Շաբաթներ առաջ
լրատվամիջոցներում ու սոցցանցերով, որպես զավեշտ, տարածվեց Սերժ Սարգսյանի՝
արարողակարգային «ծառ տնկելու» մի լուսանկար։ Իսկ զավեշտն այն էր, որ մարդը բահը
ձեռքին ծառ է տնկում՝ կանգնած... ստվարաթղթի վրա: Որ կոշիկների ներբանները հողին
չդիպչեն ու չփոշոտվեն։ Մի քանի նման ստվարաթղթեր էլ շարված են մինչեւ մոտիկ շենքի
բակը, որոնց վրայով քայլել-հասել է այդտեղ։ Շենքի բակում մի քանի տասնյակ մարդիկ
են, ենթադրաբար՝ զանազան պաշտոնյաներ եւ ուղեկցողներ։
Այս կադրը, սակայն,
շատ ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի, քան սովորական զավեշտը, ինչպես որ
հիմնականում այն գնահատվեց կամ մեկնաբանվեց մամուլում եւ սոցցանցերում։
***
Հիշում եմ, հավանաբար՝
1985 կամ 86թթ. ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» լրատվականով
ցուցադրված մի դրվագ։ Գորբաչովի «լավ» ժամանակն էր. «աշխատավորության հետ
հանդիպումներ» փիառ-ակցիաների շրջանակներում նա հանդիպումների էր գնում էր երկրի
տարբեր շրջաններ, գործարաններ, գյուղեր։ Այդ օրվա ռեպորտաժը կոլտնտեսային դաշտից
էր, որտեղ պետք է երկրի ղեկավարը հանդիպեր այստեղ աշխատող մարդկանց հետ։ Դաշտը
խճուղուց, որտեղ կանգ առավ նրա ավտոշարասյունը, ցածր էր, եւ իջնելու համար պետք էր
հաղթահարել 5-6 մետր կտրուկ թեքությամբ մի լանջ։ Թեքությունն այնպիսին էր, որ
իջնելիս դժվար էր հավասարակշռությունը պահել, սահելու, ընկնելու հավանականությունը
շատ մեծ էր։ Ու որպեսզի երկրի առաջին դեմքի համար դա բացառվի, կա՛մ պետք է մի քանի
հոգի, Գորբաչովի թեւերը մտած՝ իջացնեին այդ մի քանի մետր թեքությունը, կա՛մ պետք է
այդ թեքության վրա աստիճաններ դրվեին։ Համապատասխան ծառայություններն ընտրել էին
երկրորդ տարբերակը՝ համարելով, որ տեսախցիկների առջեւ երկրի առաջին դեմքին թեւերը
մտած իջեցնելը «փիառ» տեսակետից տգեղ կլիներ։ Ճանապարհի եզրից մինչեւ դաշտ իջնելու
համար բետոնից աստիճաններ էին տեղադրել։
Մեքենայից իջնելով ու
տեսնելով իր համար արված այդ «հոգատարությունը»՝ ամայի վայրում բետոնե աստիճաններ,
Գորբաչովը միանգամից զայրացավ, վիրավորվածի կեցվածքով, ձեռքերը թափահարելով ինչ-որ
բան ասաց (մոտավորապես՝ «ինձ ձե՞ռ եք առել», «ինձ ինչի՞ տեղ եք դրել» բնույթի), եւ
ցուցադրաբար դաշտ իջավ աստիճանների կողքով՝ մի կերպ պահելով
հավասարակշռությունը։ Նա համարեց, որ իր նկատմամբ ցուցաբերված «հոգատարության» թե
քծնանքի մեջ չափն անցել են, որ դա վիրավորական է իր համար։
***
Չգիտեմ՝ աշխարհում
երբվանի՞ց է ծառ տնկելը, որպես հարգանքի մի ժեստ, դարձել հյուրի, բարձրաստիճան
անձանց այցելությունների արարողակարգի մի մաս։ Սակայն դժվար չէ ենթադրել, որ,
գուցե ի թիվս այլոց, դրա մեջ դրված է հողի, բնության հետ հաղորդվելու,
հաղորդակցվելու խորհուրդ։ Եւ ահա, բնության ու հողի հետ հաղորդակցվելու այդ
արարողության ժամանակ նույն հողի վրա ստվարաթուղթ է փռվել, որ մարդու կոշկատակերն
անգամ հողին չշփվեն, չհողոտվեն։
Ս. Սարգսյանի
ծառատունկի կադրը՝ «շեֆի» նկատմամբ «հոգատարության», քծնանքի աստիճանով եւ
արտառոցությամբ, մի քանի հարյուր անգամ գերազանցում է Գորբաչովի հետ կապված
