Monday, November 16, 2009

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ “ժԱՄԱՆԱԿ” ԹԵՐԹԻՆ


ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթը բազմաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ: Մեղադրանքներ, հարցադրումներ են հնչում, թե մի կողմից նա “քննադատում է իշխանություններին, մյուս կողմից, պաշտպանում է Սերժ Սարգսյանին”, կամ՝ “Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջը Կոնգրեսի համար այլեւս երկրորդական է”, կամ՝ Տեր-Պետրոսյանը “գործարք է առաջարկել” իշխանություններին, կամ՝ ելույթի մեջ տեսնում են՝ “իշխանություններին հանդուրժելու բանաձեի սահմանում տալու փորձ”, կամ նշում են, թե՝ “ոչ ոք այդպես լավ չի արդարացրել Ս.Սարգսյանին, ինչպես Տեր-Պետրոսյանն այդ ելույթում”…

Նախ ասենք, որ ընկալումները մեծի մասամբ եղել են ճիշտ եւ ըստ էության։ տրվել են բարձր գնահատականներ։ Առաջին նախագահի ելույթները պետք է ուշադիր կարդալ։ Եւ ոչ մեկ անգամ։ Բայց դա էլ բավարար չէ։ Նաեւ չի կարելի նրա առանձին մտքեր կտրել ընդհանուր կոնտեքստից եւ միայն դրա մասին դատողություններ անել։ Ավելին՝ չի կարելի նրա որեւէ ելույթ կամ միտք դիտել կամ փորձել հասկանալ մյուս բոլոր ելույթների ու քաղաքական գործունեության ընդհանուր կոնտեքստից դուրս։ Եւ վերջապես՝, չսխալվելու համար, պետք է նաեւ բավարար չափով տեղեկացված լինել իրողություններից ու իրադարձություններից եւ հնարավորինս զերծ՝ զգացմունքայնությունից։ Հասկանում եմ, որ դժվար է այս ամենը մեկտեղել, բայց պետք չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին “թիթեռնիկի ռեակցիա” տալ։
Ինչ վերաբերում է Ձեր թվարկած հարցադրումների ու մեկնաբանությունների հեղինակներին, ապա նրանց, ըստ դրդապատճառների, կարելի է բաժանել հետեւյալ խմբերի.
ա) Մի մեծ մասի հիմքը անկեղծ անհանգստությունն է՝ “հանկարծ այդպես չլինի”։ Եւ դա բխում է նրանց սրտացավությունից երկրի ճակատագրի հանդեպ։
բ) Մյուս մասը մարդիկ են, որոնք նրա ելույթն ի սկզբանե կարդում են դրանում “խոցելի” տեղեր գտնելու, առանձին մտքեր ու բառեր առանձնացնելով չարամտորեն խեղաթյուրելու, իրենց ձեռնտու ու իրենց համար ցանկալի ենթադրություններ անելու համար։ Դա էլ այն քաջ ծանոթ խեղճուկրակ միակ մեթոդն է, որից միշտ էլ օգտվել են իշխանական քարոզչամեքենան ու նրա խոսափողերը՝ հասարակության գոնե ինչ-որ մասին ապակողմնորոշելու համար։
գ) Լեւոն Տեր-Պետրասյանի խոսքը լրագրողական ու “վերլուծական” աշխատանքով զբաղվողների մի շերտի համար գայթակղության քար է՝ սեփական էրուդիցիան ցուցադրելու, ինքնահաստատվելու համար (“տեսեք՝ ում քննադատեցի”, “տեսեք՝ ում խոսքում հակասություն գտա”, “տեսեք՝ ոնց գլխի ընկա”)։ Սրանք կարծում են, թե նրա ելույթի առիթով որեւէ մեկանաբանություն չանելով “բացակա կստանան”, ու դուրս կմնան ինչ-որ մրցակցությունից։  
