Thursday, August 24, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները (5)

Մաս 1, Մաս 2, Մաս 3, Մաս 4


6. Ի՞նչ էր սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցին
Այն այժմ պետք է զրկվեր քաղաքական խնդրի իր հատկանիշներից եւ օժտվեր գաղափարախոսական կանխադրույթի հատկանիշներով: Առաջին հերթին՝ խնդիրը պետք է զրկվեր սահմանների հստակության, որոշակիության հատկանիշից։ Ո՞րն է այսօր այդ որոշակիությունը. նախկին մարզի տարածքով ԼՂ անկախության ճանաչո՞ւմը, Հայաստանին միացո՞ւմը: Հայդատականությունը ասելու է՝ իսկ Շահումյա՞նը, ապա՝ իսկ ազատագրված տարածքնե՞րը, ապա՝ իսկ Դաշտային Ղարաբա՞ղը, ապա՝ իսկ հարակից մյուս պատմական հայկական հողե՞րը... Սա ցանկացած լուծում պարտվողական եւ անընդունելի է համարելու։ Այս ամենն արդեն նախապատրաստված է եւ քարոզվում է հասարակության մեջ: Խոսքն այսօրինակ խնդիրների իրավացի կամ արդարացի լինել-չլինելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ որեւէ խնդիր լուծելի դառնալու դեպքում այն արգելափակելու լավագույն միջոցը հաջորդ ավելի մեծ խնդիրը հարուցելն է: Ու եթե նպատակդ ոչ թե քաղաքական խնդիր լուծելն է, այլ գաղափարախոսությանդ ու դրա վրա հենված իշխանությանդ համար բարենպաստ միջավայրի ապահովումը, ապա հենց այդպես էլ պետք է վարվել: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է մղվեր եւ մղվեց անլուծելիության ոլորտ: Դա հնարավոր էր մի դեպքում. կանգնել ստատուս-քվոն հնարավորինս երկար պահպանելու դիրքերի վրա: Մնացած ամեն ինչ՝ բանակցություններ, ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ՝ դարձնել իմիտացիա, քող՝ սեփական ժողովրդից ու միջազգային հանրությունից ծածկելու համար իրական նպատակը։ Կամ, ինչպես կասեր նրանցից մեկը՝ «աշխարհին ֆռռցնելու» համար։
Ղարաբաղի հարցը լուծելի քաղաքական խնդրից, որի բարձրագույն արժեքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն էր, պետք է վերածվեր ու վերածվեց նոր բարձրագույն արժեք -Հայ Դատի գաղափարախոսության սպասավորի, նրա անխաթարությունն ապահովելու միջոցի, զոհաբերության նոխազի։ Խնդրի ոչ թե լուծմամբ, այլ սպառմամբ է, որ չէր քայքայվի «մշտական թշնամու» ու «հարատեւ կռվի» ֆորմուլը, ու դրանով է, որ այն կարող էր դառնալ իշխանություն, հասարակական դիրք, բարեկեցություն, եկամուտները ապահովող միջոց...
Եւ սպառվեց:
Գաղափարախոսական տրամաբանության թելադրանքով խնդիրը սառեցվեց, որդեգրվեց ստատուս-քվոն պահպանելու մարտավարություն։
Փոխվեց խնդրի փիլիսոփայությունը՝ միջազգային հանրության համար հասկանալի ինքնորոշման հարցից այն տեղափոխվեց պատմական իրավունքների եւ հողային պահանջատիրության ոլորտ, վերածվեց վիճելի տարածքի խնդրի։
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի նախաձեռնությամբ զրկվեց դժվարությամբ ձեռք բերված՝ հակամարտության եւ բանակցային կողմ լինելու միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։
Բանակցությունների սեղանին դրվեց Մեղրիի հարցը՝ որպես Լաչինով Ղարաբաղին տրվելիք միջանցքի զուգակշիռ փոխզիջում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ որպես անվտանգության գոտի տեղական հայկական ուժերի կողմից զբաղեցված տարածքները դադարեցին հաղթաթուղթ եւ սակարկության առարկա լինելուց. դրանք արդեն մի ամբողջ շարք միջազգային փաստաթղթերում բնորոշվում են որպես Հայաստանի կողմից «օկուպացված», «զավթված» տարածքներ։
Ընդունվեցին մի ամբողջ շարք միջազգային բարձր մակարդակի հիմնարար փաստաթղթեր հօգուտ Ադրբեջանի: Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի »Խարտիան»՝ դրանով իսկ փաստորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Հայաստանի ներքաղաքական կյանքում հակաժողովրդավարական նորմերի հաստատումը, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումները, հասարակության գաղափարախոսականացումը, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը եւ դրա չբացահայտման փաստը, 1998- 2005 թվականների նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ավելի ու ավելի խայտառակ դարձող ընտրությունները եւ ամենախայտառակ սահմանադրական հանրաքվեն վերջնականապես ոչնչացրին Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության իմիջը:
«Երեք ճակատ, մեկ հարեւան» կարգախոսով վարած իր արտաքին քաղաքականությամբ Հայաստանն ավելի ամրապնդեց իր տնտեսական ու քաղաքական շրջափակումը: Երկիրն իր տնտեսական զարգացմամբ ու զարգացման տեմպերով անհուսալիորեն հետ է մնում Ադրբեջանից՝ բանակցություններում կորցնելով եւս մի փաստարկ:
Տնտեսության եկամտաբեր ճյուղերի մոնոպոլիզացումը, տնտեսական ազատ մրցակցության սահմանափակումը, մասնավոր սեփականության դեմ պետականորեն կատարվող ոտնձգությունները եւ ապօրինի գործողությունները, որպես ամբողջական համակարգ վերից վար բարգավաճող կոռուպցիան եւ այլն՝ անհուսալիորեն մեծացրին սոցիալական անարդարությունը, սոցիալական խավերի խզումը: Խաղաղ կյանքի հեռանկարի բացակայության հետեւանքով ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Հայաստանից նոր թափ ստացավ եւ շարունակվում է կործանարար արտագաղթը: Հաջողություն է արձանագրված միայն մեկ՝ հայդատականության՝ որպես ազգային գաղափարախոսության քարոզչության, այն պետական քաղաքականության հիմքում դնելու, հասարակական կյանքի գաղափարախոսականացման, ազգայնական փսիխոզ տարածելու բնագավառում:
Կարելի է առարկել՝ ասելով, թե նման դեպքերում նաեւ ստատուս-քվոյի տեւական պահպանումը կարող է լինել մարտավարական քայլ, քաղաքական մոտեցում, որով կարելի կլինի ինչ-որ ժամանակ հետո հասնել խնդրի ավելի արդյունավետ ու նպաստավոր վերջնական լուծման։ Կարող է, եթե այդպիսի մարտավարությունը ապահովում է քաղաքական խնդրի համար պարտադիր հիմքերով, այն է՝ համապատասխան ռեսուրսների իրատեսական հաշվարկներով, որոնց մասին խոսեցինք սկզբում: Մինչդեռ 1997-ին կատարված, նաեւ հրապարակված իրատեսական այդ հաշվարկները ցույց էին տալիս հակառակը: Եւ չնայած այդ հաշվարկները վաղուց ամբողջովին արդարացել են, իսկ այն, ինչ հակադրվում էր դրան, ամբողջությամբ հօդս է ցնդել, որեւէ քաղաքական եզրահանգման չեն բերում։
Հնարավո՞ր է, որ իրողությունների դեմ-հանդիման, գիտակցելով ճանապարհի ակնհայտ կործանարարությունը Ղարաբաղի ու Հայաստանի համար, ներկա վարչախումբը Քոչարյանի գլխավորությամբ (հիշեցնենք, որ հոդվածը տպագրվել է 2006 թ.- iLur) կանգ առնի, նահանջի՝ հրաժարական տա կամ վերադառնա խնդրի քաղաքական ընկալման ու լուծման բանական ճանապարհ:
Ոչ թե պատկերավոր լինելու, այլ իրողությունը համոզիչ ու հստակ ցուցադրելու համար կրկին դիմենք հռետորական հարցերի օգնությանը:
- Ի՞նչ տեղի կունենա, եթե իրականանա Քրիստոսի Երկրորդ գալուստը, գա, հավաքի քրիստոնյա եկեղեցիների բոլոր սպասավորներին եւ հայտարարի, որ իր ուսմունքը 2000 տարվա ընթացքում ամբողջությամբ կատարել է իր պատմական դերը, մարդկությանը հասցրել է բարոյական ու հոգեւոր արժեքների ընկալման այնպիսի մի մակարդակի ու ամուր հիմքերի, որ այլեւս հոգեւոր սպասավորման կարիք չունի: Ուստի եւ պետք է փակել բոլոր եկեղեցիները, իսկ եկեղեցականներն անցնեն աշխարհիկ կյանքի: Ի՞նչ տեղի կունենա հաջորդ վայրկյանին. հաջորդ վայրկյանին նա երանությամբ կհիշի իր առաջին խաչելության տառապանքները...
- Ի՞նչ կպատահեր խորհրդային որեւէ ղեկավարի հետ, եթե նա կոմունիստական կուսակցության հերթական մի համագումարում հայտարարեր, թե կոմունիստական գաղափարախոսությունը արդեն կատարել է իր պատմական դերը, եւ նույն «պայծառ ապագային» հասնելու համար երկիրը եւ ժողովրդին կարող են առաջնորդել ոչ միայն կոմունիստները: Նման բան չէր կարող պատահել. ամենաչնչին տեղաշարժերը չներվեցին Նիկիտա Խրուշչովին: Խորհրդային վերջին ղեկավար Գորբաչովը հրաժարական տվեց միայն այն ժամանակ, երբ, ըստ էության, դրա կարիքն այլեւս չկար... Նրան չէին ների, եթե նա այդ քայլն աներ երկու օր առաջ: Նույնիսկ հիմա շատերը չեն ներում:
- Ի՞նչ կպատահեր գերմանացի «Ֆյուրերի» հետ, եթե նա Եվրոպայի կեսը կամ ամբողջը գրավելուց հետո հայտարարեր, թե պետք է կանգ առնել եւ ավարտված համարել գերմանական նացիոնալ-սոցիալիզմի դերակատարությունը: Նման բան չէր կարող պատահել. Ֆյուրերը ինքնասպանություն գործեց միայն այն բանից հետո, երբ ռուսական զինվորները սկսեցին ջարդել նրա բունկերի դուռը:
Հնարավո՞ր է, ուրեմն, որ իրողությունների դեմ-հանդիման, գիտակցելով ճանապարհի վնասակարությունն ու կործանարարությունը Ղարաբաղի ու Հայաստանի համար, ներկա վարչախումբը, Քոչարյանի գլխավորությամբ, հրաժարական տա կամ վերադառնա խնդրի քաղաքական ընկալման ու լուծման ճանապարհ:
Հնարավոր չէ: Քանի որ դա կնշանակի ստորագրել սեփական անձի համար հնարավոր բոլոր դատավճիռներից ամենասարսափելին: Դա կնշանակի բացահայտման վտանգի տակ դնել այս տարիներին կատարված իրական ու աներեւակայելի թալանը, ապօրինությունները, ծանրագույն հանցագործությունները: Դա կնշանակի կտրել այն ճյուղը, որի վրա նստած են իրենք: Դա կնշանակի ոչնչացնել այն միջոցը, որով իրենք իշխանության եկան ու իշխանություն են պահպանում: Դա կնշանակի ոչնչացնել գաղափարախոսականացված այն միջավայրը, որտեղ ժառանգաբար երաշխավորված հասարակական դիրք, իշխանություն, բարեկեցություն ու եկամուտներ ունի ինքնավերարտադրվող ամբողջ մի դաս:
Իսկ կործանարար եւ աղետալի պատերազմի հեռանկա՞րը. դա կարող էր անհանգստացնել բնույթով քաղաքական որեւէ իշխանության: Կրոնի վերածված գաղափարախոսության սպասավորներին դա չի կարող անհանգստացնել: Ոչ թե՝ որովհետեւ նրանք հերոս են, կամ որ համոզված են, թե՝ «մենք նորից կհաղթենք», այլ որովհետեւ պատերազմը, ուրիշների համար՝ մահ ու տառապանքներ, երկրի ու ժողովրդի համար՝ անդառնալի կորուստներ, իսկ իրենց համար, այս դեպքում՝ միակ փրկօղակն է: Դա միակ ձեւն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցում 1988-ից ի վեր համաժողովրդական ջանքերով, հսկայական զոհողությունների ու հազարավոր զոհերի գնով ձեռք բերված արդյունքները մսխելու, դիվանագիտական բնագավառում կրած խայտառակ ձախողումների իրողությունները պարտակելու, իրական հաղթանակների առարկայական արդյունքները մեզ համար այնքա՜ն ընտանի նոր մի «բարոյական հաղթանակով» փոխանակելու համար: Դա անհրաժեշտ է «ազգային գաղափարախոսությունը» չվտանգելու եւ դրան խարսխված իրենց իշխանությունը, դիրքը, ունեցվածքը պահպանելու, որեւէ պատասխանատվությունից խուսափելու համար:
Ո՞րն է կրոնացված այսօրինակ գաղափարախոսությունների ուժը: Ինչո՞ւ, չնայած ակնհայտ կործանարարությանը, դժվար է դրանց դեմ պայքարը, դրանց ընթացքը կանխելը: Թերեւս՝ դա բացատրելի է երեք հանգամանքով. ա) կեղծ արժեքային համակարգի վրա հենված հայրենասիրության, հերոսության, ազգասիրության մասին պատկերացումների արտաքուստ գրավիչ ու գայթակղիչ լինելը, բ) հատկապես «շարքերում» դրանց անկեղծ հավատացողները, որոնք սովորաբար ինքնահաստատման չբավարարված խնդիր ունեն, գ) հասարակության մեջ հավատավոր կողմնակիցները: Այնուամենայնիվ, բարեպաշտ հավատացյալ է եկեղեցու սպասավորների մի մասը, ժամանակին իրենց առաքելությանն ու կոչումին անկեղծորեն հավատացել է գերմանական նացիզմի հետեւորդների եւ բոլշեւիկ կոմունիստների մեծ մասը, իսկ դաշնակ ու հնչակ «ֆիդայիները» անկեղծորեն ու համոզված գնացել են «ազգին մատաղ լինելու»: 1970-80-ական թվականներին թուրք դիվանագետների դեմ ահաբեկչության գնացող մահապարտներն էլ անկեղծ համոզված էին, թե դա հայրենասիրության բացառիկ դրսեւորում է: Սակայն այս ամենը ոչնչով չի փոխում գրանցված արդյունքների ողբալի էությունը:
Միայն կործանարար արդյունքների գրանցումից հետո է, որ (այս դեպքում խոսքը քրիստոնեության մասին չէ, այլ կրոնի վերածված տոտալիտար գաղափարախոսությունների) տվյալ հասարակությունը դուրս է քշում իր «առաքյալներին» ու «փրկիչներին», եթե... ի վիճակի է լինում սթափվել: Իրենց բերած արհավիրքներից հետո՝ Գերմանիայում՝ նացիզմ, Ռուսաստանում՝ կոմունիզմ այլեւս չի լինի: Հայաստանում կհաղթահարվի՞ նույնպիսի արհավիրքներ բերած հայդատականությունը որպես «ազգային գաղափարախոսություն», եւ ժողովրդի խնդիրները կդրվե՞ն քաղաքական հարթության վրա:
* * *
Իսկ գուցե, այնուամենայնիվ, սխալվո՞ւմ ենք...
Գուցե այս դատողությունների հիմքում սուբյեկտիվի՞զմ կա:
Գուցե, այնուամենայնիվ, հայդատականությունը հարյուր քսան տարվա բազմաթիվ ձախողումներից հետո, Լեռնային Ղարաբաղի դրվագում կարողանա հաջողությո՞ւն գրանցել. չէ՞ որ պատմական ինչ-որ մի պահի հաջողություններ գրանցեցին ու առարկայական խնդիրներ լուծեցին նույն գերմանական նացիզմն ու բոլշեւիկյան կոմունիզմը (չհաշված՝ թե հետո ինչ եղավ):
Ոչինչ ավելի համոզիչ չի կարող լինել, որքան մերկ, անառարկելի փաստերը:
1) Հայդատականության կարգախոսներից է «Հողահավաքը»՝ պատմական հայկական հողերը մեկ պետության մեջ ընդգրկելը: Լեռնային Ղարաբաղն այս համատեքստում դիտվում էր որպես առաջին կտոր հողը: Մեկ այլ՝ «Հարատեւ կռվի» կարգախոսը ենթադրում էր այն միջոցը, որով պետք է հասնել այդ խնդրի իրագործմանը: Ի՞նչ գործնական քայլեր կատարեց հայդատականությունը Լեռնային Ղարաբաղի դեպքում այս խնդիրներն իրականացնելու համար: Չխոսենք 1988-1989 թվականների մասին (ավելի ճիշտ՝ այդ մասին արդեն վերեւում խոսեցինք): 1990 թ. սկզբից Լեռնային Ղարաբաղը ինքնապաշտպանական ուժերի կարիք ուներ, այնքան սուր, որ հանրահավաքներում Շարժման ղեկավարներն արդեն բացահայտ կոչ էին անում զինված ջոկատներ կազմել (մինչ այդ նույն գործն արվում էր առանց հրապարակելու): 1991-1994 թվականները Լեռնային Ղարաբաղի համար ծանրագույն պատերազմի տարիներ էին: Այսինքն՝ «Հարատեւ կռվի» կարգախոսը մի քանի տարի ռեալ իրականություն էր: Հայդատական 5-6 միլիոնանոց Սփյուռքից որպես կամավոր այդ պատերազմին մասնակցել է... 14 հոգի (10՝ ԱՍԱԼԱ-ից, 2՝ դաշնակցական, 2՝ անկուսակցական): Այսինքն՝ մոտավորապես կես միլիոնից՝ մեկը: Այս թվերը ժամանակին մի քանի անգամ հրապարակել է Վազգեն Սարգսյանը:
Չենք մեղադրում, կյանքը թանկ բան է բոլորի համար: Պարզապես հիշեցնենք, որ Բոսնիայի համար պայքարում, օրինակ, սերբական սփյուռքից մշտապես կռվում էր 6000 կամավոր: Եւ, որքան գիտեմ, նրանք չունեն մեր հայդատականության նման ինչ-որ բան: Հիշեցնենք նաեւ, որ 70-80-ական թվականներին թուրք դիվանագետների դեմ ահաբեկչության գնացող մահապարտների թիվը այս 14-ից մի քանի անգամ ավելի էր: Իսկ այն ժամանակ ոչ մի «հողահավաքի» հարց չկար, ընդամենը գաղափարախոսության թարմացման ու ամրապնդման հարց էր լուծվում: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում խնդիրը հենց «հողային» էր եւ ավելի քան առարկայական:
2) Հայդատականության մյուս կարգախոսը «Ազգահավաքն» է՝ ազատագրված հողը հայերով բնակեցնելը: Լեռնային Ղարաբաղն, արդեն տասը տարուց ավելի, ազատագրված հող է:
Դեռ 1989 թվականին երջանկահիշատակ Անդրեյ Սախարովն իրեն հատուկ պարզությամբ ու դիպուկությամբ ցույց էր տալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման իրական ճանապարհը. այնտեղ հայ բնակչության թիվը հասցնել 300.000-ի: Նույն խնդի՞րն է:
Չմեղադրենք որեւէ սփյուռքահայի, որ պատերազմի շրջանում չեկավ բնակվելու Ղարաբաղում. վերջին հաշվով՝ պատերազմող երկրում վտանգավոր է: Չմեղադրենք նաեւ, որ որեւէ մեկը չեկավ բնակվելու նաեւ հրադադարի այս 10-11 տարիների ընթացքում. ամեն մեկն իր գործն ունի, դասավորած կյանքը, երեխաների կրթության շարունակման համար լեզվի խնդիրներ կլինեն... (հետաքրքիր է՝ այս խոչընդոտները չե՞ն խանգարելու, եթե մի օր էլ Արեւմտյան Հայաստանից հողեր վերադարձվեն): Սակայն եթե «ազգահավաքի» կարգախոսը լիներ ոչ թե գաղափարախոսական սնամեջ կանխադրույթ, այլ իրական քաղաքական խնդիր, ապա կար այն լուծելու հիանալի տարբերակ (առանց վնասելու սեփական անվտանգությունը, բարեկեցությունը, ապահովությունը, երեխաների ապագան): Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 300.000 մարդկանց (հիմնականում՝ ծնունդով ղարաբաղցիներ) մեծագույն մասը ցրվեց աշխարհով մեկ՝ տանիք եւ գոյության միջոցներ չունենալու պատճառով, սովից փրկվելու համար: Դժվարագույն այդ տարիներին հենց Հայաստանից քանի՞ հազար ընտանիք կգերադասեր ոչ թե արտագաղթել, այլ տեղափոխվել Ղարաբաղ, եթե նրանց այնտեղ առաջարկվեր քիչ թե շատ նորմալ տուն ու քիչ թե շատ մարդավայել ապրելակերպ (մե՛ր, համեստ չափանիշներով):
Ի՞նչ կարժենար դա:
Այդ նույն տարիներին Եվրոպայում հերթական մի «Հայ Դատի» գրասենյակ բացելը արժեցավ մեկ միլիոն դոլար: Դա բավարար է հարյուր ընտանիքի համար փառահեղ մի գյուղ հիմնելու, նաեւ նրանց ապրուստն ապահովելու համար: Ինչքա՞ն դրամ է հավաքվում այդօրինակ «գրասենյակների» տարեկան բյուջեներն ապահովելու, Հայ դատի համար լոբբինգի, այս կամ այն սենատորից մի խոսք կամ մի ստորագրություն կորզելու, գաղափարախոսական քարոզն ապահովելու համար: Հաստատ՝ տարեկան դրա տասնապատիկը: Այսինքն՝ այնքան, ինչքան պետք կլիներ տարեկան 1000 ընտանիք Ղարաբաղում բնակեցնելու ու պահելու համար: Տասը տարում՝ 10.000:
Վեց հազար ընտանիք երիտասարդ կյանք կորցրեց պատերազմում: Համաձայն եմ՝ իրավունք չունենք դրա մեկ տասներորդ մասն անգամ պահանջել Սփյուռքից: Բայց չգտնվե՞ց հայդատական Սփյուռքում մի 60000 ընտանիք, որ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի «հողահավաքված» հողում, հանուն «ազգահավաքի» վեհ նպատակն իրականացնելու, իրենց համար ոչ էական նյութական զոհողությունների գնար. եթե տասը տարում յուրաքանչյուր տասը ընտանիք մի տուն կառուցեր վերաբնակվողների համար, կլիներ եւս 6000 տուն: 15-20 հազար ընտանիք Ղարաբաղում բնակեցնելով՝ այսօր այդ հարցը վերջնականապես լուծված կլիներ: Այ սա՛ քաղաքական խնդիր էր, միանգամայն լուծելի խնդիր, որին ոչ ոք մոտ անգամ չեկավ: Ինչպե՞ս կարող է «ազգահավաքը» հայդատականության համար քաղաքական խնդիր լինել, երբ նրանցից ոմանք Հայաստանից կատարված արտագաղթի մեջ անգամ դրական բան են տեսնում՝ դրանով «հզորանում է Սփյուռքը»:
Բերված փաստարկները չեն նշանակում ամենեւին, թե հայդատականությունը չի կարող գործնական խնդիրներ դնել ու լուծել: Օրինակ՝ երկքաղաքացիության խնդիրը: Հետո՞ ինչ, որ դրա հետեւանքով Հայաստանը կարող է բանակ չունենալ, արտագաղթը նոր խթան կստանա:
Երկու տարի առաջ էկզոտիկ գործ էր հարուցվել հրեա մի հոգեւորականի դեմ, որը հավատացյալներին կլորիկ գումարներով դրախտում տնամերձ հողամասեր էր վաճառել եւ նրանց հանգուցյալների հոգիները դժոխքից դրախտ տեղափոխել: Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակական կյանքում, վերջին հաշվով, գործում է պահանջարկի ու առաջարկի շուկայի օրենքը: Պարզապես այս դեպքում մարդկանց զգացումների շահարկմամբ, շանտաժով ու պարտադրանքով նախ ձեւավորվում է կեղծ արժեքների պահանջարկ, ապա զոմբիացած հասարակությանը շատ թանկ գնով վաճառվում է նույն կեղծ ապրանքը:
* * *
Իրոք սահմռկեցուցիչ, ու դրանով իսկ անհավատալի կարող է թվալ այն պնդումը, թե հայդատական այս վարչախումբն իր «հերոսական» ու «հաղթողական» ընթացքը գիտակցաբար ու աղանդավորական պնդաճակատությամբ կարող է շարունակել մինչեւ պատերազմ, մինչեւ նոր աղետ ու պարտություն: Ինչպես դա արեց 1895-ին, 1915-ին, 1920-ին: Լեռնային Ղարաբաղն Արեւմտյան Հայաստանից ավելի մեծ ու ավելի կարեւոր չէ: Ինչպես եւ կանխատեսվում էր, ահա՝ բոլորիս աչքի առաջ քաղաքական խնդրի առարկա Լեռնային Ղարաբաղը զոհաբերվում է Հայ Դատի գաղափարախոսական կանխադրույթ դարձված Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարին: Զարհուրելին այն է, որ դա շատերը չեն ուզում տեսնել ու զգալ. կարեւորը «հերոսական» կարգախոսներն են: Մինչդեռ պարտվելու ու արյուն է թափելու ժողովուրդը, կորսվելու է հողը, իսկ գերագույն արժեք-հայդատականությունը նոր լիցք է ստանալու, պահանջատիրության նոր թարմ օբյեկտ, դրամահավաքի նոր առիթ, իշխանության ամրապնդման նոր հիմք: Գտնվելու են արդարացումներ ու կարգախոսներ. 1998-ի՝ «արյունով գրաված հողը հետ չեն տա» հերոսական թվացող կարգախոսը հնչելու է «արյունով գրաված հողը մենք տվեցինք միայն ավելի մեծ արյամբ», «մենք բարոյական հաղթանակ տարանք«,կամ՝ «արյունով տված հողը թշնամուն չի մնա» նույնքան հերոսական թվացող տեսքով։
Սահմռկեցուցի՞չ է, անհավատալի ու անհեթե՞թ:
Սահմռկեցուցիչ, անհավատալի ու անհեթեթ է՝ բանականության դաշտում, քաղաքական ըմբռնման դեպքում: Գաղափարախոսական հարթության վրա ու «ազգային գաղափարախոսության» դերի հավակնող հայդատականության արժեքային համակարգի տեսակետից դա հերոսության ու հայրենասիրության դրսեւորման բարձրագույն ձեւն է։
Եւ այս կրոնի ծառայողները դրանից հետո էլ հույս ունեն պահպանել ե՛ւ հասարակական դիրքը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ բարեկեցությունը: Ինչպես, դժբախտաբար, դա նրանց կարող են հուշել պատմության բերված օրինակները։
Համենայնդեպս՝ սա է եղել հայդատականության միակ ճանապարհը, ու սա է նրա գոյատեւման միակ միջոցը:
Եթե դրա դեմ չկանգնի ինքը՝ մարդկային բանականությունը, կամ գեթ՝ ժողովրդի ապրելու բնազդը, եթե ամբողջ մի ժողովուրդ իր մեջ չսպանի մեռնելու ցանկությունը, չարթնանա վերջապես էֆթանազիայի անցավ ու հաճելի նիրհից, դուրս չքշի «մահվան բժշկին» եւ Հայաստանում չհաստատի բնույթով ու գործելակերպով քաղաքական, օրինական եւ պատասխանատու իշխանություն
:

Thursday, July 27, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (4)

Մաս 1, Մաս 2, Մաս 3


4. Ի՞նչ էր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի 1997-ի փուլային տարբերակով լուծումը
Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարթության վրա՝ Շարժման, ապա նրա իշխանության համար նշանակում էր այն անհրաժեշտ պայմանների ապահովումը, որ կերաշխավորի նրա անվտանգությունը, ազատ եւ ապահով զարգացումը, նրա բնակիչների արժանապատիվ կյանքը։ Որպես այդպիսին՝ ՀՀՇ-ի քաղաքական իշխանությունը ցանկացած փուլում ձգտել եւ պատրաստ է եղել քաղաքական կարգավորման։ Այդ երաշխիքը ԽՍՀՄ գոյության պայմաններում կարող էր տալ ներքին վարչական սահմանների փոփոխությամբ Հայաստանին միացումը, ուստի հետապնդվում էր այդ խնդիրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդպիսի երաշխիք կարող էր լինել անկախությունը ու դրա միջազգային ճանաչումը: Երկու դեպքում էլ, բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե փաստական վիճակին, այլ իրավական կարգավիճակին՝ ճանաչմանը։ Առաջին դեպքում դրա ճանաչողն ու երաշխավորն էր դառնում խորհրդային հանրությունը՝ ի դեմս խորհրդային օրենքների, երկրորդ դեպքում՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս միջազգային օրենքների։ Բայց հնարավոր չեղավ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, քանզի Ադրբեջանը, որի կազմում դե-յուրե հայտնված է Լեռնային Ղարաբաղը, նույն խորհրդային եւ նույն միջազգային օրենքներով կարող էր դրան չհամաձայնել, ու չհամաձայնեց։ Ուրեմն պետք էր գտնել խնդրի լուծման՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը, ազատ ու անկաշկանդ զարգանալու հնարավորությունը, բնակիչների արժանապատիվ կյանքն ապահովելու ու երաշխավորելու այլ ձեւ ու ճանապարհ ու նույնարժեք երաշխիք:
Այդպիսի լուծում եւ երաշխիքներ էր ապահովում կարգավորման այն ծրագիրը, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ու պաշտպանեց: Դա 1997 թվականի հակամարտության խաղաղ կարգավորման փուլային տարբերակն էր: Դրանով պահպանվում էր նույնպիսի փաստական լիակատար անկախություն, որ ուներ Ղարաբաղը 1994 թ. հրադադարից ի վեր, Հայաստանի հետ ցամաքային կապը, վերանում էր շրջափակումը, Հայաստանն ու Ղարաբաղը ազատվում էին տնտեսական զարգացման կաշկանդիչ կապանքներից եւ այլն:
Ընդունված է ասել, թե այս ծրագրի խոցելի կողմն այն էր, որ հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ այն, ինչը այս ամենի պահպանման համար միջազգային երաշխիքներ է ենթադրում։ Առավել չարամիտները պնդում են, թե դրանով Լեռնային Ղարաբաղը դե-յուրե մնում էր Ադրբեջանի կազմում: Եթե կարգավիճակի մասին այս երկրորդ միտքն ընդհանրապես իրականության հետ կապ չունի, ապա առաջինը, մեր կարծիքով, առնվազն կոռեկտ ձեւակերպում չէ:
Իրականում կարգավիճակի հարցը, այո՝ ժամանակավոր, բայց հենց հետաձգվելու փաստով լուծում էր ստանում։ Լուծում էր ստանում չորրորդ մի տարբերակով: Այն միջազգայնորեն ստանում էր վիճելի, չլուծված, առկախ հարցի իրավական կարգավիճակ: Ճիշտ է՝ դա չէր նշանակում «անկախություն», չէր նշանակում «Հայաստանին միացում»։ Բայց դրանցից առաջ եւ առավել եւս՝ չէր նշանակում «Ադրբեջանի կազմում»։ Ավելին՝ հենց առաջին հերթին նշանակում էր «ո՛չ Ադրբեջանի կազմում»: Սա Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում տեղաշարժ էր, էական, առարկայական, փաստական տեղաշարժ: Քանզի ինչպես մինչ այդ, այնպես էլ այսօր, Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության աչքում ունի լավագույն դեպքում՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո անկախ» վիճակ: Ընդ որում՝ այս վիճակի երկրորդ մասը ապահովելու պարտավորություն ոչ մեկը չի ունեցել եւ չունի, քանզի դա որեւէ տեղ միջազգայնորեն արձանագրված չէ: Արձանագրված է առաջին մասը՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում» կարգավիճակը, եւ միջազգային հանրությունը դրա ապահովման պարտավորությունն ունի մի շարք բարձրագույն փաստաթղթերով: 1997թ. փուլային տարբերակով պայմանագրի կնքումով Լեռնային Ղարաբաղին տրվում էր «Դե-յուրե չլուծված հարց (= ո՛չ Ադրբեջանի կազմում), դե-ֆակտո՝ անկախ» միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված կարգավիճակ: Եւ պայմանագրի տակ ստորագրող երկրները կամ միջազգային հանրությունը այդ ճանաչմամբ հանձնառու էին դառնում այս կարգավիճակի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ մասի ապահովման երաշխավորը դառնալ: Այսինքն՝ ճանաչված «չլուծված հարց» կարգավիճակը իր գործողության ողջ ժամկետում ֆունկցիոնալ առումով լիովին փոխարինելու էր առայժմ անհնար՝ ճանաչված անկախությանը, նույն կերպ հանդիսանալու էր Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը, անվտանգությունն ու ազատ տնտեսական զարգացումն ապահովելու համար որպես միջազգային երաշխիք: Այլ խոսքով՝ նույն դերն էր կատարելու, ինչ ԼՂ անկախ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելը։ Չէ՞ որ դե-յուրե անկախության իմաստն էլ այլ բան չէ, քան ապահովության միջազգային երաշխիքներ ունենալը:
Միակ խնդիրը մնում էր ժամանակավոր լինելու հանգամանքը, այն, որ Լեռնային Ղարաբաղի «չլուծված հարց» կարգավիճակի վերջնական որոշումը թողնվում էր հետագային: Կենցաղային մակարդակի դավադրական տեսությամբ առաջնորդվող «ազգայինները» այստեղ թույլ ուղեղների համար նախատեսված հարց էին տալիս. «Իսկ եթե հետագայում որոշվեր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմո՞ւմ»: Բայց միջազգային օրենքներն ու միջպետական վարվելակերպի կանոնները մի քիչ տարբեր են, քան կենցաղային մանր ժուլիկությունները: Ակնհայտ էր մի բան. խնդիրը կքննարկվեր այնքան ժամանակ, մինչեւ չգտնվեր «չլուծված հարց»- կարգավիճակին փոխարինող համարժեք այն նոր ձեւը, որն առնվազն նույն կերպ ու նույն չափով կդառնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ազատ զարգացման համար հավասարազոր երաշխիք: Թե ինչպես կկոչվեր այն, էական չէ, թեկուզ՝ «արտամոլորակային տարածք»:
Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու ամբողջական լուծումը 1997-ի փուլային տարբերակով ոչ միայն տեսանելի, այլեւ շոշափելի էր եւ առարկայական: Եւ ամենահնչեղ «ազգային հարցերից» մեկը լուծվում էր հայդատական գաղափարախոսության կոնտեքստից դուրս, նրա առանցքային հիմնադրույթներին ու նրա տրամաբանությանը հակառակ: Դրանով իսկ խարխլվելու էին նրա գաղափարախոսական հիմքերը, խամրելու էր մշտական թշնամու կերպարը, արժեզրկվելու էր հարատեւ կռվի կարգախոսը: Ստեղծվելու էր մի ֆոն, որի վրա առավել ցայտուն էր երեւալու այդ գաղափարախոսության կանխադրույթների արկածախնդիր ու վնասակար լինելը, մանավանդ որ այդ հիմքերի վրա նրա ավելի քան հարյուրամյա գործունեությունը միայն կորուստների էր հանգեցրել՝ զարհուրելի կորուստների: Դա, որպես անմիջական հետեւանք, հանգեցնելու էր նաեւ կրոնի վերածված այս գաղափարախոսության սպասավոր դասի հարյուրամյա հասարակական դիրքի, իշխանության, բարեկեցության, եկամուտների հիմքի խարխլման ու կորստի: 

5. Ի՞նչ տեղի ունեցավ 1998-ի փետրվարին ու դրանից հետո
Թե ինչ պետք է տեղի ունենար՝ լավագույնս ու շատ կարճ ձեւակերպեց Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի իր հայտարարության մեջ. «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ է։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։ Երկրորդի՝ «խաղաղության ու պատերազմի» մասին հետագայում շատ խոսվեց, սակայն մոռացվեց առաջինը՝ «պետականության հիմնադրույթները»։ Մինչդեռ երկրորդն առաջինի հետեւանքն է ընդամենը։ Խոսքն այն մասին էր, որ հայդատականության պլատֆորմի վրա իշխանության եկողները հեռու պիտի մնային պետականության հայտնի եւ աշխարհում ընդունված հիմնադրույթներից, հենվեին բոլորովին այլ հիմնադրույթների, այլ արժեքային համակարգի վրա։ Իսկ վերջինս էլ այլ բան չէր, քան նույն՝ կրոնի վերածված հայդատական գաղափարախոսությունը։
Եվ հեղաշրջման մասնակից կենտրոնական անձերն այստեղ կարեւոր չեն ամենեւին։ Հրաժարական պարտադրած, հեղաշրջում իրականացրած հայտնի անձինք, գիտակցելով դա թե ոչ, կանգնել կամ հայտնվել էին հայդատականության գաղափարախոսական դիրքերում։ Բանականության դաշտում ու քաղաքական դիրքերից պարզապես հնարավոր չէր դիմակայել Հանրապետության Նախագահի քաղաքական ու առարկայական փաստարկներին, հերոս ձեւանալ, խաբել հասարակությանը։ Հիշենք նրանց հայտնի կարգախոսները. «Արյունով գրաված հողը հետ չեն տա», «Սիրենք մեր պատերազմը», «Մի անգամ պետք է մեր պատերազմը տանենք մինչեւ վերջ»։ Հիշենք, որ նրանց ներկայացրած այլընտրանքային «ծրագիրը» լուծման առաջարկվող տարբերակին հակադրում էր 8000 կմ քառ. տարածքով անկախ Ղարաբաղի պահանջ (գոյություն ունի նրանց ներկայացրած համապատասխան քարտեզը եւ դրան կից «Ծրագիրը») եւ այլն։ Պե՞տք է հիշեցնել (թե՞ յուրաքանչյուրն անմիջապես կարող է հիշել) այդ կարգախոսների նախօրինակ հարյուրամյա կաղապարները՝ «Մահ կամ ազատություն», «Միայն արյամբ կա հային փրկություն», «Ծովից ծով Հայաստան» եւ այլն։ Գաղափարախոսական նույն՝ հայդատական, կեղծ-հայրենասիրական հիմքի վրա ու նույն կարգախոսներով բորբոքվեց 1997թ. սեպտեմբերի վերջից ծայր առած՝ «պարտվողականության» եւ «Ղարաբաղը ծախելու» ողջ վայնասունը։ Շատերը հաճույքով կանգնեցին այդ պլատֆորմի վրա. առիթը հիանալի էր թվում՝ անաշխատ «հայրենասեր» երեւալու, «հերոս» ձեւանալու մարմաջը բավարարելու համար:
Հանրապետության Նախագահի հրաժարականից քիչ անց դաշնակցության «Երկիր» թերթը, մի առիթով դիմելով արդեն «նախկիններին»՝ գրեց. «Մի մոռացեք, որ դուք պարտվել եք հայդատականությանը»։ Եւ նա, իհարկե, ճիշտ էր։ Քաղաքական ուժը, որ հաղթանակով էր դուրս եկել Խորհրդային կայսրության դեմ անհավասար պայքարում, պայմանավորել համաշխարհային պատմության ուղղությունը, հաղթել էր Ադրբեջանին, կարողացել էր չպարտվել միջազգային հանրությանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցը հասցրել բարեհաջող լուծման վերջնագծի, պարտվեց հայդատականությանը։ Պարտվեց՝ ոչ թե վերջինիս ուժեղ լինելու հանգամանքով, այլ որովհետեւ Նախագահի քաղաքական թիմի մի քանի առանցքային անդամներ անակնկալ անցան հակառակորդի ճամբար՝ կրկնակի թուլացնելով առաջինը եւ տասնապատիկ հզորացնելով վերջինը:
Եւ այնուամենայնիվ՝ հայդատականության հաղթանակը ակտ չէր, այլ գործընթաց, եւ 1998 թ. փետրվարի 3-ը դրա միայն սկիզբն էր: Դրան հաջորդած շրջանում համապատասխան լրագրերի էջերում ամենօրյա կարգախոսը «իշխանափոխությունը դեռ չի ավարտվել» միտքն էր, մինչեւ տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Նույն կարգախոսը սկսեց հնչել օրումեջ, մինչեւ հաջողությամբ անցկացվեց դրան հաջորդած 5-6 ամսվա վտանգավոր շրջանը: Իսկ վերջնական հաղթանակը արձանագրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին՝ ՀՀ Սահմանադրության ոչնչացմամբ, ինչից հետո արդեն մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում:
* * *
Ինչպես եւ սպասելի էր, քիչ անց սկսվեց ընդամենը տասը տարի առաջ մի այլ՝ կոմունիստական գաղափարախոսության ճիրաններից ազատված հասարակության գաղափարախոսականացում - զոմբիացումը։ Այդ գործի կազմակերպիչ իրականացնողներից մեկը բողոքում էր, թե նախադպրոցական հիմնարկներում 4 եւ բարձր տարիքի երեխաներին դժվար է լինում հասկացնել, թե ինչ բան է Հայ Դատ, Ցեղասպանություն, պահանջատիրություն, մշտական թշնամի։ Կոմունիստները հասարակության գաղափարական դաստիարակության այդ գործն սկսում էին ավելի ուշ՝ 7-8 տարեկանից։ Վարչախմբի նպատակն էր Հայաստանը դարձնել հայդատական ֆունդամենտալիզմի հիմքով տոտալիտար մի կրոնապետություն, եւ այժմ ամեն ինչ դրան է ուղղված։ Միայն այս կերպ կարելի է լուծել իշխանությունը հնարավորինս երկար պահպանելու խնդիրը:
Բնականաբար, գաղափարախոսական նույն հարթության վրա պետք է տեղափոխվեին հասարակական ու պետական կյանքի բոլոր հարցերը։ Արտաքին քաղաքականության դեպքում դա ավելի քան ցայտուն է երեւում. Քոչարյանի առաջին կառավարության՝ 1998թ. ԱԺ ներկայացրած Ծրագրում արտաքին քաղաքականության վերնագրի տակ սպիտակ էջ էր՝ այդ ասպարեզի հայեցակարգը շուտով ներկայացնելու խոստումով։ Չնայած բազմաթիվ հիշեցումներին, մինչ օրս այդ էջը սպիտակ է՝ հայեցակարգը չկա։ Չկա, որովհետեւ գրել այն, ինչ արվում է իրականում, կնշանակի սուր պրոբլեմներ ունենալ միջազգային հանրության հետ, իսկ գրել այն, ինչ ընդունելի է վերջինիս համար, կնշանակի նույնպիսի սուր խնդիրներ ունենալ ներսում՝ սեփական գաղափարախոսության հետ
։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (3)

