Tuesday, September 14, 2010

ԵՒ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՍՆԱՆԿ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ

14.09.2010

Հայ Ազգային Կոնգրեսի կարեւորագույն ձեռքբերումները առարկայացել են այն բան շնորհվ, որ նա, ի սկզբանե եւ հետեւողականորեն իշխանությանը պարտադրել է քաղաքական պայքար։ Իշխանությունը դիմադրել է, շարունակել կառչած մնալ իրեն ընտանի ու հասու ոչ քաղաքական, ոչ օրինական մեթոդների։ Ընդհանուր հաշվով դա նրան չի հաջողվել, եւ այդ ընթացքում կորցրել է այնպիսի կարեւոր գործիք, ինչպես կեղծ ընդդիմության ինստիտուտը։ Նա կորցրել է նաեւ բռնության միջոցով ընդդիմության հաշիվները հիմնովին մաքրելու լծակը։ 2008թ. մարտի 1-ի արյունոտ սպանդը բռնությունների գագաթնակետն էր։ Չի մարսել. ԵԽԽՎ-ում պաշտոնական շրջանառության մեջ դրված, պետական հեղաշրջման ծանրագույն մեղադրանք պարունակող բանաձեւի նախագիծը, Հաագայի դատարանում Ռ. Քոչարյանի՝ «մարդկության դեմ հանցագործության» մեղադրանքով բազմահազար ստորագրություններով հայցը դա են վկայում։ Մյուս կողմից, սակայն, հիմքում եւ էությամբ կրիմինալ այս վարչախումբը շատ լավ է հասկանում, որ հաջորդ իսկ օրը կնքած կլինի իր մահկանացուն, եթե հրաժարվի իր գործելակերպից եւ փորձի ընդդիմությանը հակադարձել քաղաքական դաշտում եւ քաղաքական եւ միայն օրինական մեթոդներով։ Ուստիեւ, ստիպված, կառչած է մնում նույն զինանոցին, փորձելով գործի դնել այլ, ավելի «նուրբ» միջոցներ, որքան էլ դրանք, արդյունավետ լինելու համար, մեծ ծախսեր են պահանջում։
Վերջերս թերթերից մեկը «Ընդդիմությունը քանդելու ծրագրեր» վերնագրով իշխանական խոհանոցից ստացած որոշ տեղեկատվություն էր հրապարակել։ Մեր հայթայթած լրացուցիչ տեղեկությունների հետ համադրելով, ստանում ենք այդ ծրագրերի հետեւյալ պատկերը։
Կուսակցությունների հետ աշխատանք
Հիմնականը Հայ Ազգային Կոնգրեսից քաղաքական միավորներ՝ կուսակցություններ պոկելու ծրագիրն է։ Այժմ հստակ գիտենք, որ այն վաղուց է գործադրվել՝ դեռ 2008 թ. նախընտրական ամիսներից։ Ավելի ուշ շրջանի համար հայտնի է Հնչակյան կուսակցության հետ ապարդյուն քաշքշուկը։ Հնչակյան վերջին համագումարը հստակ իրեն տեսավ Կոնգրեսի կազմում։ Ճարահատյալ կազմակերպվեց կեղծ մի համագումար, հետո դատարան դիմեցին կնիքը ձեռք բերելու համար։ Չստացվեց. հայաստանյան, եթե պետք է՝ «մածոնին սեւ ասող» դատարանն անգամ ի վիճակի չեղավ հայցը բավարարել։ Ստիպված, Կոնգրեսի հետ «չհամագործակցելու» մի հայտարարություն արեցին «դրսի» կամ «համաշխարհային» հնչակները, որոնց ղեկավարը դրա դիմաց Հայաստանում լուրջ բիզնես-հնարավորություն էր ստացել։
