Friday, July 29, 2016

Ըստ էության՝ դա խարդավանք է պետության ու ժողովրդի դեմ


Հուլիսի 17-ից, ոստիկանական գունդը զինված խմբի կողմից գրավելուց հետո, երկրում ստեղծվել է որքան նուրբ, նույնքան վտանգավոր իրավիճակ։ Դրանից հնարավորինս անկորուստ ու խաղաղ դուրս գալու անհրաժեշտության մասին կարծես թե խոսում են շատերը։ Բայց բոլորի գործողություններն ու խոսքերը չէ, որ օբյեկտիվորեն նպաստում են դրան։ Ավելին՝ շատ դեպքերում դրանք լարում են իրավիճակը՝ նպաստելով հենց բոլորի համար անցանկալի, ընդհուպ խիստ վտանգավոր զարգացումների։
Դրանցից վերջինը Ն. Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունն է՝ այդ հարցը խորհրդարանի մակարդակով քննարկելու օրակարգով։ Դրա իրական նպատակը ու նաեւ վտանգավորությունը համոզիչ ցուցադրելու համար, սակայն, անհրաժեշտ է նախապես կատարել մի քանի արձանագրումներ։
Ամեն մի երկրի, պետության կյանքում յուրաքանչյուր պահ ունի իր առաջնային, գերակա խնդիրը։ Օրինակ՝ 1988-ից թիվ մեկ քաղաքական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցն էր, 1990-91-ին առաջնային հարց դարձավ անկախության ձեռքբերումը, 1991-94-ին՝ օրակարգի առաջնային հարցը Ղարաբաղն արտաքին վտանգից պաշտպանելն էր։ Օրակարգային թիվ մեկ հարցը այն է, որը պատմական տվյալ պահին առավել ճակատագրական նշանակություն ունի։ Մնացած բոլոր հարցերը պիտի ածանցվեն դրանից, իսկ մարդկանց, քաղաքական ուժերի ու գործիչների քայլերը, գործունեությունն ու վարքագիծը պիտի գնահատվի օրակարգային հիմնական այդ հարցի լուծմանը նպաստելու ելակետից։ Եթե հասարակության մեջ բավարար չափով կա օրակարգային առաջին հարցի ընկալումը, ապա վտանգը հնարավոր է լինում դիմագրավել կամ շրջանցել, հարցը հնարավոր է լինում լուծել։ Այդպես է եղել վերոհիշյալ բոլոր դեպքերում։ Հասարակության՝ քաղաքականապես շատ թե քիչ ակտիվ ու ընկալունակ մասը, որպես կանոն, դա հասկանում է։ Գործնական քաղաականությամբ զբաղվողները՝ քաղաքական ուժերը առավել եւս պարտավոր են դա հասկանալ։
Այս տարվա ապրիլյան չորսօրյա պատերազմով ու դրան հաջորդած ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային աննախադեպ ակտիվ գործընթացով Հայաստանի համար ձեւավորվեց քաղաքական օրակարգի նոր առաջնային հարց։ Երկրի, ժողովրդի ու պետության համար ճակատագրականության իր պոտենցիալով այն չվերացրեց, բայց առայժմ երկրորդ պլան մղեց ներքաղաքական օրակարգի բոլոր հարցերը։ Ուստիեւ, այս անգամ էլ, յուրաքանչյուրի, առավել եւս՝ քաղաքականությամբ զբաղվողների գործունեությունը, վարքագիծը, քայլերը եւ այլն պիտի ելնեն այս ելակետից եւ գնահատվեն միմիայն այս ելակետով։ Եթե որեւէ մեկը վիճարկում է այս իրողությունը, ուրեմն կա՛մ զգացումներով է առաջնորդվում, կամ չափազանց հեռու է քաղաքականությունից, կամ դեմագոգ է՝ անձնական ամբիցիաների գերի։
Ապրիլյան պատերազմն իրականում չի ավարտվել։ Այն կասեցվել է որպես ռազմական գործողությունների դրսեւորում եւ տեղափոխվել դիվանագիտության, բանակցային հարթություն։ Եւ վտանգից խուսափելու կամ հաջողության հասնելու համար որքան որ կարեւոր էր համազգային համախմբումը պատերազմի ռազմական գործողությունների փուլում (ինչ այդ օրերին հրաշալի կարողացանք իրականություն դարձնել), այդ միասնությունն ու համախմբումը նույնքան կարեւոր է բանակցային ճակատում եւս տանուլ չտալու համար։ Եթե որեւէ մեկը վիճարկում է այս իրողությունը, կա՛մ քաղաքական տեսողություն չունի, կա՛մ առաջնորդվում է բոլորովին այլ ելակետով, հետապնդում այլ նպատակներ։
Նուրբ բայց նաեւ վտանգավոր իրավիճակը հանգուցալուծելու համար, ի սկզբանե, առաջին հերթին անհրաժեշտ էր զերծ մնալ կատարվածին գնահատականներ տալու գայթակղությունից։ Կարեւոր չէ՝ ինչպիսի գնահատական։ Դրանք միայն նպաստում են իրավիճակի լրացուցիչ բարդացմանը։ Ու եթե խնդիրն այսքան ձգվել է ու բարդացել, դրա հիմնական պատճառներց մեկը դա է։ Մինչեւ հիմա այդ գնահատականները տվել են որոշ ուժեր, կազմակերպություններ, անհատներ։ Առաջիններից մեկը՝ Ն. Փաշինյանը։ Նրա օրինակը, այս իմաստով, շատ խոսուն է։ Անմիջապես գնալով դեպքի վայր՝ նա փորձեց «առաջնորդել» շարժումը։ Դեպի ո՞ւր։ Մեկ թե երկու օր անհրաժեշտ եղավ, որպեսզի հենց զինված խմբի անդամները հասկանան, որ նրա ելակետը սեփական անձն է, եւ որ նա այլ բան չի անում, քան իրենց կյանքի վտանգվածության հաշվին փորձում է «աչոկներ» հավաքել եւ իրավիճակի վրա ձեռքերը տաքացնել։ Ավելի չմանրացնենք։ Ընդ որում՝ ինքն էլ խրոխտ հայտարարում էր, որ միշտ գնում է այնտեղ, որտեղ ժողովուրդ կա՝ իրականացնելու համար իր կուսակցության ծրագրերը։ Զինյալներից Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը հրապարակայնորեն նրան պարզապես դուրս քշեցին։
Կարեւոր ամբիոնից զրկվելուց հետո, ահա, նա պատգամավորի իր մանդատն օգտագործում է այլ կերպ իրավիճակից օգտվելու համար։ ԱԺ արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունը նրա համար այլ բան չէ, քան լուսանցքից նորից իրադարձությունների կենտրոն մտնելու փորձ։ Ն. Փաշինյանի այս նախաձեռնության փարիսեցիությունն ապացուցելը բարդ բան չէ։ Եթե նրան մտահոգում է ճգնաժամային վիճակը հանգուցալուծելու ելք գտնելու, արյունահեղությունը կանխելու խնդիրը, ինչո՞ւ նա նման նախաձեռնությամբ հանդես չեկավ առաջին իսկ օրերին՝ հուլիսի 17-ին, 18-ին... Այլ անմիջապես վազեց Խորենացու փողոց՝ զինված խմբի արյան վրա ձեռքերը տաքացնելու։ Եւ միայն այնտեղից երկիցս խայտառակ ձեւով նույն զինյալների կողմից դուրս շպրտվելուց հետո դիմեց Աժ արտահերթ նիստ հրավիրելու խորամանկությանը։ Նպատակը նույնն է՝ ստեղծել ապակայունության մի երկրորդ կենտրոն՝ հիմա էլ դրանում «աչոկներ» հավաքելու եւ դրա վրա ձեռքերը տաքացնելու համար։
Զինված ակցիային արդեն իսկ տրված բազմազան գնահատականներն ու քննարկումները բարդացրել են խնդիրը, այն անարյուն ու երկրի համար անհետեւանք լուծելու հնարավորությունը։ Հարցը ԱԺ մակարդակ տեղափոխելը կարող է բազմապատիկ բարդացնել վիճակը։ Ուստիեւ՝ անձնական ամբիցիաներից բխող ու դրանք բավարարելուն ուղղված այս նախաձեռնությունը, ըստ էության, այլ բան չէ, քան մի խարդավանք պետության ու ժողովրդի դեմ։ Անկախ այն բանից՝ գիտակցվում է դա թե ոչ։

