Thursday, March 15, 2018

Հարութ Սասունյանի անբարո բիզնեսը


 «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, չարախնդալով հայ-թուրքական արձանագրությունների՝ իր բնորոշմամբ՝ «խայտառակ ջախջախման» առիթով, հարկ է համարում մի քանի «դասեր տալ» «Հայաստանի ղեկավարությանը» (ոչ միայն այսօրվա, այլև՝ ընդհանրապես)։ Մեծահոգաբար վերջինիս իրավասությանը թողնելով «Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրները» (երեւի՝ գազ, ջուր, հոսանք, տրանսպորտ...)՝ մնացած դեպքերում պահանջում է.
«...նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին»՝՝
մասնավորապես առանձնցնելով երեք խնդիր.
Հայոց ցեղասպանությունը,
Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից,
Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը։
Այսինքն թե՝ Հայաստանը այս հարցերի հետ կապված որեւէ քայլ կատարելիս պետք է ունենա Սփյուռքի «դաբրոն»։ Ընթերցողն անմիջապես պետք է հասկանա, որ այս ամենի հիմքում «ազգային միասնության» գաղափարն է եւ «բուռն հայրենասիրությունը»։
Այս առիթով՝ մի քանի արձանագրումներ եւ հռետորական հարցեր:
Այդպես էլ չիմացանք, թե ինպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, ի՞նչ մարմին է ներկայացնում ողջ հայկական Սփյուռքը։ Որպես կանոն՝ նման միտք արտահայտողները նկատի են ունենում անձամբ իրենց, առնվազն՝ նաեւ իրենց։ Այդպես էլ՝ Հարութ Սասունյանը։ Հիշեցնենք, իմիջիայլոց, նման շատ ավելի հին մի «դաս». 1918-1920թթ., Առաջին հանրապետության գործիչների խոստովանությամբ՝ աղետներ բերած արկածախնդրական քայլերը կատարվել են հենց «ազգային միասնության» հիմքով եւ Սփյուռքի «հայրենասիրական» ճնշումներին տեղի տալով։
Ասենք, որ Հայաստանի՝ որպես անկախ պետության, եւ նրանից (որպես ազգային կազմավորումներ) մի մակարդակ ցածր հայկական համայնքների փոխհարաբերությունների եւ իրավունքների մասին 1990 թվականից ի վեր գրվել է բազմիցս, մանրակրկիտ, մանրամասն, հանրամատչելի, հասկանալի։ 
Երեք տասնամյակ շարունակ բացատրվել է, որ, օրինակ, հիշյալ երեք հարցի այս կամ այն կերպ լուծումը անմիջական հետեւանքներ է ենթադրում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր բնակչի համար՝ սկսած նյութականից մինչեւ ապահովության, անվտանգության, ճակատագրի, կյանքի խնդիրներ։ Մինչդեռ այդ երեք հարցերի այս կամ այն կերպ արծարծումը կամ լուծումը մազաչափ անգամ չի ազդելու Կալիֆոռնիայում ապրող Հարութ Սասունյանի եւ Հայաստանից դուրս աշխարհի որեւէ կետում ապրող որեւէ հարութսասունյանի վրա։
Ուստիեւ՝ որեւէ երկրում (այդ թվում եւ Հայաստանում) ապրող այդ երկրի (այդ թվում՝ Հայաստանի) քաղաքացին է ՄԻԱՅՆ, որ իրավասու է իր ճակատագրին առնչվող ցանկացած հարցում երկրի ղեկավարությանը որեւէ պահանջ ներկայացնել։ Մարդ անհարմար է զգում հիշեցնել այս տարրական քաղաքական գիտելիքը։
Իսկ գուցե Սփյուռքը մինչեւ հիմա, հանդես գալով որպես կազմակերպական մի ամբողջություն, հավասարապես կիսե՞լ է Հայաստանի քաղաքացուն բաժին հասած դժվարությունները՝ պատերազմը, էներգետիկ ճգնաժամը, սոցիալական ծանր վիճակը, եւ, դրանով իսկ, Հայաստանի իշխանության նկատմամբ նման պահանջներ դնելու գեթ բարոյական իրավո՞ւնք է ստացել (նույնիսկ նման դեպքում որեւէ ազգի սփյուռք նման իրավունք չպիտի ունենա մայր երկրի ու նրա քաղաքացու նկատմամբ)։
Դիտարկենք դա վերջին եւ ամենաթարմ օրինակի՝ Ղարաբաղի հիմնահարցի վրա։
Հայաստանի ժողովուրդը ամբողջ չորս տարի, նախ՝ դրվագային, ապա՝ լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվեց հանուն Լեռնային Ղարաբաղի։ Պատերազմի մասնակիցների քանակը 30 հազարից շատ ավելին է։ Զոհերի թիվը՝ շուրջ 6000։ Այդ ժամանակ Սփյուռքի հայությունը գնահատվում էր երկու անգամ ավելի, քան կար Հայաստանում։ Բեռը համամասնորեն կիսած լինելու դեպքում պատերազմի կամավոր մասնակից 30 հազարից 20 հազարը պետք է լիներ Սփյուռքից։ Վազգեն Սարգսյանը պատերազմի ողջ ընթացքում գրպանում սրբորեն պահում էր Սփյուռքից Ղարաբաղում կամավոր կռվելու եկածների 12 հոգանոց ցուցակը... Այս ֆոնին մյուս հարցերից խոսելը պարզապես անիմաստ է դառնում։
Չենք մեղադրում ոչ մեկին, եւ չենք մեղադրել։
Չի՞ հասկանում Հարութ Սասունյանը, որ, մեղմ ասած, անպարկեշտություն է Կալիֆոռնիայում կամ աշխարհի ապահով մի այլ  վայրում նստած՝ Հայաստանի, նրա քաղաքացու կյանքի, անվտանգության  ճակատագրի որոշման հարցերում իրեն իրավունքներ վերապահել։ Չի՞ հասկանում, որ նման հարցադրումներով վիրավորում է Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա քաղաքացուն։
Չենք կարծում, թե չի հասկանում. թերթի խմբագիր է, թվում է՝ գրագետ մարդ։
Ո՞րն է, ուրեմն, բացատրությունը։
Աշխարհում կան բիզնեսի տեսակներ, որոնք արգելված են, դրանցով զբաղվելը քրեորեն պատժելի է։ Պատժելի է, եթե դրանք խախտում են մարդու իրավունքները կամ վնաս հասցնում հասարակական բարոյականությանը։ Այդ շարքում չկա կեղծ քաղաքական կատեգորիաների շահարկմամբ եւ կեղծ հայրենասիրության վրա արվող բիզնեսը, որը, սակայն, ոչ թե առանձին մարդկանց կամ մարդկանց խմբերի, այլ ամբողջ մի ժողովրդի համար կարող է ճակատագրական լինել, ուստիեւ՝ իր վնասակարությամբ եւ արգահատելիությամբ գերազանցում է բոլորին։ Չի արգելված՝ Հարութ Սասունյանն էլ զբաղվում է։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ղարաբաղյան կարգավորմանը եւ որեւէ այլ հարցի, ապա, կրկնենք, դրանց առիթով «Հայաստանի ղեկավարության» առջեւ խնդիրներ կարող է դնել կամ պահանջներ ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Աշոտ Սարգսյան

Sunday, March 11, 2018

Նիկոյանը ստախոս չէ, շատ ավելին է

Մարտի 1-ի խորհրդարանական լսումներին պաթոսով եւ հուզաթաթավ մի ելույթ ունեցավ նաեւ ժամանակին այս հարցով կազմված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանը։ Խոսեց խղճից ու զգացմունքներից ու... կրկնեց նույն ստերը, ու շատ ավելին, ինչպիսի ստերով ու կեղծիքներով ժամանակին կազմել էր տխրահռչակ 150 էջանոց զեկույցը։ Հիշեցնենք՝ վերջինս այլ բան չէր, քան ստով, կեղծիքով ու ամենաանհեթեթ, ծիծաղելի բացատրություններով մեղքը ընդդիմության վրա բարդելը։ 

Տեսնելով, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում լիակատար իշխող է դառնում հակառակ՝ իրականությանը համապատասխանող տեսակետը՝ խայտառակ այս փաստաթուղթը հանվեց ԱԺ կայքից (ո՞ր օրենքի ո՞ր կետի համաձայն), ինչի շուրջ մամուլում աղմուկ բարձրացավ։ Հիմա ասում է՝ գնացեք կարդացեք զեկույցը։
Բայց դա մի կողմ։
Ասում է՝ այն ժամանակ ԱԺ հանձնաժողովը Ռ. Քոչարյանին, իբր, հրապարակային այսպիսի հարց է տվել. «Ասում ենք՝ դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:
Այսինքն՝ այս ամենը բացահայտվել է մինչեւ զեկույցը գրելը։
Իսկ, ահա, իր զեկույցում Նիկոյանը հիմնավորել է արտակարգ դրություն մտցնելը՝ որպես հիմնական փաստարկ, ըստ էության, կրկնելով Քոչարյանին.
«Նկատի ունենալով, որ... ցուցարարները հարձակումներ են գործել ոստիկանության զորքերի ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների վրա, ապա արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտություն էր»։
Ի՞նչ է ստացվում ըստ Նիկոյանի։
Ստացվում է, որ 2008թ. մարտի 1-ին Ռ. Քոչարյանը այդ ցուցարարների՝ ոստիկանության վրա հարձակումների, հատկապես՝ «ավտոբուսների հետեւից ավտոմատներով ոստիկանների վրա կրակելու» հիմնավորմամբ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր է ներկայացրել ԱԺ։ Այստեղ հավատալով նրան՝ հաստատել են այդ հրամանագիրը։ Հետո Նիկոյանի հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրություններով պարզել է, որ նման բան չի եղել եւ, անգամ, հրապարակային ամոթանք է տվել Ռ. Քոչարյանին՝ նրան մեղադրելով ստախոսության մեջ։ Բայց իրողությունը պարզելուց ու տված ամոթանքից հետո էլ իր ներկայացրած զեկույցում նույն Նիկոյանը նույն հիմնավորմամբ արդարացրել է Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու մասին նույն հրամանագրի օրինականությունն ու անհրաժեշտությունը։
Դժվար է պատկերացնել... Սա ստախոսություն չէ, շատ ավելին է։ Թող ընթերցողը բառ ընտրի։
Հ. Գ. Պարզապես՝ Նիկոյանը «առողջ բնազդով» վախենում է. հիշյալ ելույթում ասում է, թե՝ զեկույցը «թողել ենք պատմությանը, ով երբ ուզենա ուսումնասիրել, թող ուսումնասիրի»։
Շատերն են երազում եւ շտապում, որ Մարտի 1-ը դառնա պատմություն։ Մարտի 1-ը ներկա է, հրատապ ներկա, պետականության առաջնային օրակարգային հարց։ Այն պատմություն կդառնա, երբ լիարժեք կբացահայտվեն դրա երեք կարգի հանցագործները՝ ապօրինի հրաման տվողները, այդ հրամանները կատարողները եւ հանցագործությունը պարտակողները։ Նիկոյանը գիտակցում է, որ ինքը այս վերջին կատեգորիայի մեջ առաջիններից մեկն է։ Ահա եւ նրա ելույթի «պաթոսի» ու չքմեղանալու հիմքը։
Աշոտ Սարգսյան

«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գրքի շնորհանդես

Գրքի հեղինակի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանում 

Արամ Մանուկյանը ներկայացնում է «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը 

Հեղինակը ներայացնում է «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը 

Ալեքսան Հակոբյանը ներկայացնում է «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը 

Friday, February 2, 2018

Ղարաբաղյան շարժման սկիզբը. փետրվարյան հանրահավաքները

(Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ)

