Thursday, April 30, 2015

Հայդատական ավանտյուրիզմի հերթական վախճանը


Մարդկանց ազգային-հայրենասիրական զգացմունքների վրա խաղալն ու ազգայնականության բորբոքումը հասարակական դիրքի, իշխանության հասնելու ու իշխանություն պահելու մի գործիք է, որ օգտագործվում է  բոլոր ժողովուրդների մեջ։ Իրականում լինելով քաղաքական ավանտյուրիզմի դրսեւորում՝ այն, սովորաբար, ծանր հատեւանքներ է ունենում տվյալ ժողովրդի համար։ Եւ ոչ մի նշանակություն չունի՝ ազգային ու հայրենասիրական զգացումների շահարկման այդ գործիքից օգտվելը իրական զգացումների, բայց քաղաքական մտքի խակության ու տգիտությա՞ն արդյունք է, թե՞ պարզապես գիտակցաբար ընտրված՝ ազգակիցների արյան ու տառապանքների վրա հասարակական դիրքի եւ իշխանության ապահովման հանցավոր ու անբարոյական մի բիզնես-մեթոդ։ Երկու դեպքում էլ, իր նույնական արդյունքներով, այն չի դադարում քաղաքական ավանտյուրիզմ լինելուց։
Քաղաքական ավանտյուրիզմը հայ իրականության մեջ
  Հայ իրականության մեջ վերջին մոտ մեկուկես դարում քաղաքական ավանտյուրիզմի այդ երեւույթը հատուկ անուն ունի՝հայդատականություն։ Պայմանական այդ անվանումը ծագում է 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո միջազգային ասպարեզում գոյացած Հայկական հարցի (Հայ դատ) բառակապակցությունից՝ վերաիմաստավորված որպես պահանջատիրություն։ Ինչպես նախնական, այնպես էլ վերաիմաստավորումից հետո Հայ Դատի քաղաքական բովանդակությունը երրորդ ուժի միջոցով ազգային խնդիրների լուծումն է՝ անկախ այն բանից, թե ինչպես են ձեւակերպվում այդ խնդիրները։ Ըստ հայ հասարակական կյանքում հայդատականության ունեցած ներկայության ու խաղացած դերի՝ նույն մեկուկես դարի ընթացքում եղել են հետեւյալ շրջանները.
1.      1878-1920 թթ. – հայդատականության լիակատար ներկայության ու քաղաքական պատասխանատվության շրջան՝ հիմնականում հայ քաղաքական կյանքում հայտնի հեղափոխական կուսակցությունների գաղափարների ու գործունեության տեսքով։ Շուրջ 40 տարվա արդյունքներն այսպիսին են. 1895-96թթ. հայկական ջարդեր 300.000 զոհերով՝ իրականացված Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդի կողմից, Ադանայի ջարդերը 1909թ.՝ 30.000 զոհերով, 1915 թ.՝ երիտթուրքերի իրականացրած Ցեղասպանություն՝ մեկուկես միլիոն զոհ եւ ողջ Արեւմտյան Հայաստանի կորուստ, 1920 թ.՝ Արեւելյան Հայաստանի կեսի կորուստ։
2.      1921-1988 թթ. - հայդատականության դուրսմղում մեկ այլ (կոմունիստական) գաղափարախոսության  կողմից։ Շուրջ 70 տարվա արդյունքներն այսպիսին են. հայ ժողովուրդը խորհրդային կայսրության մյուս ժողովուրդների հետ հավասար կրել է հայտնի դժվարությունները, ունեցել նույն կորուստները եւ ապրել նույն զարգացումը՝ արդյունքում պահպանելով ժառանգած տարածքը եւ հնգապատկելով երկրի բնակչությունը։
3.      1988-1998 թթ. – Հայդատականության հետեւողական մերժում Ղարաբաղյան համաժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժի՝ Ղարաբաղ կոմիտեի, Հայոց համազգային շարժման, ապա նույն ուժի հաստատած ժողովրդավար իշխանության կողմից։ Երրորդ ուժի բացառման, միայն սեփական ուժերին ապավինելու եւ իրատեսական քաղաքականության հիմքի վրա մոտ 10 տարվա արդյունքներն այսպիսին են. անկախության ձեռքբերում, ռազմական հաղթանակներ՝ ռեսուրսներով մի քանի անգամ հզոր հակառակորդի նկատմամբ, զոհի բարդույթի հաղթահարում, Լեռնային Ղարաբաղի փաստական անկախության ձեռքբերում ու նրա շուրջ ապահով անվտանգության գոտու ստեղծում, տնտեսական տոտալ շրջափակման, մի քանի հարյուր հազար փախստականության, երկրի մեկ երրորդն ավերած երկրաշարժի ավերածությունների մարտահրավերների հաղթահարում, արմատական բարենորոգումներ, միջազգային ասպարեզում ժողովրդավարական երկրի վարկանիշի ձեռքբերում։
4.      1998-ից – մասնակի վերադարձ հայդատականությանը՝ Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության հիմնահարց հայտարարելով։ 18 տարում արդյունքներն այսպիսին են. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի միջազգային մանդատի կորուստ, Ղարաբաղի դուրսմղում կարգավորման գործընթացից, եւ ինքնորոշման հարցի վերածում տարածքային վեճի առարկայի, Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի ընդունում, սոցիալական իրավիճակի վատթարացում, խաղաղ պայմաններում շուրջ կես միլիոն արտագաղթ։
 Սրանք չոր արձանագրումներ են, առանց գնահատականների, անվիճարկելի փաստեր։ Իսկ գնահատականներ տվել են նշանավոր լրջմիտ պատմաբաններ, սթափության պահերին քաղաքական ավանտյուրաների բերած արհավիրքների խոստովանություններ արել են նույնիսկ տասնյակ հայտնի հայդատական գործիչներ։
***
Հայդատականության քաղաքական արդյունքների, դասերի այս ֆոնին Սերժ Սարգսյանի ղեկավարած՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պետական հանձնաժողովի կողմից հրապարակված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» ամենամեծ վտանգն էր պարունակում։ Վտանգն այն էր, որ դրանով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում էր դրվում հայդատականությունը, ինչպես ասում են՝ իր ամբողջ ծավալով ու բովանդակությամբ՝ պահանջատիրության տեսքով։ Եւ քանի որ որպես քաղաքական խնդիր դրա լուծումը շա՜տ հեռու է Հայաստանի հնարավորություններից, ուստիեւ, ինչպես 150 եւ100 տարի առաջ՝ հույսն ամբողջությամբ դրվում է երրորդ ուժի՝ միջազգային հանրության վրա։ Եւ ինչպես 150 եւ 100 տարի առաջ՝ սա մի ավանտյուրա էր՝ նոր արհավիրքներ վաստակելու հեռանկարով։
 Երկրի ու ժողովրդի ճակատագրի համար վտանգի այս ահռելիության գիտակցումով էր, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց իր համար աննախադեպ քայլի՝ այդ պահին մի կողմ դնելով ապօրինի վարչախմբի դեմ ավելի քան յոթնամյա անհաշտ քաղաքական պայքարը։ Նա բաց նամակով դիմեց Ս. Սարգսյանին՝ համագործակցաբար մի այլ փաստաթուղթ ստեղծել՝ զերծ հայդատական խայտառակություններից, իրավական անհեթեթություններից, միջազգային հանրության համար հասկանալի լեզվով, պետականություն ունեցող ժողովրդին եւ Ցեղասպանության 100-ամյակին պատշաճող։ Ընդհանուր հաշվով՝ նա այս խնդրին անդրադարձավ չորս հրապարակային ելույթներով՝ այդ թվում ներկայացնելով նաեւ Ցեղասպանության  100-ամյակի առիթով միջազգային հանրությանը Հայաստանի անունից հղելիք իր պատկերացրած Ուղերձի նախագիծը։
Սերժ Սարգսյանը նոր փաստաթուղթ կազմելու առաջարկին պատասխանեց կտրուկ մերժմամբ՝ հայտարարելով, թե իր գլխավորած հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթուղթը  «Անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ»։
Այլ խոսքով՝ Ս. Սարգսյանը կտրուկ մերժմամբ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում հայդատական ավանտյուրիզմը չդնելու ու դրանով իսկ ինչպես ողջ ժողովրդի, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման խնդրի համար նոր վտանգներ չստեղծելու՝ Առաջին նախագահի առաջարկին։
***
Արդ՝ ովքե՞ր են Ս. Սարգսյանի կողմից անթերի համարված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրում» «խաչվող ոլորտների լրջագույն մասնագետները», որոնք ապահովել են ազգային միասնականության բացառիկ այս հատանմուշը։
Փաստաթուղթն ստեղծել է 14 հոգուց բաղկացած հետեւյալ խմբագրական մարմինը.
Գագիկ Հարությունյան                                                   
Հայկ Դեմոյան
Էդուարդ Նալբանդյան
Հրանուշ Հակոբյան
Բագրատ եպիսկոպոս Գալստյան
Կիրո Մանոյան
Հակոբ Ավետիքյան
Հակոբ Տիգրանյան
Գեւորգ Տեր-Ղազարյան
Արմինա Դարբինյան
Գուրգեն Սարգսյան
Հարութ Սասունյան
Հովիկ Եորդեկյան
Շահե եպիսկոպոս Փանոսյան