http://www.ilur.am/news/view/55138.html

Thursday, May 5, 2016

Ընդդեմ պետական դավաճանության


Սույն թվականի ապրիլ ամսվա ամենաքննարկված թեման Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն էր եւ այդ հանդիպումից հետո նրա հարցազրույցը «Իլուր» կայքին` այդ հանդիպման եւ Ղարաբաղյան խնդրում ստեղծաված նոր իրողությունների մասին։ Դա պատերազմական իրավիճակում ընդդիմադիր ուժի կողմից ներքաղաքական պայքարը դադարեցնելու եւ արտաքին վտանգի դեմ համազգային համախմբման ուղղությամբ քայլ էր եւ կոչ։ Քանի դեռ իրավիճակը նույնն է, այդ վտանգի չեզոքացման գործում քաղաքական ուժերի կեցվածքի ու վարքագծի խնդիրը շարունակում է մնալ ամենակարեւորն ու ամենահրատապը՝ միաժամանակ ցուցադրելով այդ ուժերից յուրաքանչյուրի իրական քաղաքական նկարագրի ու հարգի ցուցիչը։
***
Պատերազմական պայմաններն, անշուշտ, ամենանպաստավորն են ու գայթակղիչը իշխանափոխության համար։ Դա է պատճառը, որ անգամ ամենաժողովրդավար երկրների սահմանադրությունները, միջազգային իրավունքը պատերազմական իրավիճակում  նախատեսում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների էական սահմանափակումներ, ընդհուպ՝ ընտրությունների հետաձգում։ Պատերազմական պայմաններում իշխանության ձեռքբերման համար իրականացված հեղափոխություններն ու հեղաշրջումները, որպես կանոն, ունենում են ծանրագույն հետեւանքներ՝ հավասարվելով պետական դավաճանության։
Բոլշեւիկյան փորձը
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանում գործող քաղաքական ուժերից մեկը՝ Բոլշեւիկների կուսակցությունը, որոշեց օգտվել իշխանության գալու համար այդ նույն բարենպաստ իրավիճակից։ Նրանք հռչակեցին «իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու» կարգախոս, որպես հիմնական գործ՝ սկսեցին կազմալուծել ռազմաճակատը եւ այլն։ Եւ ի վերջո, պատերազմի սկզբից երեքուկես տարի անց, հաջողության հասան։ Առաջին համաշխարհային պատերազմում Անտանտի (որի մեջ մտնում էր Ռուսաստանը) լիակատար հաղթանակից մեկ տարի առաջ՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջմամբ Ռուսաստանում իշխանության եկան բոլշեւիկները։
Ի՞նչ եղան դրա հետեւանքները։
Թե ինչ ձեռք կբերեր Ռուսաստանը մեկ տարի հետո որպես հաղթող երկիր (եթե չլիներ բոլշեւիկյան հեղափոխությունը), կարելի է պատկերացնել՝ համեմատելով, ասենք, 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմում տարած, իր նշանակությամբ տասն անգամ ավելի համեստ հաղթանակի արդյունքների հետ։ Մի կողմ թողնենք, թե նա այդ պատերազմում հաղթելուց հետո ինչ ստացավ եվրոպական մասում, անդրադառնանք միայն Կովկասյան՝ մեզ ավելի հուզող մասին։ Ահա, հիշյալ 1877-78  թվականների պատերազմից հետո Ռուսաստանը Այսրկովկասում Թուրքիայից ստացավ Կարսի, Արդահանի եւ Բաթումի մարզերը։ Ըստ այդմ՝ համաշխարհային պատերազմում հաղթանակած Ռուսաստանը կստանար ողջ Արեւմտյան Հայաստանը, եւ կստանար ռեալ, ոչ թե թղթի վրա (ինչպես եղավ Սեւրի պայմանագրի հետ)։ Իսկ դա կդառնար հայության անսակարկելի ապրելավայր-հայրենիքը՝ ինչպես որ է այսօր մնացած այս 30 հազար քառակուսի կիլոմետրը։
Բոլշեւիկյան «հեղափոխությունից» հետո Ռուսաստանը, արդեն որպես պարտված կողմ, Գերմանիայի հետ կնքեց Բրեստի նվաստացուցիչ պայմանագիրը՝ նրան հսկայական զիջումներ անելով`ոչ միայն միլիոնավոր զոհերի գնով պատերազմում գրաված տարածքներից, այլ նաեւ այն տարածքներից, որ ունեցել էր մինչեւ պատերազմը, ընդհանուր հաշվով՝ ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր։  Հենց որպես պարտված կողմ՝ Ռուսաստանը հսկայական զիջումներ արեց նաեւ Գերմանիայի դաշնակից Թուրքիային՝ ճակատագրական Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Այս ամենը պատերազմական պայմաններում իրականացված իշխանափոխության այն գինն է, որ բոլշեւիկները վճարում էին Ռուսաստանի պետական շահերի, ռուս եւ այլ ժողովուրդների հաշվին։ Այսինքն՝ պատերազմի պայմաններում կատարված հեղափոխությունը, իր ահռելի կորստաբեր հետեւանքներով, Ռուսաստանի պետության եւ ժողովրդի շահերի տեսակետից ծանրագույն հանցագործություն, պետական դավաճանություն էր։
Ընդամենը մոտ երկու տասնամյակ անց Ռուսաստանը (Խորհրդային Միության տեսքով) հաջորդ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին էր։ Եւ այդ պահին իշխանության էր նույն՝ երկու տասնամյակ առաջ պետական դավաճանության ճանապարհով իշխանության եկած ուժը, որ  հանցավորության իր «ակտիվը» լրացրել էր նաեւ հայտնի 37 թվականով, միլիոնավոր մարդկանց ոչնչացնելով ու համակենտրոնացման ճամբարներ քշելով։ Բոլշեւիկյան իշխանությունը հասցրել էր նաեւ լրիվ մաքրել քաղաքական դաշտը՝ վերացնելով իշխանության հնարավոր հավակնորդ բոլոր ուժերին։ Բայց եթե անգամ երկրում պահպնված լիներ քաղաքական որեւէ այլընտրանք, ասենք՝ Մենշեւիկների, Էսեռների կամ այլ մի ուժի տեսքով, ապա պատերազմն սկսելուց ի վեր, ներառյալ՝ վերջնական պայմանագրի բանակցությունների շրջանում, այդ նույն փաստական իշխանության դեմ որեւէ ոտնձգություն կբերեր նույնպիսի կորուստների, երկրի շահերի տեսակետից կրկին այլ բան չէր լինի, քան պետական դավաճանության ակտ։
Ադրբեջանական փորձը
 Պատերազմում հաղթանակների համար որպես հիմք սովորաբար նշվում է երկու հիմնական  հանգամանք.  բանակի մարտունակությունը եւ ճիշտ ղեկավարումը։ Այստեղ վիճելու բան չկա, բայց կա նաեւ մի երրորդ հանգամանք, որը նույնքան, երբեմն շատ ավելի կարեւոր դեր է խաղում. դա հենց հակառակորդի մոտ ի հայտ եկած ներքին անկայունությունն է՝ հեղաշրջումների միջոցով իշխանափոխությունների, քաղաքացիական պատերազմի երեւույթների տեսքով։ Արժանին հատուցելով կռվողների հերոսությանը, հրամանատարության ճշգրտությանը, դիվանագիտության ճկունությանը եւ այլն, այնուամենայնիվ, փաստ է, որ Ղարաբաղյան պատերազմում մեր հիմնական հաղթանակները ժամանակագրորեն համընկնում են Ադրբեջանում տեղի ունեցած ներքին անկայունության այդօրինակ երեւույթներին, ինչը բազմիցս արձանագրվել է եւ անհնար է ժխտել։ Եւ շատ դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կունենար պատերազմը, եւ ինչպիսին կլիներ մեր հաջողությունների չափը, եթե իր բոլոր ռեսուրսներով մեզ մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանում լիներ նույնպիսի քաղաքական որակներով օժտված, նույնքան օրինակարգ, նույնքան կայուն եւ ամուր իշխանություն, որքան էր Հայաստանում։