դ) եւ վերջապես չորրորդ խումբը՝ ողջ կյանքում գրասեղանին կպած, սպիտակ օձիքով կամ “բաբչկայով” պրոֆեսինալ “ճառ ասողներ” են, որոնք փողոց են իջնում միայն խանութ գնալու համար եւ իրենց գործը համարում են միմիայն “զանգ կախողներին” քննադատելն ու սովորեցնելը։
Որքան էլ տխուր, բայց այս ամենը, գուցեեւ, բնական է, սակայն ոչ մի կապ չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի ո՛չ ելույթի, ո՛չ գործի, ո՛չ քաղաքական մտադրությունների հետ։ Կան տարբեր տեքստեր. հեքիաթի, վեպի, բանաստեղծության... Կա նաեւ քաղաքական տեքստ՝ բավականին յուրահատուկ, որը կարդալու ու հասկանալու համար մի քիչ այլ ունակություններ ու պատրաստություն է պետք։ Կարող եմ միայն ասել, որ այս ելույթը նրա՝ քաղաքական առումով ամենաաշխատված եւ ամենաբազմաշերտ ելույթներից մեկն է։ Եւ ո՛չ “վերլուծական” լավաշների հեղինակ ինքնահռչակ “քաղաքական վերլուծաբան”, ո՛չ պատգամավոր կամ այլ պաշտոնյա, ո՛չ լրագրող ու թերթի խմբագիր լինելը իրենց հետ ինքնաբերաբար նման հմտությամբ չեն օժտում մարդուն։ Ուստիեւ նրանք, ովքեր վստահորեն շտապում են “հակասություններ” գտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքում կամ քաղաքական վարքագծում, պետք է շատ զգույշ լինեն՝ հիշելով, որ շատերն այդ գայթակղությանը տրվելով, հետո ափսոսացել են դրա համար, եթե, իհարկե, նրանց նպատակը անտեղյակ մարդկանց, թեկուզեւ կարճ մի ժամանակով, մոլորեցնելը չի եղել։
Ամենեւին մտադիր չեմ մեկնաբանել Նախագահի ելույթը՝ հերքելու համար ինձ ուղղված հարցի մեջ չակերտված “հարցադրումներն” ու “մեղադրանքները”։ Շատ կարճ ժամանակում կերեւա դրանց սնանկությունը։ Ասեմ միայն երկու բան։ Առաջին՝ “գործարքի” մասին. գործարքի տեխնոլոգիան ենթադրում է, որ առաջարկը արվում եւ գործարքը կնքվում է գաղտնի, իսկ հրապարակայնորեն հռչակվում կամ ցույց է տրվում ճիշտ հակառակը՝ ապահովելու համար դրա կայացումը մինչեւ բացահայտվելը։ Դասական ու ամենաթարմ օրինակը Դաշնակցության գործարքն է Սերժ Սարգսյանի հետ, ինչը արդեն բացահայտված լինելով, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը հրապարակային է, բաց՝ անհարիր գործարքի տեխնոլոգիային։
Երկրորդ՝ բոլոր կարգի անհանգստացողներին հանգստացնելու համար կարող եմ առաջարկել պարզ մի թեստ. եթե  արված վերագրումները գեթ փոքրիշատե համապատասխանեին իրականությանը, ապա, նույն օրվանից սկսած, իշխանական հեռուստաալիքները օրը մի քանի անգամ ամբողջությամբ կցուցադրեին այդ ելույթը։ Այապես որ՝ անհանգստանալու ոչ մի հիմք չկա։