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

1988 թ. պատգամավորների դիմումների հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհուրդն արտահերթ նստաշրջանը նշանակել էր փետրվարի 20-ին՝ ժամը 16-ին։ Չնայած հարուցած արգելքներին, ընդհուպ ճանապարհները փակելուն, մարզխորհրդի պատգամավորները «Կռունկ» կոմիտեի1 ջանքերով կարողացան հասնել Ստեփանակերտ։ Նույն օրը շտապ Ստեփանակերտ եկան Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Կ. Բաղիրովը՝ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ-ի բյուրոյի անդամների և ԽՄԿԿ ԿԿ-ի հրահանգիչ Վ. Յաշինի հետ2։ Նրանք ամեն ինչ արեցին նստաշրջանի կայացումը խափանելու համար։ Ճիշտ է, չորս ժամ ուշացումով, սակայն նստաշրջանը կայացավ, և կեսգիշերից հետո ընդունվեց հետևյալ հայտնի որոշումը.
«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.
Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծելու համար»3։
Որոշումը վավերացվեց պատգամավորների ստորագրություններով, քանի որ մարզկոմի քարտուղար Բ. Կևորկովը վերցրել էր մարզխորհրդի կնիքը և ադրբեջանցիների հետ հեռացել Աղդամ4։ Փաստաթուղթը հրապարակվեց փետրվարի 21-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Մոսկվայում, կարծես թե, հիմա հասկացան կատարվածի քաղաքական ողջ վտանգավորությունը. Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը «ներքևից», առանց վերադաս խորհրդային կամ կուսակցական մարմնի համաձայնության, նրանց կամքին հակառակ, որոշում էր ընդունել։ Ուստիև անմիջապես՝ նույն օրը, հաջորդեց ԽՄԿԿ կենտկոմի դատապարտող որոշումը, որտեղ Շարժման մասնակիցներին «ծայրահեղականներ», «ազգայնականներ» սուր ու վտանգավոր քաղաքական որակավորումներ էին տրվում, որոնք մեծ հուզում առաջացրեցին և ավելի գրգռեցին բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղում նախ Կ. Բաղիրովը, ապա նաև փետրվարի 22-ին այստեղ ժամանած մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԳԽ-ի նախագահության նախագահի տեղակալ Պ. Դեմիչևը փորձեցին հավանություն ստանալ ԽՄԿԿ ԿԿ-ի վերոհիշյալ որոշմանը։ Ըստ ՏԱՍՍ-ի պաշտոնական հաղորդագրության՝ մարզի կուսակցական ակտիվի ժողովը՝ իբրև լիակատար համաձայնություն էր տվել ԽՄԿԿ ԿԿ-ի՝ փետրվարի 21-ի այս որոշմանը և նրա պարունակած գնահատականներին՝ համարելով, որ այդ ամենը հնարավոր է դարձել «անպատասխանատու անձանց կոչերի, ինչպես նաև ինքնավար մարզի կուսակցական և սովետական մարմինների պասիվ դիրքորոշման շնորհիվ»5։
Հաջորդ օրն իսկ ԽՍԿԿ ԿԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կուսակցության մարզկոմի պլենում, որտեղ պաշտոնանկ արվեց Բ. Կևորկովը և նրա փոխարեն մարզկոմի առաջին քարտուղար ընտրվեց Հ. Պողոսյանը։ Հանդես գալով հանրահավաքում՝ Պ. Դեմիչևը և Գ. Ռազումովսկին հայտարարեցին, թե իրենք այս այցելությամբ շատ բան հասկացան ու Մոսկվա վերադառնալուն պես ամեն ինչ կհաղորդեն ՝ կոչ անելով դադարեցնել գործադուլները։ Սակայն նրանց կոչը և աշխատանքի վերադառնալու հորդորներն որևէ նշանակություն չունեցան. հանրահավաքներն ու գործադուլները շարունակվեցին։
 Միաժամանակ սկսվեցին ադրբեջանցիների կողմից բռնությունների կիրառման առաջին ակտերը։ Լեռնային Ղարաբաղի հարևանությամբ գտնվող Աղդամ քաղաքից փետրվարի 22-ին կազմակերպվեց բազմահազարանոց երթհարձակում դեպի Ասկերանի շրջան։ Ամբոխը ճանապարհին ավերում ու հրդեհում էր շինությունները, ջարդում արտադրական տեխնիկան և այլն։ Նրանց դիմագրավելու և ավերածությունները կանխելու համար ոտքի ելան Ասկերանի հայ բնակիչները։ Ընդհարման հետևանքով 25 հոգի մարմնական վնասվածքներ ստացան, որոնցից 14-ին տեղափոխեցին հիվանդանոց6։ Հարձակումը կասեցվեց միայն այստեղ տեղակայված զորամասի միջամտությամբ։ Մարզից դուրս գնացող ճանապարհների վրա վերահսկողություն սահմանվեց ադրբեջանական միլիցիայի կողմից, ինչով, փաստորեն, սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Իսկ Ասկերանի վրա գրոհը նախանշում էր, թե հիմնականում ինչ բնույթի է լինելու Ադրբեջանի կողմից հակազդեցությունը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, որի մասին կրկնեցին նաև կենտրոնական լրատվամիջոցները, ընդհարման ժամանակ զոհվել էր երկու ադրբեջանցի։

