Thursday, November 5, 2009

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

1.
Նախապատրաստական շրջան եւ միջոցառումներ
Հայոց Համազգային շարժման հիմնադիր համագումարը, թերեւս, կարող էր կայանալ մեկ տարի ավելի շուտ, 1988-ի աշնանը, այն բանից հետո, երբ “Ղարաբաղ” կոմիտեն օգոստոսի 19-ին հրապարակեց Հայոց Համազգային Շարժման ծրագրային փաստաթուղթը եւ դրա հիման վրա բազմաթիվ հիմնարկներում, ձեռնարկություններում ու բնակավայրերում ստեղծվել էին տեղական կազմակերպություններ։ Սակայն նախ՝ հրապարակված ծրագրային փաստաթղթի քննարկման համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակ հատկացնել։ Մյուս կողմից՝ Շարժումը հետագա ամիսներին բուռն վերելք էր ապրում. միմյանց էին հաջորդում կարեւոր իրադարձություններ, ծագում էին բազմաթիվ օրախնդիր հրատապ հարցեր, որոնցով անմիջապես ստիպված էր զբաղվել “Ղարաբաղ” կոմիտեն, որը միաժամանակ նաեւ հանդես էր գալիս որպես Հայոց Համազգային Շարժման նախաձեռնող խումբ։ Համագումարին գործնական նախապատրաստվելն եւ անցկացուը էական ժամանակ եւ ուժեր էր պահանջում, ինչը այդ իրավիճակում կարող էր շռայլություն լինել։ Բոլոր դեպքերում՝ 1988-ին դա տեղի չունեցավ։ Բացի այդ՝ փաստորեն բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, բնակավայրերում ստեղծված “Ղարաբաղ” ենթակոմիտեների ցանցն ըստ էության փակում էր Հայաստանի ողջ տարածքը։ Ինքնաբուխ ստեղծված այս կառույցները, որոնք վերածվեցին ՀՀՇ տեղական կազմակերպություների, “Ղարաբաղ” կոմիտեին ճանաչում էին որպես բացարձակ հեղինակություն, որպես ղեկավար մարմին։ Այսինքն՝ Շարժման կազմակերպական կառույցը փաստորեն կար եւ հստակ գործում էր։ Խնդիրը իրավական կարգավիճակն էր։ Ստեղծված փաստական երկիշխանության պայմաններում, սակայն, որպես գրանցված կազմակերպություն պաշտոնապես ճանաչված չլինելը քիչ էր խանգարում Շարժման գործունեությանը։ Այնքան հզոր էր նրա ուժն ու հեղինակությունը, որ կարողացավ թափուր ընտրատարածքներում իր թեկնածուներին պատգամավոր դարձնել եւ սեփական նախաձեռնությամբ իրականացնել նույնիսկ այնպիսի մի աննախադեպ միջոցառում, ինչպիսին Օպերային թատրոնի շենքում Գերագույն խորհրդի նոյեմբերի 24-ի նիստն էր՝ որն ընդունեց Շարժման կողմից պատրաստված օրինագծերը եւ որոշումները։