Ահա թե ինչու իրական պատերազմական վտանգի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հանդես է եկել ներքին ցնցումները բացառելու եւ գործող իշխանության հետ միասին երկրի պաշպանության գործին լծվելու կոչով ու նախաձեռնությամբ։ Այո, այն նո՛ւյն իշխանության, որին նա տարիներ շարունակ փաստարկված եւ սպանիչ քննադատության է ենթարկել հարյուր հազարանոց լսարանի առջեւ, իր հարյուրից ավելի ելույթներում։ Այն նո՛ւյն իշխանության, որի դեմ նրա պայքարը 2007 թվականից ի վեր, իր հետեւողականությամբ, մասշտաբայնությամբ, տեւականությամբ ու վճռականությամբ հարյուրապատիկ գերազանցում է մնացած բոլոր ընդդիմությունների արածին՝ միասին վերցրած։ Որովհետեւ պատերազմական պայմաններում իշխանափոխության կոչերը, համազգային համախմբմանը խոչընդոտելը, իրոք, հավասար է պետական դավաճանության։  Նրանք, ովքեր սա չեն հասկանում՝ անհույս տգետ են քաղաքական ասպարեզում։ Նրանք, ովքեր իրենց չհասկացողի տեղ են դնում եւ Առաջին նախագահի քայլերը հերյուրանքների առիթ դարձնում, գիտակցված նպաստում են պետական դավաճանության մթնոլորտի ստեղծմանը։ Նրանք, ովքեր քարոզում են, թե հենց այս՝ պատերազմական պայմաններում պետք է իշխանափոխություն անել, նրանք գործում են նույն կերպ, ինչպես բոլշեւիկները Ռուսաստանում Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում, ինչպես 1990-ականների սկզբում կատարված հեղաշրջումների ու քաղաքացիական կռիվների հեղինակներն Ադրբեջանում։ Եւ, շատ լավ հասկանալով հանդերձ, որ այդ ճանապարհը կարող է հարյուրավոր եւ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, կործանել Ղարաբաղը, Հայաստանին անդառնալի կորուստներ բերել, այդպիսիք, հանուն իշխանության, թքած ունեն այդ ամենի վրա։
 Մեր փորձը
Իսկ ներքին անկայունության ու կորուստների պատճառ հանդիսացած որեւէ երեւույթ, որ պատերազմի տարիներին եղել է Ադրբեջանում, չի՞  եղել Հայաստանում։
Եղել է։ Եղել է, այսպես կոչված, ՀԱԲ-ի տեսքով՝ 1990-ին։ Եւ եթե Հայոց համազգային շարժման իշխանությունը քաղաքական վճռականություն չցուցաբերեր՝ առաջին իսկ ամսում արմատախիլ անելու անհասկանալի կենտրոնից ստեղծված ու զինված, ինքնագլուխ գործող եւ հսկայական քաղաքական ամբիցիաներ դրսեւորող ռազմական այս կառույցը, դժվար է ասել, թե հետագա ամիսներին ու տարիներին ինչ տեղի կունենար Ղարաբաղում եւ Հայաստանում։
Եղել է։ Ժամանակի ընդդիմությունը լիուլի օգտվել է այն բանից, որ փաստական լայնամասշտաբ պատերազմի մեջ գտնվող երկիրը, հայտնի հանգամանքների բերմամբ, չէր կարող հասարակական կյանքում պատերազմական օրենքներ մտցնել։ Ոչ միայն մամուլը, այլ նաեւ հեռուստատեսությունն ու ռադիոն լիակատար օգտագործվել են պատերազմ վարող իշխանության դեմ ամեն կարգի քարոզչության ու հերյուրանքների տարածման համար։ Ամբողջ պատերազմի ընթացքում ամեն օր, առնավազն ամեն շաբաթ, հանրահավաքներ են եղել Ազատության հրապարակում՝ դեպի Բաղրամյան 26 անարգել երթով, ըստ էության, միաձայն ընտրված նախագահի, պատերազմող երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի մշտական պահանջով։
Եղել է։ Այդ տարիներին բացահայտվել եւ վնասազերծվել է պետական հեղաշրջման ճանապարհով իշխանություն զավթելու մի քանի լուրջ փորձ եւ երկրի ղեկավարների դեմ ահաբեկչությունների ծրագրեր։
Եղել է։ Ողջ պատերազմի ընթացքում, լինեին նահանջներ թե հաղթանակներ, ընդդիմադիրները իշխանափոխության համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու  նպատակով չեն խորշել բանակը եւ մանավանդ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին վարկաբեկելուց, ընդհուպ՝ խուճապ հրահրելուց, ռազմաճակատի քայքայումից։
Եղել է։ Իշխանությանը հեղինակազրկելու կամ դժվարին կացության մեջ դնելու նպատակով պատերազմի ընթացքում Գերագույն խորհրդում խորհրդարանական ընդդիմության կողմից եղել են առնվազն մեկ տասնյակ «հույժ հայրենասիրական» օրենսդրական նախաձեռնություններ, իրականում՝ վտանգավոր քաղաքական սադրանքներ՝ խլելով հսկայական նյարդեր ու ժամանակ։
Այս ամենը, որպես իշխանության համար փորձություն եւ մարտահրավեր, գուցեեւ շատ ավելին են, քան նույն շրջանում Ադրբեջանում եղածը։ Պարզապես Հայաստանում հաստատված առաջին ետկոմունիստական՝ Հայոց համազգային շարժման իշխանությունն իր քաղաքական հասունությամբ, օրինակարգությամբ եւ սառնասրտությամբ կարողացավ դիմակայել այդ փորձություններին ու մարտահրավերներին եւ պատերազմում արձանագրել արդյունքներ, որ, ասենք, 1990-ին ոչ մեկը չէր կարող տեսնել անգամ իր ամենավարդագույն երազում։
( Միջանկյալ՝ ի պատասխան հնարավոր մի հարցի. «Իսկ չի՞ եղել գեթ մի դրվագ, երբ արտաքին վտանգի հանդիման ընդդիմադիրներն իրենց ճիշտ են պահել»։ Դա էլ է եղել։ Երեք օր՝ 1991 թվականի օգոստոսի 19-21-ին՝ ԳԿՉՊ-ի օրերին։ Ընդամենը)։
Այնպես որ, շատ դժվար է նաեւ ասել, թե որքան ավելի ծանրակշիռ կլինեին մեր հաջողություններն ու հաղթանակները Ղարաբաղում, եթե չլիներ այս ամենը, եթե Ղարաբաղյան պատերազմի շրջանում իշխանության նկատմամբ բոլորն իրենց պահեին այնպես, ինչպես դա միշտ արել եւ այսօր էլ անում է Առաջին նախագահը։
Կրկնենք,  որ իր նշանակությամբ պատերազմական պայմաններին հավասարազոր է նաեւ հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցությունների շրջանը, երբ տվյալ խնդրի համար միակ պատասխանատու նույն իշխանությունը նույնքան ամուր թիկունքի կարիք ունի, որքան ռազմական դիմակայության շրջանում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա էլ է տեսել՝ 1997 թվականին։
Այնպես որ, նաեւ սեփական փորձից ելնելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ ռազմական դիմակայության եւ վճռական բանակցությունների պատասխանատու շրջանում, հանուն ազգային շահերի՝ պետք է դադարեցնել ներքաղաքական պայքարը եւ համազգային համախմբմամբ կանգնել երկրի անվտանգության ու ազգային շահերի պաշտպանության դիրքերում։ Լռելը, ոչինչ չանելը կնշանակի հայտնվել քաղաքական լուսանցքում, իսկ իշխանափոխության կոչերն ու քայլերը հավասարազոր են պետական դավաճանության։ Եւ սա քաղաքական կեցվածքի ու պետական մտածողության ոչ բարդ այբուբենն ու նվազագույն պահանջն է ընդամենը։

