3.
ՀՀՇ համագումարի նկատմամբ վերաբերմունքը եւ արձագանքները հանրապետությունում
Չնայած գործադրած
բոլոր ջանքերին, ՀՀՇ հիմնադիր համագումարը հնարավոր չեղավ վիժեցնել, եւ վերջինս կարողացավ
իր հիմնական փաստաթղթերում վավերացնել հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին
հակադրվող գաղափարական սկզբունքները, դրանց վրա հենվող ծրագրերը, մասնավորապես՝ անկախ
պետականության ստեղծման համար պայքարի ուղենիշը։ Հանրապետության լրատվամիջոցները հնարավորինս
շրջանցեցին համագումարի թեման՝ բավարարվելով չեզոք ու համառոտ մի տեղեկատվությամբ։
Պաշտոնական քարոզչությունը եւ մամուլը, ինչպես միշտ, ձեռնպահ մնաց արձագանքներից, հրապարակային
քննադատությունից՝ խույս տալով գաղափարական պայքարից։ ՀՀՇ-ի հաղթարշավին հակադրվելու
ու տպավորությունը ցրելու համար փորձ չարվեց նաեւ դիմել այնպիսի մի խոշորամասշտաբ միջոցառման,
ինչպես երկու ամիս առաջ “Հայ մտավորականության համաժողովն” էր։ Սակայն անհամեմատ համեստ
մի միջոցառում, այնուամենայնիվ, կազմակերպվեց նոյեմբերի 17-ին՝ Երեւանի պետական համալսարանի
դասախոսական կազմի եւ վարչատնտեսական մասի մի ժողովի տեսքով։ Ժողովի օրակարգի 6 հարցերից
մեկը հենց այդպես էլ կոչվում էր՝ “ՀՀՇ-ի համագումարը”։ Ժողովի համար նախապատրաստված
որոշման ընդարձակ նախագիծի հիմնական դրույթներն այլ բան չէին, քան այն ծանոթ արգումենտացիան,
ինչը, բացահայտ կամ քողարկված, պարբերաբար ներկայացվում էր որպես Շարժման դեմ մեղադրանքների
հիմք ու գաղափարական այլընտրանք։ Որոշման այդ նախագծում տարանջատվում եւ միմյանց են
հակադրվում ՀՀՇ ծրագիրը եւ “Հայ մտավորականության առաջին համաժողովի “Հռչակագրի” դրույթները։
Երկրորդը համարելով “միանգամայն ճիշտ”, դրա հիման վրա էլ անհրաժեշտ էր համարում “համազգային
ծրագրի” մշակում, իսկ նման ծրագիր մշակելու համար էլ առաջ է քաշվում “համահայկական
համաշխարհային կոնգրես” հրավիրելու գաղափարը։ Առաջարկվում էր հանրապետության կառավարությանը
կից ստեղծել “ամենալայն լիազորություններով օժտված ազգային փրկության կոմիտե”, Լեռնային
ղարաբաղի հարցը հետապնդել ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ “Հայ դատի”
ու պահանջատիրության հիմքի վրա, իսկ Հայաստանի հեռանկարի մասին խոսելիս, իհարկե, չի
օգտագործվում “անկախություն” բառը։ Փաստաթղթում անհամաձայնություն է հայտնվում ՀՀՇ
Ծրագրի՝ Ղարաբաղի խնդիրը “Հայկական հարցի” ընդհանուր կոնտեքստից կտրելով միայն ազգի
ինքնորոշման իրավունքին հանգեցնելու”, “Թուրքիայից ակնկալություններ ունենալու”, “հայ
ազգի քայլերն իր ուժին եւ հզորությանը համապատասխանեցնելու” ծրագրային դրույթներին։
“Ղարաբաղ” կոմիտեն ու ՀՀՇ-ն մեղադրվում են այն բանի համար, որ՝ “Կոմիտեի եւ հայ մտավորականության
համագործակցությունն առայժմ անբավարար է”, ապա համարում էին, որ “ՀՀՇ հիմնադիր համագումարի