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժը, որին անմիջապես հաջորդեց “Ղարաբաղ” կոմիտեի անդամների ձերբակալությունը, շատ բան փոխեց։ Սակայն ՀՀՇ համագումարի հրավիրման ու պաշտոնական ճանաչման հարցը մնաց Շարժման օրակարգում։ Այս ուղղությամբ Կոմիտեի փոխարինող կազմը որոշակի ջանքեր գործադրեց 1989-ի գարնանը, սակայն հաջողության չհասավ։ Համագումարի նախապատրաստումը եւ հրավիրումը հնարավոր չէր նաեւ Կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո առաջին ամիսներին։ Բանտային ծանր պայմանններից հետո նրանք եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական առումով լուրջ կազդուրման եւ վերականգնման, ինչպես նաեւ նոր իրավիճակին ծանոթանալու եւ այն տիրապետելու կարիք ունեին ։ Եւ այնուամենայնիվ, ամռանից սկսած ձեռնարկվեցին եւ իրականացվեցին մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Հունիսի 17-ին Համալսարանի մեծ դահլիճում կայացավ ՀՀՇ հիմնադիր ժողովը շուրջ 1000 պատվիրակների մասնակցությամբ։ Այստեղ ընտրված կազմկոմիտեին հանձնարարվեց նախապատրաստել կազմակերպության հիմնադիր համագումարը։ Վերջինս ձեռնարկեց Շարժման Ծրագրի վերամշակմանը՝ նկատի ունենալով դրանում արձանագրված խնդիրների մի մասի լուծված լինելը, իրավիճակում կատարված որակական փոփոխությունները։ Քիչ անց, հունիսի 25-ին Գերագույն խորհրդի կողմից ՀՀՇ-ի պաշտոնական ճանաչվեց եւ հանձնարարվեց ԳԽ նախագահությանը՝ գրանցել նրա ծրագիրը եւ կանոնադրությունը։ Սակայն վերջինս դա հնարավորինս ձգեց եւ արեց միայն 1989-ի նոյեմբերի 1-ին, հիմնադիր համագումարի նախօրյակին։
Եւ այնուամենայնիվ, “Ղարաբաղ” կոմիտեի անդամները հետագայում պետք է խոստովանեին, որ համագումարին չկարողացան պատշաճ կերպով նախապատրաստվել։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում լարված, փաստորեն կիսապատերազմական վիճակը, փախստականների հսկայական զանգվածի հոգսը ամենօրյա եւ ամենաբազմաբնույթ պրոբլեմներ էին առաջացնում։ “Ղարաբաղ” կոմիտեն Շարժման գործիչներից ստեղծած իր հանձնախմբերով ստիպված էր զբաղվել բոլոր հարցերով, քանզի բոլորն էին դիմում այստեղ։ Մասնավորապես Ղարաբաղին ամենաբազմատեսակ օգնություն եւ օժանդակություն էր անհրաժեշտ ապահովել՝ սկսած յուրաքանչյուր բնակավայրի մանր, կենցաղային խնդիրներից, մինչեւ քաղաքական, պաշտպանական, տնտեսական հարցերը։ Այս ամենից, եւ մասնավորապես Ղարաբաղի հետ կապված հարցերից դուրս (կամ դուրս թվացող)՝ Կոմիտեի որեւէ միջոցառում, որեւէ զբաղում իսկույն նրա աչալուրջ “քննադատների” կողմից մատուցվում եւ թմբկահարվում էր որպես Ղարաբաղը “մոռանալու”, “այլ նպատակներ” ունենալու մեղադրանք։