http://www.ilur.am/news/view/53853.html

Friday, April 15, 2016

Կոմեդիան վերաճում է անդուր խեղկատակության


Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը պիտի ցնցումներ առաջացներ նաեւ որոշ մարդկանց հոգեկան աշխարհում, անակնկալ չէր։ Դժվար չէր նաեւ կռահել, թե որն էր լինելու այդ ցնցման էպիկենտրոնը։ Ինչեւէ, հաջորդ օրն իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին «պատասխանելու» ու «հերքելու» գործին լծվածների շարքն այսպիսին էր. Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյան, «7 օր» եւ «Ժամ» կայքեր, Թաթուլ Հակոբյան, Վարդան Օսկանյան։ Բոլորի համար որպես ընդհանուր թեմա հանձնարարված է այն երեք իրողությունների հերքումը, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանը, հընթացս հարցազրույցի հիմնական ասելիքի, արձանագրում է որպես Ռ. Քոչարյանից Սերժ Սարգսյանի ստացված ժառանգություն։ Դրանք են.
Ա) Քոչարյանն է ընդառաջել Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։
Բ) Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։
Գ) Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։
Բնականաբար, առաջին անգամ չէ, եւ մեկ անգամ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է այս իրողությունների մասին՝ նշելով նույն հասցեատիրոջը՝ Ռ. Քոչարյանին։ Այս բոլորը միասին, ավելի լայն կոնտեքստում, նա ներկայացրել է , օրինակ, դեռ 2009 թվականին.
«Վերջապես, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ–թուրքական ներկայիս սահմանը — նրանից առաջ դա արել են դաշնակ­ները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրա­ժար­վել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից — դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը — այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից — դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկաս­յանի սեւ գործը։ Եւ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» Մադրիդյան սկզբունք­ները — դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Այս հարցերում Սարգս­յա­նը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչա­կազ­մին, ընդ որում՝ ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնաց­յալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից» (Ելույթ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում, 11 նոյեմբերի, 2009թ.)։
Եղել է, որ «հասցեատերը»՝ Ռ. Քոչարյանը, լռել է, եղել է՝ որ «հերքել է»՝ իր վերոնշյալ խոսափողների բերանով։ Բայց երբ «հերքել է», հաջորդ օրը ներկայացված փաստական նյութերի տարափով հակահարված ստանալով՝ կրկին լռել է։ Եւ ամեն անգամ թվացել է, թե խոհեմաբար կլռի ընդմիշտ։
Նկատի ունալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի «ընդդիմախոսների» վերոթվարկյալ խմբի մեջ, իր վարած պաշտոնի բերմամբ, այդ հարցերին ամենատեղեկացվածը Վարդան Օսկանյանն է, ստորեւ կանդրադառնանք հենց նրա «հերքումներին»՝ ենթավերնագրեր դարձնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի երեք արձանագրումները նույնությամբ։
Եւ այսպես.
Ա) «Քոչարյանն է ընդառաջել Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին»
Քանի որ այս հարցի առաջացման հիմքերը, շարժառիթները ամբողջական նախապատմությամբ հիմնավորապես ներկայացված են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում, չվերապատմենք, այլ ստորեւ մեջբերենք համապատասխան հատվածները.
1. «...Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միան­գա­մայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.
– Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազ­գային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայ­մանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանություն­նե­րի որդեգրած քաղաքականությունը։
– Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակ­վեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբե­րու­թյուն­ների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։
– Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվե­ցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերա­դարձան իրենց կողմից ժամանա­կին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաս­տա­տելու սկզբուն­քին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուր­քիա­յին հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։
– Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծ­ման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բաց­ման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպա­նության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչա­պետ Ռեջեփ Էրդո­ղանի կողմից տարիներ առաջ արված համարյա մո­ռաց­ված առաջարկին» (Ելույթ 2009 թվականի մայիսի 1-ի հանրահավաքում)։
2. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունների ամենամեծ սխալը եղել է այն, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից պահանջեց աշխարհից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այստեղ մեր մտավորականությունը ուշագնաց եղավ ուրախությունից ու ոգեւորությունից։ Ցնծություններ եղան, ձոներ հնչեցին Ռոբերտ Քոչարյանի հասցեին` ինչ տղա էր, ցավը տանեմ, չվախեցավ, գնաց ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ասես ասաց: Այդ մարդիկ չեն էլ հասկանում ՄԱԿ-ը ինչ է: Ի՞նչ պիտի անեին Ռոբերտին, ինչ կուզեր կասեր ՄԱԿ-ի ամբիոնից, պիտի կախեի՞ն, սպանեի՞ն, բանտարկեի՞ն։ ՄԱԿ-ի ամբիոնն ամենաչվախենալու տեղն է, որտեղ ցանկացած, ամենահետին վախկոտը կարող է ձեւանալ ամենամեծ հերոս: ՄԱԿ-ի ամբիոնից բոլոր երկրների ղեկավարներն ինչ ուզես ասում են: Այսքան Իրանին քննադատում են՝ Ահմադինեժադը գնում է ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհին ձեռնոց է նետում, Վենեսուելայի նախագահ Չավեսը ծաղրածության էր վերածում ՄԱԿ-ի ամբիոնը`ձեռ առնելով Ամերիկայի նախագահին: Խրուշչովը կոշիկով խփում էր ՄԱԿ-ի ամբիոնին: Հիմա Ռոբերտ Քոչարյանը գնացել այդպիսի բան է արել: Անդրանի՞կն է, Նժդե՞հն է, Սասունցի Դավի՞թը: Եւ ի՞նչ ստացավ այդ տղայության դիմաց: Ես սա համարում եմ տղայություն, վատ, էժան դիվիդենտներ շահելու մի հնարք, որովհետեւ դա անլուրջ քայլ էր: Եթե Հայաստանն ուզում էր ՄԱԿ-ում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա պետք է աներ ըստ ՄԱԿ-ի արարողակարգի: Հայաստանը պետք է կազմեր մի հրաշալի դոսիե, պաշտոնական արարողակարգով դիմեր ՄԱԿ-ին, եւ ՄԱԿ-ը չէր կարող այդ հարցը չքննել: Ռոբերտ Քոչարյանը չպահանջեց, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը քննի Հայոց ցեղասպանության հարցը եւ դատապարտի այդ Ցեղասպանությունը: ՄԱԿ-ը այնպիսի կազմակերպություն է, որն իր անդամ երկրների դիմումները պարտավոր է ընդունել քննարկման։ Կընդուներ քննարկման, կքվեարկեին, կանցներ` կանցներ, չէր անցնի` չէր անցնի, բայց կքննարկվեր։ Քոչարյանը չարեց այդ բանը, փոխարենը մի թատրոն խաղաց, մի խեղկատակություն արեց, որը հետո վերածվեց չափազանց մեծ աղետի հայ ժողովրդի համար: Հենց որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետության անունից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան պատասխան քայլ կատարեց: Մինչև 1998 թվականը Թուրքիան մեզանից երբեք չի պահանջել պատմաբանների հանձնաժողով ստեղծել Ցեղասպանության լինել-չլինելը պարզելու համար: Չի պահանջել եւ չէր էլ կարող պահանջել, որովհետեւ մենք այդպիսի խնդիր մեր արտաքին քաղաքականության մեջ չենք էլ դրել: Իսկ հենց Ռոբերտ Քոչարյանը դա դարձրեց մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը, Թուրքիան ձիու քայլ կատարեց, ասաց` շատ լավ, ասում եք` Ցեղասպանությո՞ւն, դեմ չենք, եկեք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք այդ հարցը` եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանն իբր թե խորամանկ պատասխան տվեց, թե գիտեք ինչ` եկեք, մենք մեր հարաբերությունները կագավորենք, սահմանները բացենք եւ հետո ոչ թե այդպիսի մի հանձնաժողով, այլ մի մեծ կառավարական հանձնաժողով ստեղծենք, որտեղ կքննենք բոլոր հարցերը: Այսինքն՝ նա համաձայնեց ստեղծել այդ հանձնաժողովը, բայց ոչ թե առանձին, այլ` կառավարական, պետական հանձնաժողովի կազմում: Եւ Շվեյցարիայում ստորագրված արձանագրություններում հենց դա էլ արձանագրվեց. միջկառավարական հանձնաժողովում ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձանաժողով, որը պետք է քննի Ցեղասպանության լինել-չլինելու հարցը»:  (Լեւոն Տեր-Պետրոսյանի 2012թ. ապրիլի 20-ի ելույթից):
Մի քանի օր հետո նույն թեմայով՝ «Խոհեր Հայաստանի անցյալի եւ ապագայի մասին» նախընտրական ելույթում, ցուցադրված «Կենտրոն» հեռուստատեսությամբ.
3. «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել. թե՝ եկեք քննենք, տեսնենք Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց: Մենք ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել եւ չենք պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ դատարկ: Որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց այդ հարցը, դա միայն մի ելույթի խնդիր չպետք է լիներ: ՄԱԿ-ը ունի հարց բարձրացնելու ընթացակարգ։ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիարժեք անդամ, կարող է բարձրացնել ցանկացած հարց՝ պաշտոնապես մշակված ու փաստաթղթավորված։ Եւ ՄԱԿ-ն իրավունք չունի չքննարկելու այդ հարցը: Ուրեմն՝ ի՞նչ էր դա, ընդամենը մի ելույթ, տղայություն, որ ցույց տա, թե տեսեք՝ ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ ՄԱԿ-ում ինչ ուզես՝ կարող ես ասել. Ահմադինեժադը գնում ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ուզես ասում է, իսկ Չավեսը նույնիսկ սատանա է փախցնում, ծուխ է անում, որ Բուշի ուրվականը հեռանա այդ ամբիոնից… Եւ ի՞նչ: Այդ տղայության գինն ի՞նչը եղավ: Այդ տղայության գինը եղավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Թուրքերն ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնո՞ւմ եք այդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ մեզ չէին ասում: Որովհետեւ հիմք չունեին ասելու: Եթե ասեին, ես կպատասխանեի՝ այդ ի՞նչ եք խոսում, մենք Ցեղասպանության հարցը բարձրացրե՞լ ենք: Սփյո՞ւռքն է բարձրացրել՝ գնացեք Սփյուռքի հետ խոսեք: Հայաստանը, որպես պետություն, ընդհանրապես չպիտի մասնակցեր այդ գործընթացին։ Դրանով միայն վնասեց, դրանով միայն սփյուռքահայերի արդար, քաղաքացիական պահանջը վերածեց միջպետական քաղաքականության խնդրի եւ փաստորեն գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց: Մեր ժամանակ էլ են շատ երկրներ ճանաչել Ցեղասպանությունը, բայց ոչ մեր պահանջով։ Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը եւ երբեք չի ճանաչի: Որեւէ երկիր դա կարող է անել երկու պարագայում. առաջին՝ եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք, որը, հատկապես ընտրությունների ժամանակ,  խնդիր է ստեղծում իր իշխանությունների համար, եւ նրանք ընդառաջում են։ Երկրորդ՝ եթե աշխարհաքաղաքական նկատառումներով դա իրենց ձեռնտու է, իրենց պետք է» (վերծանություն տեսանյութից):
 Օսկանյանը համաձայն չէ, նա ասում է.
«Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստմերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են»։ Փակագծում ասենք, որ նույնը պնդում է նաեւ լրագրող Թաթուլ Հակոբյանը («Տեր-Պետրոսյանը ճիշտ չի հիշում»)՝ մեջբերելով Էրդողանի եւ Քոչարյանի նամակների բնագրերը։
Հիմա տեսնենք, թե իրականում ինչ են ասում նույն այդ բնագրերը (մեջբերումներում ընդգծումներն իմն են – Ա. Ս.)։
Էրդողան (առաջարկել է).
 «Պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915 թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»։
Քոչարյան (պատասխանել է).
«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ... ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած եւ բոլոր խնդիրները (ընդգծումներն իմն են- Ա. Ս.)՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»::
Նամակային երկխոսության միակ թեման Ցեղասպանության հետ կպված հանձնաժողովն է։ Ուստիեւ Քոչարյանի պատասխանում ընդգծված «ցանկացած եւ բոլոր խնդիրները» ձեւակերպման տակ (թող լինի՝ ի թիվս այլ խնդիրների) խոսքն առաջին հերթին Էրդողանի արած առաջարկին է վերաբերում։ Ավելի հստակեցնենք. Քոչարյանը պարզապես Էրդողանի առաջարկն ընդունելու համար ՊԱՅՄԱՆ է դնում՝ նախ բացեք սահմանները, երկու երկրների միջև հաստատենք բնականոն հարաբերություններ, ապա «կառավարական հանձնաժողովների» մակարդակով նստենք ու քննարկենք «ցանկացած եւ բոլորխնդիրները», նաեւ «անցյալին անդրադառնալու»  առաջարկը, ինչը եւ իրականություն դարձավ Ցյուրիխյան արձանագրություններում։

