Saturday, September 11, 2010

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԵՐԸ

11.09.210


Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների օրերին ամբողջ երկրում, ըստ էության, արտակարգ դրությանը հավասար մի ռեժիմ է գործում։ Դադարեցվում է մարզերից Երեւան մտնող հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Հանրահավաքին նախորդող ժամերին չափազանց սակավանում է ներքաղաքային տրանսպորտը։ Շրջաններում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոշ տեղերում՝ նաեւ գյուղապետեր եւ այլ պաշտոնյաներ, զգուշացնում, սպառնում են բոլոր հնարավոր փոխադրողներին (այդ թվում՝ նաեւ տաքսիներին), որ Երեւան ուղեւոր չտեղափոխեն։ Որոշ տեղերում փակում են բնակավայրերից դուրս եկող ճանապարհը, համոզում, սպառնում են հանրահավաքի պոտենցյալ մասնակիցներին՝ չգնալ հանրահավաքի։ Ողջ պետական ապարատն այդ օրը ամենամեծ ոգեւորությամբ ու էնտուզիազմով զբաղված է «սրբազան» մի գործով՝ որքան հնարավոր է խոչընդոտել, կանխել հանրահավաքի մարդաշատությունը։
Ինչի՞ց է վախենում, սարսափում, այդքան զգուշանում վարչախումբը։
- Վախենում է, որ հանրահավաքի մեծ լինելու դեպքում կարող է «գունավոր» կամ այլ տիպի հեղափոխությո՞ւն սկսվել։ Հաստատ՝ ոչ. նրանք շատ լավ գիտեն, որ Կոնգրեսի ծրագրում նման բան չկա։ Այդ մասին բազմիցս հայտարարվել է, եղել են մի քանի հարյուրհազարանոց հանրահավաքներ՝ առանց նման շարունակության ակնարկի անգամ։
- Որ հանրահավաքը կարող է դո՞ւրս գալ կազմակերպիչների վերահսկողությունց եւ ինքնուրույն շարժվել «պետական շենքերի» վրա։ Դարձյալ ոչ. նրանք շատ լավ գիտեն, որ Կոնգրեսի առաջնորդն ու ղեկավարությունն իրենց հեղինակությամբ ամբողջապես վերահսկում են իրավիճակը։
- Որ մեծ հանրահավաքը կարող է հասարակական կարգի խախտման պատճա՞ռ դառնալ։ Ո՛չ, որովհետեւ մինչեւ հիմա Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր հանրահավաքներն անցել են բացառիկ կազմակերպված ու կարգապահ։
Ընդհակառակը՝ վարչախումբը կերազեր այս ամենը, քանզի այդ դեպքում իր միակ առավելության՝ ուժի ու բռնությունների կիրառման միջոցն օգտագործելու հիանալի առիթ կստանար։
Ուրեմն, ինչո՞ւ է անհանգստանում վարչախումբը՝ դիմելով իշխանության համար ոչ սազական, ստորացուցիչ, մեղկ ու ամոթալի մեթոդների։
Որովհետեւ, ի տարբերության մեր հասարակության զգալի մի մասի, շատ լավ է հասկանում, որ իր համար ամենավտանգավորը, մահացուն հենց Կոնգրեսի ընտրած քաղաքական պայքարի ճանապարհն է, որի ամենակարեւոր դրսեւորումներից մեկն էլ խաղաղ հանրահավաքներն են։
Իսկ ի՞նչ է տալիս հանրահավաքների մարդաշատութունը։
ա) Ցուցադրում է Հայ Ազգային Կոնգրեսի ուժը եւ այն փաստը, որ հասարակությունը հաստատակամորեն շարունակում է չհանդուրժել ապօրինի վարչախմբի իշխանությունը։
բ) Միանգամից, կենդանի խոսքով լայն զանգվածներին տրվում է կարեւոր տեղեկատվություն, ինչը հեռուստաալիքների փակ լինելու պայմաններում շատերին անմատչելի է։
գ) Հանրահավաքների մարդաշատությունը բարձրացնում է հնչած ելույթների քաղաքական կշիռը։
դ) Մեծացնում է Կոնգրեսի՝ որպես քաղաքական գործոնի ազդեցությունը որպես ներքաղաքական գործոն՝ ցնցումներ ու ճաքեր է առաջացնում իշխանական ճամբարում։
ե) Բարձրացնում է Կոնգրեսի կշիռն ու վարկանիշը միջազգային ասպարեզում։
զ) Նպաստում է Կոնգրեսի կառույցների ամրապնդմանը։
է) Բազմապատկում է այն կարեւորագույն աշխատանքի արդյունավետությունը, որ հանրահավաքների միջեւ ընկած շրջանում կատարում են Կոնգրեսի առաջնորդը, Կենտրոնական գրասենյակը եւ Քաղաքական խորհուրդը։
Սրանք են, ահա այն բաղադրիչները, որոնց համատեղումն անխուսափելիորեն հասցնելու է ավազակապետական վարչախմբի տապալմանը։ Ուստիեւ՝ հաճախ հնչող «Ե՞ՐԲ» հարցի այսօր հնարավոր միակ բանական պատասխանը հետեւյալն է. որքան մեծ լինեն հանրահավաքները, այնքան շուտ եւ այնքան հաստատ։ Այսինքն՝ դա կախված է մեզնից յուրաքանչյուրի ոչ թե ամնաբուռն ցանկությունից, այլ դրա համար ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ։ Եւ այդ քայլը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներին ակտիվ մասնակցությունն է։ Այդ բանը շատ լավ է հասկանում իշխանությունը ու ամեն ինչ անում է՝ դա թույլ չտալու համար։ Կհաղթենք, երբ դա նույնքան լավ հասկանա յուրաքանչյուր քաղաքացի ու մասնակցի հանրահավաքներին։
(Աշոտ Սարգսյան)

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԹԵՐԹՈՆ, Հ. 5, ՍԵՊՏԵՄԲԵՐ 11


No comments:

Post a Comment