Monday, December 22, 2014

Ռուսաստանը չի աջակցում Ս. Սարգսյանին և իշխանափոխության հորդոր է անում


Վերջերս հրապարակվեց ռուս քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի՝ Հայաստանին վերաբերող մի հարցազրույցը, որի քաղաքական լեզվով ձևակերպած հիմնական ուղերձներն ավելի մատչելի ներկայացվելու կարիք ունեն։
Նախ՝ ասենք, որ հայտնի այս վերլուծաբանը 2008 թվականից ի վեր հայաստանյան թեմաներով հաճախ է հանդես է եկել և, որպես կանոն, շեշտված պրոիշխանական դիրքերից՝ ընդհուպ փաստաբանի դեր ստանձնելով Ս. Սարգսյանի ու նրա իշխանության համար։ Այդ ֆոնին տվյալ հարցազրույցի հիմնական ու բոլորովին տարբեր ասելիքը դառնում է շատ ավելի ուշագրավ։ Կարելի է համարել, որ նրա այդ տարբերվող հիմնական հարցադրումներում արտացոլված է Ռուսաստանի որոշակիացված դիրքորոշման պատկերը։
Իշխանական և «անկախ» մամուլի քարոզչությունը ճգնել է հասարակության մեջ տարածել այն պատկերացումը, թե Ս. Սարգսյանն անփոխարինելի է Մոսկվայի համար, ու դա նրա իշխանության պահպանման վճռորոշ ռեսուրսն է։ Այս պատկերացումն ամրապնդելու համար իշխանական քարոզչամեքենան նշում է նրա արտաքին քաղաքականության «ռուսական կողմնորոշումը»։ Նույնը «անկախ» լրատվամիջոցների ու վերլուծագանգերի միջոցով չեն խորշում ներկայացնել այնպես, թե, իբր, Ռուսաստանը հենց կուզենա՛ր, որ Հայաստանում լինի ոչ օրինակարգ, թույլ, անկամ ու անկար մի ղեկավար։ Ու քանի որ Ս. Սարգսյանը լիուլի համապատասխանում է այս չափանիշներին, ուստիև վայելում է Ռուսաստանի լիակատար «դաբրոն», ու նրա դեմ ամեն մի ներքաղաքական պայքար դատապարտված է։
Այս և այլ հարցերի հետ կապված՝ Մարկեդոնովն անում է մի քանի՝ բոլորովին այլ  կարևոր արձանագրումներ.
1. Ռուսաստանը պետք է աշխատի ոչ միայն իշխանությունների, այլ նաև հավասարապես՝ մյուս քաղաքական ուժերի հետ:
 « Այսօրվա դրությամբ Ռուսաստանն առանձնապես մտահոգված չէ Հայաստանի ղեկավարությամբ, Մոսկվան իշխող կոալիցիայի վրա վստահ է», - ասում է քաղաքագետը՝ նկատի ունենալով, որ Ս. Սարգսյանը չի շեղի այսօրվա իր արտաքին քաղաքական կուրսը։ Սակայն, մյուս կողմից՝ ի տես վարչախմբի դեմ ծառացած հասարակական դժգոհության, համարում է, որ Մոսկվան այստեղ արդեն անհանգստանալու բան ունի.
«Եթե խոսենք մտահոգության մասին, ապա ինձ, որպես փորձագետի, մտահոգում է այն, որ Ռուսաստանը պետք է հարաբերություններ զարգացներ Հայաստանի տարբեր կուսակցությունների հետ, ձվերը մի զամբյուղի մեջ չդներ, քանի որ Սարգսյանի վերաբերյալ դժգոհությունը կարող է վերածվել Ռուսաստանի նկատմամբ դժգոհության։ Եթե Ռուսաստանը կապ է պահպանում միայն Սարգսյանի հետ՝ մյուսների հետ հարաբերություններ չհաստատելով՝ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»։
Դժգոհության սլաքի փոխվելու վտանգի մասին փորձագետն իրավացի է։ Եւ նման մտահոգությունն էլ՝ բնական։ Ցանկացած իշխանություն ժամանակավոր է, տվյալ երկրի ժողովուրդը, հասարակությունը՝ մշտական։ Ուստիև, երկարաժամկետ կտրվածքով՝ կարևոր է ոչ թե այն, թե իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է վարում տվյալ պահին, այլ այն, թե ինչպիսին են հասարակության վերաբերմունքն ու տրամադրությունները։ Չի կարող աջակցություն ստանալ այն իշխանությունը, որն իր գոյությամբ ու որակներով կարող է պատճառ դառնալ հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա, իհարկե, նորություն չէ. իրենց ազդեցության ոլորտներում նույն անհանգստությունն ունեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը։
2. Ռուսաստանը, որքան էլ խնդիր չունի Սերժ Սարգսյանի իշխանության հետ, բայց նաև խնդիր չունի, եթե իշխանության գա ընդդիմությունը.