Տվյալ դեպքում «խաչվող ոլորտները» երկուսն են՝ գիտություն եւ քաղաքականություն։ Այս ցուցակում չկան Ցեղասպանության հայտնի մասնագետ գիտնականներ։ Երկու-երեք հոգու կարելի է համարել Ցեղասպանության հարցի եռանդուն պրոպագանդիստներ, բայց ոչ երբեք գիտնական-մասնագետներ։ Եւ կան գործնական քաղաքականության հետ առնչված ընդամենը երկու հոգի՝ Գ. Հարությունյան եւ Է. Նալբանդյան։ Առավել եւս՝ չկան խաչվող ոլորտների, այն է՝ միաժամանակ գիտնական ու քաղաքական գործիչ մասնագետներ։ Իսկ գիտնականների ու քաղաքական գործիչների համադրությունն անհրաժեշտ էր՝ փաստաթղթում ապահովելու համար Ցեղասպանություն երեւույթի քաղաքական իմաստավորումն ընդհանրապես՝ թե՛ անցյալի եւ թե՛ հատկապես ներկայի ենթատեքստում՝ ելակետ ունենալով հայ ժողովրդի պետական ազգի կարգավիճակը։
Նույնն է պատկերը նաեւ Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի դեպքում, որի անունից պաշտոնապես տարածվեց սույն փաստաթուղթը, եւ որի շուրջ 40 անդամները դրանում ընդգրկված են միայն պաշտոնի բերմամբ։
Բայց սա ամբողջը չէ։ Խմբագրական այդ մարմինը շուրջ մեկ տարի առաջ նախագահականից (ձեւականորեն՝ պետական հանձնաժողովի անունից) ստացել է այն քաղաքական հիմնադրույթները, որոնք պարտադիր պիտի կազմեին պահանջվող փաստաթղթի հենքը։ Եւ ընդհանրապես, հիշյալ փաստաթղթի ստեղծմանը մասնակից բոլոր օղակների աշխատանքները համակարգել է նախագահականի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ունենալով Ս. Սարգսյանի հստակ ցուցումները։ Այսինքն՝ խոսել այս փաստաթղթի մասին՝ որպես «ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ», ավելի քան հեռու է իրականությունից։ Իրականությունն այն է, որ դա Ս. Սարգսյանի հերթական մի պրոյեկտն է՝ ազգային միասնականության մի պատրանք ստեղծելով՝ իր վրայից գցել պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն ենթադրող փաստաթղթի պատասխանատվությունը, հնարավորինս մաքրվել Ցեղասպանությունն ուրացողի իր խայտառակ համարումից, կեղծ հայրենասիրական հիստերիայի բորբոքմամբ եւ շահագործելով մարդկանց ազգային զգացումները՝ հերոս ձեւանալ, բարելավել իր հասարակական դիրքը։ Դա խիստ անհրաժեշտ է՝ լուծելու համար իր հիմնական ու կենսական՝ սահմանադրության փոփոխման միջոցով սեփական իշխանության հավերժացման խնդիրը։ Իսկ թե ինչ կտա հերթական հայդատական այս ավանտյուրիզմը հայ ժողովրդին ու Հայաստանին, նրա համար երրորդական հարց է։
***
Սերժ Սարգսյանը չկարողացավ հասնել իր առջեւ դրած նպատակին։ Եւ հենց դրանով պետք է բացատրել այն անթաքույց նյարդայնությունը, որ երեւում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին գրած նրա պատասխանի տողերի տակ։
Արդեն կարելի է արձանագրել հետեւյալ ակնհայտ իրողությունները եւ փաստերը.
1) Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմնավոր ու փաստարկված քննադատության ենթարկելով «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», մեղմ ասած՝  ոչնչացրեց այն թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկետից։ Միայն դրա համար օգտագործած որակումներն ի մի հավաքած՝ ավելի քան խոսուն են. «հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն», «արտառոց ու անլուրջ», «անհեթեթություն», «անպտուղ փաստաթուղթ», «խայտառակ փաստաթուղթ», «անհաշվենկատ փաստաթուղթ»,  «արկածախնդրություն», «ավանտյուրա», «Հայաստանի պետական շահերին հակասող», «հայության հայրենասիրական զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու ճղճիմ նպատակ հետապնդող»՝ արձանագրելով, որ այն ոչ միայն չի պատշաճում Ցեղասպանության 100-ամյակին, այլեւ հակասում է «Հայաստանի անկախության մասին հռչակագրին» ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Հասկանալի է, որ ստեղծված՝ «թուրքից հող չուզողը դավաճան է»  մթնոլորտում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը հրապարակավ պաշտպանողների թիվը մեծ չէր կարող լինել։ Եւ այս դեպքում դա չէ, որ պետք է լինի նրա ելույթների ու ասելիքի հասարակական ընկալման ու համաձայնության չափորոշիչը։ Չափորոշիչը հետեւյալն է։ Հռչակագրի պաշտոնական հեղինակ ու պատասխանատու համարվող Պետական հանձնաժողովի եւ խմբագրական մարմնի՝ միասին վերցրած շուրջ 50 անդամներից ոչ մեկը նրան որեւէ հարցում հրապարակավ չառարկեց։ (Ճշգրիտ լինելու համար ասենք, որ արձագանքեցին երկու հոգի. դաշնակցական լինելու բերումով՝ Կիրո Մանոյանը, որ, միեւնույն է՝ պիտի արձագանքեր, եթե անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը չխոսեր, եւ Վազգեն Մանուկյանը, որը, սակայն, իր արձագանքում չժխտեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական այն թեզը, որ դրանով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է հայդատականություն-պահանջատիրությունը)։ Այս 50 թվին ավելացնենք նաեւ Ս. Սարգսյանի նշած՝ «Սփյուռքում գործող տարածաշրջանային ենթահանձնաժողովների»՝ ենթադրաբար առնվազն նույնքան անդամների։ Եւ ստացվում է, որ իրենց սույն դարակազմիկ փաստաթղթի արարող, հեղինակ հայր եւ պատասխանատու համարելու իրավունք ունեցող ավելի քան 100 հոգուց ոչ մեկը ծպտուն չհանեց, երբ «ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ» իրենց հոգեզավակ փաստաթուղթը ամենախիստ գնահատականներով հողին հավասարեցվեց։ Այդ լռությունը երկու բան կարող էր նշանակել. կա՛մ՝ որ իրականում նրանց այդ փաստաթուղթը պարտադրվել էր նույն՝ «թուրքից հող չուզողը դավաճան է»  մթնոլորտում, կա՛մ՝ որ նրանք ներքուստ համաձայն են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ու հասկանալի պատճառով այդ կերպ չէին կարող արտահայտվել։ Կամ՝ երկուսը միասին։
2) Սերժ Սարգսյանին չհաջողվեց հասնել իր նպատակին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ծառայեցնել սեփական իշխանության ամրապնդման ու վերարտադրության նպաստելու գործին։ Հայ հասարակության իրական քաղաքական ընտրանին, որ 99%-ով չի համընկնում իշխող վարչախմբին եւ ներկա պետական պաշտոնեությանը, շատ լավ ընկալեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ու ուղերձները։ Մյուս կողմից՝ 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներում իշխանության չտեսությունների դրսեւորումները, երբեմն դրանք խեղկատակության վերածելը, հաստատված սիմվոլիկան անամոթ բիզնեսի առարկա դարձնելը, անգրագիտության ու տգիտության ցուցադրումները ոչ թե ինչ-որ չափով ապաքինեցին Սերժ Սարգսյանի խաթարված վարկանիշը, այլ առավել խորացրին նրա նկատմամբ հասարակական արգահատանքն ու ատելությունը։
3) Ս. Սարգսյանը չկարողացավ պահանջատիրությունը արտաքին քաղաքականության հիմքում դնելու իր ավանտյուրիզմը  միջազգային ասպարեզում ներկայացնել որպես «աննախադեպ ազգային միասնության», «հայ ժողովրդի միասնական կամքի» ծննունդ։  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւողական ջանքերի ու դրա հասարակական լայն ընկալման շնորհիվ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայանում է ոչ միայն հայդատական ավանտյուրիստ խեղկատակի, այլ նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող քաղաքական ընկալում ու մտածողություն ունեցող արժանապատիվ հանրության դեմքով։
4) Եւ վերջապես, արդեն Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին Ս. Սարգսյանը հրապարակավ, դպրոցականի մի մանիպուլյացիայով, հրաժարվեց իր իսկ պաշտպանած, «աննախադեպ ազգային միասնության» փաստաթուղթ-Հռչակագրի առանցքագաղափարից՝ հայտարարելով, թե Հայաստանը հողային պահանջներ չունի Թուրքիայից։
Այն, որ այս ամենով Ս. Սարգսյանը հայտնվեց զավեշտալի ու խայտառակ վիճակում, իր համար նորություն չէր. առաջին անգամ չէ, որ նա մի գիշերում որոշում է ընդունում՝ տրամագծորեն հակառակ մինչ այդ իր հռչակած ու «շուխուրով» հետապնդած հիմնական քաղաքական ուղեգծին։ Վատն այն է, որ առայժմ, ի դեմս նրա, հերթական անգամ նույն ամոթալի վիճակում են հայտնվում Հայաստանը, հայ ժողովուրդը, մենք բոլորս։