դրվագին։ Մինչ վերջինս, դրանից վիրավորված՝ հրաժարվեց, Ս. Սարգսյանը սիրով
ընդունեց դա։
Աշխարհում, հաստատ,
տասնյակ հազարավոր արարողակարգային նման ծառատունկեր են եղել, ու դրանք անպայման
տեսագրվել կամ լուսանկարվել են։ Հնարավո՞ր է գտնել մի այլ դեպք, երբ ծառ տնկողի
ոտքերի տակ ինչ-որ բան է փռված՝ կոշիկները հողին չդիպչելու համար։ Չեմ
պատկերացնում, որ աշխարհի որեւէ երկրի ղեկավար իրեն նման բան թույլ տված լինի։
Ժամանակին, ոչ առանց հիմքի, ընդունված էր համարել, որ հրապարակային «հոգատարության»
ու քծնանքի նման դրսեւորումներն իրենց գագաթնակետին էին հասել Ադրբեջանում՝
Բրեժնեւի նկատմամբ, երբ վերջինս, տարիքի անժամանակ բերումով, ամբողջությամբ
կորցրել էր իրականության զգացողությունը։ Բայց նույնիսկ ա՛յն ժամանակ, նույնիսկ
նրա՛ նկատմամբ, նույնիսկ Ադրբեջանո՛ւմ չեմ պատկերացնում, թե որեւէ մեկի
երևակայությունը կբավարարեր «հոգատարության» ու քծնանքի այս մակարդակի մի բան
մտածել։ Դժվար է պատկերացնել, թե նման բան կարող են մտածել անգամ մոլեռանդ
կրոնական կազմակերպություններում ու հասարակություններում՝ կենդանության օրոք իսկ
արդեն սրբացված իրենց հոգեւոր առաջնորդների նկատմամբ։
Որովհետեւ ամեն
երեւույթ իր որակը փոխում է, երբ խախտվում են դրա համար օբյեկտիվորեն դրված չափի
սահմանները՝ երբեմն վերածվելով հակառակ որակի մի երեւույթի։ Չափից դուրս
հոգատարությունն, օրինակ, վերածվում է քծնանքի։ Չափից դուրս քծնանքը դառնում է
դիմացինի նկատմամբ ձեռառնոցի, ծաղրուծանակ, սարկազմ։ Այս ամենն, անշուշտ, ինչպես
ասում են՝ «ադեկվատ» ընկալումների եւ մտածողության, տարրական բանականության
դաշտում։
Հիմա հիշյալ վավերական
լուսանկարի (ոչ մեկը չի հերքել դրա վավերականությունը) առիթով մի քանի խիստ
հռետորական հարցեր.
-Էդ ո՞ւմ մտքով է նման
բան անցել. դրա արածը Գինեսի գրքում պետք է գրել կա՛մ որպես քծնանքի չգերազանցված
մտահղացում, կա՛մ նույն Գինեսի գրքում՝ որպես վերադասին հրապարակավ դաժանորեն
ծաղրելու համարձակության չգերազանցված օրինակ։
-Ս. Սարգսյանն այդ
աստիճան կորցրե՞լ է դատողական ու գնահատման չափորոշիչները, թե՞ այդ աստիճան
սովորել է քծնանքի ցանկացած տարատեսակի, եթե անգամ դա, իր չափազանցության մեջ,
վիրավորանքի է վերածվում օբյեկտիվորեն։
-Ինչպե՞ս նրան
ուղեկցող առնվազն երկու տասնյակ «պաշտոնատար անձանցից» ոչ մեկի մտքով չի անցել, որ
դա, որ կողմից էլ նայես, մեղմ ասած՝ խայտառակություն է։
***
ՀՀ ամեն մի քաղաքացի
Սերժ Սարգսյանին անսահմանորեն քննադատելու իրավունք ունի։ Բայց ոչ մեկն իրավունք
չունի վիրավորել նրա անձը։ Մեր նպատակն էլ, բնականաբար, դա չէ։ Պարզապես, անձ
լինելուց զատ, Ս. Սարգսյանը նաեւ այն երկրի դե-ֆակտո ղեկավարն է, որտեղ ապրում ենք
մենք բոլորս։ Գրվածի նպատակն ընդամենը վավերական մի փաստի՝ հիշյալ լուսանկարի
անհերքելի հիմքով հերթական անգամ հասարակության անհանգստության հարուցումն ու
ուշադրության սեւեռումն է առ այն, որ Ս. Սարգսյանը, իր «սվիտայով» հանդերձ,
խնդիրներ ունի ոչ միայն քաղաքական բանականության, այլև բանականության պարզ նորմերի
հետ՝ ընդհանրապես։ Իսկ դա արդեն առնչվում է բոլորիս ճակատագրին եւ բոլորիս գործն
է։
No comments:
Post a Comment