«Մյուս կողմից, Հայաստանում իշխանության փոփոխությունը, որպես այդպիսին, Ռուսաստանին չի մտահոգում,- ասում է փորձագետն ու հավելում:-Ռուսաստանին առաջին հերթին անհանգստացնում է այն, թե արդյո՞ք այդ իշխանափոխությունը չի ազդի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա»։
Փորձագետը տվյալ դեպքում նկատի ունի ԵՏՄ-ին անդամագրումը ու դրա նկատմամբ վերաբերմունքը։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ հստակ է. Նրա խոսքով՝ Կրեմլում «ըմբռնում են, որ Սերժ Սարգսյանի ներկայիս հակառակորդները արտաքին քաղաքականության կտրուկ վերանայման հարցը չեն դնի «Եվ «Բարգավաճ Հայաստանը», և «Հայ ազգային կոնգրեսը» բազմիցս հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են»։
Ըստ այդմ՝ Ռուսաստանը Հայաստանի ներկա ընդդիմությանը չվստահելու ոչ մի հիմք չունի և, նման պայմաններում հավասարապես պետք է աշխատի նաև ընդդիմության հետ, քանզի՝ «Այսօր ընդդիմություն է, վաղը կարող է իշխանություն դառնալ»։
3. Ռուսաստանը Հայաստանի այսօրվա ընդդիմությանը չվստահելու հիմք չունի նաև պատմական կտրվածքով.
«Այստեղ՝ Մոսկվայում, հաճախ նաև Արևմուտքում, և նույնիսկ ավելի հաճախ նույն Հայաստանում կան նման կարծրատիպեր, թե, իբր, Սարգսյանը ռուսաստանամետ է, Տեր-֊Պետրոսյանը՝ արևմտամետ։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանում ռուսական ռազմա֊քաղաքական ներկայության ողջ իրավական հիմքը դրվել է Տեր-Պետրոսյանի օրոք. համաձայնագիր ռուսական ռազմաբազայի, սահմանների պաշտպանության, բարեկամության մասին։ Հետևաբար, չէի ասի, որ Տեր֊-Պետրոսյանը Ռուսաստանի համար անընդունելի քաղաքական գործիչ է»։ Այսօրինակ փաստ ու վստահության հիմք փորձագետն արձանագրում է նաև ավելի ուշ շրջանի համար՝ հակադրելով հենց Ս. Սարգսյանին. «Ի դեպ, 2008 թվականին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի հնգօրյա պատերազմից հետո, այդ իրադարձություններն օսեթների նկատմամբ ցեղասպանություն անվանեց հենց Տեր-Պետրոսյանը, այլ ոչ՝ Սարգսյանը»։
Մարկեդոնովն անհիմն է համարում այն պետկերացումը, թե Ղարաբաղի խնդրի առկայությունը լրացուցիչ հիմք կարող է լինել «ղարաբաղյան կլանի» մի այլ ներկայացուցչի՝ Հայաստանում իշխանության գալու կամ ունենալու համար։
Պատասխանելով «ծագումով ղարաբաղցի» Ռ. Քոչարյանի մասին կրկնված հարցին՝ նա ասում է. «Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում Ռ. Քոչարյանի վերադարձին», և  հռետորական հարցադրում է անում. «Ո՞րը պետք է լինի նրան աջակցող ուժը», ինչից հետո, այնուամենայնիվ, մեկ առ մեկ թվարկում է հիմնական քաղաքական ուժերը (ՀՀԿ, ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ, «Ժառանգություն») և հիմնավորում, թե ինչու նրանցից ոչ մեկը չի կարող դառնալ վերջինիս հենարանը։ Մասնավորապես, ԲՀԿ-ի հետ կապված՝ արձանագրում է հանրահայտ հետևյալ իրողությունը. «Տեսականորեն՝ նրան կարող էր աջակցել «Բարգավաճ Հայաստանը»... սակայն կա այնպիսի մարդ, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, որն սկսել է օր օրի իրեն ինքնուրույն խաղացող զգալ և չի ուզի կիսվել ուրիշի հետ»։
Այսպիսով, եթե Մարկեդոնովի նուրբ քաղաքական լեզվով ասած «մեսիջները» թարգմանում ենք ավելի հասկանալի կենցաղային լեզվի, ստացվում է հետևյալը.