Ամեն ինչ այլ կերպ ստացվեց Հայոց Համազգային Շարժման նկատմամբ նույն ծրագրի իրականացման փորձի դեպքում։ Այն ոչ միայն գլխովին տապալվեց, այլեւ ունեցավ ճիշտ հակառակ արդյունքը. վտանգը կուսակցության շարքերում առաջացրեց այնպիսի մի մոբիլիզացիա, համախմբում, քաղաքական ու բարոյական ինքնասիրության ու պատվախնդպրության այնպիսի մի պայթյուն, որ չէր եղել, թերեւս նրա որջ պատմության ընթացքում։ Իսկ դավադրության ջախջախման վերջին ակկորդը խփած համագումարից հետո կուսակցությանը նոր անդամագրվողների հոսքը շեշտակի ավելացավ։ Նույնպիսի ապարդյուն փորձեր, տարբեր ժամանակներում արվել են Կոնգրեսի մաս կազմող մյուս կուսակցությունների նկատմամբ եւս։
Անհատական աշխատանք
Ծրագրերից մեկը վերաբերում անհատապես աշխատանքին։ Ընդ որում՝ «անհատապեսը» վերաբերում է ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլեւ նրանց հետ աշխատանք տանողներին։ Այսինքն՝ վարչախմբի ներկայացուցիչ պաշտոնյաներ անհատապես պետք է կցվեն ընդդիմադիր գործիչների՝ նրանց շահագրգռելու, առնելու, գնելու համար։ Վերջիններիցս կեցվածքի արմատական փոփոխություն չի պահանջվում։ Նրանք ընդամենը պետք է ձեւականորեն մնան Կոնգրեսի կամ իրենց կուսակցության կազմում ու «սրտացավության» եւ «սկզբունքայնության» դիրքերից ժամանակ առ ժամանակ հանդես գան վերջիններիս գործելակերպի քննադատությամբ։ Կոնգրեսին քննադատել՝ պայքարի «արմատական մեթոդների» չդիմելու, պասիվության, գործողությունների մշակված ծրագիր չունենալու համար (կարծես՝ նման ծրագիրը պետք է հրապարակվի ի գիտություն իշխանության)։ Եթե հանրահավաքում հիմնական թեման արտաքին քաղաքական խնդիրները լինեն՝պետք է քննադատեն ներքին, սոցիալական խնդիրներին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու եւ իշխանափոխության հարցը մոռանալու համր։ Եթե հիմնական շեշտադրումները ներքաղաքական խնդիրների վրա լինեն՝ պետք է մեղադրեն «մեր հիմնական ազգային խնդիրները» անտեսելու մեջ եւ այլն։ Այս դեպքում քննադատող գործիչը, որպես «ավելի արմատական» գործելակերպի եւ հաղթանակի համար «ավելի նախանձախնդիր», չի տուժում, մինչդեռ Կոնգրեսի ոչ արդյունավետ պայքարի պատկերացում ու հիասթափություն է սերմանվում հասարակության մեջ։
Նույն քննադատությունը պետք է իրականացնեն նաեւ սեփական կուսակցությունների նկատմամբ։ Հայտնի է, որ Հայ Ազգային Կոնգրեսի մեջ մտնող ուժերը ներկայացնում են քաղաքական ողջ ներկապնակը՝ սոցիալիստական, ազատական, ազգայնական, պահպանողական՝ դրանց նրբերանգներով։ Հայտնի է նաեւ, որ նման միավորում հնարավոր է դարձել մեկ հիմնական խնդրի՝ ոչ լեգիտիմ, ավազակապետական ռեժիմից ազատվելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու շուրջ։ Սակայն Կոնգրեսը հանդես է գալիս նաեւ ինչպես ընդհանուր, այնպես էլ տարբեր ոլորտների վերափոխումների ծրագրերով, եւ դա բարձրացնում է նրա հեղինակությունը։ Հասկանալի է, որ դրանք կազմվում են որպես հիմնական՝ կոռուպցիոն, ավազակապետական համակարգը կազմաքանդելու ու դրա հետեւանքները վերացնելու ծրագրեր, եւ դրանց ոչ մի դեպքում չի կարելի նայել ո՛չ մաքուր սոցիալիստականի, ո՛չ մաքուր ազատականի, ո՛չ մաքուր ազգայնականի եւ ցանկացած այլ դիտանկյունից։ Այստեղ, ահա, պետք է բռնի ոմանց գաղափարախոսական մաքրամոլությունը, եւ սեփական կուսակցությանը քննադատել հենց «գաղափարախոսական դիրքերից» նահանջելու, սկզբունքներին դավաճանելու, Կոնգրեսում իր դեմքը կորցնելու համար։ Քննադատողի վարկանիշը չի տուժում, նա մնում է շետված «հավատավոր» իր գաղափարախոսությանը, մինչդեռ «թասիբի ընկած» իր կուսակիցներին դրդում է Կոնգրեսը վերածել գաղափարախոսական «ռազբիրատների» արենայի։
