Իշխանափոխության, իսկ ավելի
ճիշտ՝ ոչ օրինկարգ, հանցավոր այս իշխանության հեռացման ու սահմանադրական կարգի
վերականգնման քաղաքական խնդիրը ժողովրդի մեծ մասի կողմից, 1998-ից ի վեր,
գիտակցվել է մշտապես։ Այդ գիտակցումը, մասնավորապես՝ ընտրությունների շրջանում,
համախմբել է հասարակությանը ռեժիմի դեմ։ Ճիշտ է՝ հնարավոր չի եղել հաղթահարել
վարչախմբի ապօրինությունների պատնեշը, սակայն համախմբման, ընդվզման այդ ակտերը շատ
կարեւոր դեր են խաղացել՝ թույլ չեն տվել, որ վարչախումբն իրեն պատի
օրինակարգության շղարշով։ Մոտ 10 տարվա փորձով արդեն իսկ ակնհայտ էր, որ
համապետական ընտրությունները, լինելով հանդերձ այդ խնդրի լուծման լավագույն առիթը,
այնուամենայնիվ, բռնապետական ռեժիմի պայմաններում, քիչ են՝ հաջողության հասնելու
համար։ Քաղաքական որեւէ ուժի նախընտրական պայքարը, որքան էլ կազմակերպված, գրագետ
եւ հուժկու, չէր կարող հաջողությամբ պսակվել, եթե այն չվերածվեր իրական
համաժողովրդական շարժման, ողջ ժողովրդի ընդվզման։ Հասարակության բոլոր խավերի,
առկա քաղաքական ուժերի առավելագույն համախմբում, գերհամախմբում ապահովելը միայն
կարող էր դառնալ հիմնական քաղաքական խնդիրը լուծելու ԲԱՆԱԼԻՆ։
2008 թվականի փետրվարի
նախագահական ընտրությունների նախընթաց ամիսները նպատակաուղղված էին այդ
գերհամախմբման՝ համաժողովրդական շարժման գոյացման ապահովմանը։ Դրան էին ուղղված
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ելույթներում ռեժիմի էության՝ «ավազակապետության
անատոմիայի եւ մեխանիկայի»՝ որքան մանրազնին ու գիտական, նույնքան հանրամատչելի ու
համոզիչ բացահայտումները։ Բաց տեքստով դրան էին ուղղված նրա նույն ելույթների
առանցքային ուղերձները հասարակական բոլոր խավերին, ընդհուպ՝ խոշոր գործարարներին։
Նույն նպատակն էին հետապնդում նրա գործնական հանդիպումները քաղաքական դաշտի բոլոր
ներկայացուցիչների եւ ազդեցիկ անհատների հետ։ Համախմբման խնդիրը լուծվեց այն
առավելագույն չափով, ինչքանով դա թույլ տվեց տվյալ պահին հասարակական խավերի,
ազդեցիկ անհատների ու քաղաքական ուժերի պատրաստության աստիճանը։ Դա բավարար եղավ
ընտրություններում ապահովելու Լեւոն Տեր-Պետրոսյանի դե-ֆակտո հաղթանակը։ Սակայն
արտաքին ուժերի կողմից ռեժիմին ցուցաբերված շահախնդիր հովանավորչության
պայմաններում, մարտիմեկյան սպանդի ու պետական հեղաշրջման հետեւանքով հնարավոր
չեղավ փաստացի հաղթանակը դե-յուրե արձանագրել։ Ընտրական գործընթացն այդ
կերպ խաթարվեց, սակայն անհնար եղավ կասեցնել ձեւավորված Համաժողովրդական
շարժումը, այն վերածվեց պերմանենտ քաղաքական գործընթացի, որ
շարունակվում է առ այսօր։
Այնքանով, որքանով առ այսօր
չի փոխվել իրավիճակը, չի փոխվել սահմանադրական կարգի վերականգնման եւ օրինակարգ
իշխանության հաստատման հիմնական քաղաքական խնդիրը, անցած տարիներին եւ առ այսօր չի
փոխվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի առանցքային մոտեցումը։ Խնդրի լուծման
ԲԱՆԱԼԻՆ հասարակական բոլոր խավերի, քաղաքացիական նախաձեռնությունների, բնականոն
քաղաքական գործունեության դաշտով շահագրգիռ քաղաքական ուժերի գերհամախմբումն է
ռեժիմի դեմ։
Պետական մտածողությամբ
պայմանավորված այս ելակետը կարելի է տասնյակ փաստերով ցուցադրել անցած տարիներին
Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական փաստաթղթերում, Լեւոն Տեր-Պետրոսյանի
ելույթներում։ Ռեժիմի դեմ բոլորի համախմբման կոչ է արվել եւ քայլեր ձեռնարկվել թե՛
այն դեպքերում, երբ Կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, գտնվել է իր հզորության
բարձրակետերում, թե՛ այն ժամանակ, երբ գտնվել է հարաբերական տեղատվության
փուլերում։ Ռեժիմի հեռացման եւ սահմանադրական կարգի վերականգնման ԲԱՆԱԼԻՆ գոյացնելու
համար Կոնգրեսը, հանուն գերնպատակի, պատրաստակամություն է հայտնել զիջումների ու
կոմպրոմիսների։ Այստեղ բերենք ընդամենը երկու օրինակ։
Դեռ 2007 թ. աշնանը, առաջիկա
նախագահական ընտրություններում իրեն նախագահի թեկնածու հռչակելով հանդերձ, Լեւոն
Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք
հետապնդում ենք այլ նպատակներ, պաշտոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը.
