Tuesday, March 18, 2014

Սովորական գողապետություն


Անցյալ տարվա աշնանից մարդիկ սկսեցին տարակուսած միմյանց պատմել, թե ինչպես գազօջախին ջուրը նկատելիորեն ավելի ուշ է եռում, սուրճը, ճաշը ավելի ուշ են եփվում։ Հետո խոսակցությունները դարձան ավելի համառ, դուրս եկան մամուլ։ Հետո կատարվեցին «լաբորատոր ստուգումներ», ու պարզեցին, որ ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ՝ գազի կալորիականությունը բարձր է սահմանված նորմատիվից։
Բայց ահա, հարցին նախանձախնդիր՝ Վահան Մարտիրոսյան անունով մի երիտասարդ ամենապրիմիտիվ սարքավորումներով ստուգում ու ամենահամոզիչ կերպով պարզում է, որ հազարավոր, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց դիտարկումը՝ գազի որակի վատացման վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը։ Ըստ պարզ ու համոզիչ փորձի՝ տարբերությունը կազմում է ոչ թե 2-3, այլ ավելի քան 30%, որ, իրոք, անհնար է չնկատել։ Այսինքն՝ Հայաստանում գազը մինչեւ սպառողին հասնելը առնվազն 30%-ով  խարդախվում է։
Բայց սա ամբողջը չէ։ Ազգային ժողովում, երկար ու թեժ՝ գազի հետ կապված մի այլ հարց էր քննարկվում՝ կապված Հայռուսգազարդի 20% բաժնեմասի վաճառքի, գաղտնի պայմանագրերի, հանկարծահայտ 300 միլիոն պետական պարտքի գոյացման հետ եւ այլն։ Դրա մաս էր կազմում նաեւ այն հանելուկը, թե ինչպես է, հանքավայրից հազարավոր կիլոմետրեր տեղափոխվելով՝ Հայաստանի սահմանի վրա 1000 խ/մ 189 դոլարով գնված գազը, եւս 100-200 կմ անցնելով (մինչեւ սպառողին հասնելը)՝ դառնում ավելի քան կրկնակի՝ 390 դոլար։ Ըստ մասնագետների՝ ամենաառատաձեռն հաշվարկներով անգամ այդ ճանապարհին նրա գինը չպիտի գերազանցեր 290-300 դոլարը։ Այսինքն՝ գործ ունենք ակնհայտ խաբեության հետ, ինչի հետեւանքով գազի գինը սպառողի համար ավելանում է եւս առնվազն 20%-ով։
Այլ խոսքով՝ եթե չլինեին այս երկու հանգամանքը՝ խաբեությունն ու խարդախությունը, ապա այս ձմռանը նա, ով գազի համար վճարել է 100.000 դրամ, պիտի վճարեր 50.000, ով վճարել է 50.000, պիտի վճարեր 25.000, եւ այսպես շարունակ։
Հայտնի բան է, որ Հայաստանում վաղուց չի կարող 1000 դոլարի շարժ լինել՝ առանց ռեժիմի գիտության ու մասնակցության։ Անգամ փողոցների անկյուններում արեւածաղիկ վաճառող մի քանի տասնյակ տատիկները զոհ գնացին իշխանական ագահությանը։ Հասկանալի է, որ գազի հետ կապված՝ տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ այս «բիզնեսներն» անպատկերացնելի են՝ առանց ամենաբարձր իշխանության հովանավորության ու մասնակցության։ Բայց դրանք նաեւ խաբեության ու խարդախման հատկանիշներով ծանրագույն հանցագործություններ  են, որոնց զոհն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։  Առաջինը դա հաստատեց ինքը ռեժիմը՝ ի դեմս խորհրդարանական իր մեծամասնության։
Ի՞նչ պետք է աներ իշխանությունը, եթե այս ամենը չհամապատասխաներ իրականությանը։