* * *
Երևանում նույն օրերին նույնպես անհանգիստ իրավիճակ էր։ Փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքը բնապահպանական թեմաներով էր և վերաբերում էր, մասնավորապես, Աբովյան քաղաքում կառուցվելիք մի գործարանի։ Հանրահավաքը շարժվեց դեպի ՀԿԿ ԿԿ-ի շենք և, փակելով փողոցը, սպասեց այնքան, մինչև տեղ հասան Աբովյան քաղաքի հանրահավաքի մասնակիցները՝ Ի. Մուրադյանի գլխավորությամբ։ Բնապահպանական հանրահավաքի ցուցապաստառների մեծ մասը, սակայն, վերաբերում էին Ղարաբաղին։
Հաջորդ օրերին Թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքներն իշխանության կողմից որևէ խոչընդոտի չհանդիպեցին։ Փետրվարի 20-ին տարածված թռուցիկը տեղեկացնում էր՝ այդ օրը կայանալու է ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան, որն «անպայման ընդունելու է ՀՍՍՀ-ի հետ վերամիավորման որոշում» և ժամը 14-ին հրավիրում էր հանրահավաքի7։ Այդտեղ նույնպես հայտարարվեց, որ սպասվում է ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը։ Կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով հանրահավաքին ներկայացվեց մի «կազմկոմիտե»՝ Ի. Մուրադյանի նախագահությամբ, որ հաջորդ օրերից սկսեց կոչվել «Ղարաբաղ» կոմիտե։ Դրա մեջ հանրահավաքների նախաձեռնողների հետ միասին ընդգրկված էին նաև մինչ այդ Ղարաբաղի խնդրով այս կամ այն կերպ զբաղված, ակտիվություն ցուցաբերած և կազմակերպիչների կողմից ճանաչված մարդիկ. գնալով այդ կազմը համալրվեց։ «Կազմկոմիտեի» մեջ ընդգրկվեցին՝ Ի. Մուրադյանը, Ս. Ղազարյանը, Մ. Սարգսյանը, Հ. Ուլուբաբյանը, Գ. Սաֆարյանը, Ա. Մանուչարյանը, Հ. Գալստյանը, Ս. Գևորգյանը, Վ. Սիրադեղյանը, Ա. Հակոբյանը, Վ. Մանուկյանը, Ա. Հովհաննիսյանը, Վ. Սարուխանյանը8։
«Կազմկոմիտեն» հետապնդումներից զերծ պահելու, ինչպես նաև հասարակական վստահությունն ու հնչեղությունն ապահովելու համար, ղեկավար մարմնին կից կազմվեց «ավագների խորհուրդ»։ Անկանխատեսելի էր իշխանությունների հակազդեցության բնույթը, և ամենևին չէր բացառվում, որ այն հանրահավաքների կազմակերպիչների ու հռետորների նկատմամբ լիներ շատ կոշտ։ Իշխանական մարմիններում և բարձր պաշտոնյաների մոտ ազատ ելումուտի հնարավորություն ունեցող, հասարակությանը հայտնի մտավորականները նման դեպքերում կարող էին ապահովության որոշակի երաշխիք լինել, ինչպես նաև՝ լրացուցիչ վստահություն ներշնչել ցուցարարներին։ «Ավագների խորհրդում» ընդգրկվեցին ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վ. Համբարձումյանը, ԳԱ թղթակիցանդամ Ռ. Ղազարյանը, բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանը, գրողներ Զ. Բալայանը, Ս. Խանզադյանը, խմբավար Հովհ. Չեքիջյանը, ԳԱ ակադեմիկոս Լ. Աղալովյանը, դերասան Ս. Սարգսյանը, նկարիչ Ս. Մուրադյանը և այլն։ Առաջին հանրահավաքները վարում էին Հ. Գալստյանը, Ս. Ղազարյանը, Մ. Սարգսյանը։ Կազմկոմիտեի կոչով հաջորդ օրերին տեղական «Ղարաբաղ» ենթակոմիտեներ ստեղծվեցին բազմաթիվ հիմնարկներում և ձեռնարկություններում։
Փետրվարի 21-ին Երևան հասավ Արցախի պատվիրակությունը՝ ձեռքին ունենալով մարզխորհրդի որոշումը՝ հուսալով ստանալ Հայկական ԽՍՀ իշխանությունների և ժողովրդի աջակցությունն ու պաշտպանությունը։ Հայաստանի Կենտկոմում հրաժարվեցին նրանց ընդունել9։ Եթե իշխանությունների աջակցությունը նրանք չստացան, ապա հանրահավաքի մասնակիցներն որոշման մասին լուրն ընդունեցին բուռն ոգևորությամբ։ Իսկույն ձևավորվեց փետրվարյան հանրահավաքների առաջին և միակ պահանջը. Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել և անմիջապես դրականորեն արձագանքել ԼՂԻՄ-ի դիմումին10։ «Սեսիա» վանկարկումը դարձավ հանրահավաքների հիմնական պահանջը։ Ի նշան «Վերակառուցման» քաղաքականության հավատարմության, հանրահավաքի մասնակիցները ծածանում էին ԽՍՀՄ պետական դրոշը, Լենինի, Գորբաչովի, քաղբյուրոյի անդամների (բացի Հեյդար Ալիևից) դիմանկարները, վանկարկում «Լենին-պարտիա-Գորբաչով», «Միացում» կարգախոսները։
Հանրահավաքի մասնակիցների թիվն արագորեն աճում էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս նաև շրջաններից։ Բազմահազարանոց հանրահավաքների և ցույցերի ժամանակ թույլ չէին տրվում հասարակական կարգի խախտումներ, մարդիկ միմյանց վերաբերվում էին շեշտված հոգատարությամբ՝ որպես միակամության ու համախմբվածության նշան՝ ընդհանուր, համազգային խնդրի շուրջ։
Փետրվարի 22-ի երեկոյան ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանը հեռուստատեսային ելույթում արցախյան շարժումը բնութագրեց հետևյալ կերպ. «գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն ու պահանջները հակասում են Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ աշխատավորների շահերին»11։ Ակնհայտ էր, որ հանրապետության իշխանությունը դեմ էր Շարժման ծավալմանը և նրանց դիրքորոշումները դույզն ինչ չէին տարբերվում Կենտրոնի դիրքորոշումներից ու գնահատականներից։ Բացատրությունը կարող էր լինել մեկը. եթե, իրոք, Մոսկվայում Ղարաբաղի պատվիրակներին ինչ-որ հույս էին ներշչնել, ապա Հայաստանի իշխանությունները դրանից բխող որևէ հրահանգ չէին ստացել։ Ավելի ճիշտ, ստացել էին հակառակ հրահանգներ և այդ շրջանակներից երբևէ դուրս չեկան։ Ղարաբաղի բարձրացրած հարցը պաշտպանելու համար հանրապետության ոտքի ելած բնակչությունը պետք է դիմագրավեր ոչ միայն Կենտրոնի և Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի իշխանությունների դիմադրությունը։
Փետրվարի 22-ին Երևան ժամանեցին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Վ. Դոլգիխը և Ա. Լուկյանովը, որոնց մասնակցությամբ փետրվարի 23-ին տեղի ունեցավ հանրապետական կուսակցական ակտիվի ժողով։ ԽՄԿԿ կենտկոմի փետրվարի 21-ի դատապարտող որոշման հիմքի վրա ժողովն ընդունեց հետևյալ բանաձևը.
«1. Ակտիվի ժողովը հավանություն է տալիս և ի ղեկավարումն ու անշեղ կատարումն է ընդունում ՍՄԿԿ կենտկոմի 1988 թվականի փետրվարի 21-ի որոշումը՝ որպես ստեղծված պայմաններում միակ ճիշտ որոշումը,
2. ժողովն ընդգծում է ժողովրդի, կուսակցության առջև հանրապետության կուսակցական ակտիվի առանձնահատուկ պատասխանատվությունը և գտնում է, որ կուսակցության քաղկոմները, շրջկոմները ... պետք է ձեռնարկեն վճռական միջոցներ, գլխավորեն ստեղծված իրադրության կարգավորման աշխատանքը, լայն աշխատանք ծավալեն մասսաների մեջ, աշխատավորական կոլեկտիվներում պարզաբանելու ՍՄԿԿ Կենտկոմի որոշումից բխող խնդիրները...,
3. խնդրել ՍՄԿԿ Կենտկոմին ազգային քաղաքականության պրոբլեմներին նվիրված ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս մյուս պրոբլեմների կոմպլեքսում բազմակողմանիորեն քննության առնել Լեռնային Ղարաբաղի հարցը»12։
Այս որոշումով կառավարող կուսակցության վերնախավն ազդարարեց, որ ինքն աշխատելու է փոթորկուն իրադարձությունները կանխելու ուղղությամբ։ Բանաձևի 3-րդ կետը, որ կարող էր թվալ ծավալված համաժողովրդական պահանջին ընդառաջ արված քայլ, ակնհայտորեն Շարժումը սառեցնելու, ժամանակ շահելու նպատակ ուներ։ Ի պատասխան՝ փետրվարի 23-ին բազմահազարանոց հանրահավաքը բուռն ոգևորությամբ ընդունեց քաղաքական գործադուլի դիմելու կոչը13, ինչպես նաև՝ հանրապետության իշխանության հրաժարականի պահանջը14։ Ողջ գիշեր ավելի քան քսան հազար հոգի քայլարշավով անցան Երևանի փողոցներով՝ գործադուլի կոչով։ Համընդհանուր գործադուլը հաջորդ օրն արդեն իրականություն էր, իսկ հանրահավաքների մասնակիցների թիվը մոտենում էր կես միլիոնի։
Անկեղծ ակնկալիքը, թե հանրապետության իշխանությունը կմիանա ժողովրդական շարժմանը, ակնհայտորեն չէր իրականանում։ Փետրվարի 25-ին կես միլիոնանոց հանրահավաքում փորձեց ելույթ ունենալ ՀԿԿ առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանը։ Կոնտակտն ու փոխըմբռնումը ժողովրդի հետ չստացվեց15։
Հանրապետության իշխանության նման պահվածքը պարտադրում էր ժողովրդին իրեն հասու միջոցներով սատար կանգնել Լեռնային Ղարաբաղին՝ թույլ չտալու ադրբեջանական իշխանություններին ուժի միջոցով ճնշել Արցախի բնակչության ընդվզումը։ Ձեռնարկություններում տեղի էին ունենում աշխատավորական կոլեկտիվների ժողովներ, որտեղ դատապարտում էին ԽՍՀՄ, Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ իշխանությունների դիրքորոշումն ազգային հարցերի լուծման նկատմամբ, մասնավորապես, Կենտրոնի կողմից Շարժմանը տրվող գնահատականները։ Դրության կայունացմանը չնպաստեցին ո՛չ փետրվարի 23-ին Կ. Դեմիճյանի, ո՛չ փետրվարի 24-ին Վ. Դոլգիխի հեռուստաելույթները, ո՛չ ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներկայացուցիչների ժամանելը Երևան՝ մինիստրի առաջին տեղակալ Վ. Պ. Տրուշինի գլխավորությամբ և ո՛չ էլ մամուլի ամենօրյա խմբագրականներն ու հոդվածները «ժողովուրդների բարեկամությունը մեր հարստությունն է» խորագրերով։
Հանրահավաքներում հնչում էին Լեռնային Ղարաբաղից ստացվող տեղեկություններ՝ շարունակվող բարոյական ու ֆիզիկական ճնշումների մասին, որոնք մեծացնում էին անհանգստությունը։ ԼՂԻՄ ժամանած ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ֆ. Կատուսևի ներկայացմամբ (որի հետ հարցազրույցը տպագրվել էր մամուլում փետրվարի 26-ին) իրավիճակը համարվում էր լիովին վերահսկելի, իսկ ստացվող լուրերը բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների մասին՝ ապատեղեկատվություն։ Պաշտոնատար անձանց նման հաղորդումներն ընկալվում էին խոր վերապահությամբ՝ հավատ չընծայելով նրանց անկողմնակալությանը, ուստի ավելի ու ավելի մեծանում էր դեպի հրապարակ բնակչության հոսքը՝ վստահելի տեղեկատվություն ստանալու։
Պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը գնալով խորանում էր՝ կենտրոնական մամուլում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հավասար մեղքի վերագրման, հանրահավաքների անցկացման նկատմամբ բացասական դիրքորոշման և արցախահայության առաջադրած բուն հարցը շրջանցելու կամ լռության մատնելու միտումների պատճառով։ Այսօրինակ անհաշվենկատ հակազդեցությամբ կենտրոնական, տեղական իշխանությունները և լրատվամիջոցները կարծես թե ամեն ինչ արեցին Շարժումն առավելագույնս բորբոքելու համար։ Անշուշտ, սա ոչ միայն նրանց նպատակը չէր, այլև խիստ անցանկալի էր։ Գործողությունների բացատրությունը դարձյալ այլ տեղ չպետք է փնտրել, քան նման ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու անկարողության ու ճկունության պակասի մեջ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տասը հազարանոց առաջին հանրահավաքն անցավ կես միլիոնի սահմանագիծը։ Հենց առաջին օրերից, հատկապես, ակտիվ էին մտավորականության ավելի մեծ տեսակարար կշիռ ունեցող հիմնարկները։
Փետրվարի 25-ին և 26-ին Երևանի Թատերական հրապարակը, հարակից զբոսայգին ու փողոցները լեցուն էին Երևանի և հանրապետության ողջ տարածքից ժամանած ցուցարարներով։ Մասնակիցների նման ահռելի թվով հանրահավաքներն աննախադեպ երևույթ էին ոչ միայն հայ ժողովրդի, այլ՝ ԽՍՀՄ կյանքում՝ նրա ողջ պատմության ընթացքում։ Նման բռնկում ու ծավալներ, կարելի է չկասկածել, ոչ միայն Կենտրոնը չէր կարող սպասել, ոչ միայն հանրահավաքների կազմակերպիչները, այլև, թերևս, ոչ մեկը։
Հանրահավաքների օրակարգի միակ հարցը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրումը և ԼՂԻՄ-ի դիմումին համաձայնություն տալու պահանջն էր։ Չէր երևում, թե իշխանությունն ուրիշ ինչ պետք է անի ահռելի այդ ուժի առջև՝ բացի նրա պահանջը կատարելուց։ Սակայն դա ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին կայացրած որոշումից հետո կլիներ երկրորդ՝ տասնապատիկ ծանր հարվածը խորհրդային կայսրության քաղաքական հիմքերին՝ վտանգավոր ու վարակիչ նախադեպ։ Ուստի կենտրոնական իշխանությունը պարտավոր էր վտանգավոր այդ ընթացքը խափանելու միջոց գտնել։
Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին լուրերը տարածվել էին աշխարհով մեկ։ Վտանգավոր չափերի և լարման բարձրակետի հասած ժողովրդական շարժման նկատմամբ այդ իրավիճակում ուժի գործադրումը կարող էր պարզապես «խաչ քաշել» «Վերակառուցման» վրա։ Կենտրոնի խնդիրն էր՝ ամեն գնով հանգցնել կամ սահմանափակել, կառավարելի դարձնել ահագնացած «հրդեհը», որն, իրոք, կարող էր սպառնալ տարածվել ողջ երկրով մեկ։ Հաջորդ շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ դա հաջողությամբ անելու համար միջոցառումների մի համալիր իրականացվեց։ Հետին թվով դժվար չէ արձանագրել, որ միջոցառումների այդ համալիրը հետևյալ բաղադրիչներն ուներ, որոնք պետք է իրականացվեին ժամանակագրական այս հերթագայությամբ.
ա) խաբեությամբ «հանգցնել հրդեհը»՝ խոստանալ հանրահավաքի պահանջին համարժեք կամ համարյա համարժեք ինչ-որ բան,
բ) լոկալ ահաբեկչական գործողություններով և ուժի ցուցադրում (Սումգայիթ, Երևան զորքեր մտցնելը),
գ) Շարժման քարոզչական վարկաբեկումը, որ սկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի «լուծարումով»։