Համագումարի քաղաքական իմաստը եւ այն վիժեցնելու ջանքերը: Հայկական “ինտերֆրոնտ”

Դժվար է ասել՝ “Ղարաբաղ” կոմիտեն եւ Շարժման մյուս ղեկավարնե՞րն էին ավելի շատ ջանք ու եռանդ ներդրել համագումարը նախապատրաստելու եւ հաջողությամբ անցկացնելու գործում, թե՞ այն ուժերն ու կազմակերպությունները, ովքեր նպատակադրված էին այն տապալել։ Առաջինները, համենայնդեպս, որպես փաստական իշխանություն, դրան զուգահեռ ստիպված էին ավելի շատ զբաղվել ամենօրյա օպերատիվ կարգավորում պահանջող հարցերով։ Հակառակ կողմը, նման խնդիրներ չունենալով, ամբողջությամբ կարող էր նվիրվել սպասվող համագումարը տապալելու գործին։ Պահը ճակատագրական էր այնքանով, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ կողմի համար հստակ էր, որ հաջող ընթացքի եւ ավարտի դեպքում համագումարն ունենալու էր հետեւյալ արդյունքները.
ա) ՀՀՇ-ն դառնալու էր ոչ թե մյուս կազմակերպությունների համար ձեւական հովանոց (ինչ հանուն “ազգային միասնության” նրանից ակնկալում ու պահանջում էին նրա գաղափարական հակառակորդները), այլ որոշակի քաղաքական ծրագրով, տարբերակաիչ հատկանիշներով եւ հստակ կառույցներով ինքնատիպ եւ հզոր քաղաքական միավոր՝ օժտված նաեւ իրավական ստատուսով։
բ) “Ղարաբաղ” կոմիտեն եւ Շարժման ղեկավարների երկրորդ դասը դառնալու էին այդ ուժի ղեկավար մարմինը, եւ Շարժման ողջ ներուժը, այժմ ավելի արդյունավետ, ուղղվելու էր հաստատված ծրագրային նպատակների իրականացմանը։
գ) ՀՀՇ-ն ձգտելու է վերցնել իշխանությունը եւ իրականացնել ժողովրդավարության խորացման միջոցով դեպի անկախություն տանող ծրագրում նախանշված հստակ քայլերը։
դ) Միշտ օրինականության շրջանակներում պայքարելու իր սկզբունքով, բայց դրա հետ մեկտեղ նաեւ իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար նույն այդ օրինականության շրջանակներն ընդարձակելու իր կարողությամբ նա լինելու էր դժվար խոցելի ու անկասելի, իսկ անկախության եւ ժողովրդավարության տանող ճանապարհին նրա հաջողությունները շարունակելու էին վտանգավոր օրինակ ծառայել մյուս հանրապետությունների համար։
Այս ամենը դեպքերի ընթացքին ուշադիր հետեւողների համար (իսկ ուշադիր հետեւողներ կային եւ՛ ի պաշտոնե, եւ՛ սեփական շահերից ելնելով) պարզ էր արդեն համագումարից մի քանի ամիս առաջ։ Ըստ այսմ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ ուժեր եւ ինչ հիմքի վրա պետք է ամեն ինչ անեին համագումարը տապալելու համար։ Դա կնշանակեր տապալումը մի մեկնարկի, որն սպառնում էր՝
ա) Մոսկվային, կայսերապետական ուժերին, խորհրդային համակարգին.
բ) Հայաստանում իշխող կոմունիստական կուսակցությունը եւ ողջ կոմունիստական նոմենկլատուրային.
գ) այն ուժերին, որոնք համոզված էին ազգը ներկայացնելու եւ նրա խնդիրները տնօրինելու իրենց մենաշնորհի մեջ, եւ որոնց ծրագրերը կառուցված էին Հայաստանի՝ ԽՍՀՄ-ի մեջ մնալու պարտադիր պայմանի վրա.
 դ) հասարակության այն շերտին, որը կոմունիստական իշխանության պայմաններում այս կամ այն կերպ հայտնվել էր էլիտար խավի մեջ եւ օգտվում էր որոշակի արտոնություններից.
ե) խորհրդային հասարակարգում ձեւավորված եւ իշխանության ու պաշտոնեության հետ անմիջական կամ միջնորդավորված կապի մեջ գտնվող քաղքենիական խավին, որի անդորրը խաթարվելու էր։