Բ) «Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը»։
Այս թեմային էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է բազմիցս։ Սակայն տվյալ դեպքում նա դա արձանագրում է որպես փաստ, այստեղ առանց վերաբերմունքի. կարգավորման հիմքում դրվելու է Մադրիդյան փաստաթուղթը, որը ժամանակին ընդունել է Ռ. Քոչարյանը։ Գնահատական էլ չի տալիս, ասում է, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Օսկանյանի՝ վախեցածի ռեակցիան ենթագիտակցության (Ֆրոյդ) թելադրանքի է նման.
 «Մադրիդյան փաստաթղթի մասին: Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ»:
Լավ։ Մի քանի հռետորական հարց տանք.
Իսկ կարգավորման ո՞ր ծրագիրն է, որ Հայաստանը, եթե ընդունել է, ընդունել է առանց տասնյակ վերապահումների։ Չէ՞ որ Օսկանյանը դա շատ լավ գիտի։
Եւ այդ ո՞ր փաստաթուղթն է, որ կարգավորման հիմք ընդունելուց հետո հետագա բանակցությունների ընթացքում չպիտի աշխատեինք «ավելի ընդունելի» դարձնել։
Ասում է, թե դա «հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ»։ Շատ լավ, ո՞վ չի ուզենա, որ այդպես լինի։ Եւ եթե այդպես է, ինչո՞ւ է իրար խառնվել, դաժան շփոթմունքի մեջ է հայտնվել Վ. Օսկանյանը՝ երկու մեծ պարբերություն երդվելով ու հավաստիացնելով, թե Մադրիդյան փաստաթուղթը նմանը չունի։ Կլինի կարգավորումը, կտեսնենք։