* * *
Իշխանության խնդիրն էր՝ առանց ուժի գործադրման ցրել հանրահավաքը, վերջ տալ գործադուլներին, կոտրել Շարժման թափը։ Դրա համար նախ անհրաժեշտ էր հետքայլ անել, նահանջել Շարժմանը տրված քաղաքական կոշտ գնահատականներից, հանգստացնել կրքերը, նույնիսկ ինչ-որ հույսեր ներշնչել։ Առաջին նման քայլը կատարվեց փետրվարի 24-ին. պաշտոնական հաղորդագրությունը ԽՄԿԿ ԿԿ-ի փետրվարի 24-ի նիստի մասին տեղեկացնում էր, որ այն Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական, սովետական մարմիններին համատեղ հանձնարարականներ է տվել, այդ թվում նաև՝ «մշակել և իրականացնել ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական և կուլտուրական հետագա զարգացման միջոցառումներ»16։ Այսինքն՝ Հայաստանին որոշակի գործառույթ-պարտավորություն էր տրվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա կարևոր, նույնիսկ տպավորիչ զիջում էր։
Հաջորդ քայլը կատարվեց երկու օր անց՝ փետրվարի 26-ին. Հայաստանի և Ադրբեջանի հեռուստատեսությամբ ու լրատվության միջոցներով հաղորդվեց Մ. Գորբաչովի դիմումը «Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին»։ Երկրի ղեկավարը դրանում մասնավորապես հայտարարում էր. «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու առաջարկությունների բացահայտ քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի և օրինականության շրջանակներում ... չլուծված պրոբլեմներ շատ կան, բայց երկպառակությունների և միմյանց նկատմամբ ժողովուրդների անվստահության բորբոքումը միայն կխանգարի դրանց լուծմանը»17։ Հայտարարություն-դիմումի արտահայտչաձևն էականորեն տարբերվում էր փետրվարի 21-ի որոշման և հաջորդ օրերի կտրուկ տոնից։ Այստեղ բացակայում էին «էքստրեմիստները», նաև այն միտքը, թե բարձրացված հարցը «դեմ է երկու ժողովուրդների շահերին»։ Ավելին, ակնարկներ կային իրադրությունն ու խնդիրը հասկանալու և ապա շտկելու պատրաստակամության մասին, ինչի համար խնդրվում էր ժամանակ ու հուզական մթնոլորտի հանդարտեցում։ Գլխավոր քարտուղարը խոստանում էր հարցը քննարկել ազգային հարցերին նվիրված առաջիկա պլենումում, իսկ մինչ հարցի ըստ էության քննարկումն առաջարկվում էր հոգ տանել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ։ Գորբաչովի հայտարարություն-դիմումն իր որոշակի դրական լիցքով ժողովրդի կողմից պետք է ընկալվեր որպես բարձրացված խնդիրը ճանաչելու, այն ամենաբարձր մակարդակով քննարկելու խոստում և երաշխիք։ Բայց դա ևս բավարար չէր մեկշաբաթյա հուժկու հանրահավաքներն ու գործադուլները կասեցնելու համար. պետք է երաշխավորեին, այդ հավատը պետք է ներշնչեին նաև Շարժման՝ այդ օրերի ղեկավարները, ավելի ճիշտ՝ պետք է արվեր հենց նրանց միջոցով։
Այդ դերն իրենց վրա վերցրեցին (կամ այն հանձնարարվեց) գրող Զ. Բալայանին և բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանին։ Այն բանից հետո, երբ այլևս չէր երևում կես միլիոնանոց հանրահավաքները դադարեցնելու որևէ տարբերակ, նրանք հրավիրվեցին Մոսկվա, այդտեղից վերադարձան և կարողացան համոզել դադարեցնել հանրահավաքներն ու գործադուլները։ Նրանք պատմեցին Մոսկվա կատարած ուղևորության, Մ. Գորբաչովի կողմից իրենց ընդունելության և այն խոստման մասին, թե ԽՄԿԿ Կենտկոմի առաջիկա պլենումներից մեկը կնվիրվի ազգային խնդիրների քննարկմանը, որտեղ կդրվի նաև Ղարաբաղի հարցը։ Նրանց հաջողվեց համոզել հանրահավաքի 700.000-ից ավելի մասնակիցներին, որ կենտրոնական իշխանությունը ստանձնում է հարցը քննարկելու և լուծելու պարտավորություն։ Փետրվարի 27-ին՝ ուշ երեկոյան, Երևանի ու հանրապետության բնակչությունը դադարեցրեցին հանրահավաքները և գործադուլները18։
Առաջին ձեռքից վկայված որոշ մանրամասներ կարևոր են կատարված դեպքերի և հետագա իրադարձությունների ճակատագրական ընթացքը հասկանալու համար։ Ահա Զ. Բալայանի հուշ-վկայությունը. «Փետրվարի 25-ին ինձ ու Սիլվա Կապուտիկյանին ընդունեց Ա. Յակովլևը, 26-ին՝ Մ. Ս. Գորբաչովը։ Մենք գոհ մնացինք հանդիպումներից։ Հրաժեշտի ժամանակ պաշտոնասենյակի տերն ասաց. «Երկրի համար այսքան բախտորոշ ժամանակ վտանգավոր են անգամ փոքր հրդեհները։ Խնդրում եմ ձեզ հանգցնել այդ կրակը։ Երևանի հրապարակում արդեն մի ամբողջ շաբաթ է, ինչ կես միլիոն մարդ է կանգնած»։ Մենք ասացինք, թե դժվար է բառեր գտնել։ Նա մեր խոսքը հետ մղեց. «Երբ հրդեհը հանգցնում են, ապակիների մասին չեն մտածում»։ Մյուս օրը Թատերական հրապարակում (ըստ ավիոլուսանկարահանումների) գտնվում էր արդեն յոթ հարյուր հազար մարդ։ Երեկոյան ժամը 6-ին ես ելույթ ունեցա յոթ հարյուր հազարանոց «հանձնաժողովում»։ Մեկ միլիոն չորս հարյուր հազար աչքեր ինձ էին նայում։ Մարդիկ հավատում էին գրողին, որը նախորդ օրը եղել էր հենց Գորբաչովի մոտ։ Ես համոզեցի, որ հարկավոր է գնալ տները։ Ես տեսա, թե ինչպես է դանդաղորեն ժողովուրդը թողնում հրապարակը։ Բայց ինձ համար այդ օրը դարձավ ամենասև օրը, իմ կյանքի ամենասև ժամը։ Որովհետև հենց այդ օրը, հենց այդ նույն ժամին սկսվեց «Սումգայիթը»19։
Մ. Գորբաչովից ստացած հստակ հանձնարարականի մասին է խոսում նաև Ս. Կապուտիկյանը. «Գնացեք, և ինչպես էլ լինի՝ հեռուստատեսությամբ թե այլ միջոցներով՝ հանգստացրեք ժողովրդին ... իմացեք, որ դուք պատասխանատու եք դեպքերի հետագա ընթացքի համար»20։ Փետրվարի 27-ին՝ երեկոյան, հեռուստատեսային ելույթով նա համոզում էր, որ «նյութական հաղթանակից շատ ավելի կարևոր հոգևոր հաղթանակը» արդեն կայացել է, և շարունակությունը պետք է վստահել իշխանություններին21։ Կազմկոմիտեն չդիմադրեց, մանավանդ, որ ծանրակշիռ և հուսադրող էին ներկայացվում Մոսկվայից բերված խոստումները։ Բայց նաև, խոհեմաբար, մինչև վերջ չվստահելով Մոսկվայից եկած պատվիրակներին կամ նրանց տրված խոստումների անկեղծությանը, համենայնդեպս, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը՝ մարտի 26-ը, մեկ ամսում կատարված իրադարձությունների մասին հաղորդում և տեղեկատվություն տալու պատրվակով։
Հանրահավաքների դադարեցումն այդ պահին եթե ճիշտ չէր, սակայն ինչ-որ տեղ օրինաչափ էր։ Օրինաչափ էր այնքանով, որ, ի տարբերություն զանգվածների, շարունակմանն անպատրաստ էին Շարժման և հանրահավաքների այդ օրերի կազմակերպիչներն ու ղեկավարները։ Անպատրաստ էին քաղաքական իմաստով։ Մասնավորապես կարևոր դեր խաղացող «Ավագների խորհուրդը» պատրաստ չէր շարունակել ղեկավարել մի քանի հարյուրհազարանոց հանրահավաքները, հակադրվել իշխանությանը և գնալ ավելի արմատական, հարկադրանքի քայլերի։ Վճռական դեր խաղաց վերջինիս երկու ներկայացուցիչների՝ Ս. Կապուտիկյանի և Զ. Բալայանի՝ Մոսկվայում ստացած խոստումների չափազանցումը՝ փաստորեն, խաբեությունը, ինչն այդ պահին անհնար էր ստուգել22։ Վերջին հաշվով նրանց նպատակը սահմանափակվում էր նրանով, որ հարցը մտնի կենտրոնական իշխանությունների քաղաքական օրակարգ, մասնավորապես՝ այդ խնդրով բարձր մակարդակի մի հանձնաժողով կազմվի։ Այնպես որ Գորբաչովի տված թեկուզ անորոշ խոստումը նրանց հիմնականում բավարարում էր, իսկ «հրդեհը հանգցնելու» հրահանգը ենթակա էր պարտադիր կատարման։
Ի՞նչ տեղի կունենար, եթե իրականությունը ներկայացվեր չգունազարդված, և մեկ միլոնին մոտեցող հանրահավաքները չցրվեին։
Տեղի չէր ունենա սումգայիթյան սպանդը (ինչում, ինչպես ասվեց, համոզված էին՝ Զ. Բալայանը և Ի. Մուրադյանը)։
Այդ պայմաններում Մոսկվան ոչ մի դեպքում ուժի չէր կարող դիմել։ Ցայտնոտում հայտնված, խուճապի մատնված23 ու նահանջող Կենտրոնի համար վիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում էր Ղարաբաղի հարցում գնալ շատ լուրջ զիջումների, որոնք դրական առումով կարող էին ճակատագրական լինել Լեռնային Ղարաբաղի համար։
Եթե որպես հանրահավաքների դադարեցման արդյունք սումգայիթյան սպանդն անհնար էր կանխատեսել, ապա հանրահավաքների շարունակման դեպքում Կենտրոնից շատ կարևոր զիջում պոկելը հնարավոր չէր չտեսնել։ Պարզապես անհրաժեշտ էր հակադրվել Կենտրոնին, հակադրվել համակարգին, ինչին պատրաստ չէին ո՛չ Շարժման տվյալ պահի ղեկավարությունը, ո՛չ առավել ևս մտավորականության՝ Մոսկվա գնացած երկու ներկայացուցիչները։
Եթե չցրվեին երևանյան հուժկու հանրահավաքները, իշխանությունը չէր կարող իրականացնել Շարժման կազմալուծմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ամբողջ երեք ամիս պահանջվեց Շարժումը բազմաբնույթ հարվածների ու ճնշումների տակից հանելու, կրկին անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու համար։ Իսկ Կենտրոնին ու համակարգին հակադրվելու միջոցով, օրակարգային հիմնական խնդիրը՝ ԼՂԻՄ-ի փետրվարի 20-ի դիմումի՝ ՀՍՍՀ Գերագույն խորհրդին քննարկմանը դնելու և դրական պատասխան ստանալու հարցը լուծվեց միայն Շարժման նոր ղեկավարության՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ձևավորումից հետո ու նրա ջանքերով։
 