Հ. Գ. Էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկում մի քանի օր առաջ տեղեկատվություն հայտնվեց, թե պահանջատիրական Հռչակագիրը հրապարակելուց մեկ օր առաջ թե հետո Ս. Սարգսյանը բանագնաց է ուղարկել Անկարա՝ հավաստիացնելու համար Թուրքիայի իշխանությանը, որ դա արվում է միայն Սփյուռքին սիրաշահելու համար, հանկարծ լուրջ չընդունեն։ Դժվար է պատկերացնել... Բայց առայժմ, կարծես թե, չկա սրա պաշտոնական հերքումը։

http://www.ilur.am/news/view/44285.html

Thursday, March 26, 2015

Հայդատականության նոր վտանգը՝ Հայաստանի ներքաղաքական օրակարգի առաջին խնդիր


Վերջին շրջանի բուռն, շատերի համար անակնկալ իրադարձություններն առանձին-առանձին դիտարկալիս՝ մեկ, միասին դիտարկելիս՝ բոլորովին այլ քաղաքական իմաստավորում են ստանում եւ այլ իրողություններ մատնանշում։ Ոչ միայն լրագրության, այլեւ շատ «վերլուծաբանների» համար գայթակղիչն առաջին դիտանկյունն էր՝ որպես «սենսացիաների» շարք, բնականաբար՝ սխալ եզրահանգումներով։ Այլ են եզրահանգումներն ու իրողությունները, երբ այդ ամենին նայում ենք երկրորդ՝ լայն ժամանակային կոնտեքստում համադիր քննությամբ։
***
2014 թ. մարտին արդեն համագործակցող հիմնական քաղաքական ուժերի՝ Քառյակի ջանքերով հասարակական համախմբումը հասել էր մի աստիճանի, երբ նրա հռչակած, ներքաղաքական օրակարգի թիվ մեկ՝ ամբողջական իշխանափոխության խնդիրը լուծելն այլեւս տեխնիկայի հարց էր։ Սակայն այդ պահին Քառյակի ներսում հնարավոր եղավ քաղաքական կոնսենսուսի հասնել ավելի համեստ՝  վարչապետի հրաժարականի հարցում (որպես «առաջին քայլ»՝ ամբողջական իշխանափոխության ճանապարհին ձեւակերպմամբ)։ Հայ ազգային կոնգրեսը, առարկելով հանդերձ «նշաձողի իջեցմանը», հանուն քաղաքական պրոցեսի պահպանման, համաձայնեց այդ մարտավարությանը։
Այդ օրակարգով ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքը դեռ նոր իրազեկված՝ Ս. Սարգսյանը հապշտապ ազատվեց վարչապետից՝ փաստ, որը մատնում էր այդ պահին իշխանության անզորությունը եւ հաստատում, որ նշանակված հանրահավաքը կայանալու դեպքում կարող է սկիզբ դառնալ ամբողջական իշխանափոխության հիմնական հարցի լուծման։ Քառյակի ներսում, սակայն հնարավոր հաջորդ կոնսենսուսը դարձավ «նոր կառավարությանը» 12 կետով պահանջներ ներկայացնելը։ Հայ ազգային կոնգրեսը, պնդելով ապրիլի 28-ի հանրահավաքի վրա (արդեն Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջով), երկրորդ անգամ, հանուն կոնսենսուսի եւ քաղաքական գործընթացի պահպանման, համաձայնեց նաեւ այս մարտավարությանը։
Ներկայացված 12 պահանջները, բնականաբար, չկատարվեցին, եւ ամռան վերջին սկսվեցին մարզային հանրահավաքները, նույն՝ ամբողջական իշխանափոխության համար անհրաժեշտ հասարակական համախմբման նոր բարձրակետի հասնելու ուղենիշով։ Հոկտեմբերի 10-ին եւ 24-ին կայացած համապետական հանրահավաքները երրորդ անգամ գրանցեցին ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորության այդ բարձրակետը՝ ոչ միայն համաժողովրդական ոգեւորության ու ակտիվության, հասարակական մթնոլորտի շիկացման, այլեւ իշխանության՝ Համաժողովրդական շարժմանը հակազդելու հնարավորության բացակայության ապացույցներով։ Սակայն եզրափակիչ քայլը կրկին չարվեց։
Մոտ մեկ տարի առկա էր բռնապետական վարչախմբից ազատվելու, այլ խոսքով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացման ամենաիրական հնարավորություն` պատմական շանս։ Այդ ընթացքում երեք անգամ այդ հնարավորությունը հասցվեց իրականացման բարձրակետի, ու չարվեց եզրափակիչ քայլը։ Ս. Սարգսյանը շուրջ մեկ տարի ոչ մի կերպ չէր կարողանում գտնել անհրաժեշտ ռեսուրսները եւ նպաստավոր պահը՝ չեզոքացնելու համար իր իշխանությանն սպառնացող ամենաիրական վտանգը։ Եւ ահա, նա վստահորեն դրա մեկնարկը տվեց 2015 թ. փետրվարի 12-ին՝ ԲՀԿ-ի դեմ երկրի ղեկավարին անհարիր ահաբեկչական խայտառակ ելույթով, ապա նաեւ նույնպիսի գործողություններով։
Շուրջ մեկ տարին, այսպիսով, ըստ էության, լավագույն մի «ժամանակային ընծա» էր Ս. Սարգսյանի համար։ Այդ ընթացքում նա լուծեց երկու խնդիր։ Առաջին՝ գործի դնելով ինտրիգների, խառնակչության ու խարդավանքների իր հարուստ զինանոցը՝ նա կարողացավ որոշ հենման կետեր գտնել Համաժողովրդական շարժման մեջ, մասնավորապես՝ «իրենով անել» Քառյակի ուժերից մեկին։ Երկրորդ՝ այդ ընթացքում նա կարողացավ լրացնել ու ամբողջացնել այն տարատասակ ռեսուրսներն ու գործիքները (այդ թվում՝ կրիմինալ), ինչով պիտի վճռական հարված հասցներ ԲՀԿ-ին։ Նույն ընթացքում Ս. Սարգսյանի համար, արդեն՝ ինքնաբերաբար, առաջացավ եւս երկու բարենպաստ գործոն։ Մեկ տարվա ընթացքում երեք անգամ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ շիկացման բարձրակետի հասնելով՝ եզրափակիչ քայլը չկատարելը, բնականաբար, հասարակության տարբեր շերտերում որոշակի հուսախաբության ու անվստահության առիթ էր տվել։ Եւ երկրորդ, ամենակարեւորը՝ հասարակական մթնոլորտում փետրվարից արդեն գերակա էր համազգային բացառիկ կարեւորություն եւ հնչեղություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների փուլը՝ ամենաանհարմար շրջանը որեւէ այլ խնդիր հարուցելու համար։ Փետրվարի սկզբին սա այլեւս ակնհայտ իրողություն էր։ Մինչդեռ Ս. Սարգսյանը, բնականաբար, բարոյական եւ այլ կարգի որեւէ արգելք չպիտի ունենար Ցեղասպանության խնդրի էժանագին շահարկմամբ հարմար այս պահից օգտվելու հարցում, ինչը եւ նա արեց։
***
Հայ ժողովրդի շահերի ելակետից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավագույն պատեհությունը պիտի լիներ՝ ձեռք բերելու հնարավոր առավելագույնը՝ ինչպես Հայաստանի պետական, այնպես էլ համազգային շահերի իմաստով։ Ճիշտ կազմակերպվելու, արժանապատիվ կեցվածքով եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող լեզվով մատուցվելու դեպքում այն էական դրական դեր կարող էր խաղալ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբեղյան հակամարտության կարգավորման բնագավառում եւ նպաստել հենց Ցեղասպանության ճանաչման գործին։
Մինչդեռ հունվարի 29-ին հրապարակված համապատասխան փաստաթուղթը՝ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը», ցույց տվեց, որ ամեն ինչ ծրագրված է բոլորովին այլ ելակետից, եւ բոլորովին այլ պիտի լինեն դրա արդյունքները։ Խնդիրն այն չէր, որ Ս. Սարգսյանն այն ծառայեցնելու էր երկրի ձախող կառավարմամբ եւ հենց  Ցեղասպանության հրապարակային ուրացմամբ խաթարված իր հեղինակությունն ինչ-որ կերպ վերականգնելու գործին։ Դա չարյաց փոքրագույնը կարող էր լինել։ Խնդիրն այն էր, որ միջազգային հանրությանն ուղղված, բայց վերջինիս համար անհասկանալի լեզվով գրված այս փաստաթուղթն իր մեջ ահռելի վտանգներ է պարունակում Հայաստանի, հայ ժողովրդի եւ հենց Ցեղասպանության հարցի համար։