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես
պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին
ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել։ Ընդ որում՝
այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի
նախագահը։ Երեք տարին ինձ անհրաժեշտ է՝ Ավգյան ախոռները մաքրելու եւ
պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար» (Ելույթ 2007թ. նոյեմբերի
16-ի հանրահավաքում, «Վերադարձ», էջ 93)։ Ռեժիմի հեռացման եւ սահմանադրական կարգի
վերականգնման բանալին գոյացնելու խնդիրը լուծելու համար նա նույնպիսի կոչով
հասարակության տարբեր շերտերին եւ քաղաքական դաշտին դիմել է 2009 թ. սեպտեմբերի
18-ի հանրահավաքում՝ միավորվել Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ։ Եւ կրկին՝
ցրելու համար Կոնգրեսի կողմից «այլ նպատակ» հետապնդելու որեւէ մտավախություն, նա
այս անգամ էլ խոստացել է նման համախմբմամբ Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը
լուծելու դեպքում չառաջադրել իր թեկնածությունը։
Հայ ժողովրդի առջեւ կանգնած
թիվ 1 քաղաքական խնդիրը հնարավորինս լայն համագործակցությամբ, միասնաբար լուծելու
գիծն առանցքային է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության գործողություններում։ Այդ
գիծն առանցքային էր մարտի 1-ի հանրահավաքի, ըստ էության, բոլոր ելույթներում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հիմնական ուղերձն էլ 2007-ից ի վեր անթեք
ձգվող քաղաքական այդ գծի վերջին մի հաստատումն էր. «Գաղտնիք չէ, որ Հայ ազգային
կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է`
արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով
միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար
անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը»։ Այս անգամ էլ՝ նկատի
ունալով, որ Հայաստանի թիվ 1 քաղաքական խնդրի լուծման ճանապարհին
խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերը հակված են «հանգրվանային» տարբերակի
(սկսելով կառավարության հրաժարականի պահանջից), «ճանապարհային քարտեզի» մշակման
գործը թողեց չորս ուժերի քաղաքական կոնսուլտացիաներին. «Կոնգրեսը այս մոտեցումն
էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի՝ պատրաստ է,
հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ`
կառավարության հրաժարականին հասնելու հարցում»։
***
Ոմանց կարող է թվալ, թե
ներքին եւ արտաքին օժանդակությունից զրկված, աննախադեպ թուլացած ու խուճապի
մատնված ռեժիմի հանդիման, 30-40 հազարանոց հանրահավաքի առջեւ, կարելի էր
նաեւ այլ լեզվով խոսել։ Հայ ազգային կոնգրեսը երբեւէ այդ կերպ չի
վարվել՝ գիտակցելով, որ Հայաստանի համար անսակարկելի անհրաժեշտություն է իշխանափոխությունն
իրականացնել բացառապես անցնցում ու անարյուն , ինչի միակ երաշխիքը կարող
է լինել ռեժիմի դեմ հասարակության լիակատար համախմբումը։ Բայց դա
պայմանավորված է նաեւ մի երկրորդ հանգամանքով ու հեռահար պետական մտահոգությամբ։
Խոսքը պարզ իրավիճակի եւ պարզ իշխանափոխության մասին չէ։ Այս պայմաններում, եթե
որեւէ առանձին ուժի անգամ հաջողվի որեւէ այլ կերպ (հատկապես՝ ոչ սահմանադրական
ճանապարհով) հասնել ռեժիմի հեռացման, դա դեռ ապահով երաշխիք չէ
սահմանադրականության եւ ժողովրդավարության վերջնական հաստատման եւ անխաթար ապագայի
համար (հաստատող օրինակներ աշխարհի այսօրվա եւ պատմական փորձից կարելի է
տասնյակներով բերել)։ Սահմանադրական կարգի վերականգնման եւ օրինակարգ
իշխանության հաստատման մեջ պետք է իրենց նպաստն ու իրենց «արժեթղթերը» ունենան
հասարակության բոլոր խավերը, քաղաքացիական նախաձեռնությունները, ընդդիմադիր
քաղաքական ուժերը։ Այդ դեպքում այն կլինի բոլորի ձեռքբերումը՝ հավասարապես թանկ ու
գուրգուրելի յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի համար։ Դա կլինի ոչ միայն
ապահով երաշխիք, այլ նաեւ անմոռանալի մի դաս, որպեսզի այլեւս որեւէ մեկը չհանդգնի
մտածել իշխանության հասնել այլ կերպ, քան օրինական ընտրությունների միջոցով,
իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի արդար քվեով։
http://www.ilur.am/news/view/25724.html
No comments:
Post a Comment