1990-ական թվականներին
հայաստանյան քաղաքական լեքսիկոնում ու քննարկումներում չկային «ռուսամետություն»,
«արևմտամետություն» բառերը, որոնք այսօրվա «քաղաքական» քննարկումներում ամենաշատն
են հոլովվում։ «Հայ դատ» ու «հայդատականություն»՝ կային, «ազգային
գաղափարախոսություն» ու «ազգային միասնություն»՝ կային, «ռուսամետություն» ու
«արևմտամետություն»՝ չկային։ Դրանք չկային ո՛չ իշխող Հայոց Համազգային Շարժման,
ո՛չ նրա բազմաթիվ ու բազմաբնույթ ընդդիմադիր ուժերի քաղաքական բառացանկում։
Ինչո՞ւ չկային։
Դեռ 1988թ. օգոստոսի 19-ին
«Ղարաբաղ կոմիտեի» ստորագրությամբ հրապարակված «Հայոց Համազգային Շարժման ծրագիր»
կոչվող փաստաթղթում արձանագրված էին այսպիսի դրույթներ.
«Հայ ժողովուրդն իր ազգային
ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի ուրիշի
հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով և
ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին: Ստրկամտության
արտահայտություն է նաև այն մտայնությունը, ըստ որի՝ ազգն ունի մշտական բարեկամ և
մշտական թշնամի»:
«Մենք մերժում ենք անբարոյական և
մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը, մի կողմից, իբրև
«դիվանագիտություն»՝ ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ և
համաժողովրդական քծնանք այլ ժողովուրդների նկատմամբ, մյուս կողմից՝ պահանջում է
թշնամություն քարոզել ուրիշ ժողովուրդների կամ կրոնների դեմ»:
«Ժողովրդի պատմության մեջ
արտաքին գործոնները, անշուշտ, կարևոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, որ
ժողովուրդն իր հաջողությունների ու անհաջողությունների պատճառը միայն իրենց դուրս
է որոնում: Դա կազմալուծում է նրան և տանում ազգային ինքնավերացման: Անբարենպաստ
պայմանները, արտաքին ճնշումը ժողովրդին կարող էին ստիպել դիմելու նահանջի, բայց
այն ազգերը, որոնք իրենց մեջ ապագայի նկատմամբ հավատ, բարոյական և հոգեկան ուժ են
պահպանում և դրանք դրսևորում վճռական պահերին, ոչ միայն ապահովում են իրենց
ազգային գոյությունը, այլև հասնում են իրենց իղձերի իրականացմանը»:
Արտաքին քաղաքական որևէ
կողմնորոշման մերժման առանցքային այս սկզբունքների վրա էին հենված 1988-1990թթ.
Համաժողովրդական շարժումը, ապա՝ այդ Շարժումը ներկայացնող քաղաքական ուժի
իշխանությունը 1990-1998-ին։ Ուստիև հասկանալի է, թե ինչու այդ շրջանի քաղաքական
լեքսիկոնում բացակայում էին «ռուսամետությունն» ու «արևմտամետությունը» ոչ միայն
այդ տարիների իշխանության, այլև ընդդիմության բառապաշարում։
1998 թվականից հետո հաստատված՝
պետականության բոլորովին այլ կարգի հիմնադրույթներ դավանող իշխանության
պայմաններում շատ բան պիտի փոխվեր։ Պիտի փոխվեր նաև այս սկզբունքը, կամ տեղի պիտի
ունենար նրանից աստիճանական հրաժարում։ Պատճառը միայն նախորդներին հակադրվելն ու
նրանցից տարբերվելը չէր։ Պատճառը խիստ գործնական էր։
Պետական հեղաշրջման միջոցով
հաստատված իշխանությունը օրինակարգության խնդիր ուներ ի սկզբանե։
Ժամանակի հետ այդ խնդիրը ոչ թե մաշվեց, նվազեց, այլ ամեն մի հերթական, ավելի ու
ավելի խայտառակ ընտրության հետևանքով խորացավ և այսօր հասել է իր գագաթնակետին։ Ներքին
ոչ օրինակարգության համար հակակշիռ էր պետք։ Այդպիսի հակակշիռ
կարող էր լինել արտաքին աշխարհում օրինակարգության ձեռքբերումը։ Իսկ դրա համար պետք
էր վճարել՝ ոչ միայն մաս-մաս զոհաբերելով ազգային շահերը, այլ նաև այս կամ այն
կողմի վրա «...մետություն» խաղալով կամ ցուցաբերելով։ Սա առաջին
գործնական անհրաժեշտությունն էր իշխանության պահպանման տեսակետից։ Որքան խորանում
