Saturday, September 11, 2010

ԲԱՆԱԿԸ ԲԻԶՆԵՍ-ՕԲՅԵԿՏ


11.09.2010


Վերջերս բանակում կատարված մի քանի ողբերգական իրադարձություններ տասներեք մարդկային կյանքեր խլեցին. մի դեպքում դա հակառակորդի դիվերսիայի արդյունք էր, մի դեպքում այն հայտարարվեց որպես զինծառայողի ինքնասպանություն, մի դեպքում, իբր, զինվորը սպանել էր իր ընկերներին, ապա ինքնասպանություն գործել եւ այլն։ Հասարակական արձագանքն ու անհանգստությունը բնական էին, եւ այն «տաբուն» (արգելանքը), որ բանակի թեմայի վրա դրված էր կամ դրել էր ամեն մեկն իր համար, մի կողմ նետեց։
Իսկ ի՞նչ բան է այդ «տաբուն». իբր, եթե մենք հրապարակավ խոսենք մեր բանակում կատարվող, շատ մեղմ ասած՝ բացասական երեւույթների մասին, ապա դրանով կվնասենք, կհեղինակազրկենք, կթուլացնենք այն կառույցը, որը կոչված է ապահովելու Հայաստանն ու Ղարաբաղը արտաքին վտանգից։ Համարվում է, որ դրանով մի տեսակ մատնություն արած կլինենք, որ հակառակորդը կիմանա այդ մասին, կոգեւորենք նրան խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու։ Իբր՝ ինչքան մենք ավելի շատ խոսենք նրա՝ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը» լինելու մասին, այնքան ապացուցացած կլինենք մեր հայրենասիրությունը, կբարձրացնենք նրա մարտական ոգին եւ այլն։
Սա իշխանական քարոզչամեքենայի կողմից երեսպաշտություն է, շանտաժ։ Այն խնդիրները, որոնց մասին խոսվեց վերջերս, ոչ մի կապ չունեն ո՛չ ռազմական, ո՛չ պետական գաղտնիքի հետ։ Ի՞նչ գաղտնիք, երբ ամեն ինչ հայտնի է Հայաստանի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր բնակչի, պարզ չէ՞, որ դա չի կարող ռազմական գաղտնիք լինել։ Կա՞ որեւէ զինակոչիկ, որի ոչ միայն ծնողները, այլեւ հաճախ ողջ ազգուտակը նախապես չեն զբաղվում իրենց որդու «լավ տեղ» ծառայելու խնդրով։ Իսկ լավ տեղ ասելով էլ հասկանում են ոչ սահմանային գոտի եւ ոչ Ղարաբաղ։ Կա՞ որեւէ զինվոր, որի համար լուծել են կամ փորձել են լուծել այդ խնդիրը, եւ ինքն այդ մասին չգիտի։ Կա՞ որեւէ զինվոր, որ երկու տարի բանակում ծառայելով՝ չտեսնի այդտեղ տիրող բարքերը, կրիմինալ հարաբերությունները եւ հավատա ճիշտ հակառակ քարոզչությանը։ Դրանից նա ավելի է հիասթափվում ու կորցնում ոչ միայն մարտական ոգին։ Ասել է թե՝ գործնականում ամեն ինչ գիտի ողջ հասարակությունը, ամեն ինչ գիտեն բոլոր զինծառայողները։ Եւ եթե գործնականում ամեն ինչ գիտի ողջ հասարակությունը, հնարավո՞ր է, որ հակառակորդը չիմանա այդ մասին։ Ուրեմն՝ բոլորին հայտնի իրողությունները, ճշմարտությունը թաքցնելն է հենց ամենամեծ վնասարարությունը բանակին եւ մեր անվտանգությանը։ Եւ այդ մասին չխոսելն է, որ բանակում եղած արատների զարգացման համար լավագույն պայմաններն է ստեղծում։
Իսկ հնարավո՞ր էր այլ կերպ։ Երբ արդեն տասնամյա ավազակապետության պայմաններում ապականվել, քրեականացվել են կյանքի բոլոր բնագավառները, հնարավո՞ր է, որ մի բնագավառ մնար չապականված։ Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզության ու հակահետախուզության իր գործը թողած՝ արդեն քանի տարի զբաղված է սեփական քաղաքացիների նկատմամբ քաղաքական լրտեսությամբ։ Ներքին գործերի համակարգը, հասարակական կարգի պահպանման իր գործը թողած՝ արդեն քանի տարի զբաղված է հանրահավաքները խոչընդոտելով ու քաղաքական հետապնդումներով։ Պետական պաշտոնյաներն, իրենց գործը թողած՝ զբաղված են կա՛մ իրենց բիզնեսով, կա՛մ պարզելու, թե իրենց ենթակայության կամ ազդեցության տակ ընդդիմադիր հայացքներ ունեցողներից ովքե՞ր են աշխատում, որ նրանց զրկեն նվազագույն կենսապայմաններից։ Երբ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում այլասերում ու հանցավորության խորացում է գնում, ինչպե՞ս կարող է դրանցից մեկը՝ բանակն ապրի դրանից դուրս, այլ որակ ունենա։
