Tuesday, October 28, 2014

Իշխանափոխության ամենաստույգ նախանշանը


Համակարգային իշխանափոխության անհրաժեշտության, դրա համար հասունացած պայմանների, կողմերի ռեսուրսների հարաբերակցության փոփոխության, մարտավարական քայլերի մասին եւ այլն, արդեն բավարար ու համոզիչ գրվել է։ Այս իմաստով հասարակությանը լրացուցիչ համոզելու, կարծես, էլ բան չկա։ Իսկ վերջին երկու հանրահավաքները,  որպես ավելի լայն՝ ռեժիմի դեմ արդեն շուրջ մեկուկես տասնամյա պայքարի, ավելի նեղ՝ վերջին երեք տարվա ծրագրված քաղաքական գործընթացի արդյունք, այդ հարցը վերջապես լուծելու համար շատ ավելի մեծ հույսեր են առաջացրել, քան դա եղել է երբեւէ։
Սակայն, նման՝ բովանդակությամբ «հեղափոխական» (բռնապետականից ժողովրդավարական համակարգի անցման) իշխանափոխություններն ունենում են նաեւ հստակ նախանշաններ, որոնք միշտ չէ, որ հստակ տեսանելի են կամ հենց այդպիսին են գնահատվում առաջին հայացքից։ Այդ նախանշանները կարելի է ցուցադրել նաեւ փաստերի ու իրողությունների տրամաբանական վերլուծությամբ, բայց դա շատ ավելի համոզիչ է ստացվում արդեն կատարված նմանօրինակ պատմական իրադարձությունների համադրմամբ։ Հատկապես, երբ այդ համադրումն անում ես սեփական պատմության ոչ վաղ անցյալի նույնպիսի դրվագի հետ։ Վերջին հաշվով, այս ասպարեզում դժվար է նոր բան մտածել, եւ հոգեվարք ապրող բռնապետական իշխանության համար հիմնականում նույնը պետք է լինեն վերջին ջղաձիգ փորձերի դրսեւորումները, նրա ինքնապահպանման զինանոցի մեթոդներն ու միջոցները։
Այդ իմաստով շատ հետաքրքիր նյութ են տալիս կոմունիստական դարաշրջանից ժողովրդավարականին անցնելու 1988-90թթ. պատմության մեջ արձանագրված իրողությունները։ Նույնականությունն ապշեցուցիչ լինելով, օգնում է նաեւ հասկանալ այսօրվա շատ իրողություններ, որ շատերի համար կարող է հասանելի կամ համոզիչ չլինել, քանի դեռ չի ավարտվել ներկա գործընթացը կամ շրջափուլը։ Ճիշտ այնպես, ինչպես՝ ընտրական գործընթացների պահին, օրինակ, շատերի կողմից այլ կերպ էին գնահատվում հայտնի «ընդդիմադիր» քաղաքական ուժեր ու գործիչներ, եւ բոլորովին այլ կերպ՝ դրանց ավարտից հետո (Վ. Մանուկյան, Ա. Գեղամյան, ԱԽՔ եւ այլն)։
* * *
1989 թվականի մայիսի վերջին Շարժման առաջնորդների՝ «Ղարաբաղ» կոմիտեի բանտից ազատվելուց հետո կոմունիստական վարչախումբը շատ ավելի առարկայորեն զգաց իրենց իշխանության, ամբողջ համակարգի վտանգվածությունը։
Իշխանության միակ իրական հավակնորդ ուժի՝ ժողովրդավարական շարժման դեմ բացահայտ ու քողարկված պայքարը մղվում էր մի քանի ճակատներով։
«Ընդդիմության ընդդիմությունը» 1989-90-ին
Կոմիտեի ազատ արձակվելուց հետո` մի քանի ամսվա ընթացքում սնկի նման աճեցին ինչ-որ նոր «կազմակերպություններ»՝ հնչեղ անուններով։ Սեպտեմբերի 9-ին այսօրինակ 14 կազմակերպություն հայտարարեց «Նախախորհրդարան» անունով մի կառույց ստեղծելու մասին։ Ընդամենը վեց ամիս անց` արդեն հերթական ընտրությունների նախաշեմին, այս «կազմակերպությունների» թիվը հասավ 45-ի, որոնք «համախմբվեցին» այս անգամ «Համահայկական միացյալ ճակատ» անվան տակ։ Հանդես գալով իշխանության դեմ առավել «արմատական» դիրքերից, նրանց հիմնական գործը եղավ, սակայն, իշխանափոխության ունակ միակ իրական ուժին մեղադրել «միջին դիրք» գրավելու եւ  «ազգային միասնությունը» պառակտելու համար։ Ընթերցողի համար դժվար չի գտնել այս ամենի զուգահեռը վերջին տարիների իրականության մեջ՝ սկսած կեղծ ընդդիմության ինստիտուտից մինչեւ այսօրվա «ընդդիմության ընդդիմություն»։