 
1 Այսպես էր կոչվում Լեռնային Ղարաբաղում գործող շարժման ղեկավար մարմինը, որը ստեղծվել էր մարտի 2-ին («Կռունկ»-ը ռուսերեն «Комитет революционного управления Нагорного Карабаха» կապակցության հապավումն է): Ղեկավարն էր Ա. Մանուչարովը, նրա տեղակալներն էին՝ Ռ. Քոչարյանը, Վ. Հակոբյանը, Մ. Միրզոյանը, մյուս հիմնադիր անդամներն էին՝ Գ. Գաբրիելյանը, Հ. Բեգլարյանը, Ժ. Գալստյանը, Հ. Գրիգորյանը, Ա. Կարապետյանը, Վ. Մարությանը, Հ. Հովհաննիսյանը, Յու. Ներսիսյանը, Բ. Օվչյանը [տե՛ս Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (հանրագիտարան), Երևան, 2004, էջ 302]:
2 Տե՛ս В. Б. Арутюнян. События в Нагорном Карабахе, хроника, ч. 1, февраль 1988 г. – январь 1989 г. Ереван, 1990, с. 37.
3 «Սովետական Ղարաբաղ», 21. 02. 1988:
4 Տե՛ս Հ. Գալստյան. Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ, Երևան, 2002, էջ 337:
5 Հաղորդագրություն Լեռնային Ղարաբաղից.– «Սովետական Հայաստան», 25. 02. 1988:
6 Տե՛ս В. Б. Арутюнян.  Նշվ. աշխ., էջ 40:
7 Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի արխիվ, 15/20. 02. 88: Թռուցիկը ստորագրել էր Գ. Սաֆարյանը:
8 Ավելի ուշ՝ փետրվարի 28-ին, «Ղարաբաղ» կոմիտեի ընդլայնված նիստում Ի. Մուրադյանը հայտարարեց, որ կոմիտեի կազմը համալրվել է Լեռնային Ղարաբաղի վեց ներկայացուցիչներով [տե՛ս Ա. Արշակյան. Արցախյան գոյամարտը (1985–1992 թթ.), Երևան, 2004, էջ 31]:
9 Հետաքրքիր է, որ սա ներկայացվում էր որպես անակնկալ. Ղարաբաղի պատվիրակները եթե երեք անգամ եղել էին Մոսկվայում, զարմանալի է, որ մինչ այդ օրը որևէ կերպ չէին կարողացել նախապես կապ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ:
10 Հ. Գալստյանի վկայությամբ այդ պահանջն առաջինը հնչեց իր «էքսպրոմտ» ելույթում, և դա ամենևին դուր չեկավ Ի. Մուրադյանին. վերջինս գտնում էր, որ «հիմարություն է նստաշրջան պահանջելը» (տե՛ս Հ. Գալստյան. նշվ. աշխ., էջ 337): Անհասկանալի է, թե ուրիշ ինչ շարունակություն էր տեսնում Ի. Մուրադյանը:
11 «Սովետական Հայաստան», 23. 02. 1988:
12 Հանրապետական կուսակցական ակտիվի 1988 թ. փետրվարի 23-ին կայացած ժողովի բանաձևը.– «Սովետական Հայաստան», 24. 02. 1988:
13 Գործադուլի կոչն արեց Վ. Մանուկյանը (տե՛ս Հ. Գալստյան. նշվ. աշխ., էջ 351):
14 Նման պահանջ հնչեց Հ. Գալստյանի ելույթում (տե՛ս նույն տեղում, էջ 349):
15 Երեք ամիս հետո Կ. Դեմիրճյանին ազատեցին աշխատանքից: Սակայն, ի պատիվ իրեն, հակառակ Կենտրոնի պահանջների, նա բռնություն չկիրառեց ցուցարարների դեմ: Համոզմունք կար, որ եթե Կ. Դեմիրճյանը, ինչպես այն ժամանակ էին ձևակերպում՝ «տեր կանգներ շարժմանը», ապա շատ ավելի պաշտպանված կլիներ ու նրան չէին համարձակվի ազատել աշխատանքից:
16 Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների շուրջ.– «Սովետական Հայաստան», 25. 02. 1988:
17 Դիմում Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին.– «Սովետական Հայաստան», 27. 02. 1988:
18 Ճիշտ չէ, թե հանրահավաքները դադարեցին Մ. Գորբաչովի հայտարարություն-դիմումի շնորհիվ, որը փետրվարի 26-ին հեռուստատեսությամբ ներկայացրեց Վ. Դոլգիխը (տե՛ս Армения: проблемы независимого развития. М., 1998, с. 489): Ըստ «Արմենպրեսի» հաղորդագրության էլ՝ հանրահավաքի մասնակիցներն սկսեցին ցրվել Մ. Գորբաչովի դիմումը հրապարակելուց և Կ. Դեմիրճյանի ելույթից հետո (տե՛ս «Սովետական Հայաստան», 29. 02. 1988): Իրականում հանրահավաքը դժվարությամբ ցրվեց միայն Թատերական հրապարակում Զ. Բալայանի և հեռուստատեսությամբ Ս. Կապուտիկյանի ելույթներից հետո ու նրանց հորդորով, որոնց նկատմամբ այդ պահին բացարձակ վստահություն կար:
19 «Ավանգարդ», 11. 02. 1990: Զ. Բալայանը, ըստ էության, համարում է, թե հակառակ (հանրահավաքները շարունակվելու) դեպքում կարող է և տեղի չունենար սումգայիթյան սպանդը: Դա տրամաբանական է. համենայնդեպս, նույն համոզման է եղել նաև Ի. Մուրադյանը. «Ջարդը սկսվեց, երբ դադարեց երևանյան ցույցը» (տե՛ս Ս. Շահմուրադյան. Չմոռանալ ոչինչ, Երևան, 2005, էջ 40):
20 Ս. Կապուտիկյան. Էջեր փակ գզրոցներից, Երևան, 1997, էջ 291:
21 Տե՛ս նույն տեղում, էջ 285–292 և 294–299:
22 Հետագայում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Ռ. Ղազարյանը (այդ ժամանակ «Ավագների խորհրդի» անդամ) այս առիթով հետաքրքիր բացահայտում է անում. «Գորբաչովի հետ Զորի Բալայանի ու Սիլվա Կապուտիկյանի հանդիպումը, իրենց ներկայացնելով, շատ հուսադրող էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա, մեղմ ասած, չափազանցված էր: Սակայն Զորին համոզել էր տիկին Սիլվային՝ ներկայացնել դա լավատեսորեն՝ ժողովրդի թափը չկոտրելու համար» (տե՛ս Ռ. Ղազարյան. Հաշվետու եմ, Երևան, 2003, էջ 144): Կասկածից դուրս է, որ այդ «մեղմ ասած չափազանցնելը» իրականում ոչ թե ժողովրդի թափը չկոտրելու նպատակ ուներ, այլ, կեղծելով իրականությունը, կատարել Գորբաչովի հրահանգը. «հանգցնել հրդեհը՝ առանց ապակիների մասին մտածելու», ինչը և նրանց հաջողվեց:
23 Կենտրոնի ցայտնոտն ու խուճապն արդեն իսկ շատ պարզ երևում է Յակովլևի և Գորբաչովի հետ հանդիպումների մասին Զ. Բալայանի և Ս. Կապուտիկյանի արձանագրած հուշերում. դա այն դեպքում, երբ երկրի ղեկավարներն ամեն կերպ պետք է իրենց ինքնավստահ պահեին: Ավելի պարզ, դրանք արտահայտված են անգամ հանրահավաքների կասեցումից հետո, օրինակ՝ փետրվարի 29-ի ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի նիստի սղագրության մեջ [Центр хранения современной документации (Москва), ф. 89, оп. 42, д. 18, л. 695–715]:
  
  
  


Thursday, August 24, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները (5)