Հրապարակված Հռչակագիրը, որպես իրավաբանական փաստաթուղթ, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության կտրուկ փոփոխություն է՝ այն ամբողջությամբ դնելով, այսպես կոչված, հայդատական-պահանջատիրական ռելսերի վրա։ Արդեն մեկ անգամ նման մի շրջադարձ դեպի հայդատականություն կատարվել էր 1998 թվականին, երբ Ռ. Քոչարյանը, նույն՝ անձնական վարկանիշի բարձրացման շարժառիթով, տուրք տալով հայդատականությանը, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ էր ունեցել Ցեղասպանության ճանաչման թեմայով եւ այդ խնդիրը հռչակել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց։ Այդ պահին, իհարկե,  նա ծափահարություններ ստացավ հայդատական շրջանակներից։ Իսկ Հայաստանը դրա դիմաց ստացավ հայ-թուրքական հարաբերությունների վատթարացում, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացում, ի դեմս տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի» գաղափարի՝ քաղաքացիություն ստանալուն՝ Ցեղասպանության ճանաչման համար հիմնական խոչընդոտի հարուցում։
Եւ ահա, Ցեղասպանության 100-ամյակի հիշյալ հռչակագրով արդեն նաեւ պահանջատիրությունը հռչակելով որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց՝ Ս. Սարգսյանն անվերապահորեն է ընկնում հայդատականության գիրկը։
ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լավագույնս է պատկերացնում դրա վտանգավորության աստիճանը։ Նա հայդատականությանն առնչվել է իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում՝ դրա վտանգի դեմ առաջին ելույթն ունենալով դեռ 1989 թ հունիսի 24-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ամբիոնից։ Իր իշխանության տարիներին նա անզիջում գաղափարական պայքար է մղել դրա դեմ, պետական կյանքն ամեն կերպ հեռու պահել քաղաքական այդ արկածախնդրությունից։ Դրա շնորհիվ է, ըստ էության, որ հնարավոր են դարձել ԽՍՀՄ փլուզման շրջանում անկախության հնարավորինս անկորուստ ձեռքբերումը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ անվտանգության ապահովումը, պատերազմական հաղթանակները, ահռելի մարտահրավերների հաղթահարումը, արդյունավետ դիվանագիտությունը, պետությունների միջազգային ընտանիքում Հայաստանի արժանապատիվ դիրքն ու համարումը։ Մյուս կողմից՝ նա իր հետագա ելույթներում բազմիցս անդրադարձել է նաեւ 1998-ից հայդատականության ուղղությամբ արտաքին քաղաքականության փոխելու՝ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց հռչակելու արդյունք հանդիսացող ցավալի կորուստներին ու ձախողումներին։
Այսինքն՝ իր հրապարակման օրից «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը»՝ որպես իրավաբանական փաստաթուղթ, իր վտանգավորությամբ ավելին է, քան այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած որեւէ մարտահրավեր՝ ներառյալ, թերեւս, իշխող վարչախմբի իշխանությունը։ Որպես այդպիսին այն «կտրում է» մյուս բոլորը խնդիրները եւ դառնում Հայաստանի թիվ 1 քաղաքական հարցը։
Ուստիեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող դրան չարձագանքել եւ չանել իրենից կախված ամեն ինչ՝ այդ վտանգի առաջն առնելու համար։
Նրա առաջին արձագանքը «Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ» հոդվածն էր փետրվարի 11-ին, որտեղ մանրակրկիտ վերլուծվում էր փաստաթուղթը՝ նշելով դրանում ամրագրված դրույթների վտանգավորությունն ու, որոշ դեպքերում՝ նաեւ անհեթեթությունը։ Իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 12-ի կեսօրին, նա «Բաց նամակ Սերժ Սարգսյանին» վերնագրով մի նյութ ուղարկեց՝ մամուլում («Չորրորդ իշխանություն» օրաթերթ եւ «Իլուր» կայք)՝ փետրվարի 13-ին հրապարակելու համար։ Այս հաջորդականությունը ակնհայտ է դարձնում, որ հոդվածը եւ «Բաց նամակը» մտահղացված էին որպես մեկ միասնական քայլ՝ ուղղված վերոհիշյալ վտանգը կանխելուն։ Դրանում նա կոչ էր անում խորհրդակցական մի հանձնաժողով կազմել՝ կարեւոր այդ փաստաթուղթը Ցեղասպանության 100-ամյակին պատշաճող դարձնելու եւ  միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար։ Հարցին տված բացառիկ կարեւորության աստիճանը արտահայտված է նամակի վերջում. «Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական։ Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ »։ 
Սակայն այս «Բաց նամակին» վիճակված չէր հրապարակվել՝ որպես այդպիսին եւ նախատեսված ժամկետում։ Նույն օրը, փետրվարի 12-ի երեկոյան, Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ-ի դեմ ահաբեկչական հայտնի ելույթից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը «Բաց նամակը» ետ կանչեց խմբագրություններից՝ «քանի որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր»։
Այն հրապարակվեց մի քանի օր անց՝ արդեն «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն» վերնագրով եւ հետեւյալ ծանուցմամբ. «Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին»։ Իսկ պատեհությունը կորսված էր համարվում ԲՀԿ-ի դեմ Ս. Սարգսյանի սկսած տեռորի պատճառով։ Արված առաջարկն ընդունելու դեպքում Ս. Սարգսյանը, բնականաբար, նախ պետք է անմիջապես դադարեցներ ԲՀԿ-ի նկատմամբ սկսած բռնաճնշումները։
Հայաստանն ու հայ ժողովրդին հայդատականության նոր արկածախնդրությունից զերծ պահելու առաջարկը չընդունվեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը (որ ասել էր, թե այս վտանգը կանխելու համար պատրաստ է «բախել ցանկացած դուռ»), խնդրին երրորդ անգամ ընդարձակ անդրադարձավ մարտի 1-ի հանրահավաքում՝ ահազանգ հնչեցնելով ամբողջ ժողովրդին։ Ակնկալվող շրջանակներից՝ մտավորականություն, քաղաքական շրջանակներ եւ այլն, բանական որեւէ արձգանք չեղավ։ Չհաշված կանխատեսված՝ «աջից ու ձախից բարձրացված վայնասունը»։ Ուստիեւ՝ կարեւորագույն այս հարցին նրա չորրորդ անդրադարձը մարտի 20-ին արդեն կրում էր «Ձայն բարբառո յանապատի» արձանագրային, նաեւ մեղադրական խոսուն վերնագիրը։
Վտանգի ահռելիության գիտակցմամբ, այն որեւէ կերպ կանխելու բոլոր միջոցներն օգտագործելու մղումից է, որ ծնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հաջորդ՝ հինգերորոդ փաստաթուղթը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիառթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ» վերնագրով։ Սա այն փաստաթուղթն է, որն ապահովում է դրա հեղինակ երկրի, պետության ու ժողովրդի արժանապատիվ կեցվածքը։ Սա այն փաստաթուղթն է, որը կազմված է արդի միջազգային չափորոշիչների հիման վրա ու հասկանալի է հասցեատիրոջ՝ միջազգային հանրության համար։ Եւ վերջապես, սա այն փաստաթուղթն է, որը մեծապես կարող է նպաստել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գոյատեւման, զարգացման ու հզորացման  համար առկա խոչընդոտների ու մարտահրավերների հաղթահարմանը։
Ավելացնենք, որ Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնացող քաղաքական արկածախնդրության այս նոր վտանգի դեմ «ամեն դուռ բախելու» պատրաստ լինելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ հետեւողականությունն արդեն իսկ հարցը դարձրել է ներքաղաքական թիվ 1 օրակարգը։ Դրանով առարկայական, ցայտուն օրինակի վրա մատուցվել է քաղաքականի ու հակաքաղաքականի, պետականի ու հակապետականի սթափեցնող տարբերությունը: Դրանով նաեւ Ս. Սարգսյանին զրկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շահարկմամբ ու էժանագին հայդատական շոուներով սեփական հեղինակության բարձրացման, իշխանության ամրապնդման ու հավերժացման՝ խնամքով կազմված ու փայփայած ծրագրի իրականացման հնարավորությունից։


