Tuesday, May 6, 2014

Պետք է հայտարարել գլխավոր քաղաքական դերակատարի բեմելը


Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի իշխանության հետ կապված՝ արվել են մի շարք անհերքելի արձանագրումներ, որոնք եւ կազմում են այսօրվա քաղաքական իրավիճակի ճշգրիտ բնութագիրը.
1.      Ս. Սարգսյանը ամբողջությամբ կորցրել է արտաքին քաղաքական այն վճռորոշ աջակցությունը, ինչի շնորհի՛վ միայն կարողացավ 2008 թ. գալ իշխանության եւ  այսքան տարի պահպանել այն։
2.      Ս. Սարգսյանի իշխանությունը ներսում եւս երբեք այսքան թույլ ու անհաստատ չի եղել. բավական էր ընդդիմադիր ուժերի մի «փը՛խկ»՝ համատեղ հանրահավաքի մասին մի հայտարարություն՝ իր փայփայած վարչապետի հրաժարականի պահանջով, եւ ընդամենը երեք օրում նա սարսափած հեռացրեց վարչապետին։
3.       Նա կորցրել է հեղինակությունն ու ազդեցությունը իր իսկ վարչախմբում, սեփական թիմի ներսում՝ այնքան, որ նրա թիմակիցը մերժում է ստանձնել ԱԺ նախագահի բարձր պաշտոնը՝ ակնհայտորեն չուզենալով այդչափ սերտ կապվել Ս. Սարգսյանի անհեռանկար իշխանության հետ։ Իսկ այդ պաշտոնը համաձայնեց ստանձնել մի մարդ, որը հասարակության մի մասի համար ամենաատելին է, մի մասի համար՝ արդեն ամենաարհամարհելին ու ամենաանլուրջը։
4.      Ծրագրված ու համակարգված թալանի, կողոպուտի հետեւանքով  միլիարդատերեր են դարձել բարձրաստիճան իշխանավորները՝ խորացնելով հասարակության սոցիալական բեւեռացումը։ Իր բարձրակետին է հասել համընդհանուր ատելությունը վարչախմբի նկատմամբ, որը ոչ միայն չի փորձում որեւէ կերպ մեղմել իրավիճակը, այլև ընդհակառակը՝ ամեն օր հորինում է մարդկանց կողոպտելու, բառիս բուն իմաստով՝ նրանց գրպանը մտնելու նորանոր ցինիկ մեթոդներ ու ձեւեր։
5.      Ս. Սարգսյանի իշխանավարությունն իր հետեւանքներով  վաղուց արդեն համեմատվում է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին տասնամյակներում արեւմտահայության նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետ։ Ընդ որում՝ Ս. Սարգսյանը խաղաղ պայմաններում հայությանը հայրենազրկելու ցուցանիշով մի քանի անգամ գերազանցում է սուլթան Աբդուլ Համիդին եւ երիտթուրքերին՝ միասին վերցրած։ Եւ սա թվական տվյալների վրա հենվող անսակարկելի փաստ է, որը մի քանի անգամ արձանագրվել է, եւ ոչ մեկը չի համարձակվել հերքել այն։
Այս ամենից հետո ո՞րն է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը պահելու ռեսուրսը, ինչի՞ շնորհիվ է շարունակում գոյատեւել նրա ազգասպան ռեժիմը։
«Համագործակցողներ»
Այդ ռեսուրսը եղել է բոլոր ժամանակներում եւ բոլոր ժողովուրդների մոտ։ Այն, հնագույն ժամանակներից ի վեր, օգտագործել են նվաճողները՝ տեւական ժամանակ բռնության գործադրմամբ ստրկության մեջ պահելու, թալանելու ու կողոպտելու համար իրենցից տասնյակ ու հարյուրավոր անգամ մեծաքանակ ժողովուրդների։
Այդ ռեսուրսը «համագործակցողների» ինստիտուտն է։