Ուժը, ինչպես տեսնում ենք, փոքր չէր, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նրանց ձեռքին էին իշխանության բոլոր լծակները, զանգվածային լրատվության միջոցները եւ այլն։ Եւ եթե Շարժումը, որքան էլ հզոր ու զանգվածային, սակայն կազմակերպական իմաստով բաց էր ամբողջությամբ, ապա նրան հակառակ ուժերն ունեին գուցե փոքրաքանակ, բայց ամուր եւ կարգապահ կառույցներ։ Նրանք կարող էին գործել ե՛ւ բացահայտ, ե՛ւ թափանցելով Շարժման մեջ, ե՛ւ քողարկված՝ “ավելի ազգային”՝ ժողովրդահաճ անունների, կարգախոսների ու ծրագրերի տակ։ Այսինքն՝ նրանց բոլորի պայքարը չէ, որ Շարժման դեմ լինելու էր բացահայտ ու ճակատային:
Խորհրդային Միության մյուս բոլոր այն հանրապետություններում, որտեղ անկախության հարց էր հարուցվում, դրա հետ մեկտեղ եւ դրա դեմ ստեղծվում էին հայտնի “ինտերֆրոնտները”։ Վերջիններս ստեղծվում էին տվյալ հանրապետություններում առկա ռուսալեզու բնակչության հիմքի վրա, հասկանալի է՝ Կենտրոնի, մասնավորապես ՊԱԿ-ի նախաձեռնությամբ։ Հայաստանում էթնիկական այդ հիմքը չկար (ռուս բնակչության տոկոսը չափազանց փոքր էր), բայց իշխանության համար կար նույն խնդիրը՝ “ինտերֆրոնտի” գործառույթով ինչ որ բան ստեցծելու նույնքան սուր անհրաժեշտությունը։ Հայկական “ինտերֆրոնտը”, բնականաբար, պետք է ձեւավորվեր այլ՝ ոչ էթնիկական հիմքի վրա։ Դարձյալ բնականաբար՝ նրա պայքարը անկախության դեմ չէր կարող նույնքան եւ նույն կերպ բացահայտ եւ ուղղագիծ լինել, ինչպես ասենք՝ Բալթյան հանրապետություններում։ Այն պետք է էական յուրահատկություն ունենար եւ՛ գործունեության ձեւի, եւ՛ փաստարկների առումով։
Հայկական “ինտերֆրոնտի” խնդիրը պետք է լիներ ոչ թե տրամագծորեն հակադրվել Շարժմանը (ինչը նրանց համար կնշանակեր արագ ձախողում), այլ՝ կա՛մ պառակտել այն, կա՛մ փորձել գլխավորել եւ տանել իրեն ցանկալի ուղղությամբ։ Այսինքն՝ գեթ համագումարում այս ուժի բերած փաստարկներն ու կարգախոսները պետք է բխեին նույն “ազգային խնդիրների” ավանդական ընկալումներից եւ մատուցվեին որպես ազգի լավագույն ապագայի համար մտահոգություն։ Քննարկվող հիմնադիր փաստաթուղթն, օրինակ, նրանց կողմից պետք է քննադատվեր ոչ թե անմիջապես հակաանկախականության, այլ, քաղաքական մտքի ավանդույթով եկած պատկերացումների դիրքերից, պետք է մեղադրեին, որ այն չի նպաստում “ազգային միասնությանը”, չի հենվում “ազգային գաղափարախոսության” վրա, անտեսում է “պանթուրքիզմի վտանգը”, ազգային վրեժխնդրության դերը, ազգային չէ եւ այլն։ Վերջին հաշվով, այդ պայքարը հենվում էր հայդատական, պահանջատիրական գաղափարախոսական ֆրազների՝ որպես “համազգային խնդիրների” եւ Հայաստանի ժողովրդի անկախության քաղաքական խնդրի մեջ հակադրություն տեսնելու դեմագոգիայի վրա։ Առաջինը համարվում էր գերագույն արժեք, երկրորդը կարող էր լինել միայն նրա սպասարկուն։ 
ՀՀՇ հիմնադիր համագումարն իրականում դարձավ այն փորձաքարը, որի շնորհիվ ավելի հստակ ուրվագծվեցին քողարկված հայկական “ինտերֆրոնտն” ու նրա բաղկացուցիչները։ Դա արտահայտվեց ոչ միայն համագումարից առաջ եւ նրա ընթացքում, այլ նաեւ դրանից հետո նրանց վերաբերմունքում, գործողություններում եւ գնահատականներում։

“Հայք” 5, 11.2009


No comments:

Post a Comment