 http://www.ilur.am/news/view/42996.html

Saturday, February 28, 2015

Մարտի 1-ը շարունակվում է


Արդեն 7-րդ տարին է, ինչ մարտի 1-ը նշում ենք համազգային հանրահավաքով՝ առաջին հերթին նկատի ունենալով 2008 թվականի այդ օրվա 10 անմեղ զոհերին։ Եւ այդ օրը մարդկանց հրապարակ բերող անհանգստությունը տարեցտարի ոչ թե նվազում, այլ ավելանում է։ Ամենազոր համարվող ժամանակը ոչ թե մեղմում, սպիացնում, այլ ավելի բորբոքում ու ցավոտ է դարձնում մարտիմեկյան վերքը։
Ի՞նչն է պատճառը։
Դա, ըստ էության, արդեն նույնպիսի մի զգացողություն է, ինչը ամեն տարի մարդկանց տասնյակ ու հարյուր հազարներով տանում է դեպի Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Անհամեմատելի են մասշտաբնե՞րը։ Այո, անշուշտ։ Սակայն, մի դեպքում՝ ոճրագործության հեղինակը օտարն է, մյուս դեպքում՝ սեփական իշխանությունը։ Եւ ոչ միայն հոգեբանական, այլև առարկայական հետեւանքների՝ հայկական հողը հայությունից դատարկելու առումով` այս երկուսն արդեն իսկ համեմատելի են։  
Քանի դեռ այդ ոճրագործությունը չի բացահայտվել, քանի դեռ դրա հրահանգողներն ու կատարողները պատասխանատվության չեն ենթարկվել, Մարտի 1-ը շարունակում է ավերածություններ գործել, առանց չափազանցության՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքում։ Եվ այդ հանգամանքն է, որ ամեն տարի այդ օրը տասնյակ հազարավոր մարդկանց բերում է հրապարակ։
Անկախության ձեռքբերումը, Ղարաբաղյան պատերազմում կռած հաղթանակները հայ մարդու միջից հանեցին դարեր շարունակ միայն պարտություններ ու կորուստներ կրածի, ընդհուպ՝ ցեղասպանության զոհի՝ սպանիչ, ազգակործան հոգեբանական բարդույթները։ Մարտի 1-ը նույն հայ մարդուն դրեց ոչ թե օտարին, այլ սեփական պետականությանը պարտվածի, նրանից բռնադատվածի, նվաստացվածի, իրավազրկվածի, բռնության զոհի՝շատ ավելի ծանր հոգեբանական վիճակում։ Նույնացնելով իշխանությունը պետականության հետ՝ շատերի մոտ առաջանում են թերահավատություն ու հիասթափություն՝ անկախ պետականության, Հայաստանում ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորության որեւէ հեռանկարի նկատմամբ։ Մարտի 1-ը աննկատ, բայց հետեւողական քայքայում, քանդում է անհատի՝ հայրենի երկրի ու ազգի հետ կապը՝ ոչ միայն դառնալով արտագաղթի թիվ 1 շարժառիթն ու պատճառը, այլեւ մարդկանց վանելով սեփական ազգային պատկանելությունից։
Մարտի 1-ը «աշխատելու է» եւ շարունակելու է ավերածություններ գործել, քանի դեռ իշխանությունից չի հեռացվել դրա հեղինակ ռեժիմը, չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները։ Այդ ավերածություններն այնքան վիթխարի են, որ արդեն իսկ շատերի կողմից (Շառլ Ազնավուրից մինչեւ Քերոլայն Քոքս եւ ուրիշներ) հրապարակավ ցեղասպանություն են որակվել։
Այս տարի համազգային մասշտաբով նշվելու է Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ Մենք ազգովի պայքարում ենք 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքների վերացման համար։
Արդեն քանի տարի` իշխող վարչախմբի կողմից Հայաստանում սողացող ներքին ցեղասպանություն է իրականանում՝ հարյուր հազարավորների անելանելիության եւ հայրենազրկման դատապարտման տեսքով։ Մենք  պայքարում ենք այդ վարչախմբի հեռացման միջոցով այսօր ընթացող ցեղասպանության կանխման համար։

Արժանին հատուցելով 1915 թ. Հայոց ցեղասպանության խնդրին՝ երկրորդ խնդիրը գործնական տեսակետից նույնպիսի համազգային կարեւորություն է ստացել, ինչին եւ նվիրված է Մարտի 1-ի հանրահավաքը։

http://www.ilur.am/news/view/41805.html

Monday, December 22, 2014

Ռուսաստանը չի աջակցում Ս. Սարգսյանին և իշխանափոխության հորդոր է անում


Վերջերս հրապարակվեց ռուս քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի՝ Հայաստանին վերաբերող մի հարցազրույցը, որի քաղաքական լեզվով ձևակերպած հիմնական ուղերձներն ավելի մատչելի ներկայացվելու կարիք ունեն։
Նախ՝ ասենք, որ հայտնի այս վերլուծաբանը 2008 թվականից ի վեր հայաստանյան թեմաներով հաճախ է հանդես է եկել և, որպես կանոն, շեշտված պրոիշխանական դիրքերից՝ ընդհուպ փաստաբանի դեր ստանձնելով Ս. Սարգսյանի ու նրա իշխանության համար։ Այդ ֆոնին տվյալ հարցազրույցի հիմնական ու բոլորովին տարբեր ասելիքը դառնում է շատ ավելի ուշագրավ։ Կարելի է համարել, որ նրա այդ տարբերվող հիմնական հարցադրումներում արտացոլված է Ռուսաստանի որոշակիացված դիրքորոշման պատկերը։
Իշխանական և «անկախ» մամուլի քարոզչությունը ճգնել է հասարակության մեջ տարածել այն պատկերացումը, թե Ս. Սարգսյանն անփոխարինելի է Մոսկվայի համար, ու դա նրա իշխանության պահպանման վճռորոշ ռեսուրսն է։ Այս պատկերացումն ամրապնդելու համար իշխանական քարոզչամեքենան նշում է նրա արտաքին քաղաքականության «ռուսական կողմնորոշումը»։ Նույնը «անկախ» լրատվամիջոցների ու վերլուծագանգերի միջոցով չեն խորշում ներկայացնել այնպես, թե, իբր, Ռուսաստանը հենց կուզենա՛ր, որ Հայաստանում լինի ոչ օրինակարգ, թույլ, անկամ ու անկար մի ղեկավար։ Ու քանի որ Ս. Սարգսյանը լիուլի համապատասխանում է այս չափանիշներին, ուստիև վայելում է Ռուսաստանի լիակատար «դաբրոն», ու նրա դեմ ամեն մի ներքաղաքական պայքար դատապարտված է։
Այս և այլ հարցերի հետ կապված՝ Մարկեդոնովն անում է մի քանի՝ բոլորովին այլ  կարևոր արձանագրումներ.
1. Ռուսաստանը պետք է աշխատի ոչ միայն իշխանությունների, այլ նաև հավասարապես՝ մյուս քաղաքական ուժերի հետ:
 « Այսօրվա դրությամբ Ռուսաստանն առանձնապես մտահոգված չէ Հայաստանի ղեկավարությամբ, Մոսկվան իշխող կոալիցիայի վրա վստահ է», - ասում է քաղաքագետը՝ նկատի ունենալով, որ Ս. Սարգսյանը չի շեղի այսօրվա իր արտաքին քաղաքական կուրսը։ Սակայն, մյուս կողմից՝ ի տես վարչախմբի դեմ ծառացած հասարակական դժգոհության, համարում է, որ Մոսկվան այստեղ արդեն անհանգստանալու բան ունի.