 «Երրորդ ուժ»
Սրա նպատակը վարչախմբի ամենաթանկարժեք, բայց այլեւս բացահայտված ու անօգտագործելի կեղծ ընդդիմության ինստիտուտի (Գեղամյան, ԱԽՔ, Վ. Մանուկյան, դաշնակներ եւ այլք) փոխարինող ինչ-որ բան ստեղծելն է նոր դեմքերով։ Վստահություն ձեռք բերելու համար, սրանք պետք է նաեւ խստորեն քննադատեն իշխանությանը։Այս ծրագրի կատարողները ֆորմալ չպետք է լինեն Կոնգրեսի, նրա մեջ մտնող կուսակցություններից որեւէ մեկի անդամ։ Նրանք պետք է լինեն «անկախ վերլուծաբաններ», «անկախ քաղաքագետներ», «հրապարակախոսներ» եւ պարբերաբար հանդես գան «Կոնգրեսն իրեն սպառել է», «Կոնգրեսը որպես ընդդիմություն այլեւս չկա», «Կոնգրեսը գաղափարախոսական հիմք չունի» ու նմանատիպ գաղափարներով, ծրագրեր գրեն, գաղափարախոսություն մշակվեն վիրտուալ «երրորդ ուժի համար» եւ այլն։
«Չորրորդ ուժ»
Այս ծրագիրը նախատեսում է «Հայրենասիրական ճակատի» ստեղծում մասնավորապես ավանդական կուսակցություններից։ Հենց դրա համար է, որ իշխանությունն այդքան ջանքեր է գործադրում Հնչակյան կուսակցությանը Կոնգրեսից դուրս կորզելու համար, որպեսզի լրացնի ավանդական «եռյակը»։ Սրանք պետք է սահմանափակվեն իշխանության «խիստ կառուցողական» թեթեւ քննադատությամբ եւ անխնա լինեն Կոնգրեսի ու նրա առաջնորդի դեմ։ Դրանով կտարփողվի, թե տեսեք՝ Սփյուռքը ներկայացնող բոլոր ուժերը, ուստի եւ ողջ Սփյուռքը իշխանության հետ է եւ Կոնգրեսի դեմ։
Հասարակության հոգեբանական մշակում
Սա, կարելի ասել, ընդհանրական ծրագիր է։ Բացի այն, որ դրան պետք է նպաստեն արդեն թվարկված ծրագրերը, այն իր մե ներառում գրավոր ու բանավոր ճանապարհով զանազան կեղծ լուրերի, ասեկոսեների, հեյուրանքների տարածում, ոնոք հասարկության, եւ առաջին հերթին ընդդիմության ակտիվիստների շրջանում, հիասթափություն ու հուսահատություն պետք է առաջացնեն։ Մասնավորապես՝ ա) ավելի ու ավելի շատ խոսել հերթական ընտրությունների մասին՝ որպես արդեն կանխորոշված իրողություն, բ) ասել՝ թե 2008-ի փետրվարի 26-ին ընդդիմությունը կորցրեց իշխանությունը վերցնելու իրական շանսը՝ դրանով կասկածի տակ դնելով Կոնգրեսի ու նրա առաջնորդի վճռականությունը եւ հաշվարկի կարողությունը, գ) տարածել, թե, իբր, Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնի համագործակցում ու պայմանավորվում է Ս. Սարգսյանի հետ (սա շատ հին տրյուկ է), դ) խոսել «սրանք այնքան փող ունեն եւ այնքան խոր արմատներ, որ անհնար է սրանցից ազատվել» թեմայով, ե) գանգատվել «էսքան պայքարեցինք ի՞նչ ստացանք», «եթե այս հանրահավաքում էլ ոչինչ չլինի» ու նման հիմքերոգ եւ այլն։
«Անկախ» թերթեր եւ լրագրողներ
