Wednesday, May 7, 2008

Հարցազրույց “Հայքին”


 Հարց
Դե-յուրե... Իսկ որպեսզի երդման այդ արարողությունը դե-ֆակտո կայանար, առավոտից մինչեւ երեկո ամբողջությամբ մարդազրկվել էր Երեւանի համարյա ողջ Փոքր Կենտրոնը ու լցվել զորքով՝ վերածվել ռազմական բազայի։ Առավոտյան տնից դուրս եկող մարդկանց ոստիկանները մուտքի մոտ զգուշացնում էին՝ կամ ամբողջ օրը տանը մնալ, կամ դուրս գալուց հետո մինչեւ ժամը չորսը այլեւս չեն կարող տուն վերադառնալ։ Փակվել էին ոչ միայն կենտրոնական փողոցները, այլեւ մայթերը։  Ո՞ւմ համար էր երդվում, ո՞վ է հավատացել այդ երդմանը։ Ո՞ւմ էր երդվում, այն նույն ընտրողներին, որոնց իբր մեծամասնությունը իրեն ձա՞յն էր տվել։ Որտե՞ղ էին նրանք։ Անգամ վախեցան, ինչպես սովորաբար անում էին, մի քանի տասնյակ ավտոբուս մարդ բերել, որ ձեռքեր թափահարեն, կադրերում երեւան։ Վախեցան, քանի որ ունեին նաեւ մարտի 26-ի դրա դառը փորձը։ Ում էլ որ բերեին, նրանցից կարող է ոչ թե ողջույնի, այլ մերժման աղաղակներ լսեին։ Հազիվ թե որեւէ մեկը կերազի այսպիսի “դե յուրե նախագահ” դառնալ։ Արժանապատվություն ունեցող մարդը այդ կերպ ոչ թե նախագահ, աստված էլ չէր ուզի օծվել։
Իսկ ընդդիմադիր դաշտում եթե ինչ-որ բան փոխվել է, փոխվել էր մինչ այդ։ Ոչ թե փոխվել, այլ պարզվել էր։ Պարզվել էր անգամ ամենահեռավոր գյուղի սովորական գեղջկուհու համար։ Խոսքս վերաբերում է վարչախմբի վարձու ընդդիմության եւ խամաճիկ թեկնածուների ինստիտուտին, որ հատուկ հոգատարությամբ նախապատրաստվում է յուրաքանչյուր հաջորդ ընտրության համար։ 1998-ին այդ թատերախաղում հիմնական դերը խաղաց Վազգեն Մանուկյանը, 2003-ին՝ Արտաշես Գեղամյանը՝ օգնելով “դե յուրե նախագահ” դառնալ Ռ. Քոչարյանին։ Բայց այն ժամանակ այդ խաղը ընկալում էին հիմնականում քաղաքական շրջանակները, լայն հասարակությանը հնարավոր էր լինում խաբել։ Այս անգամ դա անհնար եղավ։ Հիշեմ վերեւում հիշատակածս գեղջկուհուց պատահաբար լսածս, որ շուկայում հարեւանուն իր բարբառով ասում էր. “Խայտառակվանք. գյուղապետն ըսավ Արթուրին ընտրեք, ինքն էլ ի ընդդիմադիր... խաբեց, գնաց միացավ էդ ...., մըկը ամչնասեյ գեղամեջ ըլել”։ Այսինքն, կարելի է ասել, որ հիմա ընդդիմադիր դաշտը դա ամբողջ ժողովուրդն է։ Ինչ վերաբերում է պայքարը շարունակելու ձեւերին, ապա այն, ինչպես մինչեւ հիմա, այսուհետ էլ շարունակվելու է վարչախմբի համար անմենաանցանկալի ու վտանգավոր ձեւով, այն է՝ քաղաքական եւ օրինական մեթոդներով։