Ազգային ժողովում գազի հետ կապված ահռելի այս ապօրինությունների մասին հնչած առաջին իսկ ելույթներից հետո պիտի ինքն առաջարկեր՝ ստեղծել խորհրդարանական հանձնաժողով՝ խնդիրն ուսումնասիրելու համար։ Ավելին՝ պիտի առաջարկեր, որ այդ հանձնաժողովում ընդգրկվեն միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Պիտի ասեր՝ խնդրեմ՝ բոլոր պայմանագրերը, փաստաթղթերը, լաբորատորիաները, մասնագետները, փորձագետները՝ գնացեք ստուգեք՝ ինչքան ուզում եք։ Թող գնային, ոչինչ չգտնեին, գային զեկուցեին, որ ամեն ինչ կարգին է (հո չէի՞ն կարող կեղծ փաստեր ու փաստաթղթեր հորինել), իրենք սխալվել են։ Ավելի մեծ «փիառ» հնարավո՞ր է պատկերացնել որեւէ իշխանության համար։
Իսկ ի՞նչ արեց իշխանությունը։
Բոլոր ուժերով, շաբաթներ ու ամիսներ շարունակ պայքար մղեց գազի հարցով որեւէ փաստաթուղթ տրամադրելու, որեւէ քննարկում կատարելու, որեւէ հանձնաժողով ստեղծելու դեմ։ Վարվեց ճիշտ այնպես, ինչպես կվարվեր խաբեության մեջ մեղավոր խաբեբան, խարդախության մեջ մեղավոր խարդախը։ Ինքն իրեն մատնելու ավելի խոսուն ձեւ հնարավո՞ր է պատկերացնել։
Հետո, տեսնելով, որ դրանով, իրոք, մատնում է ինքն իրեն, համաձայնեց այնպիսի մի «ապահով» հանձնաժողովի ստեղծման, որտեղ ՀՀԿ-ն պետք է մեծամասնություն լինի, որի նախագահը պետք է ՀՀԿ-ական լինի, որի նիստերը պետք է փակ լինեն, որի իրավասությունները պետք է սահմանափակ լինեն, որից ոչ մի տեղեկություն չպետք է հրապարակվի։ Հանցավոր կամ հանցակից լինելու մասին ավելի համոզիչ փաստարկ ու ապացույց հնարավո՞ր էր տալ հասարակությանը։
***
Կարելի է նստել ու հաշվել, թե որքան է տուժել մեզնից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին՝ գազային խաբեությունից ու խարդախությունից։ Նույնը կարելի է անել ցանկացած այլ բնագավառի համար՝ էլեկտրաէներգիա, տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, առեւտուր եւ այլն, եւ այլն։ Բայց այդ հաշվարկները վաղուց մանրակրկիտ արված են՝ ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային փորձագետների կողմից։ Իսկ արդյունքն այսպիսին է՝Հայաստանում տարեկան կոռուպցիոն շրջանառությունը կամ իշխանական կոռուպցիոն բուրգի կողմից ժողովրդից թալանված հարստությունը կրկնակի գերազանցում է երկրի պետական բյուջեն։
Այսինքն՝ կողոպտվում է այնքան, ինչքանով հնարավոր կլիներ երեք անգամ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, ընդհանուր կենսամակարդակը, երեք անգամ աշխուժացնել տնտեսությունը, երեք անգամ ավելացնել աշխատատեղերը, ոչ թե երեք անգամ կրճատել, այլ իսպառ դադարեցնել արտագաղթը...
Սա, այսպես ասենք՝ նյութական վնասն է, որ կարելի է հաշվել թվերով։ Վաղը՝ օրինակարգ իշխանության պայմաններում, այն վերականգնելու համար ժամանակ, միջոցներ ու հսկայական ջանքեր են պետք գալու։ Շատ բան էլ, այդ թվում՝ հարյուր հազարավոր արդեն խեղված մարդկային ճակատագրեր, այդպես էլ անհնար է լինելու շտկել։ Թվերով անչափելի, բայց մեծությամբ, տեսակարար կշռով ու վերականգնման դժվարությամբ շատ ավելի մեծ է հասարակությանը, ժողովրդին հասցված բարոյական, հոգեբանական վնասը, դարերով, հազարամյակներով ձեւավորված, մեր ազգային գոյության առանցքը դարձած արժեքային համակարգի ոչնչացումը։ Բայց սա արդեն այլ թեմա է։

http://www.ilur.am/news/view/26540.html

No comments:

Post a Comment