Դա որոշակի արտոնությունների, ուղղակի կամ անուղղակի «կերակրման» միջոցների տրամադրման դիմաց դաշնակիցներ գտնելն է նվաճված ժողովուրդների մեջ՝ իրենց իշխանության իրականացման ու պահպանման համար։ Այդպիսիք ամեն տեղ կան, եւ դժվար չէ նրանց հայտնաբերելը։ Սա շատ հին ու արդյունավետ մեթոդ է։ Դրանից լայնորեն օգտվում էր գերմանական ֆաշիզմը երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ ռազմագերիներից ու տեղական բնակչության տականքից հավաքագրած «պոլիցայների» տեսքով։ Նույն շրջանից Ֆրանսիայում դրանք ստացան«կոլաբորացիոնիստներ»՝ համագործակցողներ անունը, որ ավելի ուշ հատուկ տերմինի նշանակություն ստացավ՝ որպես ծանր քրեական մեղադրանք՝ հավասարեցված հայրենքի դավաճանությանը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարի վերջին ահաբեկչությունը որպես ազատագրական պայքարի ձեւ ընտրած հայ հեղափոխական կուսակցությունների թիրախը ոչ միայն թուրք պաշտոնյաններն էին, այլև ավելի հաճախ հենց նույն՝ «համագործակցության» մեղադրանքով իրենց ազգակիցները։
«Կերակրման» դիմաց «համագործակցողներ» գտնելու մեթոդից լայնորեն օգտվել են ոչ միայն օտար նվաճողները, այլ նաեւ սեփական ժողովուրդների վրա բռնակալական ռեժիմներ հաստատած տեղական բռնացողները։ Ստալինիզմի տարիների բռնություններն անհնար կլինեին, եթե չլիներ այս տարրը՝ սկսած վերջին մատնագիր գրողից, մինչեւ հայտնի ներբողագիրները: Նրանք սոցիալական որոշակի խավ չեն, այլ տարբեր շերտերի կարող են պատկանել՝ ընչազուրկից մինչեւ մեծահարուստ, անգրաճանաչից մինչեւ «հայտնի մտավորական»՝ նրանց բոլորին մի բան էր հատուկ՝ բարոյազրկություն: Դրանց, որպես հասարակության «ցանցառաթիվ» շերտ՝ Նժդեհը բնորոշում է «տականք» եւ «բռնության ծառաներ» որակումներով.
«Աներեւակայելի է բռնությունը՝ առանց իրեն ույժ տվող եւ իր գազանություններն արդարացնող չարագործների: Աներեւակայելի է բռնավորը հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր չէ ծախվում մարդը բարոյապես, ուր մարդը գայլ չէ իր նմանների համար: Մարդկային ազգը տառապել է ու կտառապէ իր տականքների երեսից: Իրենց տականքները - ահա ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները - ահա ազգերի գոյությունը հաճախ եւ հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը»: «Այսպես է աշխարհը: Ժողովուրդները կշարունակեն տառապել իրենցտականքների երեսից: Դեռ ժողովուրդների կյանքը կշարունակէ մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինք երեք են- բռնությունը, սրա ծառաները եւ սրա զոհերը» («Որդիների պայքարը հայրերի դեմ», Սելանիկ, 1927թ.):
Համակերպվողներ
Քանակական իմաստով՝ սա ազգի մեծագույն մասն է, որը, ամեն մեկն իր բնագավառում, հակված է սովորական, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի։ Նա երբեք իրեն թույլ չի տալիս մարդկային բարոյական սկզբունքների խախտում, բայց նաեւ չունի արտահայտված քաղաքական հավակնություններ ու ինքնուրույն ինքնակազմակերպման ու ռիսկի գնալու որակներ։ Բռնապետության «խաղաղ», «կայուն» պայմաններում, իր վիճակի հետ համակերպվածությամբ, այս խավն ակամա նպաստում է տվյալ իշխանության գոյատեւմանն ու պահպանմանը։ Բայց պասիվ դժգոհության մեջ գտնվող ազգի բացարձակ այս մեծամասնությունը քաղաքական ակտիվացման պայմաններում նաեւ այն վճռորոշ ռեսուրսն է, որն ի վիճակի է «արթնանալ», եւ առանց որի գործուն մասնակցության անհնար է անգամ ամենաթույլ բռնապետական ռեժիմների տապալումը։ Ավելին՝ բռնապետությունների տապալման գործում քաղաքական հավակնություններ չունեցող այս ռեսուրսի առավել լայնածավալ մասնակցությունը դրանից հետո եկող իշխանության օրինակարգության ու ժողովրդավար բնույթի երաշխիքն է։
