եւ ամբողջ մենագրություններ են նվիրվել։ 2000 թվականից
հաստատված ավազակապետական իշխանության հենքը, ինչպես հայտնի է, կոռուպցիոն
համակարգն է՝ բրգաձեւ այն կառույցը, որի գագաթին իշխանության առաջին դեմքն է։ Ըստ
միջազգային տարբեր մասնագիտական գնահատականների (դրանք մեկ անգամ չէ, որ
հրապարակվել են)՝ կոռուպցիոն այս համակարգի միջոցով հավաքված «ստվերային բյուջեն»
(երկրից ու նրա ժողովրդից կատարված թալանը) ընդհուպ երկու անգամ գերազանցում է
պետական պաշտոնական բյուջեի ծավալը։ Ըստ այդմ՝ պարզ թվաբանական գործողությամբ դժվար
չէ հաշվել կատարված թալանի, կողոպուտի ընդհանուր չափը՝ մոտ 35-40 միլիարդ դոլար։
Եթե դա ոմանց շատ կթվա, ոչինչ, բաժանեք երկուսի։ Եւ դրա առյուծի բաժինը,
բնականաբար, կոռուպցիոն բուրգը գլխավորողինն է։ Եւ թող նույն՝ 1878-1915թթ. նեղ
մասնագետները նստեն ու ապացուցեն, որ հայ ժողովրդին նաեւ կողոպտելով Հայաստանից
արտագաղթի մատնելու քաղաքական ծրագիր իրականացնող սուլթան Աբդուլ Համիդն ու
երիտթուրքերը արեւմտահայությունից այդչափ հարստություն են կողոպտել (մինչեւ
1915թ)։
Ասել է թե՝ ներկա
ավազակապետական իշխանությունն, ըստ իր քաղաքական հետեւանքների, հայ ժողովրդի համար
շատ ավելի վատն է, քան կլիներ անկախութան լիակատար բացակայությունը, քան որեւէ
օտար տիրապետություն։ Այն շատ ավելի ազգակործան է, քան անգամ հայ ժողովրդին
սեփական հայրենիքից դուրս քշելու ծրագրի իրականացման մղձավանջային երեքուկես
տասնամյակները 100-140 տարի առաջ։ Ռեժիմի հասցրած վնասներն առայժմ զիջում են միայն
1915թ. եւ հաջորդ տարիներին Հայոց ցեղասպանությանը։
Ուրեմն՝ ո՞ր
անկախության համար անհանգստանալ, այն՝ որ մեզ ունեզուրկ, իրավազուրկ ու գաղթական,
սաշիկներին՝ միլիարդատեր դարձնելու գործի՞ք է։ Անկախությունը գործիք է՝ ապահովելու
համար ժողովրդի համար գերագույն արժեքները՝ ազատությունը,
անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը։ Արդեն շուրջ մեկուկես
տասնամյակ մենք չունենք այդ արժեքները, չունենք առավել, քան երբեւէ օտար որեւէ
տիրապետության տակ։ Եթե չունենք այդ արժեքները, ուրեմն, ըստ էության՝ չունենք,
զրոյական մակարդակի վրա է նաեւ դրանք ապահովող գործիքը՝ անկախությունը։ Կամ՝
ունենք այդ գործիքի այլասերված, ֆունկցիոնալ առումով բոլորովին հակառակ
տարբերակը։ Զրոյական մեծությունից ի՞նչ կարող ես զիջել կամ չզիջել։
Ահա թե ինչու՝ ինչ-որ
տխուր ու զավեշտական բան կար, երբ մարդիկ (անկախ շարժառիթից, արտահայտման ձեւից ու
քաղաքական նպատակահարմարությունից) անհանգստանում էին անկախությունից մաս
կորցնելու հարցով։ Անգամ այդ՝ շատ բնական զգացումն ունենալու իրավունքը, մի
տեսակ՝ տխուր զավեշտի էր վերածվում։ Ու այդպես կլինի, քանի դեռ Հայաստանի
քաղաքացին նախ չի լուծել սեփական ազատությունը, անվտանգությունը,
արժանապատիվ կյանքն ու զարգացումն ապահովող գործիք անկախությունը՝ այն
այլասերած-ոչնչացրած ռեժիմի ձեռքից ազատելու հարցը։
http://www.ilur.am/news/view/38507.html
No comments:
Post a Comment