Հասարակական պատկերացումներում հստակ իշխանական թերթերն ու լրագրողները վաղուց անզոր են իրենց լսարանը մեծացնել։ Հստակ ընդդիմադիր թերթերի հետ դժվար է աշխատել։ Այս երկուսի մեջտեղում կան սակայն, նույն հասարակական պատկերացումներով, «անկախ» թերթեր՝ որոշակի լսարանով։ Իսկ ծրագիրը հետեւյալն է. թույլ տալ վարչախմբի ու նրա ներկայացուցիչների ցանկացած քննադատություն, խրախուսել դրանցում ընդդիմադիր գործիչների հարցազրույցներ եւ այլ նյութերի հրապարակում, ինչը նրանց համար վարկանիշ ու լսարան կապահովի։ Ապա, ժամանակ առ ժամանակ, հարմար կամ անհրաժեշտ պահի ընթերցողին մատուցել այն, ինչը կարող է էապես վնասել Կոնգրեսին, նպաստել նույն՝ հիասթափություն ու հուսահատություն առաջացնող ընդհանրական խնդրի լուծմանը։
Վարչախմբի տրամաբանությունը պարզ է, իր հաշվարկներով՝ անգամ հիմնավոր։ Իրոք, եթե սովորական քաղաքացուն կարելի է գնել գնել 5000 դրամով, ինչո՞ւ չի կարելի նույն կերպ գնել առանձին քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի՝ 5, 10, անգամ 70-75, թող լինի՝ թեկուզ 700 միլիոն դոլարով կամ պաշտոնի խոստմամբ։ Չէ՞ որ շահագրգիռ մարկանց կյանքն ու ունեցվածքը դրա հարյուրապատիկն արժեն։ Չէ՞ որ մինչեւ հիմա, ամբողջ 10 տարի, ճիշտ է՝ շատ ավելի էժան գնով, բայց դա հաջողվել է՝ ի դեմս նախկին «հաճախորդների»։
Անշուշտ, այս ամենից չպետք է վախենալ։ Չէ՞ որ այսօրինակ ծրագրեով այն քանի «ռումբերը», որ Հայ Ազգային Կոնգրեսի դեմ պայթեցրել է վարչախումբը, ավելի մեծ տպավորություն չթողեցին, քան մի քանի մանր պզուկների պայթյունը։ Չէ՞ որ դրույքաչափերի նմանօրինակ շեշտակի բարձրացումը ուղիղ համեմատական է նրա սարսափի ու հոգեվարքի խորացման աստիճանին։ Այս ամենից պետք է ոգեւորվել, քանզի դա վարչախմբի անճարությունն ու խեղճությունն է մատնում առաջին հերթին։ Ավելացնենք նաեւ, որ ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, իշխանության մեջ լուրջ մի թեւ է առաջացել, որը համարում է թե այսպես չարունակելու արդյունքը կարող է լինել ոչ միայն իշխանության կորուստ, այլեւ երկրի կործանում։
* * *
    Որպես հեղինակ, հիմնականում խուսափեցի անուններ տալ՝ ոչ թե տուրք տալով անմեղության կանխավարկածին. ընթերցողը յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն կանի իդենտիֆիկացիան։ Սա ոչ դատարան է, նույնիսկ նույնիսկ ոչ այնքան քաղաքական, որքան ազգային-ազատագրական պայքար է՝ մեր երկիրը քանդող ու ավերող վարչախմբի դեմ։ Ոստիեւ ընթերցողը կաշկանդված չպետք է լինի ոչ միայն անմեղության, այլեւ «չի կարող պատահել»-ի ավելի վտանգավոր կանխավարկածներով։ Հակառակ դեպքում՝ ակամա նպաստելու ենք վարչախմբի հանցավոր ծրագրերի իրականացմանը։ Իսկ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի մարդաշատությունը վարչախմբի վերջին հույս՝ նմանօրինակ կրիմինալ ծրագրերը կարող է պարզապես դարձնել սնանկ ու անիմաստ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայկական ժամանակ», 14.09.2010

No comments:

Post a Comment