անցկացման եղանակը եւ ղեկավար մարմինների ընտրությունը հեռու էին դեմոկրատական լինելուց”,
որ՝ “համագումարը փաստորեն չստեղծեց համազգային շարժում, այլ ձեւակերպեց մի կազմակերպություն,
որը չհիմնավորված կերպով կրում է ՀՀՇ անունը” եւ այլն։ Համագումարի քաղաքական նշանակությունը
ստվերելու կոչված այս նախաձեռնությունը, սակայն, որեւէ արձագանք չգտավ։
Սփյուռքի վերաբերմունքը ՀՀՇ համագումարին
Ի տարբերություն
Հայաստանի կոմունիստական մամուլի չեզոք եւ համառոտ հաղորդագրության, սփյուռքահայ մամուլը
եւ քաղաքական համարվող շրջանակները լայնորեն անդրադարձան ՀՀՇ հիմնադիր համագումարին։
Արձագանքների եւ տրված գնահատականների մասին ընդհանուր պատկերացում են տալիս դրանց
ուշադիր հետեւող ՊԱԿ-ի զեկուցագրերը, որոնց հիման վրա էլ ստորեւ ներկայացնենք այդ պատկերը
(փակագծերում հղվում են համապատասխան արխիվային փաստաթղթերը)։ Ըստ այդ փաստաթղթերի՝
համագումարը մեծ արձագանք է ունեցել եւ տեւական ժամանակ աշխույժ քննարկման նյութ է
հանդիսացել։ Գնահատականները եղել են ոչ միանշանակ, իսկ արձագանքող սուբյեկտները բաժանվում
են երեք խմբի. ա) “ծայրահեղական թեւի ներկայացուցիչներ”, բ) “առաջադիմական թեւ”, գ)
Դաշնակցություն։
Թե ինչ ուժեր կամ
կազմակերպություններ են մտնում “ծայրահեղական” կոչվող թեւի մեջ, զեկուցագրերում չի
մասնավորեցվում։ Այլ առիթներով զեկուցագրերում այս շրջանակները կոչվում են “չեզոք”՝
նկատի ունենալով Սփյուռքում կուսակցական անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող
կազմակերպություններ եւ անհատներ։ Իսկ վերջիններիս “ծայրահեղականության” դրսեւորումը
կայացել է նրանում, որ դրական են արձագանքել ՀՀՇ համագումարի մասին։ Օրինակ ԱՄՆ-ում
այդ թեւի կարծիքն այսպիսին էր. “ՀՀՇ համագումարը հայ ազգային-ազատագրական շարժման զարգացման
պատմության մեջ դարձավ կարեւոր փուլ, Հայոց պետականության իրական վերածնման սկիզբ”
(ՀՔԿՊԿԱ,1. 87.34, թ. 78)։ Դա նշանակում է, որ Սփյուռքում քիչ չէին նույն գաղափարներն
ամբողջությամբ կիսող մարդիկ ու կազմակերպություններ, որոնք եւ շատ բարձր քաղաքական
գնահատական էին տվել ՀՀՇ համագումարին:
“Առաջադիմական”
թեւի (ռամկավարներ, հնչակներ, կոմունիստներ) դիրքորոշումը բացասակն է եղել։ Հետաքրքիր
է, որ վերջիններիս միավորող ընդհանուր անհանգստությունը առաջին հերթին բխել է ոչ թե
այստեղ քննարկված հարցերի եւ ընդունած որոշումների էությունից, այլ այն հանգամնքից,
որ “ՀՀՇ համագումարի պատվիրակները բացահայտ համակրանք դրսեւորեցին դաշնակցության նկատմամբ”
(ՀՔԿՊԿԱ,1. 87.34, թ. 78)։ Սիրիայում, օրինակ, “առաջադիմականները” դժգոհություն են
հայտնում, որ “Ղարաբաղ” կոմիտեն եւ մի քանի այլ ոչ պաշտոնական կազմակերպություններ
գիտակցաբար բարձրացնում են դաշնակների դերն ու հեղինակությունը։ Նրանց հատկապես անհանգստացրել