Լ.Տեր-Պետրոսյանի կողմից Այնթապցու եւ Ս.Սարգսյանի միջեւ զուգահեռներ տանելու փաստը նույնպես տարբեր գնահատականների արժանացավ: Այնթապցին ու Ս. Սարգսյանն ի՞նչ նմանություններ ունեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ի տարբերություն Ս. Սարգսյանի Այնթապցին գահակա­լեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ գոնե կանխելով Հայոց եկեղեցուն սպառ­նացող վտանգը: Ըստ Կոնգրեսի ներկայացուցիչների պնդումների՝ Ս.Սարգսյանը իշխանավարման ողջ ընթացքում գործել է բազմաթիվ սխալներ, զիջումների է գնացել՝ ապացուցելով, որ իր համար ցանկալի լեգիտիմությունը սեփական ժողովրդից չի էլ ակնկալում: Պարոն Սարգսյան, ո՞րն էր այնուամենայնիվ, Կոնգրեսի առաջնորդի հիմնական ուղերձը գործող իշխանություններին եւ հասարակությանը:


Անարդար բան եղավ. Հայոց երեւի ամենադժգույն, ամենաանարժան ու մոռացված կաթողիկոսներից մեկի անունը, այս ելույթով դարձավ ամենաճանաչվածը մեր 133 կաթողիկոսների շարքում։ Սա, իհարկե, կատակով։
Այս երկու տարվա մեջ առաջին անգամը չէ, որ Հանրապետության Հիմնադիր-նախագահը, մանրակրկիտ ու համոզիչ ներկայացնելով հնարավոր կորուստների վտանգը, նաեւ, ըստ իրավիճակի, ուղիներ է մատնանշում դրանից խուսափելու համար։
2007-ի հոկտեմբերի 26-ին նա Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին առաջարկեց ինքնակամ հեռանալ քաղաքական ասպարեզից՝ հավաստելով, որ այդ դեպքում նրանց “անունները ըստ արժանվույն կարձանագրվեն Հայ ժողովրդի պատմության մեջ”։
2008-ի հուլիսի 4-ի եւ հոկտեմբերի 17-ի հանրահավաքում նա հորդորում էր Ս. Սարգսյանին՝ սեփական լեգիտիմությունը չփնտրել Արեւմուտքում՝ վաճառքի հանելով Հայաստանի պետական շահը, այլ փորձել այն գտնել երկրի ներսում՝ կատարելով քայլեր (եւ թվարկում է, թե ինչ քայլեր), որոնք իրեն կօժտեն ներքին լեգիտիմությամբ ու կվերացնեն նրա (փաստորեն՝ Հայաստանի) խոցելիությունը արտաքին հարաբերություններում։
Նույն հանրահավաքում նա հայտարարեց հանրահավաքների տեւական ընդմիջման մասին՝ այն մտավախությամբ, որ դրանք կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի խնդրով ինտենսիվացած գործընթացներում։
Այս տարվա սեպտեմբերի 18-ին նա կոչ արեց հասարակության բոլոր շերտերին համախմբվել եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ խոստանալով այդ դեպքում արտահերթ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը (եթե ոմանց դա կարող էր անհանգստացնել)։
Եթե բերվածը դիտենք որպես պարզ տեքստ, կթվա, թե դրանց մեջ տրամագծային հակասություններ կան։ Բայց այս ամենն ունեն ընդհանուր հայտարար հանդիսացող հստակ քաղաքական շարժառիթ. վերացնել Հայաստանի արտաքին խոցելիությունը ու դրա պատճառով չկորցնել Լեռնային Ղարաբաղը, ստիպված չլինել ուրանալ Ցեղասպանությունը։ 2007-ի աշնանից սկսած, դրանցից յուրաքանչյուրը քաղաքական տվյալ պահի համար տրված բանալի է՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար։ Այս դեպքում, ահա, վերանում է թվացյալ ամեն մի հակասություն, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Այս համատեքստում էլ նրա վերջին ելույթում բերված՝ կաթողիկոսի օրինակը քաղաքական նույն գծի շարունակությունն է, հարազատ՝ ՀՀ Հիմնադիր-նախագահի, պետական գործչի քաղաքական էությանն ու անթեք վարքագծին։ Եւ ոչ թե 2, այլ անգամ 20 տարվա կտրվածքով։
Բերված օրինակն ընդամենը մեկ բան է ասում. գիտակցաբար, թե ակամա եթե անգամ եկել հասել ես դավաճանության եզրագծին, մի մտածիր, թե ետդարձի ճանապարհ չկա, եւ միակ ելքը սխալը մինչեւ վերջ տանելն է։ Նժարին շատ մեծ ազգային արժեք է դրված, որի տերը ժողովուրդն է։ Եւ այդ արժեքի տեր ժողովուրդը, նույն այդ արժեքը պահպանելու հնարավոր բոլոր միջոցներն սպառելուց հետո, իր իմաստությամբ կարող է անել վերջին մի քայլ. “Ուզածդ իշխանություն է, դրա լեգիտիմության ճանաչումը, ետ դարձիր, դա էլ քեզ կտանք, միայն թե մի ծախիր մեր ունեցածն օտարին”։ Տխո՞ւր է ու ճնշո՞ղ։ Անշուշտ։ Ճիշտ կլիներ ժամանակին եւ այլ մեթոդներով կանխել իրերի նման ընթացքը եւ չհասնել նման վերջաբանի։ Եւ դա տեղի կունենար, եթե երկու տարի առաջ ավելի մեծ լիներ ժողովրդի համախմբվածության աստիճանը, եթե ստվար մի զանգված իր ձայնը 5000 դրամով, “ընդդիմադիր” քաղաքական ուժեր իրենց “բրենդը” 30 արծաթով չծախեին։ Եթե անգամ վերջում, երբ ամեն ինչ հստակ էր, անսային Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 18-ի կոչին եւ համաժողովրդական ընդվզմամբ հասնեինք Ս. Սարգսյանի հրաժարականին։ Բայց, եթե արդեն իսկ, ում մեղքով էլ լինի, բանը եկել հասել է այստեղ, ապա նման քայլը ոչ թե ժողովրդի մեղկության ու խեղճության, այլ, զգացմունքների զսպման, քաղաքական հազվագյուտ լայնախոհության ու արժանապատվության դրսեւորման փաստ է։ Սա թույլի գործա՞րք է սեփական խղճի հետ։ Եթե գործարք է, ապա ճիշտ այնպիսի, ինչպես երկու կանանց հայտնի վեճը լուծելիս երեխային կիսելու մասին Սողոմոնի հայտնի վճռի դեպքում, երբ իրական մայրը “գործարքի գնաց”՝ հրաժարվեց երեխայից նրա կյանքը փրկելու համար։ Եթե որեւէ մեկը դրա համար դատապարտում է այդ կնոջը, դա այլ հարց է։ Հիշյալ կաթողիկոսի հետ կապված պատմական փաստի վկայակոչմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ դեռ տեսականորեն պահպանվում է Ղարաբաղը փրկելու եւ Ցեղասպանության ուրացումից խուսափելու վերջին մի միջոց։ Այլ հարցէ, թե որքանո՞վ է այն գործնականում իրագործելի։

Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում, ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները որքանո՞վ են անշրջելի, Ս. Սարգսյանը կարո՞ղ է հետ կանգնել այլեւս իր “նախաձեռնողականության” շրջանակներից դուրս գտնվող պրոցեսներից: Եթե նա չի կարող հետ կանգնել այդ երկու գործընթացներից, եթե միջազգային հանրությունը չի հանդուրժելու Արձանագրությունների վավերցման վիժեցումը եւ ԼՂ-ի խնդրի շուրջ նոր ստատուս - քվոյի սահմանումը, եւ դրանք անշրջելի գործընթացներ են, ապա ի՞նչ կարող է փոխվել դրական իմաստով այս երկու գործընթացներում, եթե Ս. Սարգսյանը ցանկալի լեգիտիմությունը խնդրի սեփական ժողովրդից:

Չպետք է պատկերացնել, թե խնդրո առարկա հարցերը լուծվում են միայն ուժերի հարաբերակցության դիրքերից։ Այդ դեպքում միջազգային հանրություն-Հայաստան ուժերի հարաբերակցությունը գուցե ավելին է քան հազարը մեկին, եւ ամենեւին կարիք չէր լինի համբերատար ու հետեւողականորեն աճեցնել հենց այդպիսի՝ ոչ լեգիտիմ, խոցելի նախագահ՝ հարցերն իրենց ուզած ձեւով լուծելու համար։ Անշուշտ, եթե նախորդ նախագահական ընտրությունները անցնեին նորմալ եւ Հայաստանն ունենար լեգիտիմ եւ ուժեղ նախագահ, վերջինս կարիք չէր ունենա Ցեղասպանության ուրացման քայլ կատարելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում, հաստատ, կարող էր ձեռք բերել հնարավոր առավելագույնը։ Ի՞նչ է հնարավոր փրկել հիմա՞, եթե հրաշքով նման բան տեղի ունենա։ Դժվար է թվաբանական ճշգրտությամբ ասել, բայց, որ, եթե ոչ ամբողջը, ապա շատ բան կարելի է փրկել, կասկածից վեր է։ Ափսոս, որ խոսքը, ըստ էության, հրաշքի մասին է։
(Հարցազրույցը է.ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ)


No comments:

Post a Comment