Մաս 1, Մաս 2, Մաս 3, Մաս 4


6. Ի՞նչ էր սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցին
Այն այժմ պետք է զրկվեր քաղաքական խնդրի իր հատկանիշներից եւ օժտվեր գաղափարախոսական կանխադրույթի հատկանիշներով: Առաջին հերթին՝ խնդիրը պետք է զրկվեր սահմանների հստակության, որոշակիության հատկանիշից։ Ո՞րն է այսօր այդ որոշակիությունը. նախկին մարզի տարածքով ԼՂ անկախության ճանաչո՞ւմը, Հայաստանին միացո՞ւմը: Հայդատականությունը ասելու է՝ իսկ Շահումյա՞նը, ապա՝ իսկ ազատագրված տարածքնե՞րը, ապա՝ իսկ Դաշտային Ղարաբա՞ղը, ապա՝ իսկ հարակից մյուս պատմական հայկական հողե՞րը... Սա ցանկացած լուծում պարտվողական եւ անընդունելի է համարելու։ Այս ամենն արդեն նախապատրաստված է եւ քարոզվում է հասարակության մեջ: Խոսքն այսօրինակ խնդիրների իրավացի կամ արդարացի լինել-չլինելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ որեւէ խնդիր լուծելի դառնալու դեպքում այն արգելափակելու լավագույն միջոցը հաջորդ ավելի մեծ խնդիրը հարուցելն է: Ու եթե նպատակդ ոչ թե քաղաքական խնդիր լուծելն է, այլ գաղափարախոսությանդ ու դրա վրա հենված իշխանությանդ համար բարենպաստ միջավայրի ապահովումը, ապա հենց այդպես էլ պետք է վարվել: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է մղվեր եւ մղվեց անլուծելիության ոլորտ: Դա հնարավոր էր մի դեպքում. կանգնել ստատուս-քվոն հնարավորինս երկար պահպանելու դիրքերի վրա: Մնացած ամեն ինչ՝ բանակցություններ, ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ՝ դարձնել իմիտացիա, քող՝ սեփական ժողովրդից ու միջազգային հանրությունից ծածկելու համար իրական նպատակը։ Կամ, ինչպես կասեր նրանցից մեկը՝ «աշխարհին ֆռռցնելու» համար։
Ղարաբաղի հարցը լուծելի քաղաքական խնդրից, որի բարձրագույն արժեքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն էր, պետք է վերածվեր ու վերածվեց նոր բարձրագույն արժեք -Հայ Դատի գաղափարախոսության սպասավորի, նրա անխաթարությունն ապահովելու միջոցի, զոհաբերության նոխազի։ Խնդրի ոչ թե լուծմամբ, այլ սպառմամբ է, որ չէր քայքայվի «մշտական թշնամու» ու «հարատեւ կռվի» ֆորմուլը, ու դրանով է, որ այն կարող էր դառնալ իշխանություն, հասարակական դիրք, բարեկեցություն, եկամուտները ապահովող միջոց...
Եւ սպառվեց:
Գաղափարախոսական տրամաբանության թելադրանքով խնդիրը սառեցվեց, որդեգրվեց ստատուս-քվոն պահպանելու մարտավարություն։
Փոխվեց խնդրի փիլիսոփայությունը՝ միջազգային հանրության համար հասկանալի ինքնորոշման հարցից այն տեղափոխվեց պատմական իրավունքների եւ հողային պահանջատիրության ոլորտ, վերածվեց վիճելի տարածքի խնդրի։
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի նախաձեռնությամբ զրկվեց դժվարությամբ ձեռք բերված՝ հակամարտության եւ բանակցային կողմ լինելու միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։
Բանակցությունների սեղանին դրվեց Մեղրիի հարցը՝ որպես Լաչինով Ղարաբաղին տրվելիք միջանցքի զուգակշիռ փոխզիջում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ որպես անվտանգության գոտի տեղական հայկական ուժերի կողմից զբաղեցված տարածքները դադարեցին հաղթաթուղթ եւ սակարկության առարկա լինելուց. դրանք արդեն մի ամբողջ շարք միջազգային փաստաթղթերում բնորոշվում են որպես Հայաստանի կողմից «օկուպացված», «զավթված» տարածքներ։
Ընդունվեցին մի ամբողջ շարք միջազգային բարձր մակարդակի հիմնարար փաստաթղթեր հօգուտ Ադրբեջանի: Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի »Խարտիան»՝ դրանով իսկ փաստորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Հայաստանի ներքաղաքական կյանքում հակաժողովրդավարական նորմերի հաստատումը, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումները, հասարակության գաղափարախոսականացումը, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը եւ դրա չբացահայտման փաստը, 1998- 2005 թվականների նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ավելի ու ավելի խայտառակ դարձող ընտրությունները եւ ամենախայտառակ սահմանադրական հանրաքվեն վերջնականապես ոչնչացրին Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության իմիջը:
«Երեք ճակատ, մեկ հարեւան» կարգախոսով վարած իր արտաքին քաղաքականությամբ Հայաստանն ավելի ամրապնդեց իր տնտեսական ու քաղաքական շրջափակումը: Երկիրն իր տնտեսական զարգացմամբ ու զարգացման տեմպերով անհուսալիորեն հետ է մնում Ադրբեջանից՝ բանակցություններում կորցնելով եւս մի փաստարկ:
Տնտեսության եկամտաբեր ճյուղերի մոնոպոլիզացումը, տնտեսական ազատ մրցակցության սահմանափակումը, մասնավոր սեփականության դեմ պետականորեն կատարվող ոտնձգությունները եւ ապօրինի գործողությունները, որպես ամբողջական համակարգ վերից վար բարգավաճող կոռուպցիան եւ այլն՝ անհուսալիորեն մեծացրին սոցիալական անարդարությունը, սոցիալական խավերի խզումը: Խաղաղ կյանքի հեռանկարի բացակայության հետեւանքով ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Հայաստանից նոր թափ ստացավ եւ շարունակվում է կործանարար արտագաղթը: Հաջողություն է արձանագրված միայն մեկ՝ հայդատականության՝ որպես ազգային գաղափարախոսության քարոզչության, այն պետական քաղաքականության հիմքում դնելու, հասարակական կյանքի գաղափարախոսականացման, ազգայնական փսիխոզ տարածելու բնագավառում:
Կարելի է առարկել՝ ասելով, թե նման դեպքերում նաեւ ստատուս-քվոյի տեւական պահպանումը կարող է լինել մարտավարական քայլ, քաղաքական մոտեցում, որով կարելի կլինի ինչ-որ ժամանակ հետո հասնել խնդրի ավելի արդյունավետ ու նպաստավոր վերջնական լուծման։ Կարող է, եթե այդպիսի մարտավարությունը ապահովում է քաղաքական խնդրի համար պարտադիր հիմքերով, այն է՝ համապատասխան ռեսուրսների իրատեսական հաշվարկներով, որոնց մասին խոսեցինք սկզբում: Մինչդեռ 1997-ին կատարված, նաեւ հրապարակված իրատեսական այդ հաշվարկները ցույց էին տալիս հակառակը: Եւ չնայած այդ հաշվարկները վաղուց ամբողջովին արդարացել են, իսկ այն, ինչ հակադրվում էր դրան, ամբողջությամբ հօդս է ցնդել, որեւէ քաղաքական եզրահանգման չեն բերում։
Հնարավո՞ր է, որ իրողությունների դեմ-հանդիման, գիտակցելով ճանապարհի ակնհայտ կործանարարությունը Ղարաբաղի ու Հայաստանի համար, ներկա վարչախումբը Քոչարյանի գլխավորությամբ (հիշեցնենք, որ հոդվածը տպագրվել է 2006 թ.- iLur) կանգ առնի, նահանջի՝ հրաժարական տա կամ վերադառնա խնդրի քաղաքական ընկալման ու լուծման բանական ճանապարհ:
Ոչ թե պատկերավոր լինելու, այլ իրողությունը համոզիչ ու հստակ ցուցադրելու համար կրկին դիմենք հռետորական հարցերի օգնությանը:
- Ի՞նչ տեղի կունենա, եթե իրականանա Քրիստոսի Երկրորդ գալուստը, գա, հավաքի քրիստոնյա եկեղեցիների բոլոր սպասավորներին եւ հայտարարի, որ իր ուսմունքը 2000 տարվա ընթացքում ամբողջությամբ կատարել է իր պատմական դերը, մարդկությանը հասցրել է բարոյական ու հոգեւոր արժեքների ընկալման այնպիսի մի մակարդակի ու ամուր հիմքերի, որ այլեւս հոգեւոր սպասավորման կարիք չունի: Ուստի եւ պետք է փակել բոլոր եկեղեցիները, իսկ եկեղեցականներն անցնեն աշխարհիկ կյանքի: Ի՞նչ տեղի կունենա հաջորդ վայրկյանին. հաջորդ վայրկյանին նա երանությամբ կհիշի իր առաջին խաչելության տառապանքները...
- Ի՞նչ կպատահեր խորհրդային որեւէ ղեկավարի հետ, եթե նա կոմունիստական կուսակցության հերթական մի համագումարում հայտարարեր, թե կոմունիստական գաղափարախոսությունը արդեն կատարել է իր պատմական դերը, եւ նույն «պայծառ ապագային» հասնելու համար երկիրը եւ ժողովրդին կարող են առաջնորդել ոչ միայն կոմունիստները: Նման բան չէր կարող պատահել. ամենաչնչին տեղաշարժերը չներվեցին Նիկիտա Խրուշչովին: Խորհրդային վերջին ղեկավար Գորբաչովը հրաժարական տվեց միայն այն ժամանակ, երբ, ըստ էության, դրա կարիքն այլեւս չկար... Նրան չէին ների, եթե նա այդ քայլն աներ երկու օր առաջ: Նույնիսկ հիմա շատերը չեն ներում:
- Ի՞նչ կպատահեր գերմանացի «Ֆյուրերի» հետ, եթե նա Եվրոպայի կեսը կամ ամբողջը գրավելուց հետո հայտարարեր, թե պետք է կանգ առնել եւ ավարտված համարել գերմանական նացիոնալ-սոցիալիզմի դերակատարությունը: Նման բան չէր կարող պատահել. Ֆյուրերը ինքնասպանություն գործեց միայն այն բանից հետո, երբ ռուսական զինվորները սկսեցին ջարդել նրա բունկերի դուռը:
Հնարավո՞ր է, ուրեմն, որ իրողությունների դեմ-հանդիման, գիտակցելով ճանապարհի վնասակարությունն ու կործանարարությունը Ղարաբաղի ու Հայաստանի համար, ներկա վարչախումբը, Քոչարյանի գլխավորությամբ, հրաժարական տա կամ վերադառնա խնդրի քաղաքական ընկալման ու լուծման ճանապարհ:
Հնարավոր չէ: Քանի որ դա կնշանակի ստորագրել սեփական անձի համար հնարավոր բոլոր դատավճիռներից ամենասարսափելին: Դա կնշանակի բացահայտման վտանգի տակ դնել այս տարիներին կատարված իրական ու աներեւակայելի թալանը, ապօրինությունները, ծանրագույն հանցագործությունները: Դա կնշանակի կտրել այն ճյուղը, որի վրա նստած են իրենք: Դա կնշանակի ոչնչացնել այն միջոցը, որով իրենք իշխանության եկան ու իշխանություն են պահպանում: Դա կնշանակի ոչնչացնել գաղափարախոսականացված այն միջավայրը, որտեղ ժառանգաբար երաշխավորված հասարակական դիրք, իշխանություն, բարեկեցություն ու եկամուտներ ունի ինքնավերարտադրվող ամբողջ մի դաս:
Իսկ կործանարար եւ աղետալի պատերազմի հեռանկա՞րը. դա կարող էր անհանգստացնել բնույթով քաղաքական որեւէ իշխանության: Կրոնի վերածված գաղափարախոսության սպասավորներին դա չի կարող անհանգստացնել: Ոչ թե՝ որովհետեւ նրանք հերոս են, կամ որ համոզված են, թե՝ «մենք նորից կհաղթենք», այլ որովհետեւ պատերազմը, ուրիշների համար՝ մահ ու տառապանքներ, երկրի ու ժողովրդի համար՝ անդառնալի կորուստներ, իսկ իրենց համար, այս դեպքում՝ միակ փրկօղակն է: Դա միակ ձեւն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցում 1988-ից ի վեր համաժողովրդական ջանքերով, հսկայական զոհողությունների ու հազարավոր զոհերի գնով ձեռք բերված արդյունքները մսխելու, դիվանագիտական բնագավառում կրած խայտառակ ձախողումների իրողությունները պարտակելու, իրական հաղթանակների առարկայական արդյունքները մեզ համար այնքա՜ն ընտանի նոր մի «բարոյական հաղթանակով» փոխանակելու համար: Դա անհրաժեշտ է «ազգային գաղափարախոսությունը» չվտանգելու եւ դրան խարսխված իրենց իշխանությունը, դիրքը, ունեցվածքը պահպանելու, որեւէ պատասխանատվությունից խուսափելու համար:
Ո՞րն է կրոնացված այսօրինակ գաղափարախոսությունների ուժը: Ինչո՞ւ, չնայած ակնհայտ կործանարարությանը, դժվար է դրանց դեմ պայքարը, դրանց ընթացքը կանխելը: Թերեւս՝ դա բացատրելի է երեք հանգամանքով. ա) կեղծ արժեքային համակարգի վրա հենված հայրենասիրության, հերոսության, ազգասիրության մասին պատկերացումների արտաքուստ գրավիչ ու գայթակղիչ լինելը, բ) հատկապես «շարքերում» դրանց անկեղծ հավատացողները, որոնք սովորաբար ինքնահաստատման չբավարարված խնդիր ունեն, գ) հասարակության մեջ հավատավոր կողմնակիցները: Այնուամենայնիվ, բարեպաշտ հավատացյալ է եկեղեցու սպասավորների մի մասը, ժամանակին իրենց առաքելությանն ու կոչումին անկեղծորեն հավատացել է գերմանական նացիզմի հետեւորդների եւ բոլշեւիկ կոմունիստների մեծ մասը, իսկ դաշնակ ու հնչակ «ֆիդայիները» անկեղծորեն ու համոզված գնացել են «ազգին մատաղ լինելու»: 1970-80-ական թվականներին թուրք դիվանագետների դեմ ահաբեկչության գնացող մահապարտներն էլ անկեղծ համոզված էին, թե դա հայրենասիրության բացառիկ դրսեւորում է: Սակայն այս ամենը ոչնչով չի փոխում գրանցված արդյունքների ողբալի էությունը:
Միայն կործանարար արդյունքների գրանցումից հետո է, որ (այս դեպքում խոսքը քրիստոնեության մասին չէ, այլ կրոնի վերածված տոտալիտար գաղափարախոսությունների) տվյալ հասարակությունը դուրս է քշում իր «առաքյալներին» ու «փրկիչներին», եթե... ի վիճակի է լինում սթափվել: Իրենց բերած արհավիրքներից հետո՝ Գերմանիայում՝ նացիզմ, Ռուսաստանում՝ կոմունիզմ այլեւս չի լինի: Հայաստանում կհաղթահարվի՞ նույնպիսի արհավիրքներ բերած հայդատականությունը որպես «ազգային գաղափարախոսություն», եւ ժողովրդի խնդիրները կդրվե՞ն քաղաքական հարթության վրա:
* * *
Իսկ գուցե, այնուամենայնիվ, սխալվո՞ւմ ենք...
Գուցե այս դատողությունների հիմքում սուբյեկտիվի՞զմ կա:
Գուցե, այնուամենայնիվ, հայդատականությունը հարյուր քսան տարվա բազմաթիվ ձախողումներից հետո, Լեռնային Ղարաբաղի դրվագում կարողանա հաջողությո՞ւն գրանցել. չէ՞ որ պատմական ինչ-որ մի պահի հաջողություններ գրանցեցին ու առարկայական խնդիրներ լուծեցին նույն գերմանական նացիզմն ու բոլշեւիկյան կոմունիզմը (չհաշված՝ թե հետո ինչ եղավ):
Ոչինչ ավելի համոզիչ չի կարող լինել, որքան մերկ, անառարկելի փաստերը:
1) Հայդատականության կարգախոսներից է «Հողահավաքը»՝ պատմական հայկական հողերը մեկ պետության մեջ ընդգրկելը: Լեռնային Ղարաբաղն այս համատեքստում դիտվում էր որպես առաջին կտոր հողը: Մեկ այլ՝ «Հարատեւ կռվի» կարգախոսը ենթադրում էր այն միջոցը, որով պետք է հասնել այդ խնդրի իրագործմանը: Ի՞նչ գործնական քայլեր կատարեց հայդատականությունը Լեռնային Ղարաբաղի դեպքում այս խնդիրներն իրականացնելու համար: Չխոսենք 1988-1989 թվականների մասին (ավելի ճիշտ՝ այդ մասին արդեն վերեւում խոսեցինք): 1990 թ. սկզբից Լեռնային Ղարաբաղը ինքնապաշտպանական ուժերի կարիք ուներ, այնքան սուր, որ հանրահավաքներում Շարժման ղեկավարներն արդեն բացահայտ կոչ էին անում զինված ջոկատներ կազմել (մինչ այդ նույն գործն արվում էր առանց հրապարակելու): 1991-1994 թվականները Լեռնային Ղարաբաղի համար ծանրագույն պատերազմի տարիներ էին: Այսինքն՝ «Հարատեւ կռվի» կարգախոսը մի քանի տարի ռեալ իրականություն էր: Հայդատական 5-6 միլիոնանոց Սփյուռքից որպես կամավոր այդ պատերազմին մասնակցել է... 14 հոգի (10՝ ԱՍԱԼԱ-ից, 2՝ դաշնակցական, 2՝ անկուսակցական): Այսինքն՝ մոտավորապես կես միլիոնից՝ մեկը: Այս թվերը ժամանակին մի քանի անգամ հրապարակել է Վազգեն Սարգսյանը:
Չենք մեղադրում, կյանքը թանկ բան է բոլորի համար: Պարզապես հիշեցնենք, որ Բոսնիայի համար պայքարում, օրինակ, սերբական սփյուռքից մշտապես կռվում էր 6000 կամավոր: Եւ, որքան գիտեմ, նրանք չունեն մեր հայդատականության նման ինչ-որ բան: Հիշեցնենք նաեւ, որ 70-80-ական թվականներին թուրք դիվանագետների դեմ ահաբեկչության գնացող մահապարտների թիվը այս 14-ից մի քանի անգամ ավելի էր: Իսկ այն ժամանակ ոչ մի «հողահավաքի» հարց չկար, ընդամենը գաղափարախոսության թարմացման ու ամրապնդման հարց էր լուծվում: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում խնդիրը հենց «հողային» էր եւ ավելի քան առարկայական:
2) Հայդատականության մյուս կարգախոսը «Ազգահավաքն» է՝ ազատագրված հողը հայերով բնակեցնելը: Լեռնային Ղարաբաղն, արդեն տասը տարուց ավելի, ազատագրված հող է:
Դեռ 1989 թվականին երջանկահիշատակ Անդրեյ Սախարովն իրեն հատուկ պարզությամբ ու դիպուկությամբ ցույց էր տալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման իրական ճանապարհը. այնտեղ հայ բնակչության թիվը հասցնել 300.000-ի: Նույն խնդի՞րն է:
Չմեղադրենք որեւէ սփյուռքահայի, որ պատերազմի շրջանում չեկավ բնակվելու Ղարաբաղում. վերջին հաշվով՝ պատերազմող երկրում վտանգավոր է: Չմեղադրենք նաեւ, որ որեւէ մեկը չեկավ բնակվելու նաեւ հրադադարի այս 10-11 տարիների ընթացքում. ամեն մեկն իր գործն ունի, դասավորած կյանքը, երեխաների կրթության շարունակման համար լեզվի խնդիրներ կլինեն... (հետաքրքիր է՝ այս խոչընդոտները չե՞ն խանգարելու, եթե մի օր էլ Արեւմտյան Հայաստանից հողեր վերադարձվեն): Սակայն եթե «ազգահավաքի» կարգախոսը լիներ ոչ թե գաղափարախոսական սնամեջ կանխադրույթ, այլ իրական քաղաքական խնդիր, ապա կար այն լուծելու հիանալի տարբերակ (առանց վնասելու սեփական անվտանգությունը, բարեկեցությունը, ապահովությունը, երեխաների ապագան): Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 300.000 մարդկանց (հիմնականում՝ ծնունդով ղարաբաղցիներ) մեծագույն մասը ցրվեց աշխարհով մեկ՝ տանիք եւ գոյության միջոցներ չունենալու պատճառով, սովից փրկվելու համար: Դժվարագույն այդ տարիներին հենց Հայաստանից քանի՞ հազար ընտանիք կգերադասեր ոչ թե արտագաղթել, այլ տեղափոխվել Ղարաբաղ, եթե նրանց այնտեղ առաջարկվեր քիչ թե շատ նորմալ տուն ու քիչ թե շատ մարդավայել ապրելակերպ (մե՛ր, համեստ չափանիշներով):
Ի՞նչ կարժենար դա:
Այդ նույն տարիներին Եվրոպայում հերթական մի «Հայ Դատի» գրասենյակ բացելը արժեցավ մեկ միլիոն դոլար: Դա բավարար է հարյուր ընտանիքի համար փառահեղ մի գյուղ հիմնելու, նաեւ նրանց ապրուստն ապահովելու համար: Ինչքա՞ն դրամ է հավաքվում այդօրինակ «գրասենյակների» տարեկան բյուջեներն ապահովելու, Հայ դատի համար լոբբինգի, այս կամ այն սենատորից մի խոսք կամ մի ստորագրություն կորզելու, գաղափարախոսական քարոզն ապահովելու համար: Հաստատ՝ տարեկան դրա տասնապատիկը: Այսինքն՝ այնքան, ինչքան պետք կլիներ տարեկան 1000 ընտանիք Ղարաբաղում բնակեցնելու ու պահելու համար: Տասը տարում՝ 10.000:
Վեց հազար ընտանիք երիտասարդ կյանք կորցրեց պատերազմում: Համաձայն եմ՝ իրավունք չունենք դրա մեկ տասներորդ մասն անգամ պահանջել Սփյուռքից: Բայց չգտնվե՞ց հայդատական Սփյուռքում մի 60000 ընտանիք, որ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի «հողահավաքված» հողում, հանուն «ազգահավաքի» վեհ նպատակն իրականացնելու, իրենց համար ոչ էական նյութական զոհողությունների գնար. եթե տասը տարում յուրաքանչյուր տասը ընտանիք մի տուն կառուցեր վերաբնակվողների համար, կլիներ եւս 6000 տուն: 15-20 հազար ընտանիք Ղարաբաղում բնակեցնելով՝ այսօր այդ հարցը վերջնականապես լուծված կլիներ: Այ սա՛ քաղաքական խնդիր էր, միանգամայն լուծելի խնդիր, որին ոչ ոք մոտ անգամ չեկավ: Ինչպե՞ս կարող է «ազգահավաքը» հայդատականության համար քաղաքական խնդիր լինել, երբ նրանցից ոմանք Հայաստանից կատարված արտագաղթի մեջ անգամ դրական բան են տեսնում՝ դրանով «հզորանում է Սփյուռքը»:
Բերված փաստարկները չեն նշանակում ամենեւին, թե հայդատականությունը չի կարող գործնական խնդիրներ դնել ու լուծել: Օրինակ՝ երկքաղաքացիության խնդիրը: Հետո՞ ինչ, որ դրա հետեւանքով Հայաստանը կարող է բանակ չունենալ, արտագաղթը նոր խթան կստանա:
Երկու տարի առաջ էկզոտիկ գործ էր հարուցվել հրեա մի հոգեւորականի դեմ, որը հավատացյալներին կլորիկ գումարներով դրախտում տնամերձ հողամասեր էր վաճառել եւ նրանց հանգուցյալների հոգիները դժոխքից դրախտ տեղափոխել: Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակական կյանքում, վերջին հաշվով, գործում է պահանջարկի ու առաջարկի շուկայի օրենքը: Պարզապես այս դեպքում մարդկանց զգացումների շահարկմամբ, շանտաժով ու պարտադրանքով նախ ձեւավորվում է կեղծ արժեքների պահանջարկ, ապա զոմբիացած հասարակությանը շատ թանկ գնով վաճառվում է նույն կեղծ ապրանքը:
* * *
Իրոք սահմռկեցուցիչ, ու դրանով իսկ անհավատալի կարող է թվալ այն պնդումը, թե հայդատական այս վարչախումբն իր «հերոսական» ու «հաղթողական» ընթացքը գիտակցաբար ու աղանդավորական պնդաճակատությամբ կարող է շարունակել մինչեւ պատերազմ, մինչեւ նոր աղետ ու պարտություն: Ինչպես դա արեց 1895-ին, 1915-ին, 1920-ին: Լեռնային Ղարաբաղն Արեւմտյան Հայաստանից ավելի մեծ ու ավելի կարեւոր չէ: Ինչպես եւ կանխատեսվում էր, ահա՝ բոլորիս աչքի առաջ քաղաքական խնդրի առարկա Լեռնային Ղարաբաղը զոհաբերվում է Հայ Դատի գաղափարախոսական կանխադրույթ դարձված Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարին: Զարհուրելին այն է, որ դա շատերը չեն ուզում տեսնել ու զգալ. կարեւորը «հերոսական» կարգախոսներն են: Մինչդեռ պարտվելու ու արյուն է թափելու ժողովուրդը, կորսվելու է հողը, իսկ գերագույն արժեք-հայդատականությունը նոր լիցք է ստանալու, պահանջատիրության նոր թարմ օբյեկտ, դրամահավաքի նոր առիթ, իշխանության ամրապնդման նոր հիմք: Գտնվելու են արդարացումներ ու կարգախոսներ. 1998-ի՝ «արյունով գրաված հողը հետ չեն տա» հերոսական թվացող կարգախոսը հնչելու է «արյունով գրաված հողը մենք տվեցինք միայն ավելի մեծ արյամբ», «մենք բարոյական հաղթանակ տարանք«,կամ՝ «արյունով տված հողը թշնամուն չի մնա» նույնքան հերոսական թվացող տեսքով։
Սահմռկեցուցի՞չ է, անհավատալի ու անհեթե՞թ:
Սահմռկեցուցիչ, անհավատալի ու անհեթեթ է՝ բանականության դաշտում, քաղաքական ըմբռնման դեպքում: Գաղափարախոսական հարթության վրա ու «ազգային գաղափարախոսության» դերի հավակնող հայդատականության արժեքային համակարգի տեսակետից դա հերոսության ու հայրենասիրության դրսեւորման բարձրագույն ձեւն է։
Եւ այս կրոնի ծառայողները դրանից հետո էլ հույս ունեն պահպանել ե՛ւ հասարակական դիրքը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ բարեկեցությունը: Ինչպես, դժբախտաբար, դա նրանց կարող են հուշել պատմության բերված օրինակները։
Համենայնդեպս՝ սա է եղել հայդատականության միակ ճանապարհը, ու սա է նրա գոյատեւման միակ միջոցը:
Եթե դրա դեմ չկանգնի ինքը՝ մարդկային բանականությունը, կամ գեթ՝ ժողովրդի ապրելու բնազդը, եթե ամբողջ մի ժողովուրդ իր մեջ չսպանի մեռնելու ցանկությունը, չարթնանա վերջապես էֆթանազիայի անցավ ու հաճելի նիրհից, դուրս չքշի «մահվան բժշկին» եւ Հայաստանում չհաստատի բնույթով ու գործելակերպով քաղաքական, օրինական եւ պատասխանատու իշխանություն
:

Thursday, July 27, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (4)

Մաս 1, Մաս 2, Մաս 3


4. Ի՞նչ էր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի 1997-ի փուլային տարբերակով լուծումը
Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարթության վրա՝ Շարժման, ապա նրա իշխանության համար նշանակում էր այն անհրաժեշտ պայմանների ապահովումը, որ կերաշխավորի նրա անվտանգությունը, ազատ եւ ապահով զարգացումը, նրա բնակիչների արժանապատիվ կյանքը։ Որպես այդպիսին՝ ՀՀՇ-ի քաղաքական իշխանությունը ցանկացած փուլում ձգտել եւ պատրաստ է եղել քաղաքական կարգավորման։ Այդ երաշխիքը ԽՍՀՄ գոյության պայմաններում կարող էր տալ ներքին վարչական սահմանների փոփոխությամբ Հայաստանին միացումը, ուստի հետապնդվում էր այդ խնդիրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդպիսի երաշխիք կարող էր լինել անկախությունը ու դրա միջազգային ճանաչումը: Երկու դեպքում էլ, բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե փաստական վիճակին, այլ իրավական կարգավիճակին՝ ճանաչմանը։ Առաջին դեպքում դրա ճանաչողն ու երաշխավորն էր դառնում խորհրդային հանրությունը՝ ի դեմս խորհրդային օրենքների, երկրորդ դեպքում՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս միջազգային օրենքների։ Բայց հնարավոր չեղավ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, քանզի Ադրբեջանը, որի կազմում դե-յուրե հայտնված է Լեռնային Ղարաբաղը, նույն խորհրդային եւ նույն միջազգային օրենքներով կարող էր դրան չհամաձայնել, ու չհամաձայնեց։ Ուրեմն պետք էր գտնել խնդրի լուծման՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը, ազատ ու անկաշկանդ զարգանալու հնարավորությունը, բնակիչների արժանապատիվ կյանքն ապահովելու ու երաշխավորելու այլ ձեւ ու ճանապարհ ու նույնարժեք երաշխիք:
Այդպիսի լուծում եւ երաշխիքներ էր ապահովում կարգավորման այն ծրագիրը, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ու պաշտպանեց: Դա 1997 թվականի հակամարտության խաղաղ կարգավորման փուլային տարբերակն էր: Դրանով պահպանվում էր նույնպիսի փաստական լիակատար անկախություն, որ ուներ Ղարաբաղը 1994 թ. հրադադարից ի վեր, Հայաստանի հետ ցամաքային կապը, վերանում էր շրջափակումը, Հայաստանն ու Ղարաբաղը ազատվում էին տնտեսական զարգացման կաշկանդիչ կապանքներից եւ այլն:
Ընդունված է ասել, թե այս ծրագրի խոցելի կողմն այն էր, որ հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ այն, ինչը այս ամենի պահպանման համար միջազգային երաշխիքներ է ենթադրում։ Առավել չարամիտները պնդում են, թե դրանով Լեռնային Ղարաբաղը դե-յուրե մնում էր Ադրբեջանի կազմում: Եթե կարգավիճակի մասին այս երկրորդ միտքն ընդհանրապես իրականության հետ կապ չունի, ապա առաջինը, մեր կարծիքով, առնվազն կոռեկտ ձեւակերպում չէ:
Իրականում կարգավիճակի հարցը, այո՝ ժամանակավոր, բայց հենց հետաձգվելու փաստով լուծում էր ստանում։ Լուծում էր ստանում չորրորդ մի տարբերակով: Այն միջազգայնորեն ստանում էր վիճելի, չլուծված, առկախ հարցի իրավական կարգավիճակ: Ճիշտ է՝ դա չէր նշանակում «անկախություն», չէր նշանակում «Հայաստանին միացում»։ Բայց դրանցից առաջ եւ առավել եւս՝ չէր նշանակում «Ադրբեջանի կազմում»։ Ավելին՝ հենց առաջին հերթին նշանակում էր «ո՛չ Ադրբեջանի կազմում»: Սա Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում տեղաշարժ էր, էական, առարկայական, փաստական տեղաշարժ: Քանզի ինչպես մինչ այդ, այնպես էլ այսօր, Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության աչքում ունի լավագույն դեպքում՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո անկախ» վիճակ: Ընդ որում՝ այս վիճակի երկրորդ մասը ապահովելու պարտավորություն ոչ մեկը չի ունեցել եւ չունի, քանզի դա որեւէ տեղ միջազգայնորեն արձանագրված չէ: Արձանագրված է առաջին մասը՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում» կարգավիճակը, եւ միջազգային հանրությունը դրա ապահովման պարտավորությունն ունի մի շարք բարձրագույն փաստաթղթերով: 1997թ. փուլային տարբերակով պայմանագրի կնքումով Լեռնային Ղարաբաղին տրվում էր «Դե-յուրե չլուծված հարց (= ո՛չ Ադրբեջանի կազմում), դե-ֆակտո՝ անկախ» միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված կարգավիճակ: Եւ պայմանագրի տակ ստորագրող երկրները կամ միջազգային հանրությունը այդ ճանաչմամբ հանձնառու էին դառնում այս կարգավիճակի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ մասի ապահովման երաշխավորը դառնալ: Այսինքն՝ ճանաչված «չլուծված հարց» կարգավիճակը իր գործողության ողջ ժամկետում ֆունկցիոնալ առումով լիովին փոխարինելու էր առայժմ անհնար՝ ճանաչված անկախությանը, նույն կերպ հանդիսանալու էր Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը, անվտանգությունն ու ազատ տնտեսական զարգացումն ապահովելու համար որպես միջազգային երաշխիք: Այլ խոսքով՝ նույն դերն էր կատարելու, ինչ ԼՂ անկախ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելը։ Չէ՞ որ դե-յուրե անկախության իմաստն էլ այլ բան չէ, քան ապահովության միջազգային երաշխիքներ ունենալը:
Միակ խնդիրը մնում էր ժամանակավոր լինելու հանգամանքը, այն, որ Լեռնային Ղարաբաղի «չլուծված հարց» կարգավիճակի վերջնական որոշումը թողնվում էր հետագային: Կենցաղային մակարդակի դավադրական տեսությամբ առաջնորդվող «ազգայինները» այստեղ թույլ ուղեղների համար նախատեսված հարց էին տալիս. «Իսկ եթե հետագայում որոշվեր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմո՞ւմ»: Բայց միջազգային օրենքներն ու միջպետական վարվելակերպի կանոնները մի քիչ տարբեր են, քան կենցաղային մանր ժուլիկությունները: Ակնհայտ էր մի բան. խնդիրը կքննարկվեր այնքան ժամանակ, մինչեւ չգտնվեր «չլուծված հարց»- կարգավիճակին փոխարինող համարժեք այն նոր ձեւը, որն առնվազն նույն կերպ ու նույն չափով կդառնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ազատ զարգացման համար հավասարազոր երաշխիք: Թե ինչպես կկոչվեր այն, էական չէ, թեկուզ՝ «արտամոլորակային տարածք»:
Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու ամբողջական լուծումը 1997-ի փուլային տարբերակով ոչ միայն տեսանելի, այլեւ շոշափելի էր եւ առարկայական: Եւ ամենահնչեղ «ազգային հարցերից» մեկը լուծվում էր հայդատական գաղափարախոսության կոնտեքստից դուրս, նրա առանցքային հիմնադրույթներին ու նրա տրամաբանությանը հակառակ: Դրանով իսկ խարխլվելու էին նրա գաղափարախոսական հիմքերը, խամրելու էր մշտական թշնամու կերպարը, արժեզրկվելու էր հարատեւ կռվի կարգախոսը: Ստեղծվելու էր մի ֆոն, որի վրա առավել ցայտուն էր երեւալու այդ գաղափարախոսության կանխադրույթների արկածախնդիր ու վնասակար լինելը, մանավանդ որ այդ հիմքերի վրա նրա ավելի քան հարյուրամյա գործունեությունը միայն կորուստների էր հանգեցրել՝ զարհուրելի կորուստների: Դա, որպես անմիջական հետեւանք, հանգեցնելու էր նաեւ կրոնի վերածված այս գաղափարախոսության սպասավոր դասի հարյուրամյա հասարակական դիրքի, իշխանության, բարեկեցության, եկամուտների հիմքի խարխլման ու կորստի: 

5. Ի՞նչ տեղի ունեցավ 1998-ի փետրվարին ու դրանից հետո
Թե ինչ պետք է տեղի ունենար՝ լավագույնս ու շատ կարճ ձեւակերպեց Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի իր հայտարարության մեջ. «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ է։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։ Երկրորդի՝ «խաղաղության ու պատերազմի» մասին հետագայում շատ խոսվեց, սակայն մոռացվեց առաջինը՝ «պետականության հիմնադրույթները»։ Մինչդեռ երկրորդն առաջինի հետեւանքն է ընդամենը։ Խոսքն այն մասին էր, որ հայդատականության պլատֆորմի վրա իշխանության եկողները հեռու պիտի մնային պետականության հայտնի եւ աշխարհում ընդունված հիմնադրույթներից, հենվեին բոլորովին այլ հիմնադրույթների, այլ արժեքային համակարգի վրա։ Իսկ վերջինս էլ այլ բան չէր, քան նույն՝ կրոնի վերածված հայդատական գաղափարախոսությունը։
Եվ հեղաշրջման մասնակից կենտրոնական անձերն այստեղ կարեւոր չեն ամենեւին։ Հրաժարական պարտադրած, հեղաշրջում իրականացրած հայտնի անձինք, գիտակցելով դա թե ոչ, կանգնել կամ հայտնվել էին հայդատականության գաղափարախոսական դիրքերում։ Բանականության դաշտում ու քաղաքական դիրքերից պարզապես հնարավոր չէր դիմակայել Հանրապետության Նախագահի քաղաքական ու առարկայական փաստարկներին, հերոս ձեւանալ, խաբել հասարակությանը։ Հիշենք նրանց հայտնի կարգախոսները. «Արյունով գրաված հողը հետ չեն տա», «Սիրենք մեր պատերազմը», «Մի անգամ պետք է մեր պատերազմը տանենք մինչեւ վերջ»։ Հիշենք, որ նրանց ներկայացրած այլընտրանքային «ծրագիրը» լուծման առաջարկվող տարբերակին հակադրում էր 8000 կմ քառ. տարածքով անկախ Ղարաբաղի պահանջ (գոյություն ունի նրանց ներկայացրած համապատասխան քարտեզը եւ դրան կից «Ծրագիրը») եւ այլն։ Պե՞տք է հիշեցնել (թե՞ յուրաքանչյուրն անմիջապես կարող է հիշել) այդ կարգախոսների նախօրինակ հարյուրամյա կաղապարները՝ «Մահ կամ ազատություն», «Միայն արյամբ կա հային փրկություն», «Ծովից ծով Հայաստան» եւ այլն։ Գաղափարախոսական նույն՝ հայդատական, կեղծ-հայրենասիրական հիմքի վրա ու նույն կարգախոսներով բորբոքվեց 1997թ. սեպտեմբերի վերջից ծայր առած՝ «պարտվողականության» եւ «Ղարաբաղը ծախելու» ողջ վայնասունը։ Շատերը հաճույքով կանգնեցին այդ պլատֆորմի վրա. առիթը հիանալի էր թվում՝ անաշխատ «հայրենասեր» երեւալու, «հերոս» ձեւանալու մարմաջը բավարարելու համար:
Հանրապետության Նախագահի հրաժարականից քիչ անց դաշնակցության «Երկիր» թերթը, մի առիթով դիմելով արդեն «նախկիններին»՝ գրեց. «Մի մոռացեք, որ դուք պարտվել եք հայդատականությանը»։ Եւ նա, իհարկե, ճիշտ էր։ Քաղաքական ուժը, որ հաղթանակով էր դուրս եկել Խորհրդային կայսրության դեմ անհավասար պայքարում, պայմանավորել համաշխարհային պատմության ուղղությունը, հաղթել էր Ադրբեջանին, կարողացել էր չպարտվել միջազգային հանրությանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցը հասցրել բարեհաջող լուծման վերջնագծի, պարտվեց հայդատականությանը։ Պարտվեց՝ ոչ թե վերջինիս ուժեղ լինելու հանգամանքով, այլ որովհետեւ Նախագահի քաղաքական թիմի մի քանի առանցքային անդամներ անակնկալ անցան հակառակորդի ճամբար՝ կրկնակի թուլացնելով առաջինը եւ տասնապատիկ հզորացնելով վերջինը:
Եւ այնուամենայնիվ՝ հայդատականության հաղթանակը ակտ չէր, այլ գործընթաց, եւ 1998 թ. փետրվարի 3-ը դրա միայն սկիզբն էր: Դրան հաջորդած շրջանում համապատասխան լրագրերի էջերում ամենօրյա կարգախոսը «իշխանափոխությունը դեռ չի ավարտվել» միտքն էր, մինչեւ տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Նույն կարգախոսը սկսեց հնչել օրումեջ, մինչեւ հաջողությամբ անցկացվեց դրան հաջորդած 5-6 ամսվա վտանգավոր շրջանը: Իսկ վերջնական հաղթանակը արձանագրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին՝ ՀՀ Սահմանադրության ոչնչացմամբ, ինչից հետո արդեն մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում:
* * *
Ինչպես եւ սպասելի էր, քիչ անց սկսվեց ընդամենը տասը տարի առաջ մի այլ՝ կոմունիստական գաղափարախոսության ճիրաններից ազատված հասարակության գաղափարախոսականացում - զոմբիացումը։ Այդ գործի կազմակերպիչ իրականացնողներից մեկը բողոքում էր, թե նախադպրոցական հիմնարկներում 4 եւ բարձր տարիքի երեխաներին դժվար է լինում հասկացնել, թե ինչ բան է Հայ Դատ, Ցեղասպանություն, պահանջատիրություն, մշտական թշնամի։ Կոմունիստները հասարակության գաղափարական դաստիարակության այդ գործն սկսում էին ավելի ուշ՝ 7-8 տարեկանից։ Վարչախմբի նպատակն էր Հայաստանը դարձնել հայդատական ֆունդամենտալիզմի հիմքով տոտալիտար մի կրոնապետություն, եւ այժմ ամեն ինչ դրան է ուղղված։ Միայն այս կերպ կարելի է լուծել իշխանությունը հնարավորինս երկար պահպանելու խնդիրը:
Բնականաբար, գաղափարախոսական նույն հարթության վրա պետք է տեղափոխվեին հասարակական ու պետական կյանքի բոլոր հարցերը։ Արտաքին քաղաքականության դեպքում դա ավելի քան ցայտուն է երեւում. Քոչարյանի առաջին կառավարության՝ 1998թ. ԱԺ ներկայացրած Ծրագրում արտաքին քաղաքականության վերնագրի տակ սպիտակ էջ էր՝ այդ ասպարեզի հայեցակարգը շուտով ներկայացնելու խոստումով։ Չնայած բազմաթիվ հիշեցումներին, մինչ օրս այդ էջը սպիտակ է՝ հայեցակարգը չկա։ Չկա, որովհետեւ գրել այն, ինչ արվում է իրականում, կնշանակի սուր պրոբլեմներ ունենալ միջազգային հանրության հետ, իսկ գրել այն, ինչ ընդունելի է վերջինիս համար, կնշանակի նույնպիսի սուր խնդիրներ ունենալ ներսում՝ սեփական գաղափարախոսության հետ
։