- Բացահայտ ու կոշտ ասվում է, որ Մոսկվան խիստ դժգոհ է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի իշխանությունից։
- Իշխանությունը, որպես կանոն, աշխատում է մի այլ երկրի իշխանության հետ։ Մոսկվայի դիրքորոշումը՝ «հավասարապես» աշխատել նաև ընդդիմության հետ (ընդհուպ հայտարարելով, թե ի դեմս նրա՝ տեսնում է վաղվա իշխանությանը) այլ բան չէ, քան անթաքույց անվստահություն Ս. Սարգսյանի նկատմամբ։
- Ռուսաստանը շահագրգռված է, հենց սեփական շահերից ելնելով, իր ռազմավարական դաշնակից Հայաստանում տեսնել օրինակարգ, վստահելի, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Նա համարում է, որ այդպիսին չէ Ս. Սարգսյանի իշխանությունը, և այդ որակի իշխանություն դառնալու իրական հիմքեր է տեսնում նրա դեմ պայքարող ընդդիմության մեջ։
«Ինչ էլ որ Մոսկվան մտածի, հաղթողի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը»,- ամփոփում է իր խոսքը վերլուծաբան փորձագետը, որ այս ամենի կոնտեքստում այլ բան չէ, քան Հայաստանի ժողովրդին ուղղված՝ Մոսկվայի համար ցանկալի իշխանափոխության հորդոր։
Կարելի էր այսքան մեծ նշանակություն չտալ ռուս քաղաքագետի այս հարցազրույցին, եթե այն համահունչ չլիներ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի՝ հոկտեմբերյան հանրահավաքների առիթով «Ռիա-նովոստիին» տված հարցազրույցում արտահայտած մտքերին, որ արդեն Ռուսաստանի կառավարության պաշտոնական տեսակետն է։

http://www.ilur.am/news/view/39100.html

Tuesday, December 16, 2014

«Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրի քաղաքական ասպեկտը


Միմյանց հաջորդած վեց ահաբեկչական ակտ՝ տասներկու տուժող. եւ սա՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 12-ը։  Ընդ որում՝ մարդկանց վրա դարանակալ, կյանքի համար վտանգավոր հարձակումները կարող էին նաեւ կյանք արժենալ, ու դրանք կարելի է նաեւ մահափորձ որակել։
Հանցագործությունները կատարողների կամ դրանց հետ անմիջապես առնչվողների մի քանի վկայություններ ընդհանրական, նույնական «շարժառիթ» են ներկայացնում.
- Ոստիկանական զորքերի հրամանատար. Լ. Երանոսյան. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, հանրապետության նախագահի հասցեին որեւիցե բան ուզենա ասել՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։
- Արամ Մանուկյանի վրա հարձակվող ստահակ (ըստ լրատվամիջոցների ոստիկանական աղբյուրների). «տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը «նախագահ» Սերժ Սարգսյանի հասցեին՝   որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»։
- ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյան (Շմայս).  «Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»։
Ասել է թե՝ շարժառիթի ձեւակերպումը «ով նախագահին բան ասի...» բովանդակությամբ ստացվել է մի կենտրոնից, ու կատարողները, անտաղանդ ձեւով, ընդհուպ՝ բառացի, կրկնում են այն։ Այսինքն՝ գործ ունենք մի կենտրոնում ծրագրված ու հանձնարարված ահաբեկչական կամպանիայի հետ։ Այլապես ինչո՞վ բացատրել «նախագահասիրական» նման համաժամանակյա ու նույնօրինակ «հայրենասիրական» պոռթկումները։
Այստեղ հիշենք նաեւ հետեւյալ արտառոց փաստերը։ ԱԺ անունից ընդհանրապես ձեն-ծպտուն դուրս չեկավ նաեւ այն բանից հետո, երբ հարձակման թիրախ դարձավ պատգամավոր Արամ Մանուկյանը։ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկում քվեարկությամբ մերժվել է ԱԺ պատգամավորի վրա ավազակային հարձակումը դատապարտելու առաջարկը։ Երեկ առավոտյան ԱԺ-ն մերժեց արտահերթ նստաշրջանից առաջ մեկ նիստով քննարկել ահաբակչությունների շղթայի հարցը, իսկ երեկոյան ՀՀԿ-ն բոյկոտեց նույն օրակարգով ոչ իշխանական խմբակցությունների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը։ Այս ամենի հանդիման՝ դժվար է գտնել այլ բացատրություն, քան այն, որ «Ով նախագահին բան ասի...» ահաբակչական հիշյալ կամպանիան այլ բան չէ, քան ամենավերեւում՝ Բաղրամյան 26-ում մշակված ու համապատասխան հանձնարարականներով գործի դրված մի ծրագիր։