Քաղաքական ընտրանին
Ազգի քաղաքական ընտրանին չի նշանակվում, այլ գոյանում է։ Այն կարող է համընկնել իշխանության հետ, եթե իշխանությունը օրինակարգ է եւ գործում է պետական շահերի, ժողովրդի ապահովության ու բարեկեցության ելակետով։ Իր հերթին՝ իշխանական վերնախավը կարող է ոչ մի կապ չունենալ ազգի իրական քաղաքական ընտրանու հետ, լինել դրա հակապատկերը, եթե այդ իշխանությունն օրինակարգ չէ, եթե այն իրեն պահում է օտար նվաճողի պես, իշխանական լծակներն օգտագործում երկիրն ու նրա ժողովրդին կողոպտելու, հարստահարելու, ստորացնելու, հայրենազրկելու համար։ Վիրավորանք կլինի յուրաքանչյուրիս համար այսօրվա իշխանության կարկառուն ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Հովիկ Աբրահամյանին, Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին եւ այլն՝ Հայաստանի քաղաքական էլիտայի մաս համարել։
 Քաղաքական ընտրանին եւս անմիջական կապ չունի սոցիալական ծագման կամ վիճակի, կրթական եւ այլ մակարդակի հետ։ Դրա հիմքում անգամ հայրենասիրական, ազգասիրական զգացումները չեն, որ, որպես կանոն, միայնումիայն «բիզնես» փեշակ են շատերի համար։ Քաղաքական մտածողության հիմքում մարդու ակտիվ չհամակերպվելն է բռնությանը, ապօրինությանը, սեփական ապահովությունն ու արժանապատիվ կյանքը ընդհանուրի ապահովության ու արժանապատիվ կյանքի հետ տեսնելը։ Գաղափարական այս սկզբունքի հիման վրա է, ահա, որ տեղի է ունենում մարդկանց ինքնակազմակերպում, գոյանում է կազմակերպված քաղաքական ուժ։ Քաղաքական ուժը, ուժերն են, որ կարող են ձեռնոց նետել բռնապետական իշխանությանը։ Ու կարող են հաջողության հասնել, եթե իրենց գործունեությամբ «արթնացնում են» հսկայական ժողովրդական զանգվածները։ Ըստ այսմ էլ՝ նրանք նույնպես կարող են ակամա նպաստել բռնապետական իշխանության պահպանմանը, եթե չեն նկատում, հապաղում ու չեն օգտագործում օբյեկտիվորեն հասունացած բարենպաստ պայմանները ու տրված շանսը։
Քաղաքական ընտրանին, ինչպես ասացինք, չի նշանակվում։ Այն գոյանում է, մի կողմից՝ քաղաքական ուժի (կամ ուժերի) արդյունավետ գործունեության, մյուս կողմից՝ հասարակության կողմից այդ գործունեության գնահատման, ընտրությունների միջոցով ստացած վստահության շնորհիվ։
Ըստ այդմ՝ այսօրվա խնդիրը
 Հիմա վերադառնանք սկզբում արված արձանագրումներին՝ որպես ելակետ ունենալով հատկապես վերջին կետը՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։
Սերժ Սարգսյանը վաղուց քաղաքական իմաստով ադեկվատ չէ։ Նրա համար աշխարհի կենտրոնը ու գերագույն արժեքը սեփական անձն է, հիմնական մտահոգությունը՝ սեփական մարմնի բջիջների երիտասարդացումը։ Բոլոր միապետներն ինչ-որ պահի հասնում են նման հոգեվիճակի։ Անիմաստ է խոսել նրա մարդկային բանականության մասին, նա վաղուց մահապարտի կարգավիճակում է՝ որպես միակ վտանգ ու հակառակորդ դիտելով հայ ժողովրդին՝ այն բանի համար, որ վերջինս սպառնում է չհամաձայնել իր հավերժական իշխանության իրավունքին, առավել եւս՝ պատասխան պահանջել արածների համար։ Եւ նա ինքնամոռաց զբաղված է իրեն սպառնացող այդ «վտանգը» չեզոքացնելու գործով։