«Եթե խոսենք մտահոգության մասին, ապա ինձ, որպես փորձագետի, մտահոգում է այն, որ Ռուսաստանը պետք է հարաբերություններ զարգացներ Հայաստանի տարբեր կուսակցությունների հետ, ձվերը մի զամբյուղի մեջ չդներ, քանի որ Սարգսյանի վերաբերյալ դժգոհությունը կարող է վերածվել Ռուսաստանի նկատմամբ դժգոհության։ Եթե Ռուսաստանը կապ է պահպանում միայն Սարգսյանի հետ՝ մյուսների հետ հարաբերություններ չհաստատելով՝ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»։
Դժգոհության սլաքի փոխվելու վտանգի մասին փորձագետն իրավացի է։ Եւ նման մտահոգությունն էլ՝ բնական։ Ցանկացած իշխանություն ժամանակավոր է, տվյալ երկրի ժողովուրդը, հասարակությունը՝ մշտական։ Ուստիև, երկարաժամկետ կտրվածքով՝ կարևոր է ոչ թե այն, թե իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է վարում տվյալ պահին, այլ այն, թե ինչպիսին են հասարակության վերաբերմունքն ու տրամադրությունները։ Չի կարող աջակցություն ստանալ այն իշխանությունը, որն իր գոյությամբ ու որակներով կարող է պատճառ դառնալ հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա, իհարկե, նորություն չէ. իրենց ազդեցության ոլորտներում նույն անհանգստությունն ունեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը։
2. Ռուսաստանը, որքան էլ խնդիր չունի Սերժ Սարգսյանի իշխանության հետ, բայց նաև խնդիր չունի, եթե իշխանության գա ընդդիմությունը.
«Մյուս կողմից, Հայաստանում իշխանության փոփոխությունը, որպես այդպիսին, Ռուսաստանին չի մտահոգում,- ասում է փորձագետն ու հավելում:-Ռուսաստանին առաջին հերթին անհանգստացնում է այն, թե արդյո՞ք այդ իշխանափոխությունը չի ազդի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա»։
Փորձագետը տվյալ դեպքում նկատի ունի ԵՏՄ-ին անդամագրումը ու դրա նկատմամբ վերաբերմունքը։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ հստակ է. Նրա խոսքով՝ Կրեմլում «ըմբռնում են, որ Սերժ Սարգսյանի ներկայիս հակառակորդները արտաքին քաղաքականության կտրուկ վերանայման հարցը չեն դնի «Եվ «Բարգավաճ Հայաստանը», և «Հայ ազգային կոնգրեսը» բազմիցս հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են»։
Ըստ այդմ՝ Ռուսաստանը Հայաստանի ներկա ընդդիմությանը չվստահելու ոչ մի հիմք չունի և, նման պայմաններում հավասարապես պետք է աշխատի նաև ընդդիմության հետ, քանզի՝ «Այսօր ընդդիմություն է, վաղը կարող է իշխանություն դառնալ»։
3. Ռուսաստանը Հայաստանի այսօրվա ընդդիմությանը չվստահելու հիմք չունի նաև պատմական կտրվածքով.
«Այստեղ՝ Մոսկվայում, հաճախ նաև Արևմուտքում, և նույնիսկ ավելի հաճախ նույն Հայաստանում կան նման կարծրատիպեր, թե, իբր, Սարգսյանը ռուսաստանամետ է, Տեր-֊Պետրոսյանը՝ արևմտամետ։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանում ռուսական ռազմա֊քաղաքական ներկայության ողջ իրավական հիմքը դրվել է Տեր-Պետրոսյանի օրոք. համաձայնագիր ռուսական ռազմաբազայի, սահմանների պաշտպանության, բարեկամության մասին։ Հետևաբար, չէի ասի, որ Տեր֊-Պետրոսյանը Ռուսաստանի համար անընդունելի քաղաքական գործիչ է»։ Այսօրինակ փաստ ու վստահության հիմք փորձագետն արձանագրում է նաև ավելի ուշ շրջանի համար՝ հակադրելով հենց Ս. Սարգսյանին. «Ի դեպ, 2008 թվականին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի հնգօրյա պատերազմից հետո, այդ իրադարձություններն օսեթների նկատմամբ ցեղասպանություն անվանեց հենց Տեր-Պետրոսյանը, այլ ոչ՝ Սարգսյանը»։
Մարկեդոնովն անհիմն է համարում այն պետկերացումը, թե Ղարաբաղի խնդրի առկայությունը լրացուցիչ հիմք կարող է լինել «ղարաբաղյան կլանի» մի այլ ներկայացուցչի՝ Հայաստանում իշխանության գալու կամ ունենալու համար։
Պատասխանելով «ծագումով ղարաբաղցի» Ռ. Քոչարյանի մասին կրկնված հարցին՝ նա ասում է. «Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում Ռ. Քոչարյանի վերադարձին», և  հռետորական հարցադրում է անում. «Ո՞րը պետք է լինի նրան աջակցող ուժը», ինչից հետո, այնուամենայնիվ, մեկ առ մեկ թվարկում է հիմնական քաղաքական ուժերը (ՀՀԿ, ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ, «Ժառանգություն») և հիմնավորում, թե ինչու նրանցից ոչ մեկը չի կարող դառնալ վերջինիս հենարանը։ Մասնավորապես, ԲՀԿ-ի հետ կապված՝ արձանագրում է հանրահայտ հետևյալ իրողությունը. «Տեսականորեն՝ նրան կարող էր աջակցել «Բարգավաճ Հայաստանը»... սակայն կա այնպիսի մարդ, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, որն սկսել է օր օրի իրեն ինքնուրույն խաղացող զգալ և չի ուզի կիսվել ուրիշի հետ»։
Այսպիսով, եթե Մարկեդոնովի նուրբ քաղաքական լեզվով ասած «մեսիջները» թարգմանում ենք ավելի հասկանալի կենցաղային լեզվի, ստացվում է հետևյալը.
- Բացահայտ ու կոշտ ասվում է, որ Մոսկվան խիստ դժգոհ է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի իշխանությունից։
- Իշխանությունը, որպես կանոն, աշխատում է մի այլ երկրի իշխանության հետ։ Մոսկվայի դիրքորոշումը՝ «հավասարապես» աշխատել նաև ընդդիմության հետ (ընդհուպ հայտարարելով, թե ի դեմս նրա՝ տեսնում է վաղվա իշխանությանը) այլ բան չէ, քան անթաքույց անվստահություն Ս. Սարգսյանի նկատմամբ։
- Ռուսաստանը շահագրգռված է, հենց սեփական շահերից ելնելով, իր ռազմավարական դաշնակից Հայաստանում տեսնել օրինակարգ, վստահելի, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Նա համարում է, որ այդպիսին չէ Ս. Սարգսյանի իշխանությունը, և այդ որակի իշխանություն դառնալու իրական հիմքեր է տեսնում նրա դեմ պայքարող ընդդիմության մեջ։
«Ինչ էլ որ Մոսկվան մտածի, հաղթողի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը»,- ամփոփում է իր խոսքը վերլուծաբան փորձագետը, որ այս ամենի կոնտեքստում այլ բան չէ, քան Հայաստանի ժողովրդին ուղղված՝ Մոսկվայի համար ցանկալի իշխանափոխության հորդոր։
Կարելի էր այսքան մեծ նշանակություն չտալ ռուս քաղաքագետի այս հարցազրույցին, եթե այն համահունչ չլիներ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի՝ հոկտեմբերյան հանրահավաքների առիթով «Ռիա-նովոստիին» տված հարցազրույցում արտահայտած մտքերին, որ արդեն Ռուսաստանի կառավարության պաշտոնական տեսակետն է։