Մաս 1մաս 2

3. Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական, թե գաղափարախոսական հարթության վրա դնելու համար պայքարի պատմությունից
Թերեւս, մի քիչ երկար այս ներածականը անհրաժեշտ էր, քանզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը ամենասերտ առնչությունն ունի հայդատականության հետ: Այս հիմքի վրա է առարկայացել Շարժման ու հայդատական մտածողության կրողների միջեւ թաքնված թե բացահայտ անզիջում պայքարը 1988-ից մինչեւ այսօր: Սկզբից եւեթ օդում կախված, ապա ամբողջ սրությամբ դրված է եղել խնդրի բնութագրման՝ կարգավիճակի հարցը. այն քաղաքակա՞ն խնդիր է՝ ինքնորոշման իրավունքի իրականացում, թե՞ պատմական իրավունքների ու հողային պահանջատիրության խնդիր՝ Հայ Դատի բաղկացուցիչ։ Քաղաքական թե գաղափարախոսական ըմբռնման այդ պայքարը մղվել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Շարժման օրակարգում ընդգրկված շատ հարցերում:
Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի սկզբանե հարուցվեց քաղաքական հարթության վրա եւ հանգում էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու ապահով ապրելու եւ ազատ զարգանալու երաշխիքների ձեռքբերմանը։ Ադրբեջանը դա չէր կարողացել ու չէր կարողանում ապահովել, ավելին՝ գնալով այդ իրավունքն ավելի էր վտանգվում, եւ նախորդ տասնամյակներում եւս տարբեր նախաձեռնություններով խնդիրը Մոսկվայի առջեւ բարձրացնելու փորձեր էին արվել: Ուստի 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշմամբ դիմում էր հղվում երեք իրավասու հասցեներով՝ Խորհրդային Միության ներքին վարչական սահմանների փոփոխության միջոցով Մարզը Ադրբեջանի կազմից ՀԽՍՀ-ի կազմ տեղափոխելու մասին: Թեեւ այս փաստաթղթում չի օգտագործված ինքնորոշում բառը, սակայն խոսքն ըստ էության այդ իրավունքից օգտվելու մասին էր: Ճիշտ է՝ Շարժման առաջին ամիսներին ձեռագիր ու մեքենագիր վիճակով տարածվող հարյուրավոր թռուցիկների ու «նյութերի» մեջ հաճախ էր խոսվում նաեւ պատմական իրավունքներ մասին, սակայն առկա միակ պաշտոնական փաստաթղթում՝ ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման մեջ այդ մասին ակնարկ անգամ չկա։ Հենց որպես ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների փոփոխման հարց, դրա լուծումը հնարավոր էր, քանզի այդօրինակ նախընթաց տասնյակ դեպքեր եղել էին ԽՍՀՄ պատմության ընթացքում: Իսկ Կենտրոնի՝ «Վերակառուցման» շրջանակներում անցյալի սխալները, այդ թվում նաեւ ազգային հարցում թույլ տված սխալներն ուղղելու մասին խոստումները դա դարձնում էին ավելի հնարավոր: Այսինքն՝ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր լուծել հարցը։ Երբ դա չարվեց, քիչ ավելի ուշ այն պաշտոնապես հիմնավորվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրության՝ ազգերի ինքնորոշման իրավունքը երաշխավորող դրույթից բխող պահանջ՝ պահպանելով խնդրի քաղաքական բնույթը:
Շարժման առաջին ղեկավարության կորիզը, 2-3 ամիս անց, որոշակի դժվարությունների առջեւ տեղի տվեց։ Նրանցից ոմանք համարեցին, թե պետք է բավարարվել խնդիրը Մոսկվայի առջեւ հարուցած լինելու փաստով ու դադարեցնել պայքարը, ուրիշները՝ սկսեցին ավելի շատ ու կտրուկ խոսել պատմական իրավունքի, հայկական պատմական այլ հողերի ու պահանջատիրության մասին: Նույնիսկ եղավ երկաթյա ձողերով ու բենզինի շշերով զինվելու ու Նախիջեւանի վրա հարձակվելու կոչ։ Այս պայմաններում հարցը կարող էր կորցնել քաղաքական խնդրի իր բնութագիրը ու տապալվել: Մայիսի վերջին ձեւավորվեց Շարժման նոր ղեկավարություն՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն», որը վերջնականապես հստակեցրեց խնդրի քաղաքական բնութագիրը եւ հիմքերը՝ դրանով իսկ ապահովելով հետագա պայքարի հնարավորությունն ու արդյունավետությունը:
* * *
Առաջին կես տարում հայդատականությունը, որի կազմակերպական կառույցներն Սփյուռքում էին, իր հակազդեցությունը Շարժմանն ավելի շատ արտահայտում էր լռությամբ ու անտարբեր ձեւանալով: Այդ ընթացքում, որպես պաշտոնական դիրքորոշում, նա բավարարվեց 1988թ. հոկտեմբերի սկզբին արված հրապարակային մի խայտառակ հայտարարությամբ, որը պաշտպանում էր Հայաստանի կոմունիստական իշխանություններին եւ ուղղված էր Շարժման դեմ: Սակայն որքան խոսուն ու բնութագրական էր այդ հայտարարության բովանդակությունը, նույնքան արտառոց էր երեք հայդատական մրցակից, հաճախ թշնամական հարաբերություններով հայտնի կուսակցությունների՝ նույն փաստաթղթի տակ ստորագրելու հազվագյուտ փաստը: Դա նախ եւ առաջ վկայում էր, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին, վտանգի շատ մեծ զգացողություն է ունեցել, ինչը եւ ստիպել է մոռանալ միմյանց նկատմամբ հարյուրամյա թշնամանքն ու վիրավորանքները եւ միասնական հանդես գալ նոր՝ ընդհանուր «վտանգի» դեմ։
Ո՞րն էր այդ ընդհանուր վտանգը:
Շարժումը Լեռնային Ղարաբաղի «ազգային հարցը» չէր դնում հայդատականության գաղափարախոսական կոնտեքստում, չէր դիտում որպես պատմական իրավունքների վրա հենված հողային պահանջատիրություն, այլ շարունակում էր հետապնդել որպես ինքնորոշման իրավունքի իրականացման քաղաքական, լուծելի խնդիր: ՀՀՇ առաջին ծրագիրը, որ հրապարակվեց 1988թ. օգոստոսի 19-ին, այդ մոտեցումը ամրագրեց հստակորեն: Վտանգը հայդատականության համար մեծանում էր նաեւ նրանով, որ՝ որպես քաղաքական խնդիր հետապնդելով, Շարժումը նաեւ քայլ առ քայլ հաջողություններ, դրական առարկայական արդյունքներ էր արձանագրում: Այսպես՝ 1988թ. հունիսի 15-ին Շարժմանը հաջողվեց ստիպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած դիմումին դրական պատասխան տալ: Շարժման նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հետ հաստատվում էին գործնական կապեր, ցուցաբերվում էր տարաբնույթ օգնություն: Մինչդեռ Հայ Դատի հարյուրամյա պատմությունը արդյունքների առումով միայն ծանր ձախողումների շարան էր: Խնդիրը միայն «ազգային կուսակցությունների» պարզ նախանձը չէր, որ իրենք անմասն են այդ ամենին։ Պարզապես, այդպես շարունակվելու դեպքում բոլորին ակնհայտ կդառնար, թե «ազգային հարցերը» (ինչպիսին դիտվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը) լուծելի են ոչ թե հայդատական գաղափարախոսության, այլ բոլորովին ուրիշ մի հարթության վրա։ Դա կցուցադրեր հայդատականության, որպես «ազգային գաղափարախոսության», սնանկությունը, կխարխլեր նրա հիմքերը, կսասանվեր այս կրոնի սպասավորների հասարակական դիրքը, իշխանությունը, կվտանգեր բարեկեցությունը, եկամուտները։
Շարժումը դատապարտեց սփյուռքյան կուսակցությունների 1988թ հոկտեմբերի այդ հայտարարությունը, սակայն, ընդհանուր առմամբ, այս դրվագի վրա շատ չծանրացավ. այդ պահին Շարժումը գտնվում էր իր բարձրակետերից մեկում։ Իսկ քիչ անց էլ «Ղարաբաղ» կոմիտեն բանտարկվեց, ու շատերին թվում էր, թե դրանով ամեն ինչ կավարտվի: Հանգիստ շունչ քաշեցին նաեւ սփյուռքյան կուսակցությունները։
Շարժման քաղաքական ուղեգծի դեմ հայդատականության պայքարը նոր թափով վերսկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի ազատվելուց անմիջապես հետո՝ 1989-ի հունիսից։ Եւ հաջորդ ընդամենը վեց ամսվա ընթացքում կարելի է արձանագրել հայդատականության լարած երեք որոգայթ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարթությունից հայդատականության գաղափարախոսական հարթություն տեղափոխելուն ուղղված երեք փորձ։
ա) Առաջինը բացահայտ էր ու անսքող, բոլորի համար տեսանելի ու ընկալելի: Շարժման ղեկավարության ազատ արձակումից ընդամենը երեք շաբաթ անց, 1989թ. հունիսի 23-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում մտավորական նոմենկլատուրայի կամ, այսպես կոչված, «ազգային մտավորականության» մի ներկայացուցիչ, ընդարձակ ելույթով փորձեց հայդատական գաղափարախոսության, պահանջատիրության դաշտ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իշխանությունը, բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ու հուժկու ճնշման տակ ստիպված եղավ հաջորդ օրն իսկ նույն ամբիոնը տրամադրել «Ղարաբաղ» կոմիտեին, որի անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխան ելույթը վճռական ու բեկումնային նշանակություն ունեցավ Շարժման մասնակիցների ու ընդհանրապես հասարակական պատկերացումների հստակեցման համար։ Հայդատականության լարած որոգայթը ճիշտ հակառակ արդյունքը տվեց։
Ժողովրդավարական շարժման դեմ գործող ուժերի մեջ ներքին դերաբաշխում կար, որը նրանք պահպանեցին ամբողջ ընթացքում, մինչեւ կոմունիստական իշխանության վերջը։ Կոմունիստական քարոզչամեքենան պետք է խուսափեր Շարժման գաղափարները վիճարկելուց, քանզի վարկաբեկված կոմունիստական գաղափարախոսության դիրքերից դա անիմաստ էր, ուստի լռեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթի մասին։ Դերաբաշխման համաձայն գաղափարական պայքարը Շարժման դեմ պետք է մղվեր հայդատականության (ավանդական «հայրենասիրական» պատկերացումների) դիրքերից, եւ դա պետք է իրականացներ առաջին հերթին ՀՅԴ-ն: Ուստի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթին, եւ Շարժման խնդիրներին ու գաղափարներին ընդհանրապես, անդրադառնալու ու «ջախջախելու» գործը հրապարակավ իր վրա վերցրեց դաշնակցական մամուլը, մասնավորապես՝ բյուրոյի պաշտոնաթերթ «Դրոշակը»: Վերջինիս հետագա ամիսների ու տարիների նյութերի կեսից ավելին, ուղղակի կամ միջնորդավորված, այդ նպատակին են ուղղված:
Գաղափարական պայքարում սա Շարժման դեմ կազմված առաջին ճակատն էր:
բ) Ինչպես ասացինք, Հայաստանի կոմունիստական իշխանությունը չէր կարող կոմունիստական գաղափարախոսության դիրքերից պայքարել Շարժման քաղաքական ծրագրի դեմ: Մյուս կողմից, հասկանալի պատճառով, նա չէր կարող դա անել նաեւ հայդատականության դիրքերից: Իսկ Սփյուռքում դաշնակցության մղած պայքարը Հայաստանում որեւէ ազդեցություն չէր թողնում: Ուստի Հայաստանի կոմկուսը գտավ հասարակական դիրքով իրեն պարտական եւ կամակատար այն խավը, որը կարող էր ստանձնել այդ դերը: Դա նոմենկլատուրային մտավորականությունն էր: Հենց այս երկուսի նախաձեռնությամբ էլ իրականացվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայդատականության ու պահանջատիրության գաղափարախոսական հարթություն տեղափոխելու հաջորդ փորձը, որը շատ ավելի մասշտաբային էր, սակայն հնարավորինս քողարկված: Օգոստոսի վերջերին նախաձեռնվեց եւ սեպտեմբերի 9-10-ին կայացավ այսպես կոչված՝ «Հայ մտավորականների 1-ին համաժողովը», որի իրական նախաձեռնությունը ՀԿԿ ԿԿ-ինն էր, իսկ կենտրոնական դեմքերը՝ նույն մտավորական նոմենկլատուրայի, «ազգային մտավորականության» ներկայացուցիչները: Ընդունված պաշտոնական փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հարցը համարում էր Հայ Դատի՝ «անցյալ դարի (19-րդ դարի-Ա.Ս.) 70-ական թվականներին միջազգայնացված Հայկական Հարցի անբաժան մաս»: «Ղարաբաղ» կոմիտեի հայեցողական ու սառը վերաբերմունքը բավարար էր, որպեսզի 2-րդ այսօրինակ համաժողովի անցկացումը անիմաստ համարվի:
Գաղափարական պայքարում սա Շարժման դեմ կազմավորած երկրորդ ճակատն էր՝ նույն հայդատականության հիմքի վրա:
գ) Հայդատական գաղափարների տոտալ քարոզչության շնորհիվ 1989թ. աշնանը երկարատեւ ու ամենօրյա պայքարում լարված հասարակության պատկերացումներում հնարավոր եղավ տարածել այն մտայնությունը, թե քաղաքական պայքարը Լեռնային Ղարաբաղի համար մտել է փակուղի, եւ միակ քայլն այն է, որ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, ի հեճուկս խորհրդային գործող օրենքների ու Սահմանադրության, որոշում ընդունի այն Հայաստանի անբաժանելի մաս հայտարարելու մասին: Տեղի տալով նույն մտայնությանը, հենց այսպիսի խնդրով էր հոկտեմբերի 26-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդին դիմել նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Սա պատմական իրավունքների եւ պահանջատիրության վրա հենված հայդատական գաղափարախոսական մոտեցում էր՝ հստակ կանխատեսելի ընդհանուր տապալման վերջաբանով: Շարժման եւ Հայաստանի ռեսուրսներն ակնհայտորեն անբավարար էին իրավական նման որոշման կենսագործման համար: Արտաքուստ գայթակղիչ, սակայն ԽՍՀՄ Սահմանադրության կոպիտ խախտում նշանակող նման քայլից հետո Մոսկվան հիանալի իրավական հիմքեր կստանար Հայաստանում Շարժման դեմ ամեն տեսակ բռնությունների կիրառման համար, եւ դժվար կլիներ նրան մեղադրելը։ Դա, առնվազն, չէին ողջունի նաեւ մյուս երկրների ժողովրդավարական շարժումները եւ միջազգային հանրությունը։ Շարժումը գտավ վիճակից դուրս գալու, հարցը լուծելու քաղաքական ու անվտանգ ճանապարհը. ԽՍՀՄ երկու սուբյեկտների՝ ՀԽՍՀ ԳԽ-ի եւ ԼՂ Ազգային խորհրդի միջեւ պայմանագրի կնքում կամ երկուսի համատեղ որոշման կայացում (քայլի գաղափարը տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը), ինչը եւ տեղի ունեցավ 1989թ. դեկտեմբերի 1-ին:
Այսինքն, 1989թ. ամռանից արդեն վերջնականապես գծված էր ջրբաժանը, եւ առկա էր դրա երկու կողմերում գտնվող ուժերի համառ պայքարը: Նաեւ պարզ էր, որ հայդատականության դիրքերից Շարժման քաղաքական ծրագրերի դեմ որպես առաջին ճակատ Սփյուռքից պայքարելու են ավանդական կուսակցությունները, իսկ Հայաստանում, որպես երկրորդ ճակատ՝ «ազգային մտավորականությունը»: Սակայն սա եւս բավարար չէր: Շարժման քաղաքական ծրագրերի դեմ պայքարելու համար կազմավորվեց նաեւ երրորդ ճակատը՝ գաղափարախոսական նույն հայդատական հիմքի վրա օր օրի բազմացող ու անհայտ միջոցներով բարգավաճող այլազան մանր «կազմակերպություններ»:
Պարզ էր նաեւ, որ Շարժման համար ներքին այդ պայքարն ավելի բարդ էր լինելու, քան Հայաստանի կոմունիստական իշխանությունների, Ադրբեջանի եւ Մոսկվայի դեմ պայքարը: Ավելի բարդ էր լինելու, քանզի, ինչպես արդեն ասացինք, քաղաքական հարթության վրա խնդիրները արտաքնապես ավելի զուսպ են ու համեստ, պակաս հնչեղ ու գրավիչ, մինչդեռ գաղափարախոսական հարթության վրա դրանք իրենց մաքսիմալիզմով դառնում են “առավել հայրենասիրական”, “առավել հերոսական”, “առավել ազգային” եւ դրանով իսկ կարող են ոգեւորել, գայթակղել ու շեղել հասարակությանը կամ նրա մի մասին: Գաղափարախոսական հարթության վրա խնդիրը հեշտությամբ վերածվում է մտքի լարում ու տրամաբանություն չպահանջող պարզունակ ու գայթակղիչ մաքսիմալիստական կարգախոսների («Ծովից ծով Հայաստան», «Ոչ մի թիզ հող», «Արյամբ գրաված հող», «Մահ կամ ազատություն» եւ այլն), որ շոյում է շատերի ինքնասիրությունը, ազգային զգացումները, բավարարում ազգային պատվախնդրությունը, արտասանողին դարձնում հերոս: Քաղաքական խնդիրը դժվարությամբ է կարգախոսի վերածվում, քանզի այն իր ձեւակերպումից մինչեւ իրականացում հաշվարկի եւ տրամաբանական բազմաքայլ կոմբինացիայի արդյունք է, դրա ըմբռնումը պահանջում է մտքի լարում, վերլուծելու ունակություն եւ իր մանրամասներով ու յուրահատկություններով ոչ բոլորին է մինչեւ վերջ հասկանալի ու մարսելի:
Հաջորդ տարիներին եւս, ոչ ավելի պակաս հաճախականությամբ, հայդատականությունը որոգայթներ է լարել ու խոչընդոտներ հարուցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, այլեւ Շարժման օրակարգի բոլոր քաղաքական խնդիրների դեմ. անկախության ձեռքբերում, պետականության հիմնադրում եւ կայացում, բարեփոխումներ եւ այլն: Դրանց ամբողջական ներկայացումն ու թվարկումն այս դեպքում, հասկանալի պատճառով, դուրս է մեր նպատակից: Վերեւում բերված օրինակները բավարար են միտումը հենց այդ պայքարի մեկնարկի պահին ցուցադրելու համար: Եվ հայդատականության դեմ համառ ու անզիջում այդ պայքարում հասարակության աջակցությունն ունենալու եւ խնդիրը քաղաքական հարթության վրա (այսինքն՝ լուծելիության դաշտում) պահելու համար, Շարժման, ապա նրա ձեւավորած իշխանության հաջողության միակ գրավականը կարող էր լինել եւ եղավ պարբերական, քայլ առ քայլ գրանցած առարկայական հաջողությունների ու ձեռքբերումների չընդհատվող շարքը. Լեռնային Ղարաբաղին ամենօրյա օգնությունը, տեղահանման ծրագրերի խափանումը, օկուպացված վիճակից նրա ազատագրումը, Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովումը, փաստական անկախության ձեռքբերումը, անվտանգության ապահով գոտու ստեղծումը, տարաբնույթ հսկայածավալ օժանդակությամբ կենսագործունեության նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ այլն։ Այդ ամենը հնարավոր եղավ ոչ միայն արտաքին հակառակորդի դեմ տարած հաղթանակների, այլ նաեւ ներքին ճակատում լարված որոգայթները հաջողությամբ շրջանցելու, խոչընդոտները հաղթահարելու, խնդիրը մինչեւ վերջ քաղաքական հարթության վրա պահելու շնորհիվ: Եվ այն, ինչ առկա էր 1994-1998-ի դրությամբ, այնքան էր, որ ժամանակին չէր կարող երազել ո՛չ Շարժման որեւէ մասնակից, ո՛չ որեւէ ղարաբաղցի, ո՛չ որեւէ հայդատական:
Իսկ եթե եղել են դեպքեր, երբ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հետապնդման ճանապարհին հնարավոր չի եղել հաղթահարել հայդատականությունից բխող որեւէ խոչընդոտ, ապա այն միայն տխուր հետեւանքներ է ունեցել: Մատնանշենք այդպիսի մի ցայտուն օրինակ:
Ներկա վարչախումբը հաճախ է խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իրավական փաստարկների ու հիմքերի մասին: Որպես այդպիսին նշվում է մասնավորապես ԼՂՀ անկախության հռչակումը 1991թ. սեպտեմբերի 2-ին եւ անկախության հանրաքվեն՝ նույն թվականի դեկտեմբերի 10-ին: Որպես այդ որոշումների իրավականության հիմք վկայակոչվում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին ԽՍՀՄ համապատասխան օրենքը: Սկզբում թվում էր, թե այս ամենն օգտագործվում է սոսկ որպես քարոզչական նյութ՝ ներքին լսարանի համար: Սակայն ստրասբուրգյան իր ելույթում Ռ. Քոչարյանն ամենայն լրջությամբ այս ամենը ներկայացրեց նաեւ միջազգային հանրությանը: Ռեակցիան, բնականաբար, միանշանակ էր. այն առաջացրեց բոլորի քմծիծաղը: Եվ պատճառը միայն այն չէր, որ ԽՍՀՄ սույն օրենքն ըստ էության չհասցրեց աշխատել, կամ, որ նրա համապատասխան դրույթները, անհստակ լինելով, տարբեր կերպ կարող են մեկնաբանվել: Հարցն այն է, որ եթե խնդրի իրավականությունը հիմնավորելու համար մի դեպքում հենվում ես ԽՍՀՄ օրենսդրության վրա, պետք է հենվես նաեւ մյուս դեպքում։ Մինչդեռ, ինչպես 1991թ. սեպտեմբերին, այնպես էլ դեկտեմբերին, ԼՂ-ը չուներ նույն՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված օրինական իշխանություն՝ Մարզային խորհուրդ (ԼՂ-ում հաստատված էր հատուկ կառավարում): Չուներ, որովհետեւ դրանից մեկ տարի առաջ՝ 1990 թ. սեպտեմբերին, հնարավոր չեղավ Հայաստանում, ու մասնավորաբար Լեռնային Ղարաբաղում, հաղթահարել հայդատական մաքսիմալիզմը եւ իրականացնել այն պարզ քաղաքական ծրագիրը, որ ՀՀ ԳԽ սեպտեմբերի 3-ի նիստում երկար ու հանգամանորեն ներկայացրեց Հանրապետության ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մինչդեռ դրա իրականացումը Լեռնային Ղարաբաղին կտար օրինական, ճանաչված իշխանության սահմանադրական մարմին, որի կայացրած որոշումներն ու անկախության հանրաքվեն, ահա, այսօր կարելի կլիներ ոչ միայն դեմքի լուրջ արտահայտությամբ, այլեւ լրջորեն ներկայացնել որպես քիչ թե շատ հիմնավոր իրավական փաստարկ, ու գեթ չվաստակել աշխարհի քմծիծաղը։
Ինչպես ասացինք, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես քաղաքական խնդիր հետապնդելու ու քաղաքական ճանապարհով լուծման դեմ հայդատականության պատրաստած որոգայթներն ու հարուցած խոչընդոտները հետագա տարիներին եւս կարելի է թվարկել տասնյակներով։ Շարժմանը, ապա ՀՀՇ-ի քաղաքական իշխանությանը մեծագույն ջանքերի գնով հիմնականում հաջողվեց շրջանցել ու հաղթահարել դրանք։ Այլապես չէր լինի այն, ինչ ձեռք բերվեց 1994-ին, կար 1998-ին, եւ ինչ մնացել է այսօր։ Եվ դժվար է ասել՝ այդ ընթացքում՝ ամբողջ 10 տարի, ավելի շատ ջանք, էներգիա ու ժամանակ պահանջվեց Ադրբեջանի դեմ պայքարում եւ միջազգային ասպարեզում խնդիրը բարեհաջող լուծման վերջնագծին հասցնելու, թե՞ հայդատականության ու նրա արկածախնդիր մաքսիմալիզմի հետեւանքները հաղթահարելու համար։ Մինչդեռ ամենեւին դժվար չէ ենթադրել, որ դրա վրա ծախսված ջանքերը, էներգիան եւ ժամանակը օգտակար նպատակի վրա ուղղելու դեպքում, թերեւս, Լեռնային Ղարաբաղի հարցում ունենայինք կրկնակի ձեռքբերումներ եւ՝ տասնապատիկ փոքր վճարով:
* * *
Կարող է բնական ու բանական մի հարց առաջանալ. մի՞թե հայդատականություն դավանողները, դրա ֆորմալ կամ ոչ ֆորմալ սպասավորները չէին ուզում, որ բարեհաջող լուծվի խնդիրը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ստանան անվտանգ ապրելու, ազատ զարգանալու, նրանց բնակիչները՝ խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Մի՞թե նրանք պայքարել են միայն այս գործը տապալելու համար։
Այս հարցին անհնար է «այո» կամ «ոչ» պատասխանել, քանզի բնական ու բանական այս հարցը քաղաքական հարթության վրա է ձեւակերպված ու ենթադրում է բանական պատասխան։ Մինչդեռ գործ ունենք գաղափարախոսական մոտեցման հետ, եւ հարցի իրական ու միակ պատասխանը կարելի է գտնել միայն գաղափարախոսական հարթությունում, արժեքային բոլորովին այլ համակարգի հիման վրա։
Մեզ կարող են օգնել մի քանի հռետորական հարցադրումներ:
- Մի՞թե անգամ ամենամարդասիրական կրոններից մեկը ներկայացնող քրիստոնյա եկեղեցիները չէին մտածում իրենց հոգեւոր հոտի անդամների կյանքի մասին։ Բայց նրանք սրբացնում ու հերոսացնում էին հանուն հավատի նահատակվածներին, տոնում այդ նահատակությունների օրերը, նրանց վարքերով դաստիարակում սերունդների, այսինքն՝ մղում նահատակության նույնպիսի ճանապարհի։ Այդպես էր, որովհետեւ սպասավորման գերագույն արժեք-օբյեկտը գաղափարախոսությունն էր, ինչի անխաթարությունը պահպանելու, կենսունակությունը ապահովելու համար, ամեն ինչից զատ, ժամանակ առ ժամանակ թարմ արյուն էր պետք ներարկել։ Եւ դա ոչ միայն հակառակորդի, այլեւ սեփական հոտի նահատակների արյունը պետք է լիներ։ Եկեղեցիների հիմնասյուները իրենց դոգմաներից ու ծիսական յուրահատկություններից առաջ հանուն հավատի նահատակվածների վկայաբանություններն են: Մինչդեռ եկեղեցին որպես կազմակերպական կառույց տիրանում էր մեծ իշխանության եւ հսկայական հարստությունների:
Եթե այդպես է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրներ ունեցող գաղափարախոսությունների դեպքում, առավել եւս այդպես պետք է լիներ քաղաքական համարվող խնդիրներ որդեգրած տոտալիտար գաղափարախոսությունների դեպքում.
- Քանի՞ տասնյակ միլիոն զոհ պահանջվեց Խորհդային Միությունում կոմունիստական գաղափարախոսությունը հաստատելու, կենդանի պահելու ու նրան սպասավորող դասի՝ կոմունիստների իշխանությունն ապահովելու համար:
- Ի՞նչ արժեցավ Գերմանիային ու գերմանացի ժողովրդին նացիզմը ու այն սպասավորող դասի իշխանությունը։
- Ի՞նչ է զոհաբերվել 1890թ.-ից ի վեր «Հայ Դատի» գաղափարը կենդանի պահելու համար. նույն այդ գաղափարի ամբողջ առարկան՝ Արեւմտահայաստանը եւ արեւմտահայությունը։
Վերջին երեք դեպքում էլ դա հնարավոր է եղել բռնությամբ գաղափարախոսականացված հասարակություններում, երբ տեղի էր տվել բանականությունը, երբ ոչ թե մարդը, այլ գաղափարախոսական կանխադրույթը դարձել էր միակ, անքնին ճշմարտություն, գերագույն արժեք ու դրա պարտադրված կամ ակամա պաշտամունքը լայն տարածում է ստացել
:

Monday, July 24, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (2)

Մաս՝ 1

2. Հայ դատ եւ հայդատականություն
Հայ իրականության մեջ իր բնութագրիչներով յուրատեսակ կրոն դարձած, տոտալիտար գաղափարախոսության վերածված երեւույթ է, այսպես կոչված՝ «հայդատականությունը»: Քանի որ մենք հաճախ ենք օգտագործելու Հայ դատ, հայդատականություն տերմինները, անհրաժեշտ է համառոտակի ներկայացնել դրանց ծագումը, էությունը եւ ընկալումը:
«Հայկական հարցը» (արեւմտահայերենում՝ «Հայ դատ»), որ առաջացավ 1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով, դրված էր որպես քաղաքական խնդիր: Այն նախատեսում էր իրականացնել որոշակի միջոցառումներ, բարեփոխումներ՝ արեւմտահայ գյուղացիության վիճակը թեթեւացնելու համար: Համեստ այդ բարենորոգումները կատարելուց հետո կարելի կլիներ արձանագրել խնդրի լուծված, սպառված լինելը: Ճիշտ է՝ հաշվարկների մեջ սխալ կար կատարված. գերագնահատված էին ռեսուրսները, մասնավորապես՝ եվրոպական պետությունների եւ Ռուսաստանի աջակցությունը: Երբ դա պարզվեց, պետք է կանգառի կամ անկորուստ նահանջով ելման դիրքերը վերադառնալու խնդիր դրվեր: Սակայն շարունակությունը բոլորովին այլ եղավ: Այստեղ չենք ծանրանա այն ընթացքին ու հանգամանքներին, որոնց շնորհիվ քաղաքական խնդիրն ընդամենը մեկ-մեկուկես տասնամյակի ընթացքում առարկայական քաղաքական հարցից վերածվեց ինքնին գաղափարի եւ հայկական նորաստեղծ «հեղափոխական» կազմակերպությունների կողմից որպես կանխադրույթ՝ հարմարեցվեց ռուսական հեղափոխական նարոդնիկական գաղափարախոսությունների կաղապարին:
Արդեն 1890-ական թվականներին որեւէ մեկի կողմից չէին ընկալվում այն խնդրների հստակությունը եւ սահմանները, ինչի համար պայքարում էին: Թուրքիայի Արեւելյան հայաբնակ նահանգներում բարենորոգումների համեստ ու նույնիսկ այդ չափով չլուծվող խնդիրը վերաձեւվեց արեւմտահայության «ազատագրության» մեծադղորդ, որեւէ հաշվարկով ու ռեսուրսով չապահովված կարգախոսի ու գաղափարի: Խոսքը ճնշված որեւէ ժողովրդի ազատագրության սրբազան իրավունքի ու նպատակի մասին չէ. այդ իրավունքն ունեին Օսմանյան կայսրության բոլոր ճնշված ժողովուրդները, այդ թվում, առաջին հերթին՝ նաեւ հայերը: Խոսքն այդ իրավունքն ու նպատակը որպես քաղաքական խնդիր ձեւակերպելու ու հետապնդելո՞ւ, թե՞ գաղափախոսական կանխադրույթ դարձնելու մասին է: Առաջին դեպքում գերագույն արժեք-օբյեկտը արեւմտահայությունն էր, հանուն որի պետք է մղվեր պայքարը՝ ունեցած իրական ռեսուրսների ու հնարավորությունների սահմաններում: Երկրորդ դեպքում գերագույն արժեքը դարձավ ազատության ինքնին գաղափարը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնին «հեղափոխական պայքարը», դրանով զբաղվելը դարձավ մասնագիտություն՝ փեշակ, իսկ արեւմտահայությունը դարձավ այն միջոցը, որի ոչ միայն նյութական միջոցներով, այլեւ կյանքով ու սպառմամբ պետք է կենդանի պահվեր գերագույն արժեք - գաղափարը:
«Հեղափոխական» գործունեության յուրաքանչյուր չնչին ու անպտուղ դրվագ առիթ էր դառնում հազարավոր խաղաղ ու անմեղ մարդկանց կոտորածի, տասնյակ հայկական բնակավայրերի ավերումի: Դա էր բազմաթիվ «հեղափոխական ակտերի» միակ արդյունքը, որ, սակայն, ներկայացվում էր որպես բարձրագույն նվաճում: Չարձանագրվեց որեւէ դեպք, երբ կանգառի կամ նահանջի քաղաքական վճիռ կայացվեր, ա՛յլ ճանապարհ փնտրվեր՝ ո՛չ մի քանի հազար, ո՛չ մի քանի հարյուր հազար կյանքեր խլած կոտորածներից, տասնյակ ու հարյուրավոր հայկական բնակավայրերի ավերումից հետո: Մինչեւ որ, հանուն Արեւմտահայաստանի ու արեւմտահայության ազատագրության գաղափարի՝ բնաջնջվեց նույն այդ գաղափարի առարկան՝ արեւմտահայությունը, եւ կորսվեց Արեւմտահայաստանը:
Բայց կենդանի մնաց ու բարգավաճեց ամենակարեւորը, գաղափարը՝ նույն «Հայ դատ» անվանմամբ: Այսօր, բնականաբար, դրա տակ ոչ թե Արեւմտահայաստանում ինչ-որ խղճուկ ռեֆորմներ են հասկացվում (այնտեղ այլեւս հայեր վաղուց չկան), այլ 1915 թվականին իրողություն դարձած ցեղասպանության ճանաչման, բարոյական, նյութական փոխհատուցման, պատմական հողերի վերադարձի եւ այլ հարցեր: Իհարկե, ինչպես հատուկ է գաղափարախոսական կանխադրույթներին՝ առանց որեւէ դեպքում ճշտված չափերի ու սահմանների: Ավելին՝ որպես գաղափարախոսություն, Հայ դատն ընդարձակվել եւ հողային պահանջներ է ենթադրում ոչ միայն Թուրքիայից, այլ նաեւ Հայաստանի մյուս հարեւաններից: Բնականաբար՝ դա արվել է ոչ թե նկատի ունենալով այդպիսի մի խնդրի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ավելացումը, այլ կրոնի վերածված գաղափարախոսության գոյության ու հարատեւության համար կենսական՝ խնդրի անլուծելիության հատկանիշը առավելագույնս ամրապնդելու նպատակով: Կարգախոսը, որ վերջերս դուրս պրծավ մի հայդատական գործչի բերանից, բնութագրական է. «Մենք չունենք չորս հարեւան, այլ՝ երեք ճակատ եւ մեկ հարեւան» (նկատի ունենալով Իրանը): Շատերին կարող է թվալ, թե սա դաշնակցական մի անհատի անձնական տեսակետ էր. բայց իրականում այդ հայտարարությունը լիովին համապատասխանում է դաշնակցության՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծրագրին, որտեղ որպես նպատակ արձանագրված է Արեւմտահայաստանի, Ղարաբաղի, Նախիջեւանի, Ջավախքի «ազատագրումը»: Ի՞նչ կա որ. խիստ հայրենասիրակա՞ն է: Իսկ ինչո՞ւ չլինել ավելի հայրենասեր եւ հռչակել, որ չունենք ոչ մի հարեւան, ունենք չորս ճակատ. չէ՞ որ պատմական հայկական հողեր կան նաեւ Իրանում: Թե՞ այդ մեկ հարեւանն էլ պետք է, երեւի, վտանգի պահին երկիրն ու ժողովուրդը լքելու ու փախուստի ճանապարհ ունենալու համար, ինչպես դա արվեց 1920թ.:
Այս դեպքում եւս, բնականաբար, մեր խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, փոխհատուցման, պատմության արդարության ու իրավունքի հետ կապված հարցերի մասին չէ: Դրանք նորմալ ու անհրաժեշտ հարցեր են, մի մասը՝ նույնիսկ լուծելի, եթե քաղաքական հարթության վրա են, ձեւակերպված են որպես քաղաքական խնդիրներ, հետապնդվում են բնույթով քաղաքական ուժերի իշխանության կողմից եւ քաղաքական մեթոդներով: Նույն եւ նմանօրինակ այլ հարցերը կրոնի վերածված տոտալիտար «ազգային» գաղափարախոսական հարթություն տեղափոխելը, գաղափարախոսական կանխադրույթի վերածելը եւ դրանք գաղափարախոսական խնդրի հատկանիշներով օժտելն է, որ հանդես է գալիս «Հայ դատ», հայդատականություն անվամբ: Այսինքն՝ ինչպես ամեն մի կրոնացված տոտալիտար գաղափարախոսություն՝ այն հենված է մարդկանց հոգեւոր պահանջների շահարկման եւ ազգային ու մարդկային զգացումների շահագործման վրա: Այս հարթության վրա դրվելով է, որ խնդիրներն ստանում են գաղափարախոսական կանխադրույթի՝ վերը թվարկված մյուս բոլոր հատկանիշները եւ յուրահատկությունները։
Այսօրվա հասարակական ըմբռնումներում, նաեւ քաղաքական շրջանակներում, հայդատականությունը հաճախ նույնացվում է ՀՅԴ-ի հետ:
Դա սխալ պատկերացում է: Վերջինս ընդամենը այս գաղափարախոսության առավել ագրեսիվ ջոկատն է, որն այս բնագավառում մենաշնորհի է ձգտում: Պետական ամենօրյա եւ տոտալ քարոզչությամբ նրա գաղափարները ներկայացվում են որպես բարձրագույն հայրենասիրության չափանիշ: Երբեմն նույնիսկ յուրատեսակ մրցույթ է ծավալվում՝ ով ավելի շատ ուզի, նա ավելի հայրենասեր է: Ըստ էության, ավելի կամ պակաս չափով, նույն պլատֆորմի վրա է այսօրվա ողջ իշխանական կոալիցիան, նաեւ խորհրդարանում առկա «պաշտոնական» ընդդիմությունը եւ խորհրդարանից դուրս գործող կուսակցությունների մեծ մասը. չուզենալով հայրենասիրության պակասի մեջ մեղադրվելու խնդիր ունենալ՝ նրանք կամ նույն գույնն են հագնում, կամ, առնվազն, այդ գույնի կարկատան կրում
:

Tuesday, July 18, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (1)

Շարունակաբար վերահրապարակում ենք Աշոտ Սարգսյանի՝ 2006թ. հրապարակած («ՉԻ», 29.8.2006)՝ քաղաքական-վերլուծական ընդարձակ հոդվածը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին ընդհանրապես եւ այդ պահի դրությամբ հակամարտության կարգավորման խոչընդոտներին, որոնց մեծագույն մասը առկա է առ այսօր (ilur.am)։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար որպես խոչընդոտներ խոսվել է բազմաթիվ հանգամանքների մասին. միջազգային իրավունքի երկու՝ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների անհամատեղելիությունից մինչեւ կարգավորման տարբերակների նախընտրելիություն (փուլայի՞ն, թե՞ փաթեթային), պատմական իրավունքներից մինչեւ «էթնիկ անհամատեղելիություն», ավանդական թշնամանքից ու փոխադարձ վիրավորանքներից մինչեւ ժողովուրդների կարծրացած հոգեբանություն, տարածաշրջանում տարբեր երկրների աշխարհաքաղաքական շահերի հակասություններից մինչեւ կարգավորման մանր դետալներ եւ այլն: Չառարկելով հանդերձ, որ այս եւ այսօրինակ այլ հարցերում ռացիոնալ ինչ-որ բան անպայման կա, մենք փորձելու ենք խնդրին նայել մի այլ տեսանկյունով՝ համոզված, որ այդ կերպ կարելի է տեսնել հակամարտության կարգավորմանը խոչընդոտող շատ ավելի կարեւոր հանգամանք: Ընդ որում՝ եթե խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող խոչընդոտները հարթելու հարց կա (իսկ այն, բնականաբար, կա), եւ եթե այդ հարթեցումը պետք է անել բանական ու արդյունավետ հերթականությամբ, ապա մեր մատնանշելիք խոչընդոտը այդ հերթագայության մեջ առաջնահերթ վերացման կարիք ունի: Հակառակ դեպքում՝ մյուս խնդիրներին ձեռնամուխ լինելը կարող է պարզապես ապարդյուն լինել:
Ըստ այսմ՝ մենք առաջ ենք քաշում ու փորձելու ենք հիմնավորել ու պաշտպանել հետեւյալ թեզը.
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարցը դրված է քաղաքական հարթության վրա, հետապնդվում է որպես քաղաքական խնդիր: Կամ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն անհնար է, եթե խնդիրը տեղափոխվում է գաղափարախոսական հարթություն, դարձվում գաղափարախոսական կանխադրույթ:
Նախապես, սակայն, անհրաժեշտ կլինի որոշ հասկացությունների բովանդակության շուրջ պայմանավորվել, որոշ հանրահայտ ճշմարտություններ արձանագրել, ինչպես նաեւ որոշ իրողությունների պատմություն հիշեցնել:
 1. Քաղաքական խնդիր եւ գաղափարախոսական կանխադրույթ 
Առաջիկա շարադրանքում, որպես համեմատության եզրեր՝ մենք հաճախ միմյանց մոտ կհիշատակենք քրիստոնեությունը (պարզապես՝ որպես մեզ առավել ծանոթ կրոն), բոլշեւիկյան կոմունիզմը եւ գերմանական նացիզմը: Ըստ այսմ՝ երբեմն օրինակներն ու համեմատությունները կարող են առաջին հայացքից համարժեք չթվալ, կամ կոռեկտ չդիտվի դրանք մի շարքում դնելը, սակայն մեզ հետաքրքրող գիծը անհերքելիորեն ընդհանուր է: Դա ամենեւին չի նշանակի դրանց նույնացում: Ի տարբերություն վերջին երկուսի՝ քրիստոնեությունը կոչված է մարդկանց միայն հոգեւոր պահանջմունքների բավարարմանը եւ բարոյական նորմերի ու պատկերացումների ձեւավորման դաշտում գործելուն, եւ որպես այդպիսին՝ նրա առաքելությունն արդարացված է: Համեմատությունն ու զուգադրությունը մեզ անհրաժեշտ է ընդամենը ցույց տալու համար, որ երբ տոտալիտար գաղափարախոսություններն են յուրատեսակ կրոնի վերածվում եւ մտնում քաղաքական դաշտ, ապա բերում են այլանդակ հետեւանքների:
Գաղափարախոսություն բառը մենք օգտագործելու ենք միայն այն ուսմունքների համար, որոնք երեւութապես քաղաքական խնդիրների տեսք ունենալով՝ իրենց էությամբ կրոնի են վերածվում, հիմնական բնութագրիչներով մոտենում են կրոնական վարդապետությունների աստիճանի, հավակնում «ազգային գաղափարախոսության» կարգավիճակի, ձեռք բերում տոտալիտար էություն: Ի տարբերություն իրական քաղաքական տեսությունների՝ դրանք հանդես են գալիս ոչ թե որպես գոյություն ունեցող ընդունված քաղաքական ուսմունքների մի այլընտրանք, այլ որպես բոլորի ժխտում եւ, իշխանության հասնելու դեպքում՝ սահմանափակում կամ ոչնչացնում մյուսներին, հիմնում տոտալիտար ռեժիմ: Քանզի այդպիսի ռեժիմների պահպանման համար անհրաժեշտ ու ապահով հիմքը գաղափարախոսականացված հասարակությունն է՝ գաղափարների ինչ-որ համակարգ որպես բարձրագույն արժեք եւ անքնին ճշմարտություններ բոլորին պարտադրելը: Ըստ այդմ էլ՝ նրանց գործունեության հիմնական բնագավառը դառնում է իրենց գաղափարախոսության քարոզչությունը բոլոր մեթոդներով, ընդհուպ՝ բռնի պարտադրանքը: Միակը լինելու մարմաջով վերածվելով յուրատեսակ կրոնի կամ աղանդի՝ նրանք փորձում են զբաղեցնել նաեւ հասարակության հոգեւոր-բարոյական պատկերացումների, հավատալիքների դաշտը՝ այդտեղից դուրս մղելով մարդկանց հոգեւոր պահանջմունքները բավարարելու կոչված իրական կրոնական պատկերացումները եւ դրանց սպասավորելու կոչված կրոնական կառույցները։ Դժվար չէ այս ամենը տեսնել, ասենք, բոլշեւիկյան կոմունիզմի կամ գերմանական նացիզմի օրինակների վրա: Եւ հատկանշական է, որ նրանք երկուսն էլ, իշխանության գալով, ոչ միայն արգելեցին քաղաքական մտքի որեւէ դրսեւորում, ոչնչացրին ողջ քաղաքական դաշտը, այլեւ խստագույնս սահմանափակեցին նաեւ եկեղեցու (կրոնական կառույցների) գործունեության ոլորտը:
Ի՞նչ ենք հասկանում՝ ասելով՝ հարցը ձեւակերպել ու հետապնդել որպես քաղաքական խնդիր, կամ՝ խնդիրը դնել քաղաքական հարթության վրա: Եւ ի՞նչ ենք հասկանում գաղափարախոսական կանխադրույթ կամ խնդիրը գաղափարախոսական հարթության վրա դնել ասելով:
Սրանք ունեն տրամագծորեն հակառակ հատկանիշներ:
Առաջին. քաղաքական խնդիրը պետք է ձեւակերպվի եւ հենվի նախնական անաչառ եւ բազմակողմանի իրատեսական հաշվարկի վրա, որտեղ հաշվառվում ու գնահատվում են.
- անհրաժեշտ մարդկային ռեսուրսների առկայությունը,
- անհրաժեշտ նյութական ռեսուրսների առկայությունը,
- հասարակական հնչեղությունն ու պաշտպանությունը, խնդիրն ընկալելու՝ հասարակության պատրաստվածության աստիճանը,
- նույն այդ հասարակության մի մասի հնարավոր հակազդեցությունը ու դրա հաղթահարելիությունը,
- այլ օժանդակությունների հնարավոր աղբյուրների հաշվառվում ու ճշգրտում,
- ընթացքում այլ խոչընդոտների ու դժվարությունների ի հայտ գալու հնարավորությունը,
- դաշնակիցների ու նրանցից սպասելիքների չափի ճշտում,
- հակառակորդների ուժերը եւ նրանց հնարավոր գործողությունները,
- միջազգային իրավունքի շրջանակները, միջազգային հանրության հնարավոր արձագանքները եւ այլն:
Այս ամենից հետո գնահատվում է նաեւ մեկնարկի ճիշտ պահի ընտրությունը:
Գաղափարախոսական կանխադրույթը բացառում է իրատեսական որեւէ հաշվարկ, այստեղ դրան փոխարինում է կույր ու անքնին հավատը: Ճիշտ այնպես, ինչպես որեւէ փաստարկման, հաշվարկի ու ապացուցման չեն տրվում ո՛չ քրիստոնեության (եւ որեւէ այլ կրոնի) հռչակած խնդիրները (հանդերձյալ կյանք, դրախտում հայտնվել եւ այլն), ո՛չ գերմանական նացիզմի (գերմանական ռասայի գերակայության եւ մյուսներին տիրելու իրավունք), ո՛չ բոլշեւիկյան կոմունիզմի (համաշխարհային հեղափոխություն, կոմունիզմ): Դրանք հանդես են գալիս որպես անվիճարկելի ճշմարտություններ: Եւ եթե «ազգ» բառը հասկանանք իր նախնական՝ «տեսակ» իմաստով, ապա սրանք այլ բան չեն, քան յուրատեսակ «ազգային գաղափարախոսություններ», որոնք ընդունողները յուրայիններ են, չընդունողները՝ թշնամիներ (ներքին կամ արտաքին):
Երկրորդ. քաղաքական խնդիրը կամ քաղաքական հարթության վրա դրված հարցը կարող է չփայլել իր գրավչությամբ։ Այն պետք է լինի առարկայական, ունենա սահմանների հստակություն եւ որոշակիություն, ունենա իր մեկնարկը, ընթացքը եւ արձանագրելի ավարտը: Ամեն մի խնդրի լուծումը դառնում է այն հիմքը, որի լուծման արդյունքների վրա էլ ձեւակերպվում է հաջորդ խնդիրը: Քաղաքական խնդիրը միջոց է, որի լուծման արդյունքները առարկայորեն ծառայում են տվյալ հանրության, հասարակության անդամներին, պետության քաղաքացիներին՝ մարդուն, անհատին: Մարդն է այն գերագույն արժեք-օբյեկտը, որին սպասավորելու է կոչված որեւէ քաղաքական խնդիր: Ուստի, եթե հասարակությունը գոհ է, ապա քաղաքական խնդիր ձեւակերպած, հետապնդած ու լուծած ուժը, ըստ այդմ, նույն այդ գերագույն արժեք-օբյեկտի՝ ժողովրդի կողմից վստահության նոր քվե եւ իշխանություն է ստանում: Եթե ժողովուրդը դժգոհ է, ապա այդ ուժը ստիպված է լինում թողնել իշխանությունը, այն հանձնել մեկ այլ ուժի: Այսինքն՝ Քաղաքական խնդիրը պետք է ունենա հնարավոր առավելագույնին մոտեցող լուծելիության եւ արդյունքի ստուգելիության հատկանիշ:
Գաղափարախոսական խնդիրները սովորաբար հանդես են գալիս մաքսիմալիստական կարգախոսների տեսքով ու դրանով իսկ պարտադիր կերպով արտաքնապես հրապուրիչ են ու գայթակղիչ։ Գաղափարախոսական հարթության վրա դրված խնդիրը պետք է լինի հնարավորինս ամորֆ, անհստակ ու անորոշ սահմաններով: Այդպիսին են քրիստոնեության (եւ որեւէ այլ կրոնի) խոստումները, այդպիսիք էին Ռուսաստանում բոլշեւիզմի՝ համաշխարհային հեղափոխության, կոմունիզմի «պայծառ ապագայի», Գերմանիայում՝ գերմանական ռասայի գերակայության եւ համաշխարհային տիրապետության խնդիրները: Եվ անհայտ էր, թե ինչքան պետք է տեւի խնդրի լուծման ընթացքը, եւ ինչից հետո է, որ պետք է արձանագրվի դրա ավարտը, այնպես, որ երբեւէ հնարավոր չլինի ասել, թե տվյալ խնդիրն արդեն ամբողջությամբ ու վերջնականապես լուծված է: Գաղափարախոսական կանխադրույթի վերածված խնդիրները չեն կարող լուծվել, քանզի դա կնշանակի այն հետապնդող ուժի, միավորի, կազմակերպության կամ կառույցի գոյության անիմաստության արձանագրում, նրա իշխանության եւ դիրքի ավարտ: Այսինքն՝ գաղափարախոսական խնդրի համար պետք է ի սկզբանե ապահովված լինի անլուծելիություն, եւ դրանով կենսականորեն շահագրգռված է լինում այն «հետապնդող» ուժը: Գաղափարախոսական խնդիրներն իրենք են համարվում գերագույն արժեք-օբյեկտ, որոնց սպասարկելու, ընդհուպ սպառվելու նյութ լինելու են կոչված տվյալ հանրությունը, հասարակությունը, պետությունն ու նրա քաղաքացիները, մարդը, անհատը: Տոտալիտար գաղափարախոսությունները՝ որպես ինքնահռչակ բացարձակ արժեք ու ճշմարտություն, անհանդուրժող են այլ կերպ մտածող հասարակական խմբերի ու այլ արժեքներ դավանող հանրությունների նկատմամբ, ինչով եւ նմանվում են սուր արտահայտված կրոնական աղանդի:
Երրորդ. Բայց հնարավոր է, որ ցանկացած նախնական հաշվարկի մեջ, այնուամենայնիվ, լինեն սխալներ ու վրիպումներ, կամ ընթացքում հանդես գան անակնկալ հանգամանքներ: Ուստի քաղաքական հարթության վրա դրված խնդրի հաջորդ հատկանիշը պետք է լինի ընթացքում, ցանկացած պահի, ապահով կանգառի եւ անկորուստ նահանջի հնարավորության ապահովումը: Ընդ որում՝ նահանջը պետք է լինի առավելագույնը մինչեւ այն ելակետային դիրքը, որից սկսվել է խնդրի հարուցումը: Դա հնարավոր է, եթե նույնպիսի իրատեսական հաշվարկների վրա է հենվում նաեւ խնդիրը հետապնդող ուժի մարտավարությունը, գործելակերպը, այլ խոսքով՝ նա հանդես է գալիս որպես քաղաքական մեթոդներով ու տրամաբանությամբ գործող ուժ։ Եթե նահանջը դառնում է խուճապային, հարցն ավելի հետ է շպրտվում անգամ իր ելակետից, բերում անդառնալի կորուստների, ուրեմն խնդիրը հիմնովին սխալ է կազմվել ու սխալ հետապնդվել: Այսինքն՝ կա՛մ գործ ունենք արկածախնդրության հետ, ու դրա հեղինակներն իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, կամ՝ դիտավորության, որ այս դեպքում բնորոշվում է դավաճանություն բառով:
Տոտալիտար գաղափարախոսությունները որեւէ դեպքում ունակ չեն կանգառի, առավել եւս՝ նահանջի, եթե նույնիսկ դիմացն անդունդ է, աղետ ու մահ այն ժողովրդի համար, որին նրանք առաջնորդում են («Մահ կամ ազատություն» դատարկ կարգախոսը դրա լիարժեք արտացոլումն է): Կանգառը կամ նահանջը ամեն ինչի կորուստ, մահ կլինի այդօրինակ գաղափարախոսությունների համար, ուստի նրանք երբեք այդպիսի որոշում չեն ընդունի: Նրանց համար գաղափարը շատ ավելի բարձր արժեք է, քան գաղափարի առարկան: Եւ առաջ են շարժվում, եթե անգամ ակնհայտ է, որ գաղափարի առարկան զոհաբերվում է գաղափարին: Այդպես Գերմանիան զոհաբերվեց նացիզմի, Ռուսաստանը՝ կոմունիզմի գաղափարին:
Չորրորդ. Քաղաքական հարթության վրա ձեւակերպված խնդիրը չի կարող որեւէ ուժի մենաշնորհ ու սեփականություն լինել, այն կարող է լուծվել ինչպես տարբեր ուժերի համատեղ ջանքերով, այնպես էլ բնույթով քաղաքական ու մրցակցող ուժերի հերթափոխվող իշխանությունների պայմաններում: Այսինքն՝ քաղաքական խնդիրները ենթադրում են նաեւ ժողովրդավարության առկայություն: Կամ՝ ժողովրդավարությունն ապահովում է, որ հասարակության խնդիրները ձեւակերպվեն ու հետապնդվեն քաղաքական հարթության վրա:
Քաղաքական բնույթի խնդիրները լուծելու կոչված, բնույթով քաղաքական ուժը անհամեմատ ազատ է ու ճկուն իր գործունեության մեջ, օգտվում է հանրահայտ քաղաքական հասկացություններից, նրա համար չկան կաշկանդիչ տաբուներ, ունակ է գնալ կոմպրոմիսների ու համաձայնությունների, նրա հաջողության եւ դրանով իր իշխանությունն ու դիրքը պահելու գրավականը դրված խնդիրների լուծումն է, առարկայական արդյունքը:
Ինչպես եւ որեւէ կրոնի դեպքում, կրոնի վերածված գաղափարախոսական խնդիրների սպասավորման համար ստեղծվում ու ձեւավորում է մենաշնորհային իրավունքով, կայուն, ինքն իր մեջ վերարտադրվող մի դաս՝ իր կազմակերպական կառույցներով: Այդպիսին են ձգտել լինել քրիստոնեական եկեղեցիները (Քրիստոսի առաքյալներից բխելու իրենց լեգենդներով), այդպիսին էին նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը՝ Գերմանիայում եւ կոմկուսը՝ ԽՍՀՄ-ում: Այս դասը կամ կազմակերպությունը իրեն հռչակում էր որպես գերագույն արժեքի սպասավոր, եւ այդ հանգամանքով՝ ընտրյալ, որպես այդպիսին առանձնանում, իրեն վերապահում առանձնացող հասարակական դիրք, իշխանություն, ձեռք բերում կայուն բարեկեցություն ու եկամուտներ: Նրա իշխանությունն ու հասարակական դիրքը պահպանելու տեւողությունն ուղիղ համեմատական է տվյալ գաղափարախոսության կյանքի տեւողությանը, բարեկեցությունն ու եկամուտները՝ տվյալ հասարակության գաղափարախոսականացվածության աստիճանին: Այն ենթադրում է տոտալիտար, բռնապետական համակարգ, կամ՝ դա հնարավոր է միայն տոտալիտար, բռնապետական համակարգում:
Տոտալիտար կրոնացված գաղափարախոսությունը ենթադրում է մշտական թշնամու ու չափազանցված վտանգի առկայություն, ուստի եւ հարատեւ կռվի անհրաժեշտություն: Եւ որքան չափազանցված է վտանգը, եւ ազդեցիկ՝ մշտական թշնամու կերպարը, այնքան տոտալիտար գաղափարախոսությունն ու նրան սպասավորող դասը ավելի հեշտությամբ է հիմնավորում իր՝ որպես դրանց դեմ պայքարելու կոչված ուժի գոյության անհրաժեշտությունը, կարեւորությունը, իշխելու ինքնահռչակ իրավունքների անսակարկելիությունը եւ հարատեւությունը: Ըստ այդմ էլ՝ մշտական թշնամին եւ չափազանցված վտանգը որպես հարատեւ կռվի գրավական, գոյության հիմք են դառնում տվյալ գաղափարախոսության համար, նրա յուրատեսակ գուրգուրանքի առարկան: Հակամարտությունը ներկայացվում է որպես բացարձակ բարու ու բացարձակ չարի բախում, ուստի այդ «պայքարի» մարտավարության ու ռազմավարության մեջ բացառվում է որեւէ կոմպրոմիս կամ համաձայնություն, որեւէ հարցի լուծում:

Wednesday, May 24, 2017

1920 թվականին չկար այդպիսի գեթ մեկը

«Ոչմիթիզհող» կարգախոսը եղել է նաեւ Առաջին հանրապետության կառավարության ուղեգիծը սրանից 100 տարի առաջ։ Այն ժամանակ դա հնչում էր «միացյալ Հայաստան» ձեւով։ Դրա դեմ ոչ մեկը չի առարկել, գոնե՝ բարձրաձայն. վախեցել են «դավաճան» պիտակից։ Եթե եղել են անհատներ, ապա խստագույնս պատժվել են։ «Ոչմիթիզհողական» հոխորտանքի լեզվով էլ 1920 թ. սեպտեմբերին պատերազմի մեջ մտան Թուրքիայի դեմ։ Նոյեմբերին, երբ խայտառակ պարտությունը փաստ էր, սկսեցին խոսել ողորմելի աղերսանքի լեզվով։  Ահա այդ պատկերը Դաշնակցական կառավարության պաշտոնաթերթի` այդ ամիսների համարներից կատարված քաղվածքների տեսքով (քաղվածքները ըստ պատմաբան Լեոյի. «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», հ. 2, Եր. 1994, էջ 236-238)։ Երկու վերնագրերի տակ զետեղված նյութի միայն կոնտրաստը, առանց որեւէ մեկնաբանության անգամ՝ սպանիչ է։
«Ոչմիթիզհողական» հոխորտանքի լեզուն
«Մենք հուսահատվելու եւ ոչ մեկ հիմք ու պատճառ չունենք։ Մենք գիտենք կամքը մեր ժողովրդի, գիտենք ուժը մեր սեղմած բռունցքի, մենք գիտենք եւ հավատում ենք մեր հերոս բանակի հիասքանչ գործերին եւ մենք վստահ ենք, որ անարգ թշնամին՝ շատ շուտով գլխովին ջախջախված՝ պիտի թողնի մեր երկրի սահմաններն ու նորից քաշվի իր դավադիր որջը»։
«Պատրաստ, հայ ժողովուրդ, թրքական վտանգն է գալիս։ Պատրաստ հայ աշխատավոր, դեպի ֆրոնտ, դեպի թշնամին։ Ով մեզ հետ չէ... մեր թշնամին է։ Ով փախչում է... նա դավաճան է»։
«Մահ ներքին դավաճաններին... մահ թշնամուն»։
«Դաշնակցական ընկեր, մեր ժողվրդի դարավոր ոսոխն է գալիս, մեր հին ծանոթ թշնամին։ Սեղմենք շարքերը, ամրապնդենք ֆրոնտը»։
«Ճնշել բոլշեւիկյան խռովությունները, պիտի հաղթենք արյունկզակ թուրքերին»։
«Հայաստանի ժողովուրդ, դու մենակ ես, խելագարություն է ինչ-որ հրաշքի հույսով ապրել։ Քեզ միայն քո սեփական ուժը կփրկե։ Կառավարությունը նորից ու նորից հիշեցնում է քեզ - քո փրկությունը միայն ինքնագործունեության, միայն կռվի մեջ է»։
«Կռիվ կամ մահ, ուրիշ ելք չկա»։
«Դաժան թշնամին վերջին հուսահատական ճիգն է թափում ոտնակոխ անելու մեր հայրենիքը եւ բնաջնջելու մեր ժողովուրդը»։
«Գիտակցիր, հայ ժողովուրդ, որ թշնամին գալիս է փոքրաթիվ ուժերով եւ իր հուսահատական սուրը ճոճում է քո գլխին։ Լարիր բոլոր ուժերդ, հայ ժողովուրդ, հայրենիքը զենքի է կանչում բոլորիդ»։
«Ամեն ոք պարտավոր է զինվոր դառնալ, ամեն ոք պարտավոր է ամրապնդել մեր ներքին ճակատը, մեր արտաքին ֆրոնտը։ Ով խույս տա պարտականությունից, նա դավաճան է, նրա վարձատրությունը գնդակն է կամ կախաղանը»։
«Ով ձգտում է հաշտության, նա պետք է պատրաստ լինի կռվելու»
«Թշնամին սպառնում է մեր հայրենիքի սրտին, նրա նպատակն է բնաջնջել հայ ժողովուրդը» - «Պատրաստ եղիր հայ ժողովուրդ, անողոք ու վճռական կռվի»։
«Վերջին օրերի իրադարձություններից հետո ամենքի համար պարզ պիտի լինի, որ թշնամին չի ուզում հաշտվել հայ ժողովրդի հետ, այլ ձգտում է զենքի ուժով թելադրել մեզ իր կամքը, ոտնակոխ անել մեր երկիրը, բնաջնջել մեր ժողովուրդը, հիմնահատակ կործանել մեր պետությունը»։
«Թշնամին ստիպում է մեզ կռվել։ Այդ կռվի վախճանից է կախված Հայաստանի ու հայ ժողովրդի լինելն ու չլինելը»։
«Միայն կռվով մենք պիտի կարողանանք հարկադրել բարբարոս թշնամուն հաշտություն կնքել մեզ հետ։ Վերջին օրհասական կռիվն է այս։ Բոլորդ դեպի կռիվ, ամեն ինչ հաշտության համար» ։
Այս ամենը 1920 թ. հայ-թուրքական պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, որը տեւեց ընդամենը երկու ամիս։
(Միջանկյալ 1. Միջանկյալ ասենք, որ ընթերցողը բերված քաղվածքներից տասնյակ, իմաստայինից սկսած մինչեւ բառացի պատճենումներ կարող է գտնել այսօրվա «ոչմիթիզական» քարոզչանյութերում ու «հերոսական» կոչերում)։
Ողորմելի աղերսանքի լեզուն
(Քաղվածքները ըստ Լեոյի նույն աշխատության, էջ 239-247)։
«Իր փրկության համար Հայաստանն ունի մեկ ճանապարհ - գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւան թուրքի հետ։ Եթե Հայ ժողովուրդն կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական օրիենտացիա»։
«Եթե մենք լինեինք ռեալ քաղաքագետներ եւ ժամանակին ըմբռնեինք, որ չի կարելի առաջադրել ազգային քաղաքական նպատակներ՝ հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա, եւ եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժերի եւ կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտի ձգտեինք ստեղծել մի մեծ Հայաստան, որ չգիտեինք էլ, թե ինչպես պետք է լցնեինք ազգաբնակչությամբ, պահենք եւ պաշտպանենք, եւ վաղուց պիտի ունենայինք հաշտություն մեր թշնամու հետ։ Վերջին պատերազմը մի այնպիսի մեծ հարված էր, որ չէր կարող չսթափեցնել, չզգաստացնել մեզ բոլորիս»։
«Պետք է, որ գեթ այժմ ունենանք մեր համեստ սեփական ուժի եւ կարողության դառն գիտակցությունը։ Պետք է որ վերջապես հասկանանք, թե մեր ուժի եւ կարողության չափով միայն մենք կարող ենք քաղաքական նպատակներ եւ պահանջներ առաջադրել։ Այլապես մենք ինքներս կնպաստենք մեր կործանման եւ երբեք չպիտի կարողանանք հարատեւորեն հաշտվել մեր հարեւան թուրքերի հետ»։
«Մեր ազգային քաղաքականությունը, որ եղել է մինչեւ այժմ անուղղելիորեն ռոմանտիկական, պետք է հիմնովին շրջե իր ղեկավարող սկզբունքները։ Ռեալ քաղաքականության գլխավոր սկզբունքն է - պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է»։
«Ժամանակն է, որ մենք բոլորս սթափվենք եւ հիմնովին փոխենք մեր մինչայժմյան քաղաքական ընթացքը։ Ամենից առաջ եւ ամենից ավելի մենք պետք է հաշտ լինենք մեր հարեւանների հետ։ Եւ որքան ավելի ուժեղ են մեզանից մեր հարեւանները, այնքան ավելի խաղաղասեր մենք պետք է դառնանք նրանց հանդեպ»։
 «Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ ու վճռականությամբ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք անկարելի են դարձրել մինչ այժմ հայ-թուրքական բարեկամությունը»։
«Հայ ժողովուրդը վերջին ամիսների ընթացքում ունեցավ մի շարք այնպիսի ցնցող քաղաքական անհաջողություններ, որոնք չէին կարող իրենց հերթին չհեղաշրջել նրա քաղաքական գիտակցությունը, չէին կարող ավելի զգաստ եւ ավելի իրատես չդարձնել նրան, չէին կարող վերջապես չբուժել նրան քաղաքական այն կործանարար հիվանդություններից, որոնք միշտ նրա կրած դժբախտությանց եւ աղետների գլխավոր պատճառն են եղել»։
«Օլթիի, Սարիղամիշի, Ղարսի եւ Ալեքսանդրապոլի  տակ մեր ունեցած պարտությունները մեզ ազատեցին քաղաքական այն ախտավոր մեծամոլությունից, որը լսել անգամ չէր ուզում փոքրիկ ու համեստ Հայաստանի մասին եւ որ, հակառակ առողջ տրամաբանության բոլոր թելադրանքներին, երազում էր ծովից ծով ծավալվող Հայաստանի մասին։ Քաղաքական այդ կույր մեծամոլությունն էր հայ եւ թուրք անհաշտության, թշնամության գլխավոր պատճառներից մեկը։ Բնական է, որ իր այս հիվանդությունից ազատվելուց հետո հայ ժողովուրդն ավելի հեշտությամբ պիտի կարողանա գտնել ընդհանուր լեզու հարեւան թուրք ժողովրդի հետ»։
«Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը եւ ավանդությունները եւ ոչինչ չխնայելու հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար։ Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործուն բարեկամությամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից եւ թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապես ձեռք բերել տեւական ապահովություն։ Ուրիշ ճանապարհ չկա»։
«Դժբախտաբար, սակայն, արտասահմանում գտնվող հայերն ու իրենց կազմակերպությունները, լինելով բոլորովին կտրված Մայր Հայաստանից, անտեղյակ մեր վիճակին եւ հաճախ ենթակա օտար ազդեցությունների, շարունակում են իրենց նախկին կործանարար եւ անպատրաստ ազգային քաղաքականությունը։ Արտասահմանի հայ գաղութները միշտ ի վիճակի են եղել Հայաստանի նահատակ ժողովրդի վզին փաթաթելու իրենց քաղաքական մեծամիտ ցանկություններն ու տրամադրությունները։ Նրանք, գրեթե միշտ, կարողացել են թելադրել մեզ իրենց կամքը, մղել մեզ այնպիսի ճանապարհներով, որոնք միայն նորանոր դժբախտությունների պատճառ են դարձել մեր ժողովրդի համար»։
«Այսուհետեւ Հայաստանի ժողովուրդը չի կարող այլեւս հանդուրժել, որ հեռավոր երկրներում ապրող հայերն իրենց անմիտ ու մեծամոլ քաղաքականությամբ նորանոր արգելքներ ստեղծեն մեր ժողովրդի եւ իր հարեւանների, մանավանդ թուրք հարեւանների մերձեցման համար»։
Հիշեցնենք, որ «Ոչմիթիզհողական» հոխորտանքի եւ Ողորմելի աղերսանքի լեզուներով գրված այս նյութերի մեջ անգամ ընդմիջում չի եղել, երկրորդն անմիջապես շարունակել է առաջինին։
(Միջանկյալ 2. միջանկյալ ասենք, որ եթե քաղվածքների առաջին խմբում («Ոչմիթիզհողական» հոխորտանքի լեզուն» վերնագրի տակ) հերոսական կոչերի եւ «հաղթողական» քաղաքականության հեղինակը դաշնակցական իշխանությունն է՝ իր խոսափող պաշտոնական մամուլով, ապա քաղվածքների երկրորդ խմբում («Ողորմելի աղերսանքի լեզուն» վերնագրի տակ) բոլոր սխալների ու ձախողումների հեղինակը... ժողովուրդն է, իսկ իշխանությունը կողքից հույս է հայտնում, որ դառը փորձից հետո այդ ժողովուրդն այլեւս չի սխալվի...)։
Հնարավո՞ր էր երրորդ ճանապարհ
Այսինքն՝ ժամանակին հաշտության գնաս հակառակորդիդ հետ եւ բանական փոխզիջումներով ստանաս հնարավոր իրականը, ոչ թե ցանկալին ու երազայինը հայրենասիրական կարգախոս դարձրած՝ կորցնես ամեն ինչ։
Հետին թվով ու մեծ ցավով նման խոստովանություններ արել են Առաջին հանրապետության առաջին եւ երկրորդ վարչապետներ Հովհաննես Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսյանը՝ նշելով նաեւ թե ինչ կստանայինք այդ դեպքում։ Դա կլիներ ավելի քան կրկնակի պակաս, քան «Միացյալ Հայաստանը», բայց կլիներ ավելի քան կրկնակի ավելի, քան այսօրվա Հայաստանն է։
Հովհաննես Քաջազնունի.
«Մի փաստ մնում է անհերքելիաղաղակողմենք չենք արել այն ամենըինչ որ պետք է անեինքպարտական էինքանելու՝պատերազմից խույս տալու համարԱնկախ նրանիցթե որքան կհաջողեինքմենք պետք է փորձեինք հաշտությանլեզու գտնել թուրքերի հետՍա՛ էոր չենք արել...
«Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդենթուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցելՄենք միարհամարհական ժեստով մերժեցինք առաջարկըԵվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքովոր վստահություն կարթե բանակցությունները հաջողվելու են անպատճառայլ այն մտքովոր մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանականբայց ոչ անկարելի): Համենայն դեպսմենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու»։
«Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերըեթե ընդունեինք բանակցելու հրավերը։ Հավանորեն պիտի սկսեին Բաթումից ուԲրեստ-Լիտովսկից եւ ապա՝ աստիճանաբար զիջելովհասնեին մինչեւ 1914 թսահմաններըգուցե մի քայլ ետ գնայինհրաժարվեին նաեւ Բայազիդից ու Ալաշկերտից։
«Այսօր մենք հասկանում ենքթե որքան շահած կլինեինքեթե 1920 թաշնանըՍեւրի դաշնագրի գնովանմիջականհամաձայնության եկած լինեինք թուրքերի հետ։ Բայց այն ժամանակ չէինք հասկանում» («Հ.ՅԴաշնակցությունն անելիք չունիայլեւս», Եր. 1994, էջ 32-33):
«Միացյալ Հայաստանը» պիտի իրականանար սպասվող այն պայմանագրով, որ կնքվեց վերջապես Սեւրում օգոստոսի 10-ին։ Իսկ դրանից առաջ, տեւական ժամանակ, նաեւ նույն թվականի ամռանը կար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու այլ տարբերակ՝ ձեռք բերելու համար հնարավորն ու իրականը։
Իսկ չի՞ եղել Հայաստանի հարցը միջազգային քաղաքականության կոնտեքստում եւ իրողությունների մեջ լավ պատկերացնող, զգացումներով չկաշկանդված ու սառը դատող մի օտարերկրացի, որը բարեկամաբար կհուշեր իրատեսական ու ճիշտ տարբերակը։ Եղել է, եւ ոչ մեկը։ Սրա մասին արդեն Խատիսյանն ունի երեք կարեւոր վկայություն.
Ալեքսանդր Խատիսյան
ա) 1919 թ. սեպտեմբերին, պատերազմից եւ Սեւրից դեռ մեկ տարի առաջ, ԱՄՆ «Մանդատի» հնարավորությունն ուսումնասիրելու համար տարածաշրջան է գալիս զորավար Հարբորդը։ Նա Հայաստանի վարչապետին հստակ ասում է, որ պետք չէ հույս կապել Փարիզի խաղաղության կոնֆերանսի եւ ԱՄՆ-ի նախատեսվող «Մանդատի» հետ, ապա հաղորդում, որ Թուրքիան «պատրաստ է անմիջապես բանակցությունների մեջ մտնել Հայաստանի կառավարության հետ։ Զոր. Հարբորդ իր կողմեն խորհուրդ կու տար անմիջապես սկսիլ այդ բանակցությունները։ Մենք այդ խորհրդին չհետեւեցինք՝ հավատացած լինելով, որ մեր խնդիրը պետք է լուծվի Փարիզի մեջ» (Խատիսյան, Հայաստանի հանրապետության ծագումն ու զարգացումը, 1968, էջ 192)։
բ) 1920 թ. հուլիսին Պոլսում ԱՄՆ փոխծովակալ Բրիստոլը նույն խորհուրդն է տալիս ավելի հստակ. «Ուիլսոնը բոլորովին չարտահայտեր իր ժողովրդի կարծիքը. ան կսե այն, ինչ որ բոլորովին չի համապատասխաներ Ամերիկացիներու շահերուն եւ տեսակետներուն։ Դուք այդ մասին պատրանքներ պետք չէ ունենաք... Ամերիկայի ժողովուրդն առաջիկա ընտրություններուն ցույց կու տա իր կամքը, եւ այդ կամքը հայտնապես կըլլա ոչ հօգուտ Ուիլսոնի գաղափարներուն, եւ այդ պատճառով հայերն իրենք պետք է փնտրեն թուրքերու հետ մերձեցման ճանապարհներ... Բրիստոլ ըսավ, թե առհասարակ ինք իր պարտքը կհամարե նախազգուշացնել հայ քաղաքական գործիչները, որ իրենք փնտրեն մերձեցում թուրքերու հետ՝ իրենց պահանջները հասցնելով նվազագույնի, հակառակ պարագային անոնց կսպասե ծանր ապագա» (Նույնը, էջ 230)։
գ) Խատիսյանը 1920 թ. ամռանը խիստ գաղտնի երկու հանդիպում է ունենում Թուրքիայի ներքին գործերի նախարար Րեշատ փաշայի հետ՝ ճշտելու համար, թե ինչ կստանա Հայաստանը, եթե անմիջական բանակցությունների եւ հաշտության գնա Թուրքիայի հետ։ Վերջինս, առաջին հանդիպումից հետո, խորհրդակցելով իր կառավարության հետ, հաջորդ օրը, որպես պատասխան՝ «Ան թուղթի վրա գծեց Հայաստանի մոտավոր սահմանները՝ մտցնելով Հայաստանի հողերու մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Ալաշկերտի եւ Բասենի հովիտները եւ իբրեւ նավահանգիստ՝ Րիզեն» (Նույնը, էջ 231)։
Բրիստոլի հետ առաջին հանդիպումից ընդամենը երեք ամիս անց, երբ արդեն պատերազմն սկսված էր, եւ ելքն, ըստ էության, կանխորոշված, Խատիսյանը նորից է հանդիպում նրան. «Եւ երբ խնդրեցի իրմե միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի մեջեւ, ան հիշեցուց մեր ամառվա զրույցի մասին Թուրքիոյ վերաբերմամբ  եւ ըսավ. «Հիմա արդեն ուշ է» (էջ  246)։
Ինչպես Քազազնունին, այնպես էլ Խատիսյանը, Հանրապետության երկու վարչապետները, հետին թվով խոստովանելով հանդերձ գործված մեծագույն սխալը, մատնանշում են նաեւ դրա պատճառը, այն է՝ մթնոլորտը լցված էր այն ժամանակվա «Ոչմիթիզական-հայրենասիրական»՝ «Ծովից-ծով Հայաստան», «Միացյալ Հայաստան», «Մենք թուրքերու հետ խոսելիք չունենք» կարգախոսներով։ Ու դրա դեմ չէր համարձակվում դուրս գալ, բանական խոսք ասել ոչ մեկը, եթե նույնիսկ հասկանում էին դրանով եկող արհավիրքը։ 
Ամբողջականության համար ավելացնենք, որ նույն սխալը խոստովանել է նաեւ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը. «Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատներում... Մեր օրվա քաղաքականությունը ղեկավարողներից պահանջվում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտություններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը՝ նվիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար: Եվ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք մի ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովուրդների հետ» («Յառաջ», ՀՅԴ պաշտոնաթերթ 28.11.1920 - ըստ՝ aniarc.am/2017/01/05/vratsyan-24-november-1920-speech/-ի): 
***
Եւ այսպես.
Թուրքիայի հետ հաշտության գնալու դեպքում Հայաստանը կունենար 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ նավահանգիստ Սեւ ծովի ափին։ Եթե հիշենք, թե ինչպես որոշվեցին Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի ճակատագրերը, ապա, կասկածից դուրս է, որ ավելի ուշ Հայաստանի մաս կդառնային նաեւ այս երկու երկրամասերը՝ մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Այսինքն՝ 1919-20 թթ. պետական քաղաքականության հիմքում դրված «ոչմիթիզական հայրենասիրությունը» հայ ժողովրդին արժեցավ 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքի եւ ծով ելք ունենալու հնարավորության կորուստ։ Չհաշված տասնյակ հազարավոր զոհերը։
Այնպես չէ, որ ժամանակի իշխանության մեջ եւ քաղաքական դաշտում ոչ մեկը չէր հասկանում Սեւրին ապավինելու եւ Թուրքիայի հետ հաշտության չգնալու քայլի արկածախնդրական լինելը։ Ամենավստահելի աղբյուրներից նրանք տեղեկացված էին դրա մասին։ Գիտեին, բայց վախենում էին, վախենում էին անգամ քննարկել նման մի հարց։ Իրենց իսկ խոստովանությամբ՝ վախենում էին ոչ այնքան երկրի ներսի, որքան «գաղթօջախների» կողմից դավաճան հռչակվելուց։ Վերջին հաշվով՝ վախենում էին իշխանությունը կորցնելուց։
***
Հասկանալի է, որ այսպիսի պատմական էքսկուրսներն այսօրվա համար են։
Արդ, ինչպե՞ս է հիմա, հարյուր տարի հետո նմանատիպ իրավիճակում։
ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է քաղաքական արկածախնդրության առումով. ընդ որում՝ «ոչմիթիզհողական» հոխորտանքի այսօրվա «հայրենասիրական» հռետորաբանությունն ընդհուպ բառացի համընկնում է հարյուր տարի առաջվա հետ։
Բայց ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆԸ ՉԷ քաղաքական արկածախնդրությանը հակազդման առումով. չվախենալով «դավաճանի» պիտակից, առնվազն քսանհինգ հազար մարդ, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, ձայն են բարձրացնում ընդդեմ քաղաքական արկածախնդրության։ 1920 թվականին չկար այդպիսի գեթ մեկը։
Ի տարբերություն 1920 թվականի, դեռ չի սպառվել քաղաքական արկածախնդրությունը մերժելու, արժանապատիվ խաղաղության գնալու եւ մեր վաստակած հնարավորը ձեռք բերելու տարբերակը
։