էր ներքին ոչ օրինակարգությունը, այնքան մեծանում էր արտաքին օրինակարգության
համար վճարվող գինը՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմի մանդատից զրկելուց
մինչև Ցեղասպանության ուրացում։ Հենց դրա շնորհիվ է, որ ամեն մի կեղծված, նախորդից
երեք քայլ հետ ընտրություն՝ «մի քայլ առաջ» էր գնահատվում արտաքին աշխարհի կողմից։
Ժամանակի ընթացքում, երկրի
չընտրված ղեկավարի ոչ օրինակարգության աստիճանի խորացմանը համընթաց, արտաքին
օրինակարգությունը սկսեց քչություն անել՝ հավասարակշռելու համար աճող ներքին ոչ
օրինակարգությանը։ Մի կողմից՝ հասարակության տարբեր շերտերի մեջ խորացավ
դժգոհությունն ու ատելությունը, մյուս կողմից՝ ռեժիմի միակ կրող ՀՀԿ-ի
ընկերակցությունից հրաժարվեցին նրա հետ կոալիցիա կազմած ուժեր՝ անցնելով
ընդդիմադիր դաշտ։ Դրա անխուսափելի հետևանքը կարող էր լինել հասարակական ու
քաղաքական շատ ավելի լայն հիմքի վրա համաժողովրդական միասնական ընդդիմացումը։
Անհրաժեշտ էր գտնել այդ համախմբումը խոչընդոտող, այն պառակտող նոր մի գործիք։
Վարչախմբի քաղաքական տեխնոլոգները որոշեցին, որ հասարակության ու քաղաքական դաշտի
պառակտման համար արդյունավետ կարող է լինել «քաղաքական կողմնորոշման» հարցը։
Առաջին պլան նետվեց, ակտիվացվեց «արևմտամետության» և «ռուսամետության»
խնդիրը։ Այն վտանգավոր էր ոչ միայն որպես վարչախմբի դեմ պայքարը խոչընդոտող մի
մեխանիզմ, այլև՝ որ անկախ դրանից՝ ամբողջ ազգի մեջ մի նոր, արհեստական, անիմաստ
բաժանում էր առաջացնում։
Այդ վտանգն առաջինն արձանագրեց
Լևոն Տեր-Պետրոսյանը 2012թ. դեկտեմբերի 22-ին Հայոց Համազգային Շարժման 17-րդ
համագումարում։
«Ինձ մտահոգություն է պատճառում հետևյալ հանգամանքը. առանց այդ
էլ մեր ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշանապատասխանատու մարդիկ փորձում են մի նոր
բաժանում մտցել մեր ազգի մեջ, որն ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա եղած հակասությունները:
Հիմնիվեր սխալ, բայց, ինչպես ասացի, վտանգավոր և շատ վնասակար։ Դա այն է, որ
ուզում են մեր ազգը բաժանել արևմտամետների և ռուսամետների` շփոթելով բոլոր կատեգորիաները,
շփոթելով այս հասկացությունների քաղաքական, արժեքային և գաղափարախոսական
բաղադրիչները»:
Հետագա ընթացքը ցույց տվեց, որ
մտահոգությունն ավելի քան տեղին էր։ Անկախ այն բանից, թե որոշակիորեն ո՞ր
«անպատասխանատու մարդկանց» միջոցով էր մտցվում այդ բաժանումը, կասկածից դուրս է,
որ ծրագիրը մշակված էր իշխանական խոհանոցում։ Ոմանք դա իրականացնում էին որպես
պատվեր, հրահանգ, ոմանք ակամա կարող էին տրվել հոսանքին՝ որպես քաղաքական
նորաձևություն։ Համենայն դեպս՝ այդ բաժանումն այսօր իր պառակտիչ դերով հօգուտ
վարչախմբի աշխատող հիմնական գործոններից մեկն է։
Խնդրի լուծումը մեկն է.
քաղաքական կողմնորոշման հարցադրումը պետք է հայտարարել ու համարել ոչ օրինակարգ։
Այն պետք է հանել ամեն տեսակի քննարկումներից։ Քաղաքականությամբ զբաղվող ու իրեն
հարգող ամեն մի ուժ, անհատ, լրատվամիջոց, քաղաքագետ, վերլուծաբան, հրապարակախոս և
այլն, ոչ թե պետք է շտապի որոշել իր տեղը պարտադրված այս երկընտրանքում, այլ
արհամարհի այն։ Որևէ «...մետություն»՝ անհատից սկսած մինչև
քաղաքական ուժի համար, ոչ թե պարտադիր, անխուսափելի համարվող մի հատկանիշ է,
անգամ՝ պարծենալու առիթ, այլ՝ քաղաքական հայհոյանք ու խայտառակություն։
Հենց այդպես էր 1990-ականներին։ «Արևմտամետության» և «ռուսամետության» թեման Ս.
Սարգսյանի ռեժիմի հիմնական զենքն է ժողովրդի ու քաղաքական դաշտի համախմբման դեմ։
Փակելով թեման՝ նրան զրկում ենք այդ զենքից։
No comments:
Post a Comment