է Հայկական ԽՍՀ-ի տարածքում այս կուսակցության լեգալ կառույցների ստեղծման հնարավորությունը։
Այդ բանը թույլ չտալու համար ահա “առաջադիմական” կազմակերպությունները միավորվում են՝
միասնական ճակատով թույլ չտալու, որ Դաշնակցությունը կուսակցական աշխատանք սկսի Հայաստանի
տարածքում։ Նրանք նաեւ “դատապարտում են Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու ամեն մի
կոչ (այստեղ արդեն նկատի ունի ՀՀՇ-ի Ծրագիրը - Ա.Ս), համարում, որ հայ ժողովրդի ծաղկումը
հնարավոր է միայն ԽՍՀ Միության մեջ” (ՀՔԿՊԿԱ, 1. 87.34, թ. 70)։ Մի այլ փաստաթղթից
տեղեկանում ենք, որ, օրինակ, ԱՄՆ-ի հայկական համայնքի “առաջադիմական թեւի” ներկայացուցիչներին
եւս խիստ անհանգստացրել է ՀՀՇ համագումարի պատվիրակների բացահայտ համակրանքը ՀՅԴ-ի
հանդեպ։ Իսկ այն հանգամանքը, որ դաշնակցության ներկայացուցիչները այստեղ ելույթ չունեցան,
նրանք մեկնաբանել են ոչ այլ կերպ, քան՝ որպես նրանց կողմից ՀՀՇ-ի հետ “անդրկուլիսյան
զրույցների վրա շեշտը դնելու տակտիկական քայլ, որի ընթացքում կարեւոր կապեր են հաստատել
“հանրապետության ապագա ղեկավարների հետ”։ “Առաջադիմականների” երկրորդ անհանգստությունն
արդեն վերաբերում է անկախության ձգտման գաղափարներին ու ծրագրերին։ Բոլոր դեպքերում,
Սփյուռքի այլ կազմակերպությունների թվում նաեւ ռամկավարները եւ հնչակները ընդունել
էին համագումարին մասնակցելու հրավերը համագումարի ընթացքում ողջույնի խոսքեր ասացին։
“Առաջադիմականների”
գեթ երկու մտահոգություններն անհիմն էին. նախ՝ դաշնակցությունը բացահայտ դեմ էր անկախական
որեւէ կոչի ու ծրագրի, եւ, նա, ի տարբերություն ուրիշների, իր այս դիրքորոշման մեջ
հետեւողական գտնվեց նաեւ հետագայում։ Երկրորդ՝ ճիշտ է, ՀՀՇ-ն բարյացակամ էր տրամադրված
եւ որեւէ խնդիր չուներ դաշնացության հետ (համագումարը հոտնկայս ծափահարեց, երբ տրվեց
այդ կուսակցության անունը), բայց դրա փոխարեն վերջինս ինքը լուրջ խնդիր ուներ ՀՀՇ-ի
հետ. հրավիրվածների մեջ Դաշնակցությունը միակն էր, որ չէր ընդունել հրավերը։ Ավելին՝
Բյուրոն նախապես գաղտնի մի շրջաբերական էր ուղարկել իր բոլոր կառույցներին, որով արգելում
էր որեւէ կարգավիճակով իր անդամներից որեւէ մեկի մասնակցությունը ՀՀՇ հիմնադիր համագումարին
եւ որեւէ համագործակցություն նրա հետ։ ՊԱԿ-ի զեկուցագրերում հիմնականում արտահայտված
է այն բացասական վերաբերմունքն ու դիրքորոշումը ՀՀՇ-ի, նրա հիմնադիր համագումարի եւ
ծրագրերի նկատմամբ, ինչ ՀՅԴ-ն արտացոլում էր նաեւ իր պաշտոնական մամուլում։
Դաշնակցության գնահատականները, բնականաբար, պետք
է բխեին իր արդեն հայտնի դիրքորոշումներից՝ Ղարաբաղի խնդրի, անկախության, ԽՍՀՄ-ի եւ
խորհրդային իշխանության, սեփական բացառիկության եւ մենաշնորհների մասին պատկերացումներից։
Այսպես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված ՀՀՇ-ի ջանքերի ու ծրագրերի հետ կապված՝
