Saturday, May 10, 2008

Հարցազրույց “Ժամանակ Երեւանին”


Ինչպիսի՞ն է ստեղծված իրավիճակը
Իրավիճակը, մեղմ ասած, խիստ յուրահատուկ է։ Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը, խախտելով օրենքները, բռնության գործադրմամբ եւ կեղծելով ընտրությունները, ինքնակոչ նախագահ է հռչակվել, իսկ ընդդիմությունը ոչ մի կերպ դրա հետ չի ուզում հաշտվել։ Այդպես եղել է նաեւ 1998-ին, երբ Ռ. Քոչարյանը կեղծ փաստաթղթերով նախագահ դարձավ՝ կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, 2003-ին՝ երբ նույն խախտումը կրկնելուց բացի, ստիպված եղավ նաեւ շատ ավելի մեծ չափերով ընտրակեղծիքներ կատարել։ Այն ժամանակ էլ ընդդիմությունը բազմամարդ հանրահավաքներով արդարացիորեն չէր ուզում հաշտվել։ Ճիշտ է՝ երկու դեպքում էլ իրականում հաղթել էին ընդդիմադիր թեկնածուները (Կ. Դեմիրճյանը եւ Ս. Դեմիրճյանը), սակայն հասարակության մի մասին հնարավոր էր եղել խաբել վարձու ըննդդիմադիրների միջոցով (Գեղամյան, Վ. Մանուկյան եւ այլն), մի մասն էլ, այնուամենայնիվ, մոլորության մեջ էր կամ չէր արթնացել անտարբերության թմբիրից։  Ճիշտ է՝ այս անգամ էլ նույն դերը խաղաց ԱԽՔ-ը, բայց դա շատ արագ ու մինչեւ վերջ բացահայտվեց։ Հիմա Հայաստանում գործնականում գոյություն չունի մոլորության մեջ մնացած կամ անտարբեր մարդ։ Հիմա Հայաստանում ամբողջ ժողովուրդը մի բեւեռ է, որի ոչ միայն մտքով չի անցնում, այլեւ ֆիզիոլոգիապես չի ընդունում տեղի ունեցածը եւ Սերժ Սարգսյանին։ Իշխանությունը՝ մի քանի հարյուր մարդ՝ մյուս բեւեռն է։ Իսկ ավելի ճշգրիտ՝ գոյություն չունի նաեւ իշխանության մեկ միասնական բեւեռ։ “Հաղթողների” մեջ էլ այնքան շատ են բազմաշերտ հակասություններն ու խոր թշնամանքը, որ կարող է պայթել նույնիսկ սեփական հակադիր լիցքերից, առանց արատաքին միջամտության։
Կա իրավիճակի եւս մի էական տարբերություն։ Դա հետեւյալն է. Ռ. Քոչարյանը (մասնավորապես 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո), որքան էլ ապօրինի, ոչ լեգիտիմ, սակայն ինքնուրույն էր գործում, խամաճիկ չէր։ Ի տարբերություն նրա, Սերժ Սարգսյանը, գեթ այսօր, պարզ խամաճիկ է։ Խամաճիկ է նույն Ռ. Քոչարյանի ձեռքում։ Այդ են վկայում կատարված ու նախատեսվող նշանակումները. Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորը գիտեն՝ ով ում “մարդն է” կամ հովանավորյալը, գիտեն այդ մի քանի տասնյակ մարդկանց փոխհարաբերությունների բոլոր նրբությունները։ Քոչարյանի իրական ու փաստական իշխանության մասին է վկայում նաեւ այն փաստը, ներքին քաղաքակնության մեջ բացարձակապես նույն ձեռագիրն է։ Չեմ ուզում ասել, թե Սերժ Սարգսյանը որպես մարդ էական տարբերություններ ունի իր երկորյակի նկատմամբ։ Բայց ունի մի շատ կարեւոր, անժխտելի տարբերություն. նա նոր է։ Առավել եւս այդ կերպ նոր իշխանության եկածը, իր իսկ կենսական շահերից ելնելով, պարտավոր է սկզբում կատարել որոշ պարտադիր քայլեր, որոնք չկան։ Այսօր վարվող ներքին քաղաքականությունն այլ բան չէ, քան եւս մեկ օր, եւս մեկ շաբաթ իշխանությունը ձգելու քայլեր, որ կարելի էր բնական համարել գնացողի, իր ժամկետը սպառողի համար, բայց ոչ նոր եկածի։ Դրա համար էլ ասում ենք, որ երկիրը փաստորեն դեռ շարունակում է ղեկավարել Ռ. Քոչարյանը։ Սա վտանգավոր վիճակ է՝ քայլերը անում է մեկը, պատասխանատվությունն ընկնում է մեկ ուրիշի վրա։