Գ) «Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից»
 Եւ կրկին, նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցին ոչ մեկ անգամ անդրադարձել է մանրամասն ու սպառիչ, ստորեւ մեջբերենք այդ անդրադարձներից.
1. «Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։
Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա» (2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթից)։
2. « Ղարաբաղի հարցում էլ մեր իշխանությունները, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, գործեց մի ճակատագրական սխալ, որիտակից մենք դուրս չենք գալու երբեք: Դա Սերժի սխալը չէր, Սերժն այն ժամանակ պաշտպանության նախարար էր եւ մեղավորէ այնքանով, որ այդ իշխանության մասն էր, բայց որոշողը նախագահն էր: Եւ այդ սխալը Ռոբերտ Քոչարյանը կտակեց ՍերժՍարգսյանին: Դա Ղարաբաղին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելն էր, նրան բանակցությունների ձեւաչափիցդուրս շպրտելը: Ի՞նչ ասաց Ռոբերտ Քոչարյանը. ասաց` Ղարաբաղի նախագահ եմ եղել, հիմա Հայաստանի նախագահ եմ, եսկարող եմ ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, պետք չի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Այնպիսի մինվեր արեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ նրանք ապշեցին: Նույնիսկ այնքան միամիտ էր, որ չկարողացավ այդնվերը ծախել, ձրի տվեց, էժան, կոպեկով, ինչ է թե` միջազգային հանրությունը ասի` տեսեք ինչ տղա է, ինչ լայնախոհ է, ուզում էլուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի ամբողջ պայքարը 90-ական թվականներին մեր դեմ, մեր դիվանագիտության դեմ, եղել է՝անել ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին: 1992 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էրարտաքին գործերի նախարարը, եւ ձեւավորվեց Միսնկի խումբը, մեզ հաջողվեց Մինսկի խմբում ունենալ հետեւյալ բանաձեւը, որ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղի ընտրյալ իշխանությունները: Դրանով արդենդրված էր Ղարաբաղի կարգավիճակի հիմքը`«ընտրյալ իշխանությունները»: Իսկ երկարատեւ պայքարից հետո կամ, ավելիճիշտ, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանին եւԱդրբեջանին հավասար, լիարժեք կողմ: Դա նշանակում է, որ Մինսկի խմբի կամ միջազգային հանրության ներկայացրածկարգավորման ցանկացած ծրագիր պետք է արժանանար միաժամանակ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանիհավանությանը: Եւ դա կիրառվեց, գործի մեջ դրվեց երկու անգամ: 1997 թվականին Մինսկի խմբի համանախագահությունըհակամարտող կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին ներկայացրեց կարգավորման, այսպես կոչված, «փաթեթային» տարբերակը: Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղը վետո դրեց դրա վրա, չհամաձայնեց: Վերջ, ոչ ոք չբողոքեց, ոչ մի աղմուկ չեղավ, որովհետեւ Ղարաբաղն ուներ վետո դնելու, չընդունելու իրավունքը, եւ այդ ծրագիրը դրվեց մի կողմ: Մի քանի ամիս հետո բերեցին «փուլային» տարբերակը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջաննընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղն ասաց`ոչ։ Ասին` շատ լավ, եւ ետ տարան այդ թուղթը: 1998 թվականին վերջինանգամ բերեցին «ընդհանուր պետության» տարբերակը: Այս անգամ արդեն Հայաստանը, Ղարաբաղը համաձայնեցին, Ադրբեջանն ասաց` ոչ: 1998 թվականից հետո Ղարաբաղն այլեւս չկա բանակցություններում որպես հակամարտության կողմ, միջազգային հանրության համար այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունի: Հիմա բոլործրագրերը ներկայացնում են միայն Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ցավում եմ, բայց սա այլեւս անշրջելի է»։ (Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. ապրիլի 20-ի հանրահավաքում):
Ինչպես դժվար չէ նկատել, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուր հստակ վերաբերում է ԼՂՀ՝ որպես հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատին։ Օսկանյանը խոսում է բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցել- չմասնակցելու մասին, ինչը բացարձակապես կապ չունի խնդրի էության հետ եւ կամ ուղղված է այդ էությունը խեղաթյուրելուն։ Կրկնենք. հակամարտության կողմի մանդատը ենթադրում էր, որ եռանախագահության կողմից արված կարգավորման առաջարկները ներկայացվում էին հավասարապես՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Ղարաբաղին, որոնցից յուրաքանչյուրն այդ առաջարկները մերժելու, այսինքն՝ վետոյի իրավունք ուներ։ Սա էր առաջնայինը, մանդատի էությունը։ Ահա որպես հակամարտության կողմ, ԼՂՀ-ն, ընդհուպ մինչեւ 1998 թ., Մինսկի խմբից, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, ստացել է կարգավորման երեք փաստաթուղթ՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետություն»՝ օժտված դրանց վրա «վետո» դնելու իրավասությամբ։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուրեք Ղարաբաղի՝ հակամարտություն կողմի մանդատի մասին է։
Եւ վերջապես, եթե, Օսկանյանի պնդմամբ, Ղարաբաղը հակամարտության կողմի կարգավիճակը կորցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ապա ինչպես կբացատրի, որ նրա հրաժարականից հետո էլ՝ 1998 թվականին, համանախագահների կողմից Հայաստանին, Արդբեջանին ու նաեւ Ղարաբաղին է ներկայացվել «Ընդհանուր պետության» առաջարկը։ Այ, դրանից հետո է, որ Ղարաբաղին այլեւս ոչինչ չի ներկայացվել։
Մարդ ակամա անհարմար է զգում, որ, իրերի բերմամբ, Ղարաբաղյան հակամարտությանը ամենաքաջատեղյակ մարդկանցից մեկին՝ Վ. Օսկանյանին պետք է բացատրել այս տարբերությունները։ Բայց ահա, ինքն՝ Օսկանյանը, առանց որեւէ ամոթի ու բարդույթի, մատնոց խաղացողի մակարդակով, աճպարարություն է անում «հակամարտության կողմ» եւ «բանակցային կողմ» հասկացություններով։
Մեկ անգամ արդեն առիթ եղել է հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2010թ. մարտին այս հարցով արած հետեւյալ պաշտոնական հայտարարությունը. «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը» (Հայկական ժամանակ», 30.03.2010)։ Մեկ տարի առաջ նույնօրինակ մի հոդվածի վերջում դրված հետգրության մեջ Ֆասիեի այս խոսքը մեջբերելուց հետո iLur-ն արձանագրել էր. «Finita la Comedia!»։ Սակայն պարզվում է, որ կոմեդիան Օսկանյանի հիմնական դերակատարմամբ շարունակվում է՝ վերածվելով անդուր խեղկատակության։

http://www.ilur.am/news/view/53548.html

Monday, January 25, 2016

Թե ինչպես եղավ, որ, իրոք, «խիյարը թարս բուսնեց»