Հատկանշական է կատարողների ընդհանուր ձեռագիրը. բոլոր հարձակումները դավադիր են՝ թիկունքից կամ դիմակավորված, խփել փախչելով, ինչպես ժողովուրդը կասեր՝ «թուրքավարի»։ Երբեմն՝ ավելի վատ. քանզի հայտնի է, որ թուրքերի մեջ նույնպես խստորեն մերժված է հյուրընկալությունն ու հյուրասիրությունը հաշվեհարդարի համար օգտագործելու զազրելի գործելակերպը։
«Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրի բացառիկ կարեւորության մասին է վկայում այն փաստը, որ դրա իրականացման համար խտրություն չի դրվում նաեւ, թե ով կօգտագործվի որպես գործիք՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա գեներալից սկսած՝ մինչեւ վերջին կրիմինալ ստահակը։
***
Ինչո՞ւ այս պոռթկումը սկսվեց հանկարծ, նոյեմբերի վերջից, ինչի՞ց անհանգստացած, ի՞նչը կանխարգելելու համար, երբ առջեւում իշխանությանն անհանգստացնող որեւէ բան, անգամ հանրահավաքի նախանշված օր չկա։ Գուցե դա արվում է կոտրելու համար հոկտեմբերյան հանրահավաքների ստեղծած հասարակական ոգեւորության մթնոլո՞րտը։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ դա չարվեց անմիջապես, 24-ի հանրահավաքից հետո, այլ մեկ ամիս ուշացումով։
Երկու պարզ պատճառով։ Առաջին. Համաժողովրդական շարժման կողմից հոկտեմբերի 24-ից հետո հնարավոր հաջորդ հանրահավաքների իրազեկումներ էր տրված բոլոր ուրբաթ օրերի համար՝ մինչեւ նոյեմբերի 28-ը ներառյալ։ Այլ խոսքով՝ մարզային հանրահավաքներով սկիզբ առած ամբողջական իշխանափոխության քաղաքական գործընթացը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակվում էր գտնվել ակտիվ փուլում։ Գլխին կախված ունենալով համապետական երրորդ հանրահավաքի վտանգը, ինչից վարչախումբը  սարսափում էր, ինքը երբեք չէր սադրի դա այսօրինակ ահաբեկչական ակտերով։ Երկրորդ. նոր տարվան նախորդող շաբաթները, հասկանալի պատճառով, լավագույն շրջանը չեն հանրահավաքային ակտիվ քաղաքական գործընթացը շարունակելու համար։ Ահա եւ՝ Ս. Սարգսյանը համարել է, որ նոյեմբերի վերջից սկսած՝ Շարժումը հարաբերական դադարի մեջ է, իրեն ապահով մի «ժամանակային նվեր» է տրված, ու փորձում է այն օգտագործել։
Իսկ թե ինչպես է Ս. Սարգսյանը քաղաքական ակտիվ գործընթացների հարաբերական դադարի «միջոցն» օգտագործում, ինչ մեթոդների է դիմում, վաղուց հայտնի է։ Դրանք, առաջին հերթին, ինտրիգներն են՝ ինչպես սեփական թիմի ներսում (եթե դրա կարիքը կա), այնպես էլ քաղաքական հակառակորդի ճամբարում (ինչքանով որ կարողանում է)։ Հարաբերական դադարի այդ «միջոցին» է, որ հարմար է նաեւ հակառակորդի նկատմամբ ուժի, սպառնալիքի, շանտաժի, ահաբեկչության կիրառման մեթոդներին դիմել։
Դրա ցայտուն օրինակը նույնպես արձանագրվել է հենց այս տարի։
2014-ի մարտից, երբ Քառյակը միահամուռ դրեց Տ. Սարգսյանի պաշտոնանկության պահանջը եւ այդ օրակարգով հանրահավաք նշանակեց ապրիլի 28-ին, դա այլ բան չէր, քան ակտիվ քաղաքական գործընթացի մեկնարկ՝ «ամբողջական իշխանափոխության»՝ մինչ այդ հռչակած օրակարգի շրջանակներում։ Ս. Սարգսյանն ստիպված էր նահանջել՝ ոչ միայն պաշտոնանկ անելով իր «անփոխարինելի» վարչապետին, այլեւ հետաձգելով Սահմանադրության փոխման դիվային իր ծրագրի մեկնարկը։ Դրանով նա կարողացավ դուրս գալ վտանգավոր ճգնաժամային վիճակից։ Քառյակի՝ կոնսենսուսային «12 կետերի» կատարման պահանջը, շատ կարեւոր լինելով հանդերձ,ապրիլին ծայր առած քաղաքական գործընթացի համեմատությամբ ակտիվության առումով մի մակարդակ ցածր էր։ Այն կարող էր գնահատվել որպես քաղաքական գործընթացի հարաբերական դադար։ Հենց այդպես էլ գնահատեց Ս. Սարգսյանը։