Սրանց դրությունը, քայլերի անտրամաբանականությունը

Ըստ այդմ էլ՝ վարչախմբի դրությունը, մեղմ ասած, կարելի է համար ոչ նախանձելի։ Փետրվարի 19-ի “հաղթանակից” ի վեր, սկսած Սերժ Սարգսյանից, հեռուստաէկրաններին որեւէ մեկի դեմքին տեսե՞լ եք հաղթողի բերկրանքի կամ վստահություն թեկուզ ամենաթույլ նշույլ։ Նման դեպքերի համար ժողովրդական պատկերավոր խոսքն ասում է՝ “մեռած են, թաղած չեն”։ Եւ ընդհակառակը՝ Համաժողովրդական շարժման “պարտված” մասնակիցներից որեւէ մեկի դեմքին, ղեկավարներից մինչեւ շարքայիններ, տեսե՞լ եք պարտվածի ընկճվածության, անվստահության, տխրության որեւէ արտահայտություն։
Ինչ վերաբերում է վարչախմբի քայլերի անտրամաբանականությանը։ Եթե դատելու լինենք վերջին 6-7 ամիսների փորձից, այդ անտրամաբանականությունը զարմանալիորեն հետեւողական է։ Ասեմ ամենապարզ ու համոզիչ օրինակի վրա։ Նախարդ աշնանից սկսած, Լեւոն Տեր-Պետրոսյանի ամեն մի ելույթ հսկայական տեղաշարժ էր առաջացնում հասարակական մտածելակերպում ու տրամադրություններում, ավելացնում պոտենցիալ ձայները։ Հիմա, եթե հարցնեք, թե ո՞րն էր այն երկրորդ  անձը, կամ գործոնը, որ այդ ընթացքում դրականորեն ազդեց Առաջին նախագահի օգտին հասարակական տրամադրությունների փոփոխման վրա, ապա (թող ինձ ներեն նրա բոլոր զինակիցները եւ քաղաքական ուժերը), ես վստահ կպատասխանեմ... Ռ. Քոչարյանը։ Ամեն անգամ, երբ վերջինս փորձում էր “պատասխանել” Առաջին նախագահի հերթական ելույթին, դա անում էր այնքա՛ն պրիմիտիվ, այնքա՛ն անմակարդակ, այնքա՛ն վատորակ, որ նրա խոսքը ճիշտ հակառակ հետեւանքն էր ունենում՝ ցուցադրելով երկու համեմատելիների ինտելեկտի ահռելի տարբերությունը։ Բայց ոչ միայն սա։ Ճիշտ նույն կերպ՝ չի եղել ընդդիմության (նկատի ունեմ Շարժման) որեւէ միջոցառում, որի արդյունավետությունը չկրկնապատկվեր ոստիկանական միջամտությունների շնորհիվ։ Քանի՜-քանի՜ չնախատեսված, տպավորիչ երթեր են եղել ոստիկանական սադրանքների հետեւանքով, հակառակ դեպքում դրանք չէին լինի։ Վերջին մի օրինակ. այսօր մենք ականատեսն ենք աննախադեպ համառությամբ, մոտ երկու ամիս շարունակվող “քաղաքական զբոսանքներին” Հյուսիսային պողոտայում։ Եթե մարտի 21-ին, Արտակարգ դրության ավարտի հաջորդ օրը, մարդկանց թույլ տրվեր մտնել Ազատության հրապարակ, նրանց նկատմամբ այդ եւ հաջորդ օրերին ուժ չգործադրվեր, զանգվածաբար չտանեին ոստիկանական բաժիններ, ապա այդ “զբոսանքները” ամենալավատեսական հաշվարկներով մեկ շաբաթից ավելի չէին ձգվի։ Գոնե դպրոցից հիշեին, որ ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (Նյուտոնի 3-րդ օրենք)։ Այնպես որ, ես դժվարանում եմ հասկանալ սրանց տրամաբանության կառուցվածքն ու վեկտորը, բայց վստահ եմ, որ այսուհետեւ էլ նույն կերպ կշարունեկեն օգնել Շարժմանը։