Թվում է, թե սահմանադրական հանրաքվեի թեման փակվեց։
Իրականությունը բոլորովին այլ է, քանզի սահմանադրական հանրաքվեի իրական հետեւանքները, որպես քաղաքական գործոն, դեռ դրսեւորվելու են որպես առաջիկա իշխանության կարեւոր գործիք։ Նկատի ունենք հանրաքվեի ամենաանսպասելի ու կարեւոր արդյունքը, հետեւանքը՝ հասարակության վերաբերմունքը։
Առաջին անգամը չէ, որ վարչախումբն ընտրություններ է կեղծում՝ դրանով, ըստ էության, իշխանության յուրացման ծանրագույն հանցանք գործելով։ Ճիշտ է՝ ամեն անգամ ընտրություններ կեղծելուց հետո ավելացել է կեղծարար վարչախմբի նկատմամբ անվստահությունը, զայրույթը, ատելությունը։ Եղել են հետընտրական բողոքի եւ ընդվզման սուր ու զանգվածային զարգացումներ՝ փողոց ու հրապարակ հանելով մինչեւ մի քանի հարյուր հազար մարդ։ 2004 թվականի ապրիլի 12-ին բողոքի այդ ցույցերի դեմ ընտրակեղծարար վարչախումբը բռնի ուժ գործադրեց, 2008 թ. մարտի 1-ին, ոստիկանության ուժերով խաղաղ ցուցարարների վրա բարբարոսական հարձակումն անբավարար համարելով, նրանց դեմ բանակը հանվեց, 10 մարդ սպանեց։
Եւ, այդ բոլորով հանդերձ, հասարակության բացասական վերաբուրմունքը՝ ատելության, զայրույթի ու զզվանքի տեսքով, երբեք այնքան անխառն, այնքան համատարած, այնքան խորը չէր եղել, ինչքան դեկտեմբերի 6-ի քվեարկությունից հետո։ Այս իրողության ապացույցը հրապարակներում ու փողոցներում չպետք է փնտրել բողոքի ցույցերի տեսքով։ Դա յուրաքանչյուրը ոչ միայն տեսնում է իր մեջ, այլեւ սեփական շրջապատում ու, անգամ զարմանքով, արձանագրում դա։
Այս երեւույթը հատկապես բացատրության կարիք ունի, երբ նկատի ենք ունենում, որ խոսքը սահմանադրական հանրաքվեի մասին է։ Բանն այն է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում կոնկրետ մարդկանց իշխանության հարց է լուծվում, սահմանադրության քվեարկության դեպքում դրա ելքը շատ միջնորդավորված է առնչվում մարդկանց, մարդկանց խմբերի, խավերի եւ այլն շահերին (մեծագույն մասը դա չի էլ գիտակցում կամ տեսնում)։ Ուստիեւ՝ անմիջական առարկայական շահագրգռվածության աստիճանն այս դեպքում շատ ավելի ցածր է։ Ըստ այդմ էլ՝ հանրաքվեների դեպքում հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու վերաբերմունքն անհամեմատ թույլ է ինչպես մասնակցության, այնպես էլ կատարված կեղծիքների դեմ բողոքելու առումով։ Մեզ մոտ դրա ապացույցներն են, թեկուզ՝ 2003 եւ 2005 թվականների սահմանադրական հանրաքվեները։
Այսինքն՝ Հայաստանի ժողովուրդը տեսել էր վարչախմբի կողմից անցկացված շատ ավելի կոպիտ, ծեծուջարդով, ընդհուպ սպանություններով ուղեկցված համապետական քվեարկություններ։ Տեսել էր տոկոսային առումով նույնքան, գուցեեւ շատ ավելի մեծամասշտաբ կեղծիքներ։ Տեսել էր շատ ավելի լկտի, ցինիկ ու բարբարոսական վերաբերմունք։ Արդ՝ ի՞նչն է պատճառը, որ անսպասելիորեն այդքան համատարած եղավ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետեւանքով ժողովրդի վիրավորվածությունը՝ իր լայնությամբ ու խորությամբ գերազանցելով մինչ այս եղած բոլոր համապետական քվեարկություններին՝ լինեն դրանք ընտրություններ թե հանրաքվեներ։
Բնականաբար, հարցի պատասխանը չպետք է փնտրել հանրաքվեի դրված փաստաթղթի բովանդակության մեջ։ Հասարակության  99 և ավելի տոկոսն իրականում նման փաստաթղթերը չի կարդում։
Խնդիրը մատուցման ձեւի մեջ էր.
Ա) Սահմանադրությունը փոխելու մասին Ս. Սարգսյանը խոսեց անակնկալ։ Դրա մասին երբեք խոսք չէր եղել ո՛չ նրա, ո՛չ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերում։
Բ) Առաջին անգամ այդ մասին խոսելով՝ նա միաժամանակ ասաց, թե ընդառաջում է ուրիշների՝ ընդդիմության ցանկությանը, իսկ ինքն անձամբ Հայաստանի համար ճիշտն ու նպատակահարմարը նախագահական համակարգն է համարում։
Գ) Քաղաքական շրջանակներն անմիջապես հասկացան, որ դա ընդամենը խաբեություն է, Ս. Սարգսյանը պարզապես ուզում է շրջանցել Սահմանադրության՝ երրորդ անգամ իշխանության գալու արգելքը եւ, խորհրդարանական համակարգ հաստատելու միջոցով, որեւէ պաշտոնով փաստացի մնալ իշխանության գլխին։ Նրա այս նախաձեռնության դեմ ի մի հավաքվեցին բոլոր, նաեւ՝ այն քաղաքական ուժերը, որոնց, իբր, մեծահոգաբար «ընդառաջում էր» Ս. Սարգսյանը։
Դ) Այս բացահայտման հասարակական հնչեղությունը կանխելու համար Ս. Սարգսյանը հանդիսավոր երդվեց, որ ինքը չի հավակնելու երկրի ղեկավարի դերի որեւէ պաշտոնում։
Ե) Երբ այս «կուտն» էլ ոչ մեկը չկերավ, նա ամենակոպիտ միջոցներով քանդեց Սահմանադրությունը փոխելու դեմ համախմբված ուժերի միասնությունը, մասնավորապես՝ ծանր հարված հասցնելով ԲՀԿ-ին։
Զ) Քարոզչության ընթացքում վարչախումբը, մի կողմից՝ ներկայացնում էր, թե Սահմանադրությունը փոխում է ապահովելու համար ընդդիմության՝ ազատ ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորությունը, հաստատելու իրավունքի եւ օրենքի գերիշխանություն, արդարադատություն, պաշտպանելու մարդու իրավունքները եւ այլն, մյուս կողմից՝ ամենատգեղ ձեւով ոտնահարում էր այդ ամենը։
Է) Իսկ երբ վերջապես գործի դրվեց նաեւ անձնագրեր ու ցուցակներ հավաքելու, ահաբեկելու, ընտրակաշառք բաժանելու, տարաբնույթ ճնշումներ բանեցնելու եւ այլ մեթոդները՝ անհեթեթությունը հասավ իր գագաթնակետին. ստացվեց, որ հակառակ «անհասկացող» ժողովրդի՝ նրան թալանող ու կեղեքող վարչախումբը կաշվից դուրս է գալիս, որպեսզի կեղեքվողին ու թալանվողին փրկի կեղեքվելուց, թալանվելուց, նրա համար ապահովի օրինական ու արդար երկրում ապրելու, բարձր կենսամակարդակ ունենալու հնարավորություն։
 Ը) Հանրաքվեից երկու օր առաջ ինքը՝ Ս. Սարգսյանը լրացրեց պակասը՝ հրապարակավ դրժելով պետության մեջ առաջին դեմքի պաշտոնի չհավակնելու իր՝ դարձյալ հրապարակավ տված երդումը։
Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը ստի, խաբեության, ընդհուպ մանր ժուլիկության մեթոդներով փորձում էր «հարիֆի», անհասկացողի, ապուշի դեղ դնել մի ողջ ժողովրդի. դա վիրավորեց բոլորի մարդկային արժանապատվությունը։
Բոլորի աչքի առաջ երկրի ղեկավարը խաբում էր, երդմնազանց լինում, դա էլ նույն կերպ վիրավորեց բոլորի ազգային եւ քաղաքացիական արժանապատվությունը։
Քարոզչության մեկամսյա շրջանում հեռուստաեթերի օրական ընդամենը 2 րոպեն «ՈՉ»-ի միասնական շտաբին բավարար եղավ սահմանադրափոխության իրական նպատակի մասին արդեն իսկ տարածված պատկերացումը համատարած դարձնելու, համոզմունքի վերածելու ու մարդկանց ակտիվ հակազդեցության մղելու համար։ Իսկ այդ ակտիվ հակազդեցությունն արտահայտվեց հանրաքվեին զանգվածային մասնակցությամբ ու համատարած «ՈՉ» քվեարկելով։
Այստեղ մեր ունեցած փաստերի եւ ստացած բազմաթիվ ու համահունչ տեղեկատվության հիման վրա ասենք, որ այդ «համատարածը» շատ ավելին է եղել, քան կարող է երեւալ առաջին հայացքից։ Պետական ապարատի աշխատողների զգալի մասը «ՈՉ» է քվեարկել։ «Ոչ» են քվեարկել անգամ շատ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ «ՈՉ» է քվերկել բանակի մի մասը (տեղեկություններ կան որոշ զորամասերում այս առիթով «ծառայողական քննությունների» մասին։ Իսկ առավել բնութագրականը երկու այլ փաստ է։ «ՈՉ» է քվեարկել ոչ միայն ընտրակաշառք վերցնողների մեծ մասը (եթե նրանց քվեարկությունը հստակ չի վեահսկվել), այլ նաեւ լրացուցիչ ցուցակներով բազմակի քվեարկող «մոբիլ» խմբերում ընդգրկվածների մի մասը։ Շատերն են զարմանքով հայտնում, թե քվեարկության են գնացել եւ «ՈՉ» քվեարկել իրենց շրջապատից մարդիկ, ովքեր «կյանքում ընտրության չեն գնացել»։
Սա իրեն հայհոյված համարող, իր մարդկային եւ ազգային արժանապատվությունը խորապես վիրավորված ժողովրդի ռեակցիա էր։
Ո՞ր դեպքում չէր առաջանա նման հասարակական ընդդիմացում, ռեզոնանս։
Այն դեպքում, եթե Ս. Սարգսյանը շիտակ գտնվեր ժողովրդի հետ հարաբերություններում, չփորձեր նրան այդքան էժանագին, երկրի ղեկավարին անհարիր, ամոթալի մեթոդներով խաբել։ Այսինքն՝ ոչ թե ամբողջ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությամբ հանդես գար, այլ գործող Սահմանադրության այն միակ հոդվածի փոփոխությամբ, որը թույլ չի տալիս որեւէ մեկին երկու անգամից ավելի անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այսինքն՝ անձնական իշխանության երկարաձգման իր նպատակին հասներ այնպես, ինչպես դա արել են Միջին Ասիայում, Ադրբեջանում, Բելառուսում եւ այլն։
Ո՞ր դեպքում են երկրների նախագահները ընտրում անձնիշխանություն  հաստատելու այս «շիտակ» ճանապարհը։
Երբ համոզված են, որ ունեն երկու՝ ներքին եւ արտաքին խոչընդոտ հաղթահարելու ռեսուրս։
Ա) Ներքին խոչընդոտը սեփական հասարակությունն է, նրա ընդդիմացումը։ Դա իշխանության հավերժացման ձգտող նախագահի համար հաղթահարելի է, երբ արդեն իսկ ժողովրդին հաջողվել է այնպիսի վիճակի հասցնել, որ նա այլեւս քաղաքականապես սպանված է եւ հոգեբանորեն իրեն ոչ թե քաղաքացի է զգում, այլ հպատակ, ի վիճակի չէ դիմակայելու։ Այդ քայլին դիմում են նաեւ այն դեպքում, երբ երկրի նախագահը հասարակության մեջ ինչ-որ կերպ կարողացել է պահպանել զգալի դրական վարկանիշ, որոշակի սոցիալական բազա, որի վրա հենվելով՝ կարող է հաղթահարել ժողովրդի մյուս մասի ընդդիմացումը։ Սերժ Սարգսյանը չուներ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։
Բ) Արտաքին խոչընդոտը միջազգային ժողովրդավարական կառույցների եւ աշխարում ժողովրդավարության տարածման առաքելություն ստանձնած խոշոր երկրների դիմադրությունն է։ Ս. Սարգսյանն իր՝ ներքին օրինակարգության դեֆիցիտով եւ անձնական խոցելիությամբ չէր կարող հաղթահարել այդ խոչընդոտը։
Ահա թե ինչու նա չգնաց իշխանության հավերժացման այս կարճ, «փորձված» ու «շիտակ» ճանապարհով։ Իսկ ընտրած խոտոր ճանապարհը բերեց մի արդյունքի, որն առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործոն է դառնալու վարչախմբի ճակատագրի համար։ Կամ՝ Ս. Սարգսյանի սիրած թեւավոր արտահայտությամբ՝ նրա համար այս դեպքում, իրոք, «խիյարը թարս բուսնեց»։