Իշխող ռեժիմի ազգակործան բնույթը, որպես հայ ժողովրդի ազգային անվտանգությանն սպառնացող վտանգ, արձանագրվել է վաղուց, ու դրա դեմ համաժողովրդական պայքարն արդեն տարիների պատմություն եւ ընթացք ունի։ Վարչախմբի ոչ ադեկվատ գործողությունների շնորհիվ, այդ վտանգի խորացմանը ու գիտակցման ծավալմանը զուգընթաց՝ անխուսափելիորեն տեղի ունեցավ իրական քաղաքական մտածողությամբ օժտված ուժերի լիակատար տարանջատումը եւ ընդդիմադիր դաշտում համախմբումը՝ միայնակ թողելով ռեժիմի միակ կրող ուժին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Պայմաններն ավելի քան սովորական չեն։ Ուստիեւ՝ պայքարը չի կարող պարզ իշխանափոխության, առանձին ոլորտների բարեփոխման հարց լինել։ Այն չի կարող անգամ ազգային-ազատագրական պայքարի հարց դիտարկվել։
Խնդիրը ժողովրդի սոցիալական, բարոյական ու հոգեբանական սպանդի ու հայրենազրկման տեսքով իրականացվող ցեղասպանության, հայ ժողովրդի ազգային գոյությանը, Հայաստանի կործանմանն սպառնացող վտանգի կանխումն է։
Սա է օբյեկտիվ, չգունազարդված իրականությունը, եւ օբյեկտիվ այս իրականությունը պիտի լինի քաղաքական գործելակերպի ելակետը։ Իսկ այս ելակետից անհեթեթ է խոսել սովորական պայմաններում ընդունված քաղաքական լեզվով ու առաջնորդվել սովորական պայմաններին ներհատուկ քաղաքական գործելակերպով։ Գործող ավազակապետական համակարգում ո՛չ մի բարձրաստիճան պաշտոնյայի կամ ամբողջ կառավարության հրաժարական, ո՛չ մի նոր մարդկանց նշանակում, ո՛չ մի նոր վարչապետ, ո՛չ մի նոր կառավարություն ու նրա ներկայացրած ծրագիր, ո՛չ մի խոստում, ո՛չ մի առանձին խնդրի կամ խնդիրների լուծում անգամ չեն կարող կործանարար այս ընթացքում ինչ-որ բան փոխել։ Սա է տարրական քաղաքական տրամաբանությունը։
Անհապաղ պետք է հայտարարել գլխավոր քաղաքական դերակատարի եւ իշխանության տիրոջ՝ ժողովրդի բեմելը՝ որպես հարցի իրական, խաղաղ ու անցնցում լուծման միջոց եւ երաշխիք։
Այսօր այդ բանը կարող են անել միայն երկրի քաղաքական օրակարգի սցենարիստներ չորս ընդդիմադիր ուժերը միասին։ Գլխավոր դերակատարի՝ ժողովրդի՝ ապրիլի 28-ին հայտարարված բեմելի սպառնալիքի տակ կառավարություն զոհաբերվեց։ Այսինքն՝ քայլը անգամ փորձարկված է, եւ ապացուցված, որ այդ կերպ հիմնական խնդրի լուծման հնարավորությունը 100%-ի մոտ է, դրա հետ կապված քաղաքական ռիսկի գործոնը՝ նվազագույն։ Իսկ առանց ռիսկի քաղաքականություն գոյություն չունի։ Առանց ռիսկի կարող է լինել միայն իշխանության առեւտուր։ Հենց իշխանափոխության գլխավոր այդ դերակատար ժողովուրդն էլ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքով կորոշի ապագա իշխանության, ապագա քաղաքական ընտրանու եւ մյուս հարցերը։
Այլ ճանապարհ գոյություն չունի։ Կամ, եթե գոյություն ունի, ապա տանում է ոչ ավելի լավ տեղ, քան այսօրվա Հայաստանն է։

http://www.ilur.am/news/view/28945.html

No comments:

Post a Comment