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի գործողություններին միշտ պետք է նայել նրա գերխնդրի՝ սահմանադրության փոխման միջոցով իր իշխանության հավերժացման դիտանկյունից։
Ահա, այս տարվա գարնանը Ս. Սարգսյանը Տ. Սարգսյանին զոհաբերելու գնով վաստակած հարաբերական դադարի միջոցում փորձեց օգտագործել իր հիմնական գործիքները՝ հենց այս գերխնդիրը լուծելու համար։
Այդ խնդիրը լուծվում էր ԲՀԿ-ին սահմանադրափոխության ծրագրի մեջ ներքաշելով միայն։ Այլ տարբերակ չկար եւ այսօր էլ չկա։ Չօգնեցին այդ նպատակով կիրառված ինտրիգները։ Չօգնեց նաեւ «թագավորության կեսը» նրան տալու խոստումը։ Այդ ժամանակ նա փորձեց անցնել ուժային մեթոդների՝ ԲՀԿ-ի դեմ շանտաժների, սպառնալիքների ու տնտեսական ահաբեկչության։
Այդ առիթով էր, որ Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 21-ին կոշտ ու սաստող նախազգուշացում արեց. «Թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եւ եթե մինչեւ հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն՝ վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը որեւէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից»։ (տես «Հրատապ հարցազրույց»  http://www.ilur.am/news/view/32661.html)։ Դրանից հետո այդօրինակ փորձերը դադարեցին. Ս. Սարգսյանը հասկացավ, որ այդ կերպ կարող է սադրել իշխանափոխության քաղաքական գործընթացի ակտիվ հանրահավաքային մակարդակի բարձրանալը։ Քիչ անց, մարզային հանրահավաքների մեկնարկումով ու համապետական հանրահավաքի ժամկետի հստակեցմամբ, վերականգնվեց ակտիվ քաղաքական գործընթացը։ Ու քանի այն կար, նախապես արված «սառը ցնցուղների» եւ այլ «պրոֆիլակտիկ» բարձրագոչ սպառնալիքներն այդպես էլ մնացին օդում կախված։
***
Սերժ Սարգսյանի համար կենսական նույն այս՝ սահմանադրության փոխման խնդրի դիտանկյունից, ահա, պետք է նայել նաեւ «Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրին։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ստիպված եղավ հայտարարել, որ սահմանադրափոխության իր ծրագիրը հետաձգում է «մինչեւ փետրվար-մարտ»։ Հայտարարեց նաեւ, որ դրա համար այդ ընթացքում պետք է հասնի այդ ծրագրի շուրջ «լայն քաղաքական կոնսոլիդացիայի»։ Հասկանալի է, որ խոսքը կրկին ԲՀԿ-ի մասին է, ինչին եւ Ս.Սարգսյանը բոլոր միջոցներով ձգտում է, ահա, շուրջ մեկ տարի։ Այս ընթացքում նա արդեն համոզվել է, որ այդ նպատակին հասնելու համար չի աշխատում «բլիթի քաղաքականությունը»։ Բայց նա տեսել է նաեւ, որ չի աշխատում նաեւ «մտրակի քաղաքականությունը», քանզի դրա իրականացման համար շատ կարեւոր խանգարող գործոն կա։ Ամռանը դա «նախագահին բան ասող» Հայ ազգային կոնգրեսն էր, հիմա դրան ավելացել են նաեւ ազատամարտիկները, փողոց դուրս եկած այլ ակտիվիստներ։ Եւ, ահա, օգտվելով ակտիվ քաղաքական գործընթացի երկրորդ հարաբերական դադարի «բարենպաստ» համարված շրջանից, հենց խանգարող այդ գործոնի դեմ է, որ մշակվել ու գործարկվել է վերջին ահաբեկչական ծրագիրը։
Ահաբեկչական գործողություններով ամենաչնչին հաջողության հասնելու, դրանով վախի մթնոլորտը խորացնելու, հասարակական ակտիվացած քաղաքական մթնոլորտը կոտրելու դեպքում, ակնհայտ է, թե Ս. Սարգսյանը որ ուժի դեմ է ուղղվելու «մտրակի» հիմնական հարվածը՝ նրան «կոնսոլիդացիայի բերելու» ու վերջապես լուծելու համար սահմանադրության փոխման, իր իշխանության հավերժացման խնդիրը։
Ուստիեւ.