Հարց բ.
Ինչքանով որ օրենքով են փակված՝ ստիպված կլինեն փոխել։ Ինչքանով որ դա կամայականություն է՝ ստիպված կլինենք հաղթահարել։ Հյուսիսային պողոտան էլ էին փակել “քաղաքական զբոսանքների” համար։ Մի 10-15 օր ուժով ցրեցին, հարյուրավոր մարդկանց “բերման” ենթարկեցին ոստիկանական բաժիններ, հետո ստիպված եղան համակերպվել։ Ամբողջ մի ամիս Համաժողովրդական շարժման կոնգրես անցկացնելու համար դահլիճ չէին տրամադրում։ Երբ իմացան, որ պատրաստվում ենք այն անցկացնել Թբիլիսիում, ասացին՝ համեցեք, որ օրն ուզում եք։

Հարց գ.
Երկխոսության առաջին հորդորն արել է Եւրոմիության նախագահությունը դեռ մարտի սկզբին, եւ ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանություններին, բայց մինչ այդ նրանցից պահանջելով որոշակի քայլեր, գործողությունների կատարում, խնդիրների լուծում, մասնավորապես՝ բոլոր ձերբակալվածների անհապաղ ազատ արձակում, տեղեկատվության ազատության ապահովում եւ այլն։ Եւ, այնուամենայնիվ, ընդամենը 2 օր հետո դրան արձագանքել, իր պատրաստակամություն հայտնել է ոչ թե վարչախումբը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նույնը նաեւ Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի դեպքում։ Եթե երրորդ, չեզոք կողմը գտնում է, որ որեւէ երկխոսություն հնարավոր է միայն վարչախմբի կողմից որոշակի քայլեր անելուց հետո, մենք պետք է ասենք՝ լավ ոչինչ, ինչ եղել, եղել է, եկեք խոսե՞նք։ Դա կլինի ոչ թե երկխոսություն, այլ ուժեղի, հաղթածի, օրինապաշտի կապիտուլացիա՝ պարտվածի, թույլի, օրինազանցի առջեւ։
Երկխոսության հետ կապված չարչրկվող խնդրին Համաժողովրդական շարժման վերջին կոնգրեսում մանրամասն անդրադարձավ հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Համարյա բոլոր հեռուստաալիքները անդրադարձան ելույթի հենց այդ մասին՝ նրա ասածը հնարավորինս աղավաղելով ու խեղաթյուրելով։ Իսկ աղավաղումը կատարվում էր այնպիս, որ տպավորություն ստեղծվի իբր նա նահանջել է իր նախկին դիրքերից, մինչդեռ նման բան գոյություն չունի։ Իսկ “Հայլուրը” նույնիսկ գնաց հանցավոր քայլի՝ հայտարարելով, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դադարեցնել քաղաքական պայքարը։ Պարզ է, որ հրահանգը մի կենտրոնից էին ստացել՝ ժողովրդին խաբելու, նրա մոտ հուսախաբություն եւ հուսալքություն առաջացնելու համար։ Սա այլ բան չէ, քան ձեռքը փրփուրին գցել։

Հարց դ.
 Դրանից Հայաստանի հզորությունը ու նրա բնակիչների բարեկեցությունը հաստատ չի բարձրանա, ոչ էլ ժողովրդավարությունը կամրապնդվի։ Այդօրինակ վիճակում հայտնված երկիրը ու նրա ժողովուրդը որեւէ կերպ վճարում է՝ բացահայտ կամ չերեւացող։ Կարող են տարաբնույթ պատժամիջոցներ կիրառվել ե՛ւ վարչախմբի դեմ, ե՛ւ ամբողջ երկրի ու ժողովրդի։ Կարող են վերջապաս առավել թույլ ու խոցելի դարձնել իշխանությանը ու նրան ստիպել առավելագույն զիջումների գնալ զանազան, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ոչ լեգիտիմ, կրիմինալ իշխանությունը երկրի համար “սպիդի” վիրուսի նման բան է, որ քայքայում է նրա իմունային համակարգը եւ օրգանիզմը զրկում դիմադրողականությունից։ Բայց ի տարբերություն “սպիդի”, սրա “անտիվիրուսը” գտնված է վաղուց. դա օրինական իշխանության ու ժողովրդավարության հաստատումն է։

«Հայք», 07.05.08


No comments:

Post a Comment