http://www.ilur.am/news/view/51883.html

Wednesday, December 9, 2015

Հանրաքվեի իրական արդյունքները


Ա) Ձախողվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով հաստատված ավազակապետական ռեժիմի հիմնական քաղաքական ծրագիրը։ Այդ ծրագիրը ենթադրում էր երկու խնդրի լուծում։ Առաջին՝ տնտեսական, սոցիալական եւ իրավական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց պարագայում բնակչության մի զգալի մասը գերադասի արտագաղթել երկրից։ Ինքնին ակնհայտ լինելուց բացի, այդ ծրագրի մասին բացառիկ մի ցինիզմով հայտարարեց Ս. Սարգսյանի տխրահռչակ վարչապետներից մեկը։ Երկրորդ՝ աղքատության եւ վախի մթնոլորտի խորացում այն աստիճանի, որ երկրում մնացած բնակչության մեծ մասն էլ, հուսահատության ու հուսալքության մատնված, ձեռք բերի հպատակի, ճորտի հոգեբանություն եւ դադարի քաղաքական գործոն լինելուց։
Ս. Սարգսյանի իշխանության տարիներին, խաղաղ պայմաններում, պաշտոնական տվյալներով՝ արտագաղթել է 300.000 մարդ, իսկ իրականում՝ կես միլիոնից ոչ պակաս։ Կասկածից վեր է, որ այդ մարդիկ «ՈՉ» պիտի քվեարկեին։ Ավելի ճիշտ՝ նրանք արդեն իսկ քվեարկել են այդ «ՈՉ»-ը՝ Հայաստանից արտագաղթելով։ Ս. Սարգսյանի իշխանության տարիներին կտրուկ աճել է աղքատությունը` շատ ավելի, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը: Թվում էր, թե սեփական ժողովրդի նկատմամբ տարած նման «հաղթանակներից» հետո ռեժիմի համար դժվար չէր լինի առանց լուրջ ընտրախախտումների իր «Այո»-ն հավաքել։
Եղավ ճիշտ հակառակը։ Հայաստանի ժողովուրդը միահամուռ «ՈՉ» քվեարկեց։ Դա անսակարկելի ապացույցն է այն բանի, որ, չնայած վիթխարի քանակական կորուստների եւ աղքատության խորացման, ժողովուրդը որպես քաղաքական գործոն ոչինչ չի կորցրել եւ ոչ մի կերպ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ իշխող ռեժիմին։ Իսկ այն փաստը, որ այդ «ՈՉ»-ը վերաբերում էր ոչ թե ինչ-որ փաստաթղթի, այլ Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմին, վկայում է հայաստանյան հասարակության քաղաքական ընկալունակության նախանձելի մակարդակի մասին։
Քարոզչության փուլում անհավասարության, հսկայական ռեսուրսների ներդրման, քվեարկության օրն անհեթեթության հասնող «լրացուցիչ ցուցակներով» վերահսկվող եւ բազմակի քվեարկությունների, ընտրակաշառքի, լցոնումների, ահաբեկումների, զինվորականների վերահսկվող քվեարկություններով հանդերձ՝ քվեատուփերում հայտնված «ՈՉ» քվեաթերթիկներն առնվազն 2-3 անգամ ավելի էին։ Վիճակը շտկելու համար ռեժիմն ստիպված էր դիմել իր զինանոցի հին միջոցներին՝ բռնություններ, լցոնումներ (քվեարկությունից հետո), պարզ թվանկարչություն եւ այլն։
Բ) Սերժ Սարգսյանը զրկվել է պետական համակարգի զգալի մասի աջակցությունից: Տարբեր աղբյուրներից զանգվածաբար ստացված տեղակատվության համաձայն՝ «ՈՉ» է քվեարկել պետական ծառայողների, ոստիկանության, չինովնիկության մեծ մասը։ Ավելին՝ «ՈՉ» են քվեարկել որոշ նախարարներ, ՀՀԿ-ական պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ դատավորներ, արդարադատության համակարգի աշխատողներ, նույնիսկ` Սահմանադրական դատարանի անդամներ։ Ընդ որում, դա արել են ո՛չ այնքան գաղտնի (հակառակ դեպքում՝ նման տեղեկատվություն չէր տարածվի)։
Այսինքն, եթե մինչեւ ժամը 20-ն ամեն տեսակ ընտրակեղծարարությունների հետեւանքով քվեատուփերում առկա «Այո»-ն չէր անցնում 30 %-ը, ապա լիակատար ազատ քվեարկության դեպքում՝ «Այո»-ի տոկոսն անգամ երկնիշ թվով չպիտի արտահայտվեր։ Ասել է թե՝ կեղծիքի բացառման դեպքում, այս հանրաքվեի իրական արդյունքները ժողովրդի միակամության արտահայտման տեսակետից համեմատելի պիտի լիներ 1991 թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին։
Գ) Հանրաքվեի իրական արդյունքները գործնականում գիտեն բոլորը։ Գիտեն ամենահեռավոր գյուղի բնակիչներից մինչեւ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը։ Ուստիեւ՝ այս հանրաքվեով ժողովուրդը ռեժիմին հասցրեց ծանրագույն մի հարված` նրան ենթարկելով ցնցակաթվածի։ Հակառակ դեպքում՝ արդեն վաղուց փափկասուն կյանքի սովոր ՀՀԿ-ական ողջ վերնախավը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բաց աչքով չէր լուսացնի դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը։
Դ) Հանրաքվեի եւ նրա իրական արդյունքների վրա, ըստ էության, ոչ մի ազդեցություն չունեցավ ռեժիմի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի արտահայտմանն օբյեկտիվորեն խոչընդոտող՝ «բոյկոտի», «կեղծ օրակարգի» քարոզչությունը։ Իր զանգվածային մասնակցությամբ եւ միահամուռ քվեարկությամբ ժողովուրդը ցույց տվեց, թե ինքը ռեժիմից ազատվելու հարցում ինչպիսի քաղաքական ուղեգծի կողմնակիցն է։  
Ե) Դատելով մամուլի, սոցիալական ցանցերում քաղաքացիների արձագանքներից, ռեժիմն իր դեմ տրամադրեց մինչ այժմ քաղաքականապես համեմատաբար պասիվ խավերի։ Ընտրական հանձնաժողովներում թաղի խուժանի, քրեական տարրերի կողքին ու նրանց հավասար, որպես ընտրակեղծարարության գործիք, մեծ թվով ուսուցիչների օգտագործումը վիրավորում է այս խավի արժանապատվությունը։ Դա նաեւ շատ լուրջ հարցադրումներ է առաջացնում հասարակության մեջ. բոլորն են հասկանում, որ ուսուցչի՝ դարերով միայն հարգանքի ու ընդօրինակման արժանի կերպարի քրեականացումը շատ ծանր հետեւանքներով է հղի։ Որոշակի տեղաշարժ եղավ նաեւ մտավորականության վարքագծում։ Հայտնի մտավորականության ներկայացուցիչներն արդեն քարոզչության շրջանում ակնհայտորեն ձեռնպահ մնացին «Այո»-ի քարոզչության մաս կազմել։ Իսկ կատարված խայտառակությունից հետո նրանցից ոմանք նաեւ հրապարակավ իրենց զայրույթն են արտահայտում։ Սրանք նոր երեւույթներ են։
Զ) Միանշանակ չէ, ավելի շատ բացասական է նաեւ միջազգային արձագանքը։ Բնական է, որ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները, խոշոր երկրները նույնքան լավ տեղյակ են կատարվածին։ Եւ եթե անգամ ունեն Սերժ Սարգսյանին պաշտպանելու՝ իրենց շահերից բխող շարժառիթներ, ապա շատ լուրջ պետք է հաշվեն, թե քաղաքական առումով որն է ավելի կարեւոր՝ Ս. Սարգսյանից ստանալի՞քը, թե՞ մի ողջ ժողովրդի աչքում մինչեւ վերջ վարկաբեկվելը։

http://www.ilur.am/news/view/51185.html