Անիմաստ է քաղաքական բանականությունը կորցրած Ս. Սարգսյանի հետ խոսել քաղաքական լեզվով, նրանից ակնկալել քաղաքական ընկալում կամ, թեկուզ, քաղաքական բնույթի ռեակցիա։
Չի կարելի նրան միջոց տալ՝ օգտագործելու համար ինտրիգների, թիկունքից խփելու, դավադրությունների իր գործիքակազմը. դա չափազանց վտանգավոր է քաղաքական ուժերի, առանձին անհատների, վերջին հաշվով՝ իշխանափոխության քաղաքական գործընթացի, ողջ հասարակության ու երկրի ապագայի համար։
Ամբողջական իշխանափոխության քաղաքական գործընթացը անհապաղ պետք է վերադարձնել իր նախկին ամենաակտիվ մակարդակին ու շարունակել մինչեւ խնդրի վերջնական լուծումը։

http://www.ilur.am/news/view/38850.html

Tuesday, December 9, 2014

Մի տեսակ՝ տխուր ու զավեշտալի


Վերջին շաբաթներին, կապված ԵՏՄ պայմանագրի վավերացման խնդրի հետ, հերթական անգամ քննարկումների առարկա դարձավ երկրի անկախության հարցը։
«Ի՞նչ է անկախությունը» հարցին ամենատարածված պատասխանն այն է, թե՝  «Անկախությունը յուրաքանչյուր ազգի, ժողովրդի համար գերագույն արժեք է»։ Եւ, կարծես թե, իրոք այդպես է. ժողովուրդների տոնացույցերում, որպես կանոն, ամենակարեւոր տոնը անկախության ձեռքբերման օրն է։
Եւ այնուամենայնիվ, անկախությունը, զգացմունքային դաշտից դուրս՝ պաղ քաղաքական հարթության վրա, ոչ թե գերագույն արժեք է, այլ ընդամենը գործիք։  Շա՜տ թանկարժեք, անփոխարինելի, ամենահուսալի, բայց՝ ընդամենը մի գործիք, որով ապահովվում են տվյալ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը։ Սրանք են, ահա, արժեքները, իսկ անկախությունը այդ արժեքներն ապահովող գործիքը, միջոցն է։
Կարելի՞ է անկախությունից մաս զիջել, թե՞ դա սրբապղծություն է, անթույլատրելի։
Կարելի է, եթե դրանով առավել մեծացնում կամ ամրապնդում ես քո ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը, հուսալի դարձնում նրա ապագան եւ այլն։ Օրինակներ շատ կան. ասենք՝ այդպես է ստեղծվել ԱՄՆ-ը։ Լինում են նաեւ մի քիչ այլ դեպքեր, երբ նույն այդ անկախությունից մաս ես զիջում ոչ թե այդ արժեքների շրջանակներում քո ժողովրդի համար ավելին ունենալու, այլ եղածը պահպանելու կամ, հանգամանքների բերումով՝ անխուսափելի կորուստը նվազագույնի հասցնելու համար։ Ժամանակին այդպես կազմավորվեց Խորհրդային Միությունը։
ԵՏՄ-ի, ինչպես այդօրինակ որեւէ այլ միության մեջ մտնելով՝ անկախությունից մաս պիտի զիջվեր։ Եւ, ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում եւս ինչ-որ չափով հասարակական հակազդեցության պիտի արժանանար՝ անկախ այդ հակազդեցության շարժառիթներից։ Խնդիրը, ինչպես ի սկզբանե, այնպես էլ ավարտական փուլում՝ վերջին շաբաթներին, ըստ էության, ամենաչնչին հակազդեցության արժանացավ՝ արտահայտված 2-3 տասնյակ ցուցարարներով եւ գուցե նույնքան «ճանաչված գործիչների» ելույթներով մամուլում ու սոցիալական ցանցերում։ Այստեղ մենք չենք խոսի դրա՝ արդեն արձանագրված պատճառների մասին։ Չենք գովի ու չենք էլ մեղադրի ո՛չ նրանց, որ «հանուն անկախության» փողոց էին դուրս եկել, ո՛չ էլ անկախության այն «ջատագովներին», որ գերադասում էին աղմուկ անել լրատվամիջոցներում ու համակարգիչների առջեւ։ Գուցեեւ այս ամենը, թեկուզ՝ որպես բնական թյուրիմացություն, շատ ավելին պիտի լիներ իրական անկախ պետականությամբ օժտված որեւէ հասարակության մեջ։