Թե այս կազմակերպություններից որոնք էին իշխանության կողմից ստեղծված եւ որոնք՝ «ինքնաբուխ»՝ էական չէ։ Քաղաքական իմաստով կարեւորն այն է, որ, հանդես գալով որպես «ընդդիմության ընդդիմություն», նրանք օբյեկտիվորեն դառնում էին իշխանության բարեկամներ ու օգնում իշխանությանը։ Ասենք միայն, որ մայիսին կայացած ընտրություններում համաժողովրդական շարժման հաղթանակից անմիջապես հետո այս «կազմակերպությունները» միանգամից անհետացան քաղաքական դաշտից։
Նոմենկլատուրային մտավորականությունը
Կոմունիստական իշխանությանն սպառնացող համաժողովրդական շարժման դեմ երկրորդ ճակատում նոմենկլատուրային մտավորականությունն էր, որ Շարժմանը մեղադրում էր «հակառուսականության», «անջատման վտանգը» չգիտակցելու ու այլ մեղքերի համար։ Սրանք նույնպես ունեցան իրենց զանազան կառույցները, իսկ 1990թ. նախընտրական շրջանում (մարտ-մայիս) տասնյակ հոդվածներ գրեցին Շարժման դեմ (Վարդգես Միքայելյան, Վլադիմիր Պետրոսյան, Հրաչիկ Սիմոնյան, Բագրատ Ուլուբաբյան, Լեւոն Հախվերդյան, Զորի Բալայան, Ստեփան Պողոսյան, Ազատ Եղիազարյան, Լենդրուշ Խուրշուդյան)։ Խորհրդանշական է, սակայն, այս «ճակատի» ինքնամոռաց պայքարի վերջաբանը։ Մայիսի 20-ին ճակատագրական ընտրություններն էին։ Նախորդ օրը՝ մայիսի 19-ին «Խորհրդային Հայաստան» թերթում հրապարակվեցին Լենդրուշ Խուրշուդյանի՝ «Հայոց համազգային շարժում կազմակերպությունը եւ Հայկական հարցը» եւ  Սիլվա կապուտիկյանի՝ «Բաց նամակ Լեւոն Տեր-Պետրոսյանին» ընդարձակ հոդվածները. առաջինը` Շարժման, երկրորդն` անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Հաջորդ օրը, օրենքով քարոզչության արգելման հանգամանքով, չէր կարելի դրանց պատասխանել։ Հաշվարկն էլ հենց դրա վրա էր արված։ Արդյունքը, սակայն, եղավ այն, որ հաջորդ օրն այս հոդվածների հեղինակներն իրենց ընտրատարածքներում (երկուսն էլ պատգամավորության թեկնածուներ էին) ստացան, համապատասխանաբար,  30 եւ 60 ձայն։
Այս դեպքում եւս կարեւոր չէ, թե նոմենկլատուրային մտավորականներից ովքեր էին, որ գործում էին իշխանության թելադրանքով, ովքեր՝ սեփական համոզմունքներով, կամ՝ մտածելով, որ այլ համակարգում իրենք պիտի զրկվեն ունեցած դիրքից ու զանազան արտոնություններից։ Կարեւորն այն է, որ Շարժման դեմ անմնացորդ պայքարով նրանք մեծապես օգնում էին իշխող վարչախմբին։
Սրա զուգահեռներն էլ դժվար չէ գտնել այսօրվա կյանքում։
Սփյուռքյան կուսակցությունները