http://www.ilur.am/news/view/39100.html

Tuesday, December 16, 2014

«Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրի քաղաքական ասպեկտը


Միմյանց հաջորդած վեց ահաբեկչական ակտ՝ տասներկու տուժող. եւ սա՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 12-ը։  Ընդ որում՝ մարդկանց վրա դարանակալ, կյանքի համար վտանգավոր հարձակումները կարող էին նաեւ կյանք արժենալ, ու դրանք կարելի է նաեւ մահափորձ որակել։
Հանցագործությունները կատարողների կամ դրանց հետ անմիջապես առնչվողների մի քանի վկայություններ ընդհանրական, նույնական «շարժառիթ» են ներկայացնում.
- Ոստիկանական զորքերի հրամանատար. Լ. Երանոսյան. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, հանրապետության նախագահի հասցեին որեւիցե բան ուզենա ասել՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։
- Արամ Մանուկյանի վրա հարձակվող ստահակ (ըստ լրատվամիջոցների ոստիկանական աղբյուրների). «տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը «նախագահ» Սերժ Սարգսյանի հասցեին՝   որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»։
- ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյան (Շմայս).  «Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»։
Ասել է թե՝ շարժառիթի ձեւակերպումը «ով նախագահին բան ասի...» բովանդակությամբ ստացվել է մի կենտրոնից, ու կատարողները, անտաղանդ ձեւով, ընդհուպ՝ բառացի, կրկնում են այն։ Այսինքն՝ գործ ունենք մի կենտրոնում ծրագրված ու հանձնարարված ահաբեկչական կամպանիայի հետ։ Այլապես ինչո՞վ բացատրել «նախագահասիրական» նման համաժամանակյա ու նույնօրինակ «հայրենասիրական» պոռթկումները։
Այստեղ հիշենք նաեւ հետեւյալ արտառոց փաստերը։ ԱԺ անունից ընդհանրապես ձեն-ծպտուն դուրս չեկավ նաեւ այն բանից հետո, երբ հարձակման թիրախ դարձավ պատգամավոր Արամ Մանուկյանը։ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկում քվեարկությամբ մերժվել է ԱԺ պատգամավորի վրա ավազակային հարձակումը դատապարտելու առաջարկը։ Երեկ առավոտյան ԱԺ-ն մերժեց արտահերթ նստաշրջանից առաջ մեկ նիստով քննարկել ահաբակչությունների շղթայի հարցը, իսկ երեկոյան ՀՀԿ-ն բոյկոտեց նույն օրակարգով ոչ իշխանական խմբակցությունների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը։ Այս ամենի հանդիման՝ դժվար է գտնել այլ բացատրություն, քան այն, որ «Ով նախագահին բան ասի...» ահաբակչական հիշյալ կամպանիան այլ բան չէ, քան ամենավերեւում՝ Բաղրամյան 26-ում մշակված ու համապատասխան հանձնարարականներով գործի դրված մի ծրագիր։
Հատկանշական է կատարողների ընդհանուր ձեռագիրը. բոլոր հարձակումները դավադիր են՝ թիկունքից կամ դիմակավորված, խփել փախչելով, ինչպես ժողովուրդը կասեր՝ «թուրքավարի»։ Երբեմն՝ ավելի վատ. քանզի հայտնի է, որ թուրքերի մեջ նույնպես խստորեն մերժված է հյուրընկալությունն ու հյուրասիրությունը հաշվեհարդարի համար օգտագործելու զազրելի գործելակերպը։
«Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրի բացառիկ կարեւորության մասին է վկայում այն փաստը, որ դրա իրականացման համար խտրություն չի դրվում նաեւ, թե ով կօգտագործվի որպես գործիք՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա գեներալից սկսած՝ մինչեւ վերջին կրիմինալ ստահակը։
***
Ինչո՞ւ այս պոռթկումը սկսվեց հանկարծ, նոյեմբերի վերջից, ինչի՞ց անհանգստացած, ի՞նչը կանխարգելելու համար, երբ առջեւում իշխանությանն անհանգստացնող որեւէ բան, անգամ հանրահավաքի նախանշված օր չկա։ Գուցե դա արվում է կոտրելու համար հոկտեմբերյան հանրահավաքների ստեղծած հասարակական ոգեւորության մթնոլո՞րտը։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ դա չարվեց անմիջապես, 24-ի հանրահավաքից հետո, այլ մեկ ամիս ուշացումով։
Երկու պարզ պատճառով։ Առաջին. Համաժողովրդական շարժման կողմից հոկտեմբերի 24-ից հետո հնարավոր հաջորդ հանրահավաքների իրազեկումներ էր տրված բոլոր ուրբաթ օրերի համար՝ մինչեւ նոյեմբերի 28-ը ներառյալ։ Այլ խոսքով՝ մարզային հանրահավաքներով սկիզբ առած ամբողջական իշխանափոխության քաղաքական գործընթացը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակվում էր գտնվել ակտիվ փուլում։ Գլխին կախված ունենալով համապետական երրորդ հանրահավաքի վտանգը, ինչից վարչախումբը  սարսափում էր, ինքը երբեք չէր սադրի դա այսօրինակ ահաբեկչական ակտերով։ Երկրորդ. նոր տարվան նախորդող շաբաթները, հասկանալի պատճառով, լավագույն շրջանը չեն հանրահավաքային ակտիվ քաղաքական գործընթացը շարունակելու համար։ Ահա եւ՝ Ս. Սարգսյանը համարել է, որ նոյեմբերի վերջից սկսած՝ Շարժումը հարաբերական դադարի մեջ է, իրեն ապահով մի «ժամանակային նվեր» է տրված, ու փորձում է այն օգտագործել։
Իսկ թե ինչպես է Ս. Սարգսյանը քաղաքական ակտիվ գործընթացների հարաբերական դադարի «միջոցն» օգտագործում, ինչ մեթոդների է դիմում, վաղուց հայտնի է։ Դրանք, առաջին հերթին, ինտրիգներն են՝ ինչպես սեփական թիմի ներսում (եթե դրա կարիքը կա), այնպես էլ քաղաքական հակառակորդի ճամբարում (ինչքանով որ կարողանում է)։ Հարաբերական դադարի այդ «միջոցին» է, որ հարմար է նաեւ հակառակորդի նկատմամբ ուժի, սպառնալիքի, շանտաժի, ահաբեկչության կիրառման մեթոդներին դիմել։
Դրա ցայտուն օրինակը նույնպես արձանագրվել է հենց այս տարի։
2014-ի մարտից, երբ Քառյակը միահամուռ դրեց Տ. Սարգսյանի պաշտոնանկության պահանջը եւ այդ օրակարգով հանրահավաք նշանակեց ապրիլի 28-ին, դա այլ բան չէր, քան ակտիվ քաղաքական գործընթացի մեկնարկ՝ «ամբողջական իշխանափոխության»՝ մինչ այդ հռչակած օրակարգի շրջանակներում։ Ս. Սարգսյանն ստիպված էր նահանջել՝ ոչ միայն պաշտոնանկ անելով իր «անփոխարինելի» վարչապետին, այլեւ հետաձգելով Սահմանադրության փոխման դիվային իր ծրագրի մեկնարկը։ Դրանով նա կարողացավ դուրս գալ վտանգավոր ճգնաժամային վիճակից։ Քառյակի՝ կոնսենսուսային «12 կետերի» կատարման պահանջը, շատ կարեւոր լինելով հանդերձ,ապրիլին ծայր առած քաղաքական գործընթացի համեմատությամբ ակտիվության առումով մի մակարդակ ցածր էր։ Այն կարող էր գնահատվել որպես քաղաքական գործընթացի հարաբերական դադար։ Հենց այդպես էլ գնահատեց Ս. Սարգսյանը։
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի գործողություններին միշտ պետք է նայել նրա գերխնդրի՝ սահմանադրության փոխման միջոցով իր իշխանության հավերժացման դիտանկյունից։
Ահա, այս տարվա գարնանը Ս. Սարգսյանը Տ. Սարգսյանին զոհաբերելու գնով վաստակած հարաբերական դադարի միջոցում փորձեց օգտագործել իր հիմնական գործիքները՝ հենց այս գերխնդիրը լուծելու համար։
Այդ խնդիրը լուծվում էր ԲՀԿ-ին սահմանադրափոխության ծրագրի մեջ ներքաշելով միայն։ Այլ տարբերակ չկար եւ այսօր էլ չկա։ Չօգնեցին այդ նպատակով կիրառված ինտրիգները։ Չօգնեց նաեւ «թագավորության կեսը» նրան տալու խոստումը։ Այդ ժամանակ նա փորձեց անցնել ուժային մեթոդների՝ ԲՀԿ-ի դեմ շանտաժների, սպառնալիքների ու տնտեսական ահաբեկչության։
Այդ առիթով էր, որ Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 21-ին կոշտ ու սաստող նախազգուշացում արեց. «Թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եւ եթե մինչեւ հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն՝ վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը որեւէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից»։ (տես «Հրատապ հարցազրույց»  http://www.ilur.am/news/view/32661.html)։ Դրանից հետո այդօրինակ փորձերը դադարեցին. Ս. Սարգսյանը հասկացավ, որ այդ կերպ կարող է սադրել իշխանափոխության քաղաքական գործընթացի ակտիվ հանրահավաքային մակարդակի բարձրանալը։ Քիչ անց, մարզային հանրահավաքների մեկնարկումով ու համապետական հանրահավաքի ժամկետի հստակեցմամբ, վերականգնվեց ակտիվ քաղաքական գործընթացը։ Ու քանի այն կար, նախապես արված «սառը ցնցուղների» եւ այլ «պրոֆիլակտիկ» բարձրագոչ սպառնալիքներն այդպես էլ մնացին օդում կախված։
***
Սերժ Սարգսյանի համար կենսական նույն այս՝ սահմանադրության փոխման խնդրի դիտանկյունից, ահա, պետք է նայել նաեւ «Ով նախագահին բան ասի...» ահաբեկչական ծրագրին։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ստիպված եղավ հայտարարել, որ սահմանադրափոխության իր ծրագիրը հետաձգում է «մինչեւ փետրվար-մարտ»։ Հայտարարեց նաեւ, որ դրա համար այդ ընթացքում պետք է հասնի այդ ծրագրի շուրջ «լայն քաղաքական կոնսոլիդացիայի»։ Հասկանալի է, որ խոսքը կրկին ԲՀԿ-ի մասին է, ինչին եւ Ս.Սարգսյանը բոլոր միջոցներով ձգտում է, ահա, շուրջ մեկ տարի։ Այս ընթացքում նա արդեն համոզվել է, որ այդ նպատակին հասնելու համար չի աշխատում «բլիթի քաղաքականությունը»։ Բայց նա տեսել է նաեւ, որ չի աշխատում նաեւ «մտրակի քաղաքականությունը», քանզի դրա իրականացման համար շատ կարեւոր խանգարող գործոն կա։ Ամռանը դա «նախագահին բան ասող» Հայ ազգային կոնգրեսն էր, հիմա դրան ավելացել են նաեւ ազատամարտիկները, փողոց դուրս եկած այլ ակտիվիստներ։ Եւ, ահա, օգտվելով ակտիվ քաղաքական գործընթացի երկրորդ հարաբերական դադարի «բարենպաստ» համարված շրջանից, հենց խանգարող այդ գործոնի դեմ է, որ մշակվել ու գործարկվել է վերջին ահաբեկչական ծրագիրը։
Ահաբեկչական գործողություններով ամենաչնչին հաջողության հասնելու, դրանով վախի մթնոլորտը խորացնելու, հասարակական ակտիվացած քաղաքական մթնոլորտը կոտրելու դեպքում, ակնհայտ է, թե Ս. Սարգսյանը որ ուժի դեմ է ուղղվելու «մտրակի» հիմնական հարվածը՝ նրան «կոնսոլիդացիայի բերելու» ու վերջապես լուծելու համար սահմանադրության փոխման, իր իշխանության հավերժացման խնդիրը։
Ուստիեւ.
Անիմաստ է քաղաքական բանականությունը կորցրած Ս. Սարգսյանի հետ խոսել քաղաքական լեզվով, նրանից ակնկալել քաղաքական ընկալում կամ, թեկուզ, քաղաքական բնույթի ռեակցիա։
Չի կարելի նրան միջոց տալ՝ օգտագործելու համար ինտրիգների, թիկունքից խփելու, դավադրությունների իր գործիքակազմը. դա չափազանց վտանգավոր է քաղաքական ուժերի, առանձին անհատների, վերջին հաշվով՝ իշխանափոխության քաղաքական գործընթացի, ողջ հասարակության ու երկրի ապագայի համար։
Ամբողջական իշխանափոխության քաղաքական գործընթացը անհապաղ պետք է վերադարձնել իր նախկին ամենաակտիվ մակարդակին ու շարունակել մինչեւ խնդրի վերջնական լուծումը։