Կխոսենք միայն այն մասին, որ այդ «հակազդեցության մեջ» ինչ-որ զավեշտալի ու մի տեսակ՝ տխուր բան կար։ Եւ դա՝ կապված ոչ թե արձագանքող, բողոքող մարդկանց ու նրանց շարժառիթների, այլ մեր օբյեկտիվ իրականության հետ։  Փորձենք դա բացատրել։
Ընդունենք, թե անկախությունից արված զիջումների դիմաց մենք, ԵՏՄ (կամ այլ մի միություն) մտնելով, դրան համարժեք բան չենք ստանում՝ հօգուտ վերոնշյալ (ազատություն, անվտանգություն, արժանապատիվ կյանք, զարգացում) արժեքների։ Կամ նույնիսկ ինչ-որ չափով վտանգում, նվազեցնում ենք այդ արժեքները։
 Տխուրն ու զավեշտալին այն է, որ այսօրվա մեր իրավիճակի համար չի կարող  նման հարցադրում լինել։ Որովհետեւ ինչպես վերոնշյալ արժեքները, այնպես էլ, բնականաբար, դրանք ապահովող գործիքը, միջոցը Հայաստանում պարզապես գոյություն չունեն։
Արդեն շուրջ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող ավազակապետական ռեժիմն իր կործանարար հետեւանքներով անհամեմատելի է հայ ժողովրդի վրա հաստատված որեւէ օտար նվաճողի իշխանության հետ՝ մեր ողջ պատմության կտրվածքով։ Եւ սա ընդդիմադիր դիրքից ասված գեղարվեստական չափազանցություն չէ։ Չիջնենք պատմության խորքերը։ Համեմատությունը կատարենք մեր պատմության մեջ ամենամղձավանջային շրջանի՝ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին տասնամյակների հետ (ինչի հետեւանքով կորցրինք հայության 3-4 հազարամյա պատմական հայրենիքը)՝ անելով ընդամենը երկու արձանագրում.
- Անազատության, վտանգվածության, արժանապատիվ կյանքով ապրելու անհնարինության, զարգացման հեռանկարի բացակայության հետեւանքը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր, արտագաղթն է, հայրենի հողը լքելը։ Ավազակապետական ռեժիմի մեկուկես տասնամյակում, խաղաղ պայմաններում, Հայաստանից արտագաղթողների իրական թիվը մոտենում է կես միլիոնի սահմանագծին։ Մեր պատմության ընթացքում օտար նվաճողների իշխանության պայմաններում Հայաստանից արտագաղթ միշտ է եղել։ Եւ անհնար է գտնել մեկ-մեկուկես տասնամյա որեւէ շրջան, երբ խաղաղ պայմաններում սեփական երկրից արտագաղթողների թիվը մոտենար կես միլիոնի։ Նման բան չի եղել  անգամ այն դեպքում, երբ օտար իշխանությունը արտագաղթի մատնելու հատուկ քաղաքական ծրագիր է մշակել եւ գործադրել։ Խոսքը վերաբերում է 1878 թվականին «Հայկական հարցի» ի հայտ գալուց հետո Արեւմտյան Հայաստանում հայության տեսակարար կշիռը նվազեցնու՝ Օսմանյան Թուրքիայի ծրագրին։ Դրա գործադրման 35 տարում (մինչեւ 1915թ.) նա նման արդյունք չկարողացավ ստանալ։ Թող այդ շրջանի մասնագետ պատմաբաններն ու ցեղասպանագետները գտնեն որեւէ մեկուկես տասնամյակ, երբ Արեւմտյան Հայաստանից այդքան արտագաղթ է եղել։