Ինչպես հայտնի է, ժողովրդավարական շարժումը 1990թ. ընտրություններին գնաց անկախության հասնելու հստակ ծրագրով, որ ընդունել էր դեռ 1989թ. նոյեմբերին՝ Հայոց համազգային շարժման 1-ին համագումարում։ Սփյուռքյան կուսակցությունները, մասնավորապես` Դաշնակցությունը, Շարժման դեմ իր գաղափարական պայքարը մղում էր «Հայ դատի» եւ «Պանթուրքիզմի վտանգի դիրքերից»։ Ըստ այդմ՝ «Հայ դատի» լուծումը ենթադրում է նախ՝ ուժեղ դաշնության մեջ լինելով հայկական հողերի ազատագրում, ապա այդ հողերի միացում խորհրդային Հայաստանին, ապա միայն «ինքնորոշում»։ Համարում էին, որ «պանթուրքիզմի վտանգը» նույնպես անհնար է դարձնում Հայաստանի անկախացումը։ Դրան գումարվում էին նաեւ կոմունիստական իշխանության վերաբերյալ արդեն բացահայտ դիֆերամբները. ՀՅԴ-ն, օրինակ, համարում էր, որ Հայաստանի կոմկուսը, որ «Կարեն Դեմիրճյանի օրերին դեռ մաֆիաների կենտրոն էր», նրանից հետո՝ «ապշեցուցիչ շրջադարձեր կատարեց դեպի արցախյան շարժման դրոշակակիրի դիրքերը»: Որպես այդպիսին` Հայաստանի կոմկուսին հակադրվում էր «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն, որոնք այդ ընթացքում ընդհակառակը՝ «քայլ առ քայլ սպառեցին համազգային հույսերու դրամագլուխը», որովհետեւ իշխանության հասնելու հարց դրեցին իրենց առջեւ (Տես «Դրոշակ», 14.03.1990, էջ 14):
Այս ամենը արտաքին՝ «գաղափարախոսական» կողմն էր։ Իսկ Շարժման դեմ պայքարի իրական շարժառիթն այն էր, ինչի մասին խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում. «Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրև-թե յոթանասուն տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ 1990-1991 թվականներին, այդ խնդրի լուծման հնարավորությունը իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը և կտրուկ դեմ արտահայտվեցին անկախությանը, որովհետև այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ»։
* * *
Դժվար է սուղ էջերում մի քանի փաստերի հիշատակմամբ այսօրվա ընթերցողին լրիվ պատկերացում տալ 1990-ի «ամբողջական իշխանափոխության» նախաշեմին ժողովրդավարական շարժման դեմ սանձազերծված «խաչակրաց արշավանքի» մասին։ Նրանք, ովքեր եղել ու ուշադիր հետեւել են, կարող են դեռ հիշել։ Շարժման դեմ ձեւավորվել էին բոլոր հնարավոր ճակատները, կիրառվում էին նրա վարկաբեկման բոլոր հնարավոր՝ ամենաստորից մինչեւ ամենաէժան մեթոդները։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա։ Իսկ երկու-երեք ամիս անց «ամբողջական իշխանափոխությունը» կամ «հեղափոխությունը» իրականացված էր։ Այսինքն՝ դա այլ բան չէր, քան գործող իշխանության ավարտի, վախճանի ստույգ նախանշան, ախտանիշ։
Նույնն է նաեւ այսօր։ Իսկ այն, ինչ դեռ չկա, կարելի է այս հիմքի վրա կանխատեսել։ Օրինակ՝ առաջիկայում լուսանցքային ուժերի ու գործիչների համախմբում հնչեղ «գաղափարական հիմքով» ու խիստ ազգային անվամբ մի կազմակերպության մեջ։
Եւ այսպես՝ իշխանափոխության գործընթացն սկսած Համաժողովրդական շարժման դեմ որքան բազմանում են ամեն տեսակի «համախմբումները», «պայքարները», «ճակատները», որքան սաստկանում են մեղադրանքները,  մահացու են դառնում վերագրվող մեղքերը, որքան առավել ստոր ու էժանագին մեթոդներ են կիրառվում Շարժման առաջնորդներին վարկաբեկելու համար, այնքան ավելի իրական ու հավաստի է դառնում, թե գործ ունենք արդեն անկասելի ամբողջական իշխանափոխության ամենաստույգ նախանշանի հետ։

http://www.ilur.am/news/view/36707.html

No comments:

Post a Comment