 Ի՞նչ ճիշտ կլիներ, որ անեին

Ճիշտ քայլի հնարավորությունը իրենց միշտ տրվել է, աշնանից սկսած. ընդհուպ՝ որ կարող են հեռանալ՝ վատ բաների համար ներվել եւ պատմության մեջ մնալ ժամանակին իրենց բերած դրական վաստակով։ Չեն ընդունել, եւ դա եւս ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Հիմա էլ է տրված ճիշտ քայլի հնարավորությունը. պետք է անվերապահորեն կատարեն Եւրոմիության նախագահության որոշումների եւ ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները։ Դրանից հետո անցկացվեն նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան բան կներվի Սերժ Սարգսյանին, եթե նա քաղաքական կամք դրսեւորի եւ կարողանա այդ ընտրությունները կազմակերպել ու անցկացնել իրոք թափանցիկ եւ օրինական։ Իսկ դա չափազանց հեշտ է. այսօր Հայաստանում այնպիսի եզակի բարենպաստ հասարակական մթնոլորտ է, որ այդպիսի, ողջ աշխարհի համար օրինակելի ընտրություններ անցկացնելու համար լրիվ բավարար կլինի այն ջանքերի ընդամենը 3 %-ը, որ գործադրվեց վերջին նախագահական ընտրություններում՝ դրանք կեղծելու համար։ Իսկ այդօրինակ ընտրություններից հետո մենք կունենանք աշխարհում ամենաբարձր լեգիտիմությամբ օժտված իշխանություն՝ այնքան կարեւոր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ծանր մարտահրավերներին դիմակայելու, այսօրվա եւ վաղվա բազմաբնույթ խնդիրների արդյունավետ լուծման համար։

 Իրականում ի՞նչ կանեն իրենց արածի տրամաբանությունից ելնելով։

Մինչեւ հիմա արածի տրամաբանությունից ելնելով պետք է շարունակեն նույն՝ իրավիճակին ոչ համարժեք, քաղաքական որեւէ հաշվարկից դուրս, երկրի ու ժողովրդի շահերի հետ չհամատեղվող, ու դրանց հետ ոչ մի կապ չունեցող, մեկ օր եւս իշխանությունը պահելուն ուղղված քայլեր։ Ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ հրաբուխը նորից ժայթքելու է, եւ ինչքան փորձեն ամուր փակել կափարիչը, այնքան ավելի մեծ թափով է պայթելու։ Ամեն մեկը կարող է տանը փորձել. ամուր զոդեք-փակեք ջրով լի թեյնիկը կամ կաթսան եւ դրեք կրակի վրա, եւ հետեւեք, թե ինչ տեղի կունենա եռալուց որոշ ժամանակ անց։

Բայց մարտի 1-ին կրակեցին ժողովրդի վրա

Իսկ եթե իրենց վերջին փաստարկը Ղարաբաղի հատուկ ջոկատայինները եւ օլիգարխների քրեական շրջապատն է, ապա դա շատ վատ, եթե չասենք՝ կործանարար փաստարկ է, եւ ոչ միայն իրենց համար։ Ինձ չեն անհանգստացնում քրեականները։ Բայց հասարկության մեջ շարունակում են ակտիվորեն շրջել լուրերն այն մասին, որ մարտի 1-ին օգտագործվել են Ղարաբաղից բերված հատուկջոկատայիններ։ Այդ մասին բազմիցս արձանագրվել է մամուլում։ Այդ մասին բոլորն էին խոսում դեռ մարտի 1-ի ոճրագործությունից անմիջապես հետո։ Լայնորեն շրջանառված այդ տեղեկություններին իր մամլո ասուլիսներում անդարձել է Առաջին նախագահը՝ ասելով, թե շատ կուզենար, որ այդ խոսակցությունները չհամապատասխանեին իրականությանը։ Ոմանք համոզված են, թե այդ ջոկատը հիմա էլ տեղակայված է Երեւանում։ Եւ այդուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից որեւէ պաշտոնական արձագանք չկա այս խիստ կարեոր հարցի մասին։ Եթե նման բան չի եղել, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահը պարտավոր է պաշտոնապես հերքել այդ լուրերը։ Համոզված եմ՝ շատերը կհավատան նրա խոսքին, քանզի ոչ մեկը չէր ուզի, որ նման խայտառակ բան տեղի ունեցած լիներ։

Որո՞նք են մեր անելիքները

Թուլ չտալ, որ եռացող փակ կաթսան պայթի ասենք՝ սոցիալական անկառավարելի բունտի, ինքնադատաստանի տեսքով։ Ճիշտ է՝ դա առաջին հերթին կքշի, կտանի այն ամենը, ինչի դեմ մենք պայքարում ենք, բայց նաեւ անդառնալի ավերածություններ կգործի։ Հսկայական այդ ուժը պետք է ուղղորդել օրինական, քաղաքակիրթ,  քաղաքական պայքարի հունով։

Ի՞նչ արդյունք կտան միջազգային հանրության միջամտությունները

Առ այսօր դրանք եղել են, այսպես ասենք, ձեւով հանուն ժողովրդավարության, ըստ էության՝ ելնելով իրենց քաղաքական կամ այլ շահերից ու նպատակահարմարություններից։ 1988-ին էլ էր այդպես. կես տարուց ավելի հայկական ժողովրդավարական շարժմումը միայնակ էր, եւ նրան լուրջ չէին վերաբերում։ Հետո ստիպված եղեն։ Օգնել պետք չէ, թող օբյեկտիվ լինեն ու չխանգարեն։

“Ժամանակ Երեւան”, 10.05.08


No comments:

Post a Comment