- Կապված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ՝ 1960-ական թվականներից ի վեր մանրակրկիտ ուսումնասիրման առարկա է դարձել արեւմտահայության կրած նյութական կորուստների խնդիրը, դրան բազմաթիվ հոդվածներ եւ ամբողջ մենագրություններ են նվիրվել։ 2000 թվականից հաստատված ավազակապետական իշխանության հենքը, ինչպես հայտնի է, կոռուպցիոն համակարգն է՝ բրգաձեւ այն կառույցը, որի գագաթին իշխանության առաջին դեմքն է։ Ըստ միջազգային տարբեր մասնագիտական գնահատականների (դրանք մեկ անգամ չէ, որ հրապարակվել են)՝ կոռուպցիոն այս համակարգի միջոցով հավաքված «ստվերային բյուջեն» (երկրից ու նրա ժողովրդից կատարված թալանը) ընդհուպ երկու անգամ գերազանցում է պետական պաշտոնական բյուջեի ծավալը։ Ըստ այդմ՝ պարզ թվաբանական գործողությամբ դժվար չէ հաշվել կատարված թալանի, կողոպուտի ընդհանուր չափը՝ մոտ 35-40 միլիարդ դոլար։ Եթե դա ոմանց շատ կթվա, ոչինչ, բաժանեք երկուսի։ Եւ դրա առյուծի բաժինը, բնականաբար, կոռուպցիոն բուրգը գլխավորողինն է։ Եւ թող նույն՝ 1878-1915թթ. նեղ մասնագետները նստեն ու ապացուցեն, որ հայ ժողովրդին նաեւ կողոպտելով Հայաստանից արտագաղթի մատնելու քաղաքական ծրագիր իրականացնող սուլթան Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը արեւմտահայությունից այդչափ հարստություն են կողոպտել (մինչեւ 1915թ)։
Ասել է թե՝ ներկա ավազակապետական իշխանությունն, ըստ իր քաղաքական հետեւանքների, հայ ժողովրդի համար շատ ավելի վատն է, քան կլիներ անկախութան լիակատար բացակայությունը, քան որեւէ օտար տիրապետություն։ Այն շատ ավելի ազգակործան է, քան անգամ հայ ժողովրդին սեփական հայրենիքից դուրս քշելու ծրագրի իրականացման մղձավանջային  երեքուկես տասնամյակները 100-140 տարի առաջ։ Ռեժիմի հասցրած վնասներն առայժմ զիջում են միայն 1915թ. եւ հաջորդ տարիներին Հայոց ցեղասպանությանը։
Ուրեմն՝ ո՞ր անկախության համար անհանգստանալ, այն՝ որ մեզ ունեզուրկ, իրավազուրկ ու գաղթական, սաշիկներին՝ միլիարդատեր դարձնելու գործի՞ք է։ Անկախությունը գործիք է՝ ապահովելու համար ժողովրդի համար գերագույն արժեքները՝ ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը։ Արդեն շուրջ մեկուկես տասնամյակ մենք չունենք այդ արժեքները, չունենք առավել, քան երբեւէ օտար որեւէ տիրապետության տակ։ Եթե չունենք այդ արժեքները, ուրեմն, ըստ էության՝ չունենք, զրոյական մակարդակի վրա է նաեւ դրանք ապահովող գործիքը՝ անկախությունը։ Կամ՝ ունենք այդ գործիքի այլասերված, ֆունկցիոնալ առումով բոլորովին հակառակ տարբերակը։ Զրոյական մեծությունից ի՞նչ կարող ես զիջել կամ չզիջել։
Ահա թե ինչու՝ ինչ-որ տխուր ու զավեշտական բան կար, երբ մարդիկ (անկախ շարժառիթից, արտահայտման ձեւից ու քաղաքական նպատակահարմարությունից) անհանգստանում էին անկախությունից մաս կորցնելու հարցով։ Անգամ այդ՝ շատ բնական զգացումն ունենալու իրավունքը, մի տեսակ՝ տխուր զավեշտի էր վերածվում։ Ու այդպես կլինի, քանի դեռ Հայաստանի քաղաքացին նախ չի լուծել սեփական ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքն ու զարգացումն ապահովող գործիք անկախությունը՝ այն այլասերած-ոչնչացրած ռեժիմի ձեռքից ազատելու հարցը։

http://www.ilur.am/news/view/38507.html