http://www.ilur.am/news/view/38850.html

Tuesday, December 9, 2014

Մի տեսակ՝ տխուր ու զավեշտալի


Վերջին շաբաթներին, կապված ԵՏՄ պայմանագրի վավերացման խնդրի հետ, հերթական անգամ քննարկումների առարկա դարձավ երկրի անկախության հարցը։
«Ի՞նչ է անկախությունը» հարցին ամենատարածված պատասխանն այն է, թե՝  «Անկախությունը յուրաքանչյուր ազգի, ժողովրդի համար գերագույն արժեք է»։ Եւ, կարծես թե, իրոք այդպես է. ժողովուրդների տոնացույցերում, որպես կանոն, ամենակարեւոր տոնը անկախության ձեռքբերման օրն է։
Եւ այնուամենայնիվ, անկախությունը, զգացմունքային դաշտից դուրս՝ պաղ քաղաքական հարթության վրա, ոչ թե գերագույն արժեք է, այլ ընդամենը գործիք։  Շա՜տ թանկարժեք, անփոխարինելի, ամենահուսալի, բայց՝ ընդամենը մի գործիք, որով ապահովվում են տվյալ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը։ Սրանք են, ահա, արժեքները, իսկ անկախությունը այդ արժեքներն ապահովող գործիքը, միջոցն է։
Կարելի՞ է անկախությունից մաս զիջել, թե՞ դա սրբապղծություն է, անթույլատրելի։
Կարելի է, եթե դրանով առավել մեծացնում կամ ամրապնդում ես քո ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը, հուսալի դարձնում նրա ապագան եւ այլն։ Օրինակներ շատ կան. ասենք՝ այդպես է ստեղծվել ԱՄՆ-ը։ Լինում են նաեւ մի քիչ այլ դեպքեր, երբ նույն այդ անկախությունից մաս ես զիջում ոչ թե այդ արժեքների շրջանակներում քո ժողովրդի համար ավելին ունենալու, այլ եղածը պահպանելու կամ, հանգամանքների բերումով՝ անխուսափելի կորուստը նվազագույնի հասցնելու համար։ Ժամանակին այդպես կազմավորվեց Խորհրդային Միությունը։
ԵՏՄ-ի, ինչպես այդօրինակ որեւէ այլ միության մեջ մտնելով՝ անկախությունից մաս պիտի զիջվեր։ Եւ, ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում եւս ինչ-որ չափով հասարակական հակազդեցության պիտի արժանանար՝ անկախ այդ հակազդեցության շարժառիթներից։ Խնդիրը, ինչպես ի սկզբանե, այնպես էլ ավարտական փուլում՝ վերջին շաբաթներին, ըստ էության, ամենաչնչին հակազդեցության արժանացավ՝ արտահայտված 2-3 տասնյակ ցուցարարներով եւ գուցե նույնքան «ճանաչված գործիչների» ելույթներով մամուլում ու սոցիալական ցանցերում։ Այստեղ մենք չենք խոսի դրա՝ արդեն արձանագրված պատճառների մասին։ Չենք գովի ու չենք էլ մեղադրի ո՛չ նրանց, որ «հանուն անկախության» փողոց էին դուրս եկել, ո՛չ էլ անկախության այն «ջատագովներին», որ գերադասում էին աղմուկ անել լրատվամիջոցներում ու համակարգիչների առջեւ։ Գուցեեւ այս ամենը, թեկուզ՝ որպես բնական թյուրիմացություն, շատ ավելին պիտի լիներ իրական անկախ պետականությամբ օժտված որեւէ հասարակության մեջ։
Կխոսենք միայն այն մասին, որ այդ «հակազդեցության մեջ» ինչ-որ զավեշտալի ու մի տեսակ՝ տխուր բան կար։ Եւ դա՝ կապված ոչ թե արձագանքող, բողոքող մարդկանց ու նրանց շարժառիթների, այլ մեր օբյեկտիվ իրականության հետ։  Փորձենք դա բացատրել։
Ընդունենք, թե անկախությունից արված զիջումների դիմաց մենք, ԵՏՄ (կամ այլ մի միություն) մտնելով, դրան համարժեք բան չենք ստանում՝ հօգուտ վերոնշյալ (ազատություն, անվտանգություն, արժանապատիվ կյանք, զարգացում) արժեքների։ Կամ նույնիսկ ինչ-որ չափով վտանգում, նվազեցնում ենք այդ արժեքները։
 Տխուրն ու զավեշտալին այն է, որ այսօրվա մեր իրավիճակի համար չի կարող  նման հարցադրում լինել։ Որովհետեւ ինչպես վերոնշյալ արժեքները, այնպես էլ, բնականաբար, դրանք ապահովող գործիքը, միջոցը Հայաստանում պարզապես գոյություն չունեն։
Արդեն շուրջ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող ավազակապետական ռեժիմն իր կործանարար հետեւանքներով անհամեմատելի է հայ ժողովրդի վրա հաստատված որեւէ օտար նվաճողի իշխանության հետ՝ մեր ողջ պատմության կտրվածքով։ Եւ սա ընդդիմադիր դիրքից ասված գեղարվեստական չափազանցություն չէ։ Չիջնենք պատմության խորքերը։ Համեմատությունը կատարենք մեր պատմության մեջ ամենամղձավանջային շրջանի՝ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին տասնամյակների հետ (ինչի հետեւանքով կորցրինք հայության 3-4 հազարամյա պատմական հայրենիքը)՝ անելով ընդամենը երկու արձանագրում.
- Անազատության, վտանգվածության, արժանապատիվ կյանքով ապրելու անհնարինության, զարգացման հեռանկարի բացակայության հետեւանքը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր, արտագաղթն է, հայրենի հողը լքելը։ Ավազակապետական ռեժիմի մեկուկես տասնամյակում, խաղաղ պայմաններում, Հայաստանից արտագաղթողների իրական թիվը մոտենում է կես միլիոնի սահմանագծին։ Մեր պատմության ընթացքում օտար նվաճողների իշխանության պայմաններում Հայաստանից արտագաղթ միշտ է եղել։ Եւ անհնար է գտնել մեկ-մեկուկես տասնամյա որեւէ շրջան, երբ խաղաղ պայմաններում սեփական երկրից արտագաղթողների թիվը մոտենար կես միլիոնի։ Նման բան չի եղել  անգամ այն դեպքում, երբ օտար իշխանությունը արտագաղթի մատնելու հատուկ քաղաքական ծրագիր է մշակել եւ գործադրել։ Խոսքը վերաբերում է 1878 թվականին «Հայկական հարցի» ի հայտ գալուց հետո Արեւմտյան Հայաստանում հայության տեսակարար կշիռը նվազեցնու՝ Օսմանյան Թուրքիայի ծրագրին։ Դրա գործադրման 35 տարում (մինչեւ 1915թ.) նա նման արդյունք չկարողացավ ստանալ։ Թող այդ շրջանի մասնագետ պատմաբաններն ու ցեղասպանագետները գտնեն որեւէ մեկուկես տասնամյակ, երբ Արեւմտյան Հայաստանից այդքան արտագաղթ է եղել։
- Կապված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ՝ 1960-ական թվականներից ի վեր մանրակրկիտ ուսումնասիրման առարկա է դարձել արեւմտահայության կրած նյութական կորուստների խնդիրը, դրան բազմաթիվ հոդվածներ եւ ամբողջ մենագրություններ են նվիրվել։ 2000 թվականից հաստատված ավազակապետական իշխանության հենքը, ինչպես հայտնի է, կոռուպցիոն համակարգն է՝ բրգաձեւ այն կառույցը, որի գագաթին իշխանության առաջին դեմքն է։ Ըստ միջազգային տարբեր մասնագիտական գնահատականների (դրանք մեկ անգամ չէ, որ հրապարակվել են)՝ կոռուպցիոն այս համակարգի միջոցով հավաքված «ստվերային բյուջեն» (երկրից ու նրա ժողովրդից կատարված թալանը) ընդհուպ երկու անգամ գերազանցում է պետական պաշտոնական բյուջեի ծավալը։ Ըստ այդմ՝ պարզ թվաբանական գործողությամբ դժվար չէ հաշվել կատարված թալանի, կողոպուտի ընդհանուր չափը՝ մոտ 35-40 միլիարդ դոլար։ Եթե դա ոմանց շատ կթվա, ոչինչ, բաժանեք երկուսի։ Եւ դրա առյուծի բաժինը, բնականաբար, կոռուպցիոն բուրգը գլխավորողինն է։ Եւ թող նույն՝ 1878-1915թթ. նեղ մասնագետները նստեն ու ապացուցեն, որ հայ ժողովրդին նաեւ կողոպտելով Հայաստանից արտագաղթի մատնելու քաղաքական ծրագիր իրականացնող սուլթան Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը արեւմտահայությունից այդչափ հարստություն են կողոպտել (մինչեւ 1915թ)։
Ասել է թե՝ ներկա ավազակապետական իշխանությունն, ըստ իր քաղաքական հետեւանքների, հայ ժողովրդի համար շատ ավելի վատն է, քան կլիներ անկախութան լիակատար բացակայությունը, քան որեւէ օտար տիրապետություն։ Այն շատ ավելի ազգակործան է, քան անգամ հայ ժողովրդին սեփական հայրենիքից դուրս քշելու ծրագրի իրականացման մղձավանջային  երեքուկես տասնամյակները 100-140 տարի առաջ։ Ռեժիմի հասցրած վնասներն առայժմ զիջում են միայն 1915թ. եւ հաջորդ տարիներին Հայոց ցեղասպանությանը։
Ուրեմն՝ ո՞ր անկախության համար անհանգստանալ, այն՝ որ մեզ ունեզուրկ, իրավազուրկ ու գաղթական, սաշիկներին՝ միլիարդատեր դարձնելու գործի՞ք է։ Անկախությունը գործիք է՝ ապահովելու համար ժողովրդի համար գերագույն արժեքները՝ ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, զարգացումը։ Արդեն շուրջ մեկուկես տասնամյակ մենք չունենք այդ արժեքները, չունենք առավել, քան երբեւէ օտար որեւէ տիրապետության տակ։ Եթե չունենք այդ արժեքները, ուրեմն, ըստ էության՝ չունենք, զրոյական մակարդակի վրա է նաեւ դրանք ապահովող գործիքը՝ անկախությունը։ Կամ՝ ունենք այդ գործիքի այլասերված, ֆունկցիոնալ առումով բոլորովին հակառակ տարբերակը։ Զրոյական մեծությունից ի՞նչ կարող ես զիջել կամ չզիջել։
Ահա թե ինչու՝ ինչ-որ տխուր ու զավեշտական բան կար, երբ մարդիկ (անկախ շարժառիթից, արտահայտման ձեւից ու քաղաքական նպատակահարմարությունից) անհանգստանում էին անկախությունից մաս կորցնելու հարցով։ Անգամ այդ՝ շատ բնական զգացումն ունենալու իրավունքը, մի տեսակ՝ տխուր զավեշտի էր վերածվում։ Ու այդպես կլինի, քանի դեռ Հայաստանի քաղաքացին նախ չի լուծել սեփական ազատությունը, անվտանգությունը, արժանապատիվ կյանքն ու զարգացումն ապահովող գործիք անկախությունը՝ այն այլասերած-ոչնչացրած ռեժիմի ձեռքից ազատելու հարցը։

http://www.ilur.am/news/view/38507.html