Դաշնակցության դիրքորոշումը տրամագծորեն հակառակն էր. “Իրենք դաշնակները... հիասթափված
են համագումարի արդյունքներից. ամերիկյան դաշնակների մեծ մասը գտնում է, որ ներկայումս
“չի կարելի կենտրոնանալ միայն Լեռնային Ղարաբաղի առիթով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
հակամարտության վրա”։ Նրանց կարծիքով ջանքերը հիմնականում պետք է կենտրոնացնել հանրապետության՝
երկրաշարժից ավերված տնտեսության վերականգնմանը, Սփյուռքի ռեսուրսներն օգտագործել դրա
վրա եւ ուղիներ փնտրել արեւմտյան կապիտալի ներգրավման համար։ Իսկ այդ նպատակով անհրաժեշտ
է “ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան խնդիրը”՝ թողնելով միայն մեկ պահանջ՝ մարզի
ենթարկումը անմիջապես միութենական իշխանություններին”։ Եւ միայն 3-5 տարվա ընթացքում
ճգնաժամից դուրս գալուց հետո “կարելի է վերադառնալ “հայկական հողերի խնդրին”, բայց
արդեն ավելի լայն ընդգրկումով” (ՀՔԿՊԿԱ, 1.87.34, թ. 78-89) ։ ՀՀՇ հիմնադիր համագումարը
նույնպիսի արձագանքի էր արժանացել նաեւ Իրանի դաշնակցականների կողմից։
ՀՀՇ հիմնադիր համագումարին,
ինչպես եւ սպասելի էր, դաշնակցության պաշտոնական արձագանքը խիստ օպերատիվ էր եւ, իհարկե,
խիստ բացասական։ Այդ արձագանքը հնչեց ընդամենը հինգ օր անց, հենց այդ առիթով հրավիրված
“ՀՅԴ մամլո ներկայացուցիչների խորհրդաժողովի” ընդարձակ մի “Հայտարարագրի” եւ մի շարք
հոդվածների տեսքով։
Այսինքն՝ որպեսզի
հնարավոր գտներ իր մասնակցությունը ՀՀՇ համագումարին, ՀՅԴ-ն երկու պայման ուներ։ Առաջին՝
գաղափարական առումով ՀՀՇ Ծրագրում ամբողջությամբ կրկնված տեսներ իր ծրագիրն ու պատկերացումները։
Երկրորդ՝ նա լուրջ առարկություններ ուներ կազմակերպական իմաստով։ Իր գաղափարախոսներից մեկի բերանով այդ առարկությունը
հնչում է հետեւյալ կերպ. “Համագումարի համար ոչ մեկ տարբերություն չկար հնչակեանի,
ռամկավարի, դաշնակցականի եւ այլ կազմակերպությունների միջեւ։ Նրանք բոլորը Սփյուռքի
հավասար կազմակերպություններ էին... “Ղարաբաղ” կոմիտեն... չուզեց, կամ չհասկացավ դաշնակցության
դերը այդ շարժման մեջ”(“Դրօշակ, 06.12.89, էջ 12”,։ Այսինքն՝ դաշնակցությունը վիրավորված
էր առանձնաշնորհի չարժանանալու համար, եւ չէր կարող իրեն թույլ տալ նույն դահլիճում
հավասար կարգավիճակով նստել ռամկավարների եւ հնչակյանների հետ։
Դաշնակցական մամուլի
վերլուծություններում ամենից հաճախ կրկնվող միտքն այն էր, թե Հայաստանում եւ Սփյուռքում
ժողովրդի լայն շրջանակները խոր “հուսախաբություն” ապրեցն։ Թե Սփյուռքում գործնական
ինչ հետեւանքներ ունեցավ այդ “հուսախաբությունը”, մեզ հայտնի չէ, իսկ Հայաստանում դրա
արդյունքը մի քանի ամիս հետո եղավ համաժողովրդական լայն պաշտպանությամբ ՀՀՇ-ի անկասելի
ու համոզիչ հաղթանակը Գերագույն խորհրդի ընտրություններում։
Աշոտ Սարգսյան
“Հայք” 7. 11.2009
No comments:
Post a Comment