Այդ ո՞վ չգիտի, որ բանակում ծառայելը մարդու համար ամենածանր փորձությունն է, որտեղից վերադառնում են հոգեպես, բարոյապես, երբեմն՝ նաեւ ֆիզիկապես խեղված։ Այդ ո՞վ չգիտի, որ ահագնացած ազգակործան արտագաղթի հիմնական խթաններից մեկն էլ սեփական երեխային այդ փորձությունից զերծ պահելն է։ Այս ամենի մասին գրելը, ասելը, հրապարակելը նշանակում է պետական մտածողություն չունենա՞լ, նշանակում է բարոյալքե՞լ բանակը, նշանակում է դավաճանությո՞ւն։ Ճիշտ հակառակը՝ այդ ամենի մասին չխոսելը կամ հակառակն ասելն է նշանակում զուրկ լինել պետական մտածողությունից, նպաստավոր պայմաններ ստեղծել բանակի բարոյալքման համար։ Այդ ամենի մասին չխոսելն ու դրա հիմքերը թաքցնելն է իրական դավաճանություն։
Խնդիրն ամենեւին անհատների, մարդկանց մեջ չէ՝ զինվորից մինչեւ գեներալ։ Հասարկությունը միշտ նույն որակն ունի, եւ կախված քաղաքական համակարգից, ստեղծված մթնոլորտից՝ այն կարող է ե՛ւ հերոսանալ, ե՛ւ այլանդակվել։ 1918-ին սովալլուկ մի ժողովուրդ կարող էր Սարդարապատ իրականացնել, 20 տարի անց՝ 1937-ին, նույն հասարկության մեջ 3-ից մեկը կարող էր մատնիչ լինել։ 1988-ի մթնոլորտում գողական աշխարհը կարող էր ինքն էլ յուրատեսակ «գործադուլ» անել, 1991-95-ի պատերազմում օգնել երկրի ու Ղարաբաղի պաշտպանությանը, դրանից 5-10 տարի անց գողական բարքերը կարող էին դառնալ ու դարձել են իշխանության ու պետական կյանքի բնորոշիչ։ Այնպես որ՝ խնդիրը, ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ՝ բանակի դեպքում, համակարգի մեջ է, ավազակապետական կոռուպցիոն բուրգի, որի գագաթին ինքնակոչ, ոչ լեգիտիմ նախագահն է։ Եւ բանակն էլ այս որակին է եկել ոչ թե ինքնաբերաբար, այլ դիտավորյալ, հաշվարկված, քանզի Մարտի 1-ին այլ որակի բանակ հնարավոր չէր լինի հանել սեփական ժողովրդի դեմ։
Խնդիրը համակարգի հանցավորության մեջ է, որի ամեն մի օրը մարդ է սպանում թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստով. մարդ է սպանում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես։ Թող ոչ մեկը չկասկածի, որ նույն այս բանակը, նույն անձնակազմով բոլորավին այլ՝ օրինական, ժողովրդավարական, իրավական պետության մեջ եւ լեգիտիմ իշխանության պայմաններում շատ կարճ ժամանակում կարող է դառնալ իր այսօրվա վիճակի եւ էության ճիշտ հակապատկերը, դրական հակապատկերը։ Ուրեմն՝ ամեն մեկի դռանը երբեւէ չոքող բանակում ծառայլու՝ փորձություն դարձած այս խնդրի լուծման ճանապարհը փող հավաքելը չէ՝ կաշառք տալու համար, ծառայլուց խուսափելու միջոցներ փնտրելը չէ, ոչ էլ արտագաղթը։ Կա շատ ավելի հեշտ, էժան եւ, մանավանդ, արժանապատիվ ճանապարհ. դա քաղաքացիական ակտիվության դրսեւորումն է՝ չարիք-համակարգից ազատվելու համար։
Վերջին ողբերգական դեպքերի ընթացքում զոհված զինվորներից մեկի ծնողը հայտարարել է հրապարակավ, թե տեղի ունեցածը ոչ այլ ինչ է եղել, քան մի «բիզնես պրոյեկտ»։ Այսինքն՝ դա դիտավորյալ կազմակերպվել է, որպեսզի մի քանի անգամ բարձրանա այն վճարը, որ տալիս են ծնողները, որպեսզի իրենց երեխան չծառայի Ղարաբաղում։ Դաժան գնահատական է, սակայն բացարձակապես հարիր՝ իշխող վարչախմբի բարոյական կերպարին, որի բարձրագույն պաշտոնյաների համար իշխանությունը այլ բան չէ, քան անձնական բիզնեսի (իրականում՝ թալանի) հնարավորություն, իսկ երկիրն ու նրա բնակչությունը՝ բիզնես օբյեկտ։ Այլ արժեք նրանց համար չկա, այլ տրամաբանություն չի կարող աշխատել, այլ տրամաբանություն կործանարար կլինի ավազակապետության համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
11.09.2010 «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ » թռուցիկ, հ.5


No comments:

Post a Comment